«Գիլյադ» ընկերության կողմից ՀՀ-ին կտրամդրվի հեպատիտ Ց-ի բուժման դեղերի լիցենզիա
10:04 - 02 ապրիլի, 2019

«Գիլյադ» ընկերության կողմից ՀՀ-ին կտրամդրվի հեպատիտ Ց-ի բուժման դեղերի լիցենզիա

Առողջապահության նախարարության և «Գիլյադ» (Gilead Science Ireland UC ) ընկերության միջև համագործակցության հուշագիր է կնքվել:

Հուշագիրը ստորագրել են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և «Գիլյադ» ընկերության ներկայացուցիչ Բեն Կամարկը, որով «Գիլյադ» ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությանը կտրամդրվի հեպատիտ Ց-ի բուժման սխեմայի համապատասխան գեներիկ դեղերի արտադրության, փաթեթավորման և ներմուծման լիցենզիա:

«Վիրուսային հեպատիտները աշխարհում առողջապահության գերակա խնդիրներից են և բնորոշվում են լայն տարածվածությամբ: Ներկայումս վիրուսային հեպատիտների դեմ արդյունավետ պայքարի կազմակերպումն ու իրականացումը Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի արդիական խնդիրներից է»,- ասել է նախարար Արսեն Թորոսյանը, հավելելով, որ նախարարության մասնագետների կողմից մշակվել է «Արտաընդերային վիրուսային հեպատիտների կանխարգելման և վերահսկման 2019-2023 թվականների ազգային ծրագիր», որի շրջանակներում նախատեսվում է առնվազն 1000 պացիենտի համար ապահովել հակավիրուսային դեղորայքային բուժում:

2018 թվականին «Հիվանդությունների վերլուծության կենտրոն» հիմնադրամի կողմից՝ ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի գրասենյակի, ԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի և ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ իրականացվել է հեպատիտ Բ-ի և Ց-ի փոխանցման և հիվանդացության բեռի վերլուծություն, որի արդյունքում առաջարկվել են նաև մոդելավորումներ` հեպատիտ Ց-ի բուժման և կանխարգելման ուղղությամբ:

ՀՀ առողջապահության նախարարություն

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել