Աշոտյանի վարորդ-օգնականին մեղադրանք է առաջադրվել, նա ստորագրությամբ ազատ է արձակվել. ՀՔԾ

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալված կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանի վարորդ-օգնական Արամ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել խոշոր և առանձնապես խոշոր չափերով յուրացման օժանդակելու համար։

Բարսեղյանը, ըստ ՀՔԾ-ի հաղորդագրության, իրեն լիովին մեղավոր է ճանաչել, խոստովանել իր կողմից կատարված հանցանքը, զղջացել կատարածի համար, ամբողջությամբ վերականգնել պետությանը պատճառված նյութական վնասը:

«Հաշվի առնելով նշված հանգամանքները, վարույթն իրականացնող մարմինը եկել է եզրահանգման, որ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կալանք կիրառելու հիմքեր առկա չեն, ուստի Արամ Բարսեղյանն ազատվել է արգելանքից և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը»,- ասված է հաղորդագրությունում:

ՀՔԾ-ն պարզաբանում է՝ Բարսեղյանին մեղադրանքն առաջադրվել է այն բանի համար, որ նա 2009-2016թվականներին զբաղեցնելով կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի վարորդի, այնուհետև՝ օգնականի պաշտոնները, օգտագործելով իր ունեցած ծառայողական դիրքը և դրանից բխող ազդեցությունն ու կապերը, 2009-2016 թվականներին «Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում ապօրինի ձևակերպվել է որպես պահակ և բանվոր, 2011-2016 թվականներին «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում՝ որպես վարորդ, իսկ 2016 թվականի մարտ ամսից՝ Արմեն Աշոտյանի աշխատանքից ազատվելուց հետո, վերջինիս միջնորդությամբ 2016-2017 թվականներին որպես վարորդ է ձևակերպվել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ում:

Ձևակերպված լինելով վերոնշյալ հաստիքներում, Բարսեղյանը որևէ անգամ աշխատանքի չի հաճախել, այլ շարունակել է կատարել Արմեն Աշոտյանի օգնականի և վարորդի պարտականությունները, ընդհանուր առմամբ ստացել է 8.734.118 դրամ գումար, ինչով օժանդակել է պետական բյուջեից տրամադրված միջոցներից հիշյալ ՊՈԱԿ-ների ղեկավարների կողմից խոշոր և առանձնապես խոշոր չափերով գումարների վատնմանը:

ՀՔԾ-ի փոխանցմամբ՝ նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հանցագործությունների կատարմանը ներգրավված անձանց ողջ շրջանակը պարզելու ուղղությամբ:

«Հատուկ քննչական ծառայությունը հորդորում է ձեռնպահ մնալ քրեական գործերի վերաբերյալ սոցիալական ցանցերով և զանգվածային լրատվության միջոցներով անպատասխանատու, քաղաքական նպատակներ հետապնդող հայտարարություններ տարածելու արատավոր գործելաոճից»,- նաև ասված է հաղորդագրությունում։

x