Չեմ կարծում, որ այս հանդիպումը ընդհանուր հայտարարի գալու նպատակ ունի․ Աննա Շահնազարյան

Բնապահպան Աննա Շահնազարյանը, որը մասնակցում էր վարչապետի, էկոնոմիկայի նախարարի և ՔԿ նախագահի հետ հանդիպմանը, 13։00-ին դուրս եկավ քննարկումից՝ ասելով, որ բոյկոտել է Նիկոլ Փաշինյանի ելույթը։

Աննա Շահնազարյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ELARD-ի զեկույցում նշված են բազմաթիվ թերություններ, բայց կառավարությունը չի տեսնում անհրաժեշտություն, իրավական հիմք նոր ՇՄԱԳ պահանջելու, ինչն ինքը գնահատում է որպես իսկական կեղծիք և մանիպուլյացիա։

«Ես չեմ կարող թույլ տալ, որ իմ բանականության, իմ մտածելու կարողության հետ էդպես վարվեն և գլխի վայր շուռ տված ներկայացնեն իրավիճակը։ Էս փորձաքննությունը բառիս բուն իմաստով ամբողջությամբ իր գնահատման մեջ ապացույցն է, որ Լիդիանը կեղծ, թերի, ոչ ճշգրիտ և սխալ եզրակացություններով ՇՄԱԳ է իրականացրել։ Իսկ էդ սխալ եզրակացություններով որևէ թուլլտվություն ուժ չի կարող ունենալ։ Նման իրավիճակում, երբ կա միջազգային փորձագիտական այդպիսի խմբի կողմից արված  այդ տեսակի ուսումնասիորւթյուն, նշանակում է, որ այս կառավարությունը առնվազն պետք է ուժը կորցրած ճանաչեր»,- նշեց Աննա Շահնազարյանը լրագրողների  հետ զրույցում։

Նա նաև ասաց, որ վարչապետն իրենց հետ չի խոսել փաստերի լեզվով, այլ զեկույցում մատնանշված փաստերը  շուռ տված է ներկայացրել ՝  որպես եզրակացություն քննչական կոմիտեի կողմից, որն ապացուցում է, թե Սևանա լճի ու Ջերմուկի ջրերի վրա որևէ ազդեցություն չկա, և ռիսկերը կառավարելի են։

Աննա Շահնազարյանն ասաց, որ վարչապետի ելույթը ռացիոնալ չի համարում և չի կարծում, որ այս հանդիպումը ընդհանուր հայտարարի գալու նպատակ ունի։

 

 

x