Ես արդարացված եմ. ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյան

ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է, որ ՀՊՏՀ նոր ղեկավարության նախաձեռնած քրեական գործի վարույթն այսօր պաշտոնապես կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:

«Ես արդարացված եմ: Ցավոք, ինձ բախտ չվիճակվեց դառնալու պատմության մեջ ամենատարօրինակ հանցագործը՝ առանց որևէ խախտման տրամադրված երկու արձակուրդի և մեկ պարգևավճարի «հանճարեղ» գործով:

Պաշտոնս թողնելուց հետո նորանշանակ պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը «անհայտ» մոտիվացիայով անմիջապես սկսել էր ուսումնասիրել ֆինանսական փաստաթղթերը, բացահայտել իր կարծիքով «լրջագույն խախտումներ» (սրանք, էլի...), զեկուցագիր ներկայացրել ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանին, որից հետո գործին ընթացք էր տրվել, և փաստաթղթերը հանձնվել էին իրավապահ մարմիններին: Ինչ ասես... Այժմ հերթն ատենախոսությանս շուրջ ձևավորված կրկեսինն է, որի կեղծ և ապօրինի բեմականացումները ևս շուտով կապացուցվեն, թեև անգամ առանց ապացույցի ամեն ինչ արդեն պարզ է:

Այս ծայրահեղ անարդարությունն ինձ ստիպեց նաև վերանայել ավագանու անդամի ծախսերի փոխհատուցումից հրաժարվելու որոշումս: Այսուհետ գումարից չեմ հրաժարվելու և այն ամբողջությամբ ուղղելու եմ մի քանի ուսանողի վարձավճարի մասնակի փոխհատուցմանը:

Հ.Գ. Սա այն դեպքը չէ, որ իմ արդարացմամբ գործն ավարտվում է: Ինձ «ընկեր» անվանող հեղինակները և գործում ներգրավված անձինք դեռ պետք է բացատրություն տան, թե ինչ իրավունքով և նպատակներով էր այն ստեղծագործվել»:

Հիշեցնենք, որ ԱԱԾ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի» ռեկտորի նախկին պաշտոնակատարի ապօրինությունների վերաբերյալ։

Ըստ այդ պահին հայտնի տվյալների՝ բուհի ռեկտորի նախկին պաշտոնակատարը հրաման էր ստորագրել, իր մտերիմներին՝ դեկտեմբերին ու մարտին բուհում աշխատանքի ընդունված՝ վարչատնտեսական և կազմակերպական դեպարտամենտի նախկին տնօրենին և ֆինանսական նախկին տնօրենին, ամռանը ամենամյա վճարովի արձակուրդ տրամդրելու մասին: Նրանց վճարվել էր ընդհանուր 640 հազար դրամից ավելի գումար:

Բացի այդ բուհի ռեկտորի նախկին պաշտոնակատարը, նախքան 2018-2019 ուսումնական տարվա ավարտը, բուհի գլխավոր էներգագետ-ճարտարագետին պարգևատրել էր 350․000 դրամով՝ հիշյալ ուսումնական տարին բարեհաջող ավարտելու կապակցությամբ:

Դեպքի առթիվ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցվել էր քրեական գործ։

 

x