Ամուլսար․ Հաղորդում առերևույթ հանցագործության մասին
07:23 - 29 մայիսի, 2019

Ամուլսար․ Հաղորդում առերևույթ հանցագործության մասին

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ դատախազություն, Հատուկ քննչական ծառայություն և Քննչական կոմիտե։

Նշվում է, որ «Գեոթիմ» ՓԲ ընկերության (ներկայումս «Լիդիան Արմենիա» ՓԲԸ) ներկայացրած Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման նախագծի վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 2012թ․ հուլիսի 31-ին տրված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ԲՓ 65 դրական եզրակացության մեջ նշված են եղել փորձաքննական հինգ պահանջներ, որոնք ենթակա էին պարտադիր կատարման։ Դրանցից մեկն, ըստ էության, չի կատարվել, և այն շրջանցելու համար 2014 թվականին բնապահպանության նախարարությունը մշակել ու ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացրել որոշման մի նախագիծ, որի մշակման և ընդունման գործընթացները, ՀԲՃ-ի կարծիքով, պարունակում են առերևույթ կոռուպցիոն հանցագործության տարրեր։

Ստորև ներկայացնում ենք Հայկական բնապահպանական ճակատի հիմնավորումները․

Վերոնշյալ դրական եզրակացության փորձաքննական պահանջը եղել է հետևյալը․
«3․ Հանքային իրավունքով ծանրաբեռնված տարածքում ՀՀ կարմիր գրքում գրանցված բույսերի և կենդանիների առկայության կամ հայտնաբերման դեպքում առաջնորդվել Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի 26 հոդվածով»։

Պարզաբանում․ Ամուլսարի տարածքում 2012 թվականին հայտնաբերվել է ՀՀ Կարմիր գրքում գրանցված Մատնունի ծիրանավոր բուսատեսակը։ Սակայն օրենսգրքի վերոնշյալ հոդվածով առաջնորդվելու փոխարեն ընկերությունը, ակնհայտորեն ՀՀ նախկին կառավարության հետ համագործակցությամբ, գտել է այն շրջանցելու ճանապարհ»։

Մեջբերվում է Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի 26-րդ հոդվածն, ըստ որի՝ 

«Ընդերքի առանձին տեղամասերի օգտագործումն արգելվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ազգային անվտանգության ապահովման, մարդկանց կյանքի և առողջության, պատմամշակութային արժեքների կամ շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից, եթե հայցվող ընդերքի տեղամասի վրա գտնվող հողամասում կան`
1) գերեզմաններ.
2) բնության, պատմության և մշակույթի հուշարձաններ.
3) Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված բույսեր կամ կենդանիների բնակատեղիներ, ինչպես նաև եթե տվյալ տարածքով անցնում են կենդանիների միգրացիոն ուղիներ»:

Հանցագործության մասին հաղորդման տեքստում ասվում է, որ Օրենսգրքի այս հստակ արգելքը «շրջանցելու» նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությունը մշակել և 2014թ հուլիսի 31-ին ՀՀ կառավարության նիստում հաստատման է ներկայացրել «Բուսական աշխարհի օբյեկտների պահպանության և բնական պայմաններում վերարտադրության նպատակով դրանց օգտագործման կարգը սահմանելու մասին» 781-Ն որոշման նախագիծը (կետ 23):

«Հատկանշանական է, որ այն ժամանակվա նախարար Արամայիս Գրիգորյանն այս նախագիծը ներկայացրել է առանց ամփոփաթերթի, որտեղ նշված պետք է լիներ, թե ինչ կարծիքներ են եղել այս որոշման հետ կապված այլ նախարարություններից, պետական և մասնագիտական կառույցներից։ Որոշումը, բնականաբար, ընդունվել է կառավարության կողմից՝ չնայած նրան, որ այն հակասում էր առաջին հերթին Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքին, ինչպես նաև այլ օրենքներին և միջազգային կոնվենցիաներին։ Այս կարգն ուժի մեջ է մտել 2014թ․ օգոստոսի 14-ին, որի բովանդակությանը ծանոթանալով՝ ակնհայտ է դառնում, որ հենց այս որոշումով է ՀՀ կառավարությունը հնարավորություն տվել «Գեոթիմ» ընկերությանը «կարգավորելու» իր խնդիրները՝ կապված Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի 26-րդ հոդվածում նշված արգելքի հետ»,- նշված է ՀԲՃ հաղորդման մեջ։

Մեջբերվում է նաև այդ կարգի համապատասխան հատվածը, որն անմիջական առնչություն ունի նշած խնդրին․

«4․ Հողերում Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում (այսուհետ՝ կարմիր գիրք) գրանցված տվյալ բուսական տեսակի նոր պոպուլյացիաների հայտնաբերման դեպքում դրանց պահպանության նպատակով սույն կարգի 3-րդ կետով նախատեսված միջոցառումների հետ միասին տնտեսական գործունեություն իրականացնողները՝
1) առանձնացնում են օգտագործման նպատակով տրամադրված տարածքում պահպանվող գոտիներ, որոնք ունեն տեղական նշանակություն և անհրաժեշտ են կարմիր գրքում գրանցված բուսատեսակների` սույն կետում նշված նոր պոպուլյացիաների կենսունակության ապահովման նպատակով.
2) ժամանակավորապես սահմանափակում են առանձնացված պահպանվող գոտիներում տնտեսական գործունեության որոշ տեսակներ, եթե դրանք կարող են բերել նշված բուսատեսակների աճելավայրերի վիճակի վատթարացմանն ու պոպուլյացիաների կենսունակության խաթարմանը.
3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված միջոցառումների իրականացման անհնարինության դեպքում կարմիր գրքում, որպես տվյալ բույսի աճելավայր չգրանցված տարածքներից, բույսերի բնական վերարտադրության նպատակով տեղափոխում են տնտեսական գործունեության արդյունքում ոչնչացման սպառնալիքի տակ գտնվող բույսերի առանձնյակները տվյալ տեսակի համար նպաստավոր բնակլիմայական պայմաններ ունեցող որևէ բնության հատուկ պահպանվող տարածք կամ բուսաբանական այգիների տարածք, կամ կարմիր գրքում որպես տվյալ բույսի աճելավայրեր գրանցված որևէ տարածք, իսկ բույսերի սերմերը տրամադրում են համապատասխան մասնագիտացված կազմակերպությանը՝ գենետիկական բանկում պահելու և հետագայում տեսակի վերարտադրությունը կազմակերպելու նպատակով»:

Հենց այս 3-րդ ենթակետի միջոցով է հետագայում «շրջանցվել» Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի 26-րդ հոդվածում նշված արգելքը։

Ներկայացվում է, թե ինչպես այս կարգի ընդունումից ընդամենը երկու ամիս անց՝ 2014թ․ հոկտեմբերի 17-ին, ՀՀ բնապահպանության նախարարությունն արդեն ԲՓ 76 փորձաքննական դրական եզրակացությունն է տալիս «Գեոթիմ»-ի ներկայացրած՝ Ամուլսարի հանքարդյունահանման համալիրի աշխատանքային նախագծին, որի փորձաքննական պահանջների 3-րդ կետում գրված է արդեն հետևյալը․

«3․ ՀՀ կարմիր գրքում գրանցված ծիրանավոր մատնունի բուսատեսակի պահպանումն ու վերարտադրությունը իրականացնել համաձայն ՀՀ կառավարության 31 հուլիսի 2014թ․ 781-Ն որոշման, նախապես ստանալով ՀՀ բնապահպանության նախարարության համաձայնությունը»։

Իսկ վերջին՝ 2016թ ապրիլի 29-ին տրված, ԲՓ 35 փորձաքննական դրական եզրակացության պահանջների 2-րդ կետում գրված է․

«2․ ՀՀ կարմիր գրքում գրանցված ծիրանավոր մատնունի բուսատեսակի պահպանումն ու վերարտադրությունը իրականացնել համաձայն՝ ՀՀ բնապահպանության նախարարության և Գեոթիմ ՓԲԸ-ի միջև 2015թ․ օգոստոսի 7-ին կնքված «Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում գրանցված բուսական տեսակի նոր պոպուլյացիաների առանձնյակների տեղափոխման մասին» պայմանագրի»։

Եզրակացություն․ Ստացվում է, որ ոչ միայն 2012 թվականին տրված փորձաքննական պարտադիր պահանջը չի կատարել «Գեոթիմ» ՓԲԸ-ն, այլև ՀՀ կառավարությունն առանց քննարկման և կարծիքներ լսելու ընդունել է այդ պահանջի «շրջանցումն» ապահովող հակօրինական որոշում, իսկ ՀՀ բնապահպանության նախարարությունն էլ հետագա տարիներին տվել է նոր դրական եզրակացություններ այս ծրագրին՝ մշակելով և ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնելով վերոնշյալ կարգն ու աչք փակելով այն փաստի վրա, որ ընկերությունը չի իրականացրել 2012 թվականին առաջադրված փորձաքննական պահանջը։

ՀԲՃ-ն նշում է, որ իրենց կարծիքով վերոնշյալ փաստերը պարունակում են առերևույթ կոռուպցիոն հանցագործության տարրեր, ուստի խնդրում են իրականացնել բազմակողմանի և անաչառ քննություն դրանք բացահայտելու ուղղությամբ, մասնավորապես քննելով, թե ինչ պաշտոնական և ոչ պաշտոնական շփումներ են ունեցել իրավասու պետական պաշտոնյաները «Գեոթիմ» ՓԲԸ ներկայացուցիչների հետ խնդրո առարկայի շուրջ, ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել, խնդրո առարկայի վերաբերյալ, ինչ շփումներ են եղել արտերկրյա շահագրգիռ կողմերի, մասնավորապես՝ ԱՄՆ և ՄԹ դեսպանների հետ։ Ովքե՞ր են եղել ՀՀ կառավարության վերը նշված որոշման հեղինակները, ի՞նչ շահագրգռություն են ունեցել այդ որոշումը նախագծելու և անցկացնելու համար, ինչո՞ւ կառավարության սույն կարևոր որոշումը նախագծի տեսքով չի շրջանառվել պետական գերատեսչություններով և չեն ստացվել դրա վերաբերյալ կարծիքներ»։

Հետգրության մեջ ասվում է, որ դեռ 2014 թվականի ապրիլին Ջերմուկ և Գնդեվազ բնակավայրերի բնակիչները, ինչպես նաև մի շարք հասարակական կազմակերպություններ և բնապահպանական քաղաքացիական խմբեր բողոք էին հղել Համաշխարհային բանկի խմբի մեջ մտնող Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) Համապատասխանության ապահովման պաշտպան-խորհրդականին (օմբուսդմեն)՝ «Գեոթիմ» ընկերության կողմից իրականացվող Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի բաց շահագործման և ցիանային ֆաբրիկայի կառուցման մտադրության վերաբերյալ։ Քննելով այդ բողոքները, օմբուսդմենն իր 2015 թվականի ապրիլի 27-ի զեկույցում մասնավորապես նշել է նաև հետևյալը․

«2007 թ. մայիսին հրապարակված Բնապահպանական և սոցիալական դիտարկման ամփոփագրում ՄՖԿ-ն գրել էր, որ «տեղանք կատարված այցերը և ծրագրային տեղեկատվության դիտարկումը ենթադրում են, որ կենսաբազմազանությունն ու բնական ռեսուրսները չեն ենթարկվի որևէ հետևանքների»: Սակայն 2014թ. իրագործելիության ուսումնասիրությունը ցույց տվեց, որ «Ամուլսարում իրականացվող գործողություններն արդեն իրենց անդառնալի հետևանքն են թողել Կարմիր գրքում ներառված Potentilla porphyrantha (Մատնունի ծիրանավոր) տեսակի որոշ քանակության վրա: Բացի այդ համաձայն իրագործելիության ուսումնասիրության՝ ակնկալվում է, որ ծրագիրն բացասական հետևանքներ կունենա որոշ կարևոր բնակավայրերի և տեսակների վրա, ինչպես նաև երկարաժամկետ ազդեցություն կթողնի տեղական և բնական բուսականության վրա»»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել