Արցախյան պատերազմ․ 2020

Արցախյան առաջին պատերազմից հետո ամենալայնածավալ էսկալացիան՝ Արցախի ու Ադրբեջանի միջեւ՝ սահմանի ողջ երկայնքով։ Տեւել է 44 օր՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը։

Պատերազմի ժամանակ Հայաստանում եւ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։

2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետը, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահները ստորագրել են հայտարարություն՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, ըստ որի՝ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

18 զինծառայողի զոհվելու գործով վկաները հիշում են՝ «Ուրալը» խոցած ԱԹՍ-ն տեւական ժամանակ երկնքում է եղել

18 զինծառայողի զոհվելու գործով վկաները հիշում են՝ «Ուրալը» խոցած ԱԹՍ-ն տեւական ժամանակ երկնքում է եղել

Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է Արցախի Հանրապետության Իշխանաձոր գյուղի տարածքում հակառակորդի անօդաչու թռչող սարքի հարվածից 18 զինծառայողի զոհվելու հանգամանքների վերաբերյալ քրեական գործի քննությունը։ Այս գործով ամբաստանյալի աթոռին է փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանը։ Նա մեղադրվում է ռազմական դրության ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, ինչն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ։ Դատավոր Սուրեն Խաչատրյանի նախագահությամբ դատարանն այսօր հարցաքննեց երկու վկաների՝ Իշխանաձոր համայնքի նախկին ղեկավար Արսեն Թելունցին, որն ԱԹՍ-ի հարվածից հետո առաջինն է հասել դեպքի վայր, եւ Արմեն Ավետիսյանին, որն Իշխանաձորում ծառայություն է իրականացրել որպես ոստիկան՝ վերակարգի ավագ։ Իշխանաձոր համայնքի ղեկավարն առաջինն է շտապել խոցված մեքենայի մոտ ու հոսպիտալ տարել վիրավորներին Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի նախկին ղեկավար Արսեն Թելունցը ծնվել է 1977թ․ փետրվարի 9-ին Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում, այժմ բնակվում է Կոտայքի մարզում։ Ազգությամբ հայ է, ՀՀ քաղաքացի, ամուսնացած է, ունի երեք երեխա։ Թելունցն իր իրավունքներին ծանոթանալուց հետո հայտարարեց, որ դահլիճում ներկա գտնվողներից ճանաչում է մեղադրյալին՝ անցած դատական նիստերից, ծանոթ է զոհվածներից մի քանիսի ծնողների հետ։  Վկա Արսեն Թելունցը Թելունցը սկսեց իր ցուցմունքը՝ վերարտադրելով այն օրվա դեպքերը, երբ անօդաչուն հարվածել է զինծառայողներին տեղափոխող մեքենային։ Նա նշեց, որ պատերազմի ժամանակ եղել է Իշխանաձոր համայնքի ղեկավարը, զբաղվել է քաղպաշտպանությամբ, հիմնականում հոսպիտալի հետ կապված աշխատանքներով, վիրավորներ, դիակներ, մեքենաներ տեղափոխելով։ Նա հստակ չի հիշում օրն ու ժամը, բայց հիշում է, որ դեպքի օրը, երբ լսել են անօդաչու թռչող սարքի ձայնը, միանգամից ում հնարավոր է՝ տեղեկացրել են, որ օդում բան կա, բոլորին ասել են՝ պատսպարվեն։ Սկզբում իրենց թվացել է, թե ԱԹՍ-ն կարող է հոսպիտալին հարվածել։ Նա հիշում է, որ ԱԹՍ-ի ձայնն այնպիսին էր, որ լսելի էր, հետո արդեն նաեւ տեսանելի․  «Մեր տունը հոսպիտալից մի քիչ էր հեռու, մենք արդեն մեր հայաթում էինք էդ ժամանակ։ Ահագին երկար ժամանակ պտտվում էր էդ բեսպիլոտնիկը, հետո նկատեցի, որ մի հատ բեռնատար մեքենա ա բարձրանում պադյոմը։ Երեւի թե մի քանի րոպե հետո բեսպիլոտնիկը տրաքեց, խփեց, եւ ծուխ դուրս եկավ»,- մանրամասնեց վկան՝ նշելով, որ այդ ժամանակ ինքն անմիջապես գնացել է հարվածի ուղղությամբ․ «Շատ արագ ա տեւել, երեւի երեք-չորս րոպե, հասել եմ տեղ, տեսել եմ էդ վառվող մեքենան, դրա հետեւի մասում վիրավոր զինվոր կար։ Անմիջապես մոտիկացա եւ իրեն դրեցի մեքենայի մեջ»։ Հրդեհ էր բռնկվել ու մեքենայի թափքում եղած փամփուշտները պայթում էին Խոցված «Ուրալի» մոտ Թելունցը լաց լինելիս է տեսել է զոհված տղաներից մեկի ծնողին եւ փորձել նրան հետ քաշել մեքենայի մոտից, որովհետեւ բռնկված հրդեհի պատճառով թափքում եղած փամփուշտները պայթում էին․ «Էդ մարդը չէր ենթարկվում․․․ Հետո [իմ] մեքենան շրջեցի, որ վիրավորին տանեմ հոսպիտալ, մեկ ուրիշ վիրավոր իր ոտքով եկավ նստեց մեքենան, մինչեւ էդ իրեն չէի տեսել»։  Վիրավորներին հոսպիտալ տանելուց հետո Թելունցը նորից գնացել է դեպքի վայր, բայց որդեկորույս ծնողին չի կարողացել հանգստացնել։ Հիշում է այդ ժամանակվա խոսակցություններից ու եղածից դրվագներ, ասում է՝ մեքենան բացում էին, տղաները վառվել էին։ Ի սկզբանե գյուղապետը նաեւ հրշեջներին է զանգել, որոշ ժամանակ անց տեղում արդեն տարբեր մարդիկ են հավաքված եղել, այդ թվում զինվորականներ։ Որոշ ժամանակ անց, ավելի կոնկրետ՝ զոհվածների դիակները Գորիս տեղափոխելիս են իմացել, որ 18 զինվոր է զոհվել ԱԹՍ-ի հարվածից։ Պատասխանելով հանրային մեղադրող Հայկ Մարգարյանի հարցին՝ Թելունցն ասաց, որ Ապրիլյան պատերազմի օրերից գիտեին՝ ինչպես է ԱԹՍ-ն աշխատում․ «Գիտեինք, որ խփում ա, պայթում։ Ասում են «Հարոպ» ա կոչվում, բայց հիմնականում ձայնից էինք որոշում, որ էդի ա, էլի»։ Մեղադրողի ճշտող հարցին՝ իսկ խոսակցականում ինչպե՞ս են անվանում այդ ԱԹՍ-ն, Իշխանաձորի նախկին գյուղապետն ասաց՝ «կամիկաձե ենք ասում»։  Հանրային մեղադրողը հետաքրքրվեց՝ այդ տարածքում (ԱԹՍ-ն մեքենային հարվածել է Իշխանաձորի խաչմերուկի մոտակայքում,-խմբ․) զորամաս, զինամթերքի պահեստ եղե՞լ է, ինչին ի պատասխան՝ Թելունցը հայտնեց, որ Իշխանաձորում զորամաս եղել է, բայց ոչ խաչմերուկի մոտ, իսկ այդ հատվածում եղել է ջրային տնտեսության ավտոպարկը․ «Նավեսի տակ զինամթերք եղել է, սնարյադի յաշիկներ ա եղել»,- նշեց Թելունցը, բայց չկարողացավ հստակ պատասխանել՝ այդ արկղերում զինամթերք եղե՞լ է, թե՞ ոչ։ Թելունցն ասաց, որ հոկտեմբերին, մասնավորապես այդ դեպքի օրվա դրությամբ, Իշխանաձորը թիկունք է եղել, ոչ թե առաջնագիծ, նա մոտավոր նշեց, որ մարտական գործողությունները եղել են 30 կմ կամ ավելի այն կողմ, եւ պատերազմի ընթացքում դա առաջին դեպքն էր, որ Իշխանաձորի երկնքում ԱԹՍ էր երեւացել։ Նրա հիշելով՝ դրանից հետո եւս մեկ դեպք է եղել։ Ձախից՝ ամբաստանյալ Անդրանիկ Վերանյանը, կողքին՝ պաշտպան Նարեկ Գրիգորյանը «Գիտեինք, որ եթե ԱԹՍ կա, պատսպարվել է պետք» Հանրային մեղադրողը հետաքրքրվեց՝ պատերազմի սկսվելուց ի վեր որպես Իշխանաձորի համայնքի ղեկավար, քաղպաշտպանության պատասխանատու, ինքը որեւէ հրահանգավորում ունեցե՞լ է ԱԹՍ-ներ երեւալու պարագայում։ Թելունցն ասաց, որ կոնկրետ հրահանագավորում չի եղել, բայց իրենք իմացել են, որ եթե ԱԹՍ է երեւում, պետք է պատսպարվել․ - Դա ո՞նց գիտեիք,- հարցրեց հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը։ - Ես Ապրիլյան պատերազմի ժամանակ տեսել եմ դրա պայթյունը Արալեռում, էդ ժամանակ զորակոչիկներ էինք տանում, [․․․], «ՈՒԱԶ» մեքենայով ժողովրդին տարել էի Արալեռ (այնտեղ զորամաս կար,- խմբ․), էդ ժամանակ տեսել եմ պայթյունը, լսել եմ ձայնը․․․ Էդ փորձից ելնելով․․․։ Մեր տան անմիջապես մոտ էդ կորպուսի մոբի պատասխանատուներն են եղել, ամեն մեկը մի տեղից բարձր ձայնով գոռում էր, որ օդում բան կա (2020-ի պատերազմի ժամանակ,-խմբ․), պատսպարվեք։ Երեւի տարբեր տեղերից մի չորս-հինգ տենց ձայն լսել ենք։ - Արդյունավե՞տ է այդ դեպքում պատսպարվելը։  - Դե արդյունավետն էն ա, որ մի հոգու վրա չի գցի (ԱԹՍ-ն մեկ հոգու չի հարվածի,-խմբ․), որովհետեւ ժամերով ֆռում ա, երեւի թե ավելի լավ թիրախ ճարելու համար։ - Իսկ պատսպարվելիս երբեւէ լսել ե՞ք, որ ավտոմատներով կրակեն ԱԹՍ-ի ուղղությամբ։ - Կրակել էլ ենք։ Ես կրակել էլ եմ։ - Դա արդյունավե՞տ եղանակ է։ - Դե հիմա, կարող ա, էլի, կպավ՝ կպավ։ Կրակել ենք արդեն իջնելուց։ Հաջորդ օրը կրակել ենք, էդ օրը մի քիչ հեռու էր,- ասաց Թելունցը՝ հիշելով, որ այդ նույն խոցված «ՈՒրալին» ԱԹՍ-ն օրեր անց նորից հարվածել է, երբ այն կայանված է եղել գյուղապարանի մոտի ավտոպարկում․ «Մեքենան բերել, սեւ պալատկով ծածկել էին, էդ նույն մեքենային էլի ա խփել, էդ ժամանակ կրակել ենք մենք [ավտոմատներով]»,- նշեց Իշխանաձորի նախկին գյուղապետը։ Ամբաստանյալ Անդրանիկ Վերանյանի պաշտպան Նարեկ Գրիգորյանը Արսեն Թելունցին հարցրեց, թե ԱԹՍ-ի ձայնը լսելուց որքան հետո է այն հարվածել մեքենային։ Թելունցը մոտավոր հիշելով ասաց՝ ԱԹՍ-ն մի ժամից ավելի օդում պտտվել է, ձայնը՝ հեռացել-մոտեցել։ Վերանյանի պաշտպանը որոշ հակասություններ է տեսնում վկայի նախաքննական ու դատաքննական ցուցմունքներում Վերանյանի պաշտպանը դատարանին միջնորդեց հրապարակել Արսեն Թելունցի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքները, քանի որ կարծում է՝ այդ եւ այսօր դատարանում հնչեցրած ցուցմունքներում հակասություններ կան, մասնավորապես ԱԹՍ-ի ձայնը լսելու տեւողության եւ հարակից տարածքում զենք-զինամթերքի առկայության հետ կապված։ Դատարանն այս միջնորդությունը բավարարեց մասնակի եւ ընթերցեց միայն նախաքննական ցուցմունքը՝ տրված 2021թ․ մարտի 26-ին։ Նախաքննական ցուցմունքում Արսեն Թելունցը նշել է, որ ԱԹՍ-ի ձայնը լսել է կես ժամից ավելի, այստեղ՝ դատարանում, նա ավելի երկար ժամանակ նշեց։ Թելունցը մեկնաբանեց, որ ԱԹՍ-ի ձայնը լսել է տեւական ժամանակ, բայց կոնկրետ թիվ նշել չի կարող, դրա համար է մոտավոր թվեր ասում, եւ անհամապատասխանությունը դրանով է պայմանավորված։ Ինչ վերաբերում է Վերանյանի պաշտպանի նկատած մյուս հակասությանը՝ Թելունցը նախաքննական ցուցմունքում նշել է, որ տարածքում զենք-զինամթերքով լիքը արկղեր են եղել, իսկ այստեղ՝ դատարանում, ասաց, որ վստահ չէ՝ արկղերում ինչ է եղել։ Այս առնչությամբ Իշխանաձորի նախկին համայնքապետն ասաց․  «Ես մինչեւ հիմա էլ գիտեմ, որ զինամթերք ա եղել, բայց կարող ա եւ սխալվեմ, միգուցե չի եղել, բայց զինամթերքի արկղեր եղել են։ Պարոն դատախազը որ ասեց մեջը զենք տեսել եք, թե չէ, ճիշտ ասեց, ես արկղեր եմ տեսել, կարող ա եղել ա, ես հիմա էլ չեմ ասում, որ չի եղել»,- պարզաբանեց Թելունցը։ Վերանյանի պաշտպանը, դիմելով նրան, ասաց․ «Ձեր ցուցմունքը հետագայում շարունակվում ա, ու տրամաբանական շղթան կառուցվում ա՝ «դրա համար էլ իրար զգուշացնում էինք, որ թաքնվենք։ Պարոն Թելունց, եթե Դուք հրթիռ, այլ զինամթերք չեք տեսել, տեսել եք միայն արկղերը, ինչո՞վ ա պայմանավորված նման ձեւակերպմամբ նախադսությունը։ Եթե եղել են ուղղակի արկղեր, արկղն իրենից վտանգ չի ներկայացնում։ Ձեր ցուցմունքի տրամաբանությունից հետեւում ա, որ եղել են հրթիռներով արկղեր, որոնք առավել մեծ վտանգի աղբյուր են»,- նշեց պաշտպանը։ Թելունցը նորից ասաց, որ ինքն իմացել է, որ ծածկի տակ զինամթերք է եղել, բայց թե կոնկրետ արկղի մեջ եղել են, թե ոչ, հիմա էլ չի կարող ասել։ Դատավորը ճշտող հարց տվեց․ - Հիմա ի՞նչ արձանագրել, զենք-զինամթերք եղե՞լ է, թե՞ ոչ։ - Չեմ կարող կոնկրետ ասել՝ զենք եղել ա մեջը, թե ոչ, արկղ եղել ա։ - Ի՞նչն է պատճառը, որ նախաքննության ընթացքում նշել եք՝ եղել է։ - Հենց երեւի էն ժամանակ, որ հարցնեին՝ մեջը զենք եղել է, նույն ձեւ կպատասխանեի՝ զենքի արկղ ա եղել։ Թելունցը նշեց, որ երբ ԱԹՍ-ն նույն մեքենային հարվածել է երկրորդ անգամ, այդ արկղերը եղել են մեքենայից 30-40 մ հեռավորության վրա, բայց որեւէ այլ պայթյուն, հրկիզում տեղի չի ունեցել։ Իշխանաձորում ծառայություն իրականացնող ոստիկանը, իմանալով ԱԹՍ-ի մասին, զգուշացրել է կանգնեցնել «Ուրալն» ու զինվորներին հորդորել պատսպարվել Հաջորդ վկան Արմեն Ավետիսյանն էր, որը պատերազմի ժամանակ Իշխանաձորում ծառայության է ընդգրկված եղել որպես վերակարգի ավագ։ Ավետիսյանը ծնվել է Չարենցավանում, 1986թ․ հոկտեմբերի 8-ին, ազգությամբ հայ է, ՀՀ քաղաքացի, ամուսնացած է։ Այժմ աշխատում է ՆԳՆ Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնում, ավագ օպեր-լիազոր է։ Ավետիսյանը հայտնեց, որ դատարանում ներկաներից որեւէ մեկին չի ճանաչում։ Նշելով, որ արդեն բավական ժամանակ է անցել, նա խնդրեց հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքը, սակայն դատավորն առաջարկեց պատմել այն, ինչ հիշում է։ Վկա Արմեն Ավետիսյանը եւ դատավոր Սուրեն Խաչատրյանը Վկան նշեց, որ ինքը շրջիկ է եղել, մշտապես պտտվել է տարածքներում, աշխարհազորայինների մոտ է եղել։ Նա կոնկրետ օր չմտաբերեց, բայց ասաց, որ իրենց ծառայողները եղել են Իշխանաձորի կենտրոնական ճանապարհի խաչմերուկի վրա, որտեղով գնում են Հադրութ, Ջաբրայիլ (Ջրական)։ Երբ Ավետիսյանը նկատել է, որ երկնքում անօդաչու կա, անձնակազմին զգուշացրել է, որ մեքենաներին, մարդկանց կանգնեցնեն, հորդորեն ուշադիր լինել՝ վտանգ կա․ «Էդ պահին ես գնալիս եմ եղել, էդտեղից մի 200 մ հեռավորության վրա բենզալցակայան կար։ Անվտանգությունից ելնելով իջել եմ մեքենայից, տեսել եմ, որ զինվորական մեծ մեքենա է գալիս, մեջն էլ զինվորներ։ Անմիջապես տեղեկացրել եմ մեր աշխատակիցներին, ասել եմ շուտ տեղեկացրեք, որ վերեւը անօդաչու կա, թող ապահովության համար իջնեն մեքենաներից։ Վերջը, մեր տղաները տեղեկացրել են, զորքն իջել է, ինձ դրա մասին հայտնել են։ Դրանից հետո մոտենում է, եթե ճիշտ եմ հիշում, կամուֆլյաժ «պիկապ» մեքենա»,- ասաց վկան՝ նշելով, որ այդ մեքենան մոտենում է պատսպարվելու հորդորից մոտ տասը րոպե անց։  Վկան լսել է, թե հրամանատարը բարկացել ու զինվորներին հրահանգել է հետ նստել մեքենան Ավետիսյանի պատմելով՝ այդ մեքենայի մոտենալուց հետո զինվորների մեքենան նորից շարժվել է․ «Լսել եմ, որ այդ մեքենան մոտենում է այնտեղ (զինվորների մեքենային,-խմբ․), այնտեղ դուրս է գալիս իրենց կամանդիրը, էդ մեքենայի պատասխանատուին հայհոյելով ասում է՝ ձեզ ով է ասել մեքենայից իջնեք, շուտ նստեք մեքենան, մենք գնում ենք առաջադրանք կատարելու, թե ինչ․․․ Ու շարժվում են, մենք կանգնած նայում ենք էդ ԱԹՍ-ին, որ տեսնենք՝ որ ուղղությամբ է [շարժվում], որովհետեւ մինչեւ էդ էլի են եղել դեպքեր, երբ եկել ա դեպի մեր ուղղությամբ, թաքնվել ենք, ընկել ա ուրիշ ուղղությամբ»,- պատմեց վկան։ Ըստ նրա՝ զինվորների մեքենան այդ ժամանակ սկսել է շարժվել։ Հետո իջնելիս տեսել են ԱԹՍ-ն ու պայթյուն է որոտացել։ Այդ պահին Ավետիսյանը կապ է հաստատել գործընկերների հետ, որոնք էլ հայտնել են, որ զինվորական մեքենան է խոցվել․ «Ասում եմ՝ ո՞նց զինվորական, բա դուք կանգնեցրել էիք։ Բա՝ սենց, սենց, կամանդիրը եկել ա, սենց․․․ Բարձրացել են ինչ-որ առաջադրանք կատարելու։ Իմ հիշելով՝ էսքանը»,- եզրափակեց Ավետիսյանը։ Հետագայում նա երկմտեց՝ իսկապե՞ս պայթյունից հետո է այս վերջին զանգը եղել, թե՞ առաջ, ասաց՝ ամենայն հավանականությամբ՝ պայթյունից առաջ։ Պատասխանելով հանրային մեղադրողի հարցին՝ նա հայտնեց, որ նշված ժամանակ Իշխանաձորի գյուղապետարանի հարակից տարածքում՝ կենտրոնական ճանապարհի վրա, իր հետ ծառայություն են իրականացրել ոստիկաններ Սենիկ Հովհաննիսյանը եւ Աղաբեկ Խաչատրյանը․ - Երբ նշում եք՝ կապ տվեցի, ասացի, ասացին, այդ անձանց մասի՞ն է խոսքը,- ճշտեց մեղադրողը։ - Այո,- պատասխանեց վկան, բայց չմտաբերեց՝ կոնկրետ ում հետ է խոսել, միայն հիշեց, որ ռադիոկապով է հաղորդել ԱԹՍ-ի առկայության մասին։ Վկան նշեց, որ 20-30 րոպե լսել է ԱԹՍ-ի տատանվող ձայնը, բայց չի ենթադրել՝ ինչ տեսակի է ԱԹՍ-ն։ Նա լսել է, որ ասում են «կամիկաձե», ինքն էլ այդ բառն է կիրառել, բայց չգիտի՝ դա ինչ է նշանակում։  Հանրային մեղադրողը հետաքրքրվեց՝ ԱԹՍ-ի հայտնվելու պարագայում կոնկրետ հրահանգավորում ունեցե՞լ է՝ ինչ անել, եւ բացասական պատասխան ստանալու հետո հարցրեց՝ այդ դեպքում ինչո՞ւ է զանգել, զգուշացրել, որ մյուսները պատսպարվեն։ Վկան պատասխանեց․ «Ինքս եմ որոշել»։ - Իսկ արդյունավե՞տ որոշում է դա։ - Ճիշտ այդպես։ - Ինչո՞վ եք հիմնավորում։ - Որովհետեւ էլի դեպքեր են եղել, երբ մարդիկ պատսպարվել են, վտանգից ազատվել,- նշեց վկան։ Վերանյանի պաշտպան Նարեկ Գրիգորյանը վկա Ավետիսյանից ճշտեց՝ ե՞րբ է լսել-նկատել ԱԹՍ-ն։ Վերջինս ասաց, որ պատերազմի օրերին մեքենայի լուսամուտները իջեցրած էին վարում, որպեսզի ԱԹՍ-ի ձայնը լսվի, եւ քանի որ ինքը հանգիստ շարժվելիս է եղել, լսել է թռչող օբյեկտի ձայնը։ Պաշտպանի հարցին պատասխանելիս վկան ասաց, որ Սենիկ Հովհաննիսյանն է իրեն ռադիոկապով տեղեկացրել ԱԹՍ-ի մասին, մինչդեռ ցուցմունքում հակառակն էր նշել․ - Այսինքն՝ ոչ թե Դուք եք զանգել Սենիկին ու Աղաբեկին, այլ հակառա՞կը,- հարցրեց պաշտպանը։ - Սկզբում այո։ - Ե՞րբ նկատեցիք «Ուրալը» գալուց։ - Երբ ես մեքենայից արդեն դուրս եմ եկել, մեքենաս կանգնեցրել եմ, կլիներ ահագին ժամանակ, որ նկատել եմ [ԱԹՍ-ն], մոտ քսան-երեսուն րոպե պտտվելուց ա եղել, ոնց որ ձայնը մոտենար-հեռանար։ Ես իջել եմ, ահագին ժամանակ նայել եմ, տասը-տասնհինգ րոպե, դրանից հետո ես լարված նայում էի երկինք, որ ինչ-որ բան տենայի, չէի տենում, ձենն էի զգում, ու մեքենան էկել ա էդ ընթացքում։ - Ինչո՞ւ Դուք չկանգնեցրիք։ - Ես հեռու էի, ես իմ մեքենան կանգենցրել եմ, գնացել փլատակների մոտ, իսկ մեքենան («Ուրալը»,-խմբ․) ճանապարով, ինձնից հիսուն-վաթսունմետր հեռու է եղել։  - Ձեր մոտից վիզուալ դիտարկվո՞ւմ էր խաչմերուկի տարածքը։ - Չէ։ Մյուս վկան եւս համոզված է՝ երբ ԱԹՍ կա երկնքում, պետք է պատսպարվել Վկա Արմեն Ավետիսյանն էլ նշեց, որ ԱԹՍ-ի առկայության պարագայում պատսպարվելն արդյունավետ միջոց է։ Նա նաեւ ասաց, որ ինքն էլ է տարածքում արկղեր տեսել, բայց չի կարող ասել՝ դրանք զենք-զինամթերքով բեռնված եղել են, թե ոչ։  Պաշտպանը միջնորդեց հրապարակել նաեւ Ավետիսյանի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքները՝ նշելով, որ դարձյալ հակասություններ է նկատել՝ նախկինում վկան ասել է, որ մեքենայից դուրս է եկել, լսել է ԱԹՍ-ի ձայնը, հիմա ասում է՝ զանգել-զգուշացրել են, որ օդում վտանգ կա․ «Գործողությունների հերթականությունը տարբերվում է»,- նշեց պաշտպանը։ Հանրային մեղադրողը հետաքրքրվեց՝ վկան հիմա՞ է ավելի լավ հիշում այդ օրվա եղելությունը, թե՞ նախաքննական ցուցմունքի ժամանակ։ Վկան նշեց, որ այն ժամանակ՝ քննիչի մոտ հարցաքննվելիս, որովհետեւ երեք տարի առաջ հիշողություններն ավելի թարմ են եղել․ «Էդ ժամանակ ամեն օր գլխիս մեջ էդ էի տեսնում։ Քննիչի մոտ ասված ամբողջն իրականություն է»։ Դատարանը պաշտպանի միջնորդությունը բավարարեց ամբողջությամբ եւ ընթերցեց Արմեն Ավետիսյանի նախաքննական ցուցմունքը։ Պաշտպանը նկատեց, որ նախաքննական ցուցմունքից հայտնի է դառնում, որ ոչ թե վկայի գործընկերներն են տեղեկացրել ԱԹՍ-ի մասին, այլ հակառակը, ինչին Ավետիսյանն արձագանքեց․ «Շատ հնարավոր ա, ես ասացի՝ բավական ժամանակ ա անցել, ես չեմ մտաբերում՝ ոնց ա եղել իրականում, ես եմ զանգել, թե իրենք են զանգել ինձ։ Պատվարժան դատարանը ներկայացրեց իմ ցուցմունքը, ես լիովին ճիշտ եմ ընդունում այն, քանի որ ինչ եղել ա, էդպես գրվել ա թղթի վրա»։ Դատական քննության ընթացքում տված ցուցմունքը հրապարակելու տեխնիկական անհնարինություն կար այսօրվա նիստում, ուստի դատավորը որոշեց այն հրապարակել հաջորդ նիստի ժամանակ։ Դատական նիստն այսօր հետաձգվեց։ Հայարփի Բաղդասարյան
22:58 - 06 մայիսի, 2024
44-օրյա պատերազմը ամենալուրջ դասն էր ինձ համար․ գլխավոր դատախազ
 |armenpress.am|

44-օրյա պատերազմը ամենալուրջ դասն էր ինձ համար․ գլխավոր դատախազ |armenpress.am|

armenpress.am: 44-օրյա պատերազմի հետ կապված Հայաստանում երկու վարույթ է հարուցվել, որոնք վերաբերվում են ադրբեջանական ագրեսիային, ևս մեկ վարույթ հարուցվել է Լեռնային Ղարաբաղից մարդկանց բռնի տեղահանման հետ կապված։ Ազգային ժողովում այս մասին ասաց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ «Նշածս վարույթները հրապարակային քննարկման ենթակա չեն, որովհետև նախ գաղտնիության ռեժիմ է սահմանված, բացի այդ որոշակի անձանց հետ կապված գործողություններն են իրականացվում, որոնք հրապարակայնացման ենթակա չեն։ Բայց 44-օրյա պատերազմը ամենալուրջ դասն էր ինձ համար՝ որպես Հայաստանի քաղաքացի և հետո նաև որպես  գլխավոր դատախազ»,- ասաց Վարդապետյանը։ Գլխավոր դատախազը նշեց, որ այդ դասերից մի քանի հետևություններ է արել։ «Առաջին հերթին զինվորական դատախազության մասով լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք այս պահին իրականացնում։ Ընդլայնում ենք զինդատախազների թվաքանակը և պրոֆեսիոնալացնում ենք, որպեսզի զինդատախազությունը որոշակի պրոցեսների սպասարկու չդառնա, այլ կարողանա անընդհատ արտաքին դիտորդի աչքով պրոցեսներին հետևել։ Նաև կանխարգելման տեսանկյունից զինվորական դատախազությունը պարբերաբար այցելում է զորամասեր, ես ինքս էլ եմ գնում։ Այցելության նպատակը ոչ թե ահաբեկելն է, այլ բացատրելն է, որ ամեն արարք առաջացնում է հետևանք, և մեր նպատակն է, որ բանակում ոչ թե հետևանքները կանխենք, այլ նախականխենք և թույլ չտանք, որպեսզի զինծառայողների մոտ միջանձնային հարաբերությունների պատճառով հանցավոր հետագիծ ձևավորվի։ Բացի այդ, մենք բազմաթիվ միջնորդագրեր ենք ուղարկում։ Ես ինքս պաշտպանության նախարարին յուրաքանչյուր կոռուպցիոն դեպքով գրում եմ»,-ասաց Վարդապետյանը։ Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմի քրեական գործերի մասին շատ չեն լուսաբանում և չեն խոսում, որպեսզի բանակի մարտունակությունը չընկնի և զինծառայողների մոտ բարոյահոգեբանական մթնոլորտի անկում տեղի չունենա։ «Վստահեցնում եմ, որ 44-օրյա պատերազմի բոլոր գործերը, որոնք հատկապես կապված են հրամանատարների կողմից իրենց պարտականությունները չկատարելու հետ, հետևողականորեն ուղարկվում են դատարան և զտվում են այն գործերը, որտեղ բարձրագույն հրամանատարությունը մեղք չունի, և դատախազը նույնիսկ մեղադրական եզրակացությունը չի հաստատում ու թույլ չի տալիս այդ գործն ուղարկել դատարան»,- եզրափակեց Վարդապետյանը։
16:24 - 03 մայիսի, 2024
Քիմիկների զորամասի գործով դատարանում հարցաքննվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը

Քիմիկների զորամասի գործով դատարանում հարցաքննվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ այսօր շարունակվում է Քիմիկների զորամասի գործի քննությունը։ Այս պահին դատարանում հարցաքննվում է 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը (պաշտոնից ազատվել է 2021 թ․ մարտին)։ Վերջինս այս գործով ունի վկայի կարգավիճակ։ Չնայած դատական իշխանության պաշտոնական կայքում նշված տեղեկությանը, որ նիստը դռնբաց է, դատական կարգադրիչները մեզ թույլ չտվեցին ներկա գտնվել` պատճառաբանելով, որ դատարանը որոշում է կայացրել այն դռնփակ անցկացնելու վերաբերյալ։ Ավելի ուշ դատավորի աշխատակազմից Infocom–ը տեղեկացավ, որ դռնփակ դատական նիստի միջնորդությամբ հանդես է եկել հենց Օնիկ Գասպարյանը։ Պատճառն այն է, որ հարցաքննությունը հնարավոր է առնչվի պետական, ծառայողական գաղտնիք համարվող տեղեկությունների։ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ դա դատական նիստը դռնփակ անցկացնելու հիմքերից մեկն է։ Այս քրեական գործը, հիշեցնենք, առնչվում է 2020 թ․ հոկտեմբերի 21-ին Արցախի Հանրապետության Կովսական քաղաքում (Զանգելան) Քիմիկների զորամասի անձնակազմի հետ տեղի ունեցած դեպքին։ Այդ օրը Օնիկ Գասպարյանի տեղակալ, գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանի հրամանով Քիմիկների զորամասի 62–հոգանոց անձնակազմը մարտական առաջադրանք է ստացել՝ մեկնելու Կովսական քաղաքի ուղղությամբ գտնվող «Կիրի հանք» տեղանք եւ «Սանրում» գործողության կատարման եղանակով հայտնաբերել եւ ոչնչացնել  հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերը։ Մակարյանը, սակայն, ըստ քրեական գործի, ճիշտ չի կազմակերպել անձնակազմի ուղեկցման հարցը, եւ դրա, ինչպես նաեւ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանի՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով անձնակազմը «Կիրի հանք»–ի մոտ տեղակայված ոստիկանական հենակետում իջնելու փոխարեն հասել է դրանից շուրջ 5-6 կմ հեռու գտնվող Կովսական քաղաքի սկզբնամաս, որտեղ էլ ընկել է շրջափակման մեջ եւ հակառակորդի հետ բռնվել անհավասար մարտի:  5 զինծառայող գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, 23-ի, ինչպես նաեւ 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է առ այսօր։ Ըստ մեղադրանքի՝ Անդրանիկ Մակարյանը Օնիկ Գասպարյանին չի զեկուցել անձնակազմին «Նահանջ» հրաման արձակելու մասին եւ մինչեւ ժամը 15։30-ի սահմանները վերջինիս վստահեցրել է, որ իր ղեկավարած խմբի կազմով շարժվում է գործողությունների ծավալման շրջան՝ Արսեն Աբգարյանի խմբին օգնություն ցուցաբերելու։ Դրանից հետո միայն Գասպարյանին զեկուցել է, որ առաջ շարժվելն այլեւս նպատակահարմար չէ, եւ առաջարկել է բնագիծ զբաղեցնել եւ անցնել պաշտպանության՝ հաջորդ օրն առավոտյան խնդրի կատարումը շարունակելու պայմանով, ինչին Գասպարյանը համաձայնել է։ Մինչդեռ բնագիծ զբաղեցնելու եւ խմբի կազմով պաշտպանության անցնելու հրամանը կատարելու փոխարեն նա իր ղեկավարած ողջ խմբի կազմով նույն օրը՝ ժամը 18։00-ի սահմաններում, վերադարձել է Կապան քաղաք՝ ամբողջությամբ ձախողելով իր առջեւ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի կողմից դրված մարտական խնդրի կատարումը։ Այժմ գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը (պաշտոնից ազատվել է 2022 թ փետրվարին) մեղադրվում է ռազմական դրության պայմաններում իշխանության անգործության մեջ։  Մեղադրյալի աթոռին են նաեւ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանը, այդ ժամանակ նույն զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Սարգիս Կուլակչյանը եւ զորամասի համալրման բաժանմունքի նախկին պետ, կապիտան Էլլադա Հարությունյանը։  Արսեն Աբգարյանը մեղադրվում է իշխանության անգործության եւ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի, Սարգիս Կուլակչյանը՝ իշխանության անգործությանն օժանդակելու, իսկ Էլլադա Հարությունյանը՝ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։ 4 մեղադրյալները առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։   Միլենա Խաչիկյան  
11:23 - 22 ապրիլի, 2024
«Մարտակարգի խախտում են թույլ տվել»․ Իշխան Վահանյանի ցուցմունքը Խուռհատ սարի գործով

«Մարտակարգի խախտում են թույլ տվել»․ Իշխան Վահանյանի ցուցմունքը Խուռհատ սարի գործով

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրն այսօր մարդաշատ էր․ Խուռհատ սարի գործով գրեթե երկու տարվա դատական քննությունից հետո հարցաքննվելու էր Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար, մայոր Իշխան Վահանյանը։ Վերջինս, հիշեցնենք, մեղադրվում է 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ մարտի դաշտը ինքնակամ լքելու եւ իշխանության անգործության մեջ։ Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Վահանյանի հարցաքննությունը սկսվեց նշանակված ժամից քիչ ուշ, մինչ այդ զոհված զինծառայողների ծնողներն ու լրագրողները ստիպված էին սպասել դրսում․ կարգադրիչները պահանջեցին լքել դատարանի շենքը՝ ուժեղացված ծառայություն իրականացնելու պատճառաբանությամբ։ Ավելի ուշ, երբ նիստը սկսվեց, նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը ներկաներին հորդորեց հարցաքննության ընթացքում պահպանել լռություն, չնայած նրան, որ ամբաստանյալի խոսքերը իրենց գուցե հաճելի չլինեն։ Բացատրեց՝ դա ամբաստանյալի իրավունքն է։ Այնուհանդերձ, երկու ժամ տեւած հարցաքննության ընթացքում իրավիճակը նիստերի դահլիճում պարբերաբար լարվեց, ծնողներից մի քանիսը դահլիճից հեռացվեցին։ Դատարանում ցուցմունք տալով՝ Իշխան Վահանյանը հայտարարեց, որ մարտակարգի խախտում է տեղի ունեցել․ նախ ուսումնական գումարտակը չի ցրվել այլ ստորաբաժանումներում, ապա նաեւ ստացել է խնդիր, որը կարող էր կատարել ոչ թե նորակոչիկներից բաղկացած ուսումնական, այլ մարտական հերթապահություն կրող ստորաբաժանումը։ Վահանյանի համար անհասկանալի է՝ ինչու ուսումնական գումարտակին չցրեցին Իշխան Վահանյանը պատմեց, որ երբ պատերազմը սկսվել է, ինքը զորամասում է եղել, տեսել է՝ ինչպես են մարտական հերթապահություն կրող ստորաբաժանումները պահպանությունից անցել պաշտպանության։ «Բնականաբար, մենք էլ պիտի անցնեինք, ցուցակները՝ ձեռքներիս, որ էս 10 հոգին գնում է էստեղ, էս 10 հոգին՝ էնտեղ․․․ [Մեկ էլ] զորամասի հրամանատարի` մարտական գծով տեղակալը՝ փոխգնդապետ Ավալյանը, եկավ, ասաց՝ առանձին խնդիր եք կատարելու, չեք կարող ցրվել, [ասացի՝] պարոն փոխգնդապետ, բա տենց չի լինի, սա ուսումնական ա, ո՞նց, բա՝ հա, տենց հրաման ունենք վերեւից։ Վերեւից, դե, զորամասի հրամանատարը (Արթուր Քարամյանն է–հեղ․) պիտի տար, նրան էլ՝ դիվիզիայի հրամանատարը (Կարեն Առստամյանն է,–հեղ․), հասկանում ենք, դրա համար գնացել, նստել ենք պաշտպանություն։ Բայց թե խի չցրեցին էդ անձնակազմը, իմ համար էլ է մինչեւ հիմա անհասկանալի, որովհետեւ մի ամսով արձակուրդ ենք եղել, չէր կարող այդ ընթացքում բան փոխվել, որ միանգամից դառնային «բայեվոյ», որոշակի նախապատրաստական վիճակ պիտի գնար»,– նշեց նա։ Գումարտակի նախկին հրամանատարը, ըստ Վահանյանի, սխալ հրամաններ է տվել Իշխան Վահանյանը խոսեց ոչ միայն Խուռհատ սարին վերաբերելի, այլեւ դրան նախորդած դեպքերից՝ բացատրելով, որ անձնակազմի պառակտումն ու բարոյահոգաբանական վիճակի անկումը ավելի վաղ են սկսվել գումարտակի նախկին հրամանատարի պաշտոնակատար Գարիկ Վարդերեսյանից։ Պատճառը, ըստ նրա, Վարդերեսյանի տված սխալ հրամաններն էին․  «Վարդերեսյանն ասել էր՝ փոքր խմբերով մեծ խնդիր կատարենք, բայց դա հատուկ պատրաստված ստորաբաժանում չէր։ Ինքը գնում էր գրքային բառերով։ Փոքր խմբերով մեծ խնդիր նորակոչիկը չէր կարող կատարել․ էդտեղ աշխատում էին հրետանի, վարձկաններ․․․ Մենք պիտի դեպի ձախ գնայինք, Ֆիզուլիով հետ գայինք, էդ էր ճիշտը, որովհետեւ մեր հետեւում մոտոհրաձգային ստորաբաժանումներ կային, որոնք ուզում էին անցնել հակագրոհի, մենք արդեն այդ հակագրոհին խոչընդոտ ենք հանդիսացել․․․ Ես եմ զեկուցել զորամասի շտաբի պետին, որ սենց խնդիր կա, ինքը շատ արագ եկել է մեր մոտ, ասել՝ չի կարող սենց բան լինել, նորից գնում ենք մեր դիրքերը, մենք պիտի ձախ գնայինք․․․ Ու սկսել ենք անձնակազմին հավաքել․ կեսը՝ ծառի տակ, կեսը արդեն զորամաս էին հասել․․․»– ասաց ամբաստանյալը՝ պնդելով՝ եթե մարտակարգի կոպիտ խախտում ես թույլ տալիս, անձնակազմին համակարգելն այլեւս դժվար է լինում։ Ըստ Վահանյանի՝ ինչքան տեղ եղել է, այդքան վիրավորի հանել է Վահանյանն անդրադարձավ նաեւ հոկտեմբերի 2-ին Նյուզգար կոչվող տեղամասում վիրավորների դրվագին։ Մի շարք վկաներ դատարանում հայտարարել են, որ երբ Վահանյանը շտապօգնության մեքենայով եկել է, անգամ չի բարեհաճել մեքենայից իջնել, մի քանի վիրավորի է վերցրել եւ մյուսներին թողնելով՝ հեռացել։ Վահանյանը, սակայն, հակադարձեց՝ ասելով՝ այդքանն է ստացվել այդ իրավիճակում․ «Տեղանքում ես եմ եղել, ես գիտեմ՝ կրակների տակ մեքենաները ոնց են մտել․․․ Ինչքան տեղ եղել է, այդքան մարդ նստել է․ ըստ վիրավորման աստիճանի՝ 9 հոգի․․․ Եվ ես իջել եմ մեքենայից, պարտադիր չէ՝ ամեն նստողի հետ իջնես, կարող է մեկի հետ չես իջել, դա էլ ֆիքսել են»,– ասաց նա։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանի հարցին՝ ինչպե՞ս կբացատրի, որ 7-8 հոգի ստում են, իսկ ինքը ճիշտ է ասում, ամբաստանյալը դժվարացավ հստակ պատասխանել, ասաց՝ դրսից խոչընդոտում են, նրանք էլ գալիս, սուտ են ասում։ Գումարտակին խնդիր է տրվել սարում ոչ թե մարտի մեջ մտնելու, այլ բնագիծ զբաղեցնելու Հոկտեմբերի 8-ի մոտակայքում, երբ սպայակազմի փոփոխություն է տեղի ունեցել, Գարիկ Վարդերեսյանն ազատվել է գումարտակի հրամանատարի պաշտոնակատարի պաշտոնից, Վահանյանը՝ նշանակվել նրա փոխարեն․ «Որ ես նշանակվել եմ, հարցը սենց է եղել․ էդ անձնակազմը չի կարող մտնել մարտի մեջ, դրա համար են ինձ նշանակել, թե չէ էդտեղ ոչ մեկն էլ չէր գա, երկու օրվա համար ոչ մի հրամանատար․․․ Իրականում սպայական անձնակազմ էլ չկար, էդ անձնակազմի հետ չէինք կարող մարտի մտնել, որովհետեւ ունեցել ենք բազմաթիվ զոհեր, վիրավորներ․․․ Ընդհանուր խնդիրը եղել է բնագծի զբաղեցում, դիրք չի եղել էդտեղ, չէր էլ կարող լինել, որովհետեւ էդտեղ Բալուջայի ռազվետկայի վարժանքների տեղն էր»,– նշեց նա։ Վահանյանը հատուկ ընդգծեց՝ իր ենթակայության տակ ոչ թե 300 անձ է եղել, ինչպես ողջ ընթացքում է նշվել, այլ 90․ «Ես ամբողջ դատավարությունը ուշադիր լսել եւ հետեւել եմ, ասվում է 300-350 հոգի։ Նախ էդքան թիվ չկա, Խուռհատ սար բարձրացել է 90 հոգի․ 4 մեքենա՝ 2 «Ուրալ», 2 «Կամազ»։ «Կամազ»-ների մեջ՝ 25-25, «Ուրալ»–ների մեջ՝ 20-20 հոգի։ Ես մեքենաների ավագներին էլ կարող եմ նշել․․․ Ու ավելացնել, որ վարորդները մեր ստորաբաժանման զինվորները չեն եղել, որովհետեւ մենք ունեինք տեխնիկայի խնդիր՝ շարքից դուրս եկած, Կիրովականի տեխնիկաներից կային՝«Կամազ», «Ուրալ», տարբեր ստորաբաժանումներից կցել էին, որ բարձրացնեին»։ Նրա խոսքով՝ սարում իրենք դիրքավորվել են ձախից, իրենց կողքին եղել է 3-րդ գումարտակը, հետո՝ մեկումեջ հետախուզությունը, ապա՝ Վանաձորի գունդը, ապա՝ Ստեփանակերտի ոստիկանները։ Ըստ նրա՝ այդ բոլորը միասին կարող էին 350, անգամ 400-ի հասնել, բայց այդ բոլորը իր ենթակայության տակ չեն եղել։ Բուն մարտի եւ այդ ընթացքում տված հրամանների մասին ամբաստանյալը մանրամասն ոչինչ չասաց, նշեց միայն՝ այնպիսի հրետակոծության են ենթարկվել, որ ստորաբաժանումը խառնվել է իրար, անկառավարելի  է եղել։ Այդ ժամանակ էլ հենց, իր խոսքով, վիրավորվել է․ «7 հոգու հետ ենք իջել, ինձ օգնել են, նստեցրել են «Կամազ», զինվոր է թեւիցս քաշ տվել, հարցաքննությունների ժամանակ ես շատ բան չասացի, դե, հիմա ես եմ մեղադրյալ, ես եմ փակված, իմ հերթն էլ էր գալու, բայց դե, տենց չի էլի, սուտ ասելով բան չի լինում»,– վրդովված ասաց նա։ Ամբաստանյալը պնդեց՝ նախքան հեռանալը ռադիոկապը փոխանցել է վաշտի հրամանատարներից Հայկազ Գրիգորյանին, վերադասությանն էլ տեղեկացրել է իր վիրավորման մասին։ Խոսելով զենք–զինամթերքի մասին՝ Վահանյանն ասաց՝ հրաձգային ստորաբաժանմանը ինչ հասանելի եղել է, ունեցել են․ «Զորամասի հրամանատարի հետ վերջին կապը եղել է, որ V82 (ռադիոկապի տեսակն է,–հեղ․) տրվել է Հայկազի ձեռքը, ուղղությունն էլ նշվել է։ Որ տենց չլիներ, Հայկազն էնտեղից չէր կարող դուրս գալ։ Ուղղությունը նշվել է, Հայկազը դուրս է եկել։ Հադրութի գլխին՝ գազի զապրավկայի վերեւը, անիվներ են վառվել, որ Հայկազի հետ քայլող անձնակազմը էդ ուղղությամբ դուրս գա, ու տենց էլ դուրս է եկել, V82-ով կապի մեջ է եղել զորամասի հրամանատարի հետ, էդ է եղել ռեալ իրավիճակը»,– պատմեց ամբաստանյալը։ Նա նկարագրեց նաեւ, թե իր տեղեկություններով՝ ինչպես է նահանջելիս զորքը կիսվել։ Այդ տեղեկությունները, նրա խոսքով, իրեն հայտնել են զորամասի հրամանատար Արթուր Քարամյանն ու վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանը․ «Որ ինձ հասցնում են հոսպիտալ, Հայկազի հետ կապի եմ դուրս գալիս, ասում է՝ զորամասի հրամանատարի հետ կապի ենք դուրս եկել, ասել է՝ մի խումբ կա, որ ասում է՝ Հադրութով քյասար գնում ենք, մեկ էլ իմացանք, որ էդ խումբն է, գնում, մոլորվում է․․․ էդտեղ տարաձայնություն է եղել, զորամասի հրամանատարն ասում է՝ սենց գնում եք, ուղղությունը մինչեւ մեր դուրս գալն էլ է նշվել, որ գալու են, ծխի մոտով գան, դուրս գան․․․ Հովհաննեսը, պայմանագրային քեռին եւ 3-րդ վաշտի սերժանտը՝ Հարութը․․․ Ասում եմ՝ բա ո՞նց գնացին, ասացին՝ Հարութը պապայի հետ է խոսել, քյասար ճամփով գնում են․․․ Ու ես բառացի ասում եմ՝ Հարութը հոր հետ է խոսում, հերը՝ բա սենց իջնում ես, տեղանքի տղա ես, Հադրութով գալիս, իջնում եք, ձեր հրամանատարների հետեւից չընկնեք, էդտեղ է լինում խնդիրը»,– ասաց Վահանյանը՝ հերքելով դատարանում հնչած այն ցուցմունքները, թե արկ է ընկել, եւ զորքը բաժանվել է երկու մասի կամ մի մասը սպասել է, որպեսզի մյուսները գնան 3-րդ գումարտակին տեսնելու․ «Ես զորամասի հրամանատարին զանգում եմ հոսպիտալից, ասում եմ՝ գիտե՞ս, որ սենց խնդիր կա, ասում է՝ հերն ու Վարդերեսյանը սխալ ուղղություն են տվել, իրենք էլ գնալու են, հանեն»,– նշեց Վահանյանը։ Վերջինիս խոսքով՝ եթե ինքը վատը լիներ՝ չէին նշանակի, վատը լիներ՝ 19 տարվա ծառայության մեջ մի բան եղած կլիներ․  «Սաղ էլ գիտեին, որ էդ ստորաբաժանումը չի կարող մտնել մարտի մեջ, խի՞ էին հանում․․․ Որ հրաման չկատարեիր, ավտոները չհելնեին, էլի գալու էի, դատարանի առաջ կանգնեի․․․ Հիմա խնդիրը կատարած է, էլի  դատարանի առաջ եմ կանգնած․․․ է որ լավ լինեի, կմնայի, արահետով դուրս կգայի, էլ փախչելու իմաստը ո՞րն է, փախչելու լինեի՝ հոսպիտալ չէի գնա, փախած մարդը հոսպիտալ չի գնում, ոչ էլ գնում է նախարարություն ներկայանում կամ բարձր պաշտոնյաների հետ նստում, քարտեզի վրա է  աշխատում»։ Ամբաստանյալի կարծիքով՝ փորձագետի եզրակացության մեջ սխալ կա Հարցաքննության ընթացքում քննարկման առարկա դարձավ նաեւ Վահանյանի վիրավորման հանգամանքը։ Վահանյանը հայտնեց, որ ինքն առաջին անգամ վիրավորվել է սեպտեմբերի 29-ին, սակայն այն վիճակում չի եղել, որ հոսպիտալ գնա, երկրորդ վիրավորումն արդեն հոկտեմբերի 10-ին Խուռհատ սարում է ստացել, դա էլ պատճառ է հանդիսացել, որ սարից վիրավորների հետ մեկնի հոսպիտալ․ «Ես հո 18 տարեկան չեմ, որ հելնեմ, սուտ բան խոսեմ»,– ասաց նա։ –Սուտ ես ասում, դու ամսի 10-ին չես վիրավորվել,–լսվեց դահլիճից։ Վահանյանը շարունակեց․ «Ամսի 10-ին ես արդեն շարժվել չէի կարողանում, թուլացած էի, ու դա իմացել է ե՛ւ զորամասի հրամանատարը, եւ դիվիզիայի, դա չես կարող թաքուն պահել, չի լինում տենց բան ո՛չ խաղաղ պայմաններում, ոչ էլ, ձեռ է տալիս՝ ասեն՝ թողեց, գնաց»։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը մեջբերումներ արեց փորձագետի եզրակացությունից․ «Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ Ձեր մարմնի հետազոտությամբ հայտնաբերվել է սպի 1․5*1  սմ չափերի սպի, որը տեղակայված է եղել աջ ազդրի վերին երրորդական դրսային մակերեսին, սա, Ձեր նշած, հոկտեմբերի 10-ի վիրավորումն է, ինչպես նաեւ նույնանման 2․7*1 սմ չափերով սպի, որը տեղակայված է աջ գոտկային հատվածում, սա՝ սեպտեմբերի 29-ի․․․ Սպիների չափերի վերլուծությունից պարզ է դառնում, որ սեպտեմբերի 29–ին, երբ մնացել եք դիրքերում եւ շարունակել եք, ստացել եք նույնանման, սակայն ավելի մեծ չափերի վնասվածք, քան Խուռհատ սարում տեղակայված մարտերի ժամանակ»։ Իշխան Վահանյանը, սակայն, չընդունեց սա, նախ ասաց՝ եզրակացության մեջ սխալ է գրված, ապա փորձեց բացատրել՝ առաջին վերքը չափերով երկար էր, բայց Խուռհատ սարի վերքը կլոր եւ խորն է եղել։ Մեղադրողն ընդգծեց՝ ամեն դեպքում, նույնանման են, երկուսն էլ՝ թեթեւ։ Մեղադրողը հիշեցրեց նաեւ, որ Գարիկ Վարդերեսյանը պնդում էր, որ Վահանյանն աջ ազդրի վնասվածքը միանշանակ ստացել է սեպտեմբերի 29-ին՝ հրամանատարական կետում տեղի ունեցած ռմբակոծության ժամանակ, այլ ոչ թե Խուռհատ սարում․ –Ո՞նց կպարզաբանեք,–հարցրեց նա։ –Խի՞ պիտի չասի, մարտակարգի կոպիտ խախտում է թույլ տվել, իր գլխին էլ լիքը բան կա։ –Որ հարցաքննվում էր, ինչո՞ւ այդ ժամանակ չբարձրաձայնեցիք։ –էդ ժամանակն էլ կգա, ինքն էլ կգա, կնստի սենց, կասեմ։ Ես ասում եմ՝ սուտ ասելու ոչ մի բան չունեմ, փակվածը ես եմ։ –Ընդհանուր առմամբ, մեզ մոտ կամ անաչառ այլ դիտորդի մոտ այն տպավորությունն է ստեղծվում, որ երբ վտանգ եք ստացել, փորձել եք Ձեր կյանքը հետ պահել։ –Սխալ տպավորություն է ստեղծվում, էդքանը որ ուզենայի անել, էնտեղ չէի հասնի, ոչ էլ արձակուրդից հետ կգայի․․․ Բան կա, որ դատարանում ասում են, բան կա՝ չեն ասում, բան կա՝ ասելու է, բան կա՝ ասելու չէ, մարդիկ պիտի ասեն, որ իրենց վրայից գցեն․․․Ես պարզ ասեմ՝ 2 տարուց ավելի նստած եմ, խոչընդոտող մարդը ամեն տեղից էլ կարող է խոչընդոտ հանդիսանալ, բայց փակված մարդուն հարյուր տոկոս դա ձեռք չի տալու։ Այսօր դրսից են ավելի խոչընդոտ հանդիսանում, որ մարդը փակի տակ մնա, որովհետեւ որ հելնեմ, գնալու եմ Քննչական՝ ասեմ՝ եկել եմ՝ մի բան էլ ես ասեմ, ու ես կարող եմ դա անել, բայց ոչ էլ այդ ցանկությունը ունեմ, ոչ էլ նպատակը․․․ Այս պատերազմը ոչ Իշխանով է սկսել, ոչ Իշխանով է ավարտվել, եթե դատվեն, պիտի ծայրից ծայր դատվեն, ծնողներին էլ թող պարզ լինի»,– ասաց նա։ Հարցաքննությունը կշարունակվի մայիսի 29-ին։   Լուսանկարները՝ Ինֆոքոմի Միլենա Խաչիկյան
23:55 - 18 ապրիլի, 2024
Փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի վերաբերյալ գործը դատարանում է․ սկսվել է ապացույցների հետազոտումը

Փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի վերաբերյալ գործը դատարանում է․ սկսվել է ապացույցների հետազոտումը

Հակակոռուպցիոն դատարանում օրերս սկսվեց 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի վերաբերյալ քրեական գործով ապացույցների հետազոտումը։ Գաբրիելյանն այդ պաշտոնին է եղել 2019 թ. փետրվարի 4-ից մինչ 2020 թ․ հոկտեմբերի 26-ը, պատերազմի մեկնարկի՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ «Կովկաս 2020» զորավարժություններին մասնակցելու նպատակով գտնվել է Ռուսաստանում։ Այնտեղից վերադարձել է սեպտեմբերի 30-ին եւ 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գեներալ–մայոր Ժիրայր Պողոսյանի՝ 2020 թ. հուլիսի 9-ի թիվ 07 գրավոր եւ 2020թ. հոկտեմբերի 1-ի բանավոր հրամանների հիման վրա՝ ընդգրկվել է մարտական գործողություններում։ Այժմ Գաբրիելյանը մեղադրվում է ռազմական դրության պայմաններում պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, որի հետեւանքով նրան վստահված բնագիծն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, եւ արձանագրվել են անձնակազմի եւ տեխնիկայի կորուստներ։ Մասնավորապես, 22 զինծառայող զոհվել է, 3-ը համարվում է անհետ կորած, իսկ պետությանը պատճառվել է ավելի քան 33 միլիոն ՀՀ դրամի նյութական վնաս։ Հովիկ Գաբրիելյանը կալանավորված է եւ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նյութում կարդացեք՝ Ինչում է մեղադրվում փոխգնդապետը  Ինչ ապացույցներ հրապարակեց հանրային մեղադրողը Ինչ միջնորդություն ներկայացրեց պաշտպանը զոհված զինծառայողների մահվան վկայականների առնչությամբ Ինչում է մեղադրվում փոխգնդապետը Համաձայն մեղադրական եզրակացության՝ փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանը, կոչման եւ պաշտոնի բերումով հանդիսանալով գումարտակի բոլոր զինծառայողների ուղղակի պետը, ռազմական դրության պայմաններում հակառակորդի հետ անմիջական մարտի չբռնվելու եւ պաշտպանական բնագիծը թողնելու անձնական այլ շահագրգռվածությամբ չարաշահել է իր պաշտոնեական դիրքը՝ իր իշխանական, ծառայողական լիազորությունները եւ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործել է ի վնաս պետական ու ծառայողական շահերի։ Մասնավորապես, վերադաս հրամանատարությանն իրականությանը չհամապատասխանող զեկույցներ է ներկայացրել, ինչից հետո ստանալով զբաղեցրած բնագիծը չթողնելու եւ պաշտպանությունը շարունակելու՝ ռադիոկապի միջոցով տրված հրաման, առանց ավագ պետի թույլտվության եւ տվյալ պարագայում առանց հիմնավոր անհրաժեշտության նահանջի հրաման է տվել ենթակա ստորաբաժանմանն ու դիտավորությամբ թողել զբաղեցրած պաշտպանական բնագիծը, ինչն անզգուշությամբ առաջացրել է ռազմական գույքի, տեխնիկայի ոչնչացում եւ այլ ծանր հետեւանքներ:  Դատավոր Վարդգես Սարգսյանը Այսպես. 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած եւ վարած ագրեսիվ պատերազմի ընթացքում, համաձայն ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի (այսուհետև՝ նաեւ ԲԿ) պաշտպանական օպերացիայի պլանի օպերատիվ մասում նշված դրույթների, բանակային կորպուսն ունեցել է խնդիր՝ անցնել պաշտպանության Ջաբրիայիլի (նույնն է, ինչ Ջրական, Մեխակավան) շրջանի նախորոշված հատվածում՝ Շուքյուրբեյլի–Ջաբրայիլ ուղղությամբ («Հորովլու-նիշ 602.1՝ հարավ 200 մետր - երկաթբետոնե կամուրջ» բնագիծ)։ Ըստ մեղադրանքի՝ 2020թ. հոկտեմբերի 4-ի երեկոյան Գաբրիելյանը ռադիոկապով զեկույց է ներկայացրել 1-ին բանակային կորպուսի հրամանատար Ժիրայր Պողոսյանին՝ հայտնելով, որ իբրեւ իր գումարտակի աջ եւ ձախ հատվածները բաց են եւ հակառակորդի զրահատեխնիկան թեւանցել է իրեն, ուստի շրջապատման վտանգի պայմաններում թույլտվություն է խնդրել նահանջել։ Ժիրայր Պողոսյանից, սակայն,  ստացել է պաշտպանական բնագծում մնալու հրաման։ Նույն օրը՝ ժամը 22։00-ի սահմաններում, Գաբրիելյանը ռադիոկապով խոսել է նաեւ նույն ԲԿ–ի շտաբի պետ Գեղամ Գաբրիելյանի հետ՝ հայտնելով սննդի եւ զինամթերքի պաշարների սպառման մասին։ Նկատի ունենալով, որ Գաբրիելյանի ենթակա ստորաբաժանումն ունեցել է զինամթերքի բավարար եւ անհրաժեշտ պաշարներ տրված մարտական խնդիրն իրականացնելու համար՝ Գեղամ Գաբրիելյանը հրաման է տվել շարունակել հանձնարարված մարտական խնդրի կատարումը՝ տեղեկացնելով, որ հաջորդ օրը՝ առավոտյան, կիրականացվի լրացուցիչ սննդի եւ զինամթերքի պաշարների մատակարարումը։ Հովիկ Գաբրիելյանը, սակայն, ըստ մեղադրանքի, խախտել է ներքին ծառայության, օպերացիաների նախապատրաստման եւ վարման հրահանգի, մարտական կանոնադրության մի շարք պահանջներ, հանձնարարված բնագծի պաշտպանությունն իրականացնելու փոխարեն հոկտեմբերի 5-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, հրաժարվել է կատարել հակառակորդին դիմակայելու, նրան դիմադրություն ցույց տալու եւ վերջինիս առաջխաղացումն այդ ուղղությամբ կասեցնելու նպատակով իր ստացած հրամանները եւ առանց վերադաս հրամանատարների գիտության եւ համապատասխան թույլտվության՝ պաշտպանության անցած ենթակա անձնակազմին հրամայել է թողնել զբաղեցրած բնագիծը եւ նահանջել Հադրութ քաղաքի ուղղությամբ՝ այդ մասին չտեղեկացնելով իրենից աջ կողմում պաշտպանություն իրականացնող հատուկ նշանակության բրիգադի հրամանատար, գնդպետ Վահագն Ասատրյանին եւ առանձին զրահատանկային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Համլետ Լեւոնյանին։ Համաձայն մեղադրական եզրակացության՝ Հովիկ Գաբրիելյանի գործողությունների հետեւանքով հակառակորդը 2020 թ․ հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում օգտվել է վերոնշյալ բնագծում շուրջ 2-3 կմ անպաշտպան թողնված հատվածից, անարգել հաղթահարել է այն, «Բանաձուրի խաչմերուկ» տեղանքով անցել դրանից աջ պաշտպանության անցած յուրային անձնակազմի թիկունք, ինչի պայմաններում անակնկալի եկած եւ անպաշտպան մնացած հիշյալ ստորաբաժանումների անձնակազմը փաստացի հայտնվել է շրջապատման մեջ, սկսել է հակառակորդի հետ հարկադրված մարտ վարել, որի ժամանակ էլ արձանագրվել են վերոնշյալ կորուստները։ Ինչ ապացույցներ հրապարակեց հանրային մեղադրողը Դատական նիստի ընթացքում հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանը հրապարակեց քրեական գործում առկա գրավոր ապացույցները՝ փաստաթղթերի զննում կատարելու, արտավարութային փաստաթղթեր ճանաչելու եւ լազերային սկավառակ զննելու մասին արձանագրություններ։ Ձախից՝ տուժողի իրավահաջորդ Հրաչիկ Բաղդասարյանը, հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանը Զննված փաստաթղթերը ստացված էին ՀՀ քննչական կոմիտեի գաղտնի գործավարությունից եւ առգրավված Ազգային ժողովի գաղտնի գործավարությունից։ Դրանք վերաբերում էին զորամասերը մարտական պատրաստականության «Լրիվ» աստիճանի բերելու, գումարտակի անձնակազմը ոչ լրիվ կազմով՝ 223 հոգով մարտական գործողությունների շրջան ուղարկելու եւ մի շարք այլ հրամանների։ Դրանց թվում էր նաեւ հակառակորդի գնահատման վերաբերյալ եզրակացությունը, որում մանրամասն նկարագրված էր, թե որտեղ եւ ինչ տեսակի հարձակման դեպքում ինչ գործողություններ է պետք ձեռնարկել։ Ապացույցների հրապարակումից հետո Հովիկ Գաբրիելյանի պաշտպան Վրեժ Խաչիկյանը կարծիք հայտնեց, որ դրանք ընդամենը փաստում են, որ եղել են մի շարք հրամաններ, որոնցով սահմանված է եղել գործողությունների որոշակի պլան իրադարձությունների հավանական զարգացումների դեպքում, որ եթե այսպես լիներ, պետք է այսպես արվեր․ «Մեզ համար շատ կարեւոր է, որ դատարանը [գնահատի]՝ ինչպես որ պլանավորված է եղել, այդպես ընթացե՞լ է, եւ այդ ընթացքում Հովիկ Գաբրիելյանի վրա դրված պարտականությունը չի կատարվե՞լ, թե՞ այլ իրավիճակ է ստեղծվել, հետեւաբար այդ իրավիճակում ինչպիսի՞ն պետք է լիներ Հովիկ Գաբրիելյանի կողմից ձեռնարկվող գործողությունները՝ որպես հրամանատարի»,– ասաց նա։ Հրապարակված արտավարութային փաստաթղթերը դարձյալ մարտական հրամաններ էին, դրանցից բխող կարգադրություններ եւ գրություններ, իսկ լազերային սկավառակում մարտական գործողություններից մի տեսանյութ էր։ Այն իր բջջային հեռախոսով նկարահանել եւ հետագայում Քննչական կոմիտեին էր տրամադրել հիշյալ փոխգնդապետ, գործով վկա Համլետ Լեւոնյանը, որի անձնակազմը ենթադրյալ հանցանքի հետեւանքով մնացել էր շրջապատման մեջ։ Տեխնիկական միջոցների բացակայության պատճառով տեսանյութը կհետազոտվի հաջորդ նիստում։ Պաշտպան Վրեժ Խաչիկյանը հայտարարեց, որ տեսանյութը պաշտպանական կողմին չի տրամադրվել եւ իրենց համար պարզ էլ չէ, թե այն որ օրվա որ ժամին է վերաբերում։ Արձագանքելով հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանն ասաց, որ վկան իր ցուցմունքով հստակ հայտնել է դա, բայց քանի որ ինքը ցուցմունք հրապարակելու իրավասություն այս պահին չունի, այդ հարցերի պատասխանները կտրվեն ավելի ուշ։ Ինչ միջնորդություն ներկայացրեց պաշտպանը Պաշտպան Վրեժ Խաչիկյանը միջնորդեց հետազոտման ենթակա ապացույցներում ներառել զոհված զինծառայողների մահվան վկայանները։ Նա հրապարակեց դրանցում տեղ գտած որոշակի տվյալներ՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ Հովիկ Գաբրիելյանի մեղադրանքում նկարագրված արարքը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ի գիշերը, մինչդեռ գործով տուժող ճանաչված զինծառայողներից որոշների մահը, ըստ այդ վկայականների, արձանագրվել է դրանից շուտ կամ ուշ․ «Հետագայում նաեւ վկաների ցուցմունքներով պետք է պարզվեն՝ ինչպե՞ս եղավ, որ կոնկրետ մեղադրանքի դրվագը տեղի է ունեցել ամսի 5-ի գիշերը՝ ժ 2-ից հետո, սական մահը գրանցվել է հոկտեմբերի 4-ի ժամը 00։00-ին․․․ Ես ինքս դժբախտաբար մասնակցել եմ Արցախյան պատերազմներին, այդ թվում՝ 44–օրյա, ինչո՞ւ դժբախտաբար, որովհետեւ պատերազմ չպետք է լիներ, եւ որպես կամավոր, որպես պահեստազորային սպա մասնակցելով, ունենալով իմ ջոկատը՝ երբ մարտը դադարում էր, Աստված չանի, անմիջապես զեկուցվում էր վիրավորների եւ զոհվածների վերաբերյալ, որպեսզի վիրավորները դուրս բերվեն, իսկ զոհվածները ուղարկվեն համապատասխան վայր։ Իմ մասնակցության ժամանակ չի եղել, սակայն հետագայում կճշտենք՝ արդյո՞ք եղել է իրավիճակ, երբ մի ամբողջ օր մարտ ընթանա, եւ հնարավորություն չլինի զոհերին կամ վիրավորներին դուրս բերելու»,– ասաց պաշտպանը։ Ձախից՝ մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանը, պաշտպան Վրեժ Խաչիկյանը Զոհված զինծառայող Վաղարշակ Բաղդասարյանի հայրը՝ Հրաչիկ Բաղդասարյանը, այս առնչությամբ նշեց, որ իրենք հրամանատարությունից տեղեկացել են, որ իրենց որդին զոհվել է հոկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը, սակայն երբ ստացել են մահվան վկայականը, գրված է եղել հոկտեմբերի 4․ «Ինձ թվում է՝ տվյալները առանց հրամանատարության կազմել են, շատ բաներ մեզնից էին տեղեկանում»,– ասաց նա։ Վրեժ Խաչիկյանը հայտնեց նաեւ, որ քրեական գործում առկա չէ որեւէ տեսակի տեղեկություն անհետ կորած 3 զինծառայողների՝ Ռոբերտ Գեղամի Ղազարյանի, Նարեկ Լիպարիտի Թովմասյանի եւ Գեւորգ Անտոնյանի մարտական ուղու, խնդրի, ստորաբաժանման վերաբերյալ։ Առկա չեն նաեւ զոհված 3 զինծառայողների՝ Նարեկ Կարենի Հովհաննիսյանի, Տիգրան Խաչատուրի Բարսեղյանի եւ Աղասի Արտավազդի Աղաբաբյանի մահվան վկայականները։ Նախագահող դատավոր Վարդգես Սարգսյանն առաջարկեց հետագայում համապատասխան միջնորդություն ներկայացնել, որպեսզի դրա հիման վրա դիմեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն եւ ստանան բացակայող վկայականները։ Հրապարակելով առկա մյուս տեղեկությունները՝ պաշտպանը ուշադրություն հրավիրեց նաեւ այն հանգամանքների վրա, որ որոշ դեպքերում նշված չէ զինծառայողների զոհվելու հստակ վայրը, որոշ դեպքերում հնարավոր չի եղել որոշել մահվան պատճառը եւ այլն։ Այսինքն՝ ըստ նրա՝ գործի քննության ընթացքում պետք է պարզվի իր պաշտպանյալին մեղսագրված արարքի եւ որոշ զինծառայողների զոհվելու միջեւ եղած ենթադրյալ կապը։  Հրապարակված տեղեկությունները՝ ստորեւ․ Վաղարշակ Հրաչիկի Բաղդասարյան– զոհվել է 04․10․2020 ժ․ 00։00, վայրը՝ Մեխակավան, պատճառը որոշել հնարավոր չէ Հակոբ Ասատուրի  Գեւորգյան– զոհվել է 04․10․2020 ժ․ 00։00, վայրը՝ ԼՂՀ, պատճառը՝ մարմնի չդասակարգված վնասվածքներ Արման Մխիթարի Զքոյան– ծնված՝ 1992թ․, զոհվել է 05․10․2020 ժ․ 00։00, վայրը՝ Արցախ, պատճառը՝ որովայնի հրազենային, տրավմատիկ եւ հեմոռագիկ շոկ Մարատ Վլադիկի Խաչատրյան– ծնված՝ 1979 թ․, զոհվել է՝ 05․10․2020 ժ․ 00։00, վայրը՝ Արցախ, պատճառը՝ կրծքավանդակի հրազենային, բեկորային վիրավորում  Արամ Արթուրի Պողոսյան–ծնված՝ 1997, զոհվել է՝ 05․10․2020 ժ․ 00։00, վայրը՝ Արցախի Հանրապետություն, պատճառը՝ ներգանգային վնասվածք Պողոսյան Գոռ Արթուրի– ծնված՝ 04․08․2000 թ․, 05․10․2020 ժ 00։00, վայրը՝ ԼՂՀ մարտական դիրքեր, պատճառը՝ ուրիշ ձեւերի պայթյուններից եւ բեկորներից առաջացած վնասումներ Դավիթ Կարենի Խաչատրյան–ծնված՝ 2001 թ․, 04․10․2020 ժ 00։00, վայրը՝ Արցախ, Մեխակավան, պատճառը՝ տրավմատիկ եւ հեմոռագիկ շոկ Վահան Վարդանի Մելքոնյան– ծնված՝ 2001 թ․, զոհվել է՝ 05․10․2020 ժ 00։00, վայրը՝ Արցախ, Ջրական, պատճառը որոշել հնարավոր չէ Մանուկյան Գոռ Կարենի– ծնված՝ 15․03․2001 թ․, զոհվել է 05․10․2020 ժ 00։00, ԼՂՀ մարտական դիրքեր, պատճառը՝ ուրիշ ձեւերի պայթյուններից եւ բեկորներից առաջացած վնասումներ Հովսեփ Կարպիսի Պետրոսյան– ծնված՝ 10․10․2000, զոհվել է 04․10․2020 ժ 00։00, Արցախ,  պատճառը՝ կաթվածի եւ այլ տեսակներ Յուրա Արտյոմի Զաքարյան–ծնված՝ 22․07․2000, զոհվել է 06․10․2020 ժ․ 00։00, Արցախ, Ջրականի զորամասի մոտակայքում, պատճառը՝ գլխի արյունազեղում Սերժիկ Արտակի Մարգարյան– ծնված՝ 31․10․2000, զոհվել է 05․10․2020, վայրը՝ ԼՂՀ, պատճառը՝ առաջացած վնասումներ ուրիշ ձեւերի պայթյուններից եւ բեկորներից Սուրեն Բագրատի Համբարձումյան– ծնված՝ 01․01․1992, զոհվել է 05․10․2020 ժ․ 00։00, վայրը՝ Արցախ, պատճառը՝ կրծքավանդակի հրազենային, բեկորային վիրավորում Սերգեյ Ալիկի Սահակյան– ծնված՝ 23․08․2000, զոհված՝ 06․10․2020, վայրը՝ Արցախ, ըստ հարազատի ցուցմունքի՝ Ջրականի զորամասի մոտակայք Հենզել Սաշիկի Բադասյան– ծնված՝ 09․06․1981, զոհված՝ 05․10․2020 ժ․ 00։00, վայրը՝ Արցախ, Մեխակավան, պատճառը որոշել հնարավոր չէ Արմեն Գրիգորիի Հայրապետյան– ծնված՝ 30․08․1987, զոհվել է  05․10․2020 ժ 00։00, վայրը՝ Արցախի Հանրապետություն, պատճառը՝ գլխուղեղի վնասվածք Վահե Լեւիկի Ղարիբյան– ծնված՝ 18․06․1988, զոհվել է 05․10․2020 ժ 18։00, վայրը՝ Արցախ, պատճառը՝ արյան սուր կորուստ Արտյոմ Տիգրանի Մկրտչյան– ծնված՝ 19․02․2001, զոհվել է 07․10․2020 ժ 00։00, վայրը՝ Արցախ, Ջրական, պատճառը որոշել հնարավոր չէ Դավիթ Սեւակի Գրիգորյան– ծնված՝ 09․07․1994, զոհվել է 10․10․2020 ժ 00։00, վայրը՝ Արցախ, պատճառը՝ անորոշ։   Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան
11:30 - 14 ապրիլի, 2024
Փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի վերաբերյալ գործը վերադարձվել է Հակակոռուպցիոն դատարանին

Փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի վերաբերյալ գործը վերադարձվել է Հակակոռուպցիոն դատարանին

Փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի վերաբերյալ քրեական գործը վերադարձվել է Հակակոռուպցիոն դատարանին։ Նման որոշում է կայացրել ՀՀ վճռաբեկ դատարանը՝ լուծելով քրեական գործի առարկայական ընդդատության հետ կապված երկու դատարանների միջեւ վեճը։ Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Հակակոռուպցիոն դատարանը վերջերս որոշել էր  Վերանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկել Երեւանի քրեական դատարան՝ պատճառաբանությամբ, որ կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում նրան մեղսագրված հանցանքը այլեւս չի հանդիսանում կոռուպցիոն հանցանք, հետեւաբար այն պետք է քննի ոչ թե Հակակոռուպցիոն, այլ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը։ Վերանյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ։ «Պաշտոնեական դիրքի չարաշահում»-ը ինքնին կոռուպցիոն հանցագործություն է, հետեւաբար այդ հոդվածով գործերը քննվում են Հակակոռուպցիոն դատարանում։ Սակայն 2024 թ․-ի տարեսկզբին այս կարգավորումը խմբագրվեց, եւ սահմանվեց, որ արարքը համարվում է կոռուպցիոն բնույթի՝ բացառությամբ, երբ այն կատարվել է «ոչ շահադիտական դրդումներից ելնելով եւ բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով կամ զենք կամ հատուկ միջոց օգտագործելով»։ Այս բացառության դեպքում այդ հոդվածով գործերը քննում է ոչ թե Հակակոռուպցիոն, այլ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը։ Ըստ այդմ, Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Սուրեն Խաչատրյանի նախագահությամբ, դիրքորոշում էր հայտնել, որ քանի որ Վերանյանին մեղադրանք է առաջադրվել ոչ թե շահադիտական, այլ անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքի չարաշահման համար, ուրեմն՝ քրեական գործն այլեւս ընդդատյա չէ Հակակոռուպցիոն դատարանին։ Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը, սակայն, դատական նիստում չէր համաձայնել այդ դիրքորոշմանը՝ պնդելով, որ օրենքի տեքստում առկա «եւ» շաղկապը պահանջում է երկու պայմանների համաժամանակյա առկայություն, այսինքն՝ որպեսզի գործը Հակակոռուպցիոն դատարանը չքննի, պետք է ոչ միայն արարքը կատարված չլինի շահադիտական դրդումներով, այլեւ միաժամանակ կատարված լինի բռնությամբ կամ դրա սպառնալիքով կամ հատուկ միջոց օգտագործելով, իսկ Վերանյանի դեպքում բռնության պայմանը բացակայում է։ Այնուհանդերձ, քրեական գործն ուղարկվել էր Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան եւ մակագրվել դատավոր Դավիթ Բալայանին։ Երեւանի քրեական դատարանը չի համաձայնել Հակակոռուպցիոն դատարանի հետ Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, չի համաձայնել Հակակոռուպցիոն դատարանի դիրքորոշմանը։ Մասնավորապես, դատավորը եւս մատնանշել է երկու պայմանների միաժամանակյա առկայության մասին՝ ընդգծելով, որ Անդրանիկ Վերանյանի մեղադրանքում բացակայում է «բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով կամ զենք կամ հատուկ միջոց օգտագործելով» որակյալ հատկանիշը, ինչը վկայում է այն մասին, որ նշված հանցանքը համարվում է կոռուպցիոն բնույթի արարք։ Ի թիվս այլնի՝ դատավորը  հիշեցրել է, որ Հակակոռուպցիոն դատարանների ստեղծումից հետո օրենսդիրը անցումային դրույթներով նախատեսել էր, որ ընդհանուր իրավասության դատարանների վարույթում գտնվող կոռուպցիոն այն գործերը, որոնք ոչ թե նախնական դատալսումների, այլ արդեն հիմնական դատալսումների (դատաքննության) փուլում էին, այլեւս չէին ուղարկվելու Հակակոռուպցիոն դատարան։ Նույն տրամաբանությամբ էլ, ըստ Դավիթ Բալայանի, Հակակոռուպցիոն դատարանում դատաքննության փուլում գտնվող գործերը չեն կարող վերաբաշխվել Առաջին ատյանի դատարանին․ «Ի տարբերություն օրենսդրության փոփոխության նախկին դեպքերի, երբ օրենսդիրն անցումային դրույթի ուժով կարգավորել էր գործերի փոխանցումը ՀՀ հակակոռուպցիոն դատարան, այս դեպքում նման նորմ չի նախատեսել, ինչը հիմք է տալիս գալ հիմնավոր այն եզրահանգման, որ օրենսդրի կամքը եղել է հիշյալ քրեական վարույթների քննությունը գործը ստացած դատարանում մնալը: Հակառակ դեպքում հնարավոր է ստեղծվի մի իրավիճակ, երբ տարբեր ժամանակներում իրականացված օրենսդրական փոփոխությունների արդյունքում քրեական գործը կհայտնվի անվերջ «շրջապտույտի» մեջ»,- իր որոշման մեջ նշել է դատավորն ու դիմել Վճռաբեկ դատարանին՝ խնդրին վերջնական լուծում տալու նպատակով։ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ առարկայական ընդդատության հարցը լուծում են Վճռաբեկ դատարանի նախագահը, Վճռաբեկ դատարանի քրեական եւ հակակոռուպցիոն պալատների նախագահները՝ ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ: Ըստ Վճռաբեկ դատարանի՝ գործը շարունակում է ընդդատյա լինել Հակակոռուպցիոն դատարանին Վճռաբեկ դատարանը, ի դեմս դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանի, քրեական պալատի նախագահ Համլետ Ասատրյանի եւ հակակոռուպցիոն պալատի նախագահ Արթուր Դավթյանի, արձանագրել է, որ կատարված օրենսդրական փոփոխություններով «ոչ շահադիտական դրդումներից ելնելով եւ բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով կամ զենք կամ հատուկ միջոց օգտագործելով» պաշտոնեական դիրքի չարաշահումը այլեւս չի հանդիսանում կոռուպցիոն բնույթի հանցանք, հետեւաբար դրանց վերաբերյալ վարույթներն ընդդատյա են Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին․ «Սակայն կատարված փոփոխությամբ չի սահմանվել՝ այդ փոփոխությունը պե՞տք է տարածվի Հակակոռուպցիոն դատարանում դատաքննության փուլում գտնվող նմանատիպ վարույթների վրա, այսինքն՝ այդ վարույթները ենթակա՞ են վերաբաշխման, թե՞ ոչ»,- ընդգծել է դատարանը։ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածն է սահմանում, որ եթե օրենսդրության մեջ բացակայում է կոնկրետ հասարակական հարաբերությունը կարգավորող իրավական նորմը, սակայն օրենսդրությամբ սահմանված է համանման հարաբերությունները կարգավորող այլ իրավական նորմ, ապա այդպիսի հարաբերությունների նկատմամբ (եթե դա չի հակաում դրանց էությանը) կիրառվում են համանման հարաբերություններ կարգավորող իրավական նորմերը (օրենքի անալոգիա)։ Ըստ այդմ, քանի որ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանների գործերը Հակակոռուպցիոն դատարանին փոխանցելու դեպքերը կարգավորված են, եւ հաշվի առնելով, որ թե՛ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը, թե՛ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չեն արգելում անալոգիայի կիրառումը, ինչպես նաեւ՝ այն, որ տվյալ պարագայում անալոգիայի կիրառումն անձանց իրավունքները, ազատությունները չի սահմանափակում կամ նրանց համար նոր պարտականություն կամ պատասխանատվություն չի նախատեսում՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ այն վարույթները, որոնցով Հակակոռուպցիոն դատարանը անցում է կատարել դատաքննության փուլ, ենթակա չեն վերաբաշխման առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին․  Նշենք, որ նախնական դատալսումները գործի քննության սկզբնական փուլն են, որի ընթացքում քննվում են ինքնաբացարկի, բացարկի, մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցի, ապացույցների ծավալի, թույլատրելիության եւ նմանատիպ այլ հարցեր։ Հիմնական դատալսումների փուլը կամ որ նույնն է, դատաքննությունը քրեական գործի բովանդակային քննություն է, երբ հետազոտվում են ապացույցները, հարցաքննվում են վկաները, տուժող եւ մեղադրյալ կողմերը եւ այլն։ Ինչ վերաբերում է երկու պայմանների՝ ոչ շահադիտական դրդումների եւ բռնության միաժամանակյա առկայությանը, Վճռաբեկ դատարանն այս որոշմամբ ուղիղ չի անդրադարձել դրան, սակայն մեկ այլ՝ Հովիկ Գաբրիելյանի վերաբերյալ գործով կայացված որոշմամբ դիրքորոշում է հայտնել, որ բռնության պայմանի բացակայության դեպքում քննարկող հանցանքը շարունակում է համարվել կոռուպցիոն բնույթի, հետեւաբար եւ շարունակում է ընդդատյա լինել Հակակոռուպցիոն դատարանին։ Անդրանիկ Վերանյանի գործով առաջիկա դատական նիստը նշանակվել է ապրիլի 5-ին։   Գլխավոր լուսանկարում՝ Անդրանիկ Վերանյանը Միլենա Խաչիկյան  
18:03 - 01 ապրիլի, 2024
73 զինծառայողների զոհվելու գործով դատաքննությունը՝ առանց մեղադրյալ սպաների մասնակցության

73 զինծառայողների զոհվելու գործով դատաքննությունը՝ առանց մեղադրյալ սպաների մասնակցության

44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութի շրջանի Այգեստան գյուղում 73 զինծառայողների զոհվելու դեպքի վերաբերյալ դատական քննությունն այսուհետ կշարունակվի առանց երկու մեղադրյալների մասնակցության։ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարնի Շենգավիթի նստավայրում շարունակվում է այս գործով դատաքննությունը․ այսօրվա դատական նիստի ժամանակ գործով մեղադրյալ, ՊԲ օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանի պաշտպան Արման Բայադյանը միջնորդեց առանց իր պաշտպանյալի շարունակել հետագա դատաքննությունը, ինչը եւ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց։ Նախորդ դատական նիստին էլ մյուս մեղադրյալի՝ ՊԲ N զորամասի նախկին հրամանատար Գոռ Իշխանյանի պաշտպան Երեմ Սարգսյանն էր իր պաշտպանյալի վերաբերյալ նման միջնորդությամբ հանդես եկել, այն եւս բավարարվել էր։ Եթե Գոռ Իշխանյանի պաշտպանի միջնորդության հիմքն այն էր, որ դատական նիստերի դահլիճում իրադրությունը լարվում է, եւ իր պաշտպայալի բացակայության դեպքում քննությունն ավելի արագ կընթանա, ապա Մարտիրոսյանի պաշտպաններն իրենց միջնորդությունը ներկայացնելիս նշեցին այն հանգամանքը, որ իրենց պաշտպանյալին մեղսագրվող արարքը միջին ծանրության է, եւ նա կարող է ներկայանալ դատարան, երբ դրա անհրաժեշտությունը կլինի։ Հանրային մեղադրող Գ․ Մղդեսյանը պաշտպան Բայադյանի միջնորդության վերաբերյալ հանդես եկավ նույն մտահոգությամբ, ինչ Գոռ Իշխանյանի պարագայում՝ իսկ ինչպե՞ս է մեղադրյալն ապացույցների հետազոտման ցանկացած պահի իրացնելու ցուցմունք տալու իր իրավունքը, եթե չլինի նիստերի դահլիճում։ Ի պատասխան՝ դատավոր Գաբրիելյանն արձագանքեց, որ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցաքների դեպքում դատական քննությունը կարղ է անցկացվել մեղադրյալի բացակայությամբ, եթե նման միջնորդություն է ներկայացվել, իսկ եթե նրա մասնակցությունը պարտադիր համարվի, դատարանը դահլիճ կհրավիրի մեղադրյալներին, կհետաքրքրվի համապատասխան դիրքորոշման մասին։ Միջնորդության բավարարումից անմիջապես հետո մեղադրյալ Նվեր Մարտիրոսյանը լքեց նիստերի դահլիճը։ Դրանից հետո դատարանը հայտարարեց հիմնական դատալսումներ նշանակելու որոշման մասին, եւ հանրային մեղադրողը ներկայացրեց Գոռ Իշխանյանի եւ Նվեր Մարտիրոսյանի մեղադրական եզրակացությունները։ Ըստ մեղադրական եզրակացության՝ հրամանատարները պատշաճ չեն կատարել իրենց պարտականությունները, ինչի հետեւանքով զոհվել է 73 զինծառայող Գոռ Էդուարդի Իշխանյանը, որը ծնվել է 1971թ․-ի ապրիլի 3-ին Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքում, զբաղեցրել է ՊԲ N զորամասի հրամանատարի պաշտոնը։ Նա մեղադրվում է այն արարքի համար, որ 2020թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում ենթակա անձնակազմի նկատմամբ հանդիսանալով պետ եւ պաշտոնատար անձ, ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով չի կատարել դրանք, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ։  Գոռ Իշխանյանը, ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի համաձայն ի պաշտոնե իրավասու է եղել տալ հրամաններ, կարգադրություններ եւ ապահովել դրանց կատարումը։ Մասնավորապես, ինչպես ներկայացրեց հանրային մեղադրողը, Գոռ Իշխանյանը ՊԲ հրամանատարի 2020թ․ հոկտեմբերի 11-ի N գաղտնի հրամանի համաձայն մարտական խնդիր կատարելու համար պետք է մեկ հրաձգային վաշտ ուղարկեր ՊԲ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարության ներքո Հադրութի շրջանի ճանապարհների խաչմերուկի «9-րդ կմ» կոչվող տեղամաս։  «ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի համաձայն՝ մինչեւ ենթականերին հրաման տալը՝ Գոռ Իշխանյանը պարտավոր էր համակողմանիորեն գնահատել իրադրությունը, մանրակրկիտ ուսումնասիրել ՊԲ հրամանատարի կողմից տրված մարտական կարգադրությունը եւ իր կողմից տրվող մարտական կարգադրությունում պահպանել ՀՀ ՊՆ N հրամանով հաստատված մարտական կանոնադրության 1-ին մասի եւ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի N դիրեկտիվով մարտական կարգադրությանը ներկայացվող եւ դրանում պարտադիր ներառվող դրույթները՝ այն է՝ մեկնող անձնակազմին տրամադրել հակառակորդի վերաբերյալ գնահատումից բխող հակիրճ եզրակացություններ, երթի սկսման եւ ավարտման ժամեր»,- ներկայացրեց մեղադրողը՝ նշելով, սակայն, որ մարտական կարգադրության կազմման եւ կատարման սահմանված պարտադիր պահանջները կատարելու փոխարեն՝ Գոռ Իշխանյանը սահմանված պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով չի կատարել դրանք, այլ կերպ ասած՝ ՊԲ հրամանատարի մարտական կարգադրության հիման վրա զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 7-րդ վաշտին տրված մարտական կարգադրությունում չի ներառել եւ պահպանել վերը նշված պարտադիր պահանջները։  Բացի դրանից, ըստ մեղադրական եզրակացության, մարտական կարգադրությունն ի սկզբանե տվել է բանավոր եղանակով, որի դեպքում եւս չեն նշվել մարտական կարգադրությանը վերաբերելի՝ վերը հիշատակված պարտադիր պահանջները։ Գոռ Իշխանյանը, հանդիսանալով ՊԲ N զորամասի հրամանատար, անձնակազմի կողմից երթը սկսելուց հետո որեւէ եղանակով չի վերահսկել անձնակազմի տեղաշարժը, ինչպես նաեւ միջոցներ չի ձեռնարկել ՊԲ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարության հետ համագործակցությունը կազմակերպելու ուղղությամբ, որոնց արդյունքում անզգուշությամբ առաջացել են ծանր հետեւանքներ՝ ՊԲ N զորամասի 3-րդ գումարտակի 7-րդ վաշտի 73 զինծառայողներից բաղկացած անձնակազմն իրենց տեղափոխող մեքենաներով 2020թ․ հոկտեմբերի 11-ին կեսօրին անցել է Հադրութի «9-րդ կմ» կոչվող ճանապարհների խաչմերուկ տեղամասը եւ հայտնվել Հադրութի շրջանի Այգեստան գյուղի վարչական տարածքում, որտեղ հակառակորդի ռմբակոծության եւ դիվերսիոն գործողությունների հետեւանքով անձնակազմի բոլոր զինծառայողները զոհվել են։  Նվեր Վիտալիի Մարտիրոսյանը, որը ծնվել է 1976 թվականի մայիսի 23-ին ԼՂ Մարտունի քաղաքում, զբաղեցրել է ՊԲ օպերատիվ բաժնի պետի պաշտոնը, կոչումով գնդապետ է, ներկայումս զբաղեցնում է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետի պաշտոնը։ Նա մեղադրվում է այն արարքի համար, որ 2020-ի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում հանդիսանալով պաշտոնատար անձ եւ ենթակա անձնակազմի նկատմամբ հանդիսանալով պետ, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով չի կատարել դրանք, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ։  Մասնավորապես, Նվեր Մարտիրոսյանը 2017-ի դեկտեմբերից մինչեւ 2020 թվականի հոկտեմբերի 26-ը, զբաղեցնելով ՊԲ օպերատիվ բաժնի պետի պաշտոնը, հոկտեմբերի 11-ին ՊԲ հրամանատարի կողմից խնդիր է ստացել պատրաստել մարտական կարգադրություն՝ ՊԲ N զորամասից մեկ վաշտ ՊԲ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարի ենթակայության ներքո ուղարկելու վերաբերյալ։ Նվեր Մարտիրոսյանը նույն օրը ՊԲ հրամանատարի ստորագրմանն է ներկայացրել թիվ 08 մարտական կարգադրությունը, համաձայն որի՝ մարտական խնդիր կատարելու համար ՊԲ N զորամասից պետք է մեկ վաշտ համապատասխան երթուղով մեկներ Հադրութի շրջանի «9 կմ» կոչվող տեղամաս եւ անցներ ՊԲ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարի ներքո, մինչդեռ, ինչպես նշված է մեղադրական եզրակացության մեջ, Մարտիրոսյանը, անփույթ վերաբերմունք դրսեւորելով իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ, դրանք կատարել է ոչ պատշաճ, ՊԲ հրամանատարի ստորագրմանը ներկայացված մարտական կարգադրության մեջ չի նշել հակառակորդի վերաբերյալ գնահատումից բխող հակիրճ եզրակացություններ, երթի սկսման եւ ավարտման ժամը, որի հետեւանքով ՊԲ հրամանատարի կողմից արձակած մարտական կարգադրության հիման վրա ՊԲ N զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանի կողմից զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 7-րդ վաշտին նույն օրը տրվել է մարտական կարգադրություն, որում, ինչպես նշեցինք վերեւում, վերջինիս կողմից նույնպես չեն ներառվել եւ պահպանվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի համապատասխան դիրեկտիվով մարտական կարգադրության ներկայացվող եւ դրանում պարտադիր ներառվող դրույթները։  «Այնուհետեւ նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, ՊԲ N զորամասի հրամանատարի կողմից ՊԲ օպերատիվ շտաբ զեկուցվել է անձնակազմի երթը սկսվելու մասին, որի մասին Նվեր Մարտիրոսյանը զեկուցել է ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին, եւ վերջինս տվել է հանձնարարություն՝ վաշտի երթի վերաբերյալ տեղեկատվությունը 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանին փոխանցելու վերաբերյալ, մինչդեռ Նվեր Մարտիրոսյանը մինչ այդ եւ դրանից հետո միջոցներ չի ձեռնարկել 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարության հետ համագործակցությունը կազմակերելու ուղղությամբ, երթի սկսման վերաբերյալ չի հայտնել հրաձգային դիվիզիայի հրամանատարին, չի կազմակերպել ու վերահսկել մեկնող անձնակազմի տեղաշարժը, ինչի արդյունքում անզգուշությամբ առաջացել են ծանր հետեւանքներ (73 զինծառայողները զոհվել են Այգեստան գյուղում,-հեղ․)»,- նշեց հանրային մեղադրող Մղդեսյանը։ Մեղադրյալ Նվեր Մարտիրոսյանի պաշտպան Արման Բայադյանը մեղադրական եզրակացությունը լսելուց հետո հայտարարեց, որ ներկայացված մեղադրանքը չի համապատասխանում իրականությանը։ Նա նշեց, որ Մարտիրոսյանը հետագայում իր ցուցմունքում կներկայացնի բոլոր հանգամանքները։ Գոռ Իշխանյանի պաշտպանը կարծում է՝ վարույթն իրականացնող մարմինը փորձել է ծածկադմփոց անել Մեղադրյալ Գոռ Իշխանյանի պաշտպանը հայտարարեց, որ վարույթն իրականացնող մարմինը, «գտնելով» մեղավորներ, փորձել է ծածկադմփոց անել․ «Բայց իրականում գործի մեղադրանքը լսելիս նկատում ենք, որ բազմաթիվ դիտավորյալ գործողությունների մեջ հանկարծ որոշվեց, որ Գոռ Իշխանյանն անզգույշ արարաք է կատարել, եւ մեր զոհերի պատճառը եղել է ինքը»,- ասաց պաշտպանը։ Նա հայտարարեց, որ քննությամբ առաջին հերթին պետք է պարզել՝ ընդհանրապես իրավաչա՞փ է եղել դիվիզիան «9 կմ» կոչվող տեղանքի ուղղությամբ ուղարկելու՝ Ջալալ Հարությունյանի հրամանը․ «Մեղադրողը հրապարակում է մեղադրանքը, բայց ընդհանրապես ոչինչ չի խոսում Ջալալ Հարությունյանի կարգադրության մասին։ Տվյալ կա, պարզ օրինակ, որ շրջանցվեց․ գործընկերները որպես ապացույց ներկայացրել են Մարտական կանոնադրություն համար մեկը, որով կարգավորվում են բոլորի լիազորությունները, այնտեղից նշումներ են արել, թե ինչ պարտականություն ուներ Գոռ Իշխանյանը, այդ նշումներից մի պարտականություն ասեմ․ էդ Մարտական կանոնադրության մեջ հստակ գրված է՝ երբ զորքն անցնում է պաշտպանության, պաշտպանության դեպքում անպայման ինժեներական արգելափակոցներ են դրվում։ Գրված է, որ ուրիշ ՊՇ ուղարկեց զորքին, մինչեւ վերջ հետեւողական չեղավ զորքի ճակատագրին, բայց Գոռ Իշախնյանը կատարել է Ջալալ Հարությունյանի հրամանը, մյուս կողմից էլ պիտի գնային (զորքը,-հեղ․) Կարեն Առուստամյանի մոտ։ Մինչեւ էս երեխեքի էնտեղ հասնելը էնտեղ գնացել է հակատանկային դասակ, որը մինչեւ «9 կմ» հասնելը հակառակորդի կողմից ռմբակոծվել է»,- հայտարարեց Գոռ Իշխանյանի պաշտպանը։ Ըստ նրա հայտնած տեղեկությունների՝ Կարեն Առուստամյանը եկել, ասել է՝ անցնել պաշտպանության, իսկ Մարտական կանոնադրության համաձայն՝ այդ ժամանակ ամբողջ ճանապարհը պիտի փակվեր, մինչդեռ չի փակվել։ Սակայն, ըստ պաշտպանի, Կարեն Առստամյանը եւ նրա կողմնակիցները, հասկանալով Կանոնադրության այդ պահանջը, հետաքրքիր մոտեցում են ցուցաբերել՝ բոլորը հանկարծ ասելով, թե Առստամյանը փակել է տվել ճանապարհը․ «Իրենք հասկանում են, որ տղերքի գալուց առաջ, եթե էդտեղ ռմբակոծվել է, ճանապարհը վտանգավոր է եղել, եւ Մարտական կանոնադրությունը պահանջում է, որ ճանապարհը փակես՝ անգամ յուրայինները չգնան վտանգի տակ։ Դրա համար էդպիսի ցուցմունք են տալիս»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ պարզվում է՝ ռմբակոծության տակ հայտնված տղաները հայտարարել են, որ ճանապարհը չի էլ փակվել։  «Հիմա, որ հարգարժան քննչական մարմինն էդ տվյալը տեսնում է, որ Կարեն Առստամյանը, Ջալալ Հարությունյանը չորս ժամ առաջ էդ տվյալը տեսել են, տեսել են՝ վտանգավոր է, թուրքը գրավել է, ինչի՞ են էդ ճանապարհով ուղարկել, ու էդ ճանապարհն արգելափակված չի եղել։ Սա մի հարց է, որ անպայման քննության առարկա պիտի դարձվի»։  Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանն ասաց, որ նշված մարդիկ՝ Կարեն Առստամյանն ու Ջալալ Հարությունյանը, դատակոչված են որպես վկա, նրանք կհրավիրվեն հարցաքննության եւ պաշտպանի բարձրաձայնած բոլոր հարցերը, որոնք, ըստ նրա, նախաքննության մարմինը վեր չի հանել, կհնչեցվեն։  Դատարանն անցավ ապացույների հետազոտման փուլին, հանրային մեղադրողը սկսեց ներկայացնել ապացույցները՝ այսօրվա դատական նիստում, մասնավորապես, ընթերցելով մարտական կանոնադրության՝ գործին վերաբերելի հոդվածները։ Հաջորդ նիստը նշանակվեց մարտի 20-ին՝ առավոտյան 9:30։ Հայարփի Բաղդասարյան
23:18 - 11 մարտի, 2024
Դատարանը սանկցիա կիրառեց Քիմիկների զորամասի գործով անհետ կորած զինծառայողի եղբոր նկատմամբ

Դատարանը սանկցիա կիրառեց Քիմիկների զորամասի գործով անհետ կորած զինծառայողի եղբոր նկատմամբ

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Քիմիկների զորամասի գործի քննությունը, որը հերթական անգամ անցավ լարված մթնոլորտում։ Զորամասի անձնակազմը, հիշեցնենք, 44-օրյա պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 21-ին, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի՝ այդ ժամանակվա տեղակալ, գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանից հրաման է ստացել՝ մեկնելու Կովսական (Զանգելան) քաղաքի ուղղությամբ գտնվող «Կիրի հանք» տեղանք՝ մարտական առաջադրանքի, սակայն անձնակազմի ուղեկցման ոչ ճիշտ կազմակերպման հետեւանքով հասել է մինչեւ քաղաքի սկզբնամաս եւ ընկել շրջափակման մեջ։ Դատարանում քննվող քրեական գործի շրջանակում, իշխանության անգործություն ցուցաբերելու համար այս դրվագով այժմ մեղադրվում են ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանն ու Քիմիկների զորամասի նախկին հրամանատար Արսեն Աբգարյանը։ Այսօրվա դատական նիստին ներկայացած վկա Արթուր Գաբրիելյանը դատարանում պատմեց, որ պատերազմը սկսելուն պես իր եղբայրը ծանուցում է ստացել, զորակոչվել է Քիմիկների զորամաս, որտեղից էլ՝ մեկնել Ագարակի զորամաս։  Վերջին անգամ եղբոր հետ Արթուրը խոսել է հոկտեմբերի 21-ին, եւ եղբայրը տեղեկացրել է, որ առավոտյան մեկնելու են Կիրի հանք՝ սանրման աշխատանքների, եւ 4 օր հեռախոսն անջատված է լինելու։ 2 օր անց նույն զորամասի ծանոթ տղաներից Արթուրը տեղեկացել է շրջափակման մասին, եւ ՌԴ–ից շտապել Հայաստան։ Սկսել է հանդիպումներ ունենալ, փորձել հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել իրականում․ «Մարդիկ կային՝ ավտոբուսի միջից տեսել են, որ Կիրի հանքից իրենց ձեռքով են արել, բա ուր եք գնում, մտածել են՝ բարեւ են տալիս, բայց արդյունքում մարդիկ գոռում էին, որ չգնաք էդ կողմ, այսինքն՝ սխալմամբ են էդտեղ հայտնվել, նույն պատասխանը Արսենն է մեզ տվել՝ գնացել ենք, ճամփան կոնկրետ չենք իմացել, մտել ենք շրջափակման մեջ»,– պատմեց վկան։ Հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանը – Այսինքն՝ Ձեզ հետ զրույցում փաստացի ընդունել է, որ Կիրի հանքում պետք է կանգ առներ,– հարցրեց հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանը։ – Հա, Արսենն էլ է ասել, որ մեր գործողությունը էդտեղ էր․․․ Նույն Արսենը ինձ ասել է, որ նա, ով պիտի ուղեկցեր, սխալ է ուղեկցել,– ասաց վկան՝ միաժամանակ նշելով, որ մինչ օրս այդպես էլ չի տեսել, թե ով էր այդ ուղեկցողը, լսել է միայն, որ տեղացի մարդ է ընտրվել, որպեսզի տեղանքը իմանա։ Արթուրի խոսքով՝ թե՛ Արսեն Աբգարյանը, թե՛ Զանգելանից վերադարձած զինծառայողները իրենց հակասական պատասխաններ են տվել, չեն կարողացել պարզաբանել, թե ոնց է ստացվել, որ մեկը անգամ մեկ փամփուշտ չի կրակել, իսկ մյուսները մնացել են շրջափակման մեջ. «Ես շատ անգամներ կասկածել եմ, որ Արսենի խնդիրն է, որ մեկը մյուսին հակասում է, ամեն մեկը իր գլուխը փրկելու համար ամաչում է ճիշտն ասել․․․ Ասում էին՝ իջել է Արսենը, ինքն է տեսել, որ վերեւը թուրքերն են, բայց ես մի բան չեմ հասկացել՝ եթե ինքն է իջել, բա ո՞նց եղավ, որ ինքը կարողացավ հետ գալ, իսկ իրենից հետ տղաները՝ չէ»։ Ըստ վկայի՝ իր զրուցակից զինծառայողների մի մասը հայհոյում էր Աբգարյանին, մյուս մասը՝ իր փրկիչը համարում։ – Որտեղի՞ց տեղեկությունը, որ մի պադրոն չեն կրակել,– ավելի ուշ հարցրեց մեղադրյալ Արսեն Աբգարյանը։ – Աձնակազմի տղաներն են ասել։ –Կոնկրետ անուն կա՞։ – Չէ, չկա,– ասաց վկան՝ հավելելով, որ նույն ընդհանուր զրույցների ժամանակ մարդիկ կրկնում էին, որ ունեցել են շանս՝ որեւէ գործողություն անելու եւ շրջափակման մեջ գտնվողներին հանելու, սակայն Արսեն Աբգարյանն ասել է, թե քիչ են, չեն կարող, հիմա գնան, վաղը կգան, կհանեն։ Վկան հայտնեց նաեւ, որ անձնակազմի մի մասը չի ունեցել զրահաբաճկոն եւ սաղավարտ, ինչի համար ինքը մեղադրում է հրամանատարությանը․ «Իմ պահանջն է, որ պատասխանատվության ենթարկվեն մեղավոր մարդիկ, ու մեղավորները Արսենն է, Մակարյանն է։  Քանի որ բոլորիս հայտնի է, որ տղերքը որեւէ գործողության չեն մասնակցել, ինչի համար որ գնում էին, չեն հասել իրենց նպատակին։ Ինչի՞ չեն հասել, որովհետեւ ուղեկցող մարդիկ չեն հասցրել կոնկրետ գործողության տեղը, բոլորիս հայտնի է, որ գնում էին Կիրի հանք՝ մի 15 րոպե տարածքը սանրելու, բայց արդյունքում տարել են ուրիշ տեղ, ու ընկել են շրջափակման մեջ։ Իմ ընդհանուր բողոքը էն է, որ ոչ մեկը չի գիտակցում ուր է գնացել, չիմանալով տարել են, եւ էսօր հասել ենք էս փաստին, որ կոնկրետ ես իմ եղբորից 3 տարի 5 ամիս ոչ մի տեղեկություն չունեմ»,– ասաց նա։ Ձախից՝ Արսեն Աբգարյանը, պաշտպան Գոռ Սողոյանը Մեղադրյալ Արսեն Աբգարյանը դարձյալ հարց ուղղեց վկային․ – Ո՞նց եք պատկերացնում, որ շրջափակման միջից դուրս պրծած անձնակամզը, որ չունի զենք–զինամթերք, որը իր զինամթերքի 90 տոկոսը օգտագործել է գործողության ընթացքում, ոնց կարա մտնի գործողության։ Այս հարցի դեմ  ցանկացավ առարկել հանրային մեղադրողը, սակայն իրավիճակը դատական նիստերի դահլիճում լարվեց․ – Քեզ ճանաչելով, քո կազմակերպած ամեն ինչը ճանաչելով՝ քեզ որպես դավաճան եմ տեսնում․․․ Դու մարդ չես, դու հրամանատար չես, եթե հրամանատար լինեիր, քո ամեն ասածը չէր հակասի իրար․․․– բղավեց վկան։ Կողմերի միջեւ վիճաբանություն սկսվեց, եւ դատարանը վկայի նկատմամբ նկատողություն սանցկիա կիրառեց․ – Իսկ ես ձեզ սանցկիա եմ ասում, որ 4 տարի է՝ դատ է գնում, այստեղ նստած մեղադրյալները քո զինվորին են տարել, որ քեզ են պահել, էս մեկին, էս մյուսին, եւ այսօրվա դրությամբ ոչ մեկը չի ենթարկվել պատասխանատվության․․․ Այս մարդիկ, որ այսպես հանգիստ նստած են ու իրենց առօրյայով ապրում են․․․ Դուք մեզ ստիպում եք, որ ամեն մեկս դառնա մարդասպան․ եթե պետությունը չի դատում, կարողա ես մի օր հելնեմ, իմ վրեժը հանեմ,– վրդովվեց վկան։ Ի պատասխան՝ նախագահող դատավոր Սարգիս Դադոյանը նշեց, որ քրեական գործը 4 տարի չէ, ինչ քննվում է դատարանում․ «Դատարանում իրականացվում է արդարադատություն, երբ ժամանակը գա, կպարզվի՝ ով էր մեղավոր, ով՝ չէ»,– ասաց նա։ – Արդարությունը մինչեւ գա, ծնողներ կան, առաջին նիստին ներկա էին, հիմա մահացել են արդեն, ու տենց էլ չտեսան իրենց էրեխու դատը, ով էր մեղավոր, ով պատիժը տարավ,– ասաց վկան։ Վկա Մելքոնյանը Այսօր դատակոչված մյուս վկան Գեւորգ Մելքոնյանն էր, որը կատարվածի մասին շատ տեղեկություններ չուներ։ Նա պատմեց, որ ինքը իր երկու որդիների՝ Գարիկ եւ Գագիկ Մելքոնյանների հետ մեկնել էր Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի։ Պատերազմը սկսելուն պես որդին՝ Գարիկը, որոշել է գալ Հայստան եւ կամավորագրվել։ Զորակոչվել է Քիմիկների զորամաս, որտեղից էլ հետագայում մեկնել է Կապան։ Հոր խոսքով՝ սկզբնական շրջանում որդու հետ բջջայինով կապի մեջ են եղել, թեեւ մարտական ուղու մասին որդին ոչինչ չի հայտնել։ Կապը ընդհատվել է հոկտեմբերի 20-ին, ինչից հետո հայրը ժամանել է Հայաստան․ «Ես մեկնեցի Կապան, որ հետաքրքրվեմ տղայիս ճակատագրով, հանդիպել եմ Արսենին, խոսակցություն է եղել,  նա՝ սպասեք մեկ օր, սպասեք երկու օր, սպասեք, շատ սպասելուց հետո տեսանք, որ իրենց կողմից ոչ մի արձագանք չկա»։ Դրանից հետո մի անգամ էլ Էջմիածնում է հանդիպել նրան, սակայն դարձյալ ոչ մի սպառիչ պատասխան չի ստացել․ «Հարցրել ենք՝ ուր են տղաները, խի գնացին, ինչ արեցին, ասում էր՝ համբերեք, լավ կլինի, կմտնենք տղերքի հետեւից, սաղին կբերենք»,– ասաց վկան՝ հավելելով, որ փրկողական գործողություններ, իր տեղեկություններով, այդպես էլ չեն եղել։ Մյուս ծնողների հետ միասին հայրը հանդիպել է նաեւ ԳՇ պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանին, փորձել նրանից պարզաբանումներ ստանալ․ «Մենք հարցրինք՝ ուր են տղաները, ոնց եղավ, ինչ եղավ, չպետք է հասնեին Զանգելան, Կիրի հանք պետք է գնային, ասաց՝ ես էլ գնայի, զոհվեի, ձեզ ո՞վ էր պատասխան տալու․․․ Էլ ոչ մի պատասխան չտվեց»։ Գեւորգ Մելքոնյանը հայտնեց նաեւ, որ ընդհանուր խոսակցություններից իր համար պարզ է դարձել, որ իմանալով, որ հոկտեմբերի 20-ին Ադրբեջանի դրոշը բարձրացված էր Զանգելանի դպրոցի տանիքին, անմեղ տղաներին տարել են այնտեղ։ Տղաները, ըստ նրա, ունեցել են մեկ ավտոմատ, երկու փամփշտատուփ, իսկ զրահաբաճկոն ոչ բոլորն են ունեցել։ Քրեական գործի շրջանակում, հիշեցնենք, մեղադրյալի աթոռին են նաեւ 44-օրյա պատերազմի ժամանակ Քիմիկների զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Սարգիս Կուլակչյանը եւ զորամասի համալրման բաժանմունքի նախկին պետ,  43-ամյա կապիտան Էլլադա Հարությունյանը։ Նրանց մեղադրանքը վերաբերում է ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետ  Վարդան Նշանյանի որդու՝ Գեւորգ Նշանյանի՝ ծառայությունից խուսափելու հանգամանքը առերեւույթ կոծկելուն։   Միլենա Խաչիկյան
21:55 - 22 փետրվարի, 2024
Գարիկ Գալեյանը կմնա տնային կալանքի տակ
 |tert.am|

Գարիկ Գալեյանը կմնա տնային կալանքի տակ |tert.am|

tert.am: Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը ևս երկու ամիս կմնա տնային կալանքի տակ։ Գալեյանի պաշտպանները խափանման միջոց տնային կալանքը վարչական հսկողությամբ փոխարինելու միջնորդություն էին ներկայացրել, որպեսզի նա կարողանա այցելել որդու շիրմին, սակայն դատարանը մերժեց այն։ Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում Գալեյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանն նշեց, որ դատարանի նման որոշումը սպասելի չէր։ Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանը ձերբակալվել է 2023 թվականի սեպտեմբերի 6-ին, կալանավորվել՝ սեպտեմբերի 9-ին։ Ավելի ուշ Գալեյանի իրավապաշտպան Վահան Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ Գալեյանի առողջական վիճակով պայմանավորված, նրա խափանման միջոցը փոխարինելու միջնորդություն են ներկայացրել դատարան, ինչից հետո խափանման միջոցը կալանքը փոխարինվել էր տնային կալանքով։ ՔԿ-ից հայտնել էին, որ Գարիկ Գալեյանին երկու մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հիմքով և իրացման նպատակով թմրամիջոց պահելու։ ՔԿ-ից մանրամասնել էին, որ Գալեյանի անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել և վերցվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա է եղել 3 միանման պոլիէթիլենային փաթեթ՝ համապատասխանաբար 1.59 գրամ, 1.51 գրամ և 1.60 գրամ ընդհանուր քաշերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգվածներով: Ոստիկանության փորձագիտական կենտրոնից ստացված եզրակացության համաձայն` նրա մոտ հայտնաբերված նյութը հանդիսանում է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։ Նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որը միացվել է ավելի վաղ Գ. Գալեյանի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթին։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից սեպտեմբերի 6-ին կայացվել է Գալեյանին ձերբակալելու մասին որոշում:
17:36 - 21 փետրվարի, 2024
Մեր ավտոյով ենք եկել, հիմա մեզ 50 հազարները չեն տալիս, ասում են՝ դուք ավտո ունեք․ Արցախից տեղահանված կին |news.am|

Մեր ավտոյով ենք եկել, հիմա մեզ 50 հազարները չեն տալիս, ասում են՝ դուք ավտո ունեք․ Արցախից տեղահանված կին |news.am|

news.am: Որդիս զոհվել է Հադրութի մոտ, հիմա ամեն օր երեխան անընդհատ ասում է՝ պապային եմ ուզում. ես էլ չեմ կարողանում 200 հազար դրամ վարձ տամ ու երեխեքին պահեմ, թող մեզ տնով ապահովեն: Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, կառավարության դիմաց անհետ կորած զինծառայողների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց արցախցի կանանցից մեկը: «Մինչեւ տեղահանումը ապրում էինք Բերդաշենում, մի շոր հագանք, տնից դուրս եկանք: Մեր ավտոյով ենք եկել, հիմա մեզ 50 հազարները չեն տալիս, ասում են՝ դուք ավտո ունեք: Դա ի՞նչ նշանակություն ունի, էդ ասողն ավտո չունի՞, ես էդ ավտոն կտրտեմ, տամ երեխեն ուտի՞: Հիմա 200 հազար դրամով վարձով եմ ապրում Սարի թաղում: Ոչ մեկս չենք աշխատում, երեխեքի փողն էլ չեն տալիս, ո՞նց ապրենք: Երկու տուն եմ թողել Արցախում. Մեկը Ստեփանակերտում, մեկն էլ՝ մեր գյուղում: Մի ավտոմեքենա եմ թողել, անասուններ եմ թողել: Դատարկ հասել եմ Հայաստան: Թող մեր հարցը լուծեն: Հիմա թոռանս էլ տանե՞մ սահմանամերձ շրջանում զոհվի: Ամեն որ երեխան արթնանում  ու հարցնում է՝ տատի, պապան երբ կգա: Այնքան եմ ստել, էլ չեմ կարողանում, երեխան ամբողջ օրը սթրեսային վիճակում է, պապային է ուզում, որտեղի՞ց տամ: Հիմա թոռանս տանեմ սահմանամերձ գյուղում պահեմ, իրեն էլ սպանեմ, ինքն էլ էստեղ ինչ ուզում է՝ անի: Դա ճի՞շտ է: Թոփղ գոնե երեխաներին տնով ապահովեն, ես մեքենայի մեջ կքնեմ: Էլ չենք կարողանում 200 հազար վարձով ապրենք: Հիմա ոչ տուն ունենք, ոչ փող ունենք, ոչ գերեզման ունենք: Պետք է դրսում մնանք, ես երեք երեխայի դրսում ոնց պահեմ: Լրագրողների հետ զրույցում հադրութցի Անուշիկ Ասրյանն էլ ասաց, որ Կառավարություն եկել է այն խնդրանքով, որ առաջինը Արցախը հետ տան, իրենք էլ վերադառնան իրենց տները:  «Ես երկու անգամ եմ տարհանվել. նախ Հադրութից, որից հետո գնացել եմ Ստեփանակերտ, հրաժարվել եմ սերտիֆիկատից, ասել եմ՝ ես մեր հող ու ջուրն եմ ուզում: Ես 41 տարի այնտեղ ապրել եմ, ամուսնացել եմ, 5 երեխա եմ ունեցել, իմ մանկությունը, հիշողությունը ամեն ինչ այնտեղ է: 2020-ի պատերազմից հետո հետ եմ գնացել  Ստեփանակերտ, էնտեղ տուն եմ ստացել: 44-օրյա պատերազմում համ տղես է զոհվել, համ փեսաս: Ես չեմ պատկերացրել, որ Ստեփանակերտն էլ կտան թուրքերին: Հիմա դռնեդուռ մ ընկել: Եթե մենք չենք գնալու Արցախ, թող գոնե մեր երեխեքի շիրիմները բերեն, մենք կարողանանք երեխեքի գերեզմաններին մի ծաղիկ դնենք, շիրիմները մաքրենք»,-ասաց նա: Կինն ասաց, որ փեսան՝ Արմեն Բադասյանը, Մարտական խաչի է արժանացել. «Հիմա աղջիկս այդ Մարտական խաչի գումարներն էլ չի ստանում, երեխաների նպաստներն էլ են կտրել, երկու անչափահաս երեխա ունի: 50-հազարական դրամ ստանում էր, հիմա էլ չեն տալիս: Ես հիմա վարձով ապրում եմ Չարենցավանում, մինչեւ տեսնենք՝ մեր հարցն ինչպես է լուծվում: Ես երկրորդ կարգի հաշմանդամություն ունեմ: Երբ տղաս զոհվել է, ինձ ինսուլտ է խփել, կոմայի մեջ եմ ընկել, մի քանի օր հետո իմացա, որ բալաս չկա: Դեղերով ապրում եմ, բայց սա ապրել չի: Ամուսինս 1990-ականների պատերազմի մասնակից էր, հաշմանդամություն ունի, բայց նորից գնաց պատերազմ: Ամուսինս ու երկու որդիներս»: Հարցին, թե ի՞նչ ակնկալի ունի կառավարությունից, Անուշիկ Ասրյանը պատասխանեց. «Ոչ մի հույս չունեմ: Այն պատճառով, որ մեզ որպես զոհվածի ծնող առաջնահերթ տուն են տվել Ստեփանակերտում, բայց հիմա դա էլ եմ կորցրել: Չգիտեմ՝ էլ ինչ մտածեմ: Եթե պետք է տունը կորցնեի, թող ժամանակին ասեի, տղայիս տեղափոխեինք «Եռաբլուր»: Չեմ կարողանում համակերպվեմ իմ հայրենիքի կորստի հետ: Եթե հետ չենք գնալու, գոնե մեր երեխեքի շիրիմների համար մի բան մտծեն, մի տեղ սարքեն, ես տանեմ իմ երեխու նկարի մոտ մի ծաղիկ դնեմ: Բայց ոչ մի լուծում չկա»:  
17:17 - 20 փետրվարի, 2024
Անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել  կառավարության շենքի դիմաց |news.am|

Անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց |news.am|

news.am: Անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր՝ փետրվարի 20-ին բողոքի ակցիա են անցկացրել  կառավարության շենքի դիմաց: «Շատ մարդիկ չունեն հստակ պատկերացում, թե հետո ինչ է լինելու, իրենք որտեղ են ապրելու, դա խանգարում է աշխատանք գտնելու հարցում: Կամ եթե վաղը այդ փոխհատուցումը կտրեն, ի՞նչ են անելու այդ ընտանիքները, ստիպված են լինելու ավելի վատ պայմաններով բնակարան գտնել, կամ հեռանալ քաղաքից կամ երկրից: Կառավարության կողմից լռությունը յս ընտանիքներին պահում է անորոշության մեջ: Մենք ընդամենը փողոցային խոսակցություններ ենք լսել, որ կարող է բնակարան ձեռք բերելու համար սերտիֆիկատներ տան: Տարբեր թվերի մասին են խոսում՝ 2, 3, 5, 6 մլն դրամ: Դա արդյունք չի տալու: Տեսեք, ասենք, տան կերակրողին կորցրել է ընտանիքը, ապրում է երկու երեխայի հետ, եթե տան 5 մլն դրամի սերտիֆիկատ, դա 15 մլն դրամ է անում, իսկ տների գներն աստղաբաշխական բարձր են: Ի՞նչ ասենք զոհվածների ծնողներին ասենք՝ գնացեք Վարդենիսում, Շուռնուխում, Ներքին Հանդում կամ Տեղ գյուղում ապրե՞ք: Մենք սահմանից չենք վախենում, հասարակ քաղաքացիները կարող են գնալ, բայց այս ընտանիքներին բարոյական իրավունք չունենք ինչ-ինչ լծակներով ստիպել, որ նորից գնան սահմանամերձ բնակավայրում ապրեն: Ոչ, իրենք պետք է արժանավայել կյանք վարեն: Սա է մեր պահանջը: Եթե մարդ կա, որ ուզում է մեզ հակադրվել, Աստված իրեն մեր օրն է գցելու»,- լրագրողների հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմում զոհված եւ անհետ կորած զինծառայողների հարազատների միություն ՀԿ նախագահ Արմեն Ասրյանը: Նա հավելեց, որ ցանկանում են սպառիչ պատասխաններ ստանալ կառավարությունից իրենց հարցերի վերաբերյալ: Ասրյանը դժգոհեց, որ դեռ նոյեմբերին իրենք դիմել են կառավարություն, խնդրել են հանդիպում վարչապետի հետ, բայց մնացել են անտեսված, անգամ չեն պատասխանել, որ վարչապետը ժամանակ չունի, չի կարող հանդիպել. «Չի կարելի մարդկանց անտեսել, ախր կարող է մի ժամանակ գա, որ իրենք անտեսված դառնան: Շատ տհաճ է քաղաքացուն անտեսելը, արհամարհելը: Հիմա գնում ենք պահանջենք, որ հանդիպեն մեզ հետ»,-ասաց նա: Ասրյանը թվարկեց, թե որ հարցերն են իրենց հետաքրքրում, որոնք շարադրել են վարչապետին ուղղված նամակում. «Տղաների շիրիմների տեղափոխման հարցը կամ այլ տարբերակների քննարկում: Մենք երկու ոտքը մի կոշիկի մեջ չենք դրել ու ասել՝ չէ, պիտի բերեք: Հասկանում ենք բարդությունը, բայց այլ տարբերակներ կան քննարկելու եւ լինչ-որ լուծումներ գտնելու: Նշել ենք կացարանների, բնակարանների հարցը, հարցի լուծման ի՞նչ հեռանկարն ենք մենք տեսնում: Այս երկու հարցերը լրիվ անտեսվել են: Եվ մեզ պատասխան չի տրվել հանդիպման մասին: Թող գրեին՝ վարչապետը ժամանակ չունի ձեր երեսը տեսնելու: Պարզապես մեր նամակը վերահասցեագրել է սոցապ նախարարությանը: Վերջինս էլ նշել է, որ այդ երկու հարցերը մեր տիրույթում չի գտնվում»: Նա ընդգծեց, որ 44-օրյա պատերազմում միայն Արցախից ունեն մոտ 700 զոհվածի ընտանից եւ 23 անհետ կորածի ընտանիք:
16:28 - 20 փետրվարի, 2024
Փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի վերաբերյալ գործը կրկին կուղարկվի Երեւանի քրեական դատարան

Փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի վերաբերյալ գործը կրկին կուղարկվի Երեւանի քրեական դատարան

44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալ, այժմ  ՊՆ N զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի վերաբերյալ քրեական գործով 2․5 տարվա մեջ 4-րդ անգամ դատարանի փոփոխություն է տեղի ունենում։ Սկզբնապես Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ուղարկված, ապա Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարաններում մասամբ քննված, քրեական դատարաններից Հակակոռուպցիոն դատարան ուղարկված գործը կրկին Երեւանի քրեական դատարանին ուղարկելու հարց է ծագել։ Անդրանիկ Վերանյանը, հիշեցնենք, մեղադրվում է նախկին Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով՝ ռազմական դրության ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ։ Գործող քրեական օրենսգրքում, որը ուժի մեջ է մտել 2022 թ․ հուլիսի 1-ից, այս արարքին համապատասխան 549-րդ հոդվածը  համարվում է կոռուպցիոն հանցագործություն, իսկ կոռուպցիոն հանցագործությունները քննվում են Հակակոռուպցիոն դատարանում։ Այսօրվա դատական նիստի սկզբում, սակայն, նախագահող դատավոր Սուրեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ Քրեական օրենսգրքի՝ կոռուպցիոն հանցագործությունների ցանկը սահմանող հավելվածում կատարվել է փոփոխություն, ըստ որի՝ Վերանյանին մեղսագրված արարքը համարվում է կոռուպցիոն բնույթի, բացառությամբ «երբ այն կատարվել է ոչ շահադիտական դրդումներից ելնելով եւ բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով կամ զենք կամ հատուկ միջոց օգտագործելով»։ Շահադիտական դրդում եւ բռնություն Վերանյանի մեղադրանքում նկարագրված չեն։ Քանի որ փոփոխությունը հունվարի 16-ից ուժի մեջ է մտել, դատավորը բարձրացրեց քրեական գործի առարկայական ընդդատության փոփոխության հարցը։ Առարկայական ընդդատությունն է սահմանում, թե որ տեսակի գործը որ դատարանն է պարտավոր քննել։ Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը առարկեց գործի առարկայական ընդդատությունը փոփոխելու դեմ՝ պատճառաբանելով, որ օրենքի փոփոխության մեջ նշված «եւ» շաղկապը ենթադրում է շահադիտական դրդումների եւ բռնության միաժամանակյա առկայություն, հակառակ դեպքում «եւ»–ի փոխարեն ստորակետ դրված կլիներ։ Մարգարյանը տեղեկացրեց, որ համանման փոփոխություն ավելի վաղ Քրեական դատավարության օրենսգրքում էր կատարվել, եւ անցումային դրույթներով սահմանվել էր քննչական ենթակայության որոշակի կարգ․ «Ժամանակին ինքս, որպես կայազորի զինվորական դատախազ, կայազորի տարածքում տեղի ունեցած հանցագործությունների՝ Հակակոռուպցիոն կոմիտե, ըստ այդմ՝ հետագայում Հակակոռուպցիոն դատաարան ուղարկելու ձեւաչափը մշակվել է այդ փոփոխությունների համատեքստում․ եթե ոչ շահադիտական է, բայց չկա բռնություն կամ բռնության սպառնալիք կամ զենք կամ հատուկ միջոց, ապա միանշանակ չի ուղարկվել Հակակոռուպցիոն կոմիտե»,– ասաց Մարգարյանը։ Դատավորի դիտարկմանը, որ դա քննչական ենթակայությանն է վերաբերում (քննչական ենթակայությունը սահմանում է, թե որ հանցանքների դեպքում քննչական որ մարմինն է նախաքննություն իրականացնում), այլ ոչ առարկայական ընդդատությանը, Մարգարյանն արձագանքեց՝ ասելով, որ տարբերություն չկա։ Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը, նախագահող դատավոր Սուրեն Խաչատրյանը Դատավորը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ նախկին Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածում, որով էլ այս պահին մեղադրանք է առաջադրված Վերանյանին, բռնության բաղադրիչ ընդհանրապես նախատեսված չէ, եւ հետաքրքրվեց՝ արդյո՞ք այդ դեպքում չպետք է տարբերակումը դրվի ըստ շահադիտական եւ ոչ շահադիտական դրդումների․ «Շահադիտականի եւ ոչ շահադիտականի միջեւ տարանջատումը միանշանակ է, Անդրանիկ Վերանյանին առաջադրված մեղադրանքում, այո, շահադիտական դրդում չենք դրել, բայց միաժամանակ առկա չէ «եւ» շաղկապով կապված մնացածը։ Որպես տեսաբան, իրավաբան եւ պրակտիկայում նախկինում կիրառած՝ ես կարծում եմ, որ պետք է միաժամանակյա առկայություն»,– պնդեց մեղադրողը։ Նախագահող դատավոր Սուրեն Խաչատրյանը ընդգծեց՝ Դատախազությունը միասնական կառույց է, եւ վերջինիս դիրքորոշումը պետք է միատեսակ լինի․ «Նմանատիպ գործերով Զինվորական դատախազության դատախազները ոչ միայն չեն առարկել, այլեւ իրենք են միջնորդել այս դատարանում, որ առարկայական ընդդատությունը փոխվի»,– տեղեկացրեց դատավորը։ Նա հետաքրքրվեց նաեւ, թե տուժողներն ինչ դիրքորոշում ունեն քննարկվող հարցի վերաբերյալ։ Տուժողի իրավահաջորդ Հարություն Մանուկյանն ասաց, որ իրենք օրենքը լավ չեն հասկանում, բայց համամիտ են դատախազի հետ։ «Հետեւանքները պատկերացնո՞ւմ եք»,– հարցրեց դատավորը,– «Գործը կարող է իմ կողմից քննվել, բեկանվել որպես ոչ պատշաճ, օրենքի հիման վրա չստեղծված դատարանի կողմից քննված լինելու հիմքով, չի բացառվում՝ նաեւ դատավորի կարգապահական պատասխանատվության հարց բարձրացվի իրեն քննության չենթակա գործը քննելու համար»,– ասաց նա։ Մեղադրող Հայկ Մարգարյանը տեղեկացրեց, որ ինքը հետեւանքները տուժողներին պարզաբանել է եւ ասել է, որ անկախ իր դիրքորոշումից՝ դատարանի համար միանշանակ ճիշտ կլինի որոշում կայացնել ընդդատությունը փոխելու մասին եւ սպասել Վճռաբեկ դատարանի մեկնաբանությանը, որպեսզի հետագայում խնդիր չլինի։ Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ վարույթն ըստ ընդդատության ստացած դատարանը մինչեւ նախնական դատալսումներ նշանակելն իրավասու է որոշմամբ վիճարկել դրա ընդդատությունը: Այդ դեպքում վարույթի ընդդատության հարցը հնգօրյա ժամկետում վերջնականապես լուծվում է Վճռաբեկ դատարանի նախագահի որոշմամբ: Տուժողներն ասացին, որ իրենք չեն առարկում եւ կողմ են, որ ամեն ինչ օրենքի շրջանակում լինի։ Մեղադրյալ Անդրանիկ Վերանյանը, պաշտպան Նարեկ Գրիգորյանը Անդրանիկ Վերանյանի պաշտպան Նարեկ Գրիգորյանն էլ դիրքորոշում հայտնեց, որ իրենց համար նշանակություն չկա՝ գործը կքննվի Հակակոռուպցիոն թե քրեական դատարանում․ «Միակ մտավախությունն այն է, որ այդ հիմքով վերջնական որոշման բեկանման հնարավորությունն ավելի իրատեսական է դառնում, հետեւաբար, մենք նույնպես գտնում ենք, որ անհրաժեշտ է սպասել Վճռաբեկ դատարանի մեկնաբանությանը՝ նման հետեւանքներից խուսափելու համար»,– ասաց նա։ Անդրանիկ Վերանյանը միացավ պաշտպանի դիրքորոշմանը։ Դատավոր Սուրեն Խաչատրյանը որոշեց գործն ըստ առարկայական ընդդատության ուղարկել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։ Քանի որ այլ գործեր եւս այս փոփոխությունից հետո Հակակոռուպցիոն դատարանից ուղարկվել են Երեւանի քրեական դատարան, չի բացառվում, որ քրեական դատարանների որեւէ դատավոր արդեն իսկ այս հարցով դիմած լինի Վճռաբեկ դատարանին, եւ վերջինս որոշում կայացրած լինի։ Եթե ոչ, ապա ստացվում է, որ նոր դատավորը, որին առաջիկա օրերին կմակագրվի այս գործը, ընդդատության վերաբերյալ անհամաձայնություն ունենալու դեպքում կդիմի Վճռաբեկ դատարան՝ իրավական այս վեճը լուծելու նպատակով։  Ըստ մեղադրական եզրակացության՝ Անդրանիկ Վերանյանը, 2020թ. հոկտեմբերի 9-ին վերադաս հրամանատարությունից ստացել է հրաման՝ զորամասի ողջ, այդ թվում՝ ինժեներասակրավորային վաշտի (այսուհետ՝ ԻՍՎ) անձնակազմը Արցախի Արծվաշեն գյուղից Ջրական տեղափոխելու մասին։ Իշխանաձոր գյուղի տարածքում նկատելով, որ ԻՍՎ-ի անձնակազմը տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան կանգնած է, իսկ անձնակազմը՝ ցրված ու պատսպարված դրա շրջակայքում՝ իր մոտ է հրավիրել ԻՍՎ-ի հրամանատար, կապիտան Տարոն Նիկողոսյանին եւ հարցրել, թե ինչու անձնակազմը չի տեղաշարժվում։ Տեղեկանալով, որ պատճառը օդում լսվող անօդաչու թռչոք սարքի ձայնն է՝ Վերանյանը, այնուհանդերձ, հրամայել է նստել ավտոմեքենան եւ շարունակել երթը։  Րոպեներ անց ԱԹՍ-ն հարվածել է մեքենային, ինչի հետեւանքով բռնկված հրդեհից դրանում գտնվող 18 զինծառայողները զոհվել են, 1-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ։ Վիրավորվել են նաեւ «Ուրալ»-ի առջեւից երթեւեկող մեքենայում գտնվող ինժեներասակրավորային ծառայության պետ, մայոր Խորեն Մելիքյանը եւ այրվող մեքենայում գտնվող շարքային զինծառայող Ա․ Օհանյանի հայրը՝ Հարություն Օհանյանը։ Վերջինս էլ դեպքից հետո հանցագործության մասին հաղորդում է ներակայացրել ՀՀ քննչական կոմիտե։ Ավտոմեքենայի եւ դրանում եղած զենքերի այրման եւ հետագա շահագործման համար ոչ պիտանի դառնալու հետեւանքով, ըստ քրեական գործի, պետությանը պատճառվել է ավելի քան 21 միլիոն ՀՀ դրամի գույքային վնաս: Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։   Միլենա Խաչիկյան    
20:31 - 16 փետրվարի, 2024
Գարիկ Գալեյանի գործով դատական նիստը հետաձգվեց. այն կկայանա փետրվարի 21-ին
 |aysor.am|

Գարիկ Գալեյանի գործով դատական նիստը հետաձգվեց. այն կկայանա փետրվարի 21-ին |aysor.am|

aysor.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետազոտում էին 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր` «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամ Գարիկ Գալեյանի գործով առկա ապացույցները։ Դատական նիստը հետաձգվեց, և հաջորդ նիստին կհետազոտվեն տեսագրությունները և իրեղեն ապացույցները։ Հիշեցնենք, որ 2023 թ. սեպտեմբերի 8-ին հայտնի էր դարձել, որ Գալեյանը ձերբակալվել էր: Նա մեղադրվում էր խուլիգանության և թմրանյութեր պահելու մեջ: Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա մոտ 3 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել։ Գալեյանի դեմ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այն միացվել է ավելի վաղ Գալեյանի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթին։ Նախաձեռնված վարույթից հետո Գալեյանը կալանավորվեց, որոշ ժամանակ անց նրա նկատմամբ որպես գրավ կիրառվեց 2 միլիոն դրամը և տնային կալանքը։  Հաջորդ նիստը կկայանա փետրվարի 21-ին:
14:16 - 30 հունվարի, 2024
Մատաղիսի զորամասի հրամանատարի կալանքը երկարաձգվել է մեկ ամսով

Մատաղիսի զորամասի հրամանատարի կալանքը երկարաձգվել է մեկ ամսով

Մատաղիսի զորամասի հրամանատար, գնդապետ Սեւակ Աբրահամյանը կմնա կալանավորված։ Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, որոշել է մեկ ամսով երկարաձգել Աբրահամյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի ժամկետը։ Տեղեկությունը «Ինֆոքոմ»-ի հետ զրույցում հայտնեց Աբրահամյանի պաշտպան Արման Թամրազյանը։ Վերջինս նշեց, որ որոշումը դեռ չեն ստացել եւ հիմնավորումներին ծանոթ չեն, ստանալուց հետո պատրաստվում են այն բողոքարկել։ Աբրահամյանի գործով դատական նիստերը վերջին շրջանում անցկացվում են դռնփակ։ Դատարանն ի սկզբանե նման որոշում էր կայացրել՝ պայմանավորված նրանով, որ հետազոտվելու էին պետական գաղտնիք համարվող փաստաթղթեր, ավելի ուշ, սակայն, որոշեց դրան հաջորդող վկաների հարցաքննությունները եւս անցկացնել դռնփակ, քանի որ քննարկվելու էին այդ փաստաթղթերին առնչվող հարցեր։ Ըստ այդմ, արդեն իսկ հարցաքննվել են 44-օրյա պատերազմի ժամանակ 10-րդ լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Շաքարյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը։ Պաշտպան Արման Թամրազյանի գնահատմամբ՝ նրանց ցուցմունքներով մեղադրանքը լիարժեք հերքվել է։  Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 2-ին։ Սեւակ Աբրահամյանը, հիշեցնենք, մեղադրվում է 2003 թ․ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով՝ մարտական հերթապահության կանոնները խախտելու մեջ, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ։ Մասնավորապես, ըստ մեղադրանքի, նա խախտել է «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքով, «Մարտական հերթապահության կազմակերպման եւ իրականացման կանոնադրությամբ» եւ «Մարտական կանոնադրությամբ» սահմանված՝ մարտական հերթապահություն կրելու կանոնները, ինչի հետեւանքով ժամանակին չի հայտնաբերվել եւ չի կասեցվել պետության դեմ հարձակումը։  Սեպտեմբերի 27-ին հարձակում գործելով՝ հակառակորդը հնարավորություն է ունեցել ժամերի ընթացքում ճեղքել պաշտպանության շրջանի ձախաթեւյան մի շարք դիտակետերի պաշտպանությունը եւ մխրճվել թիկունքային հատվածներ, ինչի հետաւքնով հոկտեմբերի 2-ին Թալիշ եւ Մատաղիս գյուղերն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։  Սեւակ Աբրահամյանը կալանավորված է 2022 թ․ հուլիսի 29-ից։ Նա մեղադրանքը չի ընդունում։   Միլենա Խաչիկյան
17:10 - 29 հունվարի, 2024
Սա այն վարչախումբն է, որի օրոք դավաճանվեցին մեր որդիները. «Որդիների կանչ» ՀԿ-ն մերժել է Վահե Ղազարյանի հետ հանդիպումը

Սա այն վարչախումբն է, որի օրոք դավաճանվեցին մեր որդիները. «Որդիների կանչ» ՀԿ-ն մերժել է Վահե Ղազարյանի հետ հանդիպումը

«Որդիների կանչ» ՀԿ-ն մերժել է ՆԳ նախարար Վահե Ղազարյանի հետ հանդիպումը: Այս մասին հայտնում են «Որդիների կանչ» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում: «2022 թ․ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանության կողմից տեղի ունեցան վայրագություններ, բերման ենթարկվեցին նահատակված զինծառայողների ծնողներ, նրանց մի մասը ստացավ մարմնական վնասվածքներ։ Ավելի քան մեկ տարի տևած քննչական գործողություններից հետո «21-ի գործը» կարճվեց, և ոչ մի ոստիկան չենթարկվեց պատասխանատվության։ Բերման ենթարկված ծնողների մեծ մասը «Որդիների կանչ» ՀԿ անդամներ են։ Սույն թվականի հունվարի 20-ին ՆԳ նախարարը ցանկություն հայտնեց հանդիպելու բերման ենթարկված ծնողների հետ։ «Որդիների կանչ» ՀԿ-ն հայտարարում է, որ մերժում է այս իշխանության որևէ ներկայացուցչի կողմից ցանկացած առաջարկ։ Սա այն վարչախումբն է, որի օրոք դավաճանվեցին մեր որդիները, հանձնվեցին Հայաստանի ինքնիշխան տարածքները, անմխիթար կացարանում ողջ-ողջ այրեցին 15 զինծառայողի, Արցախը ենթարկեցին ցեղասպանության և հայաթափման, հիմա էլ խաղաղ պայմաններում սպանվում են զինվորականներ, հարձակվում են Հայ առաքելական սուրբ եկեղեցու վրա, Հայրենիքն ու պետությունը նույնականացվում են։ «Որդիների կանչ» ՀԿ-ն պայքարելու է այս ազգադավ իշխանության դեմ և ամեն ինչ անելու է, որ շուտափույթ ազատվենք այս վարչախմբից, որի ներկայացուցիչներից մեկն էլ Վահե Ղազարյանն է»։
09:28 - 24 հունվարի, 2024
«Ուղեկցողը փոխանակ աջ գնա, գնացել է ձախ»․ Քիմիկների զորամասի գործով հարցաքննություն

«Ուղեկցողը փոխանակ աջ գնա, գնացել է ձախ»․ Քիմիկների զորամասի գործով հարցաքննություն

2020 թ․ հոկտեմբերի 21-ին պայմանագրային զինծառայող Ռուդիկ Ալեքսանյանը վերջին անգամ է կապ հաստատել ընտանիքի հետ․ «Մա՛մ, լավ մնացեք, գերի եմ ընկել, պախկված եմ, տարբերակ չունեմ հետ գալու․ կա՛մ կմնամ սենց, կա՛մ կխփեն»,– գրել է նա։ Ռուդիկը ՀՀ զինված ուժերի՝ ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի (այսուհետ՝ Քիմիկների զորամաս) այն զինծառայողներից է, որոնք նույն այդ օրը ԶՈՒ գլխավոր շտաբի պետի՝ այդ ժամանակվա տեղակալ, գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանի հրամանով մեկնել են Կովսական (Զանգելան) քաղաքի ուղղությամբ գտնվող «Կիրի հանք» տեղանք՝ մարտական առաջադրանքի, սակայն անձնակազմի ուղեկցման ոչ ճիշտ կազմակերպման հետեւանքով հասել են մինչեւ քաղաքի սկզբնամաս եւ ընկել շրջափակման մեջ։ Ռուդիկ Ալեքսանյանի հայրը՝ Հրաչյա Ալեքսանյանը, այսօր ներկայացել էր դատարան՝ պատմելու որդու հետ կատարվածի իրեն հայտնի մանրամասները։  Դատարանում քննվող քրեական գործի շրջանակում, հիշեցնենք, իշխանության անգործություն ցուցաբերելու համար այս դրվագով այժմ մեղադրվում են ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանն ու Քիմիկների զորամասի նախկին հրամանատար Արսեն Աբգարյանը։  Հարցաքննության սկզբում Ալեքսանյանը նշեց, որ ճանաչում է ամբաստանյալներին, նրանց հետ որեւէ տեսակի հարաբերություն չունի։ Ըստ վկայի՝ շրջափակման մեջ մնացածներին օգնելու համար ոչ մի քայլ չի ձեռնարկվել Հրաչյա Ալեքսանյանի խոսքով՝ իր որդին ժամկետային ծառայությունն անցել է Վարդենիսի զորամասում, 44-օրյա պատերազմից երկու ամիս առաջ պայմանագրային ծառայության է ընդգրկվել Քիմիկների զորամասում։ Եղել է վարորդ, կոչումով՝ կրտսեր սերժանտ։ Պատերազմի ընթացքում հայրը որդու հետ կապի մեջ է եղել, բայց նրա մարտական ուղու մանրամասներին տեղյակ չի եղել։ Հետագայում է իմացել, որ անձնակազմը 3 ավտոբուսով շարժվել է՝ «Կիրի հանք» տեղանքում կայանելու նպատակով, սակայն սխալմամբ մտել է Կովսական քաղաքի սկզբնամաս, որտեղ արդեն հակառակորդն է եղել․  «Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 4-ի մոտակայքում, տղաս հաղորդագրություն է գրել, որ մարտի են բռնվել, գրած է՝ գերի, նկատի է ունեցել շրջափակում, շրջափակման մեջ եմ, էս տեղում եմ․․․ Ասում էր միայն, որ թիկունքի պետ հրամանատար Բադեյանն էլ է իրենց հետ եղել (նրա կնոջ հարցաքննությունը՝ այստեղ)․․․ Մորը գրել է, որ չի կարող դուրս գալ, դուրս գա՝ կգլխատեն․․․ Ես էլ ժամը 6-ի կողմերը հետը խոսեցի, էրեխեն մանրամասն ասեց, որ գտնվում է ղամիշների մեջ, ասել եմ՝ զգույշ եղի, հեռախոսով մի զանգի, զարյադկա պահի, ինքը ասեց, որ մենակ է, ասեց՝ մարտի ենք բռնկվել, լրիվ փախան, ինքն էլ փախել է էդ կողմ»,– պատմեց Հրաչյա Ալեքսանյանը։ Նույն օրը նա մեկնել է Կապան, փորձել գտնել պատասխանատուներին եւ կազմակերպել որդու դուրսբերումը։ Վկայի խոսքով՝ թե՛ Աբգարյանը, թե՛ Մակարյանը իրեն սին հույսեր են տվել, խոստացել, որ այսօր–վաղը մի քայլ կձեռնարկեն, սակայն ստել եւ ոչինչ այդպես էլ չեն արել․ «Լույսը որ բացվեց, Արսենին եմ տեսել, ասել էրեխուս գտնվելու վայրը, ինքն էլ ասաց, որ դեպք է եղել՝ 2 ամիս թաքնված մնացել են, նոր դուրս եկել, ասացի՝ հիմա 2 ամիս պիտի սպասե՞նք, բա տեսնենք, ինչ է հնարավոր, մի բան կանենք․․․ Ես ամիսուկեսից ավելի գտնվել եմ Կապանում, զորամասի բակում էի քնում, չեն արել ոչ մի գործողություն, տեսնենք ինչ ա–տեսնենք ինչ ա․․․ Տեսնենք ինչ ա–ն ո՞րն ա պատերազմական գործողության ժամանակ»,– վրդովվեց հայրը։ Ամբաստանյալ Արսեն Աբգարյանը Արձագանքելով վկայի այս խոսքին՝ Արսեն Աբգարյանը հարցրեց․ – Ի՞նչ եք կարծում՝ ես ինքնուրույն գործողություն կարո՞ղ էի էդտեղ պլանավորել եւ իրականացնել։ – Էդ դու մտածի, քո ղեկավարն ո՞վ է․․․ Իմ համար դու էիր ղեկավար, ես ոչ գեներալ էի լսել, ոչ ինչ–որ մեկը, ես ճշտեցի, որ էրեխեքը գտնվել են քո ենթակայության տակ, ես քեզ եմ գտել,– պատասխանեց վկան։ Նա պատմեց նաեւ, որ երբ Աբգարյանին հարցրել է, թե նա ոնց է դուրս եկել, վերջինս նախ պատասխանել  է, որ «փախուստ» հրաման է տվել, ապա ուղղել՝ ասելով՝ «նահանջ» հրաման․ «Ասում եմ՝ լավ, թող զինվորական տերմինով «նահանջ» լինի, ինչքա՞ն կարող ես նահանջ տալ՝ 1 կմ, 2 կմ, դու 20-25 կմ նահա՞նջ ես տվել, մինչեւ Կապա՞ն»։ Ալեքսանյանը կասկած հայտնեց, որ հրամանատարը զորքից շուտ է փախել, սպասել, թե ով դուրս կգա։ Արսեն Աբգարյանը խնդրեց կոնկրետ նշել, թե ով է իրեն նման բան ասել, ինչին ի պատասխան՝ վկան ասաց, որ ընդհանուր խոսակցություններից, իրավիճակից է այդպես եզրակացրել։ ԳՇ պետի նախկին տեղակալի մոտ վկան Աննա Հակոբյանին է հանդիպել Հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանի հարցերին ի պատասխան՝ Հրաչյա Ալեքսանյանը հայտնեց, որ որդու հաղորդագրությունները նաեւ Անդրանիկ Մակարյանին է ցույց տվել։ Վերջինս, ըստ նրա, անձամբ կարդացել է, դարձյալ ասել՝ այս երկու օրը մի բան կձեռնարկենք, բայց այդպես էլ ոչինչ չի արվել․ «Նույնիսկ հարց տվեցի՝ ո՞նց է եղել, որ սկզբից դու պիտի գնայիր․․․ Ասաց՝ գնայի, գերի ընկնեի, պագոններս պոկեին, ասեին՝ հայ գեներա՞լ է գերի ընկել»։ Վկայի խոսքով՝ Մակարյանը չի հերքել այն տեղեկությունը, թե ի սկզբանե իր ղեկավարած խումբը պետք է այդ ուղղությամբ մեկներ (նրա խումբը այլ ուղղությամբ է մեկնել,–հեղ․), ծնողի հարցին ի պատասխան հետաքրքրվել է, թե նա որտեղից այդ մասին գիտի․ «Ես լսել եմ նաեւ, որ ասել են՝ թուրքը գրավել է էդ տարածքը, ո՞ւր եք մտնում, Արսենն ասել է՝ հրաման ենք ստացել»։ Հրաման տվողը, ըստ նրա, նույն Մակարյանն է եղել։ Հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանը Վկայի խոսքով՝ Անդրանիկ Մակարյանի մոտ ինքը նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին է հանդիպել․ – Ես հա դիմում էի Մակարյանին, որ ինձ ընդունի, նույնիսկ թվում էր՝ չի ընդունի, հետո Աննա Հակոբյանն եկավ, խնդրեցի իրեն, ասեցի՝ էս ձեւ վիճակ է եղել իմ էրեխու հետ կապված, ինքը կանչեց Մակարյանին, Մակարյանը դիմավորեց, հանեց վերեւ, մի 20 րոպե հետո ինձ էլ կանչեց,– պատմեց վկան։ – Աննա Հակոբյանը տեղյա՞կ էր Զանգելանի դեպքերից,– հետաքրքրվեց տուժողի իրավահաջորդ Անահիտ Ադոյանը։ – Դե, խոսել ենք, ես ներկայացրի հաղորդագրությունը, իրավիճակն էլ բացատրի Աննա Հակոբյանին էլ, Մակարյանին էլ։ – Եվ ի՞նչ ասաց վարչապետի տիկինը։ – Մակարյանը ասեց՝ էս երկու օրը ինչ–որ գործողություն պիտի կատարենք, ու մինչ օրս կատարում են։ Ալեքսանյանի խոսքով՝ Մակարյանի հետ մեկ անգամ էլ Նախարարությունում է հանդիպել, որտեղ նա ծնողներին հայտնել է, թե վրիպակ է եղել․ – Ի՞նչ վրիպակ,– հարցրեց մեղադրող դատախազը։ – Գործողության վրիպակ, բայց ի՞նչ վրիպակ, եթե դու պատերազմ ես գնում, զորք ես տանում․․․ – Չպարզաբանե՞ց։ – Ասաց՝ ուղեկցողը փոխանակ աջ գնա, ձախ է գնացել,– հայտնեց դահլիճում գտնվող ծնողներից մեկը։ Տուժողի իրավահաջորդներից Հայկ Եղիազարյանն էլ ակնարկեց, որ հանդիպման ժամանակ Մակարյանը հենց ուղեկցողին է մեղադրել կատարվածի համար, սակայն մինչ օրս որեւէ քայլ այդ ուղղությամբ չի արվել։ Ինքը՝ վկան, մեղավոր համարեց թե՛ Աբգարյանին, թե՛ Մակարյանին․ «Երկուսն էլ ստեցին, ամիսներով պահեցին, ես չտեսա որեւէ գործողություն»,–ասաց նա։ Հրապարակվեց մահացած վկայի նախաքննական ցուցմունքը Այսօրվա դատական նիստին հրապարակեց նաեւ ժամկետային զինծառայող Սամվել Փիրոյանի հոր՝ Անդրանիկ Փիրոյանի նախաքննական ցուցմունքը։ Վերջինս ամիսներ առաջ մահացել է։ Նախաքննական ցուցմունքում Փիրոյանը պատմել է՝ իր որդին, որ ծառայում էր Քիմիկների զորամասում, 2020 թ․ հոկտեմբերի 8-ին տեղափոխվել է իր մշտական տեղակայման վայրից, հոր հետ կապի մեջ եղել մինչ հոկտեմբերի 20-ը։ Վերջին անգամ հեռախոսազրույցի ընթացքում որդին հայտնել է, որ Կապանում են, ամեն ինչ նորմալ է, եւ որեւէ խնդիր չկա։ Դրանից հետո, երբ որդին անհասանելի է դարձել, հայրը սկսել է հետաքրքրվել, լուր ստացել, որ որդին եւ նրա խումբը Կապանից մեկնել են Կովսականի ուղղությամբ՝ մարտական առաջադրանքի, սակայն 62-հոգանոց խմբից 40-ը չեն վերադարձել։ Ձախից՝ Արսեն Աբգարյանը, պաշտպան Գոռ Սլոյանը, Անդրանիկ Մակարյանը Սամվել Փիրոյանը ավագ որդու հետ մեկնել է Կապան, որտեղ հանդիպել է Քիմիկների զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանին․ «Արսեն Աբգարյանը մեր հարցերին պատասխանեց, որ ընկել են ծուղակ, իրենք, բոյ տալով, մի կերպ փախել են մի քանի հոգով, իսկ մնացածից տեղեկություն չունեն»,– ցուցմունքն ընթերցեց մեղադրող դատախազը։ Փիրոյանը պատմել է նաեւ, որ հետագայում թշնամին վիդեոնյութեր է հրապարակել, որոնցից պարզորոշ երեւացել են հայկական զինված ուժերի՝ տասնյակից ավելի ծնկած զինծառայողներ։ Նրանց մեջ հայրը ճանաչել է որդուն եւ հասկացել, որ նա այլ զինծառայողների հետ գերի է ընկել։ Դրանից հետո, սակայն, որեւէ այլ տեղեկություն չեն կարողացել ստանալ, ԴՆԹ համընկնում եւս չի եղել։ «Տեղեկացնեմ նաեւ, որ երբ գտվում էինք Կապանում, զորամասի հրամանատարի հետ եկավ մի անծանոթ տղա՝ զինվորական համազգեստով, ասաց, որ ինքը Ռազմական ոստիկանության աշխատակից է, ասաց, որ իրենց հոկտեմբերի 19-ին  գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը  հանձնարարել է գնալ  Զանգելանի ուղղությամբ՝ ինչ–որ մոստ պայթեցնելու, որից հետո ինքը մոտ 10 հոգով նույն օրը մեկնել է՝ խնդիրը կատարելու, եւ երբ հասել է Զանգելան, ձայներ է լսել ու բարձունքի վրա նկատել է, որ թշնամին արդեն Զանգելանի ներսում է՝ լիքը տեխնիկայով ու զինվորներով, որը նկարահանել է ու զանգելով Անդրանիկ Մակարյանին՝ հայտնել, որ նշված պատճառով հրաժարվում է առաջադրանքը կատարել, նույնիսկ ասել, որ այդ վիդեոն ցույց է տվել Անդրանիկ Մակարյանին, որպեսզի վերջինս հասկանա, թե ինչու է հրաժարվում այդ հրամանը կատարելուց, այսինքն՝ սա ասում եմ նրա համար, որ Անդրանիկ Մակարյանը երկու օր առաջ գիտեր, որ Զանգելանում թշնամին մեծ ուժեր է կուտակել եւ իմանալով այդ մասին՝ չկազմակերպեց այնպես, որ հնարարվոր լիներ այդ ամենից խուսափել»,– 2021 թ․ հունիսի 8-ի հարցաքննության ժամանակ պատմել է Սամվել Փիրոյանը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 26-ին։   Գլխավոր լուսանկարում՝ վկա Հրաչյա Ալեքսանյանը, նախագահող դատավոր Սարգիս ԴադոյանըՄիլենա Խաչիկյան
21:44 - 22 հունվարի, 2024