Առողջապահության նախարարը ANIF-ի ներկայացուցիչների հետ քննարկել է հնարավոր ներդրումային ծրագրերը
19:40 - 11 փետրվարի, 2020

Առողջապահության նախարարը ANIF-ի ներկայացուցիչների հետ քննարկել է հնարավոր ներդրումային ծրագրերը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) ներկայացուցիչների հետ և քննարկել համագործակցության շրջանակներն ու ուղիները, հնարավոր ներդրումային ծրագրերը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի փոխնախագահ Գրիգոր Պետրոսյանը ներկայացրել է կառույցի գործունեությունը, առաքելությունն ու գործառույթները:

«Մեր հիմնական նպատակն է դեպի Հայաստան ներդրումներ գեներացնել և Հայաստանի տնտեսության ռազմավարական ուղղությունների վրա հիմնված ծրագրերը ներկայացնել թիրախային ներդրողներին: Մեր ուշադրության կենտրոնում են նաև առողջապահության ոլորտում ներդրումները», - ասել է Պետրոսյանը:

Հանդիպմանը քննարկվել են առողջապահության նախարարության հնարավոր ներգրավումը նմանատիպ ներդրումային ծրագրերին, ինչպես նաև դեղերի նոր արտադրություն հիմնելու և բժշկական տուրիզմը Հայաստանում զարգացնելու հեռանկարները:

«Առողջապահությունն առանձնահատուկ, ծավալից որակ ծնող ոլորտ է, ուստի, պետք է հաշվի առնել ամեն նրբություն», - ասել է նախարարը և շնորհակալություն  հայտնել հյուրերին պատրաստակամության համար: Նա հույս է հայտնել, որ նմանատիպ հանդիպումները կլինեն հաճախակի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել