Հայաստան

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը փաստացի վերածվել է արևմտյան կիuառազմական գործողության՝ կասկածելի նպատակներով. ՌԴ ԱԳՆ |tert.am|

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը փաստացի վերածվել է արևմտյան կիuառազմական գործողության՝ կասկածելի նպատակներով. ՌԴ ԱԳՆ |tert.am|

tert.am: Ռուսաստանի մտավախությունները հաստատվել են՝ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը փաստացի վերածվել է արևմտյան կիսառազմական գործողության՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներգրավմամբ և կասկածելի նպատակներով. այս մասին News.ru պորտալին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Դրա անձնակազմն արդեն առնվազն երկու անգամ ավելացվել է, և նոր հենակետեր են բացվում։ Բոլորովին վերջերս Երևանին պարտադրվել է ԵՄ-ի ներկայության կարգավիճակի մասին համաձայնագիր, որն առաքելությանը տալիս է առավել բարենպաստ պայմաններ և Հայաստանի տարածքում գործելու ազատություն: Այն, որ առաքելությունը հանդիսանում է ԵՄ հիբրիդային պատերազմի գործիք, հաստատում է դրա գաղտնիությունը, հաշվետվողականության բացակայությունը և վերահսկողության բացակայությունը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի, թե՛ այլ շահագրգիռ երկրների և կառույցների կողմից։ Առաքելությունը բացահայտ սադրիչ գործունեություն է ծավալում, ամբողջությամբ զբաղվում է հակառուսական քարոզչությամբ՝ հայ հասարակության մեջ կեղծ գաղափարներ սերմանելով Եվրամիության՝ որպես Հայաստանի «անվտանգության և բարգավաճման աղբյուրի» մասին։ Ավելին, ԵՄ գործունեությունը գնալով ստանում է հակաադրբեջանական և հակաիրանական բնույթ։ Եթե խոսենք երկարաժամկետ տարածաշրջանային անվտանգության, կայունության և սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների մասին, ապա տարածաշրջանը ռազմականացնելու և այնտեղ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական ազդեցությունն ընդլայնելու արևմտյան երկրների ծրագրերը լիովին անհամապատասխան են դրանց։ Հարավային Կովկասի բարգավաճման բանալին ներառական երկխոսությունն է, մասնավորապես «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի շրջանակում, ի հայտ եկած խնդիրների պատասխանների համատեղ որոնումը և արտատարածաշրջանային ուժերի աշխարհաքաղաքական թելադրանքին հակազդելը», - ասել է Գալուզինը։
11:00 - 15 մայիսի, 2024
Մոսկվան ողջունում է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով բանակցությունները. Գալուզին
 |azatutyun.am|

Մոսկվան ողջունում է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով բանակցությունները. Գալուզին |azatutyun.am|

azatutyun.am: Մոսկվան ողջունում է մայիսի 10-ին և 11-ին Ալմաթիում խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունները, NEWS.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նրա բնորոշմամբ, ևս մեկ քայլ է արվել Հարավային Կովկասում հուսալի և երկարաժամկետ խաղաղության և կայունության հասնելու ուղղությամբ։ «Մենք լիովին աջակցում ենք այս ուղղությամբ Աստանայի ջանքերին», - հայտարարել է Գալուզինը՝ շեշտելով․ - «Կարևոր է, որ բանակցություններն ընթանում են Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը որոշած՝ բարձրագույն մակարդակում 2020-2022 թվականներին ձեռքբերված եռակողմ պայմանավորվածությունների հունով»։ Երևանում ապրիլի 15-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարեց, որ ողջունում են խաղաղության համաձայնագիր կնքելու Հայաստանի ու Ադրբեջանի ձգտումը։ Տոկաևը նաև ասաց, որ Ղազախստանը պատրաստ է իր հարթակը տրամադրել բանակցությունների համար՝ շեշտելով՝ հիմնական նպատակը երկու բարեկամ երկրներին մերձեցնելն է։ Գրեթե մեկ ամիս անց՝ մայիսի 10-ի,ն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպեցին Ալմաթիում։ Երկու օր տևած հանդիպումից հետո կողմերը հայտարարեցին, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են շարունակել բանակցությունները հարցերի շուրջ, որտեղ կան տարաձայնություններ։
10:32 - 15 մայիսի, 2024
Հակոբ Արշակյանը և Սլովակիայի Ազգային խորհրդի հանձնաժողովի նախագահը քննարկել են սահմանազատման գործընթացում վերջին զարգացումները

Հակոբ Արշակյանը և Սլովակիայի Ազգային խորհրդի հանձնաժողովի նախագահը քննարկել են սահմանազատման գործընթացում վերջին զարգացումները

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն այսօր Բրատիսլավայում Աժ գործընկերների հետ հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիի հետ։ Այդ մասին տեղեկանում են ԱԺ փոխնախագահի Ֆեյսբուքի էջից։   «Ընդգծեցի, որ Սլովակիան Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է Եվրոպայում, և Հայաստանը խորապես շահագրգռված է ընդլայնել համագործակցությունը Սլովակիայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Եվրոպական Միության հետ հարաբերությունների շրջանակում: Քննարկում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև սահմանազատման գործընթացում վերջին զարգացումների մասին։ Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման և ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին։   Մարիան Քերին աջակցություն հայտնեց Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև տարածաշրջանում կայունության և վստահության ամրապնդման գործընթացին»,- գրել է նա:
22:20 - 14 մայիսի, 2024
Հաստատվել է Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ների միջև 2024-2025 թթ. համագործակցության պլանը

Հաստատվել է Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ների միջև 2024-2025 թթ. համագործակցության պլանը

Մայիսի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև առաջին պաշտպանական խորհրդակցությունները՝ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի և Հնդկաստանի ՊՆ միջազգային համագործակցության հարցերով միացյալ քարտուղար Շրի Վիշվեշ Նեգիի նախագահությամբ:   Խորհրդակցություններին մասնակցել է նաև ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան ու ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Նավին Նիջհավանը:   ՊՆ-ից տեղեկացնում են, որ խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները՝ ներառյալ ռազմատեխնիկական, անձնակազմի ռազմական կրթության ու մարտավարական պատրաստության, փորձի փոխանակման և այլ բնագավառներում:   Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։  Լևոն Այվազյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում ընթացող բարեփոխումները։    Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է խորհրդակցությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, որով նախատեսվել է երկկողմ պաշտպանական համագործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի ստեղծումն ու հաստատվել է Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2024-2025 թթ. համագործակցության պլանը։
20:50 - 14 մայիսի, 2024
Գևորգ Պապոյանը ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնյային է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Գևորգ Պապոյանը ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնյային է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Մայիսի 13-ին Վաշինգտոնում (ԱՄՆ) տեղի է ունեցել հանդիպում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և ԱՄՆ պետական դեպարտամենտի էներգետիկ ռեսուրսների գործակալության քարտուղարի տեղակալ Ջեֆրի Փայեթի միջև։   Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը և Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։   Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, մասնավորապես՝ ներկայացվել է Հայաստանի Հանրապետության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, վերջինիս իրականացման արդյունքում ակնկալվող տարածաշրջանային զարգացումները, Հայաստանի տնտեսական և էներգետիկ անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ ՀՀ տնտեսական զարգացման հեռանկարները, ներկայիս տնտեսական իրավիճակը և Հայաստանին «Շուկայական տնտեսության կարգավիճակ» շնորհելու ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող աշխատանքների ընթացքը։   Նույն օրը հանդիպում է տեղի ունեցել նաև ԱՄՆ Առևտրային ներկայացուցչի գրասենյակի Եվրոպայի և Միջին Արևելքի հարցերով փոխքարտուղար Բրայան Թրիքի հետ։   Հանդիպման ընթացքում ընդգծվել է հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների զարգացման կարևորությունը, մասնավորապես՝ ԱՄՆ ՄԶԳ կողմից ՀՀ-ում ծրագրերի իրականացումը, արտահանման դիվերսիֆիկացման ծրագրի մշակման օժանդակությունը, ինչպես նաև ՀՀ և ԱՄՆ միջև Առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային խմբի վերջերս կայացած նիստի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացման անհրաժեշտությունը։   Կարևորվել է բոլոր նախանշված ուղղություններով աշխատանքների հետագա շարունակականության ապահովումը։
19:10 - 14 մայիսի, 2024
Նիկոլ Փաշինյանը և Սյորեն Գադեն մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանը և Սյորեն Գադեն մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ

Դանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի ավարտից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի խորհրդարանի` Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Դանիայի խորհրդարանների միջև համագործակցությանը, ինչպես նաև տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերը հույս են հայտնել, որ ՀՀ վարչապետի այցը Դանիա նոր ազդակ կհաղորդի երկու երկրների միջև բազմաոլորտ կապերի զարգացմանն ու ընդլայնմանը: Այս համատեքստում, զրուցակիցները կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը: Նիկոլ Փաշինյանը և Սյորեն Գադեն մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցերի:
18:24 - 14 մայիսի, 2024
Ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում. Բորտնիկով
 |azatutyun.am|

Ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում. Բորտնիկով |azatutyun.am|

azatutyun.am: Ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում, այսօր հայտարարել է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրենի թեկնածու Ալեքսանդր Բորտնիկովը։ «Ի դեմս սահմանապահների՝ մեր ներկայությունը Հայաստանում մնում է», - Դաշնային խորհրդում իր թեկնածության շուրջ քննարկումների ժամանակ հայտարարել է Բորտնիկովը։ Ռուս պաշտոնյան վերահաստատել է՝ ռուս սահմանապահները կշարունակեն իրենց ծառայությունը հայ-թուրքական և հայ-իրանական սահմաններին։ Ռուսաստանյան պետական ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ Բորտնիկովը հիշեցրել է, որ Հայաստանի իշխանությունները պաշտոնապես դիմել են Մոսկվային ռուսական զորքը շփման գծից դուրս բերելու խնդրանքով, և հայկական կողմի խնդրանքով փակվելու է նաև Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետը։ Օրերս ՌԴ նախագահի խոսնակը հաստատել էր, որ Հայաստանի մի շարք մարզերից ռուսաստանցի զինվորականների և սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է մայիսի 8-ին Մոսկվայում Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների հանդիպման ընթացքում։
17:46 - 14 մայիսի, 2024
Մենք գոհ ենք հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումից. Փաշինյան

Մենք գոհ ենք հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումից. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին»: ՀՀ վարչապետը «Առաջնագծից. Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (From the frontline: Armenia’s defence of democracy) թեմայով քննարկմանը հանդես է եկել ելույթով և պատասխանել մի քանի հարցի: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։  Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովի հարգելի մասնակիցներ, Տիկնայք և պարոնայք, Պատիվ ունեմ ձեզ հետ կիսելու այն մարտահրավերները, որոնց բախվում է հայկական ժողովրդավարությունը։ Լավ նորությունն այն է, որ ժողովրդավարությունն իսկապես իրականություն է դարձել Հայաստանում, բայց ի՞նչ է փոխվել Հայաստանի քաղաքացիների համար իրական ժողովրդավարությամբ։ Մինչև 2018 թվականի Թավշյա հեղափոխությունը մեր երկրում զանգվածային ընտրակեղծիքներն էին սովորաբար ուղեկցում ընտրություններին։ Քաղաքացիների մոտ վստահություն չկար, որ իրենք ունեն խորհրդարան ու կառավարություն ընտրելու և ձևավորելու իրական հնարավորություն։ Հիմա իրավիճակը բոլորովին այլ է. քաղաքացիները գիտեն, որ իրենք որոշում կայացնելու բավականաչափ ուժ ունեն։ Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում անցկացված երկու համընդհանուր ընտրությունները թե՛ հայ հասարակության, թե՛ միջազգային հանրության կողմից ճանաչվել են որպես ժողովրդավարական, ազատ և մրցակցային։ Հայաստանը հսկայական առաջընթաց է գրանցել ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում. ձեռքբերում, որը շատ լավ արտացոլված է տարբեր հեղինակավոր ժողովրդավարական ցուցիչներում: Այժմ մենք 43-րդն ենք «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության խոսքի ազատության ինդեքսում՝ մինչդեռ 2017-ին մենք զբաղեցնում էինք 79-րդ տեղը: 2017 թվականին Freedom House-ի կողմից դասակարգվելով որպես մասամբ ազատ համացանց ունեցող, այժմ մենք վայելում ենք ազատ համացանց ունեցող երկրի կարգավիճակը: «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» կազմակերպության կոռուպցիայի ընկալման ինդեքսում Հայաստանն այժմ 62-րդ տեղում է` 2017 թ. 107-րդի փոխարեն: Economist Intelligence Unit-ի ժողովրդավարության ինդեքսում այժմ մենք 84-րդն ենք, մինչդեռ 2017 թ. զբաղեցնում էինք 111-րդ տեղը։ Այս առաջընթացը գնահատելու համար անհրաժեշտ է նշել, որ ժողովրդավարական բարեփոխումներին զուգահեռ Հայաստանը դիմակայել է արտաքին անվտանգության մարտահրավերներին: 44-օրյա պատերազմը Լեռնային Ղարաբաղում, ադրբեջանական զորքերի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածքներ 2021 և 2022 թվականներին և ավելի քան 200 քառակուսի կիլոմետր հայկական տարածքների օկուպացումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անտարբերության և անգործության պայմաններում, Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 000 հայերի հարկադիր տեղահանումը կասկածներ են առաջացրել Հայաստանի քաղաքացիների շրջանում` արդյոք ժողովրդավարությունը ճիշտ ընտրություն է, թե՞ գուցե ժողովրդավարությունը նշանակում է ավելի քիչ անվտանգություն: Այսպիսով, ժողովրդավարությունը պետք է ապացուցի իր արդյունավետությունն անվտանգության, տնտեսական և հումանիտար մարտահրավերներին դիմակայելիս: Եվ մենք հուսով ենք, որ Գլոբալ ժողովրդավարությունը կկանգնի մեր կողքին բոլոր այդ մարտահրավերներին դիմակայելու հարցում: Մենք գոհ ենք հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումից։ Եվ մենք ողջունում ենք ԵՄ-ի որոշումը՝ ընդլայնելու իր կարողությունները։ Մյուս կողմից մենք հույս ունենք, որ Հայաստանը կներառվի Եվրոպական Խաղաղության հիմնադրամում, և այս առումով մենք ապավինում ենք ԵՄ անդամ բոլոր երկրների աջակցությանը։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և իմ բարձր մակարդակի հանդիպման ընթացքում, որը տեղի ունեցավ ապրիլի 5-ին Բրյուսելում, Եվրամիությունը և Միացյալ Նահանգները ստանձնեցին Հայաստանի տնտեսական դիմակայունության, պետական ինստիտուտների հզորացման և Լեռնային Ղարաբաղից փախստականների մարդասիրական կարիքների բավարարմանն ուղղված պարտավորությունների նոր փաթեթ: Այդ պարտավորությունների արագ և արդյունավետ իրականացումը չափազանց կարևոր է: Տիկնայք և պարոնայք, Ի հեճուկս բոլոր մարտահրավերների, մենք հավատում ենք, որ ժողովրդավարության իրական և ամենահավակնոտ ուղեկիցը հարատև և կայուն խաղաղությունն է: Եվ իմ գլխավորած կառավարությունն այս առումով վերցրել է իր պատասխանատվության բաժինը։ Վերջերս մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք Ադրբեջանի հետ՝ սկսելու մեր միջպետական սահմանների սահմանազատումն Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի հիման վրա։ Դա նշանակում է, որ սահմանազատում կատարելիս մենք պարզապես պետք է վերարտադրենք Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև եղած վարչական սահմանները, որոնք Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն դարձան պետական սահմաններ։ Սահմանների սահմանազատման մեկնարկը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Ալիևի և իմ միջև քառակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնության իրականացումն է։ Այժմ ժամանակն է ներառել և արտացոլել այդ համաձայնությունները խաղաղության պայմանագրում և ստորագրել այն։ Մեր տարածաշրջանային կայունության մեկ այլ առանցքային գործոն «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն է, որը նախաձեռնել է իմ գլխավորած կառավարությունը։ Այս նախագիծը ենթադրում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերականգնում և բացում են տրանսպորտային և այլ հաղորդակցություններն այն երկրների ինքնիշխանության ու իրավազորության ներքո, որոնց միջով դրանք անցնում են, և հիմնված է հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։ Հայեցակարգի այս տարրերը համաձայնեցվել են 2023 թվականի հուլիսի 15-ին Ադրբեջանի նախագահի և իմ հանդիպման ժամանակ, որը վարում էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, և արտացոլված են հանդիպման արդյունքներով նախագահ Միշելի հրապարակային հայտարարության մեջ: Մենք պատրաստ ենք շարժվել համաձայնեցված կետերի իրականացման ուղղությամբ։ Տիկնայք և պարոնայք, Ձեր հարցերին պատասխանելուց առաջ ուզում եմ շեշտել, որ ժողովրդավարությունը ռազմավարություն է Հայաստանի համար։ Մենք հավատում ենք ժողովրդավարությանը, ապրում ենք ժողովրդավարության մեջ»:
17:16 - 14 մայիսի, 2024
Արցախից բռնի տեղահանված ավելի քան 9 900 մարդ է լքել Հայաստանը
 |civilnet.am|

Արցախից բռնի տեղահանված ավելի քան 9 900 մարդ է լքել Հայաստանը |civilnet.am|

civilnet.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 7-ի ասուլիսի ժամանակ հարց էր հնչել, թե որքան արցախցի է լքել Հայաստանը՝ 2023-ի սեպտեմբերից ի վեր։ «Մամուլն ապրիլի 6-ին գրել էր, որ շուրջ 16 000 արցախցի է բռնի տեղահանությունից ի վեր լքել ՀՀ-ն»,- ասել էր լրագրողը՝ խնդրելով վարչապետին պարզաբանել՝ արդյոք իսկապես այդքան մարդ լքել է Հայաստանը։ Փաշինյանը հերքեց այս թիվը. «…Ոչ, այդքան մարդ չի հեռացել Հայաստանից։ Դա իրականությանը չի համապատասխանում»։ Այունհետև վարչապետը հավելեց, որ ինչպես ՀՀ քաղաքացիների դեպքում, արցախցիներն էլ գնում- գալիս են։ Ինչ է հայտնում ԱԱԾ-ն Ազգային անվտանգության ծառայության տրամադրած տվյալների համաձայն՝ մայիսի 1-ի դրությամբ օդային և ցամաքային ուղիներով Հայաստանից մեկնել է բռնի տեղահանված 16 585 անձ, վերադարձել` 6 660-ը։ Այսինքն՝ մայիսի 1-ի դրությամբ չի վերադարձել 9 925-ը։ Ի դեպ, մեր նախորդ հարցմանն ի պատասխան, ԱԱԾ-ն տրամադրել էր տվյալներ, ըստ որոնց՝ սեպտեմբերից ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ-ից դուրս էր եկել 15 162, վերադարձել՝ 6062։ Այսինքն՝ չէր վերադարձել 9 100-ը։ Փաստացի միայն վերջին մեկ ամսում՝ ապրիլի ընթացքում, Հայաստանից դուրս է եկել 1 423 արցախցի։ Նրանց մեծ մասը՝ 825-ը, չեն վերադարձել։  
15:37 - 14 մայիսի, 2024
Քննարկվել են մասնավոր հատվածի հետ ԱԶԲ իրականացվող ծրագրերն ու համագործակցության հնարավոր նոր ուղղությունները

Քննարկվել են մասնավոր հատվածի հետ ԱԶԲ իրականացվող ծրագրերն ու համագործակցության հնարավոր նոր ուղղությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ)՝ մասնավոր հատվածի հետ համագործակցության ուղղությամբ փոխնախագահ Բհարգավ Դասգուպտային: Հանդիպմանը ներկա էր նաև ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետն ընդգծել է ԱԶԲ հետ համագործակցության կարևորությունը և նշել դրա դրական ազդեցությունը երկրում բիզնես մշակույթի զարգացման տեսանկյունից: Քննարկվել են մասնավոր հատվածի հետ ԱԶԲ իրականացվող ծրագրերն ու համագործակցության հնարավոր նոր ուղղություններն ու մեխանիզմները: Այդ համատեքստում ընդգծվել է պետություն-մասնավոր համագործակցության, կապիտալի շուկայի զարգացման, ինչպես նաև կանաչ տնտեսության ուղղությամբ ԱԶԲ փորձագիտական ներուժի կիրառման կարևորությունը: 
15:05 - 14 մայիսի, 2024
Խաղաղության համաձայնագիրը չպետք ունենա բաց կետեր․ Բայրամով
 |azatutyun.am|

Խաղաղության համաձայնագիրը չպետք ունենա բաց կետեր․ Բայրամով |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայաստանցի պաշտոնակցի հետ վերջին բանակցությունների արդյունքները «դրական» է գնահատել՝ հրաժարվելով, սակայն, մանրամասներ հայտնել։ «Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին՝ ասեմ, որ փետրվարից ինտենսիվ բանակցությունները վերսկսվել են։ Դրանից առաջ փաստաթղթերի և պայմանների փոխանակումներ են տեղի ունեցել, բայց դեմ առ դեմ հանդիպում չեղավ, թեև գործընթացը շարունակվեց Մյունխենում, Բեռլինում և Ալմաթիում։ Վերջին հանդիպման ընթացքում մեծ քննարկում է տեղի ունեցել։ Թեև չեմ էլ ուզում մանրամասնել, այդ բանակցությունները դրական եմ գնահատում»,- ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Մալթայի արտգործնախարար Իեն Բորջի հետ Բաքվում կայացած հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։ Ըստ Բայրամովի, երկրների միջև խաղաղության համաձայնագիրը պետք է իրենից ներկայացնի մի փաստաթուղթ, որը չի ունենա բաց կետեր ու չի ներառի հարցեր, որոնք որոշ ժամանակ անց կրկին բանակցությունների թեմա կդառնան, հաղորդում է Report.az-ը: Երևանում ապրիլի 15-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարեց, որ ողջունում են խաղաղության համաձայնագիր կնքելու Հայաստանի ու Ադրբեջանի ձգտումը։ Տոկաևը նաև ասաց, որ Ղազախստանը պատրաստ է իր հարթակը տրամադրել բանակցությունների համար՝ շեշտելով՝ հիմնական նպատակը երկու բարեկամ երկրներին մերձեցնելն է։ Գրեթե մեկ ամիս անց՝ մայիսի 10-ին, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպեցին Ալմաթիում։ Երկու օր տևած հանդիպումից հետո կողմերը հայտարարեցին, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են շարունակել բանակցությունները հարցերի շուրջ, որտեղ կան տարաձայնություններ։
14:50 - 14 մայիսի, 2024
Կոպենհագենում կայացել է Հայաստանի և Դանիայի վարչապետների հանդիպումը

Կոպենհագենում կայացել է Հայաստանի և Դանիայի վարչապետների հանդիպումը

Աշխատանքային այցով Դանիայի թագավորությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ: Այս մասին հաղորդում են վարչապետի աշխատակազմից։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Դանիա բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող հարցեր: Մետտե Ֆրեդերիկսենը ողջունել է ՀՀ վարչապետի այցը Կոպենհագեն և ընդգծել իր գլխավորած կառավարության պատրաստակամությունը՝ զարգացնելու և ընդլայնելու փոխգործակցությունը Հայաստանի հետ: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և կարևորել կապերի զարգացման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ Կարևորվել է նաև բազմակողմ հարթակներում շարունակական համագործակցությունը: Նիկոլ Փաշինյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա իրավիճակը: Տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման համատեքստում վարչապետն անդրադարձել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ: Նիկոլ Փաշինյանը Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան: Տիկին Ֆրեդերիկսենը հրավերը սիրով ընդունել է:  
13:49 - 14 մայիսի, 2024
ԱՄՆ պետքարտուղարությունը կշարունակի աջակցել ԼՂ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին. Վեդանտ Պատել |shantnews.am|

ԱՄՆ պետքարտուղարությունը կշարունակի աջակցել ԼՂ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին. Վեդանտ Պատել |shantnews.am|

shantnews.am: ԱՄՆ պետքարտուղարությունը հավատում է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը: Ադրբեջանցի լրագրողը հարց է ուղղել Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ, հետաքրքրվել, թե արդյոք շփումներ եղել են կողմերի հետ: Պատելը պատասխանել է. «Ես չունեմ որևէ հատուկ ներգրավվածություն: Ես պարզապես կասեմ, որ երբ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանին, մենք շարունակում ենք հավատալ, որ խաղաղությունը հնարավոր է: Դա մի բան է, որով քարտուղարը և մյուսները շարունակում են խորապես ներգրավված մնալ: Ես կողմերի միջև բանակցությունների վերաբերյալ թարմացումներ չունեմ, բայց մենք կշարունակենք աջակցել այս գործընթացին»:
09:39 - 14 մայիսի, 2024