Հայաստանը զիջման պատրաստակամություն է հայտնել, նույնն ակնկալում ենք Բաքվից. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան |azatutyun.am|
15:01 - 09 մայիսի, 2024

Հայաստանը զիջման պատրաստակամություն է հայտնել, նույնն ակնկալում ենք Բաքվից. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա որոշակի զիջումների գնալու պատրաստակամություն է հայտնել, և «մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնպես կգնա զիջումների», «Ազատության»-ը տված բացառիկ հարցազրույցում հայտարարեց Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյին։

Սա պաշտոնական Փարիզի առաջին արձագանքն է Տավուշ-Ղազախ հատվածում սկսված սահմանազատմանը։

«Ադրբեջանը ներկայումս Հայաստանի տարածքից մեծ կտորներ է օկուպացրել, և այն պետք է դուրս գա այդ տարածքներից», - նշեց Օլիվյե Դեկոտինյին։

Ֆրանսիայի դեսպանի հետ հարցազրույցը՝ ստորև.

«Ադրբեջանը ներկայումս Հայաստանի տարածքից մեծ կտորներ է օկուպացրել և պետք է դուրս գա այդ տարածքներից»

«Ազատություն». - Քանի որ այսօր գրեթե բոլորի գլխավոր մտահոգությունը սահմանազատումն է Տավուշ-Ղազախ հատվածում, ես կսկսեմ մեր զրույցը հենց այդ հարցից: Վերջին մի քանի օրվա ընթացքում մենք մի շարք հայտարարություններ ենք լսել արևմտյան, ինչպես նաև տարածաշրջանային երկրներից, որոնք իրենց աջակցությունն էին հայտնում Երևանի և Բաքվի միջև համաձայնությանը։ Մինչդեռ Ֆրանսիան, լինելով Արևմուտքում հայերի ամենամոտ դաշնակիցը, մինչ օրս լուռ է։ Ո՞րն է Փարիզի դիրքորոշումն այս հարցում։

Օլիվյե Դեկոտինյի․ - Լավ է, որ սահմանազատումը սկսվում է։ Առավել ևս լավ է, որ այն սկսվում է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Դա ակնհայտորեն դրական զարգացում է, որը պետք է շարունակություն ունենա. Հայաստանը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա որոշակի զիջումների գնալու պատրաստակամություն է հայտնել, և մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնպես կգնա զիջումների։ Ադրբեջանը ներկայումս Հայաստանի տարածքից մեծ կտորներ է օկուպացրել, և այն պետք է դուրս գա այդ տարածքներից։ Ֆրանսիայի վարչապետը վերջերս հիշեցրեց դրա մասին։ Եվ այսպես, մենք կարծում ենք, որ դա լավ զարգացում է, որը շարունակության կարիք ունի:

«Ազատություն»․ - Արդյո՞ք կիսում եք մտահոգությունը, որ արդյունավետ սահմանազատում չի կարող տեղի ունենալ սպառնալիքների ներքո, ինչի գոյությունը ընդունել է նաև Հայաստանի վարչապետը։

Օլիվյե Դեկոտինյի․ - Պետք է ինչ-որ տեղից սկսել: Պետք է ինչ-որ տեղից սկսել և իրականացնել սահմանազատումը բանակցությունների միջոցով։ Տավուշը լավ մեկնարկային կետ է։ Եվ մենք անհամբեր սպասում ենք, որ սահմանազատումը շարունակվի այն սկզբունքների շրջանակում, որոնց շուրջ Ադրբեջանը և Հայաստանը համաձայնել են Պրահայի հռչակագրով։ Դա Ալմա-Աթայի հռչակագիրն է, որով սահմանվում են նախկին խորհրդային հանրապետությունների միջազգային սահմանները, և կողմերը հարգում ու ճանաչում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

«Ազատություն»․ - Ասացիք՝ Տավուշը լավ մեկնարկային կետ է, լա՞վ, թե՞ կետ, որն այդ պահին միակ հնարավորն էր։

Օլիվյե Դեկոտինյի․ - Այն սկսվել է, և մենք պետք է դրական տրամադրված լինենք։

«Ազատություն»․ - Մի քանի ընդդիմադիր կուսակցություններ, որոնք քննադատում են իշխանության դիրքորոշումն այս հարցում, վերջերս հայտարարեցին, որ պատրաստվում են հանդիպել արևմտյան երկրների դեսպանների հետ։ Հանդիպե՞լ եք նրանց, և ո՞րն է եղել Ձեր ուղերձը։

Օլիվյե Դեկոտինյի․ - Ես հանդիպում եմ նրանց։ Բայց կոնկրետ այդ թեմայով չեմ հանդիպել։ Առաջարկներ ստացել եմ և, իհարկե, կհանդիպեմ։ Ի դեմս Հայաստանի՝ ունենք բարեկամ երկիր, և Ֆրանսիայի դեսպանատունը բաց է բոլոր հայաստանյան քաղաքական ուժերի համար։

«Ազատություն»․ - Վերջին ամիսներին մենք ականատես եղանք Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների աննախադեպ վատթարացման, որի հետևանքով Փարիզը Բաքվից հետ է կանչել իր դեսպանին։ Սակայն, անցած շաբաթ ադրբեջանական որոշ, այդ թվում՝ պաշտոնական լրատվամիջոցներ հաղորդեցին, որ դեսպանը վերադարձել է։ Կարո՞ղ եք դա հաստատել:

Օլիվյե Դեկոտինյի․ - Ես Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը չեմ։

«Ազատություն»․ - Բայց դուք տեղյակ եք չէ՞ Ձեր գործընկերոջից։

Օլիվյե Դեկոտինյի․ - Ես պատասխանատու չեմ այդ երկրի հետ հարաբերությունների համար։ Մենք մի շարք խնդիրներ ունեինք և դեռևս ունենք Ադրբեջանի հետ, որոնց մասին հստակ հայտարարել է մեր ներքին գործերի նախարարը մի քանի օր առաջ՝ դա Ադրբեջանի միջամտության մասին էր մեր ներքին քաղաքականությանը, հատկապես Նոր Կալեդոնիայի տարածաշրջանում: Ներքին գործերի նախարարի ասածին ավելացնելու ոչինչ չունեմ։

«Ազատություն»․ - Ի վերջո, Ֆրանսիայի դեսպանը հիմա Բաքվո՞ւմ է, թե՞ ոչ:

Օլիվյե Դեկոտինյի․ - Չեմ կարող ասել՝ նա Փարիզում է, թե Բաքվում, բայց կարող եմ ասել, որ նա Շուշիում չէ։

«Ազատություն»․ - Տպավորություն է, որ Ալիևը փորձում է չվերահսկվող գերիշխանություն ունենալ այս տարածաշրջանում։ Դա ընդունելի՞ է Ֆրանսիայի համար:

Օլիվյե Դեկոտինյի․ - Մեզ համար ընդունելի է այն, ինչ մենք անում ենք Հայաստանի հետ։ Մենք Հայաստանի հետ նախաձեռնել ենք պաշտպանության ոլորտում համագործակցություն, որը նորություն է մեր հարաբերություններում, ու որը մեծ թափ է հավաքում։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում երկու երկրների միջև եղել են մի շարք պայմանավորվածություններ՝ երեք ուղղություններով։ Նախ՝ Հայաստանին պաշտպանական զինատեսակներ տրամադրել՝ իր բնակչությանը, իր տարածքը, իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար։ Երկրորդ՝ Հայաստանի զինված ուժերի ուսուցում Հայաստանում կամ Ֆրանսիայում, ինչպես նաև խորհրդատվություն Հայաստանի պաշտպանության նախարարությանը։

«Ազատություն»․ - Ձեր պաշտպանության նախարարը երկու ամիս առաջ այստեղ էր մի պատվիրակության հետ, որի կազմում էին նաև ֆրանսիացի շատ հայտնի զինագործներ։ Կարո՞ղ եք թարմ տեղեկություն տրամադրել՝ կա՞ն նոր պայմանավորվածություններ այս այցի արդյունքում: Ու եթե այո, ապա ո՞րն է մատակարարման ժամկետը:

Օլիվյե Դեկոտինյի․ - Ինչպես անցած հոկտեմբերին, այնպես էլ պաշտպանության նախարարի այցի ընթացքում հայտարարվել է մի շարք պայմանավորվածությունների մասին։ Ու մենք ականջալուր ենք մեր հայ ընկերների կարիքներին։

«Ազատություն»․ - Իսկ որո՞նք են այդ կարիքները:

Օլիվյե Դեկոտինյի․ - Պաշտպանական զենքեր՝ Հայաստանի տարածքը պաշտպանելու համար։

«Ազատություն»․ - Ընդամենը մեկ ամիս առաջ ձեր նախարար Ստեֆան Սեժուրնեն՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողքին կանգնած, բացահայտ ասաց, որ Ադրբեջանը դուրս է գալիս վերահսկողությունից և մարտահրավեր նետում Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Եթե դա տեղի ունենա, ինչին ականատես ենք եղել վերջին տարիների ագրեսիաների ժամանակ, ի՞նչ կոնկրետ քայլեր կարող է Երևանը Ֆրանսիայից ակնկալել։

Օլիվյե Դեկոտինյի․ - Դե, մենք չենք սպասում, որ ագրեսիա տեղի ունենա: Այդ իսկ պատճառով մենք զարգացնում ենք մեր համագործակցությունը:

«Ազատություն»․ - Ի՞նչ է նախատեսում այդ համագործակցությունը՝ պաշտպանական զենքի մատակարարումներ, էլ՞....

Օլիվյե Դեկոտինյի․ - Մատակարարումներ, ուսուցում և խորհրդատվություն: Մենք մեր պատմության մեջ՝ 1940 թվականին, սարսափելի պարտություն ենք կրել նացիստական Գերմանիայից։ Այդ ժամանակ մենք համոզված էինք, որ մեր բանակը ամենաուժեղն է աշխարհում, քանի որ հաղթել էինք Առաջին համաշխարհային պատերազմում, բայց այդ բանակը մի քանի շաբաթվա ընթացքում պարտություն կրեց։ Եվ մենք դրանից դասեր քաղեցինք: Ֆրանսիացի հայտնի մի պատմաբան, որ այդ ժամանակ, ի դեպ, որպես սպա ծառայել էր բանակում, մի գիրք գրեց, որը կոչվում է «Տարօրինակ պարտություն», որով ախտորոշեց պարտությունը։ Շատ հետաքրքիր է, որ նա հետևյալ եզրակացությանն էր հանգել՝ բոլոր խոշոր ռազմական պարտությունները նախ և առաջ ինտելեկտուալ պարտություններ են: Եվ դա է պատճառը, որ թեև մեծ ուշադրություն է դարձվում զենքին, սարքավորումներին, որոնք կարևոր են, բայց դոկտրինան նույնպես առանցքային է:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել