Գարեգին Բ-ն Ռուսիո պատրիարքին խնդրել է միջնորդել Ադրբեջանում դատապարտված Կարեն Ղազարյանին ազատելու հարցում  |PanARMENIAN.Net|
07:20 - 03 ապրիլի, 2019

Գարեգին Բ-ն Ռուսիո պատրիարքին խնդրել է միջնորդել Ադրբեջանում դատապարտված Կարեն Ղազարյանին ազատելու հարցում |PanARMENIAN.Net|

PanARMENIAN.Net: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն դիմել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին՝ խնդրելով վերջինիս միջնորդել Ադրբեջանում ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանին ազատելու հարցում: Այդ մասին կաթողիկոսն ասել է ապրիլի 2-ին Մոսկվայում ` Սուրբ Դանիելի պատրիարքանիստ վանքում Համայն Ռուսիո պատրիարքի հետ հանդիպումը:

«Սիրեցյալ եղբայր, հոգևոր գոհունակությամբ և գնահատանքով ենք կամենում անդրադառնալ նաև Ձեր՝ որպես Ռուս Ուղղափառ Եկեղեցու հովվապետ, ունեցած կարևոր դերակատարությանը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծմանն ի խնդիր հոգևոր պետերիս եռակողմ հանդիպումների կազմակերպման գործում: Այսօր մեր ժողովուրդը, կորստի ցավն իր սրտում, հարգում և ոգեկոչում է պանծալի հիշատակը իր հերոս զավակների, ովքեր զոհվեցին 2016 թ․ ապրիլի 2-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված քառօրյա պատերազմում։

Արցախյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորումը էական է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար: Հիմնախնդրի հանգուցալուծման համար առաջնային կարևորություն ունի խաղաղությանը նպաստող միջավայրի հաստատումը, այդ թվում՝ փոխվստահության միջոցառումների իրականացման ու ռազմատենչ հռետորաբանության նվազեցման միջոցով: Հայաստանի և Արցախի իշխանությունները և ժողովուրդը հաստատակամ են խաղաղության և համերաշխության իրենց ձգտման մեջ: Այդ ճանապարհը, սակայն, միակողմանի չի կարող լինել:

Այս առումով ցանկանում ենք Ձեր ուշադրությանը ներկայացնել նաև մեկ դեպք: Վերջերս Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտվեց դեռևս ամռանը չբացահայտված պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը, ով ունի հոգեկան խնդիրներ: Դատական այդ որոշումը կայացվեց մարդու իրավունքների բացահայտ խախտմամբ: Այս հարցում, նկատի ունենալով հոգևոր պետերիս նախորդիվ ունեցած փորձառությունը, դիմում ենք Ձերդ Սրբության միջնորդությանը Ադրբեջանի հոգևոր և աշխարհիկ իշխանությանց առջև` միջազգային պարտավորությունների պահպանումով երիտասարդին վերադարձնելու իր ընտանիք»,-ասել է կաթողիկոսը:

Իր հերթին Նորին Սրբություն Կիրիլ Պատրիարքը, շնորհակալություն հայտնելով իր գահակալության 10-ամյակի կապակցությամբ Վեհափառ Հայրապետի կողմից հղված շնորհավորական ուղերձի և բարեմաղթանքների համար, գոհունակություն է հայտնել, որ անցնող տասը տարիների ընթացքում Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների հարաբերությունները հատկանշվել են եղբայրական սիրով և ջերմությամբ: Իր խոսքում Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը անդրադարձել է Ռուսաստանում Հայոց թեմի աշխույժ գործունեությանը և ակտիվ ներգրավվածությանը երկու Եկեղեցիների կապերի զորացման գործում, ինչպես նաև ՀՀ-ում Ռուս Ուղղափառ Եկեղեցու հովվության ներքո գտնվող համայնքի հոգևոր կյանքին:

Երկու հովվապետերը գոհունակությամբ հաստատեցին երկու ժողովուրդների և եկեղեցիների միջև զարգացող փոխգործակցությունը և համագործակցությունը` միջեկեղեցական և միջազգային ամենատարբեր հարթակներում կրոնական-հասարակական հիմնախնդիրներին ընդառաջ:

Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանը Տավուշի մարզի Բերդավան համայնքի բնակիչ է, որին ադրբեջանցիները ձերբակալել էին հուլիսի 15-ին ու ներկայացնում էին իբրեւ դիվերսանտի։ Հայկական կողմը հերքել է այդ հաղորդումը, ընդգծելով՝ Կարեն Ղազարյանը որևէ առնչություն չունի բանակի հետ, առողջական խնդիրներ ունի և դեռևս 2013-ց հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում:

ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ հայկական կողմն ինտենսիվ աշխատում է Ադրբեջանում պահվող Կարեն ՂազարյանինՀայաստան վերադարձնելու ուղղությամբ՝ համագործակցելով ինչպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահների, այնպես էլ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել