Ադրբեջանի ԱԳ նախարարի պնդումները չեն համապատասխանում իրականությանը, նրա մոտեցումն ապակառուցողական է. Աննա Նաղդալյան
05:08 - 25 հունիսի, 2019

Ադրբեջանի ԱԳ նախարարի պնդումները չեն համապատասխանում իրականությանը, նրա մոտեցումն ապակառուցողական է. Աննա Նաղդալյան

aysor.am:  Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի պնդումները չեն համապատասխանում իրականությանը և ապակառուցողական բնույթ են կրում, Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Ադրբեջանի ԱԳ նախարարի պնդումները չեն համապատասխանում իրականությանը: Նման մոտեցումն ապակառուցողական է, ինչը արժեքազրկում է խաղաղ գործընթացի լրջությունը», - նշեց Նաղդալյանը։

Հիշեցնենք՝ Մամեդյարովը երեկ հայտարարել էր, որ Վաշինգտոնում համանախագահները կողմերին քննարկման առաջարկներ են ներկայացրել։ «Միջնորդներն առաջարկել են զորքերի դուրսբերում և խաղաղապահների տեղակայում։ Բայց այդ հարցի վրա պետք է աշխատել», - ասել է նա։

Աննա Նաղդալյանն ընդգծել է, որ դեռևս Վաշինգտոնի հանդիպումից առաջ, դրա ընթացքում քննարկվել են վերջին շրջանում ադրբեջանական կողմի պատճառով սրված իրավիճակի հանդարտեցման հարցեր:

«Համանախագահները կոչ են արել անմիջապես քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու համար խաղաղությանը նպաստող միջավայրը և պահպանելու հրադադարը, և այս ուղղությամբ հանդես են եկել հումանիտար ոլորտին և ռիսկերի նվազեցմանը վերաբերող հստակ առաջարկներով: Այս շրջանակից դուրս ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը հանգեցնում է եզրակացության, որ Ադրբեջանը մտադրված չէ իրականացնելու համանախագահների այդ կոչերը և առաջարկները: Ավելին, այն պնդումը, որ բանակցությունները կարող են հաջող ծավալվել զինադադարի կանոնավոր խախտումների պայմաններում, լրջագույն վնաս է հասցնում կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին և խաթարում խաղաղ գործընթացը», - հայտարարեց Նաղդալյանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել