Արցախում կապի 2-րդ օպերատոր կլինի և ՀՀ հետ ռոումինգը կվերանա․ Մայիլյան

2020-ին Արցախում կվերանա հեռահաղորդակցության ոլորտում գործող մենաշնորհը, կլինի 2-րդ օպերատոր։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, որը հայտարարել է 2020-ին Արցախի նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին:

Նա նշել է, որ այդպիսով կունենանք սահմանամերձ գոտում պաշտպանված կապ և Արցախի ու ՀՀ-ի միջև ռոումինգի փաստացի վերացում։

«Վերջին ամիսներին անցկացված հանդիպումներն ու խորհրդատվությունները թույլ են տալիս վստահաբար ասելու, որ 2020 թվականին Արցախ մուտք կգործի 2-րդ օպերատոր։ Նման ծրագրի համար առկա են ներդրողներ և փորձառու մասնագետներ։ Ստեղծվել են հնարավորություններ՝ լուծելու հեռահաղորդակցության ոլորտում մենաշնորհի հետ կապված խնդիրը։

Հետամուտ եմ այդ գործին և ունեմ քաղաքական կամք՝ 2020 թվականին ապահովելու համապատասխան պայմաններ՝ հեռահաղորդակցության ոլորտում մենաշնորհը հաղթահարելու և 2-րդ օպերատորի՝ Արցախ մուտք գործելու համար։ Ի՞նչ կտա դա մեզ բոլորիս։

Առաջին հերթին՝ որակյալ ու ցածր գներով շարժական կապ։ Մրցակցությունը գործող օպերատորին կստիպի իր բաժանորդների համար նվազեցնել սակագները։ Ապա՝ ժամանակակից 4G/LTE ձևաչափով որակյալ և մատչելի շարժական համացանցի հասանելիություն։ Նոր աշխատատեղեր, առաջին հերթին՝ երիտասարդ մասնագետների համար»,-ասվում է գրառման մեջ։

Երկրորդ օպերատորի մուտք գործելուց կշահեն նաև ոլորտի փորձառու աշխատակիցները, ովքեր կունենան այլընտրանք՝ մասնագիտական գիտելիքները ներդնելու նոր ընկերությունում։ Բնականաբար, որպես հետևանք՝ այն կխթանի գործող օպերատորի կողմից աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը»։

 

x