Հայաստան

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցելու բանաձև

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցելու բանաձև

Մայիսի 16-ին Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը միաձայն ընդունեց բանաձև՝ Հայաստանին աջակցելու, տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են Լյուքսեմբուրգում Հայաստանի դեսպանությունից:   «Միջնորդությունը դատապարտում է Ադրբեջանի չհիմնավորված ռազմական գործողության հետևանքով ավելի քան 100,000 հայերի բռնի գաղթը Լեռնային Ղարաբաղից, հղում անելով Արդարադատության Միջազգային դատարանի 2023 թ․ նոյեմբերի 17-ի հրամանին՝ կոչ է անում հարգել միջազգային իրավունքը, ինչպես նաև կոչ է անում Ադրբեջանին՝ անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին։   Ընդգծելով 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրով տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության ճանաչումը՝ խրախուսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքները և տարածաշրջանում դիվանագիտական հարաբերությունների կարգավորումը։ Ողջունում է Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը, ինչպես նաև Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը։   Ընդգծում է ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացման կարևորությունը նոր գործընկերության օրակարգի միջոցով, ինչպես նաև Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության կարևոր հանձնառությունը և աջակցում է ԵՄ-ի դերի մեծացմանը Հայաստան-Ադրբեջան հակամարտության կարգավորման գործընթացում:   Խրախուսում է նաև Լյուքսեմբուրգի, ԵՄ-ի և Հայաստանի միջև տնտեսական, գիտական և կրթական կապերի ամրապնդումը»,- ասվում է հայտարարության մեջ:
19:31 - 16 մայիսի, 2024
ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Մայիսի 16-ին Ստրասբուրգում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են Եվրոպայի խորհրդի շրջանակներում ՀՀ ներգրավածությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատավել ՀՀ բարեփոխումների հավակնոտ օրակարգի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերին։ «ՀՀ կառավարությունը հատուկ ուշադրություն է հատկացնում ժողովրդավարական բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ անզիջում պայքարին և անկախ դատական համակարգի ամրապնդմանը, և Եվրոպայի խորհուրդն իր հերթին կարևոր նպաստ է բերում այս ուղղությամբ առաջընթացի ապահովմանը»։ Նախարար Միրզոյանը հավելել է, որ ՀՀ ժողովրդավարական բարեփոխումներն ու տարածաշրջանում խաղաղության հասնելուն միտված ջանքերը փոխկապակցված են. ինքնիշխան, ժողովրդավար պետության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ հարգանքի, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների պահպանման միջոցով է հնարավոր հասնել հարատև խաղաղության։ ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հարավային Կովկասում կայունության ապահովմանն ուղղված Հայաստանի ջանքերը: Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումներին՝ նախարար Միրզոյանը վկայակոչել է երկու երկրների ղեկավարների մակարդակով արտահայտված դիրքորոշումը, որով վերահաստատվում է 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը։ Նախարար Միրզոյանը շեշտել է, որ ՀՀ-ն ունի հարաբերությունների կարգավորման ամուր քաղաքական կամք և դրա լիարժեք փոխադարձման պարագայում հնարավոր կլինի հասնել խաղաղության։ Անդրադարձ է կատարվել հումանիտար բնույթի հարցերի։ Այս համատեքստում հիշատակվել են նաև ԵԽԽՎ կողմից ընդունված բանաձևերը և ընդգծվել է դրանց կյանքի կոչման կարևորությունը։
18:15 - 16 մայիսի, 2024
ՌԴ-ն Երևանի կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չի համարում |armenpress.am|

ՌԴ-ն Երևանի կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չի համարում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կողմից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ, կազմակերպությունը շարունակում է աշխատել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինի հայտարարությունը «Ռուսաստան- Իսլամական աշխարհ. Կազանֆորում»-ի ընթացքում։ «Դա ողբերգություն չէ (խմբ․ Հայաստանի կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը), կազմակերպությունը (խմբ․ ՀԱՊԿ) շարունակում է աշխատանքը»,- ընդգծել է Պանկինը։ Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հայտնել էր, որ Հայաստանն այս տարի ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց: «Հայաստանի Հանրապետությունը ձեռնպահ կմնա «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության 2024թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի՝ 2023թ. նոյեմբերի 23-ի որոշմանը միանալուց և դրանով նախատեսված՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց, միաժամանակ՝ չառարկելով տվյալ որոշման՝ սահմանափակ ձևաչափով ընդունմանը»,- նշել էր ԱԳՆ խոսնակը:  
15:16 - 16 մայիսի, 2024
Ադրբեջանը հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով, որն արվել է Տավուշի հատվածում․ Մհեր Գրիգորյան
 |armenpress.am|

Ադրբեջանը հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով, որն արվել է Տավուշի հատվածում․ Մհեր Գրիգորյան |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանական կողմը հակված է Հայաստանի հետ սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով ու ալգորիթմով, որը իրականացվել է Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի հատվածում։  ՀՀ կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը։  Փոխվարչապետը մանրամասնել է, որ մայիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպման ժամանակ շարունակվել են քննարկումները՝ կապված սահմանազատման կանոնակարգի հետ։ «Կարծես թե համաձայնություն կա, որ այս գործընթացում որդեգրած սկզբունքներն արտացոլվելու են կանոնակարգի մեջ, և կանոնակարգի  նախագծի վրա աշխատանքները ինտենսիվ շարունակվելու են։ Ուզում եմ վերահաստատել, որ ադրբեջանական կողմը նույնպես հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով, նույն ալգորիթմով, որն այս անգամ մենք կիրառեցինք»,- հայտարարեց փոխվարչապետը։    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ առաջիկա 8-10 օրերի ընթացքում պետք է կայացված որոշումները իրագործելու հարցով զբաղվեն։ «Չնայած արդեն մեկ շաբաթից ավել Բաղանիս-Ոսկեպար հատվածում Հայաստանի սահմանապահ զորքերը արդեն իսկ իրականացնում են ծառայություն։ Այսինքն, սահմանային սյուների տեղադրման աշխատանքն ավարտելուց հետո սահմանապահ զորքերն արդեն տեղակայվել են, հիմա ուսումնասիրում են տեղանքը, որպեսզի այդտեղ արդեն մշտական ծառայություն իրականացնեն։ Մյուս հատվածներում նույնպես սա տեղի կունենա»,- ասաց Փաշինյանը։ Մայիսի 15-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց՝ հայտնելով, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի իններորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:  Հանդիպման ընթացքում Հանձնաժողովները, 2024թ. ապրիլի 19-ի 8-րդ հանդիպման արձանագրության համաձայն, քննարկել են կատարված աշխատանքները և, հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում հստակեցված կոորդինատները, ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976 թվականի տեղագրական քարտեզի համաձայն, որը հերթապահության ընթացակարգ է անցել 1979 թվականին, համաձայնեցրել են անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի առանձին հատվածների համատեղ կազմված Արձանագրություն-նկարագրությունը՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով: Հանդիպման արդյունքում ստորագրվել է Արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: Հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ «Արմենպրես»-ին մեկնաբանություն էր տվել նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ 
11:56 - 16 մայիսի, 2024
Սահմանազատման գործընթացում տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն․ Նիկոլ Փաշինյան

Սահմանազատման գործընթացում տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն․ Նիկոլ Փաշինյան

Սահմանազատման գործընթացում տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն: Այս մասին Կառավարության ասյօրվա նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  «[Սա հաջողություն համարելու] առաջին պատճառն այն է, որ մեր ինքնիշխանության և անկախության, հետագա զարգացման և ամրապնդման համար դրվել է մի շատ կարևոր անկյունաքար։ Երկրորդը՝ մեր Հանրապետությունը անկախությունից ի վեր առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման, որը այս փաստով էականորեն մեծացնելու է անվտանգության և կայունության մակարդակը ոչ միայն այս գյուղերի մասով, այլև Հայաստան-Ադրբեջան ամբողջ սահմանի երկայնքով»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանի խոսքով՝ արձանագրված է, որ սահմանազատումը տեղի է ունեցել 1976թ․ քարտեզներով, որոնք հերթապահության գործընթաց են անցել 1979 թվականին։ «Մեզ համար սկզբունքային էր, որ սահմանազատման գործընթացում Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ թե նոր սահման ստեղծել, այլ [իրականացնել] նախկինում Ալմաթիի հռչակագրով հաստատված սսահմանի վերարտադրելու գործընթաց։ Այսինքն՝ ոչ թե պետք է սահման ստեղծել, այլ պետք է վերարտադրենք այն սահմանները, որ գոյություն են ունեցել ԽՄ փլուզման պահին և ունեն դե յուրե, իրավական նշանակություն»,- նշեց վարչապետը։  Փաշինյանը պարզաբանեց, թե ինչ է «հերթապահության գործընթացը», որի մասին խոսվում էր սահմանազատում անցկացնելու համատեքստում։ Նրա խոսքով խորհրդային հանրապետությունների միջև պարբերաբար սահմանային հարցերի ճշգրտումներ են եղել հանրապետությունների ներքին օրենսդրությունների համաձայն, ԽՍՀՄ օրենսդրության շրջանակներում։ Փաշինյանը նշեց, որ հաստատված գործընթացներին քարտեզագրական մակարդակով վերջնական իրավական ուժ հաղորդել է գեոդեզիայի ու քարտեզագրության ոլորտում ԽՍՀՄ լիազոր մարմինը, որը պարբերաբար հավաքել է իրավական ուժ ստացած որոշումները, վերստուգել, հաստատել քարտեզագրական հիմքը:  «Մեր սահմանազատվող հատվածում 1979 թվականին հերթապահության գործընթաց անցած, այսինքն՝ դե յուրե հաստատված քարտեզներն այդպիսի վերջին քարտեզներն են ԽՍՀՄ օրոք»,- ասաց Փաշինյանը: Նա նշեց՝ պարզ լեզվով ասած՝ ՀՀ-ն որդեգրել է սկզբունք, որ սահմանը անցնում է այնտեղով, որտեղով անցնում է (ըստ 1976թ․ քարտեզների՝ խմբ․)։ «Եթե մենք գնայինք էն տրամաբանությամբ, որ պետք է նոր սահմանագիծ ստեղծենք՝ այս սկզբունքից շեղվելով, դա կնշանակեր, որ ստեղծում ենք էսկալացիայի և ռազմական բախումների ուղղակի հարատև աղբյուր։ Չեմ ուզում՝ գերագնահատենք տեղի ունեցածը, չեմ էլ ուզում՝ թերագնահատենք։ Այս սկզբունքի ամրագրմամբ մենք, ըստ էության, էսկալացիոն կոնտեքստը եթե դուրս չենք բերել, առնվազն էականորեն նվազեցրել ենք։ Նաև այս առումով տեղի ունեցածը համարում եմ շատ կարևոր և էական հաջողություն»,- եզրափակեց Փաշինյանը։ 
11:19 - 16 մայիսի, 2024
Իշխանությունը մինչև այս պահը լրիվ այլ քարտեզների մասին էր խոսում, իսկ հիմա որպես դելիմիտացիայի հիմք վերցրել է այլ քարտեզ. Տիգրան Աբրահամյան

Իշխանությունը մինչև այս պահը լրիվ այլ քարտեզների մասին էր խոսում, իսկ հիմա որպես դելիմիտացիայի հիմք վերցրել է այլ քարտեզ. Տիգրան Աբրահամյան

Այսպես կոչված, սահմանային ճշգրտումների վերաբերյալ, երեկ ուշ երեկոյան, Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված արձանագրությունները շարունակում են խորացնել առկա մտահոգությունները: Ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․ «Սկսենք այն հանգամանքից, որ դելիմիտացիայի գործընթացն արվել է տեղային, Ադրբեջանի ճնշմամբ ու դեռ պարզ չէ, թե որն է կողմերի պատկերացումը ամբողջական սահմանի ճշգրտումների վերաբերյալ: Առանց սահմանների ամբողջական դելիմիտացիայի, այս ուղղությամբ ցանկացած քայլ անընդունելի է: Ըստ ՀՀ օրենսդրության և 2010 թվականի համապատասխան օրենքի նկարագրության, Ադրբեջանին հանձնվող տարածքները կամ նվազագույնը դրանց մի մասը ՀՀ տարածքային ամբողջականության մաս են կազմում, ինչը նշանակում է, որ առանց հանրաքվեի այդ տարածքների հանձնում չի կարող լինել:Ինչ վերաբերվում է քարտեզներին, իշխանությունը մինչև այս պահը լրիվ այլ քարտեզների մասին էր խոսում, իսկ հիմա որպես դելիմիտացիայի հիմք վերցրել է այլ քարտեզ: Եթե իշխանությունը հայտնում է, որ դա իրավաբական ուժի առումով ամենաբարձր կարգավիճակն ունի, ապա դա, մեղմ ասած, այնքան էլ այդպես չէ: Սովետական շրջանում, սահմանների որոշման իրավասությունները տրված է եղել ԽՍՀՄ-ի կազմի մեջ գտնվող հանրապետություններին, այլ ոչ թե միութենական մարմիններին, ըստ այդմ` ԽՍՀՄ ԳՇ քարտեզները չեն կարող առավել բարձր կարգավիճակ ունենալ, քան սովետական Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայացած դելիմիտացիայի/դեմարկացիայի արձանագրությունները: Դեռ չեմ խոսում այն մասին, որ տարածքների հանձնման հարցում շտապողականություն դրսևորող ՀՀ իշխանությունը պետք է դեմարկացիայի շրջանակներում առաջ մղի կենսական անհրաժեշտություն համարվող տարածքների` ՀՀ կազմում պահելու հարցը` փոխանակումների միջոցով, որն ամբողջության համապատասխանում է միջազգային պրակտիկային, նախադեպերին և որպես գործընթաց` դեմարկացիայի տրամաբանությանը»:
10:57 - 16 մայիսի, 2024
ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը. Վարչապետի աշխատակազմ
 |armenpress.am|

ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը. Վարչապետի աշխատակազմ |armenpress.am|

armenpress.am: Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է սահմանազատման հարցերով Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնաժողովների մայիսի 15-ին հրապարակված հայտարարության մասին «Արմենպրես»-ի հարցերին: Հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորեւ:  Հարց – Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները համատեղ հաղորդագրություն են տարածել, որում ասվում է, որ Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի հատվածներում սահմանի նկարագրություն-արձանագրությունները համաձայնեցվել են ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի 1976 թվականի իրավական հիմք ունեցող տոպոգրաֆիական քարտեզների հիման վրա: Ի՞նչ է սա նշանակում:  Պատասխան – Արդեն տեղյակ եք, որ նշված հատվածներում համապատասխան աշխատանքային խմբերի կողմից տեղադրվել են սահմանային սյուներ` նախապես համաձայնեցված կոորդինատները տեղորոշելու համար: Այդ կոորդինատները վերցված են 1976 թվականի, վերը հիշատակված քարտեզներից: Հիմա արդեն քարտեզագիրները համաձայնեցրել են սյուների միջեւ սահմանների անցման գծերը, կրկին նույն քարտեզների հիման վրա: Այսինքն, այս հատվածներում սահմանային գծի վերարտադրումը ավարտվել է, համաձայնեցվել, ստորագրվել եւ այդ հատվածներում սահմանը համարվում է դելիմիտացված: Հարց – Իսկ ինչո՞ւ են ընտրվել 1976 թվականի քարտեզները, որոնք, ինչպես նշված է սահմանազատման հանձնաժողովների մամուլի հաղորդագրության մեջ, օգտագործվել են ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի կողմից: Պատասխան – Դա, ըստ էության, Խորհրդային Միության փլուզման պահին դե յուրե իրավական հիմք ունեցող քարտեզն է: ՀՀ կառավարության համար սկզբունքային է եղել մոտեցումը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը:  Հարց – Հանձնաժողովների հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ քարտեզները հերթապահության ընթացակարգ են անցել 1979 թվականին: Ի՞նչ է դա նշանակում եւ ինչո՞ւ չեն վերցվել, ասենք, 1990 թվականի քարտեզները: Պատասխան – Այդ ձեւակերպումն իրավական տերմինաբանություն է, ինչը նշանակում է, որ քարտեզագրության եւ գեոդեզիայի ոլորտում ԽՍՀՄ լիազոր մարմինը 1979 թվականին ստուգել է քարտեզի ճշտությունը եւ իրավական հիմքերը: Այդ քարտեզներն օգտագործվել են մինչեւ Խորհրդային Միության փլուզման պահը: Այսինքն, դրանք ԽՍՀՄ իրավասու պետական մարմինների կողմից վերստուգված ամենավերջին քարտեզներն են:  Հարց – Տավուշի մարզի Կիրանց գյուղում սահմանային ոչ բոլոր սյուներն են տեղադրվել: Այդ հարցը ինչպե՞ս է լուծվելու: Եվ ընդհանրապես Կիրանցի հատվածում հարցերն ինչպե՞ս են լուծվում. նոր ճանապարհ կառուցելու, տներ օտարելու հարց ծագելո՞ւ է:  Պատասխան – Կիրանցի երեք կոորդինատները տեղորոշվել են համակարգչային եղանակով, եւ սյուները կտեղադրվեն ավելի ուշ: Մյուսները տեղադրված են: Կիրանցի համար նպաստավոր լուրը մասնավորապես այն է, որ մոտ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք վերջին 33 տարում անհասանելի են եղել Կիրանցի համար, կվերադարձվեն գյուղին: Սահմանի նկարագրությունն այնպիսին է, ինչպիսին կա 1976 թվականի քարտեզով: Ինչպես ասվել է, ճանապարհի տեղափոխման խնդիր, այո, առաջանալու է, որը հնարավոր է իրականացնել 2-3 ամսում: Կհիմնանորոգվի նաեւ Հ-26 ավտոճանապարհից դեպի Աճարկուտ, ապա Կիրանց տանող ճանապարհը, որն այլընտրանքային է Կիրանցի համար: Ինչ վերաբերում է գույքային հարցերին, դրանց ծավալը մեծ չի լինի, եւ կառավարությունը բոլոր նման դեպքերում կփոխհատուցի քաղաքացիների կրած վնասները, ըստ նրանց նախընտրության գույքային կամ ֆինանսական եղանակով: Կառավարության ներկայացուցիչները առավոտից արդեն կգույքագրեն հնարավոր խնդիրները եւ կսկսեն քննարկումները Կիրանցի բնակիչների հետ: Հարց - Ինչպե՞ս եք գնահատում սահմանազատման արդյունքները Բաղանիսի, Ոսկեպարի և Բերքաբերի հատվածներում։ Պատասխան - Ոսկեպար-Բաղանիս հատվածի ամենազգայուն հարցերից մեկը կապված էր Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու, մյուսը` Ոսկեպար-Բաղանիս ԽՍՀՄ ժամանակների ճանապարհի հետ: Երկու հարցն էլ լուծվել են լավագույն ձեւով: Ճանապարհն ամբողջությամբ ՀՀ տարածքում է, եկեղեցին նույնպես, եւ սահմանագիծը գտնվում է թե ճանապարհից, թե եկեղեցուց բավականին հեռու: Բերքաբերում ոչ մի զգայուն իրավիճակ չկար եւ չկա:   Հարց – Իսկ ե՞րբ են երկու կողմերի սահմանապահները կանգնելու համաձայնեցված սահմանի վրա:  Պատասխան – Դա տեղի կունենա առաջիկա 8-9 օրերի ընթացքում, իսկ Կիրանցի առավել զգայուն հատվածում` ավելի ուշ, որովհետեւ այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման:  Հարց – Կարծիք կա, թե սահմանազատման ընթացիկ գործընթացը միակողմանի զիջում է Հայաստանի Հանրապետության կողմից, եւ սրվելու են անվտանգային սպառնալիքները Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերի համար:  Պատասխան – Դելիմիտացված սահման ունենալը չի կարող երկրի կամ որեւէ բնակավայրի անվտանգության սպառնալիք դառնալ: Ընդհակառակը, նման սահմանագիծը չեզոքացնում է սպառնալիքը: Ինչ վերաբերում է զիջմանը, սահմանի վերարտադրությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա չի կարող զիջում համարվել, որովհետեւ վերարտադրվում է այն սահմանը, որը մենք ունենք, որը մեր միջազգայնորեն ճանաչված սահմանագիծն է: Պրոցեսը պետք է շարունակվի նույն տրամաբանությամբ եւ սկզբունքներով սահմանի մնացած հատվածներում եւս:
23:42 - 15 մայիսի, 2024
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն արձանագրություն են ստորագրել

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն արձանագրություն են ստորագրել

2024թ. մայիսի 15-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի իններորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հանդիպման ընթացքում Հանձնաժողովները, 2024թ. ապրիլի 19-ի 8-րդ հանդիպման արձանագրության համաձայն, քննարկել են կատարված աշխատանքները և, հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում հստակեցված կոորդինատները, ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976 թվականի տեղագրական քարտեզի համաձայն, որը հերթապահության ընթացակարգ է անցել 1979 թվականին, համաձայնեցրել են անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի առանձին հատվածների համատեղ կազմված Արձանագրություն-նկարագրությունը՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով: Հանդիպման արդյունքում ստորագրվել է Արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
23:40 - 15 մայիսի, 2024
Անահիտ Ավանեսյանն ԱՄԷ-ում ներկայացրել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայաստանյան մոտեցումները

Անահիտ Ավանեսյանն ԱՄԷ-ում ներկայացրել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայաստանյան մոտեցումները

«Աբու Դաբիի Առողջապահության համաշխարհային շաբաթվա» շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հյուրընկալվել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահական պալատում: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, միջոցառման մասնակիցներին ընդունել է ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանին: Վերջինս կարևորել է առողջապահական համակարգի զարգացմանն առնչվող տեխնոլոգիական միտումների վերաբերյալ գաղափարների փոխանակումը և շնորհակալություն հայտնել նախարարին մասնակցության համար: Անահիտ Ավանեսյանը բարձր է գնահատել առողջապահության ոլորտի մարտահրավերներին համատեղ նորարարական լուծումներ գտնելու ուղղությամբ ջանքերը: Նախարարն այցելել է ԱՄԷ «Դաման» ազգային խոշոր ապահովագրական կազմակերպություն, ծանոթացել միջազգային բարձր չափանիշներով գործող համակարգի առանձնահատկություններին, ներկայացրել առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայաստանյան մոտեցումները: Այցի արդյունքները ամփոփվել են Աբու Դաբիի Առողջապահության դեպարտամենտի նախագահ Մանսուր ալ Մանսուրիի հետ հանդիպման ժամանակ: Քննարկվել են ինչպես առողջության համապարփակ ապահովագրության, այնպես էլ առողջապահական այլ ուղղություններում փոխգործակցության հնարավորությունները:
18:20 - 15 մայիսի, 2024
Քննարկվել են Զարգացման ֆրանսիական գործակալության հետ համագործակցությամբ ՀՀ-ում իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերը

Քննարկվել են Զարգացման ֆրանսիական գործակալության հետ համագործակցությամբ ՀՀ-ում իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Բերտրան Վալկենաերին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Վարչապետը բարձր է գնահատել Զարգացման ֆրանսիական գործակալության հետ համագործակցությունը և հույս հայտնել, որ առաջիկայում այն էլ ավելի կզարգանա ու կընդգրկի այլ նոր ոլորտներ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է խորացնելու և ընդլայնելու փոխգործակցությունը Ֆրանսիայի հետ բոլոր ոլորտներում և վերջին շրջանում այդ ուղղությամբ իրականացվում են հետևողական քայլեր: Բերտրան Վալկենաերը նշել է, որ գործակալությունը նախատեսում է ընդլայնել ՀՀ կառավարության հետ համագործակցության ուղղություններն ու ծրագրերի ծավալները՝ նպաստելով Հայաստանի տարբեր ենթակառուցվածքների զարգացմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԶՖԳ հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերի, այդ թվում՝ Վեդու ջրամբարի կառուցման ընթացքին վերաբերող հարցեր:
15:02 - 15 մայիսի, 2024
ՎԶԵԲ-ի նախագահն առանձնացրեց Հայաստանում գործունեության 5 հենասյուները և խոշոր ընկերություններին կոչ արեց ներդրումներ կատարել երկրում
 |armenpress.am|

ՎԶԵԲ-ի նախագահն առանձնացրեց Հայաստանում գործունեության 5 հենասյուները և խոշոր ընկերություններին կոչ արեց ներդրումներ կատարել երկրում |armenpress.am|

armenpress.am: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Օդիլ Ռենո-Բասսոն առանձնացրեց Հայաստանում Բանկի գործունեության 5 հենասյուները։ ՎԶԵԲ-ի նախագահն այդ մասին խոսեց Բանկի տարեկան համաժողովի շրջանակներում կայացող «Հայաստան. ժողովրդավարական պետություն, արդար հասարակություն և գիտելիքի վրա հիմնված տնտեսություն, որը նորարարություն է գեներացնում» խորագրով քննարկմանն ունեցած ելույթի ընթացքում։ Նա նշեց, որ միջոցառումը մեծ հնարավորություն է Հայաստանի ներդրումային ներուժն աշխարհին առաջ մղելու համար։ Եվ գովելի է տեսնել երկրի վերջին ժողովրդավարացման ջանքերն ու իշխանությունների ամուր հանձնառությունն այս ուղղությամբ։ «Մենք իսկապես տեսել ենք ուժեղ առաջընթաց քաղաքականության թափանցիկության, ինչպես նաև խոսքի ազատության հարցում: Եվ Հայաստանում կա կենսունակ գործարար համայնք, և մենք հպարտ ենք, որ աջակցում ենք երկրի մասնավոր հատվածին և տնտեսությանը»,- իր խոսքում նշեց բանկի նախագահը: Նա հիշեցրեց, որ ՎԶԵԲ-ը մինչև հիմա Հայաստանում կատարել է ավելի քան երկու միլիարդ եվրոյի ներդրում․ միայն վերջին հինգ տարիների ընթացքում ներդրվել է մոտ 640 մլն եվրո, որից 80%-ը՝ մասնավոր հատվածում։   «Միայն 2024 թվականի համար մենք կանխատեսում ենք ներդրումների աննախադեպ ծավալ, մինչև 500 միլիոն եվրո, և դա կլինի պատմական մակարդակը այս երկրում մեր ներդրումների համար։ Սա մեր ամուր համագործակցության արտացոլումն է ինչպես երկրի պետական, այնպես էլ մասնավոր հատվածի հետ»,- ասաց նա: Ըստ ՎԶԵԲ-ի նախագահի՝ Հայաստանում Բանկի գործունեության հենասյուներն են տեղեկատվական տեխնոլոգիաները, ֆինանսական հատվածի ճկունությունը, բիզնես միջավայրը, կանաչ հավակնությունները և տարածաշրջանային հավաքականությունը:   «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մի բնագավառ է, որտեղ Հայաստանն ունի ուժեղ փորձ: Շնորհիվ իր մարդկային կապիտալի, մրցունակ գործառնական ծախսերի և սփյուռքի հզոր ցանցի, Հայաստանը գրավել է բազմազգ ընկերությունների հետաքրքրությունը․ այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են Siemens-ը, Nvidia-ն և այլն: Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին իր հավակնոտ թվային փոխակերպման գործում՝ ներդրումներով և քաղաքականության խորհրդատվություններով, որոնք նորարարությունների և առաջընթացի հնարավորություն են տալիս»,- ընդգծեց բանկի նախագահը: Օդիլ Ռենո-Բասսոն որպես երկրորդ ոլորտ առանձնացրեց Հայաստանում ֆինանսական հատվածը և նշեց, որ այն շատ դիմացկուն է: «Հայաստանի ֆինանսական հատվածը վերջին մի քանի տարիների ընթացքում ցուցաբերել է կայունության ամուր մակարդակ: Սա բխում է հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության միջոցառումներից, որոնք խոհեմ են, և մենք մի շարք արդյունավետ համագործակցություններ ենք ունեցել Հայաստանի կենտրոնական բանկի հետ՝ կենտրոնանալով ներքին դրամական շուկայի վրա, որպեսզի, օրինակ, զարգացնենք ֆինանսավորումը տեղական արժույթով: Մենք նաև շարունակաբար աշխատում ենք տեղական գործընկեր բանկերի հետ մասնավոր հատվածի ֆինանսական հնարավորությունների ընդլայնման համար։ Առաջիկա օրերին մենք կստորագրենք ութ լրացուցիչ վարկային գիծ»,- տեղեկացրեց Ռենո-Բասսոն։ Հայաստանում որպես ՎԶԵԲ-ի գործունեության երրորդ հենասյուն նա նշեց բիզնես միջավայրը։ «Այստեղ ես ուզում եմ հարգանքն արտահայտել և կարևորել ներդրումային խորհրդի դերը Հայաստանում: Նրա հիմնական առաքելությունն է դյուրացնել երկխոսությունը մասնավոր և պետական հատվածի միջև: Այն իրականացնում է կարևոր բարեփոխումներ։ Սա ներառում է հարկային պարզեցումներ բիզնեսի համար, սուբսիդիաներ բարձր տեխնոլոգիաների առաջխաղացման համար և աշխատանքային դատարանի բարեփոխումներ: Եվ ես հասկանում եմ, որ շարունակական մտքեր կան այն մասին, թե ինչպես ավելի գնալ առաջ»,- ասաց նա: Նա հավելեց, որ կառավարության, դոնոր համայնքի և մասնավոր հատվածի հետ ամուր գործընկերությունը այդ հարթակի շնորհիվ մեծ հաջողություն ունի։ «Չորրորդ հենասյունը Հայաստանի կանաչ օրակարգն է: Երևանն առաջին փորձնական քաղաքներից էր, որը միացավ EBRD-ի Կանաչ քաղաքների շրջանակին: Կանաչ քաղաքների շրջանակը նպատակ ունի խթանել գործընկերությունը քաղաքապետարանների հետ՝ առաջնահերթություն տալով կլիմայական ներդրումներին քաղաքային տարածքների համար: ՎԶԵԲ-ի ներդրումները վերջին հինգ տարիների ընթացքում նպաստել են երկրում տարեկան ավելի քան 210,000 տոննա ածխածնի արտանետումների գնահատված կրճատմանը։ Սա հավասար է ավելի քան 500,000 մեքենա երկրի ճանապարհներից դուրս բերելուն, ուստի սա բավականին նշանակալի ազդեցություն է»,- ընդգծեց նա: Որպես հինգերորդ և վերջին հենասյուն նա առանձնացրեց ուշադրությունը տարածաշրջանային կապի նկատմամբ և նշեց, որ Ուկրաինայի դեմ պատերազմը մեծացնում է Կենտրոնական Ասիան, Հարավային Կովկասը և Եվրոպան կապող տարածաշրջանային կապի աճող պահանջարկը՝ ապահովելու կայունությունը Եվրոպայի և Ասիայի միջև միջազգային առևտրում: «Դա իր հերթին Հարավային Կովկասի տարածաշրջանը և հատկապես Հայաստանը դարձնում է գրավիչ օղակ միջազգային առևտրի և ներդրումների համար: Տրանսպորտի ոլորտում սպասարկման և նոր նախագծերի ներդրումները առանցքային են տարածաշրջանային հաղորդակցությունը խթանելու համար, որն այնքան անհրաժեշտ է: Եվ դա իր հերթին կարագացնի աճը և կդիվերսիֆիկացնի մասնավոր հատվածը: Այսպիսով, ՎԶԵԲ-ն աջակցում է Հայաստանին և՛ ենթակառուցվածքները վերականգնելու, և՛ առևտուրը բարելավելու համար:   Մեր նշանակալից նախագծերից էր Հայաստանի և Վրաստանի միջև սահմանային անցակետի ընդլայնումը, ինչը նշանակալի ազդեցություն ունեցավ տարածաշրջանային կապի վրա»,- ասաց Բանկի նախագահը: Նա հայտարարեց, որ Հայաստանը շարունակում է մնալ տոկուն բազմաթիվ դժբախտությունների դիմաց՝ հստակեցնելով, որ տնտեսությունը շարունակել է բարձր ցուցանիշներ գրանցել 2023 թվականին։    ՎԶԵԲ-ի նախագահը նաև անդրադարձ կատարեց անցյալ սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին և դրանց հետևանքներին՝ նշելով, որ Հայաստանը փախստականների մեծ ճգնաժամ ապրեց: «Այսպիսի կարճ ժամանակահատվածում այս արտակարգ իրավիճակի հետ վարվելու ձևը հիացմունքի էր արժանի: Աջակցություն տրամադրելու համար մենք մշակեցինք Հայաստանի փախստականների արձագանքման ծրագիրը՝ խթանելու մարդկային կապիտալի զարգացումը և ընդլայնելու հնարավորությունները փախստականների և տեղացիների համար: Եվ, ինչպես միշտ, մեր դոնորները կարևոր դեր են խաղում այս ծրագրում: Այնուամենայնիվ, մնում են բազմաթիվ մարտահրավերներ, և դա կպահանջի միջին և երկարաժամկետ զարգացման միջամտություններ: Փախստականները պետք է ինտեգրվեն աշխատաշուկայում, և երկիրը պետք է խթանի մարդկային կապիտալի զարգացումը: Ենթակառուցվածքը նույնպես պետք է գերազանցվի և բարելավվի՝ բավարարելու փախստականների հոսքի պահանջները։  Այս միջոցառման, այս ամենամյա հանդիպման անցկացումը Հայաստանում հարգանքի տուրք է մեր ընդհանուր ձեռքբերումներին»,- եզրափակեց Ռենո-Բասսոն՝ հույս հայտնելով, որ մյուսները ևս Հայաստանում ներդրումներ կատարելու պատրաստակամություն կհայտնեն:
14:47 - 15 մայիսի, 2024
Սահմանազատման գործընթացը երկկողմ օրակարգի առաջնահերթություն է. qաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Վրաստանի միջև

Սահմանազատման գործընթացը երկկողմ օրակարգի առաջնահերթություն է. qաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Վրաստանի միջև

Մայիսի 13-ից 14-ը Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև քաղաքական խորհրդակցությունների հերթական հանդիպումը։ Խորհրդակցությունները համանախագահում էին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան։ Երկուստեք կարևորվել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև Ռազմավարական գործընկերության հաստատելու մասին համատեղ հռչակագրի ստորագրումից ի վեր առաջին քաղաքական խորհրդակցությունների անցկացումը, ինչպես նաև երկու երկրների միջև շարունակական երկխոսությունը և համագործակցությունը։ Հանդիպման մասնակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև առկա հարաբերությունները և համագործակցության հեռանկարները։ Որպես  համագործակցության հիմնական հենասյուներ և ամուր հիմք նշվել են առևտրատնտեսական, տրանսպորտային, էներգետիկ, զբոսաշրջության, մշակութային և կրթության ոլորտները: Կողմերը նշել են նաև, որ Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի սահմանազատման/սահմանագծման գործընթացը շարունակելու է լինել երկկողմ օրակարգի առաջնահերթություն։ Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, ինչպես նաև տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող գլոբալ գործընթացներին: Հանդիպման մասնակիցներն ընդգծել են խաղաղության և կայունության կարևորությունը՝ որպես տարածաշրջանային զարգացման և բարգավաճման կարևոր պայման։ Այս համատեքստում կողմերը վերահաստատել են անվերապահ աջակցությունը միմյանց ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ։ Հանդիպման շրջանակներում քննարկվել է նաև Հայաստանի և Վրաստանի դերը խաղաղության և տարածաշրջանային զարգացման, ինչպես նաև եվրոպական արժեքներին հավատարիմ մնալու հարցում: Կողմերը վերահաստատել են, որ Հայաստանի և Վրաստանի միջև առկա առանձնահատուկ հարաբերությունները և Ռազմավարական գործընկերությունը պայմանավորված են ոչ միայն աշխարհագրական հարևանությամբ, այլ նաև ակտիվ համագործակցությամբ և երկու ժողովուրդների դարավոր բարեկամությամբ։ Համանախագահները պատրաստակամությունն են հայտնել նպաստել ավանդական բարեկամական կապերի հետագա խորացմանն ու զարգացմանը:
12:34 - 15 մայիսի, 2024