Ում թիրախում են հայտնվել «Դիլիջան» ազգային պարկի անտառները․ Մաս 1 |hetq.am|

hetq.am։ Դիլիջան ազգային պարկի անտառային տարածքները վեց տասնյակից ավելի վարձակալներ ունեն։ Մի մասը չի օգտագործում, մյուս մասը՝ կառուցապատում է իրականացրել:

Գագիկ Խաչատրյանի հետ փոխկապակցված անձը՝ անտառում կիսակառույց շինություն ունի

Դիլիջանի Պարզ լճի փողոցում՝ Մոնթե Մելքոնյան վարժարանի անմիջապես հարեւանությամբ 2013 թ-ին անտառային հող է վարձակալել Տիգրան Շահրամանյանը։ Հիշեցնենք, որ նորակառույց համալիրը պետք է ծառայեր ֆինասների նախարարության աշխատակիցներին, որպես ուսումնական կենտրոն, հետագայում այն փոխանցվեց ՊՆ-ին ռազմաուսումանկան կենտրոն դարձնելու նպատակով։

Ուսումնական համալիրը կառուցելու գաղափարն ու իրագործողը ֆինասների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանն էր։ Եվ երբ շինարարություն ակտիվ փուլում էր Գագիկ Խաչատրյանի ընտանիքի հետ կապ ունեցող «Մեգաֆուդ» ընկերության Արտաքին կապերի բաժնի ղեկավար Տիգրան Շահրամանյանը դիմում է Դիլիջան ազգային պարկին և վարձակալում 0.47 հա տարածքը տարեկան 120 հազար դրամ վարձավճարով։

Անտառտնտեսության ղեկավարն անտառային հողեր է վարձել չնչին վարձավճարով. մաս 1, Սյունիք

2016 թվականին Դիլիջան համայնքի ղեկավարը Շահրամանյանին է տրամադրում հանգստի կազմակերպման և սպասարկման ծառայությունների մատուցման համալիր կառուցելու շինթույլտվություն։ Շինարարությունը պետք է ավարտվեր 2017 թ-ին, սակայն Գագիկ Խաչատրյանն 2016 թ-ին ազատվում է ֆինասների նախարարի պաշտոնից, իսկ շինարարությունը դադարում է։ Կիսակառույց շինությունն այնքան նման է կառուցված ուսմնական կենտրոնին, որ առաջին հայացքից թվում է, թե կենտրոնի շարունակությունն է, սակայն իրականում կիսակառույցը Տիգրան Շահրամանյանի վարձակալած հողակտորում է։

Տիգրան Շահրամանյանից փորձեցինք պարզաբանում ստանալ, թե ինչ պետք է կառուցվեր իր վարձակալած տարածքում և ինչու այն չի կառուցվել։ Մեզ հետ զրույցում Տիգրան Շահրամանյանը ոչ մի հստակ պատասխան չտվեց։ Տպավորություն ունեցանք, որ նա տեղյակ էլ չէր այդ ամենից։ «Որ անկեղծ ասեմ՝ պայմանագրային մասերը, քանի որ ես իրավաբանորեն այդքան լավ չեմ տիրապետում, անձամբ ես չեմ կնքել պայմանագիրը, այսիքն՝ ես կնքել եմ, բայց ես չեմ պատրաստել, ու ճիշտը որ ասեմ՝ հիմա չեմ հիշի պայմանագիրը, որովհետև դա վաղուց էր»,- արձագանքեց Տիգրան Շահրամանյանը։

Մեր դիտարկմանը, թե մենք պայմանագրային ճշմարտությունների կամ դրա բովանդակության մասին չենք հարցնում, այլ ընդամենը ուզում ենք իմանալ՝ ինչ էր նախատեսում կառուցել և ինչու չի կառուցվել, արձագանքեց․ «Ինչը որ կառուցվում է, կառուցվում է պայմանագրին համապատասխան, դա կոնֆիդենցիալ ինֆորմացիա է, և չեմ կարծում, որ ես պարտավոր եմ էդ հարցին պատասխանեմ։ Ինչը որ արվում է, դա արվում է օրենքի սահմաններում»։

Վայոց ձորում անտառային տարածքները վարձակալել և սեփականաշնորհել են պաշտոնյաները

Մեր դիտարկմանը, թե պետական անտառները վարձակալությունը չի կարող կոնֆիդենցիալ ինֆորմացիա լինել, Տիգրան Շահրամանյանն այսպես արձագանքեց․ «Իսկ խի՞ չեք հարցնում՝ ես մի հատ մեքենա ունեմ գառաժում, ինչու չեմ օգտագործում»։

Երբ բացատրեցինք իր անձնական գույքի և պետական սեփականության անտառների տարբերությունները, Տիգրան Շահրամանյանը հրաժարվեց մեր հարցերին պատասխանելուց՝ պատճառաբանելով, որ չի վստահում տեղական ԶԼՄ-ներին, որովհետև չի ուզում, որ իր ասածն այլ կերպ վերարտադրվի։

Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության կենտրոն» ՊՈԱԿ-ից պարզեցինք, որ Տիգրան Շահրամանյանի տարածքի համար ՇՄԱԳ չի իրակաանցվել։


ԱԺ նակին պատգամավորի վարձակալած հողակատորը

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը Դիլիջան ազգային պարկի տարբեր տարածքներցի 3 հողակտորներ է վարձակալել։ Դրանցից մեկը գտնվում է Պարզ լճի փողոցում՝ Հիդրոպոնիկայի ինստիտուտին պատկանած կայանի հարևանությամբ։ Տարածքը զբաղեցնում է 0.38 հա մակերես, որի դիմաց Ալեքսան Պետրոսյանը վճարում է 57 հազար դրամ։ 2007-ից մինչև 2060 թվականը վարձակալած տարածքում նախկին պատգամավորը որևէ բան չի կառուցել, չի ցանկապատել և փաստացի չի օգտագործում։

Ապօրինի ընդերքօգտագործո՞ւմ, թե՞ անտառի անփույթ կառավարում. ՀՅԴ-ական թեկնածուն ուզում է ընդլայնել Բյուրականում տուֆի հանքը

Հիդրոպանիկայի ինստիտուտի նույն կայանի ներքևում Դիլիջան ազգային պարկից ևս մեկ վարձակալված տարածք կա։ 2015-ից մինչև 2075 թվականը Լուսիկ Ղազարյանը վարձակալել է 0.5 հա հողակտոր, որի դիմաց վճարում է տարեկան 100 հազար դրամ վարձավճար։

«Օպելա» ՍՊԸ-ն՝ Պարզ լճի ափին

Դիլիջանից 9 կմ բարձրացող ոլորանները հասցնում են դեպի բնության հուշարձաններից մեկը՝ Պարզ լիճը։ Սողանքաարգելափակոցային ծագում ունեցող լիճը շրջապատված է անտառով և դարձել է տուրիստական հայտնի վայր։ Այն մտնում է «Դիլիջան» ազգային պարկի կազմի մեջ։

2006 թվականից սկսվել է լճի «շրջափակումն» ու դեպի լիճ տանող ճանապարհի անտառային տարածքների նկատմամբ հետաքրքրությունը։ Նախ՝ վարձակալության է հանձնվել Պարզ լլճի տարածքը, այնուհետև՝ ճանապարհի անտառները։

2006թ․ հուլիսի 4-ին «Օպելա» ՍՊԸ-ն պայմանագիր է կնքել «Դիլիջան» ազգային պարկի հետ և 3,7 հա անտառային տարածք վարձակալել 25 տարի ժամկետով։ Դրա դիմաց ընկերությունը տարեկան վճարում է 674 հազար դրամ։

Արագածոտնի մարզում անտառ են վարձակալել գյուղապետը, նախկին պատգամավորի եղբայրն ու անտառապահը

2012թ․-ին ընկերությունը Բնապահպանության նախարարություն է ներկայացրել ռեստորանի և քոթեջների կառուցման և շահագործման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտը, որտեղ նշվում է, որ Պարզ լճի ափին նախատեսում է կազմակերպել ռեստորանային համալիր, որը կազմված կլինի ռեստորանային շինությունից և 4 հատ քոթեջներից: Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքեպատարանի կողմից 18.08.2009թ. տրվել է շինթույլտվություն։ Սակայն, ըստ ՇՄԱԳ նախագծի, բոլոր շինությունները իրակաացվելու էին ժամանակավոր կառույցներով:

Ավելին, շինարարությանը վերաբերող հատվածում հստակ նշվել է հետևյալը․ «Ռեստորանային շինությունը և քոթեջները նախատեսված են թեթև, հավաքովի կոնստրուկցիաներով, առանց հիմքերի, ինչը թույլ կտա խուսափել հողային աշխատանքներից և համապատասխանաբար շինարարության ընթացքում չեն կիրառվի այնպիսի շինարարական տեխնիկական միջոցներ, ինչպիսին են բուլդոզերը, էքսկավատորը և այլն»:

Շարունակությունը՝ hetq.am-ում

 

x