Lուրջ բացեր և թերացումներ են մատնանշված ՇՄԱԳ գործընթացում․ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյան

Բնական ռեսուրսների կառավարման, ընդերքօգտագործման օրենսդրության խնդիրների վերաբերյալ զրուցել ենք ՀՀ Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մերի Գալստյանի հետ։

Տիկին Գալստյան, Ձեր Ֆեյսբուքյան էջում գրառում էիք արել Հայաստանում ընդերքօգտագործման և շրջակա միջավայրի օրենսդրության, ենթաօրենսդրական դաշտի մասին: Ավելի մանրամասն կներկայացնե՞ք, թե որոնք են ոլորտի օրենսդրական թերություններն` ըստ Ձեզ:

Ընդերքօգտագործման օրենսդրական շրջանակը լուրջ վերանայման և բարեփոխման անհրաժեշտություն ունի՝ հավասարակշռելու հանքարդյունաբերության կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցությունը, սոցիալ-տնտեսական ազդեցությունները և ֆինանսական եկամուտները, որոնք ակնկալվում են շահագործումից:

Նախևառաջ, գործ ունենք բնապահպանական բարձր և արդիական ստանդարտների ներդրման մեխանիզմների հետ, որոնք առաջին հերթին կանխարգելող դերակատարում պետք է ունենան։ Դրանց գործիքակազմից են, օրինակ, բնապահպանական և բնօգտագործման բարձր հարկերը, որոնք ընկերությունները պետք է վճարեն՝ նվազագույնին հասցնելու պատճառվող վնասները և/կամ փոխհատուցելու դրանք:

Պետք է ամբողջապես վերանայել թույլտվությունների տրամադրման մեխանիզմները՝ լիարժեք գնահատելու սպասվող ազդեցությունները, ինչպես նաև համալիր ծախս-օգուտ գնահատման ենթարկվեն նախատեսվող ծրագրերը՝ առհասարակ հասկանալու այս կամ այն հանքի շահագործման նպատակահարմարությունը սպասվող ազդեցությունների, ռիսկերի և տնտեսական եկամուտների համեմատության համատեքստում:

Ի՞նչ փոփոխություններ պետք է կատարվեն Ձեր կարծիքով:

Վերևում նշածս բարեփոխումների ցանկը շատ երկար է, ես նշեցի ընդամենը մեկ-երկու օրինակ: Մեզ համար առավել կարևոր և առաջնային է այս պահին սկսել հանքարդյունաբերության ոլորտի ռազմավարության կամ քաղաքականության մշակման գործընթացը, որն էլ կուղենշի այն ճանապարհը, տեսլականը, որով ուզում ենք շարունակել ոլորտի կառավարումը և որի շուրջ պետք է ձևավորվի օրենդրական և ինստիտուցիոնալ դաշտը: Սա շատ կարևոր հայեցակարգային փաստաթուղթ է, որը պետք է արտացոլի պետության դիրքորոշումը ընդերքի ոլորտում ռեսուրսների կառավարման սկզբունքների վերաբերյալ:

Ձեր գրառման մեջ նշում եք, որ մենք ժառանգել ենք տարիներ շարունակ ոլորտը կարգավորող և որոշումներ կայացնող ինստիտուների թույլ և չկայացած մի համակարգ: Ո՞րն է պատճառը, որ հեղափոխությունից հետո կառավարությունն այս ոլորտում չի նախաձեռնել փոփոխություններ:

Բնական ռեսուրսների կառավարման ոլորտում ամենաբարդ, բայց և ամենակարևոր քայլերից մեկը ինստիտուտների լիարժեք կայացումն է, որի վրա կառավարությունը կարող է վստահաբար հենվել որոշումներ կայացնելիս: Սա նաև զգալի ռեսուրսներ և ժամանակ պահանջող գործընթաց է, քանի որ գործ ունենք մի կողմից` կառուցվածքային ու վարչարարական միավորների ճիշտ կազմակերպման ու կայացման, մյուս կողմից` մարդկային ռեսուրսների և կարողությունների զարգացման, արդիականացման գործընթացի հետ:

Միայն վերջերս Կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ոլորտի լիազոր մարմին փոխվեց, ինչպես նաև որոշակի ներքին կառուցվածքային փոփոխություններ եղան ոլորտի կառավարման տեսանկյունից։ Այս ամենը ժամանակատար է, բայց և հապաղելու շքեղություն մեզ թույլ տալ չենք կարող: Պետք է միավորենք օրենսդիր, գործադիր բոլոր հասանելի ռեսուրսներն ու ջանքերը ոլորտը բարեփոխելու նպատակով: Ինստիտուտների կայացումից խոսելիս պետք է նշեմ, որ խիստ կարևոր դերակատարում ունի վերահսկողություն իրականացնող մարմնի, այն է՝ Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի լիարժեք ու արդյունավետ աշխատանքը, ինչը այս պահին, իմ գնահատմամբ, հեռու է կատարյալ լինելուց:

Արդյո՞ք Դուք պատրաստվում եք հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ:

Արդեն իսկ ավարտին են հասցված մի քանի օրենսդրական նախաձեռնություններ, որոնք աշնանը շրջանառության մեջ կդրվեն: Առավել մանրամասն դրանց մասին կխոսեմ վերջնականացնելուց հետո՝ սեպտեմբեր ամսին: Նշեմ նաև, որ Ազգային ժողովում ձևավորվել է հանքարդյունաբերության օրենսդրության վերլուծության աշխատանքային խումբ, որի շրջանակներում շարունակական քննարկումներ ենք ունենալու շահագրգիռ բոլոր խմբերի հետ` օրենսդրական բացերի առնչությամբ:

Գրառման մեջ նաև նշում եք, որ ցանկացած նոր ընդերքօգտագործման իրավունք կամ հանքի վերագործարկում մեծ և անդառնալի ռիսկեր է պարունակում:
ՔԿ-ն հրապարակեց Ամուլսարի գործով համալիր փորձաքննության եզրակացությունը, մի շարք բնապահպաններ կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում` ասելով, որ ՔԿ-ն փորձաքննության եզրակացությունը մանիպուլյատիվ է ներկայացրել: Արդյո՞ք ծանոթ եք եզրակացությանը, և ո՞րն է Ձեր դիրքորքշումն այս հարցում:

Որքանով հասցրել եմ ծանոթանալ եզրակացությանը, դեռ ուսումասիրում եմ ամբողջությամբ, լուրջ բացեր և թերացումներ են մատնանշված ՇՄԱԳ (շրջակա միջավայրի վրա ազդեցություն) գործընթացում, մասնավորապես՝ խնդրահարույց են ելակետային տվյալների ազդեցության գնահատման մեթոդաբանական մեխանիզմները, ինչն, ըստ երևույթին, ՇՄԱԳ-ի հիմքն է, և առհասարակ կարող է կասկածի տակ դնել մեզ տրված գնահատականների ճշմարտացիությունը: Այդուհանդերձ, ի լրումն վերոգրյալի, որևէ նոր հանքի շահագործում այս պահին ռիսկային է մեզ համար ավելի վաղ նշածս բացերի պատճառով: Ցավոք, ոլորտի մեր պրակտիկայում առավել բացասական, քան դրական փորձեր ու օրինակներ ունենք, այս ամենից պետք է դասեր քաղենք, վերլուծենք նախկինում ոլորտի պետական կառավարման սխալները, աշխատենք դրանք շտկելու ուղղությամբ և շարժվենք առաջ, այլապես հայտնվելու ենք նույն փակ շրջափուլում:

Աննա Սահակյան

x