ԱՀ պետական նախարարն ընդունել է ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի պատվիրակությանը
09:50 - 13 սեպտեմբերի, 2019

ԱՀ պետական նախարարն ընդունել է ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի պատվիրակությանը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի պատվիրակությանը՝ հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի գլխավորությամբ:

Գրիգորի Մարտիրոսյանը ողջունել է հանձնաժողովի պատվիրակության հաճախակի այցելություններն ու համատեղ աշխատանքները՝ դրանք համարելով Արցախի համապատասխան կառույցի հետ համագործակցության խորացման կարևոր երաշխիքներից մեկը:

Տիգրան Հակոբյանը տեղեկացրել է ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հետ ճանապարհային քարտեզ մշակելու և հստակ ուղղություններով աշխատելու պայմանավորվածության մասին:

Մասնավորապես, աջակցելու են Արցախի Հանրային Հեռուստատեսությանը բովանդակային ու եթերաժամի ավելացման առումով: Համագործակցության մեկ այլ ուղղություն՝ ըստ Հայաստանի Հանրապետության Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի՝ հակահայկական կոնտենտի հետեվողական նվազեցման ուղղությամբ կլինի:

Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է նախանշված ծրագրերի իրականացումն ու որպես առաջին քայլ՝ նշել համապատասխան մասնագետների փոխայցերի, վերապատրաստումների անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մասնակցել է ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել