Արդյո՞ք արդարացված է համայնքների խոշորացումը |acnis.am|
11:10 - 01 մարտի, 2020

Արդյո՞ք արդարացված է համայնքների խոշորացումը |acnis.am|

acnis.am: Կառավարության փետրվարի 6-ի նիստի ժամանակ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց ՀՀ վարչատարածքային բաժանման եւ ՏԻՄ մասին ՀՀ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը։ Դրանցով առաջարկվում է Լոռու մարզի Լերմոնտովո եւ Անտառաշեն համայնքների միավորմամբ ստեղծել միասնական Լերմոնտովո համայնքը, իսկ Տավուշի մարզում 19 համայնքների միավորմամբ՝ միասնական Իջեւան համայնքը։

Հիմնավորման մեջ ՏԿԵ նախարարը մատնանշել է հետեւյալ կետերը.

  1. 2008-2011թթ․ կատարված հողային բարեփոխումների արդյունքում վերոնշյալ համայնքների միջեւ ծագել են հողային վեճեր, որոնք կլուծվեն համայնքների  միավորման արդյունքում։
  2. Լերմոնտովո միասնական համայնքի ստեղծման պարագայում նշվեց, որ այստեղ բնակվում են ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ, եւ որ այս միավորված համայնքի ստեղծման ժամանակ ՀՀ-ն ապահովելու է, որ ազգային փոքրամասնությունների այս համայնքները մնան իբրեւ առանձին միավորներ։
  3. Տավուշի մարզում մեկ ընդհանուր համայնքի մեջ 19 համայնքների միավորումը մեծապես հիմնավորվեց այն հանգամանքով, որ դրանք պետական սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում լրավճարներ ստանալու կապակցությամբ ընդհանուր առմամբ ներկայացրել են 97 մլն դրամի ծրագրեր, ինչը նախարարի կողմից որակվեց իբրեւ աննախադեպ ցածր ցուցանիշ՝ հաշվի առնելով այն, որ այդ գումարի կեսից ավելին բաժին է ընկել Իջեւան քաղաքին։ Եվ, բացի դրանից, 19 համայնքից միայն 6-ն է մասնակցել սուբվենցիոն ծրագրին։
  4. Նախարարն այնուհետեւ ընդգծեց, որ նշվածները եւ, ընդհանրապես, ՀՀ շատ համայնքներ առանց պետական ֆինանսավորման սեփական միջոցներով չեն կարող վճարել անգամ վարչական ապարատի աշխատակիցների աշխատավարձերը։

Ամփոփելով՝ Պապիկյանն ասաց, որ համայնքներին հնարավորություն կտրվի ցանկության դեպքում սեփական նախաձեռնությամբ կազմակերպել տեղական հանրաքվեներ եւ եթե 50 տոկոսից ավելին դեմ լինի, ապա իրենք դուրս կմնան խոշորացման գործընթացից։

Ռիսկեր․

  1. Խոշորացման դեպքում մեծ են ռիսկերը, որ համայնքները՝ մասնավորապես սահմանամերձ բնակավայրերը, կշարունակեն մարդաթափ լինել, հաշվի առնելով, որ խոշորացման պարագայում բոլորը կձգտեն տեղափոխվել միասնական համայնքի կենտրոն։ Եվ ասվածի առավել քան ակներեւ ապացույցը Երեւան մայրաքաղաքն է, որտեղ փոքր կենտրոնի ու ծայրամասերի միջեւ եղած տարբերությունը ուղղակի հսկայական է։ Նույնը կարելի է ասել նաեւ Պապիկյանի նշած Մեղրու կամ Գորիսի խոշորացած համայնքների մասին, որտեղ լրավճարների հիմնական բաժինը հասնում է Գորիս կամ Մեղրի քաղաքներին, ինչն էլ խթանում է արտահոսքը շրջակա գյուղերից դեպի այս քաղաքներ։
  2. Որեւէ երաշխիք կամ մեխանիզմ չառաջարկվեց, որով կբացառվեին սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ստացված պետական լրավճարների անհամաչափ բաշխվածության երեւույթները։ Ի՞նչ երաշխիքներ կան, որ ստացված համաֆինանսավորման առյուծի բաժինը չի օգտագործվի հենց կենտրոնի համար։
  3. Ոչ մի խոսք չեղավ համայնքների միավորման ժամանակ աշխարհագրական պայմանների եւ, ըստ այդմ, առանձին համայնքների աշխատանքային մասնագիտացման համադրման նպատակայնության մասին։ Այսինքն՝ համայնքը, որտեղ զարգացած են, ասենք, խաղողագործությունն ու այգեգործությունը, որքանով է նպատակահարմար միավորել այնպիսի համայնքների հետ,  որտեղ առաջատար ճյուղը խոշոր եղջերավոր անասունների բուծումն է կամ, օրինակ, թեպետ թույլ զարգացած, բայց արդյունաբերական արտադրությունը: Արդյո՞ք նման կարգի համադրություններն արդարացված են տնտեսական առաջընթացի տեսանկյունից։ Ավելին՝ արդյո՞ք մարզպետարանները կամ միասնական համայնքների համայնքապետարանները, առաջին հերթին, իրենց կադրային  բազայով ու կազմակերպվածության առումով կարող են ապահովել նման բազմատար եւ հակոտնյա ուղղվածություններ ունեցող համայնքների համաչափ զարգացումը։
  4. Հաշվի առնելով վարչապետի այն հայտարարությունը, թե կառավարությունը մտադիր է 2050թ․ ՀՀ-ում ապահովել 5 միլիոն բնակչություն, խոշորացման այս առաջարկն ուղղակի հակասության մեջ է վերոնշյալ հեռահար նպատակի հետ եւ ռազմավարական առումով արդարացված չէ։ 5 միլիոն բնակչություն ունենալու համար յուրաքանչյուր համայնք պետք է ոչ թե գոյություն պահպանի, այլ հարաճուն զարգացում ապրի, կայանա եւ ընդարձակվի։ Էլ չենք խոսում կառավարության այն որոշումների մասին, համաձայն որոնց՝ փակվում են համայնքային ծննդատներ ու հիվանդանոցներ, առաջարկվում է նաեւ դպրոցներ փակել: Ուրեմն՝ ինչ խոսք կարող է լինել բնակչության աճի մասին, երբ գյուղական համայնքներից արտագաղթի միտումներն ավելի ու ավելի տեսանելի են։

Համայնքների խոշորացման այս որոշումը գալիս է դեռ նախորդ իշխանությունից եւ, ինչպես երեւում է, «բարեհաջող» շարունակվում է: Այդպես շարունակվում են նաեւ նախորդների կողմից սկզբնավորված մի շարք այլ ուղղություններ (Ամուլսար, ԵԱՏՄ եւ այլն)։ Ու ամենահետաքրքիրն այն է, որ շարունակելով հանդերձ՝ անընդհատ քննադատում են նախկիններին՝ բոլոր ձախողումների մեղքը բարդելով նրանց վրա:

Շարունակությունը՝ acnis.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել