Մալիշկան դարձավ 5-րդ համայնքը Վայոց Ձորում, որի բնակչությունը հանրագրով մերժեց մետաղական հանքարդյունաբերությունը․Հայկական բնապահպանական ճակատ

Սույն թվականի օգոստոսի 8-ին Մալիշկա համայնքի թվով 700 բնակիչների ստորագրությամբ համայնքապետարանին է ներկայացվել «Մալիշկա համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու վերաբերյալ» հանրագիր:

Ըստ այդ հանրագրի՝ բնակիչները խնդրում և պահանջում են՝

ա) ապագայում արգելել և բացառել Մալիշկա համայնքի վարչական տարածքում մետաղական հանքարդյունաբերության հետ կապված հետախուզական, առավել ևս հանքավայրերի շահագործման աշխատանքների իրականացումը,

բ) hամայնքի անդամներին ներգրավելով՝ մշակել Մալիշկայի և Վայոց ձորի մարզի էկոլոգիապես կենսակայուն և կանաչ տնտեսության զարգացման համալիր ծրագիր՝ հաշվի առնելով Վայոց ձորում գյուղատնտեսության, անասնապահության, խաղողագործության, գինեգործության, էկոտուրիզմի զարգացման լայն հնարավությունները, ինչպես նաև հանրապետության պատմամշակութային և զբոսաշրջության կարևոր կենտրոն լինելը:

Վերոնշյալ պահանջների իրականացման համար համայնքի բնակիչները պատրաստ են աջակցել ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին:

Մալիշկայի ավագանին 09.09.2019թ.-ին կայացած նիստով ուղերձ է հղում ՀՀ կառավարությանը և Վայոց ձորի մարզպետին:

Վայոց ձորի մարզում և Մալիշկա համայնքի վարչական տարածքում մետաղական հանքարդյունաբերության հետ կապված հետախուզական և հանքավայրերի շահագործման աշխատանքների իրականացման պարագայում հաշվի առնել տարածաշրջանի պատմամշակութային և զբոսաշրջության կենտրոն լինելը, մասնագիտական-փորձագիտական կազմակերպությունների, բնապահպանների կողմից կատարված ուսումնասիրությունները, եզրակացությունները և համայնքի բնակիչների՝ հանրագրով ներկայացված պահանջները, առաջարկությունները և մտահոգությունները:

x