Գայանե Աբրահամյանը Չեխիայում բարձրացրել է Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը |armenpress.am|
17:44 - 15 նոյեմբերի, 2019

Գայանե Աբրահամյանը Չեխիայում բարձրացրել է Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը Պրահայում բարձրացրել է Չեխիայի կառավարության կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի հարցն, ինչի առնչությամբ չեխական կողմը հավաստիացրել է, որ խստորեն կվերահսկվի, որ երբեւէ նման գործընթաց տեղի չունենա: Այս մասին նոյեմբերի 15-ին հրավիրած մամուլի ասուլիսում հայտնել է Աբրահամյանը՝ ներկայացնելով Չեխիա, Ուկրաինա եւ Շվեդիա կատարած այցերի մանրամասները:


Պատգամավորը հոկտեմբերի 13-ից 15-ը մասնակցել է Պրահայում կայացած «Ֆորում 2000» հայտնի համաժողովին, որը նվիրված էր Չեխիայում իրականացված հեղափոխության 30 ամյակին: Գայանե Աբրահամյանի գնահատմամբ՝ համաժողովը տարբեր հարցեր քննարկելու լավ հարթակ է: Նա նշել է, որ մեծ կարեւորություն է տրվել Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությանը, որդեգրած արժեքներին ու բարեփոխումներ իրականացնելու իշխանությունների կամքին: Համաժողովի ընթացքում պատգամավորը ներկայացրել է մեր երկրում իրականացված հեղափոխության արդյունքները, հետհեղափոխական շրջանը, մեդիայում առկա խնդիրները:

Այցի շրջանակում Գայանե Աբրահամյանը հանդիպել է Չեխիայի Սենատի առաջին փոխխոսնակ Միլուշե Հորսկայի, ինչպես նաեւ Սենատի նախագահի տեղակալ Միլան Շտեխի հետ: Անդրադարձ է կատարվել Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված բանաձեւի՝ Սենատի կողմից հաստատման հարցին: Չեխ գործընկերները նշել են, որ հարցը աշխատանքային օրակարգերում է: Բանախոսի խոսքով՝ մտքեր են փոխանակել Չեխիայում իրականացված անցումային արդարադատությանը, կիրառված լյուստրացիային, կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հարցերի շուրջ:

Ներկայացուցիչների պալատի փոխխոսնակ Վոյտեխ Պիտախի հետ հանդիպման ժամանակ Գայանե Աբրահամյանը բարձրացրել է Չեխիայի կառավարության կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը, որի առնչությամբ չեխական կողմը հավաստիացրել է, որ խստորեն կվերահսկվի, որ երբեւէ նման գործընթաց տեղի չունենա: Պատգամավորը տեղեկացրել է, որ Ադրբեջանը հսկայական ներդրումներ է իրականացնում այդ երկրում: Նա նաեւ նշել է, որ 2018-ին Չեխիայի հետ Հայաստանի տնտեսական հարաբերություններն ակտիվացել են, ներկրումները կրկնապատկվել են:

Նոյեմբերի 4-ից 6-ը Գայանե Աբրահամյանը Շվեդիայում մասնակցել է Արեւելյան գործընկերության տասնամյակին նվիրված համաժողովին: Այնտեղ նախատեսված է եղել նաեւ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի ելույթը, որին, ըստ օրակարգի, պետք է հաջորդեր հարցուպատասխան: Գայանե Աբրահամյանը պատրաստվել է որոշ հարցեր հղելու նրան, սակայն հարցեր տալու հնարավորությունը հանվել է:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել