ԿԱՐԴԱԼԻՔ

2020-ին ՀՀ-ում հաշվառված, բայց 2023-ին Արցախից տեղահանված ընտանիքը դուրս է մնացել աջակցության ծրագրերից

2020-ին ՀՀ-ում հաշվառված, բայց 2023-ին Արցախից տեղահանված ընտանիքը դուրս է մնացել աջակցության ծրագրերից

Արցախցի Նոննա Մինասյանն այսօր կարող էր բնակվելիս լինել Շուշիի իր տանը, որն այլեւս չկա, աշխատեցնել հացի փուռը, որն ամուսնու հետ ծրագրում էր բացել, եւ զբաղվել իր սիրելի լուսանկարչությամբ Արցախի պետական թատրոնում։ Բայց նա այսօր Երեւանում է։ 36 տարեկանում 4 պատերազմ, 2 տեղահանություն ապրելուց հետո Նոննան հիմա էլ հայտնվել է սոցիալական խնդիրների առաջ։ Առանց սեփական տանիքի, անձնական մի քանի իրերը ճամպրուկում, իսկ կորստի ցավը՝ սրտում, նա կրկին փորձում է նոր կյանք սկսել։ Ամեն ինչ սկսվել է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին, երբ Նոննան դուրս է եկել Շուշիի իր տանից․ հետո պիտի պարզվեր՝ անվերադարձ։ Պատերազմի հետեւանքով նա եւ ամուսինը կորցրել են ունեցածը, փորձել արտասահմանում ոտքի կանգնել, նաեւ՝ բուժում ստանալ։ Այդ նպատակով ստիպված են եղել հաշվառվել Հայաստանում։ Չհարմարվելով, սակայն, կարճ ժամանակ անց վերադարձել եւ շարունակել են ապրել Արցախում։ 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո բռնի տեղահանվել են նաեւ Ստեփանակերտից։ Այժմ, չնայած տեղահանված լինելու փաստին, նրանք չեն կարողանում օգտվել տեղահանվածների համար Հայաստանի կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերից։ Պատճառը 2023 թ․ սեպտեմբերի 19-ից առաջ Հայաստանում հաշվառված լինելն է, ինչը արգելք է վեցամսյա եւ երկամսյա 50-հազարական դրամ աջակցությունները ստանալու համար։ «3 տարի է՝ սպասում էինք՝ տեսնենք՝ ինչ է լինում» 44-օրյա պատերազմի ժամանակ Նոննան քրոջ եւ ընկերուհու հետ Շուշիից տեղափոխվել է նախ Բերձոր, ապա՝ Երեւան։ Ամուսինը մնացել է Արցախում, մասնակցել ռազմական գործողություններին։ «Տան իրերից ոչինչ չէի վերցրել, միայն տեսախցիկս, ինձ համար ամենաթանկ բանը դա էր, դե, հետո, որ գիտես՝ գնում ես, հետ գաս, շատ ուշադրություն չես դարձնում՝ ինչ կա։ Տեսախցիկս, նոթբուքը ու մի քանի տաք շոր, որովհետեւ Բերձորում ցուրտ էր․․․ Մենք չենք իմացել, չենք գիտակցել, որ հետ չենք գալու, բայց ամուսինս էնտեղ էր, ընթացքում խնդրում էի՝ նկարներ, դիպլոմներ ուղարկի, որովհետեւ ասում էր՝ սա լավ չի վերջանալու»,– պատմում է Նոննան։ 2020 թվականին Երեւանում ապրել են ընկերուհու, ապա վարձակալած մի բնակարանում, իսկ երբ պատերազմն ավարտվել է, վերադարձել են Ստեփանակերտ․ «Պատերազմը որ ավարտվեց, գնացինք Ստեփանակերտ, դե, Շուշին էլ չկար, ոչ մի բան չունեինք, ու էնքան խառն էր ամեն ինչ․․․ Ընկերներ ունեինք Գերմանիայում, ասացին՝ եկեք, գոնե աշխատեք 1-2 տարի, հետո հետ կգնաք, կտեսնեք՝ ինչ է անում պետությունը, գուցե տուն կտա, մի բան կտա․․․ Ամուսինս էլ առողջական խնդիրներ ուներ (պատերազմի հետեւանքով,–հեղ․), ասացինք՝ ավելի լավ, կգնանք, էդ խնդիրներն էլ կլուծենք, նաեւ աշխատանքային հրավեր ունեինք»,– նշում է Նոննան։ Որոշելով ժամանակավորապես դուրս գալ Արցախից՝ ամուսինները դիմել են Լեհաստանի դեսպանատուն, որտեղ, սակայն, նրանց ասել են, թե Ղարաբաղի քաղաքացիները չեն կարող դիմել․ «Մենք սովորական կապույտ անձնագիր ունենք՝ 070 կոդով, անձնագրի խնդիր չէր, այլ գրանցման, մենք հետո մտածեցինք՝ քանի որ Շուշին չկա, քաղաքը չկա, դու չես կարող նման թղթով ճամփորդել, գուցե դեպորտի խնդիր լինի, եւ որպեսզի պետությունը չմտածի՝ սա ուր է, ինչ է, կամ էլ մեզ Բաքու չուղարկի, ասացին՝ միանգամից փոխեք, երեւի տենց խնդիր էր կամ իրենց ասվել էր, որ պիտի փոխվի․․․ Դուրս եկանք, էլի շատ դժվարությամբ գրանցվեցինք Երեւանում՝ ամուսնուս եղբոր տանը»։ Հաշվառումը փոխելուց հետո Նոննան փաստաթղթային այլ խնդիրներ է ունեցել, մեկնել է միայն նրա ամուսինն։ Նա գնացել է նախ Լեհաստան, ապա՝ Գերմանիա, այնտեղից՝ Ռուսաստան, սակայն օտար երկրում չհարմարվելով՝ երկու ամսից վերադարձել է Արցախ։ Ընտանիքը դիմել է Արցախի կառավարությանը եւ որպես Շուշիից բռնի տեղահանված՝ նրանց սենյակ է հատկացվել Ստեփանակերտի հյուրանոցներից մեկում․ «Պետությունն ասաց՝ տուն գտեք, կգնենք։ Մեզ հասնում էր 44 քմ, բայց նախ տենց փոքր տուն չի եղել Ստեփանակերտում, գտնում էինք, օրինակ, 54 քմ, ինչի համար մենք պիտի երկու միլիոն ավելացնեինք, մենք էլ էդքան գումար չունեինք։ Մտածեցինք տուն վարձակալել, բայց վարձերն էլ շատ բարձր էին, դա էլ չկարողացանք ու դիմեցինք, Սոֆիա հյուրանոցում սենյակ տվեցին։ Շատ լավ էր, շատ գոհ էինք, կարեւորը Ստեփանակերտում էինք՝ մեր հողի վրա, էնքան որ գայինք տուն, գնայինք գործի, մինչեւ տեսնեինք՝ ինչ է լինում․․․ Մենք 3 տարի է՝ սպասում էինք, որ տեսնեինք՝ ինչ է լինում, վերջ չկա, սկիզբ չկա, ոչ մի բան չկա, հիմա էլ՝ նույնը»։ Նոննան այդ ժամանակ սկսել է աշխատել Ստեփանակերտում բացված գեղեցկության սրահում՝ որպես մատնահարդար, ամուսինը բարեկամների ֆինանսավորմամբ սկսել է զբաղվել Շոշ գյուղում գտնվող եւ ռազմական գործողությունների հետեւանքով ավերված իր հայրական տան վերանորոգման աշխատանքներով․ «Ամուսինս աշխատանք չէր գտնում, ծանր բան իրեն չէր կարելի, ուզում էր մնալ Շոշի տանը, բայց ես էի վախենում, որովհետեւ սահմանը շատ մոտ էր, իրենց (ադրբեջանցիների,–հեղ․) դրոշները ծածանվում էին, Շուշիի իմ տունն էի տեսնում, ամեն անգամ վախենում էի վարագույրը քաշել կամ պատուհան լվանալ, ասում էի՝ հեսա սնայպերը կխփի, Ֆեյսբուքում մի երկու բան կգրեն, ու վերջ»,– հիշում է Նոննան։ «Հետո նորից սկսվեց պատերազմը» Եվ հիշողություններն իրար վրա դարսելով՝ գալիս, հասնում է 2023 թ․-ի սեպտեմբերի 19-ին․ «Հետո նորից սկսվեց պատերազմը, առավոտից սկսեցին՝ մի բան էն չէ, գյուղերում խփել են․․․ Ես աշխատանքի էի, ուսուցչուհի հաճախորդ ունեի, ինքն էլ երբեք չէր ուշանում, մի 10 րոպե է՝ չէր գալիս, դու մի ասա՝ էրեխեքին արդեն տարել են նկուղ, դուրս եկա՝ զանգեմ, ու սկսվեց․․․  Թե ինչ գմփոց, թե ինչ էր կատարվում․․․ Բոլորը լացում էին, ճչում, սկսեցին Ստեփանակերտի վրա խփել, էդ քաոսի մեջ բոլորս վազում էինք, չգիտեինք՝ ինչ ենք անում․․․ Գնացինք նկուղ, նկուղում էլ ոչ մի բան չկար, անպատրաստ, գոնե լույս էլ չէին դրել»,– ասում է Նոննան ու նշում՝ այդ խառը իրավիճակում ամեն տեսակ իրարամերժ տեղեկություն տարածվում էր․ «Հենց ժամը 1-ին [պատերազմը] ավարտվեց, ամուսինս եկավ, ասաց՝ ժամանակ են տվել, տարբեր բաներ են խոսում, մեկը ասաց՝ 7 ամսից պիտի դուրս գանք, մեկը ասաց՝ 30 հազար մարդ պիտի մնա, մեկը ասաց՝ 3000 մարդ պիտի մնա, ով շուտ դուրս գա, դուրս գա․․․ Մեզ սպանել է մեր պանիկան, ուրիշ ոչինչ․․․ Մեկ-մեկ մտածում եմ՝ որ մնայինք, կարո՞ղ էին էդքան մարդու վնասել, թե՞ պանիկա մտցրին, որ բոլորս դուրս գանք․․․ Մինչեւ ավարտը՝ ժամը 11–ին մոտ, ասացին՝ 2 ժամից բոլորս դուրս ենք գալու, ով ինչ ունի, թող հավաքի, էն որ դեռ խփում էին, ես գնացել, ճամպրուկս էի հավաքում, ինչ էդ սենյակում ունեի, որ նորից չթողնեմ, հետո ամուսինս եկավ, ասաց՝ 120 հազար մարդ 2 ժամից ո՞նց է դուրս գալու, էդտեղ ավելի վատացանք»,- հիշում է Նոննան։ Ի վերջո, սեպտեմբերի 25-ին Նոննայի ընտանիքը եւս բռնել է տեղահանության ճամփան․ «Ամբողջ կյանքս հաց թխած չկայի, բլոկադայի ընթացքում թխեցի, սկեսուրս մի քիչ ալյուր ուներ, սեւ օրվա էր պահում, իբր դրանից սեւ օր պիտի լիներ։ Բերեց, ասեց՝ կարաս հաց թխես, որ ճամփին վերցնես, էն էլ թխեցի, սաղ բաժանեցի, մի հատը դրեցի իրենց մեքենան, դե էրեխեք էին ողջ հյուրանոցում»։ Ամուսինները Հայաստան են հասել սեպտեմբերի 28-ին, որովհետեւ ճանապարհին մեքենան փչացել է, ստիպված են եղել հետ դառնալ Արցախ՝ այն վերանորոգելու։ Մեկ օր անց նորից ճանապարհվել են դեպի Հայաստան․ «Ճամփին՝ ոչ հաց, ոչ ջուր, մենակ մեղր էի վերցրել, որ մի–մի գդալ վարորդներին տամ»,– ասում է Նոննան։ Հայաստանի գրանցման պատճառով Նոննան ու ամուսինը սոցիալական աջակցություն չեն ստանում  Հայաստան գալով՝ ամուսինները հաշվառվել են Վայքում, սկզբում մնացել Նոր Գեղի գյուղում։ Այնտեղ մեկ անգամ ստացել են տեղահանվածներին հասանելիք պարենային օգնությունը, նաեւ 100-հազարական դրամ միանվագ աջակցությունը։ Հետագայում Երեւան տեղափոխվելով՝ իմացել են, որ աջակցության մյուս ծրագրերից օգտվել չեն կարող․ «Լրացրել ենք օնլայն, [համակարգը] չէր ընդունում, ասում էր՝ Երեւանի գրանցում ունեք, գնացի Սոցհարցերի նախարարություն, ասացի՝ ուզում եմ դիմում գրել, ղարաբաղցի եմ, բայց Երեւանի գրանցում ունեմ, ի՞նչ պիտի լինի, կստանա՞մ էդ գումարը թե՞ չէ, մի աղջիկ դուրս եկավ, ասաց՝ այո, կստանաք, մի քիչ սպասեք, ծրագրերը խառն են, շատ ժողովուրդ եք եկել, ասացի՝ հա, հասկանալի է, ասացի՝ դիմում կարո՞ղ եմ գրել, ասաց՝ չէ, որովհետեւ մեկ է, փոխանցվելու է․․․ Երկուշաբթի օրը (դեկտեմբերի 10-ին,–հեղ․) նորից գնացի, մի աղջիկ եկավ, ասաց՝ Երեւանի գրանցում ունեցողներին չի հասնում, գիտեք, ասացի՝ կարո՞ղ եմ դիմում գրել, որ գրավոր պատասխանեք, ասաց՝ չէ, չեք կարող, ու տենց ճամփեցին տուն»,- պատմում է Նոննան։ Հույսով, որ պիտի պետական ֆինանսական աջակցություն ստանային, Երեւանում տուն են վարձակալել, բայց հիմա հայտնվել են խնդրի առաջ․ «Հիմա ես ինձ զգում եմ սենց՝ ոչ պետությանն եմ պետք, ոչ բնությանը, ես չեմ ասում՝ ամեն ինչ տվեք, բայց մարդկանց մարդու տեղ դրեք, որ հասկանանք, որ կանք, գոնե կեսը տվեք, ասեք՝ որ դուք սենց եք, էսքան եք ստանում, բայց ընդհանրապես ոչ մի բան․․․ Ու իմ նման հազար մարդ կա, մնացել ենք շվարած»,– ասում է Նոննան։ Նա այժմ վերադարձել է մատնահարդարի իր աշխատանքին, իսկ ամուսինը մեքենա է վարձակալել, տաքսի է վարում։  Նոննա Մինասյանի կարծիքով՝ եթե աջակցության ծրագիրը բռնի տեղահանվածների համար է, սխալ է հաշվառման պայմանը նախատեսելը, որովհետեւ ըստ նրա՝ Կառավարությունը շատ լավ իմացել է՝ ով է Արցախում գտնվում․ շրջափակման օրերին Երեւանի հաշվառում ունեցողները խանութներից օգտվելու կտրոնները ուրիշ տեղից էին ստանում, ՌԴ հաշվառում ունեցողները՝ ուրիշ․ «Սխալ պայման է, խի՞ են տենց որոշել, պարզ է, որ էդ մարդիկ ոտքի են  կանգնելու, ասեն՝ ինչի՞ եք սենց անում, ինչի՞ եք էսքան պրոբլեմի մեջ նորից պրոբլեմ սարքում։ Շանս չեն տալիս, որ ոտքի կանգնես, հետո գոնե դու քո գլխի ճարը կգտնես։ Հո չե՞նք ասում՝ ընդմիշտ մեզ օգնեք, բայց սխալ է, որ մեկին տալիս են, մեկին՝ չէ»,– նշում է բռնի տեղահանված արցախցին։ Կառավարությունը խնդրին տեղյակ է, վերջնական լուծում դեռ չկա Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Ժողովրդագրության եւ ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության պետ Արտակ Հարությունյանը մեր զրույցում ասաց՝ խնդրին տեղյակ են, այս պահին դրա վերաբերյալ վերջնական լուծում չկա, հնարավոր է՝ առաջիկայում քննարկվի։ Հարությունյանը բացատրեց՝ 50-հազարական դրամների երկու ծրագրերի հիմքը առաջին՝ 100-հազարական դրամի ծրագիրն է։ Համակարգը ավտոմատ եղանակով ստուգում է՝ եթե անձինք ստացել են 100-հազարական դրամ աջակցությունը, արդեն անցում է կատարվում որոշակի ֆիլտրերի՝ ըստ կոնկրետ ծրագրի։ Այդ ֆիլտրերը, ինչպես, օրինակ, հաշվառման ամսաթիվն է կամ Հայաստանում սեփականություն ունենալը, Հարությունյանի խոսքով, ի սկզբանե նախատեսվել են՝ կանխելու ոչ թիրախային խմբի անձանց շահառու դառնալը․ «Մեծ քանակությամբ մարդիկ մինչեւ այդ գտնվել են այստեղ, դա ինչ-որ ձեւ ստուգելու մեխանիզմ էր, Վայքում կամ Կոռնիձորում հաշվառումը դեռ ոչինչ չի ասում, բոլորն էլ հաշվառվել են, բայց մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ օրինակ՝ այստեղ գտնվող անձը գնացել է, այդ հոսքի մեջ հաշվառվել է»,- նշում է Հարությունյանը։ Հարցին՝ Արցախի կառավարության հետ համատեղ հնարավոր չէ՞ր ճշտել, թե ովքեր են բռնի տեղահանման օրերին փաստացի գտնվել Արցախում, Հարությունյանը բացասական պատասխանեց՝ նշելով, որ հիմքը միայն ՀՀ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունից ստացված տվյալներն են․ «Մեր օրակարգում այս հարցը կա, նորից կնայենք, բայց այսպես ասեմ․ եթե խնդիրը դառնում է զանգվածային, սկսում ենք անդրադառնալ, եթե մի քանի դեպքերով է, չենք անդրադառնա, կփորձենք այլ կերպ օգնել, էդ հարցով մեզ էլի դիմողներ են եղել, ուսումնասիրել ենք, պարզվել է՝ մերժման հիմքը այլ է, այսինքն՝ դա առաջին ֆիլտրն է, դրանից հետո գնում են մի շարք ֆիլտրեր՝ կոնկրետ ծրագրերով»,- մանրամասնում է Արտակ Հարությունյանը։ Դիմումների թիվը, ըստ Հարությունյանի, այս պահին չի գերազանցում 100-ը․ «Եվ եթե պարզվի, որ այդ խնդրով ընդամենը 50 հոգի է, բայց այդ կետը որոշումից հանելու արդյունքում ոնենանք, օրինակ, 3000 սխալ վճարում, բազմապատկեք դա 50 հազարով, բազմապատկեք 6 ամսով․․․ Պիտի փորձենք անհատական ինչ-որ բան անել»,- ասաց Հարությունյանը՝ հիշեցնելով, որ աջակցության վեցամսյա ծրագիրը նման բողոքների հիման վրա փոփոխության ենթարկվեց։  Նշենք, որ Կառավարության որոշմամբ ի սկզբանե նախատեսված էր, որ Հայաստանում երբեւէ հաշվառված անձինք ծրագրի շահառու չեն, ինչը, սակայն, խնդիրներ էր ստեղծում բռնի տեղահանվածների համար, քանի որ փախստականի կարգավիճակ, կենսաթոշակ կամ այլ նպաստ ստանալու համար նրանք պիտի հաշվառվեին Հայաստանում։ Օրենսդրական փոփոխությամբ՝ Կառավարությունը սահմանեց, որ սեպտեմբերի 19-ից հետո հաշվառվածները շահառու են, այդպիսով դուրս մնացին միայն սեպտեմբերի 19-ից առաջ հաշվառված, սակայն դրանից հետո տեղահանվածները։ Արտակ Հարությունյանն առաջարկեց, որ այդ անձինք իրենց խնդիրները ձեւակերպեն եւ անհատական դիմումներ ներկայացնեն նախարարությանը, խոստացավ՝ տվյալ դեպքում անձամբ հետեւողական լինել դիմումի ընթացքին։   Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան Լուսանկարը՝ Հայարփի Բաղդասարյանի, ք․ Վայք, 27 սեպտեմբերի, 2023 թ․
19:29 - 22 դեկտեմբերի, 2023
Ակադեմիական քաղաքի ներկայիս քննարկումներն 90-95%-ով շինարարական նախագծի մասին են. ՀՊՏՀ ռեկտորի գլխավոր խորհրդական

Ակադեմիական քաղաքի ներկայիս քննարկումներն 90-95%-ով շինարարական նախագծի մասին են. ՀՊՏՀ ռեկտորի գլխավոր խորհրդական

Կառավարության «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը հանրության շրջանում ակտիվ քննարկումներ առաջացրեց։ Ըստ նախագծի՝ Երևանի 17-րդ թաղամասին կից կառուցվելու է 700 հա մակերեսով առանձին քաղաք, որտեղ միավորվելու են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները և գիտական ինստիտուտները։ Նախատեսվում է նաև բնակելի թաղամասի կառուցապատում, որտեղ կապրեն այդ հաստատությունների աշխատակիցները։  Այսպիսով, Կառավարությունը նախատեսում է խոշորացնել Հայաստանի պետական բուհերն ու գիտահետազոտական ինստիտուտները՝ միավորելով դրանք հետևյալ կլաստերներում՝ Տեխնոլոգիական, Արվեստների, Կրթական, Սպայական, Դասական և Բժշկական։ Սրանցից չորսը տեղակայվելու են նոր կառուցվող Ակադեմիական քաղաքի տարածքում։ Դասական կլաստերը, որը ներառում է Երևանի պետական համալսարանը, ինչպես նաև Բժշական կլաստերը՝ ներառյալ Հերացու անվան բժշկական համալսարանը, այս պահին կմնան Երևանում։ Թե կոնկրետ ինչ բուհեր ու գիտահետազոտական ինստիտուտներ են միավորվելու և ձևավորելու կլաստերները, հայեցակարգում դեռևս չի նշվում։ Հայտնի է միայն, որ 2027-ից պետական ֆինանսավորում և աջակցություն կստանան բացառապես խոշորացված բուհերն ու դրանց հետ միավորված գիտական կազմակերպությունները։ Կառավարությունը մինչև փետրվարի 15-ը բուհերից ու ինստիտուտներից հայեցակարգային առաջարկների է սպասում, «որոնց հիման վրա կմշակվի խոշորացման ընդհանուր դրույթային բազան»:  «Ինֆոքոմը» հարցազրույցների շարք է սկսել գիտական ինստիտուտների ու բուհերի ղեկավարների, պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։ Նպատակն է  հասկանալ, թե ինչ դիրքորոշում ունեն տարբեր կողմերն այս նախագծի վերաբերյալ, և ինչ առաջարկներ են պատրաստվում ներկայացնել Կառավարություն։ Զրուցել ենք Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի գլխավոր խորհրդական Սամվել Կարաբեկյանի հետ։   Պարո՛ն Կարաբեկյան, երբ խոսում ենք բուհերում հետազոտական բաղադրիչից, գիտական ինստիտուտների տնօրեններն, օրինակ, նշում են դասախոսների ծանրաբեռնվածությունը՝ որպես առաջին խնդիր։ Մասնավորապես, ասում են, որ դասախոսներն արժանապատիվ աշխատավարձ ստանալու համար 600-700 դասաժամ են պարապում, խիստ ծանրաբեռնված են և հետազոտությամբ զբաղվելու ժամանակ չունեն։ ՀՊՏՀ-ում ի՞նչ իրավիճակ է այս համատեքստում, դասախոսների քանի՞ տոկոսն է բացառապես դասախոսությամբ զբաղվում։ Ես սովորաբար սաստիկ շեշտ չեմ կատարում թվերի վրա։ Մենք սիրում ենք թվերով ինչ-որ բան ներկայացնել․ երբեմն դա տպավորիչ է, երբեմն՝ ոչ։ Կարծում եմ՝ ճիշտ է ավելի շատ որակական գործընթացների մասին խոսել։ Ամեն դեպքում, վերին աստիճանի արդիական և կարևոր հարց բարձրացրիք։ Ես լիովին չէի համաձայնի, որ հետազոտական բաղադրիչի բացակայությունը կամ սակավությունը պայմանավորված է միայն ծանրաբեռնվածությամբ։ Ինչո՞ւ։ Եկեք հասկանանք՝  հետազոտությունն ինչ է։ Մենք շատ դեպքերում, երբ ասում ենք հետազոտական բաղադրիչ, նկատի ունենք բարձր գիտությունը։ Գիտություն, հետազոտություն տերմինները բավական ընդարձակ են. որոշ դեպքերում ծածկում են մեկը մյուսին, իսկ որոշ դեպքերում նշում են հետազոտական ստեղծագործական գործունեության բավական սպեցիֆիկ ոլորտներ։ Բանն այն է, որ եթե դու դասավանդում ես, ապա կամա թե ակամա պետք է հետազոտություն անես․ խոսքը պարտադիր միայն գիտական հետազոտության մասին չէ, որովհետև դասընթաց պատրաստելը, դասընթաց վարելը հետազոտական գործունեություն է։  Եթե ստույգ տերմիններով խոսենք, հետազոտական բաղադրիչ ոչ թե բուհը պետք է ունենա, այլ կրթական ծրագիրը։ Բուհը պետք է ունենա գիտության ոլորտում որոշակի ռազմավարություն, վարի այն, բայց այդ բոլորը, վերջիվերջո, կապված են կրթական ծրագրերի հետ։  Ինչ վերաբերում է Տնտեսագիտական համալսարանին և դասախոսների ընդհանուր ծանրաբեռնվածությանը, ապա այստեղ շատ ավելի բարվոք է վիճակը, որովհետև  մեկ դրույքի հաշվարկը, արդեն մի քանի տարի է, մոտավորապես 350  ժամ է։ Այդ առումով, իհարկե, կա հնարավորություն, որ դասախոսների համար ապահովվեն ավելի բարենպաստ պայմաններ՝ նաև գիտահետազոտական գործունեությամբ զբաղվելու։ Ամենագլխավորը գիտության և կրթության ինտեգրումն է։ Այն, ինչը շատ դեպքերում մենք անվանում ենք հետազոտական բաղադրիչ, բայց, կարծում եմ, այդպիսով նեղացնում ենք շրջանը։ Գիտության և բարձրագույն կրթության ինտեգրումը բազմակողմ գործընթաց է։ Մի կողմից, ցանկալի է, որ  մասնագիտական դասընթացներ վարող դասախոսները նաև այդ լորտում որոշակի հետազոտություններ իրականացնեն. ոչ միայն գիտամեթոդական բնույթի, որոնք կապված են դասընթացի պատրաստման և դասընթացի ընդհանուր որակի հետ։ Պետք է հասկանալ, որ այդ դասընթացի որակը մեծապես կախված է նաև այն բանից, թե որքանով է այն հիմնված տվյալ ոլորտում դասախոսի ինքնուրույն ներդրման վրա։  Երկրորդ ասպեկտն այն է, որ, միևնույն ժամանակ, դասախոսի դերակատարությունն է փոխվում ժամանակակից տեխնոլոգիաների, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման պայմաններում․ որևէ անձ, անգամ լավագույն գիտնականը կամ դասախոսը, չի կարող տիրապետել ամբողջական ինֆորմացիայի այս կամ այն ոլորտում։ Բաց աղբյուրներ կան, ինֆորմացիան տարածվում է այնպիսի արագությամբ, որ դու չես կարող ամեն ինչից տեղյակ լինել։ Հետևապես՝ դասախոսի դերակատարությունը ժամանակակից կրթական պրոցեսում ուսանողների ուսումնառության գործընթացը կազմակերպելն է, իրենց իսկ ուսանողների հետազոտական (ուսումնառությունը նույնպես հետազոտություն է, իմացաբանական գործընթաց է) աշխատանքը կազմակերպելը և այդ հետազոտական աշխատանքի միջոցով նրանց պատրաստելը որպես մասնագետներ։ ՀՊՏՀ պրոռեկտորն «Ինֆոքոմի» իմ գործընկերոջ հետ հարցազրույցում մի քանի ամիս առաջ պատմել էր համալսարանում իրականացվելիք երկու ծրագրի մասին․ առաջինը դասախոսների հրապարակած գիտական հոդվածների համար լրավճարների տրամադրման կարգի ներդրումն էր, երկրորդը՝ գիտական ամսագրերում հրապարակումների ներառումը դասախոսական անհատական ծանրաբեռնվածության մեջ։ Այս ծրագրերն ի վերջո կյանքի կոչվեցի՞ն, այժմ գործարկվա՞ծ են։ Այդ գործընթացը սկսված է։ Այն շատ ճիշտ ուղղությամբ տանող գործընթաց է: Ավելին ասեմ՝ ՀՊՏՀ-ի՝ դասախոսների գործունեության գնահատման համակարգը, որը բազմագործոն համակարգ է, ներառում է նաև դասախոսների, այսպես ասեմ, ինքնավերլուծական աշխատանքը։ Դասախոսի՝ հաջորդ տարվա պլանավորումը նույնպես հաշվի է անռվում այդ համակարգում, հաշվի է առնվում, թե որքանով է իր իսկ պլանավորածը նա կատարել։ Այսինքն դասախոսների համար կա՞ հնարավորություն ընտրելու, թե աշխատանքի որ մասն են տրամադրելու դասավանդմաը, որ մասը՝ գիտական գործունեությանը։ Հիմա պիլոտային փորձարկում է գնում, որովհետև, ամեն դեպքում, դա նաև մշակույթի փոփոխության հարց է։ Իսկ մշակույթի փոփոխությունը, հասկանում եք, որ բավական բարդ գործընթաց է։ Պիլոտային ծրագրի ընթացքը գոհացնո՞ւմ է, դասախոսների մոտ շահագրգռվածություն կա՞։ Դեռ, իհարկե, վաղ է խոսել, բայց, անշուշտ, շահագրգռվածություն կա․․․ Եթե դեռևս ոչ բոլորի մոտ, դա անխուսափելի է։ Գիտեք, մենք շատ անգամ, երբ խոսում ենք փոփոխությունների մասին, միշտ մոռանում ենք, որ ցանկացած ոլորտում, այդ թվում, բնականաբար, բարձրագույն կրթության մեջ մարդու շահագրգռվածությունն առաջանում է այն ժամանակ, երբ նա արդյունք է տեսնում։ Ներգրավվածության ծավալները որքան մեծ լինեն, որքան շատ մարդիկ մասնակցեն բուհի՝ տարբեր ոլորտներում գործունեությանը, այնքան, իհարկե, հաջողությունն ավելի մեծ կլինի։  Որպես բարձրագույն կրթության կազմակերպման ոլորտում որոշակի տարիների փորձ ունեցող մարդ՝ կարող եմ ասել, որ լավատեսորեն եմ մոտենում այս գործըթացների հաջողությանը, որովհետև տեսնում եմ, որ ՀՊՏՀ ղեկավար կազմը երիտասարդ և աշխատունակ, շատ բանիմաց թիմ է։ Գիտական հոդվածների համար լրավճարների տրամադրման համակարգն, ինչպես հասկացա, դեռ գործարկված չէ, բայց առաջիկայում կգործարկվի։ Այն ընթացքում է արդեն։ ՀՊՏՀ-ում գիտական տարբեր թեմաներով հետազոտություններ են իրականացվում, գործում է «Ամբերդ» հետազոտական կենտրոնը, որը ևս հրապարակումներ է անում․․․ Եվ նաև տարբեր ծրագրեր է իրականացնում պետական կառույցների պատվերով, այդ թվում՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության։ Թեմայից դուրս մի հարց․ պատվերի մեխանիզմը լա՞վ է աշխատում։ Երբեմն խոսակցություններ են լինում, որ գերատեսչություններն այնքան էլ լավ չեն կարողանում պատվերներ ձևակերպել։ Իմ տպավորությամբ այստեղ այդ առումով շատ դինամիկ համագործակցություն է։ Նախ, գերատեսչություններում ներգրավված մասնագետները մեծ մասամբ դասավանդում են ՀՊՏՀ-ում: Եթե կապը կա առօրեական գործունեության մեջ, ապա դա լուրջ հիմք է  երկխոսության համար։ Եվ նրանք էլ գիտեն՝ ում են պատվեր ձևակերպում և ինչ ակնկալիքներ կարող են ունենալ։ Ընդհանրապես, երբ մենք խոսում ենք պահանջարկ և առաջարկ հարաբերության մասին, չպետք է մոռանալ, որ դրանք առանձին վերցված և բոլորովին մեկը մյուսի նկատմամբ դոմինանտ բաներ չեն, որովհետև, մի կողմից, ասում են՝ պահանջարկն է ձևավորում առաջարկը, բայց, մյուս կողմից, շատ դեպքերում հենց առաջարկն է ձևավորում պահանջարկի որոշակի դաշտ։ ՀՊՏՀ-ի դեպքում կարծես հատվել են առաջարկն ու պահանջարկը։ Բալանսավորված է, և դա, բնականաբար, կոլեգիալ մթնոլորտ է ապահովում, որտեղ այդ բոլոր գործընթացները շատ սահուն են։ «Ամբերդ»-ի գործունեությունից բացի՝ մեկ այլ հարցի անդրադառնանք։ Վերջերս «Ինֆոքոմը» ծավալուն հոդված էր հրապարակել, որտեղ ներկայացվել էր, թե ինչիպին է գիտությունը հայաստանյան բուհերում։ Մենք վերցրել էինք Web of Science շտեմարանում ինտեքսավորված ամսագրերում բուհերի հրապարակումները, և ՀՊՏՀ-ն 2021-2022 թթ․ տվյաներով 7-րդն էր 20 հրապարակմամբ։ Բացի այդ, երբ նայում ենք Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի (ԲԿԳԿ) տարբեր դրամաշնորհային մրցույթների արդյունքները, տեսնում ենք, որ այլ բուհերի և գիտական կազմակերպությունների հետ համեմատած՝ Տնտեսագիտական համալսարանն ամենաակտիվներից չէ։ Միջազգային հրապարակումների թիվն ավելացնելու և ԲԿԳԿ-ի մրցույթներին ավելի ակտիվորեն մասնակցելու ուղղութամբ ՀՊՏՀ-ում ի՞նչ քայլեր են իրականացվում։ Եկեք էլի ոչ բացարձակ թվերով խոսեմ։ Հայաստանի բուհական և ընդհանրապես ակադեմիական համակարգի համար հիմա կարևոր է նաև գործընթացի դինամիկան․ կա՞ աճ, թե՞ չկա աճ, և որչա՞փ է այդ աճը։ Օրինակ՝ միջազգային պարբերականների մասով, Scopus կամ Web of Science շտեմարաններում եղած հրապարակումների մասով ինձ համար շատ կարևոր ցուցանիշ է ոչ թե բացարձակ թիվը, այլ այն հանգամանքը, որ նախորդ տարվա համեմատությամբ 30%-ով տոկոսով աճել են [ՀՊՏՀ–ի հրապարակումները]։ Գուցե, եթե մենք վերցնենք շատ կոնկրետ թիվ կամ եթե համեմատենք, օրինակ, Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի կամ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ֆիզիկայի ֆակուլտետի հետ, դա, ինչպես Դուք եք ասում, ոչ ամենաակտիվը կլինի, որովհետև դրանք թվեր են, որոնք տարբեր մասնագիտությունների համար էլ տարբեր են։ Կարևորը դինամիկան է, որովհետև այդ 30%-ի աճը պայմանավորված է թե՛ այն հանգամանքով, որ դասախոսների համար ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծվել, թե՛ երիտասարդ դասախոսների ակտիվացմամբ և ներգրավմամբ։ Բազմաթիվ գործոններ կան․ միջավայրը փոխում ես, շահագրգռվածությունը բարձրացնում ես, և սկսվում է գործընթաց։ Հասկանալի է, որ դու չես կարող մեկ, երկու, նույնիսկ երեք տարվա ընթացքում բացարձակ թվերով միջազգային մրցակցություն ունենալ, բայց եթե ապահովում ես տևակայուն աճ, դա նշանակում է, որ դու ճիշտ ճանապարհի վրա ես և վաղ թե ուշ կհասնես այդ հաջողություններին։ Իսկ ի՞նչ կասեք դրամաշնորհային ծրագրերին մասնակցության մասին։ Հոկտեմբերին ավարտվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի դրամաշնորհային ֆինանսավորմամբ մի ծրագիր, մեկնարկել է դրամաշնորհային մեկ այլ ծրագիր։  Վերջերս շատ է խոսվում նաև բարձրագույն կրթություն-գիտություն տարանջատվածության մասին: ՀՊՏՀ-ն փորձե՞լ է համագործակցել գիտական կազմակերպությունների հետ։ Հայաստանում գործում է, օրինակ, Գիտությունների ագային ակադեմիայի (ԳԱԱ)՝ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտը։ Բնականաբար: Երբեմն մենք մոռանում ենք, որ Հայաստանը փոքր երկիր է, և մասնագիտական շրջանակներն էլ այդքան մեծ չեն։ Անգամ տնտեսագիտության կամ կառավարման ոլորտում, որը շատ մեծ համայնք է մեր մասշտաբներով, այնուամենայնիվ, այնքան մեծ չէ, որ դու կարողանաս ունենալ երկու կամ երեք ոչ համագործակցող կառույց։ Չմոռանանք նաև, որ բացի գիտական կազմակերպությունից, տվյալ դեպքում՝ ԳԱԱ Տնտեսագիտության ինստիտուտից՝ նաև տարբեր այլ բուհերում կան տնտեսագիտության գծով մասնագիտություններ, բաժիններ, ֆակուլտետներ։  Այսինքն, սա հստակ, որոշակիորեն սահմանափակված համայնք է, և անշուշտ, Տնտեսագիտության ինստիտուտի գիտական կազմը դուրս չէ այդ համագործակցությունից։ Կենտրոնական, ակտիվ դերակատարությունը տվյալ ոլորտում պատկանում է հենց Տնտեսագիտական համալսարանին, որտեղ, քիչ առաջ Ձեզ ասացի, ներգրավված են ոլորտի գործնական մասնագետներ և հետազոտողներ։ Կարո՞ղ եք համագործակցության կոնկրետ օրինակներ հիշել։ Ես հիմա կդժվարանամ որևէ կոնկրետ օրինակ բերել։ Ներկա վիճակում, ընդհանրապես, դժվար թե ճիշտ կլինի, որ շատ կոնկրետ օրինակների մասին խոսենք, որովհետև համակարգը հիմա  կտրուկ փոփոխությունների առաջ է կանգնած։ Այդ ժամանակ պետք է հաշվի առնեք, որ ինչ-որ մի բան, որը համակարգի գոյության մեկ փուլում կարող է գնահատվել որպես դրական կամ բացասական, կարող է բացարձակապես նշանակություն չունենալ վաղվա գործընթացների տեսանկյունից, երբեմն կարող է նաև հաշվի էլ չառնվել։ Գանք այն թեմային, որի համար սկսել ենք այս զրույցը։ Ո՞րն է ՀՊՏՀ դիրքորոշումը մի կողմից՝ բուհերի խոշորացման, Ակադեմիական քաղաքի կառուցման, մյուս կողմից՝ գիտական կազմակերպությունների՝ բուհերին ինտեգրվելու վերաբերյալ։ Շատ կարևոր, բայց նաև հակասական գործընթաց է։ Խոշորացումից սկսենք։ Նախ, Ձեզ անկեղծորեն ասեմ, որ խոշորացումը կարևոր գործընթաց է, որը տեղի է ունենում բազմաթիվ երկրներում, կան բազմաթիվ օրինակներ, և որը անհրաժեշտություն է մեր բուհական համակարգի համար։ Մենք այս պահին ունենք, եթե կոպիտ հաշվարկ անեմ, մոտ 80 հազար ուսանող ամբողջ Հանրապետությունում։ Խոսքը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) տիրույթում գործող բուհերի մասին է։ Դա մոտավորապես եվրոպական երկու-երեք միջին մեծության համալսարանների ուսանողների թիվ է։ ԿԳՄՍ նախարարության տիրույթում գործող բուհերի թիվը 23 է։ Դրան գումարած՝  այդ բուհերն ունեն մասնաճյուղեր, և այդ թիվն էապես աճում է։ Մենք գործ ունենք այդպիսի մի քանակի հետ, որի բաղադրիչները կազմված են այնպիսի բուհերից, որոնք կարող են ունենալ 700, 800, 1000 ուսանող։ Ես կարող եմ ասել, որ, օրինակ, 2020 թվականից մինչև 2023 թվականը ավելի քան 1400-ով աճել է Տնտեսագիտական համալսարանի ուսանողների թիվը։ Այս պահին քանի՞ ուսանող ունեք։ 8915, իսկ 2020 թ․ եղել է 7442։ Ես ինչո՞ւ հիմա բերեցի այդ թիվը, որովհետև միայն կոնկրետ տարվա ընդունված ուսանողների թիվը կարող է համադրելի լինել ինչ-որ մի բուհի ուսանողների ընդհանուր քանակին։ Ե՛վ ռեսուրսների կառավարման, և՛ միջազգային մրցունակության բարձրացման համար,  բնականաբար, խոշորացումը կարևորագույն գործընթաց է։ Մյուս կողմից, խոսում են Ակադեմիական քաղաքի մասին, ընդ որում՝ շատ ակտիվ են խոսում, և կարծես թե խոշորացումը, դրա մեխանիզմները շատ քիչ են քննարկում։ Իրականում դրանք, թեկուզ և փոխկապակցված, բայց տարբեր գործընթացներ են։ Բուհերի խոշորացումը ոչ միշտ և ոչ պարտադիր է նշանակում, որ դրանք պիտի ֆիզիկապես որևէ տեղ տեղափոխվեն։ Ֆիզիկապես տեխափոխելը բացատրվում է նրանով, որ ավելի լավ միջավայր է ստեղծվում բուհերի համար։ Ես գիտեմ այդ բոլոր փաստարկները։ Ուզում եմ պարզապես ֆիքսել, որ մենք հասկանանք՝ դրանք տարբեր գործընթացներ են։ Եվ եթե մենք ինչ-որ տեղ դա արհեստականորեն մեկը մյուսով ենք պայմանավորում, կարող են առաջանալ որոշակի թյուրիմացություններ, որոնք, ի վերջո, կարող են վատ անդրադարձ ունենալ համակարգի զարգացման վրա։ Շատ կարևոր է ոչ միայն «ինչը» («ինչի» կարևորության մասին ես ասացի` բուհերի խոշորացումը), այլև «ինչպեսը». ինչպե՞ս դա անել, ինչպե՞ս գնահատել տարբեր բուհերի ռեսուրսների բնույթը, որակական և քանակական բնութագրերը, մասնագիտական ուղղվածությունները։ Սա՝ մի կողմից։ Մյուս կողմից՝ ինչպիսի՞ նպատակ դնել, ի՞նչ ուղով շարժվել, համալսարանակա՞ն մոդելներով, որտեղ կարող են լինել տարբեր բնույթի կրթական ծրագրեր և ֆակուլտետներ, թե՞ պրոֆիլային բուհերի։ Եվրոպական բարձրագույն կրթության ընդհանուր տարածքում, որի մաս ենք մենք կազմում, դոմինանտը կամ, ինչպես հիմա ընդունված է ասել, թրենդն այն է, որ մենք գործ ունենք պարզապես համալսարանների հետ։ Անշուշտ, կան նաև որոշ պրոֆիլային բուհեր, բայց դրանք փոքրամասնություն են կազմում։ Օրինակ, Դանիայում խոշորացման գործընթացի արդյունքում առաջացան մի քանի համալսարաններ, որոնց մեջ կան տարբեր տեսակի կրթական ծրագրեր, մասնագիտություններ, և որոնք տեղակայված են կոնկրետ քաղաքներում (ինչպես հիմա մենք ունենք, օրինակ, Շիրակի պետական համալսարան, Երևանի պետական համալսարան)։ Այդ թվում և գիտական կազմակերպությունների խոշորացման տեսանկյունից այսպես է կազմակերպված։ Դա երկու դրական կողմ ունի․ համենայն դեպս, պահպանվում է մրցակցությունը, մրցունակությունը: Եվ բացի դրանից՝ համալսարանի կամ բուհի առկայությունը այս կամ այն վայրում միջավայրատեղծ հանգամանք է: Իսկ ի՞նչն է խանգարում, որ բոլոր համալսարանները լինեն մի միջավայրում։ Ես նկատի ունեմ տվյալ համայնքի, տվյալ քաղաքի  զարգացման համար միջավայրաստեղծ հանգամանք։ Եթե պրոյեկտենք Հայաստանի վրա, արդյո՞ք նկատի ունեք, որ մի համալսարանը լիներ, օրինակ, Գյումրիում, մյուսը՝ Կապանում։ Մեկը լիներ Գյումրիում, մեկը կամ երկուսը լիներ Երևանում, մեկը լիներ անպայման հարավում, որտեղ կա հիմա Գորիսի պետական համալսարանը։ Խոշոր քաղաքներում, ամեն դեպքում, պետք է լինեին։ Ի վերջո, եթե մենք գնայինք, այսպես ասած, աշխարհագրորեն տեղակայված համալսարանների ուղով, ապա մենք կունենայինք 4-5 համալսարան։ Այնուամենայնիվ, այս տարբերակը չընտրվեց։ Շատ համալսարաններ արտասահմանում  ունեն իրենց կամպուսները, ունեն և քաղաքում տարբեր շենքեր, բայց նաև կառուցում են իրենց կապմուսները, որտեղ ուսանողները սովորում և ապրում են։ Հիմա [Հայաստանում] ընտրվել է «ազգային կամպուսի» գաղափարը, այսինքն՝ բոլորը պետք է լինեն մի տեղում։ Կարևորն այն է, որ մենք դեռևս չգիտենք՝ դա ինչ կառուցվածք է ունենալու։ Մենք գործընթացին հետևում ենք զուտ լրատվության միջոցով։ Դա, ցավոք, երևի թե չի նպաստում այդ գաղափարի իրական քննարկմանը կամ բոլոր տեսակի ռիսկերի և հնարավորությունների  բացահայտմանը, վերլուծմանը։ Դա մասնակցության լուրջ պակասն է, որովհետև այն, ինչ քննարկվում է, ինչին մենք ականատես ենք, 90-95%-ով շինարարական նախագիծ է։ Ոչ միայն բուհերն են խոշորացվում, այլ նաև գիտական կազմակերպություններն են իրենց հերթին խոշորացվում և միացվում բուհերին։ Այս համակարգերի ինտեգրման համար պարտադի՞ր պայման է, որ երկուսը միասին գործեն, թե՞ կարող էին նաև առանձին գործել ու սերտ համագործակցել։ Ես համաձայն եմ, որ խոշորացման գործընթացը, բնականաբար, երկուսին էլ պետք է, բայց կարծում եմ՝ դա առնվազն նշանակում է, որ փուլերով այդ գործընթացը պետք է տեղի ունենա։ Նախ, պիտի խոշորացվեն գիտական կազմակերպությունները, զուգահեռաբար պետք է գնա բուհերի խոշորացման գործընթաց, որպեսզի մենք իմանանք՝ ինչը ինչի հետ է ինտեգրվում։ Երբ քիչ առաջ ասում էի, որ հիմա շատ դժվար է այս կամ այն օրինակի մասին խոսելը, հենց դրա համար էի ասում, որ մենք չգիտենք՝ այս մեկը և այն մյուսը ինչպիսի սխեմաներով պիտի ինտեգրվեն։ Երկրորդ հանգամանքը խոշորացման առումով, որի մասին ես մտմտում եմ․ հիմա ես և Դուք խոսում ենք, և ես նույն հարցերը կարող էի Ձեզ տալ, որովհետև, գուցե ինչ-որ մի այլ ռակուրսով, բայց գրեթե նույն քանակի ինֆորմացիա ունեմ, որքան Դուք, որովհետև չեմ մասնակցում այդ քննարկումներին։ Խոշորացրինք գիտական կազմակերպությունները և բուհերը, X գիտական կազմակերպությունը միավորեցինք Y բուհի հետ։ Արդյո՞ք դա նշանակում է բարձրագույն կրթության և գիտության ինտեգրում։ Կառավարությունն ասում է, որ մեխանիզմներ են մտածելու, բուհերի կառավարման համակարգն են լավացնելու։ Ինչպե՞ս, ո՞վ է դա անելու։ Ասում են՝ եկեք բոլորով անենք։ Եկե՛ք։ Ոչ մի հրավեր մենք դեռ չենք ստացել, և ոչ մի բուհ դեռ չի ստացել։ Բուհերին ասել են մինչև փետրվարի 15-ը ներկայացնել առաջարկներ։ Մեկ ամիս առաջ Տնտեսագիտական համալսարանը ներկայացրել է առաջարկներ, դրա մասին հավանաբար մենք դեռ կխոսենք։ Բայց ես կուզենայի ավարտել միտքս․ միավորումն ավտոմատ կերպով չի նշանակում բարձրագույն կրթության և գիտության ինտեգրում, որովհետև եթե գիտական կազմակերպությունը մտնի բուհի կազմ և գոյություն ունենա այնտեղ որոշակի ավտոնոմ կարգավիճակով  (դրա մասին էլ են խոսում), խնդիրը չի լուծվի։ Դա կլինի ընդամենը ծածկի փոփոխություն։ Ի՞նչ տարբերություն՝ լինի ԳԱԱ ինստիտո՞ւտ, թե՞, օրինակ, ԵՊՀ։ Կարո՞ղ եք ասել։ Ճիշտ է, պետք է բուհերում, բացի կառավարման համակարգից, փոխվի կրթական ծրագրերի ամբողջ փիլիսոփայությունը։  Ուզում են փոխել։ Ո՞վ է ուզում։ Երբ Կառավարությունն ասում է՝ ներկայացրեք հայեցակարգային առաջարկներ, չի՞ նշանակում արդյոք, որ այդպիսով կրթական և գիտական հանրությանը հրավիրում է միասին բոլոր խնդիրների, հարցերի լուծումները գտնել։ Դուք չունե՞ք այդպիսի տպավորություն։ Ես դեռ չեմ կարող ունենալ այդպիսի տպավորություն, որովհետև ինֆորմացիայի պակաս ունեմ․ ես չգիտեմ՝ ինչ է լինելու հետո, ինչն է քննարկվելու:  Երբ այդ նույն հարցերը տալիս եմ որոշում կայացնողներին, ասում են՝ իրենք սևով սպիտակին չեն գրել, որ պարտադիր այս կազմակերպությունը պիտի  միանա այն մեկին, որ հենց այսպես պիտի լինի․ իրենք ասում են՝ ներկայացրեք ձեր առաջարկները, միասին քննարկենք։ Շատ ճիշտ մտադրություն է, այո՛։ Ես ինքս, մոտավորապես արդեն մեկ տարի է, սպասում եմ որևէ այդպիսի քննարկման այդ թեմայով և մեծ սիրով կմասնակցեմ, որովհետև ուզում եմ իմանալ այն բոլոր հարցադրումների պատասխանները, որոնց մասին խոսեցինք։ Իհարկե, այդ ամբողջ քաղաքաշինական նախագիծը շատ գրավիչ է (նկատի ունի «Ակադեմիական քաղաք» ծրագիրը), բայց, օրինակ, որևէ կլաստերում խոշորացված բուհերն ինչպիսի՞ն պիտի լինեն։ Կա, այսպես կոչված, Կրթական կլաստեր։ Ինձ համար մի քիչ անհասկանալի է, թե ինչ է նշանակում Կրթական կլաստեր։  Ենթադրվում է, որ Մանկավարժական համալսարանը պիտի լինի հիմքում։ Այո՛, ճիշտ ասացիք, «ենթադրվում է»․․․ Բազմաթիվ ուղղություններ են մնում, որոնք, հայտնի չէ, որ կլաստերում կհայտնվեն։ Կլաստերն ի՞նչ է, համալսարա՞ն է, ինչպիսի՞ աֆիլյացիաներ կամ կապակցումներ պիտի ունենան նույն կլաստերում տեղակայված գիտական կազմակերպությունները։ Բազմաթիվ հարցեր կան, առանց որոնց պատասխաննների, ես էլ չեմ ասում` քննարկման, շատ դժվար է այս պահին որևէ գնահատական տալ։ Այս գործընթացը մոդելի փոփոխություն է: Հայաստանն ավանդաբար ունեցել է ակադեմիական գիտություն, հիմա լինելու են համալսարաններ, որոնցից դուրս գիտական անկախ կազմակերպություններ, մեկ-երկու բացառություններով, չեն գործելու։ Արդյո՞ք նպատակահարմար է գիտական ու կրթական բոլոր կառույցները մի հովանու տակ հավաքել (նկատի ունեմ Ակադեմիական քաղաքը): Շատ դժվար կացության մեջ ենք։ Մենք քննարկում ենք այն, ինչի մասին հստակ պատկերացում մեզ տրված չէ։ Որպես ակադեմիական կենսագրություն ունեցող մարդ եմ Ձեզ ասում․ մինչև չհասկանաս՝ սա ինչ է, չես կարող դրա վերաբերյալ կարծիք հայտնել կամ ասել՝ ավելի լավ է այսպես կամ այնպես: Եթե մենք խոսում ենք խոշորացման գործընթացի մասին, եկեք պատկերացնենք հետևյալը. մենք ուզում ենք գիտությունը բերել բուհեր, մենք մոդել ենք փոխում, այդ մոդելը պարզ միավորմամբ չի փոխվի։ Դու պիտի ուժեղացնես և փոխես բուհն առաջին հերթին, որովհետև այդ գիտական կազմակերպությունը գալու է այդտեղ, ունենաս համապատասխան կրթական ծրագրեր, որպեսզի այդ միավորվող գիտական կազմակերպության մասնագետները ներգրավվեն այդ ծրագրում։ Որոշ դեպքերում գուցե և չդասավանդեն․ դասավանդումն էլ տարբեր մակարդակի կարող է լինել։ Եթե խոսքը հետազոտության մասին է, ուրեմն ուսանողը կարող է ներգրավվել հետազոտության մեջ։ Հենց այդպես էլ լինելու է։ Այդպես լինելո՞ւ է։ Կառավարությունն ասում է, որ լինելու է։ (Ժպտում է) Երբ Դուք ասում եք՝ «այդպես լինելու է», չի նշանակում, որ ես չեմ ուզում՝ ադպես լինի։ (Շարունակում է նախորդ միտքը) Այսինքն՝ դու պիտի ապահովես նախադրյալներ, մեխանիզմներ, որ գործընթացը չլինի մեխանիկական։ Դրա համար առաջին հերթին պիտի փոխես բուհի ներքին գործունեության մեխանիզմը։ Ի՞նչ է նշանակում ինտեգրվել, եթե մենք այս պահին նույնիսկ չունենք դասական իմաստով կրթական ծրագրեր։ Ունենք որոշակի ուսումնական պլաններով աշխատող [ծրագրեր], որոնք կոշտ են, չեն ապահովում բավարար ճկունություն, չեն ապահվում ուսանողների համար որոշակի անհատական հետագծեր ստեղծելու հնարավորություն, այդ թվում՝ հետազոտական։ Կրեդիտային համակարգը դեռևս կիսատ է աշխատում, միայն կուտակային ուղղությամբ, շա՜տ քիչ, համարյա աննշան աշխատում է, այսպես ասած, կրեդիտների փոխանցման իր ֆունկցիայով և բացարձակապես չի աշխատում ներքին շարժունության ֆունկցիայով: Պիտի խոշորացվեն նաև կրթական ծրագրերը, բայց դրա հետ մեկտեղ այդ խոշորացվածների մեջ պիտի ապահովվի ուսանողների՝ տարբեր մասնագիտացումների հնարավորությունը։ Բազմաթիվ խնդիրներ կան, որոշ տեղեր ինչ-որ քայլեր են անում դրանց լուծման ուղղությամբ, որոշ դեպքերում դրանց խանգարում է մեր նորմատիվ դաշտը։ Մոտավորապես 7-8 (եթե ոչ ավելի) տարի է` աշխատանք է տարվում «Բարձրագույն կրթության», իսկ հետո՝ արդեն «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի ուղղությամբ։ Հիմա այս գործընթացը, որը սկսվել է՝ խոշորացումը, բուհերի և գիտական կազմակերպությունների միավորումը, մնացած բոլոր խնդիրները երբեք չեն կարող լուծվել, եթե զուգահեռաբար և որպես նախադրյալ նաև չընդունվի այդ օրենքը։ «Կրթության մինչև 2030 թ․ զարգացման պետական ծրագրի» շրջանակներում հստակ դրված է բուհերի և գիտական կազմակերպությունների կազմակերպաիրավական նոր ձևի ստեղծումը։ Դա նշված է որպես խնդիր, որպես նպատակ, և շատ ճիշտ նպատակ է, որովհետև «պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ)»  կամ «հիմնադրամ» ձևերը չեն համապատասխանում ակադեմիական հաստատության նպատակներին և գործունեության հիմնական կերպին (Հայաստանում բուհերն ու գիտական կազմակեպրությունները կա՛մ ՊՈԱԿ-ներ են, կա՛մ հիմնադրամներ,- խմբ․)։ Արդյո՞ք այդ խնդիրը պիտի լուծվի հետո։ Ո՛չ, ես կարծում եմ, որ այդ խնդիրը պետք է առաջնահերթ լինի կամ գոնե գնա խոշորացված համալսարանների կամ կլաստերների ստեղծմանը զուգահեռ։ Ճի՞շտ եմ հասկանում, որ առաջարկում եք բարձրագույն կրթության և գիտութան համակարգերում եղած խնդիրները փուլ առ փուլ լուծել, հետո մտածել խոշորացման կամ միավորման մասին։ Այդ փուլերն այդ աստիճան տարանջատված չեն։ Կարելի է երկու խոշոր փուլ առանձնացնել։ Առաջին փուլում՝ մինչև 2027 թվականը, մշակել և ընդունել գիտակրթական հաստատությունների կազմակերպաիրավական նոր ձևերը, խոշորացման մեթոդաբանությունը որոշել և մինչև 2026 թ․ ավարտը կազմակերպել այդ գործընթացը։ Երկրորդ փուլում (նկատի ունի՝ 2027-ից հետո,- խմբ․) արդեն խթանել խոշորացված բուհերի և գիտական կազմակերպությունների տարբեր տեսակի, տարբեր աստիճանի համագործակցություններ, ալյանսներ, ապա նախաձեռնել ինտեգրումը բուհերին և ստանալ երկրի գիտակրթական լանդշաֆտը։ Այս վերջին հայտարարությունները ես լավ չեմ ընկալում՝ կապված այն բանի հետ, որ միջանկյալ հեռանկարում մենք ոչ մի տեղ ոչ մի բուհ չենք ունենալու՝ բացի Ակադեմիական քաղաքից։ Այս ամենը Տնտեսագիտական համալսարանի հայեցակարգային առաջարկներում ներկայացվե՞լ է։ Այս փուլայինն իմ անձնական առաջարկն է, որը, որպես մասնագետ, դեռևս գարնանն ուղարկել եմ պարոն Հայոցյանին և տիկին Անդրեասյանին (ԲԿԳԿ նախագահին և ԿԳՄՍ նախարարին,- խմբ․)։ Որպես փորձագե՞տ եք ուղարկել։ Նաև որպես  մարդ, որը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի համակարգողն է եղել և մինչև հիմա փորձում է ինչ-որ ձևով ջատագովություն անել այս օրենքին։ Նրանցից արձագանք եղե՞լ է։ Ընդհանուր բնույթի։ Իսկ Տնտեսագիտական համալսարանի առաջարկը խոր վերլուծած, 40 էջանոց փաստաթուղթ է։  Վերջերս ՀՊՏՀ գիտական խորհրդի նիստի ընթացքում հայտարարվեց, որ ԿԳՄՍՆ-ին «Տնտեսագիտություն և բիզնես վարչարարություն» ուղղությամբ համալսարան ունենալու հայեցակարգ է ներկայացվելու։ Ճի՞շտ եմ հասկանում, որ սա հենց ՀՊՏՀ հայեցակարգային առաջարկի մի մասն է։  Դրա մի մասն է․ փաստաթուղթը մի քանի հատված ունի։ Նախևառաջ, վերլուծության է ենթարկվում համալսարանական պատկերը, այդ թվում՝ տարբեր տեսակի ուղղությունների հիման վրա ստեղծվող կամ խոշորացված բուհերի։  Երկրորդ հատվածն ինչ-որ տեղ բխում է այն բանից, ինչի մասին մենք արդեն խոսեցինք․ հայտնի չէ ոչ միայն այն, թե որ կլաստերի մեջ պիտի մտնի Տնտեսագիտական համալսարանը, այլև այն, թե, ընդհանրապես, ինչպես է խոշորացվելու․ [տնտեսագիտության և կառավարման ուղղությունն] արդյո՞ք գնալու է Տեխնոլոգիական կլաստեր Ագրարային համալսարանի համապատասխան կրթական ծրագրի հետ, թե՞ լինելու է որևէ կլաստերում առանձին ուղղություն։ Եթե ԵՊՀ-ն ունի կլաստերի կարգավիճակ, արդյո՞ք այդ ուղղությունը պիտի միավորվի դեռևս այստեղ մնացող կլաստերին (ԵՊՀ հիմքի վրա ստեղծվող Դասական կլաստերը մնալու է Երևանում և ավելի ուշ  է տեղափոխվելու Ակադեմիական քաղաք,- խմբ․)։  [ՀՊՏՀ առաջարկներում] շատ տրամաբանված հիմնավորումներ են բերվում, որոնք վերաբերում են անպայման «Տնտեսագիտություն և բիզնես վարչարարություն» ուղղություն ունենալուն, որովհետև այն՝ որպես ուղղություն, նշված չէ (նկատի ունի՝ այդ ուղղությունը չկա «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգում)։ Ասում էին մինչև 8, հիմա մենք ունենք ընդամենը 6 (նկատի ունի, որ Ակադեմիական քաղաքում կարող է տեղավորվել մինչև 8 համալսարան, բայց Կառվարությունը հայտարարել է 6-ի մասին,- խմբ․)։ ՀՊՏՀ-ն առաջարկում է, որ «Տնտեսագիտություն և բիզնես վարչարարություն» ուղղությամբ մի առաձին համալսարա՞ն լինի։ Կառույց, որը, հավանաբար, կլինի որևէ կլաստերում։ Բայց մյուս խնդիրն այն է, որ երբ կլաստերների նկարագրությունը նայում ես, նրանք արդեն իսկ սահմանափակ են։ Օրինակ՝ Կրթական կլաստերից խոսեցինք, դրա մի մասը հասկանալի է: Իսկ ինչ վերաբերում է, օրինակ, բազմաթիվ այլ ուղղությունների, որոնք կապված են, հասարակագիտության կամ հումանիտար ուղղության հետ․․․  Գուցե հումանիտար ուղղությունը գնալու է Արվեստի՞ կլաստեր։ Այսինքն՝ մի շարք անորոշություններ կան, և այդ անորոշություններն, ինչպես հիմա ընդունված է ասել, հասցեավորելու շատ պատճառաբանված առաջարկություններ են արվում ՀՊՏՀ փաստաթղթում։ Ես կարծում եմ, որ հավանաբար կլինեն էլի առաջարկություններ տարբեր բուհերից, և շատ կարևոր է, թե ինչ հարթակում դրանք կքննարկվեն։  Պատկերացրեք, որ բոլոր տնտեսագիտական ուղղությունները (նկատի ունի՝ տարբեր բուհերի բաժիններն ու ֆակուլտետները,- խմբ․) պետք է միավորվեն, ենթադրենք, որևէ համալսարանում, օրինակ՝ ԵՊՀ-ում։ Պատկերացնո՞ւմ եք՝ [ուսանողների թվի] ինչպիսի կտրուկ աճ է լինելու, եթե այսպես խոշորացնենք։ Իսկ կա՞ անհրաժեշտություն այդ բոլորն ուղիղ ձևով խոշորացնելու, կա՞ անհրաժեշտություն, որ բոլորը մի տեղ միավորվեն, եթե միավորվեն, ո՞րն է այդ կլաստերը։ Տնտեսագիտություն կամ տնտեսություն ասվածն անմիջականորեն կապված է ամեն ինչի հետ. չեք կարող Տեխնոլոգիական համալսարանում, եթե ցանկանում եք այնտեղ առևտրայնացման որոշակի գործողություններ կատարել, չունենալ այդ ուղղությունը։ Այսինքն, անհրաժեշտություն կա, որ ոչ թե կրթական նույնատիպ ծրագրերը մի համալսարանում լինեն, այլ ամեն համալսարանն իրե՞նն ունենա։ Մրցունակության հարցն է այդպես բարձրացվում։ Հիմա ես ասում եմ այն պատկերացումները, որոնց վերաբերյալ կան վերլուծություն և որոշակի առաջարկներ ՀՊՏՀ փաստաթղթում։ Բայց նաև ես ինքս եմ հարցադրումներ անում։ Ես և Դուք միասին հիմա մտածում ենք, որ կարող է լինել այսպես, կարող է լինել այնպես, ոչ թե՝ այսպես և վերջ։ Որովհետև եթե դու առանց նախապես գնահատելու ասում ես՝ այսպես ենք որոշել, այսպես սիրուն է, ճիշտ է, հարմար է կամ հեշտ է, բայց հետո ի՞նչ է լինելու, դա խնդիր չի՞ առաջացնելու։ Օրինակ, երբ Վրաստանում միավորվեցին գիտական կազմակերպությունները և համալսարանները՝ առանց համալսարանները նախապատրաստելու այդ միավորմանը, մեծ խնդիրներ առաջացան։ Թբիլիսիի նախկին Մանկավարժական ինստիտուտին, որը վերածվել էր համալսարանի, միացրին Վրաստանի Ակադեմիայի՝ Ուզնաձեի անվան հոգեբանության ինստիտուտը, որը հայտնի հոգեբանական դպրոց էր նույնիսկ նախկին Խորհրդային միության տարածքում։ Այնպես ստացվեց, որ այդ  համալսարանը պարզապես պատրաստ չէր դրան նույնիսկ  ֆինանսապես․ մարդիկ 6 ամիս աշխատավարձ չէին ստանում։ Ինստիտուտի՞ աշխատակիցները։ Այո՛։ Շատերը գնացին։ Բնականաբար, հետո հասկացան, որ այդ ձևով միացնելը ճիշտ չէր, առանձնացրին, բայց արդեն կոտրված էր։ Սա վատ փորձ է, ընդ որում՝ ասեմ Ձեզ, որ ի պատիվ վրացի մասնագետների՝ [քննարկումներից մեկի ժամանակ] նրանք պատմում էին այդ փորձից և շեշտում էին, որ ուղղությունը ճիշտ է, բայց դրա իրականացման ձևը շատ կարևոր է․ «Արե՛ք այդպես, բայց մե՛զ պես չանեք»։ Ես, իհարկե, հույս ունեմ, որ այդ նույն ուղղությամբ չի գնա գործընթացը, բայց դա նաև քննարկման ընդհանուր բովանդակային մակարդակի հետ է կապված։ Շատ մեծ հույս ունեմ, որ խոշորացման գործընթացը կիրականանա թեկուզ այն փուլային տարբերակով, որի մասին ես Ձեզ ասացի։ Որպես 15 տարի բարձրագույն կրթության կազմակերպման խնդիրներով զբաղվող և որոշակի փորձ ունեցող մարդ՝ ասեմ՝ ինչու եմ գնահատում ՀՊՏՀ փաստաթուղթը, որին ծանոթացել եմ, նաև մի երկու առաջարկություն էլ ես եմ արել։ Որովհետև այնտեղ կա վերլուծություն, այնտեղ կա գնահատական, այսինքն՝ դա ակադեմիական բնույթի առաջարկ է։ Եթե ամբողջացնենք ՀՊՏՀ առաջարկները, արդյո՞ք ՀՊՏՀ-ն ուզում է գոյություն ունենալ որպես մի առանձին կառույց՝ «Տնտեսագիտություն և բիզնես վարչարարություն» ուղղությամբ։  Կառավարությունն առանձնացրել է 6 ուղղություն, հայտարարել է մինչև 8 ուղղության կամ բուհի մասին։ Մենք հիմնավորում ենք, որ «Տնտեսագիտություն և բիզնես վարչարարություն» ուղղությունը նույնպես պետք է ընդգրկվի դրա մեջ։ Մնացած հարցերն արդեն քննարկելի են։ Ես, իհարկե, որևէ վտանգ չեմ տեսնում այն բանում, որ արդեն մեկ ամիս է՝ ոչ մի առանձնահատուկ արձագանք չկա (նկատի ունի՝ Կառավարությունից,- խմբ․)։ Հավանաբար դա կապված է նրա հետ, որ սպասում են [այլ առաջարկների], որ շրջանակ լինի։ Չնայած, ըստ իս, որոշակի արձագանքները միշտ կարևոր են հենց այն նկատառումով, որ ակադեմիական մարդկանց յուրահատկությունը պիտի կարողանաս օգտագործել։ Բացի այդ՝ այսպիսի մի կարևոր, շատ պարզ հոգեբանական բան էլ կա․ եթե դու ուզում ես հաջողությունների հասնել քո բռնած գործում, և, միևնույն ժամանակ, կանխել ոչ հիմնավորված, բայց շատ բնական դիմադրությունը, խոսի՛ր մարդկանց հետ, բե՛ր քո կողմը, դարձրո՛ւ մասնակից գործընթացին, քանի որ եթե նա առարկի կամ դիմադրի, կդիմադրի արդեն ինքն իրեն։ Եվ ես կարծում եմ, որ դա պետք է լինի մեր թե՛ բոլոր բուհական կառույցների, թե՛ գիտական կազմակերպությունների, թե՛, առավել ևս, այդ գործընթացը տանող գերատեսչությունների հիմնական մտահոգությունը՝ գործը գլուխ բերելու հարցում։  Գլխավոր լուսանկարը՝ ՀՊՏՀ Մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի Աննա Սահակյան
20:23 - 21 դեկտեմբերի, 2023
Սահմանամերձությունը՝ սահմանին ապրող մարդկանց պատումներում․ նոր հետազոտությունը բացահայտում է սահմանի ֆենոմենը Տավուշի ու Սյունիքի օրինակով

Սահմանամերձությունը՝ սահմանին ապրող մարդկանց պատումներում․ նոր հետազոտությունը բացահայտում է սահմանի ֆենոմենը Տավուշի ու Սյունիքի օրինակով

Սոցիոլոգիայի տեսություններն ասում են, որ սահմանը պարզապես քարտեզի վրայով անցնող գիծ չէ. այն կենդանի սուբյեկտ է, որը ձևավորում են այնտեղ ապրող անհատները․․․ Իսկ ինչպե՞ս են հենց սահմանին ապրող մարդիկ ընկալում սահմանամերձությունն, ու ի՞նչ կարելի է իմանալ սահմանի ֆենոմենի մասին՝ ուսումնասիրելով մարդկանց կենսափորձը։ Այս թեման երկու տարի առաջ հետաքրքրեց Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Սոցիոլոգիայի ֆակուլտետի հետազոտողներին։   Սահմանամերձությունը  Ծնունդով Գորիսից Մարիամ Միրզոյանը 2021-ին սովորում էր Սոցիոլոգիայի ֆակուլտետում և մի ծրագրի շրջանակում քանակական հարցումներ էր իրականացնում Հայաստանի սահմանամերձ գյուղերում։ Բնակիչների հետ շփումների ժամանակ նա հասկացավ, թե որքան հետաքրքիր կլիներ հետազոտել սահմանին ապրող մարդկանց կենսափորձը։ Մարիամին տպավորել էր հատկապես Տավուշի Չինարի գյուղը, որտեղ, ինչպես ինքն է ասում, բնակիչների առօրյա կյանքի մեջ մտած էր սահմանամերձությունը։ Մարիամը Երևան վերադառնալուն պես Մարիամն այդ մասին պատմեց ԵՊՀ սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի վարիչ Հարություն Վերմիշյանին։ Այդպես Հարությունն ու Մարիամը որոշեցին Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդկանց կենսափորձի միջոցով բացատրել սահմանամերձության գաղափարը։ Նրանք դիմեցին «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւն»-ին*, հետազոտության համար ֆինանսավորում ստացան ու սկսեցին աշխատանքները։ Առաջին բանը, որ արեցին, տեսության ուսումնասիրությունն էր։ Այս փուլում հասկացան, որ սահմանամերձության՝ որպես սոցիոլոգիական երևույթի ուսումնասիրությունները շատ քիչ են։ Բացի այդ՝ միջազգային իրականության մեջ սահմանը մի փոքր այլ կերպ է ընկալվում։ «Մեր իրականության մեջ կա սահման, սահմանից այն կողմ՝ թշնամի, և թե՛ ֆիզիկական տարածության, թե՛ սոցիալական առումով այդ սահմանը գծված է։ Պատերազմի գործոնը կա նաև։ Իսկ արտասահմանում այդպիսի սահմանամերձություն չկա․ այնտեղ էթնիկ սահմանների մասին է խոսքը»,- ասում է Մարիամը։ Հայաստանում սահմանամերձության ֆենոմենը նկարագրելու համար հետազոտողներն ընտրեցին երկու մարզ՝ Տավուշը և Սյունիքը։ Տավուշը սահմանամերձ էր դարձել դեռ Արցախյան առաջին պատերազմից հետո, իսկ Սյունիքը սահմանամերձ դարձավ 2020-ի պատերազմի և դրան հաջորդած իրադարձությունների հետևանքով։ Հարությունի և Մարիամի հիպոթեզն այն էր, որ բնակիչների՝ սահմանամերձության մասին ընկալումները տարբեր էին լինելու այս երկու մարզերի բնակավայրերում։ Հարությունը Այս տարի՝ ամռանը, Հարությունն ու Մարիամը եղան Տավուշում և Սյունիքում, ամեն մարզում հինգ գյուղ այցելեցին և բնակիչների հետ նարատիվ խորին հարցազրույցներ անցկացրին։ Մարիամն ասում է, որ նարատիվ խորին հարցազրույցները կենսափորձ ուսումնասիրելու հիմնական մեթոդն են։ Հարությունն էլ հիշում է, որ սոցիոլոգիական հետազոտություններում հայտնի այս մեթոդն արդեն հաջողությամբ կիրառել էին մեկ այլ հետազոտության ժամանակ, որը վերաբերում էր Խորհրդային բնակտարածության ձևավորմանը։ «Այնքան հետաքրքիր, մեծ բազաների հիման վրա չափումներ կան, թե ինչպես էին Խորհրդային շրջանում բնակարան տրամադրում։ Եվ այնտեղ անարդարության, միտումնավորվածության բացահայտումներ կան։ Մենք ընդամենը կենսագրական պատումներով, երբ մարդիկ պատմում էին՝ ինչպես էին բնակարան ստանում, նույն եզրահանգումներին ենք եկել, նույն եզրակացությունն ենք արել որակական հետազոտությամբ, ոչ թե մեծ բազաներ գեներացնելով և վիճակագրական հաշվարկներով»։ Այս մեթոդի հիմքում ընկած է ոչ թե հետազոտությանը մասնակցող մարդկանց քանակը, այլ նրանց հետ անցկացված հարցազրույցների բովանդակությունը։ Հետազոտողները մարդկանց այնպիսի հարցեր են տալիս, որոնց միջոցով պատում է ձևավորվում։ «Եթե սկզբից մինչև վերջ որևէ հարցազրույց լսեք կամ կարդաք, կնկատեք, որ այն, ինչ-որ մի կարևոր երևույթ հիմքում դնելով, մարդու կյանքի պատմությունն է։ Մեր դեպքում այդ կարևոր երևույթը սահմանամերձությունն էր, և մի քանի ժամանակաշրջաններ կային՝ գյուղը սահմանամերձությունից առաջ, պատերազմական շրջանում, սահմանամերձեցման շրջանում և դրանից հետո»,- ասում է Մարիամը։   Անցյալը ոչ թե անցյալում, այլ ներկայում Ամեն գյուղում Հարությունն ու Մարիամը նարատիվ խորին հարցազրույց անցկացրին երկու բնակչի հետ։ Հարցազրույցների մասնակիցները պիտի ծնված լինեին մինչև 1970 թվականը, այսինքն՝ 1988-ի Արցախյան շարժման ժամանակ առնվազն 18 տարեկան եղած լինեին և գիտակից փորձառություն ունենային։ Մարիամը պատմում է՝ մտավախություններ ունեին, որ բնակիչները չեն ցանկանա խոսել, բայց իր՝ Գորիսից լինելն ու Սյունիքի բարբառն իմանալը շատ էր օգնում գործին։ Դե քանի որ Սյունիքի ու Տավուշի բարբառները նման են, նրան սիրով ընդունեցին նաև Տավուշում։ «Տավուշի Չինարի գյուղում՝ հարցազրույցներից մեկի ժամանակ, մեկն ինձ հարցրեց՝ դու որտեղի՞ց ես, ասացի՝ Գորիսից եմ, ասաց՝ վա՜յ, դու մեր «земляк»-ն ե՞ս, բա ինչի՞ մեր բարբառով չես խոսում։ Տեսե՛ք, «մեր բարբառով» ասաց»,- պատմում է Մարիամը։ Հարությունն ասում է, որ բարդ է ճշգրիտ վերականգնել այն, ինչ տեղի է ունեցել տարիներ առաջ, օրինակ՝ 1988-ին․ «Ուղղակի հիշողությունը անցյալն է այսօր․ անցյալն անցյալում չէ։ Շատ բարդ է անցյալն անցյալում դուրս բերել»։ Հետազոտողների համար կարևոր էր, որ բնակիչներն անցյալի իրողությունները պատմեին ոչ թե այնպես, ինչպես դրանք հիշում էին ներկայում, այլ տեղափոխվեին անցյալ ու խոսեին հենց անցյալի համատեքստում։ Այս նպատակով բնակիչների հետ հարցազրույցների մի հատվածն անցնում էր քայլելով․ նրանք Հարությունի ու Մարիամի հետ շրջում էին իրենց գյուղում և ցույց տալիս, թե իրենց պատմած որ դեպքը որտեղ է տեղի ունեցել՝ զուգահեռ վերապրելով անցյալում կատարվածը։ Դա օգնում էր անցյալի ավելի շատ շերտեր բացահայտել։ Բնակիչների հետ հարցազրույցների ժամանակ ընդգծվում էր «մենք»-ի ու «նրանք»-ի գաղափարը։  Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնում Երևի կմտածեք, որ սահմանամերձ բնակավայրերի բնակիչները «նրանք» են համարում միայն սահմանից այն կողմ եղող թշնամուն, իրենց բառերով՝ թուրքին։ Բայց Հարությունն ու Մարիամը պատմում են, որ ինչ-որ հարցերում բնակիչները «նրանք» են համարում նաև Հայաստանի ոչ սահմանամերձ հատվածում ապրողներին։ «Քանի որ ես էլ Գորիսեցի էի, սյունեցիների համար «մենք» էի»,- հիշում է Մարիամը։ Հարությունն ասում է՝ սահմանամերձ բնակավայրերի դեպքում խոսքը ոչ այնքան Հայաստանի սահմանի մասին է, որքան հենց բնակիչների սահմանի մասին․ «Նրանց սահմանը չի վերջանում Ադրբեջանում․ այստեղից էլ կա սահման։ Այդ «նրանք»-ը նաև մենք ենք (ծիծաղում է), որովհետև սահմանի բնակիչն ասում է՝ մենք Հայաստանի դարպասն ենք, մենք Հայաստանի անվտանգության երաշխավորն ենք, մենք առաջին գիծն ենք, մենք չլինենք՝ մի մակարդակ ավելի է մոտենալու քեզ վտանգը»։   «Դոստն» ու «քիրվան» դառնում են թշնամի Հարցազրույցների փուլն ավարտելուց ու դրանք բնակիչների լեզվից սոցիոլոգիայի լեզու թարգմանելուց հետո Հարությունի ու Մարիամի հիպոթեզն ապացուցվեց․ Տավուշում և Սյունիքում ընկալումների տարբերություն կար։ Պատճառն, անշուշտ, պատմական է․ սահմանամերձեցումը երկու մարզերում տարբեր ընթացք է ունեցել։ Մի կողմից Տավուշն է, որի բնակիչները մինչև 1988-ի Արցախյան շարժումն ադրբեջանցիների հետ ապրում էին կողք կողքի, որոշ ադրբեջանցիների նաև իրենց «դոստն» էին համարում (թուրքերեն՝ dost՝ մտերիմ ընկեր): Տավուշի մարզի Բերդավանը (հեղինակ՝ Հայարփի Բաղդասարյան) «Տավուշը շատ ինտեգրված, շատ ակտիվ տարածաշրջան էր Խորհրդային շրջանում։ Նույնիսկ հայկական և ադրբեջանական գյուղերի բաշխվածությունը եթե նայենք (մինչև հիմա անկլավային ամենաբարդ խնդիրն այդտեղ է), այնքան ներկառուցված են իրար մեջ․ մի տեղ շուկան էր, մի տեղ՝ հիվանդանոցը, ու դա և՛ հայի, և՛ ադրբեջանցու համար էր, այսինքն՝ ռեգիոնալ ինտեգրացիա կար»,- ասում է Հարությունը։ Հետո սկսվեց պատերազմը, «դոստը» դարձավ թշնամի, հայերը սկսեցին Ադրբեջանից դուրս գալ, ադրբեջանցիները՝ Հայաստանից։ «Դու «դոստի» հետ ապրել ես կողք կողքի, ընկերություն ես արել, պատերազմի ժամանակ հասկացել ես, որ նա թուրք է, բայց կապն այնքան ուժեղ է, որ դու նրան վատ չես ուզել, նա էլ քեզ, ու երբեմն իրար օգնել եք»,- նշում է Հարությունը։ Եվ Տավուշում բնակիչները սկսեցին անմիջականորեն մասնակցել սահմանների ձևավորմանն ու սահմանամերձեցմանը՝ կռվելով, առաջ գնալով, հետ քաշվելով։ Հենց բնակիչներն այստեղ գծեցին իրենց ու թշնամու միջև սահմանը։ Մյուս կողմից Սյունիքն է, որտեղ դեպքերն այլ ընթացք ստացան։ Տավուշի «դոստը» Սյունիքում «քիրվա» էր կոչվում (թուրքերեն՝ kirve՝ քավոր, հայերենում օգտագործվում էր մտերիմ իմաստով): Ինչպես Տավուշում էին որոշ ենթակառուցվածքներ ընդհանուր, այնպես էլ Սյունիքում․ ադրբեջանցիներն, օրինակ, Գորիսի շուկայից էին օգտվում, սյունեցիները՝ Կուբաթլուով անցնող գնացքից։  Արցախյան առաջին պատերազմը սկսվեց, և «քիրվան» դարձավ թշնամի։ Բայց ի տարբերություն Տավուշի, որտեղ բնակիչներն իրենք էին սահմանը գծում, Սյունիքում մարդիկ գիտակցում էին, որ թշնամին կա, բայց իրադարձությունների բերումով այդ թշնամին նրանց մոտիկ չէր։ «Կար Արցախ, և ինչ-որ մի տեղ՝ 100 կիլոմետր այն կողմ, կանգնած էր ադրբեջանցին»,- ասում է Հարությունը։  Սյունիքի Դավիթ Բեկը (լուսանկարը Մարիամին են ուղարկել գյուղի բնակիչները)Մինչև «քիրվայի»՝ թշնամի դառնալը, հայերի ու ադրբեջանցիների միջև, իհարկե, կային ոչ ֆորմալ սահմաններ։ Մարիամն, օրինակ, հիշում է իր զրուցակիցներից մեկի պատմածները Սյունիքի Էվազլար ճանապարհահատվածի մասին, որն այժմ Ադրբեջանի վերահսկողության ներքո է։ «Էվազլարի հատվածն իրենցը չէ, մերն է։ Քանի որ մեզ պետք է եղել, որ ճանապարհի ամբողջ հատվածը մերը լինի, մեր ապուպապերն իրենց հետ ինչ-որ կտորներով փոխել են, այսինքն՝ եթե մի ճանապարհը մենք ենք վերցրել, որ մեր ճանապարհն ամբողջական դառնա, մի փոքր հատված այսինչ տեղից իրենց ենք տվել»,- բնակիչներից մեկի խոսքերն է վերապատմում Մարիամը։ Հարությունի խոսքով սյունեցիներն 90-ականների պատերազմից հետո ապրում էին՝ գիտակցելով, որ իրենց կողքով անցնում է Ադրբեջան պետության վարչական սահմանը, բայց նրանք ժամանակի հետ մոռանում էին՝ ինչ է նշանակում այլ էթնոսի հետ տարածք կիսել։ «Թշնամի-բարեկամ-քիրվա-թշնամի․․․ Կորել է, գնացել է, արթնացել եմ՝ էլ չկա, վակուում է։ Ու սրա մեջ սյունեցին կորցրել է համակեցության փորձառությունը։ Իսկ տավուշցին անընդհատ մեխանիզմ է զարգացրել՝ ինչպես ապրի դրա հետ, դա դարձել է իր առօրյան։ Սյունեցու համար սա ինչ-որ կտրուկ փոփոխություն է, որովհետև այն, ինչ 30 տարի առաջ կար, կարծես չի էլ եղել, մեկ էլ հանկարծ՝ դիրք, ադրբեջանցի, վտանգ, կրակ, ռիսկ»- ասում է Հարությունը։ Սյունիքում հետաքրքրական է հատկապես Խորհրդային ուշ շրջանում ձևավորված բնակավայրերի օրինակը։ «Նրանք չեն էլ հասցրել կրել այդ սահմանայնությունը որպես բնակավայր։ Ու հիմա նրանց համար կրկնակի շոկ է։ Եթե Սյունիքի հին բնակավայրերն ունեն հիշողություն, ապա նոր բնակավայրերը չունեն ո՛չ հիշողություն, ո՛չ կուտակած փորձառություն»,- նշում է Հարությունը։   Այն, ինչ Սյունիքում լուծում է, Տավուշում կարգի տապալում է Հարությունն ու Մարիամն ասում են՝ հարցազրույցների ժամանակ բնակիչներին մի պրովոկատիվ հարց էին տալիս․ «Եթե հանդիպեիք Սյունիքի (Տավուշի) սահմանամերձ բնակավայրում ապրող բնակչի, ի՞նչ խորհուրդ կտայիք նրան»։ Պատասխանները տարբեր էին։ Տավուշում, օրինակ, կային այսպիսի պատասխաններ․ «Մենք ինչպե՞ս էինք ապրում էսքան տարի․ ոչինչ, կհարմարվեն»։ Սյունիքում էլ ասում էին, որ մինչև վերջին դեպքերը երբևիցե չեն մտածել, որ այնտեղ՝ Տավուշում, մարդիկ ամեն օր ապրում են սահմանին։ Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնում Հետաքրքիր է այն, որ Սյունիքում իրենց խնդիրների լուծումը բնակիչները կապում են ուրիշների հետ, ասում են՝ թող գան, սահմանագծեն, սահմանազատեն։ «Սյունիքում կա բնակչի օտարվածություն գործընթացից, որովհետև նա գնացել նստել է, սպասում է՝ սահմանազատեն ու սահմանագծեն։ Որովհետև չեղավ կոնսենսուս, եղան կտրուկ որոշումներ, ու մարդը հայտնվեց քաղաքական, պատերազմական ելքի, հատկապես՝ պարտության փաստի առաջ։ ․․․․ Բայց եթե սահմանագծումը Սյունիքի համար լուծում է, Տավուշի համար կարգի խափանում է, որովհետև ասում են՝ մենք գծել ենք արդեն, սովոր ենք: Գծել նորից, անկլավը տալ, մյուսը վերցնել նշանակում է մեզ նորից մտցնել փուլ, որի մեջ մենք պետք է սահման հասկանանք»,- ասում է Հարությունը։   Սահմանի կենդանի քարտեզները Հետազոտողների այցելած բնակավայրերից շատերի համար սահման է հենց ճանապարհը, որը նրանց կապում է Հայաստանի մնացած հատվածին, բայց թշնամու նշանառության տակ է։ «Նրանք խոսում էին ռիսկերի և վախերի մասին, որի համատեքստում, եթե, օրինակ, ճանապարհը փակվի, ռազմական գործողություններ սկսվեն, շրջափակման մեջ են հայտնվելու։ Նույն ճանապարհն է՝ և՛ որպես փրկություն, և՛ որպես վտանգ»,- ասում է Մարիամը։ Նարատիվ խորին հարցազրույցների ընթացքում Մարիամը հասկացավ, որ  կարելի է բնակիչներից պարզել, թե իրենց բնակավայրերում նրանք ինչն են անվտանգ համարում, ինչը՝ վտանգավոր։ Այս նպատակով Հարությունն ու Մարիամն ընտրեցին մտային քարտեզների մեթոդը։ Սա Ոսկեպարի քարտեզն է, բայց այս քարտեզում այն Ոսկեպարն է, որը տեսնում ենք բոլորս։ Իսկ ինչպիսի՞ն է Ոսկեպարի քարտեզը այն բնակչի աչքերով, որի համար սահմանամերձությունը սովորական երևույթ է դարձել։ Կամ ինչպիսի՞ն են Բերդավանի քարտեզը՝ բերդավանցու և Կոռնիձորի քարտեզը՝ կոռնիձորցու աչքերով։ Սա հասկանալու համար հետազոտողները հարցազրույցների ընթացքում բնակիչներին խնդրեցին գծել իրենց բնակավայրի քարտեզը՝ կապույտով նշելով ակտիվ հատվածները, կանաչով՝ անվտանգ, կարմիրով՝ վտանգավոր, շագանակագույնով՝ լքված, չօգտագործվող։ Ոսկեպարի բնակչի գծած մտային քարտեզը, որտեղ եկեղեցին էլ է վտանգավոր գոտում Կաղնուտի բնակչի գծած մտային քարտեզը, որտեղ Դավիթ Բեկ տանող ճանապարհը վտանգավոր գոտում է Տեսության ուսումնասիրության և նարատիվ խորին հարցազրույցների հիման վրա Հարությունն ու Մարիամն արդեն հոդված են գրել և ուղարկել միջազգային գիտական ամսագրերից մեկին։ Հոդվածն այժմ գրախոսման փուլում է, սպասում են տպագրմանը։ Բնակիչների գծած մտային քարտեզները դեռ վերլուծում են։ Հարությունը համաձայն է, որ իրենց հետազոտության համատեքստում հետաքրքիր կլիներ ուսումնասիրել նաև հակառակ կողմի պատկերացումները․ չէ՞ որ սահմանն ունի երկու կողմ։ Իհարկե, հասկանալի պատճառներով սա անհնար է։ Ադրբեջան գնալ ու այնտեղի բնակիչների հետ խոսել չեն կարող, իսկ Ադրբեջանում դժվար թե սոցիոլոգիական հետազոտություն իրականացվի այդ թեմայով։ «Այնտեղ շատ սահմանափակ է, հետազոտական համայնքը շատ ճնշված է»,- նշում է Հարությունը։ Խոսելով իրենց հետազոտության նշանակությունից՝ Հարությունն ասում է, որ Հայաստանում 90-ականներից հետո տարածքային կառավարման հարցն ընկալվել է որպես վարչական, ադմինիստրատիվ, քաղաքական, տնտեսական գործընթաց։  «Միշտ վերևից իջնող, մակրոմակարդակում դիտարկվող գործընթացներ են ընթանում։ Աշխարհում էլ, երբ խոսվում է սահմանային հետազոտությունների մասին, շատ հաճախ մակրոանալիզներ կարող եք տեսնել՝ վերևից, ռեգիոնալ, աշխարհաքաղաքական, ենթակառուցվածքային և տարբեր առումներով։ Իսկ ո՞վ է ապրում այն տեղում, որի մասին խոսում ես․ մարդու կենսափորձը, փորձառությունը լավ չեն հասկացվում»,- ասում է նա։ Իրենց հետազոտությամբ Հարությունն ու Մարիամը փորձել են հարցը հասկանալ հենց միկրոմակարդակում՝ հիմքում ունենալով բնակիչների կենսափորձը։  «Քաղաքականություն մշակելու համար այտեղից կարելի է շատ խորհուրդներ քաղել, շատ հարցեր դուրս բերել՝ հասկանալու համար՝ ինչի հետ գործ ունեն, ինչպես վարվեն։ Վաղը Հայաստանի վարչապետը գուցե ռեգիոնալ լուրջ լուծում պարունակող «Խաղաղության խաչմերուկ» է հայտարարում, բայց այդ խաչմերուկի սահմաններին կանգնած մարդիկ ովքե՞ր են, ի՞նչ են զգում, ինչպե՞ս են տեսնում, ինչպե՞ս են վերապրում այս ամբողջը։ Այս հարցերը հաճախ դուրս են մնում»,- նշում է նա։ Հարությունն ասում է՝ իրենց այս ուսումնասիրությունը հետազոտական նոր հարցեր է բացում․ «Շեշտադրել ենք հետաքրքիր թեմաներ, որոնց շուրջ կարելի է մտորել ու դարձնել նոր թեմաներ»։   Գլխավոր լուսանկարում՝ Բերդավանը (հեղինակ՝ Հայարփի Բաղդասարյան) Աննա ՍահակյանԼուսանկարները՝ Ջուլիետտա Հովհաննիսյանի   *«Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւնը», որի աջակցությամբ Հարությունն ու Մարիամն իրականացրել են հետազոտությունը, տեղեկացնում է՝ պարտադիր չէ, որ հրապարակման մեջ արտահայտված կարծիքները ներկայացնեն իր տեսակետները։  
19:28 - 13 դեկտեմբերի, 2023
«Մինչեւ վերջին մարդը զեկուցված էր, որ էրեխեքը ողջ են»․ շրջափակման մեջ զոհված զինվորի հայրը՝ դատարանում

«Մինչեւ վերջին մարդը զեկուցված էր, որ էրեխեքը ողջ են»․ շրջափակման մեջ զոհված զինվորի հայրը՝ դատարանում

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հարութ Ղարախանյանի հոր՝ Ալեքսանդր Ղարախանյանի վկայությամբ՝ Հայաստանում եւ Արցախում մինչեւ վերջին մարդը զեկուցված է եղել, որ իր որդին ու նրա ծառայակիցները ողջ են եւ կոնկրետ վայրում գտնվում են շրջափակման մեջ, սակայն ոչ մեկը՝ գնդի հրամանատարից մինչեւ վաշտի հրամանատար, ոչինչ չի ձեռնարկել նրանց դուրս բերելու համար։ Հարութ Ղարախանյանը Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի լեյտենանտներից է, որ պատերազմի ժամանակ եղել է մոտ 1․5 տարվա զինծառայող։ Հիշեցնենք՝ դա այն գումարտակն է, որին հրամանատար Իշխան Վահանյանի ղեկավարությամբ 2020 թ․ հոկտեմբերի 9-ին ուղարկել են Հադրութին հարակից Խուռհատ սար՝ մարտական առաջադրանքի։ Վահանյանն այժմ մեղադրվում է իշխանության անգործություն դրսեւորելու եւ թեթեւ վնասվածքը որպես պատրվակ օգտագործելով՝ մարտադաշտը ինքնակամ լքելու մեջ։ Հրամանատարի ենթադրյալ փախուստից հետո չկանոնակարգված նահանջ է տեղի ունեցել։ Զորքի մեծ մասին փրկվել չի հաջողվել։  Ըստ Ալեքսանդր Ղարախանյանի՝ հակառակորդի նպատակն է եղել զորքը ցաքուցրիվ անելն ու խումբ–խումբ ոչնչացնելը Դատարանում ցուցմունք տալով՝ Ալեքսանդր Ղարախանյանը պատմեց, որ իր տեղեկություններով՝ ուսումնական գումարտակին ուղարկել են Խուռհատ սար Հադրութ քաղաքը պաշտպանելու նպատակով․ «Խուռհատ սարն են բարձրացրել, որ պաշտպանեն Հադրութ քաղաքը, էդ միակ ճանապարհն էր, որով Ջաբրայիլից կարողանում ես ուղիղ հասնել Հադրութ քաղաքի վրա, «9–րդ կմ» կոչվող խաչմերուկ կար, էդտեղ մեր զորքը կանգնած էր, լավ պահում էր, իսկ թշնամին մոտիկացել է հենց սարի ուղղությամբ, էրեխեն ամսի 10–ին ասում ա՝ колона է գալիս չեմ կարող ասել՝ իրար հետեւից քանի ավտո, բայց  մի հատ կրակոց չկա, ոչ մի բան չկա, մեր հրետանին չի աշխատում, ասում է՝ տակներս արդեն լցվել են անասելի ձեւով, շատ–շատ են գալիս, կուտակումներ են․․․ Դրանից հետո կապը ընդհատվում է, ես էլ ինչքան փորձում եմ զանգել, զանգ չի գնում»։ Բուն մարտը, ըստ նրա, սկսվել է առավոտյան 09։30-ի մոտակայքում։ Սարում զորքը բավարար չափով զինված է եղել է թե ոչ՝ հայրը չգիտեր, ասաց՝ տեղյակ է, որ մինչ այդ նորմալ զենք–զինամթերք ունեցել են․ «Ինչ վերաբերում է Քարամյան Արթուրի ցուցմունքին (Արցախի ԱԱԾ գնդապետ,-հեղ․), որ սարը խրամատավորված է եղել, դա սուտ է, ես կարամ անձամբ տղուս դիրքը ցույց տամ, որ գնացել եմ, 4 հոգու հանել, էդտեղ խրամատ չի եղել, գնացեք, էդ մարդուն նորից կանչեք սուտ ցուցմունքի համար»,– նշեց նա։ Իշխան Վահանյանը Որ անձամբ Վահանյանն է եղել հրամանատար, հայրը չի իմացել, նրան չի ճանաչել, բայց որդուց լսել է, որ սպաները թողել, փախել են, ու ըստ նրա՝ զորքն այդ պատճառով է ընկել շրջափակման մեջ․ «Ես 1992 թ․–ից համազգեստի մեջ եմ, կա երդում, որը զինվորականը տալիս է, ու մինչեւ վերջին շունչը պիտի դա պարտականություն լինի, դա կյանքից թանկ է, բայց մարդիկ էդ չեն արել, իրենց զինվորին լքելու համար, համաձայն տրիբունալի, իրեն հասնում է растрел»,- ասաց զոհվածի հայրը։ Մարտի ժամանակ Հարութը երկու ոտքից վիրավորվել է։ Թե ով է տվել նահանջի հրամանը, հայրը չգիտեր, լսել էր միայն, որ սարից իջնելուց հետո դարձյալ հարձակման են ենթարկվել, զորքը ցաքուցրիվ անելն ու խումբ–խումբ ոչնչացնելը, ըստ նրա, հակառակորդի պլանն է եղել։ Շրջափակման մեջ մնացածներին հանելու համար խումբ է ձեւավորվել Հարութն ու ծառայակից ընկերները՝ ընդհանուր 14 հոգի, թաքնվել են անտառներում։ Այդ մանրամասները նա հետագայում ծառայակից մի նորակոչիկից է իմացել․ «Ով իրեն քաշել ա անտառ, էդ էրեխան ա ինձ ներկայացրել, երբ գնացել էինք Խնձորեսկի հոսպիտալ, պառկած էր էնտեղ, ասել ա՝ ես եմ քաշել, տղերքն էլ մնացել են մոտը, հնարավորություն եղել ա հելնելու, Հարութն ասել ա՝ ինձ թողեք, հելեք, էրեխեքը չեն թողել, ասել են՝ առանց քեզ չենք հելնելու․ կամ միասին ենք հելնելու, կամ մնում ենք կողքիդ»։ Որդու վիրավորման մասին հայրը նույն օրը երեկոյան է տեղեկացել։ Թույլտվություն է ստացել, մեկ այլ պաշտպանական շրջանից, որտեղ ինքը ծառայում էր որպես պահեստապետ, մեկնել է Հադրութ․ «Հոկտեմբերի 10–ին հասնում եմ Տող գյուղ, գիշերը մնում եմ էնտեղ, ամսի 11–ին գնում եմ Թութակներ կոչվող բարձունքը, ինձ դիմավորում է Դավիդովը, ներկա են լինում Աղաբեկյան Արթուրը, Միրզոյան Սերգոն։ Շտաբի պետը՝ Վարդանյան Կամոն, մոտիկանում, հարցնում է՝ ինչ է եղել, ասում եմ՝ սենց բան կա, եկել եմ՝ հասնեմ էրեխուն»։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը Ղարախանյանի խոսքով՝ դրանից հետո տղաներին դուրս բերելու համար խումբ է ձեւավորվել, որը ղեկավարել է «Մանախ» անունով հայտնի Արթուր Այվազյանը․ «7-8 հոգով իջնում ենք Հադրութ, ու էդտեղ մեր մարտը սկսվում է, հակառակորդը արդեն մտած է քաղաքի մեջ․․․ Հետը կապ եմ հաստատում, շատ ցածր է խոսում, ասում է՝ համ հետեւներս են կանգնած, համ դեմներս, մեզ են ման գալիս, էդ ժամանակ որոշում է կայացվել покрышка վառել, որպեսզի ծխի վրա ասեն՝ ուղղությունը ոնց են տեսնում, մենք էլ վերցնենք կոնկերտ իրենց տեղը գտնելու ուղղությունը․․․  Покрышка-ն գտնում ենք, բերում, որ վառենք, снайпер-ը սկսում է մեր վրա կրակել, ու էդտեղ մարտը սկսվում է»։ Անբավարար միջոցների պատճառով խումբը որոշել է նահանջել․ «էրեխեն էդ ժամանակ դեռ լինում ա Հադրութում, 2 հատ հինգհարկանի շենքեր կան, офицерский շենքեր են ասում, այ դրանից մի 500 մետր բարձր, կապ է տալիս, ասում՝ պապ, բա էդ դո՞ւք եք, ասում եմ՝ հա․․․ Էդ օրը ոչ մի բան չի ստացվում, մյուս օրը զանգում, ասում է, որ Վանք գյուղում են։ Ճանապարհին հանդիպել են իրենց ծառայակիցներին, տեղավորվել 2 տան մեջ․ 14-ը՝ մի տան, 16-ը՝ մյուս»։ Ալեքսանդր Ղարախանյանի տեղեկություններով՝ հոկտեմբերի 10–ին թշնամին դեռ Հադրութի մատույցներում չի եղել, մտել է մոտակա գյուղեր՝ Վանք, Վարդաշատ, Թաղասեր, բայց քաղաք տանող ճանապարհը բաց է եղել, փակվել է միայն հաջորդ օրը՝ հոկտեմբերի 11–ին։ Նշենք, սակայն, որ մինչ այս հարցաքննված այլ անձինք հայտնել են, որ զորքի մի մասը շրջափակման մեջ է ընկել, որովհետեւ որոշել է գնալ Հադրութի ուղղությամբ, ուր արդեն հակառակորդն է եղել։ Շրջափակումից 1․5 ամիս անց զինծառայողները դեռ օգնության սպասելիս են եղել Հոկտեմբերի 16-ից մինչեւ նոյեմբերի 23-ը որդու հետ կապը կորել է։ 23-ին, ըստ հոր տեղեկությունների, որդին փորձել է իրեն զանգել, բայց չի հաջողվել, կապ է հաստատել «Ղարաբաղ տելեկոմ»–ի օպերատորի հետ։ Այս դրվագի մասին ավելի վաղ ցուցմունք էր տվել նաեւ տուժողի իրավահաջորդ Ռուստամ Այվազյանը, պատմել՝ Հարութը զանգել է՝ օգնության, ասել՝ ուզում են Շուշիով դուրս գալ, նրան էլ տեղեկացրել են, որ Շուշին գրավված է, պատերազմն էլ՝ ավարտված։ Զանգից մոտ 15 րոպե հետո, ըստ Ալեքսանդր Ղարախանյանի, Կառավարության շենքում գտնվող ծնողներն այդ մասին նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին են պատմել։ Շրջափակման մեջ գտնվողների վերաբերյալ զեկուցվել է նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ Այդ ժամանակ տեղեկություններ են ունեցել ողջ 300 զինծառայողի մասին, Արթուր Աղաբեկյանն էլ ասել է, թե հայրը վրդովված է, չափազանցված թիվ է ասում։ Այդ նույն ընթացքում Ալեքսանդր Ղարախանյանը որդու անունը հոսպիտալում գտնվողների ցանկում է տեսել․ «Ես ու Սերգոն գտնվում էինք Հերհեր գյուղում, շտաբի պետին եմ մոտենում, հարցնում՝ կարա՞ք ասեք՝ Ղարախանյան Հարութը որտեղ ա, բացում են իրենց մատյանը, ասում՝ հոսպիտալ, ասում եմ՝ կարա՞ք ասեք՝ էրեխուս ով ա տարել հոսպիտալ, ճակատը պաչեմ, եթե էդ էրեխեն անտառում է․․․ Դուք ո՞նց եք գրել հոսպիտալ, եթե էդ էրեխան մնացել է Վանք գյուղի մոտքերը»։ Տուժողի իրավահաջորդի խոսքով՝ դրանից հետո տղաներին փրկելու բոլոր փորձերը ձախողվել են․ «Մենք ամեն օր մարտի էինք բռնվում, մտնում ռազվետկա, հելնում, ու ինչքան փորձում էինք մտնել դեպի գյուղ, մեզ չէին թողնում, էդ ժամանակ ղեկավարը եղել է Մանուկյան Դավիթը, քանի անգամ փորձել ենք մտնել, կես ճանապարհը, կարելի է ասել, մտած՝ հրաման են տվել՝ հետ դարձեք, սպեցնազը մտել ա, ռազվետկեն մտել ա, հենա էրեխեքին հանում են, դուք եկեք, ուրիշ տեղ կուղարկենք»։ Շրջափակման մեջ գտնվող անձանակազմին, սակայն, այդպես էլ դուրս չեն բերել։  Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Գուրգեն Գրիգորյանը եւ Գայանե Հովակիմյանը Այսօր պետք է հարցաքննվեր նաեւ տուժողի իրավահաջորդ Հակոբ Մկրտչյանը, որը, սակայն, պատշաճ ծանուցվել, բայց դատարան չէր ներկայացել։ Տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը հայտնեց, որ Մկրտչյանը առողջական խնդիրներով պայմանավորված չի կարող գալ, նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը, սակայն, ասաց՝ Մկրտչյանը դատարանին նման տեղեկություն չի հայտնում, այլ խոստանում է գալ եւ չի գալիս։ Այդ վարքագիծը անհարգալից համարելով՝ դատարանը նրան բերման ենթարկելու որոշում կայացրեց։ Ջոն Հայրապետյանը տեղեկացրեց նաեւ, որ գրություն է ուղարկել Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն՝ պարզելու համար Արցախից բռնի տեղահանված այն վկաների եւ տուժողի իրավահաջնորդների՝ Հայաստանում բնակության հասցեն, որոնք պիտի հարցաքննվեն այս գործով։ Գրության պատասխանը դեռ չի ստացվել։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 18-ին։     Միլենա Խաչիկյան
23:55 - 11 դեկտեմբերի, 2023
«Տեխնիկան կրակելով գալիս էր, թռել ենք առվի մեջ»․ «Քիմիկների զորամաս»–ի գործով տուժողի հարցաքննությունը

«Տեխնիկան կրակելով գալիս էր, թռել ենք առվի մեջ»․ «Քիմիկների զորամաս»–ի գործով տուժողի հարցաքննությունը

Քիմիկների զորամասի անվանումը ստացած քրեական գործով երեկ դատարան էր ներկայացել 44-օրյա պատերազմի ժամանակ նույն զորամասի հատուկ մշակման վաշտի քիմիկ–գազազերծող Գաբրիել Արզումանյանը։ Նա զորամասի այն քիչ ծառայողներից է, որ 2020 թ․ հոկտեմբերի 21-ի՝ Կովսականում տեղի ունեցած հարձակումից հետո կարողացել է խուսափել հակառակորդի տեսադաշտից եւ փրկվել։ Այդ օրը, հիշեցնենք, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Անդրանիկ Մակարյանի հրամանով 62–հոգանոց անձնակազմը մարտական առաջադրանք է ստացել՝ մեկնելու Կովսական (Զանգելան) քաղաքի ուղղությամբ գտնվող «Կիրի հանք» տեղանք եւ «Սանրում» գործողության կատարման եղանակով հայտնաբերել եւ ոչնչացնել  հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերը։ Մակարյանը, սակայն, ըստ քրեական գործի, ճիշտ չի կազմակերպել անձնակազմի ուղեկցման հարցը, եւ դրա, ինչպես նաեւ զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանի՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով անձնակազմը «Կիրի հանք»–ի մոտ տեղակայված ոստիկանական հենակետում իջնելու փոխարեն հասել է դրանից շուրջ 5-6 կմ հեռու գտնվող Կովսական քաղաքի սկզբնամաս, որտեղ էլ ընկել է շրջափակման մեջ եւ հակառակորդի հետ բռնվել անհավասար մարտի:  5 զինծառայող գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, 23-ի, ինչպես նաեւ 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է առ այսօր։ Դատարանում ցուցմունք տալով՝ Արզումանյանը հայտնեց, որ ամբաստանյալներին ճանաչում է ծառայությունից, նրանց հետ որեւէ տեսակի հարաբերություն չունի։ Գաբրիել Արզումանյանի խոսքով՝ անձնակազմին զրահաբաճկոններ չեն հատկացրել Տուժող Գաբրիել Արզումանյանը պատմեց, որ պատերազմի մեկնարկից օրեր անց՝ հոկտեմբերի 8-ի մոտակայքում, դուրս են եկել իրենց մշտական տեղակայման վայրից եւ ուղեւորվել Սյունիքի մարզ։ Մեղրիի, Լիճքի զորամասերում մի քանի օր անցկացնելուց հետո եկել են Կապանի զորամաս։ Հենց այդտեղ էլ տեղեկացել են մարտական առաջադրանքի մասին։ Արզումանյանի խոսքով՝ հոկտեմբերի 20-ի երեկոյան ավելի քան 150–հոգանոց անձնակազմը շարվել է, եւ զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանը հայտնել է հաջորդ օրվա մարտական առաջադրանքի մասին, ասել՝ պետք է գնան մոտ 50 հոգով։ Մեծ մասը, նրա խոսքով, ինքնակամ է գնալու ցանկություն հայտնել։ Մեղադրող Դավիթ Նավասարդյանի հարցին՝ գնացողները ընտրվել են միայն ըստ ցանկությա՞ն թե՞ նաեւ ըստ հաստիքի՞, տուժողը դժվարացավ պատասխանել։ Նշենք, որ նախորդ նիստերից մեկի ժամանակ որպես խոհարար զորակոչված Ալեքսանդր Բաբայանը հայտնել էր, որ իրեն այդ մարտական առաջադրանքին որպես հետախույզ են ուղարկել։ Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը «Հրամանատարն ասում էր՝ պատրաստվենք, որ առավոտյան խնդիր պիտի կատարենք, մեր ունեցվածքը պատրաստենք, զենքերը, հանդերձանքը․․․ Զինանոցից զենքերը ստացանք, փամփուշտները․․․ Հաստիքով ինչ ունեինք՝ կասկա, վեշ–մեշոկները, էդ էր մեր հանդերձանքը։ Զրահաբաճկոն չենք ունեցել, չեմ կարող պատասխանել, թե ինչու»,– պատմեց Արզումանյանը։ Նրա խոսքով՝ բուն առաջադրանքի, դրա տեղանքի, դիրքավորման մասին այդ օրը խոսակցություն չի եղել, հաջորդ օրը լուսադեմին՝ մեկնելուց առաջ են զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանն ու ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը հայտնել, որ պետք է գնան՝ սանրման աշխատանքների։ Մեղադրողը խնդրեց բացատրել, թե ինչ է իրենից ներկայացնում այդ սանրման աշխատանքը․ «Բառը ուղիղ իմաստով հասկանալով․․․ Ո՞նց բացատրեմ․․․ Հետո ասացին՝ քիչ անձնակազմ կա տվյալ տեղում, վիրավորներ․․․ Պիտի գնանք, էդ անձնակազմին․․․ Թե հնարավոր կլինի վերացնելու, գերեվարելու․․․»։ Մեղադրող Նավասարդյանի հարցին ի պատասխան՝ տուժողն ասաց, որ նախկինում երբեւէ չի մասնակցել այդպիսի աշխատանքի կամ դրա վերաբերյալ որեւէ դասընթացի։ – Հարցրի՞ք՝ մեզնից ի՞նչ սանրող,– հետաքրքրվեց դահլիճում գտնվող տուժողի իրավահաջորդ Հայկ Եղիազարյանը։ – Ոչ։ –Իսկ տենց հարց առաջացե՞լ է։ –Շատ հարցեր են առաջացել, երկրի իրավիճակից ելնելով՝ չենք ուղղել ոչ մի տեղ, հենց մեկը էն, որ չենք ունեցել բռոնիկ։ – Այսինքն՝ դուք քիմիկ եք, դուք պատրաստվածություն ունեցե՞լ եք, որ գնում եք։ – Հոգեպես պատրաստ ենք եղել։ – Եթե ֆիզիկապես պատրաստ չէիք, հոգեպեսով ի՞նչ էիք անելու։ –Դե ֆիզիկապես Էջմիածնից էլ չպիտի գնայինք,– նշեց տուժողը։ Ի պատասխան հարցին, թե որտեղ էր նախատեսվում այդ առաջադրանքը, նա տվեց Կովսական քաղաքի, այլ ոչ թե Կիրի հանքի անունը, ուր ի սկզբանե նախատեսված էր գնալ․  –Կովսականի մոտակայքում, էդ ուղղության վրա,– ասաց նա։ – Կովսականի ուղղության վրա՞ թե՞ շրջանում,– ճշգրտող հարց հղեց դատախազը։ – Էդ չեմ կարող ասել, տեղանքը, որպես այդպիսին, Զանգելանի կողմերն էր։ Առավոտյան ենք իմացել, որ ուղղությունը Զանգելան է լինելու։ – Ո՞վ ասաց Ձեզ այդ մասին։ – Եթե չեմ սխալվում, գեներալ Մակարյանը։ Տուժողի իրավահաջորդները Տուժողի իրավահաջորդները հետաքրքրվեցին՝ Արզումանյանը տեսե՞լ էր այն տեսանյութը, որտեղ ադրբեջանցիները իրենց դրոշն էին դնում Կովսականում, ինչն արդեն հուշում էր, որ թշնամին այնտեղ է։ Ի պատասխան՝ նա ասաց, որ տեսել է դեռ հոկտեմբերի 19-ին, բայց դրա վերաբերյալ էլ հարցեր չի տվել, որովհետեւ այդ լուրերը անընդհատ հերքվում էին։ – Բայց գնացիք ու տեսաք, որ իրականությանը համապատասխանում էր։ – Փաստորեն։ Տուժողը չհիշեց, որ «Կիրի հանք» տեղանքի մասին երեկոյան կամ առավոտյան հրամանատարներից լսած լինի, ասաց՝ դրա մասին միայն մարտից հետո է տեղեկացել։ Տուժողը չմտաբերեց ոչ մարտից առաջ, ոչ ընթացքում հնչած որեւէ հրաման Գաբրիել Արզումանյանը պատմեց, որ հոկտեմբերի 21-ին լույսը դեռ լրիվ չբացված ճանապարհ են ընկել։ Առջեւից գնացել է ուղեկցող մի մեքենա, որից հետո՝ հրամանատարի ՎԻԼԻՍ–ը, ապա՝ իրենց 3 ավտոբուսները։ Ոստիկանական անցակետը, որտեղ նախատեսված էր անձնակազմի կայանումը, Արզումանյանը նկատել է, բայց կանգառ, ըստ նրա, այդտեղ չի եղել։ Տուժողի խոսքով՝ վերջնական կանգառը եղել է ճամփաբաժան մի հատվածում, ինքը մտածել է, թե հենց դա է իրենց վերջնակետը։ Ավտոբուսներից իջնելուց տասը րոպե չանցած՝ հակառակորդը կրակ է բացել․ «Իջանք, տեղանքն էինք նայում՝ ուր ենք, խի․․․ Երբ բլուրի վրա սկսեցին շատանալ․․․ Նենց չէր, որ պարզ համազգեստը երեւում էր, բայց ոնց որ մերը չլիներ, մեր համազգեստը չէր, կանաչավուն, անծանոթ․․․ Արդեն կրակոցը սկսվեց մեր վրա աջից, ձախից, վերեւից․․․ Խուճապը երբ սկսեց, սկսեցին վազել էս կողմ–էն կողմ․․․ Էդ պահին նկատել եմ զորամասի հրամանատարին․․․ Մինչեւ խուճապը, երբ իջել ենք՝ ոչ»։ Մեղադրողի հարցին, թե այդ մի քանի րոպեների ընթացքում՝ մինչ հարձակումը, ինչ հանձնարարություն են ստացել, տուժողն ասաց, որ որեւէ սպայի կողմից որեւէ հանձնարարություն չի եղել։ Նա չմտաբերեց կոնկրետ հրաման նաեւ հարձակումից հետո։ Ասաց՝ ՀՀ ԶՈՒ–ից այլ գործողություն այդտեղ չի եղել, մինչդեռ Մակարյանն իրենց հայտնել էր, որ նախքան իրենց գնալը այնտեղ պիտի հրետանի աշխատի։ «Երբ սկսեցին կրակել, աջից–ձախից գոռում էին՝ դիրքավորվեք, թաքնվեք, տարբեր կողմից գալիս էր էդ ձայնը․․․ Նենց վիճակ է եղել, որ ով որտեղ հասցրել, թաքնվել է, որովհետեւ անկանոն կրակում էին մեր վրա»,– պատմեց նա։ Թե որքան էր հակառակորդի թիվը, տուժողը չկարողացավ հստակ հայտնել, 100-ից մինչեւ 500 թվեր մատնանշեց։ Ըստ տուժողի՝ հարձակման պահին ավտոբուսները թողել, հեռացել են Գաբրիել Արզումանյանը պատմեց, որ ինքը բլուրի տակ դիրքավորվել է ու սկսել կրակել։ Կրակի ղեկավարում որեւէ մեկի կողմից նույնպես չի եղել, կրակոցները վերեւից են եղել, ինքն էլ այդ ուղղությամբ է կրակել․ «Իմ հետ իմ կողքին եղել է ՄՈԲ–ի տղաներից Արթուրը, Արմանը, մեր պայմանագրայիններից Դավիթը Դանիելյան, ու Սերգեյը, Արտաշատի ՄՈԲ–ն էր, իրարից մոտ 10-15 մետր հեռավորության վրա պառկած ենք եղել, հետո իրար պահելով՝ իրար կողք ենք եկել»։ Արզումանյանը նշեց՝ այդ 4 հոգուց բացի իրենց անձնակազմից էլ ոչ ոքի չի տեսել։ Ուղեկցող մեքենան եւ ավտոբուսները պտտվել եւ առանց անձնակազմի հեռացել են, իր ենթադրությամբ՝ փրկվելու համար։ Դատավարության մասնակիցները Հրաձգությունը 30-40 րոպե է տեւել, դրանից հետո կրակը մի փոքր թուլացել է, եւ սկսել է երեւալ հակառակորդի տեխնիկան՝ БТР–ը, որ կրակելով շարժվել է իրենց ուղղությամբ։  Հիշյալ 5 հոգով ստիպված են եղել թռչել առվի մեջ․ «Մեր կանգնած տեղից 50 մետր շոշ էր, տակը՝ առու, թռել ենք էդ առվի մեջ, առու ասվածը գյուղի կանալիզացիան էր»։ Ջուրը նետվելիս Արզումանյանը վիրավորվել է, հետագա 700-800 մետրը ստիպված են եղել 7-8 ժամում անցնել։ Ամբողջ ընթացքում հակառակորդը վերեւից դուրս գալու, հանձնվելու կոչեր է հնչեցրել։ Հասել են գյուղի սկզբնամաս, մի տան մոտակայքում հանդիպել իրենց մի քանի համածառայակիցների, միասին սպասել՝ մութն ընկնի, որ ճանապարհը շարունակեն։ Ապա դուրս են եկել եղեգների դաշտ, որտեղ էլ հանդիպել են հրամանատար Արսեն Աբգարյանին։ Հարցին, թե ի՞նչ էր անում Աբգարյանը, տուժողը պատասխանեց՝ երեւի նույնը, ինչ մենք՝ պատսպարվում։ – Ի՞նչ եք զրուցել։ – Չենք զրուցել, գիշեր էր, սպասել ենք լույսը բացվել ա, նորմալ իրար դեմք առավոտյան ենք տեսել՝ ով ով ա, ոնց ա։ Ես ոչ թե ասեմ՝ ի վիճակի չեմ եղել, այլ հիմնականում պառկած եմ եղել․․․ Համ ահագին արյուն եմ կորցրած եղել, համ հանգստի կարիք ունեի։ – Իսկ զորամասի հրամանատարի կողմից հրաման, կարգադրություն ստացե՞լ եք։ – Ոչ, էն ա եղել, որ սպասել ենք լույսը բացվի, հելել ենք գետի ափին, շարունակել ենք ճանապարհը դեպի թիկունք։ Կիրի հանքի ուղղությամբ դուրս գալով՝ նրանք ի վերջո փրկվել են։  –Հրամանատարությունը մեղավորություն ունի՞, որ նշված տեղը չեք կանգնել,– հարցաքննության ավարտին հետաքրքրվեցին տուժողների իրավահաջորդները։ – Ես տեղեկություն չունեմ դրա վերաբերյալ, անձամբ չեմ տիրապետել։ – Անցել է 3 տարի, ոնց էլ չլինի՝ ամեն օր կմտածես, կհիշես․․․ Ո՞վ է էդ ամեն ինչի մեղավորը։ – Ով մեզ էնտեղ ուղարկել է,– պատասխանեց Գաբրիել Արզումանյանը։ Հրապարակվեց տուժող Արթուր Ստեփանյանի նախաքննական ցուցմունքը Հարցաքննված մյուս տուժողը Արթուր Ստեփանյանն էր, որի հարցաքննությունը սկսվել էր դեռ նախորդ դատական նիստին։ Մեղադրող Դավիթ Նավասարդյանն այսօր միջնորդեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքից երկու դրվագ, քանի որ դրանցում եւ դատաքննական ցուցմունքում որոշակի հակասություններ էր տեսնում։ Նավասարդյանը ընթերցեց նրա նախաքննական ցուցմունքը, որ Ստեփանյանը տվել է 2021 թ․ հուլիսի 20-ին․ «Հոկտեմբերի 20-ի ուշ երեկոյան՝ 24։00-ի սահմաններում, մեր զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանն ասաց, որ առավոտյան շուտ պատրաստվում ենք խմբով մեկնել Զանգելան, որտեղ խնդիր է դրվելու հակառակորդի ներթափանցած դիվերսիոն խմբերին հայտնաբերել եւ ոչնչացնել եւ ավելացրել՝ ով է ցանկանում կամավոր մասնակցել այդ գործողությանը»,– ասաց մեղադրողը։ Տուժող Արթուր Ստեփանյանը, նախագահող դատավոր Սարգիս Դադոյանը Նախորդ նիստին Ստեփանյանը նշել էր ոչ թե դիվերսիոն խմբերին հայտնաբերելու եւ ոչնչացնելու, այլ ինչ–որ անձանց՝ հակառակորդին կամ վիրավորներին դուրսբերելու հրահանգի մասին։ Այսօր ասաց՝ հիմք ընդունեն իր նախաքննական ցուցմունքը։ Մյուս դրվագն էլ վերաբերում էր Անդրանիկ Մակարյանի գործողություններին, ինչի վերաբերյալ տուժողը նախաքննության ժամանակ ասել էր․ «Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 05։30-06։00-ի սահմաններում, շարվել ենք Կապանի հրետանային գնդի շարահրապարակում, եկավ Մակարյանը, դարձյալ բացատրեց խնդիրը եւ մեր կողմից ակնկալվող գործողությունները՝ ասելով, որ ընդհանուր գործողությունը ղեկավարելու է ինքը, այն պետք է կատարենք 2 խմբով, իսկ մյուս խումբը, որի կազմում լինելու է ինքը, Կովսականին մոտենալու է մեր գնացած ուղղությանը հակառակ կողմից,– ընթերցեց մեղադրողը։ Ստեփանյանն ասաց, որ ինքը հակասություն չի տեսնում, գնալու էին վիրավորներին հանելու, եւ հնարավոր է՝ թաքնված մարդիկ լինեին, դրանից պետք է զգույշ լինեին, ոչնչացնեին։ Ինչ վերաբերում է Մակարյանի՝ խմբի կազմով հակառակ կողմից մոտենալու հանգամանքին, նա ասաց, որ երեք տարի է անցել, դա չի հիշում, այդ պատճառով էլ նախորդ նիստին չի նշել։ Հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 27-ին։   Միլենա Խաչիկյան Լուսանկարները՝ Ինֆոքոմի
15:44 - 09 դեկտեմբերի, 2023
Պետական կրթաթոշակները բարձրացվել են մոտ 13 անգամ, հատկացվել՝ միայն Մանկավարժական համալսարանի 228 ուսանողի

Պետական կրթաթոշակները բարձրացվել են մոտ 13 անգամ, հատկացվել՝ միայն Մանկավարժական համալսարանի 228 ուսանողի

18-ամյա Հասմիկն այս տարի ընդունվել է Երեւանի պետական համալսարան եւ ուսումնական տարվա սկզբում իր ուսանողական էլեկտրոնային փոստի հասցեին ստացել ֆակուլտետից ուղարկված ռեկտորի հրամանը՝ այն մասին, որ 2023-2024 թթ ուստարվա առկա ուսուցման 1-ին կուրսի անվճար համակարգ ընդունվածներին սեպտեմբերի 1-ից հատկացվելու է կրթաթոշակ։ Նրան տրամադրվել է նաեւ համալսարանի կողմից բացված բանկային քարտ՝ կրթաթոշակը ստանալու նպատակով։  Օրեր անց, սակայն, Հասմիկը եւ անվճար համակարգ ընդունված նրա կուրսընկերները Ուսանողական խորհրդի հայտարարությունից տեղեկացել են, որ իրականում կրթաթոշակակիր չեն, քանի որ ուսումնական տարվա նախաշեմին Կառավարությունն օրենսդրական փոփոխություններ է կատարել։ Ֆակուլտետից այդ մասին իրազեկում, սակայն, այլեւս չի եղել։ Այս տարվա օգոստոսի 24-ին Կառավարությունը փոփոխել է բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի եւ մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակի չափն ու պայմանները։ Եթե նախկինում պետական բոլոր բուհերի բոլոր բաժիններում պետպատվերով, ինչպես նաեւ գերազանց առաջադիմությամբ սովորող ուսանողներն էին ստանում կրթաթոշակ, այժմ սահմանվել է պետության համար առաջնային եւ կարեւորություն ներկայացնող մասնագիտությունների ցանկ, որոնք սովորելու դեպքում միայն ուսանողը կդառնա կրթաթոշակակիր։ Այս տարվանից կրթաթոշակակիր են Մանկավարժական համալսարանի 11 կրթական ծրագրերում սովորողները միայն Պետության համար առաջնային եւ կարեւորություն ներկայացնող մասնագիտությունների ցանկում ներառվել է բացառապես Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի՝ բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկակական, այլ կերպ ասած՝ ԲՏՃՄ (STEM) ուղղություններով մասնագիտական մանկավարժության 11 կրթական ծրագիր։ Դրանք են՝ ֆիզիկա, տեխնոլոգիա եւ ձեռնարկչություն, ինֆորմատիկա, մաթեմատիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, մաթեմատիկա-ֆիզիկա, մաթեմատիկա-ինֆորմատիկա, կենսաբանություն-քիմիա, աշխարհագրություն-բնագիտություն։ Այսինքն՝ այս տարվանից պետական կրթաթոշակակիր են Մանկավարժական համալսարանի վերոնշյալ բաժինների առկա համակարգի բակալավր եւ մագիստրատուրա ընդունված ուսանողները միայն (հեռակաները նախկինում էլ կրթաթոշակակիր չեն եղել, իսկ ասպիրանտների կարգը չի փոխվել), իսկ մյուս համալսարանների այս կամ այլ բաժիններում պետպատվերով սովորողները այսուհետ չեն ստանալու կրթաթոշակ (բացառությամբ մինչև 2023-2024 ուստարվա ընդունվածների)։ Այս ուսումնական տարում կրթաթոշակ են ստանալու Մանկավարժական համալսարանի հիշյալ բաժիններում սովորող բոլոր ուսանողները, հաջորդ տարվանից գործելու է առաջադիմության շեմ։ Կատարված փոփոխությամբ կրթաթոշակի չափն ավելացել է միջինում 13 անգամ։ Առաջին կուրսում հիշյալ մասնագիտություններ սովորող բոլոր ուսանողները կստանան 70 հազար դրամ, հաջորդ կուրսերում նախորդ ուստարվա արդյունքներով միջին որակական գնահատականի (ՄՈԳ) առավելագույն արժեքի 80,01-90,00% ՄՈԳ ունեցողները՝ 70 հազար, իսկ 90,01% եւ բարձր ՄՈԳ ունեցողները՝ 77 հազար։ Նոր որոշմամբ անդրադարձ կա նաեւ հաշմանդամություն ունեցող եւ առանց ծնողական խնամքի մնացած մինչեւ 23 տարեկան սովորողների կրթաթոշակների կարգին։ Տարբեր հիմքերով կրթաթոշակի միաժամանակ հավակնելու դեպքում սովորողը կարող է օգտվել միայն մեկից, որի դեպքում կիրառվում է կրթաթոշակի առավելագույն չափը: Կառավարության այս որոշումն ուժի մեջ է մտել այս տարվա օգոստոսի 25-ին։ 5000-ական դրամ կրթաթոշակների կարգը գործում է միայն մինչեւ 2023-2024 ուստարին ընդունվածների համար  Մինչեւ հիշյալ օրենսդրական փոփոխությունը բուհերում կրթաթոշակների կարգը եւ չափը սահմանվում էր ՀՀ վարչապետի՝ 1999 թ․ N 217 եւ ՀՀ կառավարության 2006 թ․ N 1183-Ն որոշումներով։ Դրանց համաձայն՝ ուսանողներին պետական կրթաթոշակ էր տրվում գերազանց եւ լավ առաջադիմության, հասարակական ակտիվության, պատշաճ վարքագիծ դրսեւորելու համար (արվեստի բնագավառի բուհերում` նաեւ մասնագիտական մրցույթ-ստուգատեսների հաղթողներին), ինչպես նաեւ նպատակային ուսուցմամբ սովորող սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի ուսանողներին: Բակալավրում պետպատվերով սովորող ուսանողների կրթաթոշակի չափը 5000 դրամ էր, ավարտական կուրսերի ուսանողներինը` 5200, իսկ մագիստրոսներինը` 5500: Քննաշրջանի ավարտին միայն «գերազանց» գնահատականներ ունեցող պետպատվերով սովորող ուսանողների կրթաթոշակի չափը 6050 դրամ էր, ավարտական կուրսերի ուսանողներինը եւ մագիստրոսներինը` 6300։ Կրթաթոշակների այս կարգը այժմ գործում է միայն 2023-2024 ուստարվանից առաջ ընդունվածների համար։ Ըստ նախագծի հիմնավորումների՝ կրթաթոշակների համար բյուջեից հատկացումները նպատակային չեն եղել Օրենսդրական այս փոփոխության հիմնավորումներում, որ հեղինակել է Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը, նշված է, որ բարձրագույն եւ մասնագիտական կրթության ոլորտում կրթաթոշակների համար պետական բյուջեից հատկացվում են զգալի միջոցներ, սակայն դա նպատակային չի համարվում եւ խթան չի հանդիսանում սովորողների առաջադիմության ու կրթական արդյունքի բարելավման համար՝ հաշվի առնելով, որ մեկ ուսանողին հատկացվող կրթաթոշակի չափը տատանվում է 4000-5000 դրամի սահմաններում (մինչեւ 5000 դրամ կրթաթոշակը վերաբերում է միջին մասնագիտական եւ նախնական արհեստագործական  ուսումնական հաստատություններին)։ Ըստ հիմնավորումների՝ կրթաթոշակի տրամադրման նոր պայմաններն ու չափերը կնպաստեն ՀՀ տնտեսությունը եւ աշխատաշուկան նոր եւ որակյալ կադրերով ապահովելուն, ինչպես նաեւ համապատասխան բուհերի՝ հիշյալ մասնագիտություններով ընդունելության տեղերի մրցակցության եւ գրավչության բարձրացմանը։  Կառավարության նիստում՝ նախագծի քննարկման ժամանակ, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մասնագիտությունների ընտրությունը պայմանավորել է դրանց ցածր պահանջարկով․ «Վերջին տարիներին մենք ունենք շատ մտահոգիչ ցուցանիշներ. գրեթե ոչ ոք չի դիմում այս ուղղություններով ուսուցիչ դառնալու համար, միեւնույն ժամանակ ոլորտում ուսուցիչների միջին տարիքը ցույց է տալիս, որ առաջիկայում մենք կարիք ենք ունենալու մեծ թվով նոր, երիտասարդ ուսուցիչների»,- ասել է նա։ Կրթաթոշակների նոր չափը, Անդրեասյանի խոսքով, էական ազդեցություն կունենա ԲՏՃՄ ուղղություններով սովորող ուսանողների թվի աճի վրա՝ հաշվի առնելով հատկապես այն, որ նրանց մեծ մասը մարզաբնակ են եւ լրացուցիչ սոցիալական խնդիրներ կարգավորելու կարիք են ունենում։ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեից մեր ստացած տվյալների համաձայն՝ 2023-2024 թթ ուստարում հիշյալ մասնագիտությունների կրթաթոշակների համար պետբյուջեից տրամադրվել է 181 միլիոն 440 հազար դրամ։ Այս տարի բակալավրում բոլոր 11 մասնագիտություններին հատկացվել է 348 տեղ, որից համալրվել է 64-ը, իսկ մագիստրատուրայում՝ 7 մասնագիտություններին (տեղեր չեն հատկացվել Մաթեմատիկա-Ֆիզիկա, Մաթեմատիկա-Ինֆորմատիկա, Կեսաբանություն-Քիմիա, Աշխարհագրություն-Բնագիտություն ծրագրերին)՝ 224 տեղ, որից համալրվել է 170-ը։  Մանկավարժականան համալսարանի՝ մասնագիտական մանկավարժություն կրթական ծրագրերի բակալավրի ընդունելության արդյունքները 2023-2024 թթ ուստարում  Մանկավարժականան համալսարանի՝ մասնագիտական մանկավարժություն կրթական ծրագրերի մագիստրատուրայի ընդունելության արդյունքները 2023-2024 թթ ուստարում  Ֆինանսների նախարարությունը նախագծի վերաբերյալ բացասական կարծիք է հայտնել Նախագծի քննարկման փուլում` գերատեսչությունները տարբեր առաջարկություններ եւ դիտարկումներ են ներկայացրել փոփոխության վերաբերյալ։ Դրանց մի մասն ընդունվել է ամբողջությամբ, մի մասը՝ մասամբ, մի մասն էլ մերժվել է։ Ըստ նախագծի ամփոփաթերթի՝ չհաղթահարված է մնացել միայն Ֆինանսների նախարարության բացասական կարծիքը։  Ամփոփաթերթում Ֆիննախի  կարծիքն ամբողջությամբ ներառված չէ, նշված է միայն, որ նախարարությունը նախագիծը խնդրահարույց, իսկ դրա հետագա քննարկումը ոչ նպատակահարմար է համարել՝ նախքան վերոհիշյալ հարցերի համակողմանի ուսումնասիրությունն ու հստակեցումը:  «Վերոհիշյալ հարցերի» բովանդակությանը ծանոթանալու համար դիմել ենք Ֆինանսների նախարարությանը եւ ստացել նախագծի վերաբերյալ կարծիքն ամբողջությամբ։ Ըստ այդմ, Ֆինանսների նախարարությունը նշել է, որ բացահայտված չեն կրթաթոշակի չափերի ձեւավորման սկզբունքները, իսկ առաջարկվող կրթաթոշակի չափերի փոփոխությունը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեից տարեկան կտրվածքով լրացուցիչ մոտ 1.3 մլրդ դրամի հատկացման անհրաժեշտության, ինչը անհարկի կմեծացնի այդ մասնագիտությունների գծով կրթական ծախսերը՝ առանց ցանկալի արդյունքների եւ արդյունավետության ապահովման: Ֆիննախը նշել է նաեւ, որ պարզ չէ, թե կրթաթոշակի ավելացման առաջարկությունն ինչպես է ազդելու այդ մասնագիտությունների գծով ընդունելության ցուցանիշների լավարկման եւ համապատասխան մասնագիտությունների գծով շուկայի պահանջարկի բավարարման վրա․ «Ուսանողության շրջանում նշված մասնագիտությունների գծով կրթություն ստանալու ցածր պահանջարկը, մեր կարծիքով, առհասարակ կրթաթոշակի ոչ գրավիչ լինելու մեջ չէ, այլ տվյալ մասնագիտությունների գծով բուհերի կողմից տրամադրվող գիտելիքների եւ իրական հատվածում ներկայիս տնտեսության պահանջներին դրանց մասնագիտական որակավորման անհամապատասխանությունը, կամ էլ աշխատաշուկայում այդ մասնագիտությունների նկատմամբ պահանջարկի ցածր մակարդակը, և որպես արդյունք՝ նշված մասնագիտությունների ոչ գրավիչ/մրցունակ աշխատավարձերը»,- ասված է կարծիքի մեջ։ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ «բոլորին տալ մի բան, որը ոչ մեկի համար ոչ մի բան է» քաղաքականությունը, ըստ էության, փոխարինում են ավելի թիրախային ծախսերի տրամաբանությամբ։  ԵՊՀ առաջին կուրսի ուսանող Հասմիկը, սակայն, այն կարծիքին է, որ կլինեին ուսանողներ, որոնց այդ՝ թեկուզ չնչին գումարը օգտակար կլիներ։ Ըստ նրա՝ եթե անգամ ֆինանսական առումով գլոբալ փոփոխություններ չբերեր, առնվազն իր եւ իր կուրսընկերների համար մոտիվացիայի առիթ կլիներ։ Նախագծի վերաբերյալ անհամաձայնություն է հայտնել նաեւ ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահությունը՝ նշելով, որ դիմել է ԵՊՀ գիտական խորհրդի սովորող անդամներին՝ խնդիրը ԵՊՀ գիտական խորհրդի արտահերթ նիստում քննարկելու համար։ ԵՊՀ-ն օրերս առաջարկությունների նախագիծ է ներկայացրել Կառավարությանը Նոյեմբերի 16-ին կայացել է ԵՊՀ գիտական խորհրդի նիստը։ ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանը մեր զրույցում տեղեկացրեց, որ Խորհուրդը հաստատել է առաջարկությունների նախագիծ, որը նոյեմբերի 28-ին ուղարկել է Կառավարություն։ Նախագծով ԵՊՀ ԳԽ-ն առաջարկել է, որ վերոնշյալ 11 մասնագիտություններից բացի պետական կրթաթոշակ սահմանվի Կառավարության նախկին որոշման պայմաններին բավարարող բոլոր ուսանողների համար, եւ այդ որոշմանը տրվի հետադարձ ուժ, որ փոխհատուցվի 2023 թ․ սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսների կրթաթոշակը։ Դրանից բացի, առաջարկել է սահմանաչափերը նախատեսելիս վերանայել նախկին որոշմամբ սահմանված պետական կրթաթոշակի չափը՝ էականորեն լավարկելով այն եւ ներդնելով պետական կրթաթոշակի սահմանաչափի հաշվարկման համապատասխան սկզբունքներ։ «ԳԽ առաջարկությունների համար հիմք են հանդիսացել իրավական փաստաթղթեր, այդ թվում՝ № 1183-Ն որոշումը, որը սահմանում է պետական կրթաթոշակներից օգտվելու ընդհանուր պայմանները՝ հստակ նախատեսելով կրթաթոշակի տրամադրումը նշված համակարգում սովորող բոլոր ուսանողների համար, մինչդեռ № 1430-Ն և № 217 որոշումները սահմանում են այդ կրթաթոշակի սահմանաչափերը՝ ի կատարումն № 1183-Ն որոշման: Հետևաբար ներկայումս № 1183-Ն որոշման համաձայն՝ բոլոր ուսանողներն ունեն այդ կրթաթոշակից օգտվելու իրավունք, սակայն ՀՀ Կառավարությունը չի սահմանել այն սահմանաչափը (բացառությամբ հիշյալ 11 մասնագիտությունների), որի համատեքստում մյուս կրթական ծրագրերում սովորող ուսանողները 2023-2024 թթ ուստարվանից սկսած պետք է իրացնեն պետական կրթաթոշակ ստանալու իրենց իրավունքը»,- հայտնեց ԵՊՀ խոսնակը։ Վերջինս տեղեկացրեց նաեւ, որ ԵՊՀ «Կրթաթոշակի մասին» հրամանի ընդունումը, որ ստացել է ուսանողը, եղել է անճշտության հետեւանք։ Մեկ այլ հրամանով այն համարվել է անվավեր։ Կրթության փորձագետը ընտրված լուծումը ոչ ամբողջական է համարում Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը կարծում է, որ այս քաղաքականությունը պետք է ամբողջական շղթայով վարել։ «Ենթադրենք՝ այդ ուղղություններին տվեցինք կրթաթոշակ, մարդը եկավ, անվճար սովորեց, 70-80 հազար կրթաթոշակ ստացավ ու գնաց՝ այլ ոլորտում աշխատելու, ի՞նչ է ստանալու կրթության ոլորտը այս ամենից»,- հարց է բարձրացնում փորձագետը՝ նշելով, որ ավարտելուց հետո մասնագիտությամբ աշխատել պարտադրելը եւս ժամանակակից աշխարհում կենսունակ մեթոդ չէ։ Խաչատրյանի խոսքով՝ հավանականություն, որ սովորողներից մի քանիսը կաշխատեն կրթության ոլորտում, կա, բայց դա լիարժեք չէ։ Այս ձեւով, ըստ նրա, կարող է Մանկավարժական համալսարանի ուսանողների թիվը ավելանալ, ինչը պարտադիր չի նշանակի, որ նաեւ ուսուցիչների թիվը կավելանա։  Սերոբ Խաչատրյանը մեկ այլ հարց էլ է բարձրացնում․ կրթաթոշակի ընտրված չափը հավասար է դպրոցում մեկ դրույքով աշխատող ուսուցիչների աշխատավարձին, ինչը եւս ճիշտ չէ։ Լուծումը, ըստ նրա, աշխատաշուկայում ուսուցչի աշխատավարձը մրցակցային դարձնելու մեջ է․ «Եթե ուզում ենք, որ մարդիկ գլուխ ջարդեն մանկավարժ դառնալու համար, այս ոլորտում էլ պետք է աշխատավարձի, սոցիալական երաշխիքների հարց լուծենք, այսինքն՝ մի քանի բան զուգահեռաբար անենք, միայն կրթաթոշակով չի լինի, կրթաթոշակը դրա մի մասն է»,– ասում է փորձագետն ու նշում՝ որ մարդուն նախ հետաքրքիր է, թե որքան է վարձատրվելու՝ տվյալ մասնագետը դառնալով։ Խաչատրյանն ընդգծում է՝ այսօր ուսանողը պատրաստ է լինում նույնիսկ 1 միլիոն դրամ ուսման վարձ վճարել, եթե իր մասնագիտացումը հետագայում ապահովելու է բարձր վարձատրություն։ Մեկ այլ խնդիր էլ, ըստ Սերոբ Խաչատրյանի, այն է, որ կրթաթոշակի բարձրացումը տեղի է ունեցել մյուս ուսանողներին կրթաթոշակից զրկելու հաշվին։ Փորձագետի կարծիքով՝ միգուցե ֆինանսական ռեսուրսների անբավարարության պատճառով է կրթաթոշակ հատկացվել միայն մեկ բուհի, բայց այնպես չէ, որ մասնագետների պակասի խնդիրը միայն մանկավարժությանն է վերաբերում. այն առկա է թե՛ հումանիտար, թե՛ բնագիտական ոլորտներում։ Ըստ նախագծի ամփոփաթերթի՝ վարչապետի աշխատակազմի դիտարկումներին ի պատասխան՝ ԿԳՄՍՆ-ն նշել է, որ ընդունելության մրցույթի արդյունքների ամփոփումից հետո ընդհանուր համատեքստում կքննարկվի մասնագիտությունների ցանկի վերանայման հարցը: ԿԳՄՍՆ-ին ուղղված գրավոր հարցմամբ խնդրել ենք հայտնել՝ մրցույթի արդյունքների ամփոփումից հետո այդ հարցն արդյո՞ք քննարկվել է։ Եթե այո, ի՞նչ եզրահանգման է եկել նախարարությունը եւ ի՞նչ հիմնավորմամբ, իսկ եթե ոչ, ե՞րբ է պատրաստվում քննարկել։ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեից այս հարցին հստակ պատասխան չի տրվել։ Կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը հայտնել է, որ բարձրագույն կրթության ոլորտն այժմ բարեփոխումների ընթացքի մեջ է․ «2022թ. դեկտեմբերի 17-ին ուժի մեջ է մտել «ՀՀ կրթության մինչեւ 2030 թ․ զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքը, որից բխող գործողությունների ծրագրում, ի թիվս այլնի, ամրագրված են հետեւյալ միջոցառումները. բարձրագույն եւ մասնագիտական կրթություն ստանալու համար ֆինանսական աջակցության նոր մեխանիզմների մշակում եւ բազմազանեցում, այդ թվում՝ կրթաթոշակների տրամադրման մեխանիզմների էական լավարկման միջոցով, ինչպես նաեւ բարձր առաջադիմություն ցուցաբերող, սակայն սոցիալապես անապահով կամ վճարունակության ոչ բավարար մակարդակ ունեցող ուսանողներին պետական կրթաթոշակների տրամադրում եւ փոխհատուցում՝ բացառելով անվճարունակության պատճառով նման ուսանողների՝ բուհական կրթական համակարգից դուրս մնալու դեպքերը»,- ասված է պատասխանում։   Գլխավոր նկարի ետնապատկերը՝ ԵՊՀ ֆեյսբուքյան էջից Միլենա Խաչիկյան
17:45 - 06 դեկտեմբերի, 2023
Երեւանում ադրբեջանցու շրջելու մասին տեսանյութը հին է, եւ փաստ չէ, որ նկարողն ադրբեջանցի է

Երեւանում ադրբեջանցու շրջելու մասին տեսանյութը հին է, եւ փաստ չէ, որ նկարողն ադրբեջանցի է

Այսօր համացանցում տարածվող այն տեսանյութը, որտեղ իբրեւ ադրբեջանցի Թելման Քասիմովը շրջում է Երեւանի Կոմիտաս 5Ա հասցեում գտնվող բնակելի շենքի բակում, հին է։  Ադրբեջանական Մինվալին տված հարցազրույցում Թելման Քասիմովը ասում է, թե ինքը ծնվել եւ 17 տարի ապրել է նշված հասցեում, իսկ այդ հասցեից Ադրբեջան տեղափոխվելուց 35 տարի անց կրկին այցելել է այնտեղ եւ նկարահանել բակն ու բնակարանը։ Քասիմովի ծննդյան տարին ֆեյսբուքյան էջում նշված է 1971 թվական։ Ըստ իր հարցազրույցի՝ գնացել է այդ հասցեից 1988-ին, իսկ վերադարձել է բակը նկարելու 35 տարի անց, այսինքն՝ այս տարի։  «Ինֆոքոմն» այցելել է Երեւանի Կոմիտասի 5Ա հասցե եւ այսօրվա դրությամբ համեմատել տեղանքը տեսանյութի կադրերի հետ։ Հրապարակում ենք լուսանկարներ, որոնք ցույց են տալիս, որ տեսանյութում առկա կադրերը չեն համապատասխանում բակի ու շենքի ներկայիս տեսքին։  Ինչպես երեւում է կադրերից՝ փոխվել է այդ շենքի մուտքի դուռը, երկրորդ հարկի պատշգամբը կառուցապատվել է, հանվել է տեսանյութում երեւացող ցայտաղբյուրը, ներկվել են ավտոտնակների դարպասները։ Շենքի բնակիչների պնդմամբ՝ տեսանյութում երեւացող ցայտաղբյուրը հանվել է այս տարվա ամռանը՝ օգոստոս ամսին։ Շենքի բնակիչները նշում են, որ մուտքի դուռը փոխվել է եւ պատշգամբը վերանորոգվել է 2 տարի առաջ: Սա նշանակում է, որ այս տեսանյութը նկարահանվել է առնվազն 2 տարի առաջ: Մինչդեռ Թելման Քասիմովը իր հարցազրույցում տպավորություն է ստեղծում, թե տեսանյութը նկարահանվել է արցախցիների բռնի տեղահանումից՝ 2023 թվականի սեպտեմբերի 25-ից հետո։ Նա, մասնավորապես, նշում է. «Պատկերացրեք, որ մինչեւ այժմ Ղարաբաղից ոչ բոլոր տեղահանվածներն են տեղավորվել եւ ապահովվել բնակարաններով։ Նրանցից շատերը դեռ շարունակում են գիշերել մեքենաներում։ Այդ մարդիկ անգործ թափառում են փողոցներում։ Ես նրանց տեսա ամենուր։ Եւ քանի դեռ ես այնտեղ էի, երկու անգամ անջատեցին հոսանքը»։ Թելման Քասիմովը տեսնյութում չի երեւում։ Տեսանյութը մոնտաժված է, մասնավորապես հանված են այն հատվածները, որտեղ մեքենաների ապակիներին կարող էր նկարահանողի արտացոլանքը երեւալ։ Պնդումը, որ տեսանկարահանողը հենց Քասիմովն է, տեսանյութում չի ապացուցվում, քանի որ խոսողի ձայնը եւ պատկերը հեշտությամբ կարելի էր մոնտաժել եւ համադրել։  Արդյո՞ք Կոմիտասի 5Ա շենքում ադրբեջանցի ապրել է Շենքի բնակիչները հիշում են, որ Թելման անունով ադրբեջանցի մինչեւ 1990-ականներն ապրել է իրենց շենքում եւ նշված բնակարանում։ Նրա մոր անունը Զեմֆիռա է եղել, նրան կոչել են Զեմֆիռ խալա (մորաքույր)։  Շենքի հինգերորդ հարկում, որտեղ, ըստ ադրբեջանցու, նախկինում իր տունն է եղել, երեք բնակարան կա։ Տեսանյութում խոսող անձը հնչեցնում է անուններ՝ ասելով, որ նրանք իր նախկին հարեւաններն են եղել։ Այդ անուններն են Լիդա, Ռոզա։ Տեսանյութում խոսողն ասում է, թե հարկի ձախ կողմի բնակարանը իրենն է եղել։ Այդ տանն այժմ ապրում է մի կին, որն «Ինֆոքոմի» հետ զրույցում պատմեց, որ վաղուցվանից է այդտեղ տեղափոխվել, իսկ հարեւաններից լսել է, որ 80-ականներին այդտեղ ադրբեջանցի է բնակվել, որը հետո վաճառել է իր տունը հայի։ Մեկ այլ հարեւանի խոսքով՝ այդ տանն ապրող ադրբեջանցին գնացել է 1988-89թթ․-ներին՝ տունը փոխանակելով մի հայի՝ Բաքվում ունեցած տան հետ։ Հիշեցնենք, որ Թելման Քասիմովը Լաչինի միջանցքը փակած «բնապահպանական ակցիայի» առաջնորդներից է։ Ըստ «Թաթոյան» հիմնադրամի հրապարակած տեղեկությունների՝ Քասիմովը հայատյաց զինվորական է, ռազմական հատուկ հետախուզական ծառայության սպա։ Վերջինս իր սոցիալական էջերում հրապարակում է նկարներ՝ ցուցադրելով իր կապը «Գորշ գայլեր» ահաբեկչական-ազգայնական խմբի հետ։ Քասիմովը նաեւ լուսանկար է հրապարակել հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնով սպանած Ռամիլ Սաֆարովի հետ: Հայարփի Բաղդասարյան
20:33 - 05 դեկտեմբերի, 2023
Աշխարհաքաղաքական ազդեցություն. կոնյակի սպիրտի արտահանումը նվազում է, խաղողի այգիները՝ քանդվում

Աշխարհաքաղաքական ազդեցություն. կոնյակի սպիրտի արտահանումը նվազում է, խաղողի այգիները՝ քանդվում

Այս տարի կառավարության շենքի դիմաց խաղողագործները բողոքի ցույցեր չարեցին։ Նրանցից ոմանք արդեն գործուն քայլեր են ձեռնարկել. քանդում են իրենց խաղողի այգիները, քանի որ մթերման ներկայիս ցածր գնով խաղողագործությամբ զբաղվելը ձեռնտու չէ։   Հոկտեմբերի 8-ին Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում էինք՝ Համոյի այգում։ Համոն ընտանիքի անդամների և հարևանների հետ խաղող էր հավաքում։ Իր խաղողի այգին հիմնել է 2004 թվականին, ընտանիքով խաղողագործությամբ են զբաղվում։ Աճեցնում են մեղրաբույր տեսակի խաղող։ Մեկումեջ մեղրաբույրի տնկարկների մեջ նկատվում են նաև սպիտակ խաղողներ. «Դրանք փոշոտման համար են»,- նշում է Համոն։  Երբ հասանք, կեսօրն անց էր, բեռնատարն արդեն լիքն էր խաղողի ողկույզներով,  վերջին դույլերն էին դատարկում։ Հավաքված խաղողի կիլոգրամը 110 դրամով հանձնելու են «Վեդի Ալկո» ընկերությանը։  Համոյի համագյուղացին՝ Զաքարը, մեղրաբույր խաղողով լի դույլերն է դատարկում բեռնատարը։ Նա նույնպես խաղողագործությամբ է զբաղվում, ինչպես գրեթե բոլոր քաղցրաշենցիները։  «Ես խաղողագործությամբ զբաղվում եմ 2008 թվականից, Ռուսաստանից եկել, այգի եմ հիմնել։ Ամենաթանկը, որ հանձնել եմ, եղել է 110 դրամը [1կգ-ի դիմաց,- հեղ.], նախորդ տարիներին հանձնել եմ 60, 80, 90 դրամով»,- ասում է Զաքարը։  Խաղողագործներն ասում են, որ մթերման 110 դրամը նույնիսկ խաղողի ինքնարժեքը չի ծածկում, և խաղողի այգի ունենալը ձեռնտու չէ։  Զաքարի կարծիքով այս տարի միակ դրական փոփոխությունը, որ արվել է, խաղողագործների հերթագրումն է եղել. «Համայնքապետարանից եկել, հերթագրել են, օրինակ իմ հանձնելու օրը 14-ն է, ես արդեն պայմանավորվել եմ բանվորի, ավտոյի հետ։ Առավոտը կքաղեմ, իրիկունը կտանեմ, կհանձնեմ։ Գումարն էլ պայմանագրով նշված է՝ մի տարվա մեջ կտան։ Հարցը դրանում չի, կարևորը ես կիմանամ, որ չեմ սպասում օրերով գործարանների դիմաց, իմ բերքը չի թթվում։ Դրանք սաղ անհարմարություններ են գյուղացու համար»,- ասում է Զաքարը։  Բեռնատարն արդեն լիքն է, խաղող հավաքող կանայք և տղամարդիկ նստում են իրենց մեքենաները և շարժվում։ Շուտով խաղողից ճկված բեռնատարը ճանապարհ է ընկնում և դանդաղ ընթացքով անհետանում, իսկ մեր նկարահանող խումբն ուղևորվում է Արմավիրի մարզի Այգեզարդ գյուղ, որտեղ մեզ սպասում է խաղողագործ Ջահանգիրը։    Արմավիրի մարզում 2020-2022 թվականներին 500 հա խաղողի տնկարկ են քանդել Ջահանգիրի այգին հենց գյուղի հարևանությամբ է, բայց մինչև այնտեղ հասնելը՝ անցնում ենք համագյուղացիների խաղողի այգիների մոտով և նկատում, որ մի քանիսն արդեն սկսել են քանդել տնկարկները։  Ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2020 թվականից հետո Արմավիրի մարզի խաղողի այգիների մակերեսը 500 հա-ով փոքրացել է, քանի որ գյուղացիները քանդել են դրանք։  Ջահանգիրը պատմում է, որ բերքի 30%-ը հանձնել է «Սպայկա» ՍՊԸ-ին՝ 200 դրամ/կգ գնով, իսկ մնացածը հանձնելու է «Շահումյան-վին» գինու գործարանին՝ 110 դրամով։   Ջահանգիրն իր այգին քանդել չի ցանկանում, բայց մթերման գներից դժգոհ է. «Ծախսերը չի հանում։ 150 հազար մենակ թույնին պետք ա տամ։ Մոտ  90 հազար պետք ա ջրին տամ։ Թաղենք, հանենք, կտրենք, կապենք, սաղ փող ա։ Նենց որ տակը բան չի մնում, բայց դե ճարահատված ժողովուրդն ինչ անի, անում են»,- ասում է Ջահանգիրը։ Նրա այգու բերքահավաքը հոկտեմբերի 10-ին էր. այդ օրը նույնպես Այգեզարդ գնացինք։ Խաղող հավաքելուն օգնում էին նաև նրա հարևանները, որոնք նույնպես խաղողի այգիներ ունեն։ Խաղողագործները մեզ հետ զրույցում ասացին, որ խաղող աճեցնելը դարձել է նախասիրություն, ոչ թե եկամտաբեր բիզնես։    Ի՞նչ գործոններ են ազդում խաղողի մթերման գնի անկման վրա Էկոնոմիկայի նախարարությունից «Ինֆոքոմին» հայտնեցին, որ խնդիրն ի հայտ է եկել 2020 թվականից։ Ըստ նախարարության՝ պատճառներից մեկը կոնյակի սպիրտի արտահանման ծավալների նվազումն է։ Եթե 2019 թվականին արտահանվել է 14.5 մլն կոնյակի սպիրտ, ապա, 2022-ին՝ ընդամենը 3.3 մլն լիտր, որի արդյունքում մթերող ընկերություններում մեծ քանակությամբ կոնյակի սպիրտ է կուտակվել։  «Մթերվող խաղողի ամբողջ ծավալի շուրջ 90%-ն ուղղվում է կոնյակի և կոնյակի սպիրտի արտադրությանը, իսկ միայն վերջին 3 տարիներին մթերված խաղողից արտադրված կոնյակի սպիրտի առկա մնացորդները կազմակերպություններում ավելացել են շուրջ 40 մլն բացարձակ լիտրով։ Արդյունքում խաղողի նկատմամբ պահանջարկը նվազել է, որն էլ հանգեցրել է գների իջեցմանը»- նշված է Էկոնոմիկայի նախարարությանն ուղղված մեր հարցման պատասխանում։  Բացի արտահանումը՝ մթերման գնի անկման պատճառներից մեկն էլ, ըստ նախարարության, լոգիստիկ խնդիրներն են, որոնք պայմանավորված են փոխարժեքի տատանումներով։ «Հատկապես ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված՝ Վերին Լարսի անցակետի հետ կապված լոգիստիկ խնդիրներով, ՌԴ և ԱՄՆ դոլարի փոխարժեքի տատանումներով, դրամի արժեզրկմամբ, արտահանված ապրանքների դիմաց ստացվող արտարժույթը ՀՀ դրամով փոխանակելու ժամանակ առաջացող զգալի վնասներով պայմանավորված՝ առաջացել է խաղողի մթերման գների և խաղողի արտադրության շահութաբերության նվազում» - պարզաբանում են Էկոնոմիկայի նախարարությունից։  Արտահանման խնդիրներին բախված կազմակերպություններից է «Սամկոն» կոնյակի գործարանը, որը այս տարի մթերումն իրականացրել է 90 դրամ/կիլոգրամ գնով։ Գործարանից հայտնում են, որ մինչև ռուս-ուկրաինական պատերազմը և ռուբլու արժեզրկումը մթերումն իրականացրել են կիլոգրամի համար վճարելով 130 դրամ։  «Մեր արտադրանքը հիմնականում արտահանվում է դեպի  Ռուսաստան, իսկ մեր ռուս գործընկերները չհամաձայնեցին գին բարձրացնել։ Օրինակ 110 դրամի դեպքում մեր ինքնարժեքը շատ բարձր էր լինում, մենք չէինք կարող այդ գնով վաճառել, քանի որ գինն ինքնարժեքից ցածր էր լինելու»,- հիմնավորում են «Սամկոն» ընկերությունից։    Կառավարության վարկերի սուբսիդավորման ծրագիրը արդյունավետ չէ փոքր գործարանների համար 2019 թվականից գործում է գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագիրը, որով կառավարությունը սուբսիդավորում է գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով վերցված վարկերի տոկոսները։ Այդ վարկերը տրամադրվում են 1 տարի ժամկետով։ 2023 թվականին որոշման մեջ փոփոխություններ են արվել և մարման ժամկետը երկարաձգել են՝ դարձնելով 3 տարի։ «Սամկոն» ընկերությունից «Ինֆոքոմին» հայտնեցին, որ չեն դիմել սուբսիդավորման ծրագրին, քանի որ այն արդյունավետ չէր։  «Վարկը ձևակերպելու համար գրավ էր անհրաժեշտ, որը մենք չունեինք։ Բացի այդ՝ ծրագիրը ֆինանսավորում է 5000 տոննայից ավել մթերված խաղողի տոկոսները, պարտադիր պայման է նաև, որ մթերվող խաղողը ամենաքիչը 110 դրամ/կիլոգրամ գին ունենա։ Եթե մենք մթերել ենք 15 000 տոննա խաղող և սուբսիդավորված տոկոսները բաժանենք մթերված բերքի ընդհանուր գումարին, ստացվում է, որ սուբսիդավորվում է միայն 10 դրամը, իսկ 100 դրամով մթերումը մեր ընկերության համար թանկ էր»,- պարզաբանում է «Սամկոնի» ընկերության հաշվապահ Արթուր Դավթյանը։  Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ բացի վարկերի սուբսիդավորման ծրագրից՝ կառավարության կողմից քննարկվում է Հայաստանի գինու ոլորտի զարգացման 2023-2032 թվականների նախագիծը, որի շրջանակներում պլանավորվում է գործարկել Խաղողի ռեեստրը։   Խաղողի ռեեստրը՝ որպես խնդրի լուծում  Դեռևս 2017 թվականին Ազգային Ժողովի նիստերից մեկում գյուղատանտեսության նախարար Իգնատի Առաքելյանը խոսել էր խաղողագործների ռեեստր ստեղծելու գաղափարի մասին։  2020 թվականից գաղափարի իրականացման համար աշխատանքներ է սկսել Խաղողագործության և գինեգործության հիմնադրամը։ Հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը պատմում է, որ չնայած համավարակի, ապա նաև պատերազմի բարդություններին՝ իրենք կարողացել են քարտեզագրել Հայաստանում խաղողի տնկարկները։  «Մոտավորապես 75% ճշգրտությամբ տվյալները հավաքագրված են, մնացածը կապված էր այն հանգամանքով, որ ֆերմերներից շատերը չեն ուզել տվյալներ փոխանցել, շատերը երկրում չեն եղել, հնարավոր չի եղել իրենց հետ կապ հաստատել։ Կարծում եմ 75%-ը բավարար է, որ մենք ընթացք տանք հաջորդ փուլին, հետագայում՝ [ռեեստրի,- խմբ.] ստեղծվելուց հետո, արդեն մենք անընդնհատ թարմացնելու ենք այն, նաև մնացած մասը, որը բացակայում է, կավելացնենք։»,- նշում է Զարուհի Մուրադյանը։  Խաղողի ռեեստրում պետք է գրանցված լինեն բոլոր խաղողագործները։ Նրանք, ըստ նախագծի, ունենալու են իրենց անձնական էջերը, որտեղ էլ ավելացնելու են իրենց այգու մասին ինֆորմացիան։  Այս պահին մրցույթ է հայտարարված՝ տեխնիկական առաջադրանքը կատարող կազմակերպություն գտնելու համար։ Զարուհի Մուրադյանը կարծում է, որ 2024 թվականին արդեն կգործարկվի ծրագրի պիլոտային տարբերակը, և մթերումը հենց ծրագրի միջոցով կիրականացվի։ Պիլոտային ծրագիրը գործարկվելու է միայն մեկ տարածաշրջանում, արդյունքներից կախված՝ արդեն 2025 թվականին այն կգործարկվի ՀՀ բոլոր մարզերում։ «Պիլոտային ծրագրին զուգահեռ արդեն կսկսենք օրենքի մշակման նախագծերը։ Ռեեստրի ստեղծումից հետո ոլորտը բերելու ենք օրինական դաշտ և հետագծելիությունն ուսումնասիրելով՝ կկարողանանք լուծել նաև ոլորտում առկա խնդիրները»,- հույս է հայտնում Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրենը։  Հիմնադրամը այս ընթացքում դասընթացներ է անցկացրել և գինեգործների, և խաղողագործների շրջանում։ Ծրագրում են նաև համայնքապետարանի աշխատակիցներին վերապատրաստել, որոնք էլ պետք է անհատապես տնտեսվարողներին օգնեն գրանցվել և տվյալները թարմացնել։ Կայքում, ըստ Զարուհի Մուրադյանի, լինելու է խաղողի այգու անձնագիրը. ինչ տեսակի և որքան խաղող կա այգում, ինչքան է այգու բերքատվությունը, մակերեսը և այլն։ Գինեգործներն էլ, մտնելով կայք, կարող են տեսնել իրենց անհրաժեշտ խաղողը որտեղ է աճում և պայմանավորվածություններ ձեռք բերել խաղողագործների հետ։  Համակարգում պետք է գրանցված լինեն ոչ միայն ոգելից խմիչքների պատրաստման համար խաղողի սորտեր աճեցնող տնտեսվարողները, այլև սեղանի սորտերի վաճառքով զբաղվողները։  Ըստ Զարուհի Մուրադյանի՝ անկախացումից հետո Հայաստանում հողակտորները բաժանվել և սեփականաշնորհվել են, և  այսօր 14000 հա խաղողի այգիները պատկանում են 17000 տնտեսվարողի։  «Եթե կարողանանք կոոպերատիվներ ստեղծել, օրինակ, միավորվեն և բոլորի մոտ ներդրվի կաթիլային ոռոգման համակարգ, բոլորը օգտվեն նույն ջրավազանից և սարքավորումներից, ոռոգման խնդիրը կարող ենք լուծել։ Այդ սկզբունքով էլ կլուծվեն նաև այլ խնդիրներ»,- կարծում է Զարուհի Մուրադյանը։  Ջուլիետտա Հովհաննիսյան Օպերատոր՝ Սարգիս Խարազյան Մոնտաժը՝ Ռոման Աբովյանի
17:14 - 05 դեկտեմբերի, 2023
Կանայք Հայաստանի աշխատուժի 52%-ը  չեն. ազգային տվյալներ

Կանայք Հայաստանի աշխատուժի 52%-ը չեն. ազգային տվյալներ

Օրեր առաջ սոցիալական ցանցերում լայն քննարկումների առիթ դարձավ մի վիճակագրություն, ըստ որի՝ աշխատուժում կանանց ներգրավվածությամբ Հայաստանը 180 երկրների մեջ առաջինն է։ Ըստ տարածվող ինֆոգրաֆիկայի՝ 2022 թվականին Հայաստանի աշխատուժի 52,76%-ը կանայք են եղել։ Երկրորդ հորիզոնականում Թուրքմենստանն է 52,61%-ով, իսկ առաջին եռյակը եզրափակում է աֆրիկյան Բուրունդի պետությունը՝ 51,96%-ով։ Այս վիճակագրությունն ամփոփել և սանդղակով հրապարկել էր ամերիկյան Qualtrics փորձի կառավարման (experience management) ընկերության թիմը։ Համեմատության համար նշենք, որ ըստ այս ցուցանիշների՝ աշխատուժում կանանց ներգրավվածության տոկոսի աշխարհի միջին ցուցանիշը 39,49% է։  Qualtrics-ի հրապարակման մեջ որպես տվյալների աղբյուր՝ նշվում է Համաշխարհային բանկի Համաշխարհային զարգացման ցուցանիշների տվյալների շտեմարանը։ Իսկ այս շտեմարանում նշված է, որ գնահատականները հիմնված են Աշխատանքի միջազգային կազմակերպության և ՄԱԿ-ի բնակչության բաժնի կողմից ստացված տվյալների վրա:  Համաշխարհային բանկի տվյալները, սակայն, չեն համապատասխանում Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած ազգային տվյալներին, ըստ որի՝ Կանայք 2022 թվականին Հայաստանի աշխատուժի 43.97%-ն են կազմել։  Ի՞նչ է ասում ազգային վիճակագրությունը Վիճակագրական կոմիտեի՝ «Հայաստանի վիճակագրական տարեգիրք, 2023» ժողովածուի տվյալներով՝ 2022 թվականին Հայաստանի աշխատուժը կազմել է մոտ 1 մլն 311 հազար 300 մարդ՝ մշտական բնակչության շուրջ 44%-ը։ Աշխատուժում ներգրավված կանանց թիվը կազմել է 576 հազար` ընդհանուրի 43,97%-ը, իսկ տղամարդկանց թիվը՝ մոտ 734 700, որն ընդհանուրի 56.03%-ն է։ Աշխատուժում ներգրավվածություն դեռ չի նշանակում զբաղվածություն։ Ազգային վիճակագրության հիմքում աշխատուժի հետազոտությունն է, որի համար աշխատաշուկայում իրենց մասնակցության բնույթից և ակտիվության աստիճանից կախված առանձնացվում են միմյանց բացառող երեք խումբ` «զբաղված» կամ «գործազուրկ» կամ «աշխատուժից դուրս բնակչություն»: Աշխատուժը զբաղվածների և գործազուրկների հանրագումարն է, որտեղ ընդգրկվում են 15-74 տարեկան անձինք:  2022 թվականին Հայաստանի՝ 15-74 տարեկան իգական սեռի բնակչության 48%-ը և արական սեռի բնակչության 71%-ը զբաղված էր կամ փնտրում էր աշխատանք։ Այսինքն՝ Հայաստանում յուրաքանչյուր 10 կնոջից 5-ը և յուրաքանչյուր 10 տղամարդուց 7-ը ներգրավված է եղել աշխատուժում։ Ինչո՞վ է պայմանավորված տարբերությունը Աշխատանքի միջազգային կոմիտեն իր հաշվարկներում ներառում է 15 և բարձր տարիքի անձանց, իսկ Հայաստանի վիճկոմի վիճակագրությունում այդ միջակայքը 15-74 տարեկանն է։     Միջազգային կազմակերպություններն իրենց հետազոտությունների վիճակագրության համար օգտվում են համապատասխան երկրների ազգային աղբյուրներից, եթե դրանք կան։ Համաշխարհային բանկի տվյալների մեթոդաբանության համաձայն՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության մոդելավորած գնահատումները և կանխատեսումները 2020 թվականին և դրանից հետո ենթակա են էական անորոշության: Դա պայմանավորված է տվյալների սակավությամբ։ ՀՀ Վիճակագրության կոմիտեի Աշխատանքի վիճակագրության բաժնի պետ Լուսինե Քալանթարյանի խոսքով Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) օգտագործում է երկրի սկզբնական տվյալները, սակայն կազմակերպության ամենակարևոր առաքելություններից մեկն է նաև ապահովել երկրների միջև համադրելիությունը։ «Հաշվի առնելով, որ երկրները այդ ցուցանիշների հաշվարկման տարբեր պրակտիկաներ ունեն, ԱՄԿ-ն միասնական մեթոդաբանություն է մշակում արդեն ազգային տվյալների հիման վրա՝ հնարավորինս նույնականացնելով միջազգային համադրումները»,- պարզաբանում է Լուսինե Քալանթարյանը։  Այն դեպքում, երբ որոշ երկրներ սակավ տվյալներ են ունենում (չեն վարում վիճակագրություն), ԱՄԿ-ն ցուցանիշները գնահատում է անուղղակի աղբյուրներով։ Իսկ եթե երկրները վիճակագրություն վարում են, սակայն այդ պահին տվյալ տարվա ցուցանիշները դեռևս հրապարակված չեն, ԱՄԿ-ն ժամանակային շարքերի հիման վրա, կիրառելով մոդելավորման տարբեր գործիքներ՝ արտաբերում է ազգային ցուցանիշները։ «Որպես կանոն դրանք միշտ տարբեր են ազգային էջերում հրապարակված տվյալներից, որովհետև նպատակը երկրների միջև ցուցանիշը համեմատելի և համադրելի դարձնելն է», - նշում է Լուսինե Քալանթարյանը։ Համեմատելով 2017-2022 թվականներին աշխատուժում կանանց ներգրավվածությունը՝ ըստ Համաշխարհային բանկի և ազգային վիճակագրության տվյալների՝ նկատում ենք, որ Համաշխարհային բանկի տվյալները աճի միտում ունեն. 2017 թվականի 50.9%-ը աճում է՝ 2022-ին դառնալով 52.8%։ Մինչդեռ Վիճակագրական կոմիտեի տվյալները տատանվում են. 2017-2019 թվականներին նվազում են՝ 47.49%-ից դառնալով 44.33%, 2020 թվականին աճում են՝ դառնալով 45.66%, իսկ 2021 թվականից կրկին նվազում են՝ 2022-ին դառնալով 43.97%։ Աշխատանքի վիճակագրության բաժնի պետը ազգային վիճակագրության և Համաշխարհային բանկի հրապարակած տվյալների էական տարբերությունը մտահոգիչ է համարում։ Եթե հաշվի առնենք անգամ մեթոդաբանական որոշ տարբերությունները՝ օրինակ՝ այն, որ ԱՄԿ-ն օգտագործում է նաև 75-ից բարձր տարիքային խմբի ցուցանիշները, պատկերը շեշտակի չի փոխվում։ «Սա մտահոգիչ է, մի քանի տոկոսի պլյուս-մինուս տարբերություն չէ, որ ասենք՝ գնահատումների տարբերությունը կարող է բերել։ Ըստ իս՝ բավականին մեծ տարբերություն է, լրիվ հակառակ միտում է ցույց տալիս»։  Լուսինե Քալանթարյանի խոսքով ազգային կարիքների համար օգտագործելու համար ազգային վիճակագրությունն ավելի ճշգրիտ է։ Նա նաև նշեց, որ պատրաստվում է դիմել Աշխատանքի միջազգային կազմակերպությունը՝ տվյալները ճշտելու։ Գլխավոր նկարը գեներացվել է արհեստական բանականության միջոցով Լյուսի Մանվելյան
10:54 - 05 դեկտեմբերի, 2023
73 զինծառայողի զոհվելու գործով մեղադրյալ սպան չի մասնակցի իր գործի քննությանը

73 զինծառայողի զոհվելու գործով մեղադրյալ սպան չի մասնակցի իր գործի քննությանը

44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութի շրջանի Այգեստան գյուղում 73 զինծառայողների զոհվելու դեպքի վերաբերյալ դատական քննությունը կընթանա գործով մեղադրյալ, ՊԲ N զորամասի նախկին հրամանատար Գոռ Իշխանյանի բացակայությամբ։ Այսպիսի որոշում այսօր կայացրեց գործով նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը՝ բավարարելով Իշխանյանի պաշտպաններ Երեմ Սարգսյանի եւ Դավիթ Կարապետյանի միջնորդությունը։  Այդ միջնորդության պատճառն այն էր, որ դատարանի դահլիճում պարբերաբար բարձրանում էր զոհված զինծառայողների ծնողների վրդովմունքն, ու նախնական դատալսումները հարթ չէին ընթանում, նրանք բարկանում ու վիրավորական արտահայտություններ էին հնչեցնում մեղադրյալի հասցեին։ Իշխանյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ պաշտպանյալի բացակայության պարագայում գործի քննությունն ավելի արագ կընթանա, ու կրքերը չեն բորբոքվի դահլիճում։ Երբ մեղադրող կողմը մտահոգություն հայտնեց՝ այդ դեպքում ինչպե՞ս է մեղադրյալն իրացնելու ցուցմունք տալու իր իրավունքը, պաշտպանը նշեց, որ երբ դրա անհրաժեշտությունը լինի, դատարանին համապատասխան միջնորդություն կներկայացվի։ Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի 272-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքի վերաբերյալ վարույթով դատական նիստը դատարանի որոշմամբ անցկացվում է մեղադրյալի բացակայությամբ, եթե վերջինս նախնական դատալսումների ընթացքում նման միջնորդություն է ներկայացրել։ Դատարանը կարող է առանձին դատական նիստին կամ առանձին վարութային գործողությանը մեղադրյալի մասնակցությունը պարտադիր համարել։ Դավիթ Կարապետյանը եւ Գոռ Իշխանյանը Գոռ Իշխանյանն այս գործով միակ մեղադրյալը չէ։ Նա եւ ՊԲ օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը մեղադրվում են այն բանի համար, որ պատերազմի ընթացքում, հայտարարված ռազմական դրության պայմաններում, ենթակա անձնակազմի նկատմամբ հանդիսանալով պետ եւ պաշտոնատար անձ, իրենց ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով չեն կատարել դրանք, ինչն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ։ Երկու մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրված չբացակայելու արգելքը։ Դատարանում ներկա էին ե՛ւ Գոռ Իշխանյանը, ե՛ւ Նվեր Մարտիրոսյանը։ Այսօր, սակայն, միայն Գոռ Իշխանյանի պաշտպանները ներկայացրին հետագա դատական քննությունը առանց իրենց պաշտպանյալի շարունակելու միջնորդություն, եւ դրա բավարարումից հետո Իշխանյանը լքեց նիստերի դահլիճը։ Մինչ այդ երկու մեղադրյալներն էլ հայտնեցին, որ ցանկանում են դատարանում ցուցմունք տալ։ Նվեր Մարտիրոսյանը՝ զինվորական համազգեստով Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այս գործով դեռ նախնական դատալսումների փուլն է։ Նախորդ նիստի ժամանակ, ինչպես նշեց դատավորը, տուժողներից ոմանք հայտարարել էին, որ ցանկանում են գույքային հայց հարուցել, դատարանն էլ նրանց ժամանակ էր տրամադրել, որպեսզի կարողանան գրավոր ներկայացնել գույքային պահանջը։ Դատարանը, նկատելով, որ զոհվածների հարազատներից շատերն են դահլիճում, հետաքրքրվեց՝ որեւէ անձ գույքային պահանջ ներկայացնելու ցանկություն ունի՞։ Այս հարցը ներկաներին վրդովեցրեց՝ «գո՞ւյք ենք կորցրել, որ գույքային պահանջ ներկայացնենք»,- հնչեցրին ներկաները։ Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի համաձայն՝ գույքային հայց հարուցվում է մեղադրյալի կամ այն անձի դեմ, որի վրա կարող է գույքային պատասխանատվություն դրվել մեղադրյալի գործողությունների համար: Հայցադիմումում պետք է նշվի, թե որ վարույթով, ով, ում դեմ, ինչի հիման վրա և ինչ չափով է գույքային հայց հարուցում, ինչպես նաև խնդրանք՝ վնասի հատուցման համար կոնկրետ դրամական գումարի կամ գույքի բռնագանձման մասին: Մթնոլորտի հանդարտվելուց հետո դատավարության մասնակիցներն անցան հետազոտման ենթակա ապացույցների շրջանակի քննարկմանը։ Հանրային մեղադրող Գ․ Մղդեսյանն առաջարկեց հետազոտել գործին վերաբերելի մի շարք հրամաններ, օրենքներ, տարբեր անձանց հեռախոսահամարների վերծանումներ, զորամասերից ներկայացված տեղեկանքներ եւ այլ փաստաթղթեր ու գրություններ, ինչպես նաեւ Գոռ Իշխանյանի եւ Նվեր Մարտիրոսյանի հրամանների եւ պարտականությունների պատճենները եւ այլն։ Ըստ հանրային մեղադրողի՝ վերդիկտ (մինչև դատավճիռ կայացնելը մեղադրյալի անմեղության կամ մեղավորության վերաբերյալ դատարանի գրավոր հետևությունը,- խմբ․) կայացնելու համար կարող են նշանակություն ունենալ նաեւ տուժողի իրավահաջորդների եւ մեղադրյալների ցուցմունքները։  Նվեր Մարտիրոսյանի պաշտպան Արման Բայադյանը նշեց, որ, չնայած հանրային մեղադրողի հնչեցրած ցանկին, մեղադրական եզրակացության մեջ նման ցանկ չկա, այլ պարզապես առանձին ենթավերնագրի տակ նշված է «մեղադրյալների մեղավորությունը հաստատող ապացույցներ» եւ շարադրված են որոշակի փաստական հանգամանքներ եւ վարությային գործողություններ։ Պաշտպանը նաեւ ասաց, որ գործող Քրեական դատավարության օրենսգրքում չկա «տուժողի իրավահաջորդ» դատավարական կարգավիճակ, եւ չկա տուժողի իրավահաջորդի հարցաքննություն՝ որպես առանձին քննչական գործողությունն, ուստի վերջիններս դատարանում չեն կարող հարցաքննվել որպես տուժողի իրավահաջորդներ։ Ինչ վերաբերում է ապացույցների ծավալին՝ վերջինս նշեց, որ դրանցից յուրաքանչյուրի անթույլատրելիության հարցը կամ ապացույցների ծավալից հանելու հարցը կներկայացնեն դրանք հետազոտելուց հետո։ Արման Բայադյանը Պաշտպանն ասաց, որ հանրային մեղադրողը նշեց միայն մեղադրյալների մեղավորությունը հաստատող ապացույցները, սակայն ՔԴՕ-ով սահմանված է, որ մեղադրական եզրակացության մեջ պետք է նշված լինեին նաեւ ի պաշտպանություն մեղադրյալների բերված ապացույցները եւ դրանց հերքման վերաբերյալ փաստական հանգամանքները, որոնք մեղադրական եզրակացությունում բացակայում են․ «Հաշվի առնելով վկայակոչվածը՝ նշում եմ, որ մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում ՔԴՕ-ով նախատեսված պահանջներին»,- նշեց Բայադյանը։ Գոռ Իշխանյանի պաշտպանն էլ ասաց, որ չհնչեց, թե հանրային մեղադրողի ներկայացրած ապացույցները ինչ ապացուցողական նշանակություն ունեն, ինչ փաստական տվյալների են վերաբերում․ «Ասվեց, որ այդտեղ պիտի ներկայացվեն նաեւ բոլոր օպերատիվ հետախուզական միջոցառումների հանձնարարությունները եւ արդյունքները, որոնք էական նշանակություն ունեն մեղադրանքի հաստատման կամ հերքման առումով։ Էս գործով մեղադրյալ է եղել նաեւ [18-րդ հրաձգային դիվիզիայի նախկին հրամանատար, գեներալ–մայոր] Կարեն Առստամյանը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում է կայացվել։ Առուստամյանը այս գործով կարեւորագույն ֆիգուրներից մեկն էր, քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը չհետազոտելը ճիշտ չէ, այդ փաստաթուղթը եւս պիտի մտնի հետազոտման մեջ»,- ասաց Իշխանյանի պաշտպանը՝ միջնորդելով նաեւ հարցաքննել այլ վկաների եւս, որոնք չեն դատակոչվել։ Դատավորը նկատեց, որ պաշտպանական կողմն իրավունք ունի միջնորդել հետազոտել ցանկացած ապացույց։  Հանրային պաշտպան Մղդեսյանը հայտարարեց, որ մեղադրող կողմը դեմ չէ որեւէ միջոցի, որը կհանգեցնի ճշմարտության բացահայտմանը, ուստի ինքը որեւէ առարկություն չունի պաշտպանական կողմի առաջարկությունների վերաբերյալ։ Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը, անդրադառնալով պաշտպանական կողմի մեկնաբանությանը, որ նոր ՔԴՕ-ով սահմանված է տուժողի իրավահաջորդ կարգավիճակ, ասաց դատարանը որոշում է կայացնում տուժողի իրավահաջորդներին ճանաչել որպես տուժողներ եւ հարցաքննել որպես տուժող։ Ապա, լսելով ապացույցների ծավալի մասին կողմերի կարծիքը, դատարանը որոշեց սահմանեց հետազոտման ենթակա ապացույցների ցանկը։ Այդպիսով, դատարանում կհետազոտվեն նախ մեղադրանքի հիմքում դրված գրավոր ապացույցները, ապա կհարցաքննվեն տուժողները, հետո դատակոչված վկաները, հետո վկաներ Սահակ Մարտիորսյանը, Արամ Ասրյանը, Վալերիկ Ղազարյանը, Նարեկ Հակոբյանը, Արեգ Բախշյան, ապա կհետազոտվի Մարտական կանոնադրությունը, վերջում դատարանը կլնի մեղադրյալներին։ Դատական նիստերի դահլիճում իրադրությունը լարվեց։ Դատարանը կոչ արեց հանդարտվել, որպեսզի նիստը բնականոն հունով ընթանա ու չձգձգվի, ինքն էլ ստիպված չլինի սանկցիա կիրառել դատավարության մասնակիցների նկատմամբ կամ նույնիսկ դռնփակ անցկացնել նիստը։ Նա պահանջեց հարգալից խոսել պաշտպանների հետ։ Զոհված զինծառայող Էդգար Տոնականյանի հայրը՝ Գոռ Տոնականյանը, դիմելով դատարանին, ասաց, որ նախորդ նիստին պահանջել էր, որ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը ներկայանա դատարան․ «Ես [Քննչական կոմիտեի նախագահ] Արգիշտի Քյարամյանին հարց եմ տվել [այն մասին, որ] Ջալալի հրամանները չեն բռնում Գոռի հրամաններին, Արգիշտն ասել է՝ ես էլ չեմ հասկանում։ Խնդրում եմ, որ դատարանը հաշվի առնի [այս հանգամանքը]»,- ասաց Տոնականյանը։ Մեկ այլ ծնող պահանջեց, որ Գոռ Իշխանյանին անպայման հետագայում կանչեն դատարան, որովհետեւ ինքն ուզում է նրա աչքերի մեջ նայելով ապացուցել, որ Իշխանյանը մեղավոր է իրենց որդիների զոհվելու մեջ։ Դատարանը պարզաբանեց, որ մեղադրյալները դատաքննության ընթացքում ցուցմունք են տալու, եւ տուժողները հնարավորություն են ունենալու նրանց հարցեր տալ, թեպետ մեղադրյալներն իրենք են որոշելու՝ պատասխանել, թե ոչ։ Մեղադրյալ Նվեր Մարտիրոսյանի պաշտպանն էլ դատարանին խնդրեց այսօր չավարտել նախնական դատալսումների փուլը եւ իրենց հնարավորություն տալ մյուս նիստին ներկայացնել իրենց դիրքորոշումը մեղադրյալի՝ դատական նիստերին մասնակցության եւ ապացույցների ծավալի վերաբերյալ։ Այսօրվա դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց 2024թ․ հունվարի 22-ին՝ ժամը 15:30-ին։  Հայարփի Բաղդասարյան
20:57 - 04 դեկտեմբերի, 2023
ՔՊ պաշտոնյաները մերժում են տեղեկություն տրամադրել՝ համարելով, որ օրենքն իրենց վրա չի տարածվում

ՔՊ պաշտոնյաները մերժում են տեղեկություն տրամադրել՝ համարելով, որ օրենքն իրենց վրա չի տարածվում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները խոչընդոտում են լրագրողների աշխատանքը՝ կարծելով, թե իրենք չեն ենթարկվում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքին։ Այս տարվա օգոստոսի 9-ին հարցում ենք ուղարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ խնդրելով տրամադրել Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ կուսակցության կազմակերպած դրամահավաք-երեկոյի ընթացքում նվիրատվություններ կատարած անձանց ցանկը և նվիրատվության չափը, ինչպես նաև նշել, թե ավելացած գումարը ինչպես է տնօրինվել։ Օգոստոսի 15-ին ստացել ենք պատասխան, որ կուսակցության աշխատակազմը ծանրաբեռնված է Երևանի ավագանու սպասվող ընտրությունների կազմակերպչական խնդիրներով և հարցմանը կփորձեն պատասխանել հնարավորինս սեղմ ժամկետներում։ Պատասխանը ստանալուց հետո կապ ենք հաստատել կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանի հետ, որը հեռախոսազրույցում նշել է, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը կուսակցություններին չի վերաբերում, ուստի, նրա պնդմամբ, պարտավոր չեն ենթարկվել օրենքով սահմանված ժամկետներին։ Ալեքսանյանը նշեց նաև, որ քանի որ իրենք բարձր են գնահատում լրատվամիջոցների միջոցով հանրության հետ հազորդակցությունը, երբ ազատ ժամանակ ունենան, հարցմանը կպատասխանեն։ Հարցումն ուղարկելուց գրեթե 4 ամիս անց դեռ պատասխան չենք ստացել։ Օրեր առաջ՝ նոյեմբերի 20-ին ՔՊ կուսակցությանը կրկին հարցում ենք ուղարկել՝ խնդրելով տրամադրել Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում կուսակցությանը նվիրատվություն կատարած անձանց ցանկը։ Նոյեմբերի 28-ին ստացել ենք պատասխան՝ կիսատ տեղեկությամբ։ Կուսակցությունը շարունակում է մերժել ցանկի տրամադրումը։ «Ինֆոքոմի» հետ հեռախոսազրույցում կուսակցության վարչության փոխնախագահ, հանրային կապերի համակարգող, պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ևս մեկ անգամ պնդեց, որ «Տեղեկատվության ազատության» մասին օրենքը կուսակցություններին չի վերաբերում։ Մինչդեռ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ օրենքի գործողությունը տարածվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունների և դրանց պաշտոնատար անձանց վրա։ ՔՊ-ն` որպես ԱԺ վերջին ընտրություններին օրենքով սահմանված շեմը հաղթահարած կուսակցություն,  ֆինանսավորում է ստանում նաև պետբյուջեից, հետևաբար օրենքը տարածվում է կուսակցության վրա։ Այս հանգամանքը հաստատվել է նաև Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ռազմավարական դատավարության շրջանակում դատարանների կողմից (ԵԿԴ 1391/02/09, ԵԿԴ 1524/02/12) ընդունված վճիռները։  Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետ-իրավաբան, տեղեկատվության ազատության փորձագետ Գևորգ Հայրապետյանի խոսքով մի քանի դատական գործերով Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ) «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի դաշտում դատարանով հաջողության է հասել՝ կուսակցությունների դեմ մի քանի ռազմավարական գործերով. «Վերջնարդյունքում ԻԱԿ-ը կուսակցություններից ստացել է տեղեկությունը։ Դատարաններն էլ համարել են, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը կուսակցությունների վրա տարածվում է։ Օրենքներն ինքնաբավ չեն, դրանք կարգավորվում են ու ամբողջանում են դրանց դրույթների՝ դատարանների մեկնաբանությամբ։ Դատարաններն այդպես են մեկնաբանել, ու դա ճիշտ է ու այդպես պետք է լինի», - նշեց Գևորգ Հայրապետյանը։  Սա առաջին դեպքը չէ, երբ ՔՊ կուսակցության անդամները պնդում են, որ ՏԱ մասին օրենքն իրենց չի վերաբերում։ Նույն կարծիքին են նաև ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանը, Արթուր Հովհաննիսյանը և Սարգիս Խանդանյանը։  Հոկտեմբերի 14-ին գրավոր հարցում էինք ուղարկել ՔՊ խմբակցություն՝ խնդրելով հայտնել, թե ինչ դիրքորոշում ունեն Վահագն Հովակիմյանի՝ ԿԸՀ նախագահի պաշտոնում ընտրվելու ժամանակ սեփական քվեարկությանը մասնակցելու վերաբերյալ և արդյոք պատրաստվում են իրավական գործընթաց սկսել։ Գրավոր հարցումը ՔՊ-ին ուղարկել ենք խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի անվամբ, և ուղարկելուց հետո նրա օգնական Նատալի Սինորյանից հավաստիացել ենք, որ այն ստացել են։ 5-օրյա ժամկետը լրանալուց հետո հարցման պատասխանը չենք ստացել և կապ ենք հաստատել Սինորյանի հետ՝ պատճառները հասկանալու համար։ Վերջինս տեղեկացրել է, որ Հայկ Կոնջորյանից հարցման վերաբերյալ որևէ հանձնարարական չի ստացել։ Խնդրել ենք ճշտել՝ հիշեցնելով օրենքով նախատեսված ժամկետի ավարտի մասին։ Սինորյանը խոստացել է ճշտել և տեղեկացնել, ինչն այդպես էլ չի արվել։ ։ Մենք փորձել ենք կապ հաստատել նաև պատգամավոր Հայկ Կոնջորյանի հետ, սակայն նա հեռախոսազանգերին չի պատասխանել։ Ինֆոքոմը փետրվարի 14-ին գրավոր հարցումներ էր ուղարկել Աժ երեք խմբակցություններին՝ հետաքրքրվելով՝ արդյո՞ք քննարկել են Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծ ներկայացնելու հարցը՝ պայմանավորված այն բանով, որ հանրային ծառայության անցնելուց հետո նա շարունակել էր զբաղվել փաստաբանությամբ եւ գրանցումից չէր հանել իր անհատ ձեռնարկությունը, ինչի իրավունքը, ըստ օրենքի, չուներ։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը մեր հարցմանը չի պատասխանել։ Նրա օգնական Սյուզի Սարգսյանը փոխանցել է, որ դրանում նշված հարցերը հարցազրույցի բնույթ են կրում։ Դրանից բացի, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, ըստ Սարգսյանի, տարածվում է գործադիր իշխանության վրա, իսկ պատգամավորներին չի վերաբերում։  Մեկ այլ տեղեկատվության հարցում օգոստոսի 9-ին ուղարկել էինք ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանին՝ հետաքրքրվելով, թե ինչ աշխատանքներ է իրականացրել միջազգային գործընկերների հետ՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման, Արցախում հումանիտար աղետը կանխելու ուղղությամբ։ Խանդանյանը օրենքով սահմանված ժամկետում չի արձագանքել հարցմանը, ինչից հետո զանգով հետաքրքրվել ենք պատճառների մասին։ Խանդանյանը նախ ասել է, թե այդ հարցերը հարցազրույցի հարցեր են, հետո մեկնաբանել է, թե պատգամավորների վրա չի տարածվում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, ինչպես նաև զբաղվածության պատճառաբանությամբ բանավոր չի պատասխանել հարցման մեջ նշված հարցերին։  Տեղեկատվության ազատության փորձագետ Գևորգ Հայրապետյանը նշեց, որ դեռևս 2010 թվականին «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի գիտագործնական (դոկտրինալ) մեկնաբանություններ հրատարակվեցին. «Դրանց շրջանակում անդրադարձ կար նաև տեղեկություն տնօրինողների շրջանակին։ Ի թիվս այլնի՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի դաշտում են գտնվում նաև պաշտոնատար անձինք»,- պարզաբանում է Հայրապետյանը։  ՔՊ կուսակցության նվիրատուների վերաբերյալ հարցումն անպատասխան թողնելուց հետո «Ինֆոքոմը» դիմել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոն։ ԻԱԿ-ը ևս նույն թեմայով հարցումներ էր ուղարկել ՔՊ, որոնք մնացել են անպատասխան։ «Հարցումները անպատասխան մնալուց հետո ԻԱԿ-ը դիտարկում է դատական կարգով իր՝ տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը վիճարկելը», - նշեց Գևորգ Հայրապետյանը։
15:37 - 01 դեկտեմբերի, 2023
«Ժողովրդավար» ընտրություններ՝ չվերահսկվող և ոչ թափանցիկ նախընտրական ֆինանսներով

«Ժողովրդավար» ընտրություններ՝ չվերահսկվող և ոչ թափանցիկ նախընտրական ֆինանսներով

Երևանի ավագանու ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցներից մեկում ասաց, որ սեպտեմբերին տեղի ունեցած ավագանու ընտրություններն ի ցույց դրեցին իրենց քաղաքական ուժի «անսասանելի հավատարմությունը հեղափոխության արժեքեներին, ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը և ժողովրդի կամքի նկատմամբ անառարկելի և անքննարկելի հարգանքին»։ Ընտրությունների ժողովրդավարական լինելը Փաշինյանը կապում է ընտրակեղծիքների բացակայության հետ, մինչդեռ բուն ընտրությունից բացի՝ ընտրական գործընթացի այլ օղակներում նվազեցվել են հանրային վերահսկողության մեխանիզմները, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, ինչն առնվազն չի բխում ժողովրդավարական արժեքներից։  2021 թվականին, ի թիվս Ընտրական օրենսգրքի և հարակից օրենքների մի շարք փոփոխությունների, փոխվեցին նաև նախընտրական հիմնադրամների վերահսկողության և տվյալների հրապարակայնության վերաբերյալ կետերը։ Մասնավորապես, նախընտրական հիմնադրամ նվիրատվություններ կատարած ֆիզիկական անձանց տվյալներն այլևս հրապարակման ենթակա չեն։ Իսկ այդ նվիրատվությունների վերահսկողության գործառույթը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխարեն պետք է իրականացնի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։  Նախընտրական շրջանում ստացած նվիրատվություններով են թեկնածուներն ու կուսակցություններն իրականացնում քարոզարշավը։ Հետևաբար այդ ֆինանսների թափանցիկությունը կարևոր է, որ ընտրողը կարողանա գնահատել քարոզարշավի վրա ծախսվող գումարի օրինականությունը։  Օրենսգրքում կատարված փոփոխությունները, սակայն, սահմանափակել և նվազեցրել են նախընտրական ֆինանսների թափանցիկությունն ու հանրային վերահսկողությունը։   Նախընտրական հիմնադրամ. ի՞նչ և ինչո՞ւ Ընտրություններին մասնակցող կուսակցությունները (համամասնական) և թեկնածուները (մեծամասնական) ընտրական ցուցակը գրանցելու վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո՝ 5 օրվա ընթացքում, պարտավոր են ստեղծել նախընտրական հիմնադրամներ։ Այդ հիմնադրամների համար բանկերում բացվում են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ, որոնց էլ ֆիզիկական անձինք, կուսակցություններն ու թեկնածուները փոխանցում են քարոզարշավի ծախսերն իրականացնելու համար նվիրատվություններ։ Քարոզարշավի ծախսերը ներառում են տարածքների վարձակալումը, բուկլետների տպագրությունը, գովազդային արշավները և այլն։  Նախընտրական հիմնադրամներ նվիրատվությունները կատարվում են բացառապես անկանխիկ եղանակով։ Արգելվում են անանուն նվիրատվությունները։  Նախընտրական հիմնադրամներ կատարվող նվիրատվությունները կարող են կոռուպցիոն ռիսկեր պարունակել, ուստի կարևոր է դրանց թափանցիկությունը և հետագծելիությունը։  Մինչև օրենքի այս փոփոխությունը լրագրողները հնարավորություն են ունեցել ստանալ նվիրատուների վերաբերյալ տվյալները և բացահայտել հետաքրքիր դրվագներ՝ նվիրատվությունների չափի, մոտիվացիայի, ինչպես նաև հնարավոր կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ։ 2021 թվականից սկսած՝ ԸՕ փոփոխությունները շղարշել են գործընթացի թափանցիկությունը՝ անտեսելով հանրային վերահսկողության անհրաժեշտությունն ու կարևորությունը։    Կուսակցություններին նվիրատվություն արած անձանց տվյալները փակ են ԿԸՀ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության լիազորությունները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին փոխանցելուց բացի օրենքում ավելացվեց ևս մեկ դրույթ. նախընտրական հիմնադրամ նվիրատվություններ կատարող ֆիզիկական անձանց տվյալներն այլևս հրապարակման ենթակա չեն։ Այսպիսով, նախընտրական շրջանում հանրությունն ու լրատվամիջոցները զրկվում են կուսակցություններին և թեկնածուներին հաշվետու դարձնելու հնարավորությունից։ Նվիրատվություն կատարող անձանց տվյալների հասանելության սահմանափակումը հիմնավորվում էր նրանց չկաշկանդելու և նրանց նկատմամբ հնարավոր բացասական ազդեցությունը բացառելու նպատակով։  Եթե նվիրատվություն անողների տվյալները փակելը նրանց պաշտպանելու միտում ունի, ապա «Կուսակցությունների մասին» օրենքը հակասում է այդ նպատակին։ Մասնավորապես, վերոնշյալ օրենքը սահմանում է, որ ամեն տարի կուսակցությունները պարտավոր են հրապարակել ֆինանսական միջոցների աղբյուրների, ծախսերի և գույքի վերաբերյալ հաշվետվություններ՝ հաշվետու տարվան հաջորդող մայիսի 31-ից ոչ ուշ։ Այս հաշվետվություններում կուսակցություններին նախընտրական շրջանում նվիրատվություններ արած անձանց տվյալները բաց հրապարակվում են, բայց ընտրություններից հետո՝ հաջորդ տարվա մայիսին։ Այսինքն՝ այս փոփոխությունը նպատակ ունի ոչ թե նվիրատուներին պաշտպանելու, այլ նախընտրական շրջանում կուսակցությունների քարոզարշավի ֆինանսական աղբյուրները թաքցնելու։  Քարոզարշավի ֆինանսների իրական թափանցիկություն ապահովելու համար  կարևոր է նվիրատուների տվյալների հրապարակման ժամկետները։ Դիտարկենք այս տարվա Երևանի ավագանու ընտրությունների` իշխող ուժի նախընտրական ֆինանսների հավաքագրման օրինակը։ Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցան Ավագանու ընտրությունները։ Դրանից առաջ՝ հուլիսի 31-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կազմակերպել էր դրամահավաք-երեկո։ Երեկոյի ընթացքում, ըստ ՔՊ հայտարարության, 987 անձանց նվիրատվությունների արդյունքում հավաքվել էր շուրջ 506 մլն դրամ։ Նվիրատուների ցանկին, սակայն, հանրությունը կարող է ծանոթանալ միայն ընտրություններից 8 ամիս անց։ ԱԺ ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խոսքով դրամահավաք-երեկոյի ընթացքում փոխանցումները կատարվել են անկանխիկ։ Նա հայտնեց, որ «Հայէկոնոմբանկի» հետ համագործակցությամբ տեղադրվել են վճարային տերմինալներ։ Բանկի աշխատակիցները վերցրել են կանխիկ գումարը և մուտքագրել կուսակցության հաշվեհամարին։ Այս միջոցառման ժամանակ նվիրաբերված գումարի մի մասը՝ մոտ 300 մլն դրամը, Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն իր անունից նվիրաբերել է կուսակցության նախընտրական հիմնադրամի հաշվին։ Այսինքն՝ 987 անձանց նվիրատվությունները փաստացի ներկայացվել են որպես ՔՊ նվիրատվություն։ Նախընտրական շրջանում մենք հարցում ուղարկեցինք ՔՊ՝ ստանալու նվիրատուների ցանկը։ Մեզ պատասխանեցին, որ իրենք իրավունք ունեն այդ ցանկը հրապարակել մինչև 2024 թվականի մայիսի 31-ը, ուստի կծանոթանանք ցանկին, երբ այն հրապարակվի։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ, հանրային կապերի համակարգող, պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հնգօրյա ժամկետում ցանկի տրամադրման մերժումը մեկնաբանեց՝ ասելով՝ «Տեղեկատվության ազատության» մասին օրենքը կուսակցություններին չի վերաբերում։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցով, սակայն, մեկ այլ իրավիճակում դատարանի վճիռը պարտավորեցրել է այն կուսակցություններին, որոնք ֆինանսավորվում են պետական բյուջեից, ենթարկվել «Տեղեկատվության ազատության» մասին օրենքին։ «Քաղաքացիական պայմանագիրը»  նույնպես պետբյուջեից ֆինանսավորվող կուսակցություն է։ Հետաքրքիր է, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը դրամահավաք-երեկոյի մասին նախապես չի իրազեկել հանրությանը։  Դրամահավաքից օրեր անց կուսակցությունը միայն հրապարակել է արդյունքները։ Իրավագետ Հասմիկ Սարդարյանը կարծում է, որ թեև նման մոտեցումը նվազեցնում է հանրային վերահսկողության հնարավորությունները, սակայն այն հետապնդում է իրավաչափ նպատակ, այն է՝ ապահովելու քաղաքացիների անխոչընդոտ մասնակցությունը քաղաքական գործընթացներին։ «Սակայն նվիրատուների իրավունքների և հանրային վերահսկողության շահերի միջև հավասարակշռություն ապահովելու նպատակով օրենսդրական փոփոխությունների մակարդակում կարող է դիտարկվել հանրային վերահսկողություն իրականացնող որոշ սուբյեկտներին նվիրատուների տվյալների նկատմամբ որոշակի պայմաններով հասանելիություն տրամադրելու հնարավորությունը»,- նշում է իրավագետը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, ՔՊ նախկին պատգամավոր Վահագն Հովակիմյանը, որը նաև համահեղինակել է ԸՕ փոփոխությունները,  մեզ հետ զրույցում նշեց, որ կուսակցություններն օրենքին հակասող ոչինչ չեն արել, երբ նախընտրական հիմնադրամ մուտքերը կատարել են միայն կուսակցության անունից։ Իսկ հարցին՝ արդյո՞ք դա չի նվազեցնում գործընթացի թափանցիկությունը՝ հաշվի առնելով նախորդ տարիների լրագրողական հրապարակումներն ու բացահայտումները, Վահագն Հովակիմյանը պատասխանեց. «Դե այդպես ասեք, որ մենք ուզում ենք, որպեսզի ընտրությունների արդյունքների վրա ազդենք։ Ձեր ցանկությունն է, որ երբ դուք որևէ հրապարակում կունենաք, որևէ բան կբացահայտեք որևէ կուսակցության հետ կապված, դա ազդի այդ կուսակցության ընտրության արդյունքների վրա։ Դուք քաղաքական ուժերին վերաբերվում եք որպես պոտենցիալ հանցագործների»։ Նա նաև հավելեց, որ որպես ԿԸՀ նախագահ կարծում է, որ ընտրական գործընթացը պետք է լինի թափանցիկ, միևնույն ժամանակ, ընտրության ընթացքի վրա արհեստական խոչընդոտ կամ ազդեցություն չպետք է լինի։  Հովակիմյանը կարծում է, որ եթե լրագրողների նպատակն է թափանցիկ գործընթաց ապահովելը, ապա իրենց համար մեծ տարբերություն պիտի չլինի՝ նվիրատուների ցանկը ուսումնասիրել ընտրությունների ընթացքու՞մ, թե՞ դրա ավարտից շուրջ 8 ամիս անց։   Նախընտրական ֆինանսների հանրային վերահսկողություն չկա, իսկ կա՞ պետական վերահսկողություն Քանի որ ԿԸՀ նախագահը լրատվամիջոցների՝ ռիսկային նվիրատվությունների վերաբերյալ հրապարակումները համարում է ընտրական գործընթացի վրա ազդեցություն կամ արհեստական խոչընդոտ, հարց է առաջանում, թե արդյո՞ք նախընտրական ֆինանսների պետական վերահսկողությունն անխոչընդոտ իրականացվում է։  Նախկինում նախընտրական հիմնադրամների նվիրատվություններն ու ծախսերը վերահսկում էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը (ՎՎԾ)։ Ընտրական ցուցակների գրանցումից հետո` 3 աշխատանքային օրը մեկ, բանկերը նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանք էին ներկայացնում ՎՎԾ, իսկ վերջինս ամփոփում էր այդ տվյալները, կազմում ամփոփ տեղեկանք և այն տեղադրում ԿԸՀ կայքում: Օրենքի փոփոխությամբ ԿԸՀ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության վերահսկողական որոշ լիազորություններ փոխանցվեցին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (ԿԿՀ)։ Նշենք, որ սրան նախորդած  «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխություններով արդեն ԿԿՀ-ին էր փոխանցվել կուսակցությունների ֆինանսական գործունեության վերահսկողությունը։ Իսկ նախընտրական հիմնադրամների մուտքերի ու ելքերի վերահսկողության փոխանցումը ԿԿՀ-ին պայմանավորված էր նրանով, որ վերջինս օրենքով օժտված է ինստիտուցիոնալ անկախությամբ, մասնագիտացված է կոռուպցիոն ռիսկերի գնահատման հարցերում, ունի կոռուպցիայի դեմ պայքարի համար օրենքով վերապահված անհրաժեշտ գործիքակազմ, այդ թվում՝ բանկային գաղտնիքի հասանելիություն։ Այսպիսով, գնահատվել էր, որ վերոնշյալ կարողությունները ԿԿՀ-ին հնարավորություն են տալիս պատշաճորեն իրականացնել նախընտրական քարոզարշավի ֆինանսների  վերահսկողական գործառույթը։  Այս փոփոխության պատճառաբանություններից մեկն էլ այն էր, որ ԿԸՀ ենթակայությամբ գործող Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն ամբողջովին անկախ չի կարող գործել։ Դեռ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում հրապարակված զեկույցում ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակն (ԺՀՄԻԳ) անդրադարձել էր ՎՎԾ կարգավիճակին. «Ըստ Ընտրական օրենսգրքի՝ ՎՎԾ-ն պետք է գործի ԿԸՀ-ից անկախ, սակայն օրենքը հստակ չի սահմանում նրա ինստիտուցիոնալ կարգավիճակը կամ աշխատակարգը: ՎՎԾ-ն ԿԸՀ-ից ունի իրական անկախության պակաս, քանի որ վերջինս է նշանակում ու պաշտոնից ազատում ՎՎԾ ղեկավարին: Բացի այդ, ՎՎԾ-ն չի կարող իր նախաձեռնությամբ որևէ վարչական վարույթ սկսել կամ վիճարկել ԿԸՀ որոշումները»,- նշված է զեկույցում։ Թեև շուրջ 2.5 տարի առաջ ԿԸՀ որոշ լիազորություններ փոխանցվեցին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, սակայն վերջինս այդպես էլ այդ լիազորությունները չիրացրեց։ Փոփոխությունները պիտի ուժի մեջ մտնեին 2023 թվականի հունվարի 1-ից, այսինքն՝  սեպտեմբերին անցկացված Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական ֆինանսների վերահսկողությունը պետք է իրականացներ ԿԿՀ-ն։ Սակայն հետագա փոփոխությամբ լիազորությունների ստանձնումը  ևս մեկ տարով հետաձգվեց։  Մեզ հետ զրույցում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը նշեց, որ «Կուսակցությունների մասին» օրենքի և ԸՕ փոփոխությունները համարում է «ոչ գրագետ»։ Հայկուհի Հարությունյանը Հանձնաժողովին նախընտրական վերահսկողության լիազորությունը հանձնելը ճիշտ չի համարում, քանի որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի կարող ազդել որևէ քաղաքական ուժի՝ ընտրապայքարում լինելու կամ դրանից դուրս մնալու գործընթացի վրա. «Կանխարգելումն այդտեղ այն է, որ եթե կուսակցությունն անօրինական գործողություն է անում, իշխանություն չդառնա։ Իսկ այդ հարցում ԿԸՀ-ն է բացառապես իրավասություն ունեցող մարմին՝ որոշելու թեկնածուն կամ կուսակցությունը ընտրապայքարից դուրս գա՞, թե՞ շարունակի ընտրապայքարին մասնակցել։ Հիմա եթե կուսակցությունը խախտում է արել, ու իրեն շարունակում ենք հանդուրժել, այդ կանխարգելման ավելացված արժեքը ո՞րն է։ Իմաստը ո՞րն է մի ամբողջ մարմնի ռեսուրս ծախսել պետական բյուջեից, ասել ստուգի, որ այդ գումարը անօրինական է,  եզրակացություն տուր, բայց ոչինչ, թող ինքը շարունակի մասնակցել ընտրություններին»,- բացատրում է Հանձնաժողովի նախագահը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը նշում է, որ ի սկզբանե կողմ չի եղել ԿԸՀ լիազորությունները ԿԿՀ-ին փոխանցելուն. «Եթե ընտրությունների ֆինանսավորումը վերահսկում է ԿԿՀ-ն, մենք Սահմանադրության խնդիր ենք ունենում։ Ես այն ժամանակ էլ էի ասում, որ ինչ անում է ԿԿՀ-ն, պիտի ընտրությունների արդյունքների վրա որևէ ազդեցություն չունենա։ Սահմանադրությունն ընտրությունների օրինականության վերահսկողությունը պատվիրակում է բացառապես Կենտրոնական ընտրական հանձնաժողովին»,- ասում է ԿԸՀ նախագահը։ Վահագն Հովակիմյանին հարցրինք՝ եթե ընդունված օրենքի դրույթներից մեկի սահմանադրականության վերաբերյալ մտահոգություններ կան, ինչու՞, օրինակ, նախագահը ստորագրելուց առաջ այն Սահմանադրական դատարան չի ուղարկել։ ԿԸՀ նախագահը պատասխանեց, որ 2021 թվականի մայիսին մոտենում էին արտահերթ ընտրությունները ու բարեփոխումը չէին կարող հետաձգել։ Այդ ժամանակ, ըստ նրա, եղել է ընդհանուր համաձայնություն՝ ընդունելու օրենքը, իսկ հետո՝ մինչև հաջորդ սպասվող ընտրությունները, շուրջ մեկ տարի ժամանակ կլինի ավելի մանրամասն քննարկումներ ծավալելու, և անհրաժեշտության դեպքում, փոփոխություններ անելու։  «2021-ի առաջին կեսը գնաց նախընտրական եռուզեռի վրա, երկրորդ կեսն էլ արդեն նոր խորհրդարան, նոր իրողություն, նոր քաղաքական պայմաններ։ 2022 հունվարին օրենքը, որ ուժի մեջ մտավ, ինչ խնդիրներ որ նախկինում տեսել էինք, քննարկման կարիք կար, բայց շտկելու հնարավորություն 2021-ին չեղավ»,- նշեց Վահագն Հովակիմյանը։   Նախընտրական և ընտրական բոլոր գործառույթները չի կարող ԿԸՀ-ն միայնակ իրականացնել. այս կարծիքին է քաղհասարակությունը, որը մասնակցել է օրենքի փոփոխությանը   Ընտրական օրենսգրքի փոփոխություններում ակտիվ ներգրավված են եղել նաև քաղհասարկության ներկայացուցիչները։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ժողովրդական ինստիտուտի մոնիթորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը, որը մասնակցություն է ունեցել օրենքի փոփոխության քննարկումներին, կարծում է, որ նախընտրական ֆինանսների հանրային վերահսկողությունը կարևոր է. «Եթե կուսակցությունը մի մարդու կուսակցություն է, դրա մասին պետք է խոսել, որովհետև դա նշանակում է, որ ընտրողը տեղեկացված է, իրազեկված է ու իրազեկված որոշում է կայացնում։ Ինձ համար, որպես քաղաքացի, շատ կարևոր է իմանալ, որ ինչ-որ կուսակցություն, օրինակ, մենակ դրսից է ֆինանսավորվում։ Ու դրա իմանալը շատ ավելի լավ ազդեցություն կունենա ընտրությունների վրա, քան այդ ֆինանսավորումը»,- մանրամասնում է Գրիգորյանը։ Նա նշում է, որ Ավագանու ընտրությունների ժամանակ իրենք տեղեկություն ունեին, որ որոշ մարդիկ պարտադրված են եղել մասնակցելու ՔՊ կազմակերպած դրամահավաքին և նվազագույնը 20 000 դրամ նվիրատվություն անելու։  Վարդինե Գրիգորյանը նշում է, որ դեռևս 2011 թվականից քաղհասարակության ներկայացուցիչները, հետագայում նաև Վենետիկի հանձնաժողովը հայտնել են այն կարծիքը, որ քաղաքական ֆինանսավորման վերահսկողությունը չպետք է լինի ԿԸՀ ենթակայության տակ։ Անդրադառնալով օրենքի սահմանադրականության վերաբերյալ մտահոգություններին՝  քաղհասարակության ներկայացուցիչը՝ նշում է. «Դա սուտ փաստարկ է իրականում, որովհետև դա կնշանակեր, որ ընտրական հանցագործություններ, ամեն ինչ ԿԸՀ-ն պետք է քննի։ Ու ընդհանրապես, ընտրությունների հետ կապված՝ ուրիշ ոչ մեկը ոչ մի գործ չպետք է ունենա»,- ասում է Վարդինե Գրիգորյանը։  Օրենքի սկզբնական քննարկումների ժամանակ Վարդինե Գրիգորյանն առաջարկել է նաև, որ ԿԸՀ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը, որպես կառույց, տեղափոխվի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ենթակայության տակ։ Այդ տարբերակը, սակայն, չի դիտարկվել։    Մեկ տարի անց՝ կրկին փոփոխություններ ընտրական օրենսգրքում. ո՞վ է ի վերջո վերահսկողը 2022 թվականի նոյեմբերին Ազգային ժողովն ընդունեց պատգամավորներ Արփինե Դավոյանի և Ալխաս Ղազարյանի հեղինակած «Ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքը։ Այս օրենքով ևս մեկ տարով՝ մինչև 2024 թվականի հունավարի 1-ը, նախընտրական հիմնադրամների ֆինանսական վերահսկողությունն իրականացնելու է ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը։ Օրենքի նախագծում լրացումը հիմնավորվում էր կիրառվելիք օրենսդրական կարգավորումների սահմանադրականության վերաբերյալ մտահոգություններով։  ՔՊ պատգամավոր Արփինե Դավոյանը հրաժարվեց հարցազրույց տալ՝ մեկնաբանելու օրենքի իր հեղինակած փոփոխությունը։ Մեզ պատասխանեց նրա օգնականը՝ նշելով, որ առաջիկա ամսվա ընթացքում Դավոյանը զբաղված է լինելու բժշկական հարցերով։ 2022 թվականի նոյեմբերի փոփոխությունը փաստացի ազատեց ԿԿՀ-ին Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական հիմնադրամների միջոցների վերահսկողությունից։ Իսկ ԿԸՀ-ն հրապարակեց միայն նվիրատվությունների և ծախսերի ընդհանրական հայտարարագրեր՝ առանց իրական նվիրատուների բացվածքի։   Վահագն Հովակիմյանին հարցրինք՝ ինչ նպատակ ուներ այդ փոփոխությունը, արդյո՞ք ավելի նպատակահարմար չէր լինի ԿԿՀ-ին հնարավորություն տալ Ավագանու ընտրությունների ընթացքում իրագործել վերահսկողության լիազորությունները։ ԿԸՀ նախագահը պատասխանեց, որ գործնականում դրա կիրառությունը չափելու էր միայն վնասի աստիճանը։ Ներկայիս կարգավորումներով՝ 2024 թվականի հունվարի 1-ից ԿԿՀ-ն պիտի ստանձնի այդ լիազորությունները։ Հայաստանում հաջորդ ընտրությունները սպասվում են 2026 թվականին։ Այժմ շրջանառվում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նոր փաթեթ, որը դեռ Խորհրդարան չի մտել, գտնվում է լրամշակումների փուլում։ Սպասվող այս փոփոխություններով նախընտրական հիմնադրամների ֆինանսական վերահսկողությունը կվերադարձվի ԿԸՀ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությանը։ Ի դեպ՝  մտցվել է ևս մեկ սահմանափակում. կուսակցությունների նախընտրական հիմնադրամներ փոխանցումներ կկարողանան կատարել միայն կուսակցությունները։ Թեկնածուները, ընտրելու իրավունք ունեցող անձինք իրենց նվիրատվությունները պիտի կատարեն կուսակցությանը, իսկ կուսակցությունն իր անունից՝ նախընտրական հիմնադրամին։  ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի խոսքով փոփոխությունների նոր փաթեթի շուրջ քննարկումների արդյունքում հանգեցին այն եզրակացությանը, որ խնդիրն ունի շատ պարզ լուծում. համամասնական ընտրությունների դեպքում նախընտրական հիմնադրամ փոխանցում կատարելու իրավունք կունենա բացառապես կուսակցությունը։ Կուսակցություններ կատարված նվիրատվությունները «Կուսակցությունների մասին» օրենքով ամբողջովին կմնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ենթակայությանը։ Կուսակցության մուտքերը կվերահսկի ԿԿՀ-ն, իսկ նախընտրական հիմնադրամից կատարված ծախսերը՝ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը։ Պարոն Հովակիմյանի պնդմամբ թափանցիկության հետ կապված խնդիրն ամբողջովին կլուծվի, երբ անցնենք համընդհանուր հայտարարագրման համակարգին. «Եթե նայենք այն հեռանկարը, որ սպասվում է, որ 2024 թվականից Հայաստանում բոլորը հայտարարագրեր են ներկայացնելու, թեման փակվում է»,- ասում է ԿԸՀ նախագահը։   Միջազգայիններն առաջարկում են վերանայել ֆիզիկական անձանց նվիրատվությունները չթույլատրող «պարզ լուծումը»  2023 թվականի հոկտեմբերի 9-ին հրապարակված Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքում նշվում է, որ պարզ չէ, թե քաղաքական կուսակցությունների ընտրական հիմնադրամներին ֆիզիկական անձանց կողմից կատարված նվիրատվությունները ինչու այլևս չպետք է թույլատրվեն: Հաշվի առնելով, որ քաղաքական կուսակցությունների ֆինանսավորումը քաղաքական մասնակցայնության ձև է, և որ կուսակցությունների համար նպատակահարմար է սահմանված պայմաններով դիմել մասնավոր ֆինանսական նվիրատվություններ ստանալու՝ Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը առաջարկում են վերանայել այս փոփոխությունը։ Անդրադառալով ԿԿՀ-ին փոխանցված լիազորությունները ՎՎԾ-ին վերադարձնելուն՝ նշվում է, որ Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն ավելի վաղ ի գիտություն էին ընդունել քարոզարշավների վերահսկողության, ինչպես նաև կուսակցությունների ընդհանուր ֆինանսավորման վերահսկողության պատասխանատվությունն ապագայում ԿԿՀ-ում կենտրոնացման ծրագրերը: Փոփոխությունների ներկայիս նախագիծը չի իրականացնում այդ ծրագրերը։ Ըստ օրենքի նախագծի հիմնավորման՝ անհրաժեշտ է տարանջատել կուսակցությունների ամենօրյա ֆինանսական գործունեության վերահսկողությունը նախընտրական քարոզչության հիմնադրամներում կատարվող վճարների, ծախսերի և դրանց հաշվարկների վերահսկումից և միայն նախընտրական քարոզչության ֆինանսավորման վերահսկողությունը փոխանցել ՎՎԾ-ին։ Թեև հստակ միջազգային ստանդարտներ չկան, որոնք պահանջում են որոշակի ինստիտուցիոնալ կառուցվածք, Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն այն կարծիքին են, որ կուսակցությունների ընդհանուր ֆինանսների և նույն մարմնի (ԿԿՀ) կողմից ընտրարշավների ֆինանսավորման վերահսկումը որոշակի առավելություններ կունենար արդյունավետության և հետևողականության առումով: Առաջարկվում է փոփոխությունների այս հատվածը նույնպես վերանայել։ Համատեղ կարծիքով կառույցներն անդրադառնում են նաև նվիրատուների անունների ոչ հրապարակային լինելուն։ Մասնավորապես նշվում է, որ թեև նվիրատուների անձնական տվյալները հրապարակելու պահանջը կբարձրացնի թափանցիկությունը, օրենսդրությունը նաև պետք է հավասարակշռություն ապահովի այդ պահանջի և անհատ նվիրատուների գաղտնիության վերաբերյալ մտահոգությունների միջև այն դեպքերում, երբ սպառնալիքների, ոտնձգությունների կամ բռնաճնշումների ողջամիտ հավանականություն կա: Կառույցներն առաջարկում են նաև հնարավոր լուծման տարբերակ։ Կարող է սահմանվել շեմ, որից ցածր նվիրատվությունների տվյալները չեն հրապարակվի, որ պաշտպանվեն փոքր գումար նվիրաբերողների գաղտնիությունը։ Ավելի մեծ նվիրատվությունները հրապարակելը կբարձրացնի քարոզարշավների նվիրատվությունների թափանցիկությունը:  ԿԸՀ նախագահին կրկին հարցրինք հանրային վերահսկողության խնդրի մասին՝ նշելով, որ ԿԿՀ-ն կուսակցությունների մուտքերի վերաբերյալ հաշվետվությունը հրապարակում է ընտրություններից ամիսներ անց։ Վահագն Հովակիմյանը նախ պատասխանեց. «Դուք էդ համոզմունքը ունե՞ք, որ եթե անունները հրապարակվի, տվյալ անձինք հետապնդման չեն ենթարկվելու»։ Հետո նաև ավելացրեց, որ իրենք մի միտք էլ ունեն, որ եթե նախընտրական շրջանում կուսակցության հաշվեհամարին ֆիզիկական անձից մուտքեր լինեն, դա կարող է հրապարակվել, ինչպես նախընտրական հիմնադրամի մուտքերը. «Դա կարող է տրվել ՎՎԾ-ին, ՎՎԾ-ն հրապարակի՝ անուն-ազգանուն, գումարի չափ»։   Հասկանալի չէ՝ ի վերջո, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կարծիքով տվյալները պե՞տք է հրապարակվեն, թե՞ ոչ, և ո՞ր մարմինը պիտի իրականացնի նախընտրական հիմնադրամներ կատարվող նվիրատվությունների վերահսկողությունը։ Ակնհայտ է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մեծ ցանկություն չունի դրանով զբաղվելու, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ցանկանում է զբաղվել վերահսկողությամբ, իսկ քաղհասարակությունն ու միջազգային կառույցները կարծում են, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը չունի բավարար անկախություն և գործիքակազմ՝ վերահսկողությունն իրականացնելու համար։ Լյուսի Մանվելյան
17:16 - 29 նոյեմբերի, 2023
«Չեմ ուզում, որ որևէ մեկը վտանգված զգա իրեն այս գործընթացում». Սարգիս Հայոցյանը՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի մասին

«Չեմ ուզում, որ որևէ մեկը վտանգված զգա իրեն այս գործընթացում». Սարգիս Հայոցյանը՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի մասին

Կառավարության «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը հանրության շրջանում ակտիվ քննարկումներ առաջացրեց։ Ըստ նախագծի՝ Երևանի 17-րդ թաղամասին կից կառուցվելու է 700 հա մակերեսով առանձին քաղաք, որտեղ միավորվելու են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները և գիտական ինստիտուտները։ Նախատեսվում է նաև բնակելի թաղամասի կառուցապատում, որտեղ կապրեն այդ հաստատությունների աշխատակիցները։  Այսպիսով, Կառավարությունը նախատեսում է խոշորացնել Հայաստանի պետական բուհերն ու գիտահետազոտական ինստիտուտները՝ միավորելով դրանք հետևյալ կլաստերներում՝ Տեխնոլոգիական, Արվեստների, Կրթական, Սպայական, Դասական և Բժշկական։ Սրանցից չորսը տեղակայվելու են նոր կառուցվող Ակադեմիական քաղաքի տարածքում։ Դասական կլաստերը, որը ներառում է Երևանի պետական համալսարանը, ինչպես նաև Բժշական կլաստերը՝ ներառյալ Հերացու անվան բժշկական համալսարանը, այս պահին կմնան Երևանում։ Թե կոնկրետ ինչ բուհեր ու գիտահետազոտական ինստիտուտներ են միավորվելու և ձևավորելու կլաստերները, հայեցակարգում դեռևս չի նշվում։ Հայտնի է միայն, որ 2027-ից պետական ֆինանսավորում և աջակցություն կստանան բացառապես խոշորացված բուհերն ու դրանց հետ միավորված գիտական կազմակերպությունները։ Կառավարությունը մինչև փետրվարի 15-ը բուհերից ու ինստիտուտներից հայեցակարգային առաջարկների է սպասում, «որոնց հիման վրա կմշակվի խոշորացման ընդհանուր դրույթային բազան»:  «Ինֆոքոմը» հարցազրույցների շարք է սկսել գիտական ինստիտուտների ու բուհերի ղեկավարների, պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։ Նպատակն է  հասկանալ, թե ինչ դիրքորոշում ունեն տարբեր կողմերն այս նախագծի վերաբերյալ, և ինչ առաջարկներ են պատրաստվում ներկայացնել Կառավարություն։ Զրուցել ենք Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի հետ։   Պարո՛ն Հայոցյան, «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի հիմքում ընկած է Կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը։ Չէի ասի, որ հիմքում է ընկած։ Հայեցակարգում հղում է արվում այս փաստաթղթին, Ակադեմիական քաղաքի կառուցման մասին էլ նշված է հենց այս ծրագրում։ Ծրագրում բարձրագույն կրթության մի շարք խնդիրներից է խոսվում, նաև սահմանված են նշաձողեր, նշված է, թե խնդիրները լուծելուց հետո ինչպիսի համալսարաններ պիտի լինեն Հայաստանում։ Սակայն «Ակադեմիական քաղաք» ծրագիրը հավասարապես վերաբերում է նաև գիտությանը։ Գիտության մասով հետազոտություններ կամ ուսումնասիրություններ արվե՞լ են, որոնք դրվել են հայեցակարգի հիմքում։ Գիտական մասով, հետազոտություն չասեմ, վիճակագրություններ կան։ Արդեն երրորդ տարին է, որ գիտության ոլորտում էապես պետական ներդրումներն աճում են, ծրագրերի թիվը կրկնապատկվել է, դրամաշնորհային ծրագրերի ծավալը, որակն են մեծացել, պահանջներն ու  հնարավորություններն են մեծացել, բայց, միևնույն ժամանակ, մենք ունենում ենք գիտական արդյունքի ոչ համարժեք աճ։ Երեք տարին բավարար ժամանակահատված է, որպեսզի տեսնենք աճը։ Այսինքն, մեր ֆինանսավորումը, դիցուք, երկուսուկես անգամ ավելացել է արդեն 2018 թվականի համեմատ, բայց մեր հրապարակումների քանակն ու որակն անգամ 50%-ով չեն ավելացել։ Այստեղ գիտական արտադրողականության հետ խնդիր կա։ Միայն ֆինանսավորում ավելացնելը բավարա՞ր է։ Իհարկե, ո՛չ։ Այդ դեպքում ո՞րն է խնդիրը։ Ֆինանսավորումը բացարձակ ցուցանիշն է։ Գումարը վերջնական ցուցանիշն է, թե ֆինանսավորումն ինչ ճանապարհներով է իրականացվում։ Մենք ունենք արտերկրի գիտնականների կողմից հեռավար ղեկավարվող լաբորատորիաների ծրագիր, ինչը նպաստում է արտերկրի փորձը, մեթոդաբանությունն ու գիտական հետաքրքրությունները ներմուծելու հայկական իրականություն։ Մենք ունենք ինտեգրման ծրագիր, որն արտասահմանից գիտնականներին հնարավորություն է տալիս վերադառնալու կամ տեղափոխվելու Հայաստան, հաստատվելու այստեղ։ Մենք ունենք գիտական սարքերի [ձեռքբերման] ծրագիր, որն այս տարի 4,2 միլիարդ դրամ է, անցած տարի մոտ 3 միլիարդ դրամ էր: Սա բավականաչափ մեծ ծավալի ներդրում է ենթակառուցվածքների մեջ։ Ցավոք սրտի, մի փոքր դանդաղ է ձեռքբերման գործընթացը գնում, բայց արդեն բավականաչափ համալրված ինստիտուտներ ունենք։ Մենք ունենք վերապատրաստման ծրագրեր, որոնք գիտնականներին հնարավորություն են տալիս գնալ, սովորել սարքերով աշխատել ժամանակակից մեթոդաբանությամբ։  Միայն գումարով չէ, մենք խնդրի վրա գումար չենք «նետում» ու ակնկալում, որ լուծվելու է։ Համապատասխան բոլոր քայլերն արվում են։ Բայց դրա արդյունքում, մենք, միևնույն է, ունենք անկում, որովհետև ունենք գիտական համայնքի տարիքային անհամաչափ բաշխում։ Յուրաքանչյուր երեք կամ չորս օրը մեկ մենք համակարգից կորցնում ենք 50 տարեկանից բարձր մի գիտնական։ Վերջին երկու տարիներին Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն տարբեր ծրագրեր է իրականացնում երիտասարդներին ներգրավելու համար, անգամ բակալավրում սովորողները կարող են հետազոտություններում ներգրավվել։ Այդ դեպքում ինչո՞ւ է շարունակում երիտասարդ կադրերի պակաս զգացվել։  Իրականում, խոսքը երիտասարդ կադրերի պակասի մասին չէ, գիտական արտադրողականության պակասի մասին է։ 50 տարեկանից բարձր մարդիկ մեր ամենակրթված, ամենապատրաստ գիտական համայնքն են՝ որոշակի շատ դրական բացառություններով երիտասարդության մասում, բայց այդ մարդիկ են շարժիչ ուժն առայժմ։ Մենք այդտեղ կորուստներ ենք ունենում։  Երիտասարդներին, այո՛, ճիշտ եք նշում, բակալավրիատից, հանրապետական օլիմպիադայի որոշ մրցանակակիրների՝ անգամ առաջին կուրսից, մենք հնարավորություն ենք ստեղծում ներգրավվելու հետազոտություններում, բայց այդ մարդիկ երիտասարդ են, անփորձ են, դեռևս շատ լավ չեն հասկանում՝ գիտությունն ինչ է։ Նրանց պետք է որոշակի կարիերա անցնել։ Կրթությունը դրա համար է։ ՏՏ ոլորտ չէ, որ մտնես, մի քանի ամիս սովորես ու կարողանաս բավարար արտադրողականություն ունենալ։ Այս մարդկանց էլ ինչ-որ ժամանակ է պետք ռեալ գիտնական դառնալու համար։  Հավանաբար խնդիրը միջին տարիքի գիտնականների պակասն է, քանի որ ժամանակին գիտությունը չի համալրվել բավարար քանակի երիտասարդ կադրերով, որոնք այսօր պիտի 30-50 տարեկան լինեին։ Այո՛։ Հետխորհրդային և գիտության ցածր ֆինանսավորում ունեցող գրեթե բոլոր երկրների համար խնդիր է այդ տարիքային երկսապատ վիճակը։ Մենք գիտության մասով պիտի արձանագրենք այդ աղետալի վիճակը․ դու կորցնում ես քո ամենակարող հատվածը։ Եվ եթե համալրման որևէ գործուն մեխանիզմ չլինի, ի վերջո, կորցնելու ենք գիտությունը՝ որպես պրոֆեսիոնալ զբաղմունք։ Մենք կունենանք շատ բարձր վարձատրվող երիտասարդներ, որոնք գուցե դեռ այդքան էլ չեն հասկանում՝ գիտությունն ինչ է։  Դուք խոսեցիք գիտական արտադրողականության մասին։ Խնդիրը գիտական բոլո՞ր կազմակերպություններում է, փորձե՞լ եք հասկանալ՝ որ գիտական կազմակերպություններն են լավ արդյունք տալիս, որոնք՝ միջին, որոնք՝ վատ։ Ամեն ինչ արված է, տվյալները չենք հրապարակել, բայց ամեն տարի հաշվետվություն է ստացվում ինստիտուտներից, ամեն տարի տարի այդ հաշվետվությունները մշակվում են, թե ինչ քանակի և որակի տպագրություններ ունեն, ինչ տիպի գործունեություն են ծավալում, պետական բյուջեից դուրս ինչքան գումար են կարողացել ներգրավել։ Գիտական կազմակերպությունների քանի՞ տոկոսն է արդյունավետ աշխատում։  Մենք ունենք գիտական 4 կազմակերպություն, որ արդյունավետ է աշխատում, և ունենք ընդհանուր 35 գիտական կազմակերպություն։ Միայն Գիտությունների ազգային ակադեմիայի ներսո՞ւմ։ Ո՛չ, ընդհանուր Հայաստանում։ Այդ կազմակերպությունների անունները կարո՞ղ եք նշել։ Տեսեք, ամենաուժեղն ավանդաբար միշտ եղել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան (ԱԱԳԼ), որը տեսական ֆիզիկայի շատ ուժեղ դպրոց ունի, համաշխարհային մեծ գիտափորձերի է մասնակցում։ Նրանք ապահովում են Հայաստանի հրապարակումների մոտ 25%-ը։ Հետո Գիտությունների ազգային ակադեմիան է, Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ), Բժշկական համալսարանը։ Բայց եթե արդեն բաղդատում ենք [ԳԱԱ] առանձին գիտական ինստիտուտները, ըստ Web of Science-ի տվյալների՝ Աշտարակի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտն է (41 հոդված), Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը (27 հոդված), Քիմիական ֆիզիկայի ինստիտուտը, որտեղ բավականաչափ ներդրում ունենք, բայց նոր է սկսում թափ հավաքել (24 հոդված): Քանակի, բայց ոչ որակի առումով Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնն է (49 հոդված)։ Բարձրագույն կրթության և գիտության մեջ եղած խնդիրները լուծելու բոլոր տարբերակները սպառվե՞լ էին, որ որոշում կայացվեց բուհերն ու գիտական կազմակերպությունները միավորելու։  Բոլորը տարբերակերը չեն սպառվել, բոլոր տարբերակների ուղղությամբ աշխատանքներ տարվում են։ Խնդիրը հետևյալն է․ ինստիտուտներն ուղղակի վերանում են, փոքրանում են, սեղմվում են, դառնում են խիստ անկենսունակ՝ որոշակի բացառություններով։ Մեզ մոտ իլյուզիա է ստեղծվում, երբ մենք, օրինակ, մի երկու ինստիտուտ ենք նայում, տեսնում ենք՝ այնտեղ երիտասարդ է անձնակազմը, օրինակ՝ Էկոկենտրոնը, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը կամ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտը։ Բայց այդ փոքրաթիվ բացառությունների պարագայում մենք ունենք դեռևս 32 ինստիտուտ, որտեղ չկա այդ միջավայրը։  Մենք ինչո՞ւ ենք ուզում, որ գիտական հետազոտությունը լծորդված լինի, միավորված լինի բուհի հետ։ Որ այդ կազմակերպությունը որևէ ձևով ներգրավված լինի կրթական գործընթացի մեջ, պարտավոր լինի ուսանողներ ընդունել իր լաբորատորիաներում, որպեսզի, նախ, ուսանողը տեսնի՝ ինչ է պրոֆեսիոնալ գիտությունը, մյուս կողմից էլ այս մարդիկ ընտրության հնարավորություն ունենան, այսինքն՝ երբ որ երիտասարդը գալիս է լաբորատորիա, կարողանան ընտրություն անել նրանց միջից։  Վերջին հաշվով, ինստիտուտների միավորումը համալսարաններին սխալ է մեկնաբանվում․ որևէ անգամ խոսակցություն չի եղել այսօրվա կառավարման համակարգի պարագայում համալսարաններին ինստիտուտների միավորման մասին։ Ոչ ոք չի խոսում այն մասին, որ ինստիտուտը դառնում է ինչ-որ մի իրավազուրկ կառույց, որը գործում է ինչ-որ ֆակուլտետի, ամբիոնի ներքո։ Խոսքը կառավարման նոր համակարգ մշակելու մասին է, ինչի վերաբերյալ մենք խնդրել ենք նաև ԵՊՀ գործընկերներին Իրավաբանական ֆակուլտետի հետ առաջարկություն մշակել, որպեսզի ինստիտուտը լինի հավասար գործընկեր միավորված բուհ կոչված համակարգի մեջ։ Այս տարիների ընթացքում բուհերի և ինստիտուտների մերձեցումը, կապը ինչո՞ւ հնարավոր չի եղել համագործակցության միջոցով ապահովել։ Որովհետև կապը փորձել ենք ապահովել գործող հարաբերությունների շրջանակում։  Գործող հարաբերությունների շրջանակում այդ կապն ապահովվում է այն պարագայում, եթե ունենք համապատասխան վերաբերմունք դերակատարների կողմից, այսինքն՝ լաբորատորիայի վարիչի համար նորմալ է համագործակցել բուհի հետ, հետևաբար համագործակցություն լինում է, նորմալ չէ՝ չի լինում։ Մենք մտնում ենք մի դաշտ, որտեղ կարգավորված չէ։ Այն, ինչ որ մենք ենք առաջարկում քննարկել մինչև փետրվարի 15-ը (Կառավարությունը մինչև փետրվարի 15-ը բուհերից և գիտական կազմակերպություններից միավորման գործընթացի վերաբերյալ հայեցակարգային առաջարկներ է սպասում,- խմբ․), հետևյալն է․ ինչպե՞ս անել, որ ուսանողն իր կրեդիտների որոշակի քանակ պարտավոր լինի հավաքել գիտական լաբորատորիայում։ Այսինքն՝ երբեք չի խոսվել այն մասին, որ որևէ գիտնականի պարտադրենք մտնել լսարան։ Գուցե այդ գիտնականը լսարանում լավ չի դասախոսում։ Այսինքն՝ ուսանողի կրեդիտները միայն դասախոսական մոդուլներից չհավաքվեն, այլ ուսանողի հետազոտական աշխատանքի մասն ապահովի ինստիտուտը։ Դա շատ տարածված մոդել է արևմտյան աշխարհում։ Շատ տարբեր համալսարաններում կան հետազոտական կենտրոններ, որոնք որևէ ձև ներգրավված չեն ուսումնական գործընթացում, միայն որոշակի կրեդիտների պարտավորություն ունեն․ այդ կրեդիտը կարող են ապահովել՝ լսարանում դասավանդելով կամ ուսանողների հետազոտական կամ ավարտական աշխատանքներն իրենց լաբորատորիայում անցկացնելով։ Ունեն որոշակի պարտավորություն կրթական պրոցեսին ծառայելու, բայց ծառայության ձևի մեջ ազատ են։  Այդ մոդելներն այնքան բազմազան են, որ փոխանակ մենք նստենք, մտածենք, թե ինչպես անենք, պարզապես փորձում ենք այդ ամենին ընդդիմանալ, ինչը մի քիչ տրամաբանական չէ, որովհետև թվերն այլ բան են ցույց տալիս։ Պարո՛ն Հայոցյան, հիմա շատ հստակ է, թե որոնք են կառավարության սահմանած նշաձողերը բարձրագույն կրթության համար՝ ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան կրթական ծրագրեր, բուհերում ուժեղացնել հետազոտական բաղադրիչը և այլն։ Բայց Հայաստանը դեռ չունի գիտության ռազմավարություն․ այն մշակման փուլում է։ Ինչո՞ւ մինչև այս փոփոխությունների մասին հայտարարելը չհրապարակվեց գիտության ռազմավարությունը։  Գիտության ռազմավարության մինչև հիմա չմշակված լինելու պատճառները մի քանիսն են։ Գիտության մեջ, նկատել եք երևի, ներդրումների ծավալը 2020 թվականից սկսել է էապես ավելանալ։ Դա ինչի՞ հետևանք է․ Կառավարության ծրագրում հստակ նշված են գիտության մեջ կատարելիքները, նշված են թիրախներ։ Մենք կարող ենք տեսականորեն Կառավարության ծրագիրը համարել գիտության մինի-ռազմավարություն։ Գիտության ռազմավարություն ունենալու համար մեզ պետք է, որ գնահատենք՝ ինչ ունենք հիմա, քանի որ այժմյան գնահատական տալը բարդացել է ինչի՞ պատճառով, որ այդքան ներդրումների ծավալի աճը բերում է որոշակի որակական փոփոխությունների։ Պետք է ինչ-որ մի կետում կարողանանք գնահատել, որ հասկանանք՝ ուր ենք առաջ տանում այս ամեն ինչը։ Արդյո՞ք գիտության ռազմավարության մեջ սահմանվելու է, թե ինչու է Հայաստանին պետք գիտությունը․ գիտությունը բոլոր ուղղություններով շարունակելու է զարգանալ ու նոր գիտելիք ավելացնե՞լ, թե՞ լինելու են գերակա ուղղություներ, որոնք Հաայստանի համար կոնկրետ խնդիրներ են լուծելու։ Թեզը, որ շրջանառվում է, թե բոլոր ուղղություններով մենք գիտություն ենք ֆինանսավորում աշխարհին գիտելիք տալու համար կեղծագույն թեզ է, որովհետև Հայաստանի Հանրապետությունը չի կարող ֆիզիկապես բոլոր ուղղություններով գիտությամբ զբաղվել։ Հայաստանն անում է խիստ սահմանափակ ուղղություններով հետազոտություններ։ Ինչ որ մենք ունենք, այն է, որտեղ Հայաստանն ուժեղ է․ դե ֆակտո դրանք մեր ռազմավարական ուղղություններն են։ Այդ ուղղությունները Հայաստանի համար մի օր անվտանգային և այլ կարևոր խնդիրներ լուծելո՞ւ են։ Գիտությունն, առհասարակ, գործունեության հեռանկարային ոլորտ է․ գիտության թիրախը պետք է լինի ապագան, գիտության թիրախն այսօրը չէ։ Այսօրվա համար արհեստագործական կազմակերպություններ կան, արտադրություններ կան։ Այսօր գիտությունը նայում է տասը և ավելի տարի կտրվածքով։ Գիտական գործունեությունը մարդկությանն անհայտ գիտելիքի հայտնի դարձնելն ու ձևակերպելն է գիտական մեթոդի միջոցով։ Եթե մի բան դեռ անհայտ է մարդկությանը, երբ հայտնի է դառնում, ինչ-որ ժամանակ է պետք, մինչև կիրառես։  Երբ խոսում ենք անվտանգային խնդիրների մասին, խոսում ենք մշակումների մասին։ Գիտական հետազոտությունները բաժանվում են հիմնարար, կիրառական հետազոտությունների և փորձարարական մշակումների։ Հիմնարարը բնության հիմնարար օրենքների ուսումնասիրությանն ուղղված հետազոտություններն են, կիրառականը, որոշակի խնդիր ֆոկուսում ունենալով, հետազոտական աշխատանք իրականացնելն է, փորձարարաան մշակումն էլ արդեն պատրաստի նախատիպ ունենալն ու պատրաստվածության որոշակի փուլերի հասցնելն է։ Գիտությունը ծառայում է տնտեսությանը մարդկային կապիտալի միջոցով և հակառակ ճանապարհով, երբ տնտեսական գործունեության ոլորտից՝ պետությունից կամ մասնավոր հատվածից, կա պատվեր գիտությանը։ Իսկ դա ինչպե՞ս է տեղի ունենում։ Երբ տնտեսությունն իր գործունեությունը ծավալելիս հասնում է մի խնդրի, այդ խնդրի լուծման համար վարձում է գիտնականների կամ փորձագետների։ Պետք է հասկանալ՝ դա գիտակա՞ն խնդիր է, թե՞ ոչ, մարդկությանն անհա՞յտ խնդիր է, որը պետք է լուծել գիտական մեթոդով, թե՞ մարդկությանը հայտնի խնդիր է, ուղղակի տնտեսվարողը չգիտի։ Դրա համար գոյություն ունեն տեխնոլոգիաների փոխանցման կենտրոններ, որոնք նայում են՝ շուկայում ինչ է կատարվում։ Այսինքն՝ այդտեղ թարգմանիչ կառույց էլ է պետք, որովհետև երբ տնտեսվարողը գալիս է, ինչ-որ հարց տալիս, գիտնականը կարողություն ունի այդ խնդիրը լուծելու, եթե այն բերվի գիտական խնդրի տեսքի։ Հայեցակարգը կարդալիս տպավորություն է, որ Տեխնոլոգիաների կլաստերում լինելու է տեխնոլոգիայի փոխանցման գրասենյակ։ Իհարկե՛։ Էկոնոմիկայի նախարարությունն ունի Նորամուծությունների և ձեռներեցության ազգային կենտրոն (ՆՁԱԿ), որն իրականացնում է այդ գործառույթը։ Գործառույթն Էկոնոմիկայի նախարարությունից փոխանցվելու է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությա՞նը (ԿԳՄՍՆ)։ Մենք ունենք ՆՁԱԿ, որը փորձում է մշակել այդ համակարգը։ Տեխոնոգիաների փոխանցման կենտրոնը գերատեսչական չի լինելու, պատկանելու է տվյալ համալսարանին։ Համալսարանն իր արտադրանքը փորձելու է հասցնել շուկա։ Վալիդ է նման կենտրոն ունենալ այդ մասշտաբի համալսարանի համար, որովհետև այնտեղ կենտրոնացած են լինելու տեխնոլոգիական ողջ ներուժն ու ենթակառուցվածքները։ Եվ, իհարկե, շահույթի մի մասը վերադառնալու է համալսարանին։  Վերադառնալով գիտության ռազմավարությանը․ ո՞րն է լինելու Հայաստանի գիտության տեսլականը։ Գիտության տեսլականն, ամեն դեպքում, ինչքան էլ մեզ քննադատում են միջազգային հրապարակումների վրա կենտրոնանալու համար, լինելու է միջազգային գիտական համայնքում ներկայության որակական և քանակական ցուցանիշների բարձրացումը։  Խնդիր չի՞ դրվելու ունենալ միջազգային հեղինակություն ունեցող հայկական գիտական ամսագրեր։ Որքան հասկացել եմ տարբեր զրույցներից, հատկապես հայագիտական թեմաների համար դա ևս կարևոր է։ Միանշանակ։ Հայագիտության ուղղությամբ որոշ ամսագրեր ընտրվելու են, և դրանք պետական աջակցությամբ փորձելու ենք աճեցնել մինչև միջազգային հարթակներում ներկայացվածություն, որովհետև հայագիտական հետազոտությունների թեման ավելի շատ մեզ է հետաքրքիր։ Բայց գիտության մնացած ուղղությունների մասով, այդ թվում՝ միջազգային հետաքրքրություն ներկայացնող հայագիտական թեմաների, միջազգային ներկայացվածությունը կարևոր է, որովհետև դա նաև գիտնականի վալիդացիայի մեխանիզմ է։ Գիտնականն ունի՞ միջազգային հոդված, նշանակում է՝ նա ի վիճակի է անել աշխատանք, որը համապատասխանում է միջազգային չափանիշներին, լսել քննադատություն իր աշխատանքի մասին, հաղթահարել այդ քննադատությունն ու, ի վերջո, տպագրել։ Հետո էլ այդ տպագրություններին արված հղումները ցույց են տալիս, թե ինչքանով է այդ մարդու աշխատանքը հետաքրքիր ու պետքական միջազգային հանրությանը։  Հիմնականում այս չափանիշներն, իհարկե, STEM (բնական գիտություններ, տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա,- խմբ) ոլորտն են նկարագրում, բայց հայագիտության ոլորտում էլ եթե ինչ-որ հետազոտություն ես անում, իմ սուբյեկտիվ կարծիքով այդ մասին պետք է հայտարարել հնարավորինս մեծ, լայն շրջանակների, որպեսզի հետո չբողոքենք, որ այլ հետազոտողներ իրենցով են անում մեր մշակութային ժառանգությունը կամ կեղծ հոդված են տպում։ Գանք ամենակարևոր հարցին․ Հայաստանի գիտական կազմակերպությունները հիմնականում պետական ոչ առևտրային կազմակերպություններ են (ՊՈԱԿ), բուհերը՝ հիմնադրամներ։ Հստակ չէ՝ կլաստերներն իրավակազմակերպական ինչ ձև են ունենալու, և բուհերն ու գիտական կազմակերպություններն այդ կլաստերների ներսում ինչ կարգավիճակ են ունենալու` հավասարազո՞ր, թե՞ մեկը մյուսից կախյալ։ Այդ հարցը դրված է մասնակցային բաց քննարկման։ ԿԳՄՍ նախարարի հանձնարարությամբ գիտական կազմակերպություններին ու բուհերին հրավիրել ենք առաջարկություններով հանես գալ։  Այո՛, գիտական կազմակերպությունների մեծ մասը ՊՈԱԿ-ներ են, ԱԱԳԼ-ն հիմնադրամ է, «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը հիմնադրամ է։ ՊՈԱԿ-ների մեծ մասը գտնվում է ԳԱԱ ենթակայության տակ, և նրանք որոշակի լծակներով կախված են Ակադեմիայից․ Ակադեմիայի նախագահությունն է տնօրեն նշանակում, ֆինանսներ տրամադրում, նրանք հաշվետու են Ակադեմիային։ Ֆիքսենք այս կետը, որ այդ կազմակերպությունները որոշակի կախվածություն ունեն որևէ կառույցից։ ԱԱԳԼ-ն ու «ՔԵՆԴԼ»-ն էլ կախված են իրենց հոգաբարձուների խորհրդից։  Ինչքան որ մենք քննարկումներ ենք ունեցել ինստիտուտների հետ, նրանց հիմնական խնդիրը հետևյալն է․ կլաստերների ներսում ունենալ որոշակի ակադեմիական և ֆինանսական անկախություն, դիմել որոշակի ծրագրերի։ Նրանք կառավարող մարմին ունենալո՞ւ են։ Ես չեմ ուզում լուծում ասել։ Ես ասում եմ, թե ինչ ենք մենք հավաքագրել մինչ հիմա։ Դա բավականաչափ լեգիտիմ պահանջ է, որովհետև այդպես են նրանք կազմակերպել իրենց աշխատանքը, և ենթադրվում է, որ նորմալ է, որ նրանք այդպիսի պահանջներ են ներկայացնում։  Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն և, առհասարակ, Կառավարությունը համաձա՞յն են գիտական կազմակերպությունների ներկայացրած պահանջներին։ Կամաց-կամաց փորձում եմ հասնել այդ հարցին։ Բուհերն էլ ասում են հետևյալը․ չի կարող գոյություն ունենալ մի կառույց, որն ամբողջությամբ անկախ է բուհից, եթե այն բուհի կազմի մեջ է։ Հիմա պետք է հասկանալ հետևյալը․ գիտական կազմակերպություններն արդեն իսկ սովոր են որոշակի կախվածության Ակադեմիայից կամ հոգաբարձուների խորհրդից։ Եթե գիտական կազմակերպությունը բուհի հետ աֆիլացվում է (փոխկապակցվում,- խմբ․), աֆիլացվի այնպես, որ վայելի իր նույն ազատությունները, բայց, միևնույն ժամանակ, հաշվետվությունների, հակակշիռների, պատասխանատվությունների մեխանիզմ լինի, այսինքն՝ տվյալ կազմակերպությունն ամբողջովին անկախ չլինի բուհից։ Այս պարագայում կան կառավարման տարբեր մոդելներ։ Այստեղ մի խնդիր կա․ բուհերի կառավարումից ոչ բոլորն են գոհ։ Ես դա էլ եմ ուզում շոշափել։ Դրա համար իմ խոսքի մեջ սկզբում նշել էի՝ մեր խնդիրները գալիս են նրանից, որ համարում ենք, թե գիտական ինստիտուտները բուհերի այսօրվա կառավարման մոդելով են միանալու բուհերին։ ԵՊՀ-ի գործընկերներին խնդրել ենք առաջ քաշել բուհի կառավարման մոդել։ Բայց մենք էլ, իհարկե, որպես պետական կառավարման մարմին, առաջարկով հանդես կգանք։  Այդ կառավարման մոդելն ինչի՞ մասին է լինելու, որ տվյալ միավորները՝ կլինեն բուհերը թե գիտական կազմակերպությունները, ունենան կառավարման մի մարմին, հովանոց։ Եթե հիմա այն Ակադեմիան է, այնտեղ կլինի որևէ մի կառուցակարգ՝ հոգաբարձուների խորհուրդ կամ համատեղ կառավարման խորհուրդ, բուհն ու գիտական կազմակերպությունը կունենան իրար վրա վետոյի որոշակի իրավունքներ, որպեսզի միակողմանի որոշումներ չլինեն, և նաև պարտականությունների կիսում լինի։  Սա այն դաշտն է, որ քննարկման համար բաց է։ Միևնույն ժամանակ, որոշակի ազատություն էլ կա թողած, որ եթե այս քննարկումների արդյունքում կարիք առաջանա իրավակազմակերպական որևէ նոր ձևի, առաջարկեն և դա հիմնավոր լինի, մենք էլ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և այլ օրենքներում ամրագրենք այդ իրավակազմակերպական ձևը։ Ակադեմիական քաղաքն էլ առանձին իրավակարգավորումներ է ունենալու «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում։ Դաշտը բաց է ստեղծագործ և առաջադիմական գաղափարների համար։ Բոլորս էլ կարող ենք նստել ու ասել՝ այն, ինչ որ լավ է, այդպես պահենք, որովհետև այդպես հարմար է։ Բայց երբ որ Հայաստանի մակարդակով ենք նայում, որոշակի տարիների կտրվածքով ենք նայում, մեզ փոփոխություններ պետք են, որովհետև թվերը ցույց են տալիս, որ մենք ինչ էլ անում ենք, անխուսափելի խնդիրներ ունենալու ենք։ Կրթության մինչև 2030 թ․ զարգացման պետական ծրագրում նշվում է, որ «կա քաղաքական կամք ապահովելու կուսակցական ազդեցություններից ազատ, անկախ կրթական միջավայր»։ Մեր բուհերի մասին այս պնդումն անել չենք կարող․ թվեմ մի քանի բուհերի հոգաբարձուների խորհուրդների նախագահների անունները՝ Սուրեն Պապիկյան, Ժաննա Անդրեասյան, Վահագն Խաչատուրյան։ Կարող եք ավելացնել Տիգրան Խաչատրյանին (փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նոյեմբերի սկզբին դարձել է Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը,- խմբ․)։ Ինչպե՞ս եք ապահովելու, որ ձևավորվելիք կլաստերները կուսակցական ազդեցությունից զերծ լինեն։ Շատ հիմնավոր հարց եք տալիս։ Նախ, այն, ինչ որ հիմա ունենք, պետական հիմնարկներ են։ Մյուս կողմից՝ պետք է գոյություն ունենան օրենսդրական որոշակի պարտավորություններ, որ բուհը պետք է լինի ապաքաղաքական։ Դա շատ երկրներում ամրագրված է օրենքներում, որովհետև խնդիրները ստեղծվում են, երբ բուհերը սկսում են քաղաքականացվել, իսկ բուհերը քաղաքականացվում են, երբ օրենսդրական սահմանափակումներ չկան։ Այսօր ինչքան էլ հոգաբարձուների խորհուրդներում պաշտոնյաներ կան․․․ Նաև կուսակցությունների ներկայացուցիչներ։ Ասենք կուսակցական մարդիկ, որովհետև նրանք որպես կուսակցության ներկայացուցիչ չեն գործուղված  այնտեղ, մարդիկ են, որոնք նաև կուսակցական են։ Բայց ամեն դեպքում ես չեմ կարծում, որ մենք այսօր ունենք դաշտում կուսակցականացման, կուսակցության ներխուժման գործընթաց։ Ընդհակառակը, մենք փորձում ենք կուսակցական մնացուկները վերջնականապես հանել բուհերից։ Բայց վտանգ կարող է, չէ՞, լինել։ Անձերով չպայմանավորենք, այլ համակարգային նայենք խնդրին։ Համակարգային առումով, այո՛, վտանգ կարող է լինել։ Դրա համար մենք հիմա զուգահեռ նայում ենք՝ օրենսդրական ինչ լծակներ ու գործիքներ են աշխատում աշխարհում, որոնք կանխարգելում են բուհի՝ քաղաքական գործընթացներին մասնակցելը, որովհետև երբ բուհը սկսում է քաղաքական գործընթացներին մասնակցել, խախտում է իր առաքելությունը, որն է կրթությունը, գիտությունը, ապագան, խախտում է իր անկողմնակալության ու հավասարության առաքելությունը։ Ես չգիտեմ որևէ զարգացած երկիր, որտեղ բուհերը, բացի մարդկային նշանակության խնդիրներից, որևէ կուսակցություն պաշտպանեն ընտրությունների ժամանակ, քաղաքական հայտարարություններ անեն։ Օրենսդրորեն այդ ամենը կարգավորվելո՞ւ է։ Իհարկե՛։ Աշխարհում կարգավորված է, մենք ուղղակի պետք է հասկանանք՝ ինչպես է կարգավորվում, և այո՛, պետությունը պատրաստ է դրան գնալ։ Բայց այս պարագայում էլ պետք է հասկանանք հոգաբարձուների խորհրդի ձևավորման կարգը, որովհետև ենթադրվում է, որ հոգաբարձուների խորհուրդում պետք է լինեն մարդիկ, որոնք իրոք հոգատարություն ունեն համալսարանի հանդեպ ու որոշակի ներդրում ունեն այդ ամեն ինչի մեջ։ Ուզում եմ՝ հստակ դա հասկանանք, որ կառավարման մոդելի փոփոխություն և առաջարկ ասելով՝ մենք հասկանում ենք կառավարման մոդելի ամբողջական փոփոխություն։ Այն պիտի լինի ապակուսակցական, ապաքաղաքական, ծառայի միայն կրթությանը, գիտությանն ու առաջընթացին։  Այսպիսի մի երկընտրանք կա․ կրթական կամ գիտական հաստատությունը պիտի ղեկավարի մարդ, որն այդ ոլորտների՞ց է, թե՞ մարդ, որը կառավարիչ է։ Նախատեսո՞ւմ եք, որ կլաստերները ղեկավարող մարդիկ կվերապատրաստվեն, կառավարչական հմտություններ ձեռք կբերեն։  Միանշանակ։ Մեր վերջին այցելության ժամանակ հուշագիր ստորագրեցինք Լոնդոնի Արվեստների համալսարանի հետ, և հուշագրի կետերից մեկով հենց կառավարման մոդելի փոխառություն պիտի անենք։ Մենք հասկանում ենք, որ բավականաչափ պատրաստված կառավարիչներ այսօր շատ քիչ ունենք, իսկ այդ ծավալի հիմնարկ ղեկավարելու համար կառավարիչներ, բացառում եմ, որ ունենք։ Այդ մարդիկ պիտի կրթվեն։  Հետաքրքիր երկընտրանք է՝ ղեկավարը պիտի լինի [տվյալ ոլորտի] մասնագե՞տ, թե՞ պրոֆեսիոնալ կառավարիչ, բայց այդ դիլեման, ինձ թվում է, միանշանակ է․ պետք է լինի առնվազն այդ ոլորտում մասնագիտական կրթություն և փորձ ունեցող մարդ, որի համար մենք նաև պետք է ապահովենք կառավարչական հմտությունների ձեռքբերում։ Հակառակ պարագայում, կառավարումից կարող ես շատ լավ հասկանալ, բայց ոլորտից չլինես, չկարողանաս հասկանալ քո գործընկերներին, թե ինչ բնույթի մարդիկ են ու ինչ բնույթի աշխատանք են անում։ Իմ կարծիքով միջին վերածածկումներ ունեցող մարդ է լինելու, որն իր հիմնական կրթությամբ այդ ոլորտի մարդ է, բայց կառավարման դասընթացներ է անցել։  Դա ապահովվելու է, միանշանակ ապահովվելու է գրեթե բոլոր օղակների մասնակիցների համար՝ լաբորատորիայի վարիչից սկսած։ Մենք հիմա մտածում ենք նաև Հայաստանում կրթական ծրագիր ներդնել գիտության ոլորտի կառավարիչների համար։ Երբ որ ինչ-որ մարդ, դիցուք, ավագ գիտաշխատողից դառնում է լաբորատորիայի վարիչ կամ խմբի ղեկավար, արդեն ծրագրերի կառավարման, ֆինանսական հարցեր են առաջ գալիս։ Եթե դու ավագ գիտաշխատող ես, ինչ ուզում ես, քո ղեկավարն ապահովում է, դու քո գործն ես անում, բայց այս պարագայում արդեն որոշակի ֆինանսական պարտավորություններ կան, թիմը ղեկավարելու հմտություններ կան։ Ուզում ենք այնպես անել, որ գոնե որոշակի մոդուլ անցնեն այդ մարդիկ։ Արդեն հստա՞կ է՝ քանի բուհի և գիտական կազմակերպության է վերաբերում «Ակադեմիական քաղաք» ծրագիրը, և պատկերացնում ունե՞ք, թե որ կառույցներն են իրար միանալու։ Հայեցակարգում կլաստերների աշխատակազմերի մոտավոր թվեր են ներկայացված, և ենթադրվում է, որ այդ հաշվարկներն անելիս հիմք ունեցել եք։ Որպեսզի աշխատանքը սկսվի, կան, իհարկե, որոշակի պատկերացումներ։ 6 կլաստերներից 4-ն Ակադեմիական քաղաքում է նախատեսված ունենալ առաջին փուլով, հետո մնացածը ժամանակի ընթացքում կտեղափոխվեն, և, ի վերջո, ակադեմիական քաղաքից դուրս բուհ չի լինելու։ Դրանք արդեն ավելի հեռակա պլաններն են։ Այս պահին լինելու են 4 համալսարանական կլաստերներ իրենց ինստիտուտների հետ։  Որոշակի գաղափար կա, բայց դրա մասին մենք չենք ուզում հայտարարել․ միևնույն է, թվերը մի քիչ ավելի, մի քիչ պակաս, բայց այդ միջակայքում են լինելու։ Քննարկումները բաց են․ դա մեր նախնական, շատ սկզբնական պատկերացումն է։ Համայնքի հետ կքննարկենք, մենք մեր պատկերացումը կասենք, իրենք՝ իրենց, եթե, իհարկե, կգան առաջարկներով։  Գիտական կազմակերպությունների ու բուհերի առաջարկները վերջնական որոշում կայացնելիս հաշվի առնելո՞ւ եք, դրանց հիման վրա ինչ-որ փոփոխություններ լինելո՞ւ են։ Իհարկե։ Առաջարկների իմաստը հետևյալն է․ ոչ ոք չի պնդում, որ այն, ինչ մենք մտածել ենք, վերջնական ճշմարտություն է կամ լավագույն լուծումն է։ Երբ կգան գաղափարներ, կսկսենք քննարկել՝ ինչ է լուծում այս առաջարկը, ինչ խնդիրներ ունի, մեր առաջարկը կդնենք դիմացը, կհասկանանք՝ որոնք են ընդհանուր կետերը, որոնք են նրանց առաջարկած առանձնահատուկ լուծումները։  Հավանաբար եկող շաբաթ կհրավիրենք կազմակերպություններին ներկայացնելու մասնակիցներ՝ ամեն մի կլաստերի վերաբերյալ մասնագիտական խումբ ձևավորելու համար «Ակադեմիական քաղաք» հիմնադրամում։ Նաև մենք մեր կողմից մասնագիտական խմբեր կձևավորենք, որ մեր տարբերակն էլ առաջարկենք։  Այս փոփոխություններով Հայաստանն ընտրո՞ւմ է արդյոք գիտության ամերիկյան՝ համալսարանական մոդելը, և արդյո՞ք կլաստերներից դուրս անկախ կամ որևէ գերատեսչության ներքո գործող գիտական կազմակերպություններ այլևս չեն լինելու։ Այո՛, սա մոդելի փոփոխություն է, այն Խորհրդային ակադեմիական կառավարման մոդելը չէ, որտեղ բուհերն ու ինստիտուտներն իրարից անկախ են գործում։ Պատճառներն արդեն նշեցի, բայց մի քանի կարևոր բաներ կան, որոնց մասին չեմ խոսել։ Օրինակ՝ մասնագիտական, միջառարկայական մոբիլությունը, այդ թվում և ֆիզիկական իմաստով։ Այսինքն՝ մի միջավայր, որտեղ ֆիզիկոսը քիմիկոսին է հանդիպում ամեն օր՝ կլինի դա կաֆետերիայում, կլինի այգում, կլինի հանգստի ժամին զբոսնելիս, թե թեկուզ համապատասխան բնակավայրում իրար հարևանությամբ ապրելիս։  Էլ չասեմ ավելի ծայրահեղ բաներ՝ արվեստագետն ու ֆիզիկոսը, արվեստագետն ու քիմիկոսը, որովհետև իրականում մենք ինչքան էլ պնդում ենք, որ Երևանում տասը րոպեի քայլելու ճանապարհ է բուհերի միջև, որևէ մեկն այդ տասը րոպեն չի քայլում մի բուհից մյուսը։ Այո՛, ֆիզիկապես նրանք տասը րոպեի հեռավորության վրա են, բայց երբեք քիմիայի ֆակուլտետի ուսանողը չի գնա Գեղարվեստի ակադեմիա, տեսնի՝ այնտեղ ինչ է կատարվում։  Ճարտարապետների մոտ, որոնք պայմանագրով գծում են [Ակադեմիական քաղաքի] գլխավոր հատակագիծը, հենց այս խնդիրն էլ է բարձրացնում մեր ուրբանիստ մասնագետը, որ ֆիզիկական միջավայրն այնպես նախատեսված լինի, որ մարդիկ ավտոմատ իրար հետ շփվեն։  Իրար հետ չշփվելու խնդիրը ֆիզիկակա՞ն միջավայրն է։  Միանշանակ։ Մենք թերագնահատում ենք ֆիզիկական միջավայրը, բայց ֆիզիկական միջավայրն անդրադառնում է մարդու հոգևոր և մտավոր գործունեության վրա։ Մի բան է՝ գեղեցիկ միջավայրում, հանգստի համար նախատեսված գոտում հանդիպես քո գործընկերոջն ու զրուցես, մեկ այլ բան է օրվա հոգսերով վազելիս բախվես քո գործընկերոջ հետ։ Միջավայրը շատ կարևոր է․ իզուր չէ, որ գեղեցիկ միջավայրեր են ստեղծում համալսարանների համար, իզուր չէ, որ համալսարաններն, այդ թվում՝ Եվրոպայում, տեղափոխվում են ավելի ծայրամասեր։ Այդ միջավայրերը մագնիսի նման ձգում են մասնավոր ընկերություններին, նաև ստեղծվում է միջավայր, որտեղից մասնավոր ընկերություններ են ծնվում։ Արդյո՞ք կարող ենք ասել, որ Հայաստանն անցնում է համալսարանական գիտության մոդելին։ Ակադեմիական քաղաքի մասով՝ այո։ Այն մասով, ինչ Դուք ասացիք, որ տարբեր գերատեսչություններ ունենան իրենց գիտահետազոտական հիմնարկները, ոչ մի արգելք չկա։ Միգուցե պետք է, որ Շրջակա միջավայրի նախարարությունն ունենա think tank (վերլուծական-խորհրդատվական կենտրոն,- խմբ․), որտեղ հետազոտվում են կոնկրետ իր խնդիրները։  Խոսքը գործող գիտական կազմակերպությունների մասին է․ բոլորը տեղափոխվելու են Ակադեմիական քաղա՞ք։ Այն կազմակերպությունները, որոնք ԿԳՄՍՆ ենթակայության տակ են, այս կամ այն կերպ պետք է մասնակցեն «Ակադեմիական քաղաք» ծրագրին։  Ակադեմիական քաղաքից դուրս գիտական կառույցներ չե՞ն լինելու։  Դրանից դուրս մենք ունենք, օրինակ, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը, որն ակնհայտ է, որ Ակադեմիական քաղաքի հետ որևէ կապ չունի, ունենք Սրտաբանության ինստիտուտում համապատասխան հետազոտական միավոր։ Այսինքն, ԳԱԱ ինստիտուտները, ԱԱԳԼ-ն, «ՔԵՆԴԼ»-ն Ակադեմիական քաղաքի մե՞ջ են լինելու։ Այո։ Մադենադարանի վրա ծրագիրը տարածվո՞ւմ է։ Ո՛չ։ Իսկ ի՞նչ է լինելու Բուսաբանության ինստիտուտի հետ, որը սերտ կապված է Երևանի բուսաբանական այգուն։  Որոնք կապված են, ֆիզիկապես պայմանավորված են իրենց միջավայրով՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Մատենադարանը, Բուսաբանության ինստիտուտը, մնալու են։ Ֆիզիկապես մնալու են, իսկ իրավական կարգավիճակո՞վ։ Դա արդեն քննարկումների հարց է։ Լավ կլինի, որ իրավական առումով ինչ-որ ձև փոխկապակցվեն որևէ բուհի հետ։ Բայց կախված է իրավիճակից։ Չեմ պատկերացնում, որ Մատենադարանը կախված լինի որևէ բուհից, այն առանձին ազգային, նույնիսկ վերազգային արժեք է։ Բուսաբանության ինստիտուտը տեսականորեն հնարավորություն ունի, շատ Բուսաբանության ինստիտուտներ բուհերին կից են տարբեր երկրներում։  2019-ին Հայաստանի կառավարությունը ԵՄ փորձագետներին խնդրել էր Հայաստանում գիտություն-բարձրագույն կրթություն կապն ապահովելու համար հետազոտություն իրականացնել ու մասնագիտական կարծիք հայտնել։ Փորձագետներն իրենց զեկույցում նաև միջազգային փորձ էին ներկայացրել ու խորհուրդ տվել փոփոխություններ անելիս չշտապել։ Նրանք ներկայացրել էին Էստոնիայի օրինակը, որտեղ Ակադեմիայի ինստիտուտները բուհերին միավորելու գործընթացը տևել էր ավելի քան տասը տարի։ Հայաստանում դա արվում է երեք տարում․ 2027-ից ֆինանսավորում են ստանալու միայն խոշորացած բուհերն ու գիտական կազմակերպությունները։ Երեք տարին քիչ չէ՞ այս գործընթացի համար, ռիսկեր չկա՞ն։ Ռիսկեր կան, իհարկե։ Նախ, գնահատենք ռիսկերը․ մենք տասը տարի ժամանակ չունենք գործընթացն իրականացնելու համար։ Էստոնիայում դա տևել է տասը տարի, որովհետև Էստոնիան այդ գործը սկսել է անել անմիջապես Խորհրդային Միությունից անկախանալուց հետո։ Նրանք սկսել են 90-ականներից ու ժամանակ ունեցել են, քանի որ նրանց Խորհրդային գիտական ժառանգությունը, այսինքն՝ գիտնականները դեռևս երիտասարդ էին, դեռևս տարիքային խեղվածքը չէր առաջացել համայնքի մեջ, դեռևս ուժ ունեին այդ ամենն անելու։   Մեզ մոտ փորձ եղել է դա անել, այնպես չէ, որ մեզ մոտ այդ փոփոխությունը նոր ենք հորինել։ 1990-ական թվականներից խոսակցություն կա ակադեմիական համակարգից անցում անելու համալսարանական համակարգի, բայց այդ խոսակցությունները միշտ մարում են որոշակի հանգամանքների բերումով։ Այն ժամանակ այդ հանգմանանքներից էր Արցախյան առաջին պատերազմը, այս պարագայում խոսակցությունները սկսվել են 2018 թ․, հետո հանգամանք է դարձել Արցախյան երկրորդ պատերազմը։  Փաստորեն, 90-ականների՞ն էլ նման խոսակցություններ եղել են։ Միանշանակ։ Հրանտ Բագրատյանի օրոք (Հայաստանի նախկին վարչապետ,- խմբ․) մեծ բարեփոխումներ էին նախատեսված, և բավականաչափ լուրջ աշխատանք տարվել էր, Աշտարակում՝ Գիտավանում, կա տախտակ, որի վրա գրված է․ «Այստեղ կառուցվելու է գիտության ավանը»։ Այդ ամբիցիաները միշտ էլ եղել են, որովհետև սա, ըստ էության, ճիշտ մոդել է, ապահովում է գիտելիքի ստեղծման մեջ երիտասարդների ներգրավումը, ինչը կարևոր է, որովհետև անհրաժեշտ է, որ ստեղծագործ ոլորտներում սովորող ուսանողը տեսնի՝ դա ինչպես է արվում։ Հայաստանում ուսանողները, երբ ընդունվում են բնագիտական ֆակուլտետ, չգիտեն՝ գիտությունն ինչ է, դասագրքային պատկերացումներով գալիս են քիմիայի ֆակուլտետ, պարզվում է՝ քիմիան այն չէ, ինչ իրենք դասագրքերում սովորել են։ Ուսանողների մեծ մասին թվում է, թե իրենք շտեմարանի մի քիչ ավելի բարդ խնդիրներ են լուծելու քիմիայի ֆակուլտետում, ոչ թե, օրինակ, փորձեր են անելու։ Եթե մենք տասը տարի սպասենք, կարող եք հաշվել՝ քանի մարդ ենք կորցնելու․ չորս օրը մեկ կորցնում ենք մի գիտնական, 365 օրը բազմապատկեք տասը տարով ու բաժանեք չորսի (ավելի քան 900 գիտնական,- խմբ․)։ Մենք ժամանակ չունենք, պետք է շտապենք։ Մյուս կողմից, մենք ունենք Էստոնիայի փորձը, Վրաստանի բացասական փորձը։ Մոլդովայի բացասական փորձը։ Այո՛, Մոլդովայի բազմաթիվ փորձերը։ Մոլդովան, ի տարբերություն մեզ, մի քանի անգամ հասել է ինչ-որ որոշումների: Լատվիա, Լիտվա․․․ Մեր կարգավիճակի բոլոր երկրների փորձն արդեն իսկ առկա է։ Եթե մենք բավականաչափ խելացի գտնվենք ու հասկանանք՝ ինչ է մեզ սպասվում չանելու դեպքում․․․ Բոլորով հասկանանք, որ արժե անել ու խոսել անելու ձևերի մասին, ոչ թե խոսել անել թե չանելու մասին։ Մենք շատ փորձեր ունենք ուսումնասիրելու և փոխառելու։ Արդեն ուսումնասիրե՞լ եք խորությամբ այդ երկրների օրինակները, որ նրանց սխալներից էլ դասեր քաղեք։ Ո՛չ, որովհետև մենք հիմա դեռ որոշման փուլում ենք՝ անե՞լ, թե՞ չանել։ Մենք դեռ փորձում ենք համայնքին համոզել։ Որոշումը կայացված է արդեն, ինչ էլ համայնքն ասի։ Քաղաքական որոշումը մի բան է, մեկ այլ բան է ներքին որոշում, վճռականություն համայնքի կողմից։ Այսինքն, համայնքը պետք է ընդունի որոշումը։ Ես որոշում ասելիս դա նկատի ունեմ։ Մնացածը տեխնիկական հարց է․ Եվրամիության ողջ գործիքակազմը կա օգնելու, կապեր կան համապատասխան օգնություն ստանալու։ Իրականում բարդ բան չէ։ Իսկ դրամաշնորհային կամ ներդրումային միջոցներ ներգրավվելո՞ւ են Ակադեմիական քաղաքի կառուցման համար։ «Ակադեմիական քաղաքը» 100%-ով պետական ֆինանսավորման ծրագիր է։ Հնարավոր լինելո՞ւ է պետբյուջեի միջոցով այդ ամենն իրագործել։ Իհարկե։ Բայց նաև Համաշխարհային բանկի հետ քննարկումներ ունենք հիմա, զարգացման այլ բանկերի և հիմնադրամների հետ։ Քավ լիցի, ինչքան շատ կարողանանք գործընկերներից գումար ներգրավել, այնքան ավելի լավ։ Գումարը չի կարևոր իրականում, այլ փորձառությունը։ Պարո՛ն Հայոցյան, ԳԱԱ-ն փակվելո՞ւ է, թե՞ որպես սիմվոլիկ կառույց ակադեմիական քաղաքից ներս կամ դրանից դուրս շարունակելու է գործունեությունը։  ԳԱԱ-ն փակվելու գաղափար գոյություն չունի։ Փակվելը շատ «ուժեղ» բառ է։ ԳԱԱ կազմում գործող բոլոր ինստիտուտները տեղափոխվում են Ակադեմիական քաղաք։ Մեր ընկալումների ամբողջ խնդիրն ու թշվառությունն այն է, որ մենք դիտարկում ենք Ակադեմիան՝ որպես վարչարար կառույց։ Գիտությունների ազգային ակադեմիան որպես Հայաստանի խելացի մարդկանց կազմակերպություն է պետք դիտարկել։ Վարչարարությունը նրանց առաջնահերթությունը չէ։  Ո՞րն է լինելու ԳԱԱ գործառույթն ապագայում։ Չեմ ուզում ասել այն, ինչ ես եմ մտածում, որովհետև այս հարցն էլ բաց է քննարկման համար։ ԳԱԱ-ն կարող է դառնալ, և լավ կլինի, որ դառնա Հայաստանի Հանրապետության մտավոր ներուժը մեկտեղող կառույց։  Տարբերակներ շատ կան՝ իրավակազմակերպական ձևից մինչև գործառույթներ, բայց ամեն դեպքում արժե, որ ԳԱԱ-ն անի այն, ինչ որ չի արվում Հայաստանում։ Եթե վարչարարություն հիմա Հայաստանում արվում է, պետք չէ, որ ԳԱԱ-ն էլ իր հերթին վարչարարություն անի։ Հայաստանում հիմա չի արվում մտավոր ներուժի կառավարում՝ համատեղում, քննարկումներ և այլն։ Դա պետք է պրոֆեսիոնալ ձևով անի Ակադեմիան։ Ինստիտուտների ֆինանսավորումն էլ է իրականացվում, կառավարիչների ընտրությունն էլ է լավ-վատ իրականացվում։ Այդ բոլորը տեխնիկական հարցեր են։  Մեր կարծիքով պետք չէ, որ ԳԱԱ-ն զբաղվի տեխնիկական հարցերով։ Բայց մյուս կողմից, այո, մենք ունենք մտավոր որոշակի ներուժ, ունենք գիտելիք կրող մարդիկ, որոնց համախմբող կառույց, որը պետք է ԳԱԱ-ն լիներ, չկա հիմա։ Ակադեմիան այսօր կենտրոնացել է ինքն իր 35 ինստիտուտների մեջ։ Տեսականորեն այն, այո՛, ունի սփյուռքի ներկայացուցիչներ, համալսարանից անդամներ, բայց դե ֆակտո միայն զբաղվում է իր ինստիտուտների հարցերով, համահայկական չէ։ Բայց դա իմ սուբյեկտիվ ընկալումն է։ Մենք դեռ կխոսենք Ակադեմիայի մեր գործընկերների հետ, հասկանանք՝ այս համատեքստում որն է ամենաճիշտ տարբերակը։ Այս շրջանում ինստիտուտներից մտահոգություններ կան անորոշությունների մասով։ 2027-ին միավորված են լինելու բոլոր բուհերն ու գիտական կազմակերպությունները, բայց Ակադեմիական քաղաքը լիարժեք շահագործման է հանձնվեու 2030-ին։ Ինստիտուտներն այս ընթացքում դիմե՞ն միջազգային երկարաժամկետ դրամաշնորհային ծրագրերի, ենթակառուցվածքները զարգացնե՞ն, եթե մի քանի տարուց այլ կառույցների կազմում են գործելու, իսկ ավելի ուշ՝ տեղափոխվելու։ Անկեղծ ասած՝ ինձ համար նորություն է, որ այդպիսի անորոշություններ կան։ Տեղափոխման հարց միավորման պարագայում չի բարձրացվում առնվազն մեծ STEM ուղղության (բնական գիտություններ, տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա,- խմբ), փորձարարական ինստիտուտների պարագայում (նկատի ունի՝ մինչև Ակադեմիական քաղաքի շահագործումը,- խմբ․): Ինստիտուտը միավորվելու է բուհի հետ՝ լինելով իր ֆիզիկական տեղում, որովհետև բուհում տեղ չկա այդ ինստիտուտը տեղափոխելու։ Քանի որ Ակադեմիական քաղաքը շահագործման հանձնվում է 2030-ին, ենթակառուցվածքների ներդրումը, եթե նկատի ունեք միջավայրի բարեկարգումը, արգելված չէ։ Ինստիտուտները ֆինանսական միջոցներ ստանում են դրամաշնորհային ծրագրերի մեջ փոքր քանակով, որ առնվազն  ինտեգրման և հեռավար լաբերի պարագայում սենյակները կարգի բերեն ավելի հարմարավետ միջավայրում աշխատելու համար։  Ակադեմիական քաղաքում էլ նրանց ավելի լավ պայմաններ են առաջարկվելու։ Նրանք գնալու են պատրաստի միջավայր։ Այն սարքերը, որոնք բավականաչափ լավն են ու չեն կորցրել իրենց ֆունկցիոնալությունը, տեղափոխվելու են, այդ միջավայրում նոր սարքեր են ձեռք բերվելու։ Այդտեղ ես խնդիր չեմ տեսնում։  Ինչ վերաբերում է երկարաժամկետ դրամաշնորհներին, Հայաստանի Հանրապետությունում և ցանկացած այլ երկրում գոյություն ունի իրավահաջորդության գաղափար։ Երբ ինչ-որ գործընթաց է տեղի ունենում, չի կորչում տվյալ կազմակերպությունն իրավակազմակերպական դաշտից։ Եթե միավորում է տեղի ունենում, իրավահաջորությունը փոխանցվում է միավորված կազմակերպությանը։  Այսօր, օրինակ, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն պատասխանատու է Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) գործերի համար, Գիտության կոմիտեի գործերի համար (նախկինում գործում էին երեք առանձին կառույցներ՝ Գիտության կոմիտե, Բարձրագույն կրթության վարչություն և ԲՈԿ, այժմ երեքը միավորված են Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի մեջ,- խմբ․): Դասական կլաստերում հիմնարար հետազոտություններ են իրականացվելու, Տեխնոլոգիական կլաստերում՝  կիրառական։ Ի՞նչ է լինելու գիտական այն կազմակերպությունների հետ, որտեղ կան և՛ հիմնարար, և՛ կիրառական հետազոտություններ։ Արդյո՞ք այդ կազմակերպությունները կիսվելու են կամ դադարելու են որպես առանձին միավոր գոյություն ունենալ։ Շատ լավ հարց է։ Եթե բառամթերքին նայեք, թե ինչպես է ձևակերպված, գրված է․ «հիմնականում»։  Այսինքն՝ Դասական կլաստեր է, որտեղ հիմնականում հիմնարար գիտությունների ուղղությամբ կրթություն և հետազոտություններ են իրականացվում։ Չկա հստակ սահմանազատում հիմնարարի և կիրառականի։ Շատ քիչ հիմնարար հետազոտություններ կան, որ լրիվ իրականությունից կտրված են, օրինակ՝ լարերի տեսություն, բայց անգամ դրանք ապագայում, եթե հարցնես՝ վերջնական ինչի համար է, կարող են իջեցվել կիրառական ինչ-որ խնդրի։ Բացի այդ՝ հետազոտության արյունքում միշտ էլ կարող է հիմնարարից կիրառական խնդիրների լուծման հնարավորություն բացվել, որևէ բուհի չես կարող արգելել դա անել։  Տեխնոլոգիական համալսարանն ավելի կենտրոնացած է նախատիպավորման, մշակումների վրա, բայց այստեղ էլ հիմնարար հետազոտություններ կարող են լինել։ Գուցե դու կիրառական հետազոտություն ես իրականացնում, որի արդյունքում հիմնարար խնդիր է բացվում, բնականաբար, չես ուղարկելու Դասական համալսարան, ասելու՝ սրանով զբաղվեք։ Ինստիտուտների մասով տարբեր են մոտեցումները լինելու։ Մենք ունենք ինստիտուտներ, որտեղ թեմաները բավականաչափ ցրված են, այս պարագայում գուցե կարիք լինի որոշակի թեմատիկ վերախմբավորումների։ Ինստիտուտի՞ ներսում։ Կլաստերի ներսում։ Որոշ պարագաներում էլ, եթե թեմաների տրամաբանական կոնսոլիդացիա կա, կարող է մնալ այդպես։ Ամեն դեպքում, ինստիտուտներն էլ են միավորվելու, այնպես չէ, որ 35 ինստիտուտ ենք ունենալու։  Երբ Ձեզ հարցրի գիտական կազմակերպությունների արդյունավետության մասին, 35 գիտական կազմակերպությունից 4-ն առանձնացրիք։ Ենթադրվո՞ւմ է, որ վատ արդյունք ցույց տված որևէ գիտական կազմակերպություն փակվելու է։ Փակել բառից ես կխուսափեի․ բացասական հնչեղություն ունի։ Գոյություն ունի ատեստավորման նոր կարգ, որը կոմունիկացվել է, հիմա մեզ մոտ է, շուտով կուղարկենք Կառավարություն։ Այդ կարգի համաձայն՝ գիտնականները գիտական կարիերայի ամեն մի տարակարգում ունեն որոշակի պարտավորություններ՝ թվային և նկարագրական։ Այդ պայմանները չանելու պարագայում որոշակի հետևանքներ են լինելու ինստիտուտի համար։ Միևնույն ժամանակ, ինստիտուտների համար կատարողականի որոշակի ցուցանիշներ են լինելու սահմանված, և ինստիտուտն այդ կատարողականը չբավարարելու պարագայում հայտնվելու է տարբեր կատեգորիաներում։ 2018-ից մեկնարկած փոփոխություն է, որն ինչ-ինչ պատճառներով անընդհատ հետաձգվում է։  Ատեստավորումը մինչև բուհերի և ինստիտուտների միավորո՞ւմն է իրականացվելու։ 2021 թվականին է արվել առաջին ատեստավորումը, 5 տարվա պարբերությամբ իրականացվող գործընթաց է։ Հաջորդը 2026 թ․ վերջին է իրականացվելու։ Այն գծորեն անկախ է «Ակադեմիական քաղաքից», գործընթաց է, որը որակի բարձրացմանն է ուղղված։  Ակադեմիական քաղաքն էլ լավ, ստեղծարար միջավայր է լինելու, և այնտեղ ընտրության որոշակի մեխանիզմ է լինելու, այնպես չէ, որ բոլորը տեղ ունեն ակադեմիական քաղաքում։ Պրոֆեսորադասախոսական կազմին տրվելո՞ւ է բավարար ժամանակ, որ հետազոտությամբ զբաղվեն, և արդյո՞ք բոլորն են ի վիճակի լինելու նման գործունեություն ծավալել։ Եվ գիտնականները, որոնք չեն ցանկանա դասավանդել, ունենալո՞ւ են բացառապես հետազոտությամբ զբաղվելու հնարավորություն։  Դասախոսի ծանրաբեռնվածությունը լինելու է դինամիկ։ Տվյալ անձը կարող է ընտրել, որ, դիցուք, այս տարի 100% ծանրաբեռնվածությունն ուզում է ապահովել դասախոսական գործունեությամբ, հաջորդ տարի՝ 80/20 համամասնությամբ դասախոսում է և հետազոտում  Քիչ-քիչ կավելանա՞ հետազոտական բաղադրիչը։ Ո՛չ, կամընտրական կլինի։ Փորձը ցույց է տալիս, որ միայն դասախությամբ զբաղվելն այնքան էլ արդյունավետ չէ կրթության համար։  Կախված է նրանից, թե ինչ դասախոս ես։ Եթե առաջին կուրսում մաթեմատիկական անալիզի դասախոս ես, կարիք չկա, որ քո հետազոտություններից խոսես, պետք է մաթեմատիկական անալիզ սովորեցնես։ Այսինքն, տեսականորեն այդ հնարավորությունը կա։ Բայց մեխանիզմ պետք է լինի, որ բոլոր դասախոսները չընտրեն հետազոտական աշխատանք, և դասախոսող չլինի։  Ինչ վերաբերում է գիտնականներին, նորից եմ ասում, եթե տվյալ հետազոտողը որոշել է, որ ինքն ամբողջովին հետազոտությամբ է զբաղվում, որևէ բան չի փոխվում նրա կյանքում՝ բացի այն, որ նրա լաբորատորիայում հայտնվելու են ուսանողներ ինչ-որ պարբերականությամբ։ Ուսանողը գալու է այդ լաբորատորիայում կրեդիտ հավաքելու։ Բայց տվյալ անձը իր լաբորատորիայում զբաղվելու է իր հետազոտություններով՝ հիմնարար, կիրառական կամ փորձարարական մշակումներ։ Մենք չենք կտրում կապն այդ թվում ինդուստրիայի հետ։ Եթե որևէ գիտնական անում է առևտրայնացվող  մշակումներ, շարունակելու է անել դա, պարզապես ունենալու է հավելյալ պարտավորություն դրա մեջ որևէ ձևով ուսանողին ներգրավելու։  Ինստիտուտների և բուհերի գիտական ու պրոֆեսորադասախոսական ո՞ղջ անձնակազմն է գնալու Ակադեմիական քաղաք, թե՞ օպտիմալացումներ լինելու են։ Ինչպե՞ս եք ապահովելու, որ այնտեղ որակյալ մասնագետներ գնան։  Ես չեմ ուզում՝ սեգրեգացիայի նման ինչ-որ բան ստեղծվի։ Մենք իրականացնելու ենք ծրագրեր բոլորի մասնագիտական զարգացման ու առաջընթացի համար։ Քավ լիցի, մենք չենք մտածում, որ Հայաստանում այդքան շատ գիտնականներ ու դասախոսներ կան․ դա շատ թանկ ռեսուրս է։ Ավելի լավ է՝ մենք հավելյալ ծախս անենք, այդ մարդկանց կրթելու, առաջխաղացման մեջ ներդրում անենք, և եթե վերջում կպարզվի, որ այդ մարդն առաջխաղացում չունեցավ, ինչպես ասում են, իրարից չենք նեղանում այդ պարագայում։  Մենք բավականաչափ ժամանակ ունենք մինչև ֆիզիկական ենթակառուցվածքները կառուցելը նաև մեր մարդկային ռեսուրսը համապատասխանեցնելու դրան։ Ես չեմ ուզում, որ որևէ մեկը վտանգված զգա իրեն այս գործընթացում։  Հայեցակարգում բավականին հավակնոտ թիրախներ են նշված՝ առնվազն 4 համալսարան միջազգային վարկանիշային ցուցակների հինգհարյուրյակում պետք է ներառված լինի, միջազգային ուսանողներ պետք է ներգրավվեն։ Ինչպե՞ս եք այս թիրախներին հասնելու 2030-ին, եթե հենց այդ տարի է Ակադեմիական քաղաքը լիարժեք շահագործման հանձնվելու։ Պետք է ամեն ինչ անենք, որ այդպես լինի։ 2030-ին Ակադեմիական քաղաքը նախատեսված է 4 կլաստերների համար, մնացած կլաստերները մնում են այնտեղ, որտեղ կան։ ԵՊՀ-ի հիմքի վրա ձևավորվող Դասական համալսարանին կամ Բժշկական համալսարանին ոչ մի բան չի խանգարում այսօրվանից սկսել աշխատել հնիգհարյուրյակում տեղ գտնելու համար։ Որևէ բան չի խանգարում նաև Ամերիկյան համալսարանին, որովհետև այդ նպատակը սահմանափակված չէ պետական բուհերով։ Պետությունը փորձելու է նաև հասկանալ՝ ինչպես աջակցի այն բուհերին, որոնք այս փուլում չեն տեղափոխվում, որ այդ բուհերն առաջ գնան։  Քանի որ հայեցակարգում է նշվում այդ նշաձողերի մասին, ենթադրվում է, որ պետք է վերաբերի հենց Ակադեմիկան քաղաքի համալսարաններին։  Հայեցակարգում նշված է, որ այդ երկու թիրախների իրականացման համար արվում է «Ակադեմիական քաղաք» ծրագիրը։ Հինգհարյուրյակում հայտնվել նշանակում է շատ տարբեր պարամետրերի համապատասխանել՝ ունենալ հրապարակումների բավականաչափ բարձր որակ ու քանակ, տարբեր մակարդակի հեղինակության դասախոսներ, ունենալ լաբորատոր պայմաններ, միջազգային ուսանողների և դասախոսների քանակ, վարկանիշավորման որոշ համակարգեր հաշվի են առնում, թե քո միջավայրն ինչքանով է կայուն ու ներառական։ Մտավախություն կա՞, որ  չի հաջողվի այդ նշաձողերին հասնել։  Ցանկացած ծրագրի դեպքում կա մտավախություն, որ չի հաջողվի իրականացնել։ Մտավախությունը նկատի ունենալով ենք աշխատում։  Իրականում, միշտ էլ կարելի է նստել ու փորձել քննադատել այն ինֆորմացիան, որ ունես, բայց այսքան ինֆորմացիան դրված է քննարկման համար։ Եթե մենք բաց ենք, ստեղծագործ ենք բավականաչափ, որպեսզի հարցին մոտենանք այդ հարցը լուծելու նպատակադրմամբ, շատ հանգիստ կարելի է լուծումներ գտնել կամ թեկուզ հիմնավոր ասել, որ այս հարցը լուծում չունի, հարցի լուծումն այն է, որ թողնենք ամեն ինչ այնպես, ինչպես կա։ Չեմ կարծում, որ ամեն ինչ թողնելով այնպես, ինչպես կա, առաջընթաց կարող ենք գրանցել։ Մենք խնդիր ունենք, այդ խնդիրները պետք է լուծել․ խնդիր ունենք սերնդափոխության, համաշխարհային քարտեզի վրա մեր տեղը գտնելու։ Բավական երկար ժամանակ լոկալացվել ենք, այդ թվում և գիտության առումով։ Տեղական նշանակության գիտություն է ձևավորվել, տեղական նշանակության գիտնականներ ունենք։ Հարցն այդ բացթողումները լրացնելն է, որովհետև եթե դու խաղացող ես միջազգային համայնքում, դա նաև ունի իր անդրադարձը քո՝ որպես պետության հեղինակության վրա։ Ինչպես եթե մարդն է հավելյալ արժեք ստեղծում, հավելյալ կարևորություն ունի սոցիումում, այնպես էլ պետություններն են մոլորակի վրա։ Դու հավելյալ արժեք ստեղծող պետությո՞ւն ես, թե՞ խնդիրներ ստեղծող պետություն։   Աննա Սահակյան
20:13 - 28 նոյեմբերի, 2023
«Evolution»-ը բուհերում. ինչպես են ուսանողներին խրախուսում դառնալ ազարտային խաղերի խաղավար

«Evolution»-ը բուհերում. ինչպես են ուսանողներին խրախուսում դառնալ ազարտային խաղերի խաղավար

Այսօր Երևանի պետական համալսարանը ուսանողների համար հանդիպում էր կազմակերպել Evolution ընկերության աշխատակիցների հետ։ Այդ հանդիպումը, սակայն, չանցավ սովորականի պես հարթ և հանգիստ պայմաններում։ Ըստ հանդիպման պաշտոնական հայտարարության՝ նպատակն էր ներկայացնել ընկերությունում աշխատանքի անցնելու հնարավորությունները, սովորեցնել ուսանողներին CV կազմել և պատրաստվել աշխատանքի ընդունման հարցազրույցների։ Հանդիպման սկզբում, սակայն,  ուսանողներից մեկն իր վրդովմունքը հայտնեց, որ ազարտային խաղեր ստեղծող ընկերությունը բուհի ուսանողներին առաջարկում է առցանց խաղատան խաղավարի աշխատանք։ Ընկերության աշխատակիցները պատասխանեցին, որ Evolution-ը ՏՏ ընկերություն է, որը ստեղծում է այդ խաղերը և վաճառում օնլայն խաղատներին։  Մեկ այլ ուսանողի հարցին ի պատասխան՝ Evolution ընկերության աշխատակիցները ի թիվս  առաջարկվող այլ հաստիքների՝ ներկայացրին խաղավարի աշխատանքը՝ նշելով, որ ուսանողներին առաջնահերթ դիտարկելու են հենց խաղավարի հաստիքի համար։  ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը, պատասխանելով ուսանողների վրդովմունքին, ասաց, որ իրենց միակ նպատակն է  նպաստել ուսանողի՝ որպես մասնագետի կայացմանը աշխատաշուկայում։ Այստեղից հարց է առաջանում, թե արդյո՞ք օնլայն խաղատան խաղավարի մասնագիտություն ձեռք բերելը ԵՊՀ-ն ուսանողի մասնագիտական կայացում է համարում։ ԵՊՀ զարգացման և նորարարության գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը «Ինֆոքոմին» հայտնեց, որ երկար քննարկել են՝ համագործակցե՞լ ընկերության հետ, թե՞ ոչ։ Ըստ պրոռեկտորի՝ որոշել են համագործակցել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Evolution-ը համակարգչային ծրագիր (software) ստեղծող ընկերություն է, ոչ թե «բուն ազարտային խաղերի կազմակերպիչը, ջատագովը կամ գովազդողը»։ Ըստ Միքայել Հովհաննիսյանի՝ իրենք պայմանավորվածություն են ունեցել Evolution-ի հետ, որ միայն մասնագիտական հնարավորություններն են ներկայացնելու. «Խաղավարի աշխատանք ներկայացնելը ի սկզբանե պայմանավորվել ենք, որ պիտի բացառվի»։ Պրոռեկտորի խոսքով պայմանավորվածություն են ունեցել ընկերության հետ, որ այն ներկայանալու է ոչ թե որպես ազարտային խաղերի, այլ soft construction-ի ոլորտի ընկերություն։ Evolution-ի աշխատակիցների հանդիպումը ԵՊՀ ուսանողների հետ   ԵՊՀ-ն միակը չէ. Evolution-ը խաղավարներ է պատրաստում նաև այլ բուհերի ուսանողներից  Հոկտեմբերի 30-ին առցանց խաղատների համար ՏՏ լուծումներ առաջարկող «Էվոլյուշն Ստուդիո Էլեմ» ՍՊԸ-ն տաղավար էր տեղադրել նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում՝ ուսանողներին առաջարկելով գրավիչ պայմաններով աշխատանք։ Ազարտային խաղեր ստեղծող կազմակերպությունն առաջարկում է ուսանողներին աշխատանք՝ ճկուն գրաֆիկով և մրցակցային աշխատավարձով։ Ուսանողները հրավիրվում են՝ վարելու առցանց խաղատների համար նախատեսված խաղերը։ Տաղավարի մոտ տեղադրված էր պաստառ՝ ընկերության տարբերանշանով, այցեքարտեր, բրենդավորված այլ իրեր։ Ընկերության ներկայացուցիչները ուսանողներին ծանոթացնում էին աշխատանքի նկարագրությանը, հետաքրքվածության դեպքում առաջարկում գրանցվել՝ լրացնելով անուն-ազգանուն, հեռախոսահամար, էլ. փոստի հասցե, ծննդյան օր, ամիս, տարեթիվ և ստորագրություն։ Ուսանողները նաև հնարավորություն ունեին պատասխանելու ընկերության մասին հարցերի՝ շահելով տարբեր նվերներ։  ԵԹԿՊԻ-ի Զարգացման գծով պրոռեկտոր Արմեն Հարությունյանին հարցրինք, թե որքանով է էթիկապես ընդունելի բուհի ներսում տեղադրել ազարտային խաղեր արտադրող ընկերության պաստառները։ Պրոռեկտորը նշեց, որ չի կարծում, որ բուհում տեղի ունեցածը կարող է դիտարկվել որպես ազարտային խաղերի գովազդ, քանի որ կազմակերպության ներկայացուցիչները ուսանողներին աշխատանքի առաջարկ են անում։  «Ես ճիշտն ասած գովազդի տեսնակյունից չեմ նայել, միգուցե եթե էդպես վերցնենք, դա բացթողում է։ Հայտնի բան է, որ ուսանողները աշխատում են, ունեն դրա անհրաժեշտությունը, կարիքը։ Ցավոք, բոլորը չի, որ աշխատում են մասնագիտությամբ։ Ավելին՝ մասնագիտական ոլորտը միշտ չէ, որ նրանց բերում է այն եկամուտը, որով կարող են վճարել ուսման վարձ, եկամուտ ապահովել և այլն։ Ո՞րն է խնդիրը, թե որ ոլորտից են կազմակերպության աշխատակիցները, եթե իրենք ուսանողներին ազատ գրաֆիկով աշխատավարձ են խոստանում և կարծես թե չեն խաբում»,- ասում է պրոռեկտորը։ Պարոն Հարությունյանի խոսքով եթե խոսք գնար դպրոցների կամ քոլեջների մասին, իր վերաբերմունքը գուցե այլ լիներ. «Բայց ես գիտեմ, որ մեր ուսանողներից շատերն աշխատում են նաև այդ ոլորտում։ Իսկ այս դեպքում անգամ ստացվում է, որ մենք պատասխանատվությունը կիսում ենք։ Եթե մենք առաջարկել ենք ուսանողին այդ համագործակցությունը, նշանակում է՝ մենք կիսում ենք նաև պատասխանատվությունը»։ Բուհը, սակայն, պատասխանատվությունը կիսելու տեսանկյունից գործատուի ազնվությունը կամ արդարությունը ստուգելու մեխանիզմներ չունի։ Այս դեպքում, օրինակ, պրոռեկտորը նշեց, որ կազմակերպությունն իրեն անծանոթ է եղել, դրա մասին իմացել է ընկերության ներկայացուցիչներից, նայել է կայքը, ընկերությունը նաև ծանոթ է եղել բուհի որոշ աշխատակիցների։ Պարոն Հարությունյանը նշում է, որ չի ենթադրել, որ դա կարող է դիտարկվել որպես ազարտային խաղերի գովազդ։ Ընկերության աշխատակիցների այցը բուհ դիտարկել է՝ որպես ուսանողի համար գումար վաստակելու օրինական հնարավորություն։  Evolution-ի տաղավարը ԵԹԿՊԻ-ում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ Evolution ընկերության աշխատակիցները հոկտեմբերի 25-ին էլ այցելել են այդ բուհ։ Հանդիպման ընթացքում ուսանողները ստացել են տեղեկատվական նյութեր, ծանոթացել են կազմակերպության գործառույթներին, աշխատանքների բնույթին, ինչպես նաև առաջարկվող հնարավորություններին, թափուր աշխատատեղերին։ Հատուկ հետաքրքրություն ցուցաբերած ուսանողները գրանցվել են՝ հետագայում հարցազրույց անցնելու և կազմակերպությանը միանալու համար։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով օրինականության տեսանկյունից խնդիր չկա, որովհետև ընկերությունը Հայաստանում գրանցված է, գործում է։ Սակայն կրթության փորձագետը խնդիրներ է տեսնում էթիկայի տեսանկյունից. «Հասկանալի է, որ ՏՏ ընկերություն լինելը դեռևս բավարար հիմք չէ, մանավանդ եթե կապ ունի ազարտային խաղերի հետ։ Կարծում եմ, որ բուհերը, ելնելով իրենց քաղաքացիական առաքելությունից նաև էթիկական նորմերից, չպետք է խրախուսեն։ Մենք շատ ենք հիմա շեշտ դնում բուհ-աշխատաշուկա, բուհ-գործատու կապի վրա, և անտեսում ենք բուհերի քաղաքացիական առաքելությունը, որը շատ հաճախ ավելի կարևոր է, քան մասնագիտական կրթությունը։ Դրա համար ես այդքան էլ չեմ ողջունում նման կազմակերպությունների մուտքը բուհեր։ Թող անեն իրենց գովազդը, սեմինարները, բայց բուհի պատերից դուրս»։ Փորձեցինք կապ հաստատել նաև Evolution ընկերության հետ։ Պաշտոնական կայքում կամ սոցցանցերի էջերում հետադարձ կապի հեռախոսահամար չգտանք։ Ստացվեց կապվել մարդկային ռեսուրսների կառավարման մենեջեր Ալինա Մելիքբեկյանի հետ, ով հրաժարվեց բանավոր մեկնաբանություն տալ։ Առաջարկեց գրել կազմակերպության ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջերին և հարցնել հանրային կապերի պատասխանատուի տվյալները։ Կազմակերպությունը մեր նամակին դեռ չի պատասխանել։    Ի՞նչ հմտություններ և մասնագիտական առաջընթաց կարող են ձեռք բերել ուսանողներն Evolution-ում Բուհերում ուսանողներին առաջարկվող օնլայն խաղավարի աշխատանքի ընդունման հարցազրույցին մասնակցելու համար պարզապես անհրաժեշտ է տրամադրել տվյալներ, որից հետո ընկերության աշխատակիցները կապ են հաստատում։ Հեռախոսով ևս մեկ անգամ աշխատանքը ներկայացնելուց հետո առաջարկում են այցելել կազմակերպություն՝ խմբային հարցազրույցի։ Հարցազրույցն անցկացվում է կազմակերպության գրասենյակում՝ Ծովակալ Իսակով 24 հասցեում։ Շենքում ձեզ դիմավորում են անվտանգության աշխատակիցները, քանի որ կողմնակի անձինք մուտք գործել չեն կարող։ Իմանալով, որ եկել եք հարցազրույցի՝ խնդրում են տրամադրել անձը հաստատող փաստաթուղթ։ Հանդիպման նախանշված ժամին մոտենում են մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի աշխատակիցը և ապագա աշխատակիցների թրեյնինգներ անցկացնող աշխատակիցը։ Հարցազրույցի առաջին մասում ներկայացնում են կազմակերպությունը, պատմում աշխատանքի, աշխատավարձի մասին։ Իսկ երկրորդ մասում՝ հարցերի միջոցով ստուգում են մասնակիցների անգլերենի մակարդակը։ Հարցազրույցի լեզուն անգլերենն է։  Հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցները հրավիրվում են 9-օրյա դասընթացի, որի ավարտից հետո էլ հնարավորություն են ստանում աշխատանքի անցնելու։ Դասընթացի առաջին օրը մասնակիցները գրասենյակ մուտք գործելիս կրկին ներկայացնում են անձը հաստատող փաստաթուղթ, այնուհետև գրանցում իրենց մատնահետքը, քանի որ մուտքը գրասենյակ և սենյակներ միայն մատնահետքով է։ Evolution Academy անունով սենյակում տեղադրված են մոտ 10 սեղան՝ նախատեսված ազարտային խաղերի համար։ Մասնակիցներից յուրաքանչյուրը նստում է մի սեղանի մոտ, և սկսվում է ծանոթությունն այն ազարտային խաղին, որի խաղավարը պիտի դառնա տվյալ մասնակիցը։ 6-ժամյա թրեյնինգի հիմնական մասում սովորում են խաղի կանոնները, խաղը ներկայացնելու համար անհրաժեշտ արտահայտությունները։ Յուրաքանչյուր մասնակցի սեղանը կահավորված է հատուկ էկրանով, որը դառնում է խաղավարի «օգնականը»։ Այնտեղ երևում են խաղացողների անունները, ինչպես նաև կա զրուցարան (live chat), որտեղ խաղացողները խաղի ընթացքում թողնում են հաղորդագրություններ։  Ուսուցողական մոնիտորների վրա պարբերաբար թարմացվում էին խաղացողների մեկնաբանությունները։ Ենթադրվում է, որ դրանք պիտի պատրաստեն ապագա խաղավարներին իրական խաղում հանդիպող հնարավոր մեկնաբանություններին։ «Ինչ գեղեցիկ ես, դու պետք է մոդել լինեիր», «Ես գտել եմ քեզ Facebook-ում, արի շփվենք», «Քո հերթափոխից հետո կսպասեմ քեզ գրասենյակի մոտ», «Եթե ինձ անհրաժեշտ խաղաքարտերը չբացես, ինձ կսպանեն պարտքերի պատճառով» և նմանատիպ այլ մեկնաբանություններ։  Ապագա խաղավարներին նաև սովորեցում են, թե ինչպես պատասխանել մեկնաբանություններին, որ մեկնաբանություններին պատասխանել և որոնք պարզապես անտեսել։ Խաղի ընթացքում խաղավարից պահանջվում է լինել աջակցող, քաջալերել խաղացողներին, ճիշտ և օգտակար հուշումներ տալ նրանց։  Դասընթացի ընթացքում մարզիչը հատուկ շեշտում է՝ «Մենք օնլայն կազինո չենք, մենք ՏՏ ընկերություն ենք»։ Լյուսի Մանվելյան
22:06 - 22 նոյեմբերի, 2023
Արցախցիները, որոնք Հայաստանում հաշվառվել են սեպտեմբերի 19-ից հետո, կօգտվեն աջակցության ծրագրերից

Արցախցիները, որոնք Հայաստանում հաշվառվել են սեպտեմբերի 19-ից հետո, կօգտվեն աջակցության ծրագրերից

Ստեփանակերտի 72-ամյա բնակիչ Անուշ Անաստասյանը, որ Հայաստանում հաշվառվելու պատճառով զրկվել էր բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կացարաններում բնակվելու համար նախատեսված 40 հազարական եւ կոմունալ ծախսերի համար նախատեսված 10 հազարական դրամ սոցիալական աջակցությունից, այսուհետ այդ ծրագրի շահառու կլինի։ «Ինֆոքոմը» գրել էր, որ Անաստասյանը բռնի տեղահանումից հետո ստացել էր հոկտեմբեր ամսվա աջակցությունը, սակայն օրեր անց, երբ դուրս էր եկել Ստեփանակերտի հաշվառումից եւ գրանցվել Հայաստանում, դադարել էր հանդիսանալ այդ ծրագրի շահառու։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից «Ինֆոքոմ»-ին տեղեկացրել էին, որ Կառավարության որոշման մեջ փոփոխություններ կլինեն, որոնցով կլուծվի նման իրավիճակում հայնտված արցախցիների խնդիրը։  Նոյեմբերի 17-ին հիշյալ փոփոխությունը կատարվել է, եւ այսուհետ աջակցության ծրագրերի շահառու են համարվում նաեւ Արցախից բռնի տեղահանված բոլոր այն անձինք, որոնք 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո են հաշվառվել Հայաստանի բնակչության պետական ռեգիստրում։  Այս պահին կառավարությունն իրականացնում է 50-հազարական դրամի չափով երկու ծրագիր՝ 50-հազարական դրամների (40-հազարական դրամ կացության եւ 10-հազարական դրամ կոմունալ ծախսերի վճար) վեցամսյա աջակցություն եւ առաջնային սպառողական ծախսերի համար նախատեսված 50-հազարական դրամների  երկամսյա աջակցություն։  Վեցամսյա աջակցության ծրագրի որոշումը Կառավարությունն ընդունել է 2023 թ․ հոկտեմբերի 12-ին, հաշվառման ժամկետի փոփոխությունը, ինչպես նշեցինք, կատարվել է նոյեմբերի 17-ին, սակայն այն ունի հետադարձ ուժ եւ տարածվում է հոկտեմբերի 14-ից սկսած գործողությունների վրա։ Այս որոշման՝ մինչեւ փոփոխությունը գործող կարգավորմամբ՝ Հայաստանում երբեւէ հաշվառված բռնի տեղահանվածները ծրագրի շահառու չէին եւ չէին կարողանում օգտվել հատկացվող աջակցությունից։ Անուշ Անաստասյանի դուստրը՝ Արմինե Վանյանը, մեզ տեղեկացրեց, որ արդեն հաջողվել է դիմումը մուտքագրել համակարգ, սպասում են պատասխան ծանուցման։ Մյուս՝ երկամսյա աջակցության որոշումը Կառավարությունն ընդունել է նոյեմբերի 9-ին։ Այն նախատեսված է ԼՂ-ից բռնի տեղահանվածների՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների առաջնային սպառողական ծախսերի համար։ Չնայած, որ այս որոշմամբ ի սկզբանե էլ սահմանվել էր, որ ծրագրի շահառու են նաեւ այն բռնի տեղահանվածները, որոնք սեպտեմբերի 19-ից հետո են հաշվառվել Հայաստանում, այնուհանդերձ, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագծի հիմնավորումներում նշված է, որ երկու որոշումներով էլ ՀՀ-ում հաշվառված անձինք ծրագրերի շահառու չեն, ինչը խնդիրներ է առաջացրել 2023 թ․ սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար։ Նշենք, որ ՀՀ-ում հաշվառում ունենալը բռնի տեղահանվածներին անհրաժեշտ է ՀՀ-ում փախստականի կարգավիճակ, կենսաթոշակ կամ այլ նպաստներ ստանալու համար։ Ստացվում է, որ դրանք ստանալու համար անձը պիտի հաշվառվեր, բայց հաշվառվելու հետեւանքով զրկվում էր աջակցության ծրագրերից։ Նախարարության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը մեր զրույցում ասաց, որ նախագծում երկրորդ որոշման մասին հիշատակումը տեխնիկական է, եւս մեկ անգամ ընդգծվել է, որ երկու որոշումների համար էլ նույն կարգավորումն է գործելու։ Այսինքն՝ այսուհետ մինչեւ սեպտեմբերի 19-ը Հայաստանում հաշվառված բռնի տեղահանված անձինք հիշյալ երկու ծրագրերի շահառու չեն, իսկ սեպտեմբերի 19-ից հետո հաշվառվածները շահառու են։ Այնուհանդերձ, «մինչեւ սեպտեմբերի 19-ը» պայմանի նախատեսումը կարող է խնդրահարույց լինել այն արցախցիների համար, որոնք տարիներ առաջ ինչ-ինչ պատճառներով հաշվառվել են Հայաստանում, սակայն շարունակել են ապրել Արցախում եւ բռնի տեղահանվել են իրենց տներից։ Մեր հարցին, թե ինչ հիմնավորմամբ է նման ելակետ ընդունվել, Զառա Մանուչարյանը պատասխանեց․ «Եթե հաշվառման սահմանափակումը չլինի, հնարավոր է, որ ծրագրերից կարողանան օգտվել ոչ թիրախային խմբի շահառուներ, իսկ այս ծրագրերի նպատակն է օգնել նրանց, որոնք եղել են ԼՂ-ում եւ բռնի տեղահանվել են 2023 թ․-ի ընթացքում»,- նշեց նա։ Հայաստանում հաշվառված եւ մշտական բնակություն հաստատած արցախցիների դեպքում այդ տրամաբանությունը հասկանալի է, սակայն սեպտեմբերի 19-ից առաջ Հայաստանում հաշվառված եւ Արցախում մշտապես բնակված անձինք, որոնք եւս փաստացի բռնի տեղահանվել են, դուրս են մնալու ծրագրերից։ Մինչեւ վերջերս վեցամսյա աջակցության ծրագրից Հայաստանում հաշվառվածներից բացի օգտվել չէին կարող նաեւ նրանք, որոնք բնակվում էին բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում կամ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում կամ հյուրանոցներում կամ հյուրատներում։  Նախարարության առաջարկով այս անձինք եւս դարձել են վեցամսյա աջակցության ծրագրի շահառու՝ դարձյալ բացառությամբ նրանց, որոնք Հայաստանում հաշվառվել են սեպտեմբերի 19-ից առաջ։  Մյուս՝ երկամսյա աջակցության ծրագրում ի սկզբանե նշվել է, որ այն անձինք, որոնք 2023 թ․ նոյեմբերի 15-ի դրությամբ բնակվում են հյուրանոցներում կամ հյուրատներում, ծրագրի շահառու չեն։ Հաջորդ փոփոխությունն էլ վերաբերում է գումարի տրամադրման եղանակին։ Վեցամսյա աջակցության ծրագրից Կառավարությունը հանել է այն կանխիկ եղանակով տրամադրելու կարգավորումները եւ սահմանել, որ կանխիկ եղանակով վճարումները «Հայփոստ»-ի միջոցով կատարվելու են մինչեւ 2023 թ․ դեկտեմբերի 1-ը, իսկ չվճարված գումարը մինչեւ 2023 թ․ դեկտեմբերի 8-ը վերադարձվելու է ՀՀ պետական բյուջե ։ Երկամսյա աջակցության ծրագրով ի սկզբանե նախատեսված է եղել, որ գումարը վճարվում է անկանխիկ՝ շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով։ Փոփոխությունների այս նախագիծը ներառված է եղել Կառավարության՝ նոյեմբերի 17-ի նիստի չզեկուցվող հարցերի օրակարգում։ Գործադիրը միաձայն ընդունել է այն։ Հավելենք, որ հիշյալ դրամական աջակցությունը ստանալու համար բռնի տեղահանված անձինք պետք է էլեկտրոնային եղանակով՝ socservice.am հարթակում ներկայացնեն մեկանգամյա դիմում։ 50 հազարական վեցամսյա աջակցության համար այն կարող է ներկայացվել 2023 թ․ նոյեմբերի 1-ից 2024թ․ մարտի 15-ը ներառյալ, իսկ 50 հազարական երկամսյա աջակցության համար՝ այս տարվա նոյեմբերի 17-ից դեկտեմբերի 15-ը ներառյալ։ Բռնի տեղահանված այն անձինք, որոնք այս գործընթացում որեւէ խոչընդոտի կհանդիպեն, կարող են դիմել «Ինֆոքոմ»-ի խմբագրություն՝ հետևյալ հեռախոսահամարով՝  041 46 36 26, էլեկտրոնային հասցեով` [email protected] կամ գրելով մեր ֆեյսբուքյան էջին։    Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան Լուսանկարում՝ Գորիսի հաշվառման կետը, 25-ը սեպտեմբերի, 2023 թ․
21:59 - 21 նոյեմբերի, 2023