Բարձրագույն դատական խորհուրդը մերժել է Հայկ Ալումյանի հարցումը |armtimes.com|
13:55 - 09 նոյեմբերի, 2019

Բարձրագույն դատական խորհուրդը մերժել է Հայկ Ալումյանի հարցումը |armtimes.com|

armtimes.com։ Բարձրագույն դատական խորհուրդը պատասխանել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի այն հարցմանը, որով վերջինս խնդրել էր իրեն տրամադրել «դատարանների պատերի տակ վնգստացող դատավորներ»-ի ցուցակը: Այս մասին  ասաց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը. «Մենք տրամադրել ենք բավականին ծավալուն պատասխան, որում վերլուծել ենք մեզ համար ոչ հաճելի այդ բառակապակցության հետ կապված ամբողջ պրոցեսը»,-ասաց նա:

Մեր զրույցում Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ ինքը ԲԴԽ-ի պատասխանը ստացել է, սակայն դրան գնահատական տալ չի կարող. «Եվ ոչ միայն գնահատական տալ չեմ կարող, այլ նաեւ որեւէ կերպ չեմ կարող հասկանալ՝ ինչ է այնտեղ գրված: Համոզված եմ՝ ձեզ էլ տրամադրեմ, դուք էլ չեք հասկանա, եթե անգամ ներգրավեք լեզվաբան, հոգեբան, այդպիսի մասնագետներ»:

Հայկ Ալումյանը մեզ տրամադրեց հարցման պատասխանի պատճենը: Դրա բովանդակությունը ներկայացնում ենք ստորեւ.

«Ի պատասխան Ձեր հարցման՝ Բարձրագույն դատական խորհուրդը տեղեկացնում է, որ դատավորների, իրավական հանրության եւ ընդհանրապես հասարակության տարբեր շրջանակներում ձեւավորված են անհատական գնահատողական դատողություններ որոշ դատավորների վերաբերյալ, ովքեր ընկալողների համար իրենց վարքագծով առերեւույթ չեն համապատասխանում դատավորի բարձր կոչմանը:

Մինչդեռ գնահատողական դատողությունները, պայմանավորված իրենց բնույթով, չեն կարող անհատականացվել նախ այն պատճառով, որ դրանք բոլոր դեպքերում արտահայտում են սուբյեկտիվ մոտեցումներ անձանց կամ երեւույթների նկատմամբ՝ երբեմն սուր շեշտադրմամբ առկա խնդիրների վրա լրացուցիչ ուշադրություն հրավիրելու համար, նաեւ այն պատճառով, որ այդպիսի դատավորները, անկախ նրանց վերաբերյալ ձեւավորված գնահատողական դատողություններից, ՀՀ դատավորներ են եւ գտնվում են մասնագիտական ու անձնական հեղինակության համահավասար պաշտպանության տիրույթում:

Յուրաքանչյուր դատավորի բարի համբավն արժեք է, որը չի կարող վտանգվել, այդ թվում՝ տեղեկության ազատության սկզբունքի քողարկմամբ շահարկման առարկա դառնալու միջոցով:

Ելնելով վերոգրյալից եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԲԴԽ նախագահի կողմից մամուլի հետ շփման ընթացքում կատարված արտահայտությունները գնահատողական դատողություններ են եւ չեն պարունակում կոնկրետ հասցեական տեղեկություններ՝ Ձեր կողմից պահանջվող տեղեկատվության տրամադրումը մերժվում է»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել