Ապրիլի 24-ին, մայիսյան տոներին զանգվածային միջոցառումներ չեն լինի․ Նիկոլ Փաշինյան
13:59 - 11 ապրիլի, 2020

Ապրիլի 24-ին, մայիսյան տոներին զանգվածային միջոցառումներ չեն լինի․ Նիկոլ Փաշինյան

Կառավարությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ներկայացրեց, թե ինչ է սպասվում արտակարդ դրության ռեժիմը մեկ ամսով երկարաձգելու պարագայում։

Փաշինյանը նախ հայտնեց, որ վարակման դեպքերը ավելացել են 11-ով, այս պահին ունենք 977 վիրուսակիր։

Վարչապետը նշեց, որ եկել են այն համոզման, որ անխուսափելի է ու պիտի երկարացնեն արտակարգ դրության ժամկետը։ Երկուշաբթի կամ երեքշաբթի կառավարությունը կկայացնի որոշում, որից հետո տեղի կունենա ԱԺ հատուկ նիստ, որտեղ կքննարկվի ԱԴ հարցը, բայց իրենց եզրակացությունն այն է, որ երկարացնելն անհրաժեշտ է վարակի հետագա տարածումը կանխարգելելու համար․

«Համաճարակը շարունակվում է տարածվել ողջ աշխարհում, մեր խնդիրն է այնպես անել, որ միավոր ժամանակաշրջանում հիվանդացության հնարավորինս քիչ դեպքեր ունենանք, նախորդ ժամանակահատվածի համար, կարելի է ասել, լուծել ենք խնդիրը, հիվանդացությունը 30-ի շրջանակում է, ինչը այսօրվա պայմաններում գոհացուցիչ ցուցնիշ է»,- ասաց գործադիրի ղեկավարը՝ ընդգծելով, որ կարեւոր է տնտեսական կյանքի պահպանումը։

«Որոշել ենք, որ ԱԴ -ի երկարացման պայմաններում գործունեության մի շարք տեսակներ կլինեն թույլատրված եւ մենք որոշակի ծրագրով կմոտենաք այլ գործունեության տեսակներ թույլատրելու հնարավորություններին, մասնավորապես գյուղատնտեսության, անտառային տնտեսության, ձկնորսության, ձկնաբուծության, հանքարդյունաբերության, էլեկտրականության, ջրամատակարարման, թափոնների կառավարման եւ վերամշակման, փոխադրումների եւ պահեստային տնտեսության, պետական կառավարման եւ պաշտպանության, պատադիր սոցապահովության, առողջապահության, սոցսպասարկման եւ օտարերկրյա կազմակերպությունների գործունեության։ Ապրիլի 13-ից ամբողջությամբ կթույլատրվեն բացօթյա շինարարական գործունեությունը, ծխախոտատեսակների արտադրությունը, ապրիլի 20-ից կփորձենք բացել տեքստիլ ոլորտը»։

Վարչապետը հիշեցրեց, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում ունենք շատ կարեւոր տոներ եւ հիշատակի օրեր՝ ապրիլի 24-ն է, մայիսի առաջին տասնօրյակում ունենք Շուշիի ազատագրման օրը եւ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, բայց այս միջոցառումներում քաղաքացիների մասնակցությունը պիտի սահմանափակվի։ Ապրիլի 24-ին, մայիսի 1-ին, 8-ին, 9-ին տեղի կունենան միայն արարողակարգային անելիքներ, զանգվածային միջոցառումներ չեն լինի։ 

Փաշինյանը տեղեկացրեց, որ առաջիկա շրջանում հանրային տրանսպորտի աշխատանքն ընդհանրապես կարգելվի․ տրանսպորտը վարակի տարածման առումով ամենամեծ ռիսկայնությունն ունի։ Այն ոլորտները, որտեղ աշխատանքը թույլատրվում է, այդտեղ սահմանելու են, որ փոխադրումների հարցը պետք է հոգան գործատուները, որպեսզի աշխատողների վրա հավելյալ ճնշումներ չլինեն։ Առաջիկա շաբաթվա համար մարզային երթեւեկությունն էլ է արգելվելու։ Տաքսիները կարող են գործել։

Այն, որ մենք հիմա հիվանդացության համեմատաբար փոքր թիվ ունենք եւ այն, որ գործունեության նոր հատվածների համար հնարավորություններ են ստեղծվում, Փաշինյանի խոսքով՝ չի նշանակում, թե մեր վիճակը լավացել է․

«Կայունացել է, բայց չի լավացել, ցանկացած պահի նոր բռնկում կարող ենք ունենալ, դրա համար մեզնից յուրաքանչյուրը պետք է առանձնահատուկ պատասխանատվությամբ վերաբվերվի առաջին հերթին ինքն իրեն»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել