Արցախի մի խումբ մտավորականների կոչը
07:06 - 12 նոյեմբերի, 2019

Արցախի մի խումբ մտավորականների կոչը

Հայաստանում ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից մեկուկես տարի անց և արցախյան առաջիկա երկու կարևոր համապետական ընտրություններից հաշված ամիսներ առաջ արցախյան հանրությունում առկա են որոշ միտումներ, որոնք մտահոգության տեղիք են տալիս։ Քանի որ խնդրո առարկան ոչ միայն ներարցախյան հնչողություն ունի, այլև, մեր խորին համոզմամբ, համահայկական օրակարգի ձևավորման հետ սերտ առնչություններ ունի՝ նպատակահարմար ենք գտնում հանդես գալ քաղաքացիական հստակ կեցվածքով և որոշակի դիտարկումներով։

Կարծում ենք, որ մայր Հայաստանում կատարվածը համակարգային և ապագային միտված փոփոխություն է, ինչը միանգամայն ողջունելի է։ Ինչ խոսք, փոփոխված իրավիճակում ոչ բոլոր քայլերն են երկու հայկական հանրությունների համար միանշանակ ընկալելի և ընդունելի, սակայն ավելի քան միանշանակ է, որ ընտրված ուղին օրվա հրամայական էր և պատմական անհրաժեշտություն, քանի որ մեր պետականության և պետական կառավարման նախկին համակարգի որակը վաղուց արդեն ընկալելի չէր և, մեղմ ասած, ոչ միայն մրցունակ չէր, այլև սկզբունքորեն չէր արտահայտում ԱՀ-ի և ՀՀ-ի, ինչպես նաև համայն հայության իղձերն ու ակնկալիքները։

Գտնում ենք, որ արմատական ու սկզբունքային փոփոխություններն այլևս անշրջելի իրողություն են, ուստի և անիմաստ ու մերժելի ենք համարում պատմության անիվը հետ շրջելու և ամեն ինչ ի շրջանս յուրո վերադարձնելու՝ որոշ շրջանակների փորձերը։ Անցյալը հետ բերելու փորձերը թեև դատապարտված են ձախողման, սակայն կարող են վնաս հասցնել մեր պետականության արդիականացման գործընթացին և բարենպաստ հող ստեղծել հայկական պետականության լիարժեք ինքնիշխանության վերականգնմամբ չշահագրգռված տարբեր շրջանակների գործնեության համար՝ Հայաստանում և նրա շուրջ։ Ուստի և արցախյան հանրությանը կոչ ենք անում խոհեմ և զգոն լինել այս հարցում։

Հենց այս լույսի ներքո էլ դիտարկում ենք արցախյան առաջիկա համապետական ընտրությունները։ Ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելու բացառիկ հնարավորությունը և արցախյան պետական-կառավարման համակարգն անցնցում, բայց խորքային ու սկզբունքային փոփոխությունների ենթարկելու պատմական շանսը կարող են մեծ թափ հաղորդել հայոց երկրի այս գողտրիկ հատվածի առաջընթաց զարգացմանը։ Եվ սա կարող է և պետք է լինի համահայկական օրակարգի կարևոր բաղկացուցիչ մասը։

Ըստ այդմ էլ կարևորում ենք Ստեփանակերտում ս.թ. օգոստոսի 5-ին ունեցած ծրագրային ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավաստիացումն առ այն, որ «Հայաստանի Հանրապետությունը պետք է հանդես գա և հանդես կգա որպես Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման և այդ կամարտահայտման միջոցով լեգիտիմ իշխանության ձևավորման երաշխավոր»։

Ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների երաշխիքն ընկալում ենք որպես ընտրական գործընթացին առնչվող կարևոր հարցերում մասնագիտական-խորհրդատվական աջակցություն և այդ գործընթացի բոլոր մասնակիցների համար հավասար հնարավորությունների խրախուսում։

Այս ամենը կարող է բարենպաստ հող ստեղծել արցախցի ընտրողների քաղաքացիական ինքնագիտակցության ըստ ամենայնի դրսևորման, քաղաքակիրթ ընտրապայքարի և Արցախի ներքին կյանքի ու ապագայի շուրջ գաղափարների ու տեսլականների անկաշկանդ քննարկման համար։ Կարծում ենք, հենց այսպիսի մթնոլորտի ձևավորմանը պետք է միտված լինեն հանրության ջանքերը՝ բացառելու համար սև փիարն ու հակաքարոզչությունը, այս կամ այն անհատի ու քաղաքական ուժի կամ շրջանակի հանդեպ ատելության քարոզներն ու էժան մանիպուլյացիաները (արդեն իսկ առկա վտանգավոր միտում, ինչը ստիպված ենք ցավով արձանագրել)։

Բաց ու առավելագույնս ներառական հրապարակային քննարկումները կարող են նպաստել սոցցանցերում առկա անանուն-ֆեյքային անազնիվ արշավների բացառմանը և դրանց նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորմանը։

Երկրի ու ժողովրդի համար վճռորոշ պահերին միշտ էլ երիցս կարևորված է եղել մտավորականների անաչառ ու սկզբունքային խոսքը, և այսօր էլ այդպես է։ Մտավորականները, անկախ քաղաքական նախընտրություններից, լուրջ առաքելություն ունեն հանրային քաղաքակիրթ-բարեկիրթ մթնոլորտի ստեղծման և հանրային-ազգային օրակարգի ձևավորման գործում, ինչն էլ կբացառի տարբեր մարդկանց ու շրջանակների անձնական-խմբային օրակարգերի մատուցմանը որպես հանրային։

Վահրամ Աթանեսյան, լրագրող

Գեղամ Բաղդասարյան, լրագրող

Կիմ Գաբրիելյան, լրագրող

Հասմիկ Առուշանյան, մանկավարժ

Նունե Առաքելյան, դասախոս

Մհեր Հարությունյան, պատմաբան

Լուսինե Ավանեսյան , լրագրող

Մարգարիտա Քարամյան, հասարակական գործիչ

Ալբերտ Ոսկանյան, հասարակական գործիչ

Ժաննա Բեգլարյան, բանաստեղծ

Դավիթ Շիրինյան, բանաստեղծ

Սիլվա Խաչատրյան, գրականագետ

Սարո Սարյան, հասարակական գործիչ

Արտակ Ղուլյան, գրականագետ

Սլավի-Ավիկ Հարությունյան, բանաստեղծ

Ալիսա Բաղդասարյան, բանաստեղծ


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել