Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

«Հաղթանակը կա, այժմ վերածննդի պահն է»․ Լուկաշենկոն՝ Ալիևին
 |azatutyun.am|

«Հաղթանակը կա, այժմ վերածննդի պահն է»․ Լուկաշենկոն՝ Ալիևին |azatutyun.am|

azatutyun.am: «Բելառուսը պատրաստ է օգնել Ադրբեջանին նախկին գրավյալ տարածքների վերակառուցման հարցում», - Բաքու կատարած այցի ընթացքում այսօր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ «Եկել է ամենածանր պահը, երբ պետք է վերականգնել այդ տարածքները, վերադարձնել բնակիչներին։ Հաղթանակը արդեն տարել եք, պահել եք այն, այժմ եկել է վերածննդի պահը», - հայտարարել է Լուկաշենկոն։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքով՝ այդ շրջաններում հսկայածավալ աշխատանքի հեռանկարներ կան։ «Ես հրավիրել եմ բելառուսական ընկերություններին ակտիվորեն մասնակցել Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի գոտիների վերականգնմանը։ Մեր կողմից արդեն իսկ իրականացվող, ինչպես նաև նախանշված աշխատանքների ծավալը ահռելի է», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը։ Նրա խոսքով՝ «Բելառուսում քաղաքաշինության մեծ փորձ է առկա, կիրառվում են ժամանակակից տեխնոլոգիաները, ագրոավանների շինարարության փորձառություն գոյություն ունի»։
17:11 - 16 մայիսի, 2024
Փարիզը Բաքվին մեղադրել է Նոր Կալեդոնիայում անկարգությունների համար
 |tert.am|

Փարիզը Բաքվին մեղադրել է Նոր Կալեդոնիայում անկարգությունների համար |tert.am|

tert.am: Ֆրանսիայի ներքին գործերի և անդրծովյան տարածքների նախարար Ժերալդ Դարմանինը մեղադրել է Ադրբեջանին Նոր Կալեդոնիայի ներքին գործերին միջամտելու և խաղաղօվկիանոսյան կղզում անկարգությունների հետ կապ ունենալու համար։ Այս մասին մայիսի 16-ին հայտնել է Le Figaro թերթը։ Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Ադրբեջանը, Ռուսաստանը կամ Չինաստանը կապ ունեն Նոր Կալեդոնիայում տեղի ունեցող անկարգությունների հետ, նախարարն ասել է, որ «Ադրբեջանի պարագայում դա երևակայություն չէ, այլ իրականություն», ինչպես նաև ափսոսանք է հայտնել, որ Կալեդոնիայի անկախության որոշ կողմնակիցներ. գործարք է կնքել Ադրբեջանի հետ: «Սակայն այսօր, չնայած ներքին գործերին միջամտելու փորձերի առկայությանը, ոչ մի երկիր Նոր Կալեդոնիայում բռնություն տարածելու կարողություն չունի։ Ֆրանսիան ինքնիշխան է իր տարածքում »,- նշել է Դարմանինը։ Պաշտոնական Բաքուն արձագանքել է Դարմանենի հայտարարություններին. Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայի ՆԳ նախարարին խորհուրդ է տվել «Նոր Կալեդոնիայում անկախության ցույցերին աջակցելու համար Ադրբեջանին մեղադրելու փոխարեն կենտրոնանալ օտար շրջաններում իր երկրի ձախողված քաղաքականության վրա»:Ինչպես հիշեցնում է թերթը, Ֆրանսիայի կառավարությունը Նոր Կալեդոնիայում արտակարգ դրություն է հայտարարել, զորքեր է մտցրել և արգելել է TikTok սոցիալական ցանցը, որը լայնորեն օգտագործվում է անկարգություններ հրահրողների կողմից։ Արգելքը հիմնավորված է նաև օտարերկրյա երկրների կողմից ապատեղեկատվության տարածման մտավախություններով։ Այս կապակցությամբ Ֆրանսիայի անվտանգության ծառայությունները նշում են Ադրբեջանը, որի հետ Փարիզը մի քանի ամիս լարված հարաբերություններ ունի։Նոր Կալեդոնիայում խռովարարները բողոքում են Ֆրանսիայի խորհրդարանում քննարկվող օրինագծի դեմ, որն առաջարկում է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար ձայնի իրավունք տալ Նոր Կալեդոնիայում ավելի քան տասը տարի բնակվող անձանց։ Տեղաբնիկները դրան դեմ են:Հայտնի է, որ ապրիլի 18-ին Ադրբեջանը և Նոր Կալեդոնիան ստորագրել են համագործակցության հուշագիր։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինն այնուհետեւ քննադատել է Բաքվին։
14:42 - 16 մայիսի, 2024
Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 5 ամսով
 |civilnet.am|

Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 5 ամսով |civilnet.am|

civilnet.am: Բաքվի դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը, հայտնում է Report.az-ը։ Վարդանյանը ձերբակալվել էր 2023-ի սեպտեմբերի 27-ին՝ Հակարիի կամրջի ադրբեջանական անցակետում։ Ադրբեջանի իշխանությունները Ռուբեն Վարդանյանի նկատմամբ երեք հոդվածով մեղադրանք են առաջադրել։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել «ահաբեկչության ֆինանսավորման, զինված ստորաբաժանումներ և/կամ խմբեր ստեղծելու ու դրանց մասնակցելու, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատելու» հոդվածներով։ Նախօրեին Բաքվի դատարանը հինգ ամսով երկարաձգել էր նաև Արցախի մյուս պաշտոնյաների կալանքի ժամկետները։ Ադրբեջանական գերության մեջ է 23 հայ զինծառայող և քաղաքացիական անձ, որոնցից 17-ը 2023-ի ագրեսիայի հետևանքով գերեվարված անձինք են: Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերիների առկայությունը։ 23 գերիների թվում են նաև Արցախի 8 ներկա ու նախկին պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։  
13:26 - 16 մայիսի, 2024
Ադրբեջանը հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով, որն արվել է Տավուշի հատվածում․ Մհեր Գրիգորյան
 |armenpress.am|

Ադրբեջանը հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով, որն արվել է Տավուշի հատվածում․ Մհեր Գրիգորյան |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանական կողմը հակված է Հայաստանի հետ սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով ու ալգորիթմով, որը իրականացվել է Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի հատվածում։  ՀՀ կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը։  Փոխվարչապետը մանրամասնել է, որ մայիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպման ժամանակ շարունակվել են քննարկումները՝ կապված սահմանազատման կանոնակարգի հետ։ «Կարծես թե համաձայնություն կա, որ այս գործընթացում որդեգրած սկզբունքներն արտացոլվելու են կանոնակարգի մեջ, և կանոնակարգի  նախագծի վրա աշխատանքները ինտենսիվ շարունակվելու են։ Ուզում եմ վերահաստատել, որ ադրբեջանական կողմը նույնպես հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով, նույն ալգորիթմով, որն այս անգամ մենք կիրառեցինք»,- հայտարարեց փոխվարչապետը։    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ առաջիկա 8-10 օրերի ընթացքում պետք է կայացված որոշումները իրագործելու հարցով զբաղվեն։ «Չնայած արդեն մեկ շաբաթից ավել Բաղանիս-Ոսկեպար հատվածում Հայաստանի սահմանապահ զորքերը արդեն իսկ իրականացնում են ծառայություն։ Այսինքն, սահմանային սյուների տեղադրման աշխատանքն ավարտելուց հետո սահմանապահ զորքերն արդեն տեղակայվել են, հիմա ուսումնասիրում են տեղանքը, որպեսզի այդտեղ արդեն մշտական ծառայություն իրականացնեն։ Մյուս հատվածներում նույնպես սա տեղի կունենա»,- ասաց Փաշինյանը։ Մայիսի 15-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց՝ հայտնելով, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի իններորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:  Հանդիպման ընթացքում Հանձնաժողովները, 2024թ. ապրիլի 19-ի 8-րդ հանդիպման արձանագրության համաձայն, քննարկել են կատարված աշխատանքները և, հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում հստակեցված կոորդինատները, ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976 թվականի տեղագրական քարտեզի համաձայն, որը հերթապահության ընթացակարգ է անցել 1979 թվականին, համաձայնեցրել են անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի առանձին հատվածների համատեղ կազմված Արձանագրություն-նկարագրությունը՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով: Հանդիպման արդյունքում ստորագրվել է Արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: Հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ «Արմենպրես»-ին մեկնաբանություն էր տվել նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ 
11:56 - 16 մայիսի, 2024
Սահմանազատման գործընթացում տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն․ Նիկոլ Փաշինյան

Սահմանազատման գործընթացում տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն․ Նիկոլ Փաշինյան

Սահմանազատման գործընթացում տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն: Այս մասին Կառավարության ասյօրվա նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  «[Սա հաջողություն համարելու] առաջին պատճառն այն է, որ մեր ինքնիշխանության և անկախության, հետագա զարգացման և ամրապնդման համար դրվել է մի շատ կարևոր անկյունաքար։ Երկրորդը՝ մեր Հանրապետությունը անկախությունից ի վեր առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման, որը այս փաստով էականորեն մեծացնելու է անվտանգության և կայունության մակարդակը ոչ միայն այս գյուղերի մասով, այլև Հայաստան-Ադրբեջան ամբողջ սահմանի երկայնքով»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանի խոսքով՝ արձանագրված է, որ սահմանազատումը տեղի է ունեցել 1976թ․ քարտեզներով, որոնք հերթապահության գործընթաց են անցել 1979 թվականին։ «Մեզ համար սկզբունքային էր, որ սահմանազատման գործընթացում Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ թե նոր սահման ստեղծել, այլ [իրականացնել] նախկինում Ալմաթիի հռչակագրով հաստատված սսահմանի վերարտադրելու գործընթաց։ Այսինքն՝ ոչ թե պետք է սահման ստեղծել, այլ պետք է վերարտադրենք այն սահմանները, որ գոյություն են ունեցել ԽՄ փլուզման պահին և ունեն դե յուրե, իրավական նշանակություն»,- նշեց վարչապետը։  Փաշինյանը պարզաբանեց, թե ինչ է «հերթապահության գործընթացը», որի մասին խոսվում էր սահմանազատում անցկացնելու համատեքստում։ Նրա խոսքով խորհրդային հանրապետությունների միջև պարբերաբար սահմանային հարցերի ճշգրտումներ են եղել հանրապետությունների ներքին օրենսդրությունների համաձայն, ԽՍՀՄ օրենսդրության շրջանակներում։ Փաշինյանը նշեց, որ հաստատված գործընթացներին քարտեզագրական մակարդակով վերջնական իրավական ուժ հաղորդել է գեոդեզիայի ու քարտեզագրության ոլորտում ԽՍՀՄ լիազոր մարմինը, որը պարբերաբար հավաքել է իրավական ուժ ստացած որոշումները, վերստուգել, հաստատել քարտեզագրական հիմքը:  «Մեր սահմանազատվող հատվածում 1979 թվականին հերթապահության գործընթաց անցած, այսինքն՝ դե յուրե հաստատված քարտեզներն այդպիսի վերջին քարտեզներն են ԽՍՀՄ օրոք»,- ասաց Փաշինյանը: Նա նշեց՝ պարզ լեզվով ասած՝ ՀՀ-ն որդեգրել է սկզբունք, որ սահմանը անցնում է այնտեղով, որտեղով անցնում է (ըստ 1976թ․ քարտեզների՝ խմբ․)։ «Եթե մենք գնայինք էն տրամաբանությամբ, որ պետք է նոր սահմանագիծ ստեղծենք՝ այս սկզբունքից շեղվելով, դա կնշանակեր, որ ստեղծում ենք էսկալացիայի և ռազմական բախումների ուղղակի հարատև աղբյուր։ Չեմ ուզում՝ գերագնահատենք տեղի ունեցածը, չեմ էլ ուզում՝ թերագնահատենք։ Այս սկզբունքի ամրագրմամբ մենք, ըստ էության, էսկալացիոն կոնտեքստը եթե դուրս չենք բերել, առնվազն էականորեն նվազեցրել ենք։ Նաև այս առումով տեղի ունեցածը համարում եմ շատ կարևոր և էական հաջողություն»,- եզրափակեց Փաշինյանը։ 
11:19 - 16 մայիսի, 2024
Իշխանությունը մինչև այս պահը լրիվ այլ քարտեզների մասին էր խոսում, իսկ հիմա որպես դելիմիտացիայի հիմք վերցրել է այլ քարտեզ. Տիգրան Աբրահամյան

Իշխանությունը մինչև այս պահը լրիվ այլ քարտեզների մասին էր խոսում, իսկ հիմա որպես դելիմիտացիայի հիմք վերցրել է այլ քարտեզ. Տիգրան Աբրահամյան

Այսպես կոչված, սահմանային ճշգրտումների վերաբերյալ, երեկ ուշ երեկոյան, Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված արձանագրությունները շարունակում են խորացնել առկա մտահոգությունները: Ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․ «Սկսենք այն հանգամանքից, որ դելիմիտացիայի գործընթացն արվել է տեղային, Ադրբեջանի ճնշմամբ ու դեռ պարզ չէ, թե որն է կողմերի պատկերացումը ամբողջական սահմանի ճշգրտումների վերաբերյալ: Առանց սահմանների ամբողջական դելիմիտացիայի, այս ուղղությամբ ցանկացած քայլ անընդունելի է: Ըստ ՀՀ օրենսդրության և 2010 թվականի համապատասխան օրենքի նկարագրության, Ադրբեջանին հանձնվող տարածքները կամ նվազագույնը դրանց մի մասը ՀՀ տարածքային ամբողջականության մաս են կազմում, ինչը նշանակում է, որ առանց հանրաքվեի այդ տարածքների հանձնում չի կարող լինել:Ինչ վերաբերվում է քարտեզներին, իշխանությունը մինչև այս պահը լրիվ այլ քարտեզների մասին էր խոսում, իսկ հիմա որպես դելիմիտացիայի հիմք վերցրել է այլ քարտեզ: Եթե իշխանությունը հայտնում է, որ դա իրավաբական ուժի առումով ամենաբարձր կարգավիճակն ունի, ապա դա, մեղմ ասած, այնքան էլ այդպես չէ: Սովետական շրջանում, սահմանների որոշման իրավասությունները տրված է եղել ԽՍՀՄ-ի կազմի մեջ գտնվող հանրապետություններին, այլ ոչ թե միութենական մարմիններին, ըստ այդմ` ԽՍՀՄ ԳՇ քարտեզները չեն կարող առավել բարձր կարգավիճակ ունենալ, քան սովետական Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայացած դելիմիտացիայի/դեմարկացիայի արձանագրությունները: Դեռ չեմ խոսում այն մասին, որ տարածքների հանձնման հարցում շտապողականություն դրսևորող ՀՀ իշխանությունը պետք է դեմարկացիայի շրջանակներում առաջ մղի կենսական անհրաժեշտություն համարվող տարածքների` ՀՀ կազմում պահելու հարցը` փոխանակումների միջոցով, որն ամբողջության համապատասխանում է միջազգային պրակտիկային, նախադեպերին և որպես գործընթաց` դեմարկացիայի տրամաբանությանը»:
10:57 - 16 մայիսի, 2024
ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը. Վարչապետի աշխատակազմ
 |armenpress.am|

ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը. Վարչապետի աշխատակազմ |armenpress.am|

armenpress.am: Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է սահմանազատման հարցերով Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնաժողովների մայիսի 15-ին հրապարակված հայտարարության մասին «Արմենպրես»-ի հարցերին: Հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորեւ:  Հարց – Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները համատեղ հաղորդագրություն են տարածել, որում ասվում է, որ Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի հատվածներում սահմանի նկարագրություն-արձանագրությունները համաձայնեցվել են ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի 1976 թվականի իրավական հիմք ունեցող տոպոգրաֆիական քարտեզների հիման վրա: Ի՞նչ է սա նշանակում:  Պատասխան – Արդեն տեղյակ եք, որ նշված հատվածներում համապատասխան աշխատանքային խմբերի կողմից տեղադրվել են սահմանային սյուներ` նախապես համաձայնեցված կոորդինատները տեղորոշելու համար: Այդ կոորդինատները վերցված են 1976 թվականի, վերը հիշատակված քարտեզներից: Հիմա արդեն քարտեզագիրները համաձայնեցրել են սյուների միջեւ սահմանների անցման գծերը, կրկին նույն քարտեզների հիման վրա: Այսինքն, այս հատվածներում սահմանային գծի վերարտադրումը ավարտվել է, համաձայնեցվել, ստորագրվել եւ այդ հատվածներում սահմանը համարվում է դելիմիտացված: Հարց – Իսկ ինչո՞ւ են ընտրվել 1976 թվականի քարտեզները, որոնք, ինչպես նշված է սահմանազատման հանձնաժողովների մամուլի հաղորդագրության մեջ, օգտագործվել են ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի կողմից: Պատասխան – Դա, ըստ էության, Խորհրդային Միության փլուզման պահին դե յուրե իրավական հիմք ունեցող քարտեզն է: ՀՀ կառավարության համար սկզբունքային է եղել մոտեցումը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը:  Հարց – Հանձնաժողովների հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ քարտեզները հերթապահության ընթացակարգ են անցել 1979 թվականին: Ի՞նչ է դա նշանակում եւ ինչո՞ւ չեն վերցվել, ասենք, 1990 թվականի քարտեզները: Պատասխան – Այդ ձեւակերպումն իրավական տերմինաբանություն է, ինչը նշանակում է, որ քարտեզագրության եւ գեոդեզիայի ոլորտում ԽՍՀՄ լիազոր մարմինը 1979 թվականին ստուգել է քարտեզի ճշտությունը եւ իրավական հիմքերը: Այդ քարտեզներն օգտագործվել են մինչեւ Խորհրդային Միության փլուզման պահը: Այսինքն, դրանք ԽՍՀՄ իրավասու պետական մարմինների կողմից վերստուգված ամենավերջին քարտեզներն են:  Հարց – Տավուշի մարզի Կիրանց գյուղում սահմանային ոչ բոլոր սյուներն են տեղադրվել: Այդ հարցը ինչպե՞ս է լուծվելու: Եվ ընդհանրապես Կիրանցի հատվածում հարցերն ինչպե՞ս են լուծվում. նոր ճանապարհ կառուցելու, տներ օտարելու հարց ծագելո՞ւ է:  Պատասխան – Կիրանցի երեք կոորդինատները տեղորոշվել են համակարգչային եղանակով, եւ սյուները կտեղադրվեն ավելի ուշ: Մյուսները տեղադրված են: Կիրանցի համար նպաստավոր լուրը մասնավորապես այն է, որ մոտ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք վերջին 33 տարում անհասանելի են եղել Կիրանցի համար, կվերադարձվեն գյուղին: Սահմանի նկարագրությունն այնպիսին է, ինչպիսին կա 1976 թվականի քարտեզով: Ինչպես ասվել է, ճանապարհի տեղափոխման խնդիր, այո, առաջանալու է, որը հնարավոր է իրականացնել 2-3 ամսում: Կհիմնանորոգվի նաեւ Հ-26 ավտոճանապարհից դեպի Աճարկուտ, ապա Կիրանց տանող ճանապարհը, որն այլընտրանքային է Կիրանցի համար: Ինչ վերաբերում է գույքային հարցերին, դրանց ծավալը մեծ չի լինի, եւ կառավարությունը բոլոր նման դեպքերում կփոխհատուցի քաղաքացիների կրած վնասները, ըստ նրանց նախընտրության գույքային կամ ֆինանսական եղանակով: Կառավարության ներկայացուցիչները առավոտից արդեն կգույքագրեն հնարավոր խնդիրները եւ կսկսեն քննարկումները Կիրանցի բնակիչների հետ: Հարց - Ինչպե՞ս եք գնահատում սահմանազատման արդյունքները Բաղանիսի, Ոսկեպարի և Բերքաբերի հատվածներում։ Պատասխան - Ոսկեպար-Բաղանիս հատվածի ամենազգայուն հարցերից մեկը կապված էր Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու, մյուսը` Ոսկեպար-Բաղանիս ԽՍՀՄ ժամանակների ճանապարհի հետ: Երկու հարցն էլ լուծվել են լավագույն ձեւով: Ճանապարհն ամբողջությամբ ՀՀ տարածքում է, եկեղեցին նույնպես, եւ սահմանագիծը գտնվում է թե ճանապարհից, թե եկեղեցուց բավականին հեռու: Բերքաբերում ոչ մի զգայուն իրավիճակ չկար եւ չկա:   Հարց – Իսկ ե՞րբ են երկու կողմերի սահմանապահները կանգնելու համաձայնեցված սահմանի վրա:  Պատասխան – Դա տեղի կունենա առաջիկա 8-9 օրերի ընթացքում, իսկ Կիրանցի առավել զգայուն հատվածում` ավելի ուշ, որովհետեւ այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման:  Հարց – Կարծիք կա, թե սահմանազատման ընթացիկ գործընթացը միակողմանի զիջում է Հայաստանի Հանրապետության կողմից, եւ սրվելու են անվտանգային սպառնալիքները Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերի համար:  Պատասխան – Դելիմիտացված սահման ունենալը չի կարող երկրի կամ որեւէ բնակավայրի անվտանգության սպառնալիք դառնալ: Ընդհակառակը, նման սահմանագիծը չեզոքացնում է սպառնալիքը: Ինչ վերաբերում է զիջմանը, սահմանի վերարտադրությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա չի կարող զիջում համարվել, որովհետեւ վերարտադրվում է այն սահմանը, որը մենք ունենք, որը մեր միջազգայնորեն ճանաչված սահմանագիծն է: Պրոցեսը պետք է շարունակվի նույն տրամաբանությամբ եւ սկզբունքներով սահմանի մնացած հատվածներում եւս:
23:42 - 15 մայիսի, 2024
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն արձանագրություն են ստորագրել

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն արձանագրություն են ստորագրել

2024թ. մայիսի 15-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի իններորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հանդիպման ընթացքում Հանձնաժողովները, 2024թ. ապրիլի 19-ի 8-րդ հանդիպման արձանագրության համաձայն, քննարկել են կատարված աշխատանքները և, հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում հստակեցված կոորդինատները, ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976 թվականի տեղագրական քարտեզի համաձայն, որը հերթապահության ընթացակարգ է անցել 1979 թվականին, համաձայնեցրել են անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի առանձին հատվածների համատեղ կազմված Արձանագրություն-նկարագրությունը՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով: Հանդիպման արդյունքում ստորագրվել է Արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
23:40 - 15 մայիսի, 2024
Մոսկվան ողջունում է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով բանակցությունները. Գալուզին
 |azatutyun.am|

Մոսկվան ողջունում է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով բանակցությունները. Գալուզին |azatutyun.am|

azatutyun.am: Մոսկվան ողջունում է մայիսի 10-ին և 11-ին Ալմաթիում խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունները, NEWS.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նրա բնորոշմամբ, ևս մեկ քայլ է արվել Հարավային Կովկասում հուսալի և երկարաժամկետ խաղաղության և կայունության հասնելու ուղղությամբ։ «Մենք լիովին աջակցում ենք այս ուղղությամբ Աստանայի ջանքերին», - հայտարարել է Գալուզինը՝ շեշտելով․ - «Կարևոր է, որ բանակցություններն ընթանում են Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը որոշած՝ բարձրագույն մակարդակում 2020-2022 թվականներին ձեռքբերված եռակողմ պայմանավորվածությունների հունով»։ Երևանում ապրիլի 15-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարեց, որ ողջունում են խաղաղության համաձայնագիր կնքելու Հայաստանի ու Ադրբեջանի ձգտումը։ Տոկաևը նաև ասաց, որ Ղազախստանը պատրաստ է իր հարթակը տրամադրել բանակցությունների համար՝ շեշտելով՝ հիմնական նպատակը երկու բարեկամ երկրներին մերձեցնելն է։ Գրեթե մեկ ամիս անց՝ մայիսի 10-ի,ն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպեցին Ալմաթիում։ Երկու օր տևած հանդիպումից հետո կողմերը հայտարարեցին, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են շարունակել բանակցությունները հարցերի շուրջ, որտեղ կան տարաձայնություններ։
10:32 - 15 մայիսի, 2024
Մենք գոհ ենք հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումից. Փաշինյան

Մենք գոհ ենք հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումից. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին»: ՀՀ վարչապետը «Առաջնագծից. Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (From the frontline: Armenia’s defence of democracy) թեմայով քննարկմանը հանդես է եկել ելույթով և պատասխանել մի քանի հարցի: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։  Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովի հարգելի մասնակիցներ, Տիկնայք և պարոնայք, Պատիվ ունեմ ձեզ հետ կիսելու այն մարտահրավերները, որոնց բախվում է հայկական ժողովրդավարությունը։ Լավ նորությունն այն է, որ ժողովրդավարությունն իսկապես իրականություն է դարձել Հայաստանում, բայց ի՞նչ է փոխվել Հայաստանի քաղաքացիների համար իրական ժողովրդավարությամբ։ Մինչև 2018 թվականի Թավշյա հեղափոխությունը մեր երկրում զանգվածային ընտրակեղծիքներն էին սովորաբար ուղեկցում ընտրություններին։ Քաղաքացիների մոտ վստահություն չկար, որ իրենք ունեն խորհրդարան ու կառավարություն ընտրելու և ձևավորելու իրական հնարավորություն։ Հիմա իրավիճակը բոլորովին այլ է. քաղաքացիները գիտեն, որ իրենք որոշում կայացնելու բավականաչափ ուժ ունեն։ Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում անցկացված երկու համընդհանուր ընտրությունները թե՛ հայ հասարակության, թե՛ միջազգային հանրության կողմից ճանաչվել են որպես ժողովրդավարական, ազատ և մրցակցային։ Հայաստանը հսկայական առաջընթաց է գրանցել ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում. ձեռքբերում, որը շատ լավ արտացոլված է տարբեր հեղինակավոր ժողովրդավարական ցուցիչներում: Այժմ մենք 43-րդն ենք «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության խոսքի ազատության ինդեքսում՝ մինչդեռ 2017-ին մենք զբաղեցնում էինք 79-րդ տեղը: 2017 թվականին Freedom House-ի կողմից դասակարգվելով որպես մասամբ ազատ համացանց ունեցող, այժմ մենք վայելում ենք ազատ համացանց ունեցող երկրի կարգավիճակը: «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» կազմակերպության կոռուպցիայի ընկալման ինդեքսում Հայաստանն այժմ 62-րդ տեղում է` 2017 թ. 107-րդի փոխարեն: Economist Intelligence Unit-ի ժողովրդավարության ինդեքսում այժմ մենք 84-րդն ենք, մինչդեռ 2017 թ. զբաղեցնում էինք 111-րդ տեղը։ Այս առաջընթացը գնահատելու համար անհրաժեշտ է նշել, որ ժողովրդավարական բարեփոխումներին զուգահեռ Հայաստանը դիմակայել է արտաքին անվտանգության մարտահրավերներին: 44-օրյա պատերազմը Լեռնային Ղարաբաղում, ադրբեջանական զորքերի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածքներ 2021 և 2022 թվականներին և ավելի քան 200 քառակուսի կիլոմետր հայկական տարածքների օկուպացումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անտարբերության և անգործության պայմաններում, Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 000 հայերի հարկադիր տեղահանումը կասկածներ են առաջացրել Հայաստանի քաղաքացիների շրջանում` արդյոք ժողովրդավարությունը ճիշտ ընտրություն է, թե՞ գուցե ժողովրդավարությունը նշանակում է ավելի քիչ անվտանգություն: Այսպիսով, ժողովրդավարությունը պետք է ապացուցի իր արդյունավետությունն անվտանգության, տնտեսական և հումանիտար մարտահրավերներին դիմակայելիս: Եվ մենք հուսով ենք, որ Գլոբալ ժողովրդավարությունը կկանգնի մեր կողքին բոլոր այդ մարտահրավերներին դիմակայելու հարցում: Մենք գոհ ենք հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումից։ Եվ մենք ողջունում ենք ԵՄ-ի որոշումը՝ ընդլայնելու իր կարողությունները։ Մյուս կողմից մենք հույս ունենք, որ Հայաստանը կներառվի Եվրոպական Խաղաղության հիմնադրամում, և այս առումով մենք ապավինում ենք ԵՄ անդամ բոլոր երկրների աջակցությանը։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և իմ բարձր մակարդակի հանդիպման ընթացքում, որը տեղի ունեցավ ապրիլի 5-ին Բրյուսելում, Եվրամիությունը և Միացյալ Նահանգները ստանձնեցին Հայաստանի տնտեսական դիմակայունության, պետական ինստիտուտների հզորացման և Լեռնային Ղարաբաղից փախստականների մարդասիրական կարիքների բավարարմանն ուղղված պարտավորությունների նոր փաթեթ: Այդ պարտավորությունների արագ և արդյունավետ իրականացումը չափազանց կարևոր է: Տիկնայք և պարոնայք, Ի հեճուկս բոլոր մարտահրավերների, մենք հավատում ենք, որ ժողովրդավարության իրական և ամենահավակնոտ ուղեկիցը հարատև և կայուն խաղաղությունն է: Եվ իմ գլխավորած կառավարությունն այս առումով վերցրել է իր պատասխանատվության բաժինը։ Վերջերս մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք Ադրբեջանի հետ՝ սկսելու մեր միջպետական սահմանների սահմանազատումն Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի հիման վրա։ Դա նշանակում է, որ սահմանազատում կատարելիս մենք պարզապես պետք է վերարտադրենք Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև եղած վարչական սահմանները, որոնք Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն դարձան պետական սահմաններ։ Սահմանների սահմանազատման մեկնարկը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Ալիևի և իմ միջև քառակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնության իրականացումն է։ Այժմ ժամանակն է ներառել և արտացոլել այդ համաձայնությունները խաղաղության պայմանագրում և ստորագրել այն։ Մեր տարածաշրջանային կայունության մեկ այլ առանցքային գործոն «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն է, որը նախաձեռնել է իմ գլխավորած կառավարությունը։ Այս նախագիծը ենթադրում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերականգնում և բացում են տրանսպորտային և այլ հաղորդակցություններն այն երկրների ինքնիշխանության ու իրավազորության ներքո, որոնց միջով դրանք անցնում են, և հիմնված է հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։ Հայեցակարգի այս տարրերը համաձայնեցվել են 2023 թվականի հուլիսի 15-ին Ադրբեջանի նախագահի և իմ հանդիպման ժամանակ, որը վարում էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, և արտացոլված են հանդիպման արդյունքներով նախագահ Միշելի հրապարակային հայտարարության մեջ: Մենք պատրաստ ենք շարժվել համաձայնեցված կետերի իրականացման ուղղությամբ։ Տիկնայք և պարոնայք, Ձեր հարցերին պատասխանելուց առաջ ուզում եմ շեշտել, որ ժողովրդավարությունը ռազմավարություն է Հայաստանի համար։ Մենք հավատում ենք ժողովրդավարությանը, ապրում ենք ժողովրդավարության մեջ»:
17:16 - 14 մայիսի, 2024
Խաղաղության համաձայնագիրը չպետք ունենա բաց կետեր․ Բայրամով
 |azatutyun.am|

Խաղաղության համաձայնագիրը չպետք ունենա բաց կետեր․ Բայրամով |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայաստանցի պաշտոնակցի հետ վերջին բանակցությունների արդյունքները «դրական» է գնահատել՝ հրաժարվելով, սակայն, մանրամասներ հայտնել։ «Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին՝ ասեմ, որ փետրվարից ինտենսիվ բանակցությունները վերսկսվել են։ Դրանից առաջ փաստաթղթերի և պայմանների փոխանակումներ են տեղի ունեցել, բայց դեմ առ դեմ հանդիպում չեղավ, թեև գործընթացը շարունակվեց Մյունխենում, Բեռլինում և Ալմաթիում։ Վերջին հանդիպման ընթացքում մեծ քննարկում է տեղի ունեցել։ Թեև չեմ էլ ուզում մանրամասնել, այդ բանակցությունները դրական եմ գնահատում»,- ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Մալթայի արտգործնախարար Իեն Բորջի հետ Բաքվում կայացած հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։ Ըստ Բայրամովի, երկրների միջև խաղաղության համաձայնագիրը պետք է իրենից ներկայացնի մի փաստաթուղթ, որը չի ունենա բաց կետեր ու չի ներառի հարցեր, որոնք որոշ ժամանակ անց կրկին բանակցությունների թեմա կդառնան, հաղորդում է Report.az-ը: Երևանում ապրիլի 15-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարեց, որ ողջունում են խաղաղության համաձայնագիր կնքելու Հայաստանի ու Ադրբեջանի ձգտումը։ Տոկաևը նաև ասաց, որ Ղազախստանը պատրաստ է իր հարթակը տրամադրել բանակցությունների համար՝ շեշտելով՝ հիմնական նպատակը երկու բարեկամ երկրներին մերձեցնելն է։ Գրեթե մեկ ամիս անց՝ մայիսի 10-ին, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպեցին Ալմաթիում։ Երկու օր տևած հանդիպումից հետո կողմերը հայտարարեցին, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են շարունակել բանակցությունները հարցերի շուրջ, որտեղ կան տարաձայնություններ։
14:50 - 14 մայիսի, 2024
Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարաձգել է ևս 5 ամսով |civilnet.am|

Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարաձգել է ևս 5 ամսով |civilnet.am|

civilnet.am: Բաքվի դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ Արկադի Ղուկասյանը ձերբակալվել է 2023-ի սեպտեմբերին՝ Արցախի դեմ մեկօրյա պատերազմից հետո։ Ադրբեջանի իշխանություններն Ղուկասյանին մեղադրում են «զինված խմբավորումների կազմակերպմանն ու ստեղծմանը մասնակցելու, ահաբեկչության ֆինանսավորման, Ադրբեջանի տարածքում ահաբեկչական հարձակումներ իրականացնելու նպատակով վարժանքների անցկացման մեջ»։ *** Արկադի Ղուկասյանից բացի, ադրբեջանական գերության մեջ է ևս 22 հայ զինծառայող և քաղաքացիական անձ: Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերիների առկայությունը։ 23 գերիների թվում են նաև Արցախի պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։  
14:42 - 14 մայիսի, 2024