Ե՞րբ կարող են փակվել ԱԺ մուտքի դարպասները՝ հանրության համար․ Արարատ Միրզոյանի որոշումը |iravaban.net|

iravaban.netԱյսօր ՀՀ ազգային ժողովի դիմաց Ամուլսարը՝ որպես հանք չշահագործելու պահանջով իրականացվող  ակցիայի մասնակիցների դիմաց ոստիկանները փակել են Ազգային ժողովի դարպասները և նրանց արգելվել է մուտք գործել Աժ այգի։

Այն հարցին, թե ինչո՞ւ են փակվել դարպասները, եթե դրանք բացվել էին հանրության համար, ոստիկանության ծառայողները նշեցին, որ այդ հարաբերությունները կարգավորված են համապատասխան իրավական ակտով։ Նշված իրավական ակտը՝ Ազգային ժողովի նախագահի 2019 թ. փետրվարի 12-ի ՆՈ-01-Լ որոշմումն է և դրա Հավելված 1-ը․ «Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նստավայրի Տարածքում եվ շենքում գործող անվտանգության կանոնները»։

Այսպես, համաձայն հիշյալ կանոնների 1.10-ի կետի՝ Բաղրամյան պողոտայի հատվածում տեղակայված Ազգային ժողովի այգու որոշակի հատված, որը սահմանազատված է արգելափակոցներով, յուրաքանչյուր օր՝ ժամը 10:00-22:00-ն, իսկ ձմռան ամիսներին՝ ժամը 10:00-20:00-ն, ծառայում է որպես հանրային տարածք և վերահսկվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պետական լիազոր մարմնի ուժերի կողմից: Մուտքը նշված ժամանակահատվածում ազատ է բոլոր այցելուների համար:

Տվյալ տարածքում կազմակերպվող յուրաքանչյուր միջոցառում՝ օրենսդրությամբ նախատեսված հավաք, բողոքի ակցիա, ֆիլմերի և տեսահոլովակների նկարահանում, համերգ և այլն, կարող է իրականացվել միայն Ազգային ժողովի նախագահի գիտությամբ՝ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի (այսուհետ` Ազգային ժողովի գլխավոր քարտուղար) թույլտվությամբ և պահպանության ծառայության պետի համաձայնությամբ:

Արգելափակոցներից ներս ընկած տարածքը համարվում է վերահսկելի գոտի և շուրջօրյա պահպանության տակ է, որն իրականացնում է պահպանության ծառայությունը շրջիկ ծառայության, տեսահսկման և դիտարկման միջոցներով:

Ի հավելումն նշենք, որ Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիայի մասնակիցները նշել էին, որ ԱԺ այգի են գնում հանրային քննարկում կազմակերպելու նպատակով:

x