Ալեն Սիմոնյան

8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1980թ․ հունվարի 5-ին։ 2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 

2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: 2015թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագետ է:

2002-2003թթ. աշխատել է Աջափնյակ-Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար: 2003-2004թթ.՝ «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ:

2004-2010թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

2006-2007թթ. աշխատել է «Սիթի FM» ռադիոկայանում: 2008թ. մասնակցել է «European Education & Research Center»-ի կազմակերպած «PR and Political Technologies» դասընթացներին: 2007-2012թթ., որպես պրոդյուսեր, տնօրեն, համագործակցել է «TV5», «Երկիր մեդիա», «Արմենիա» հեռուստաընկերությունների հետ: Եղել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակների պրոդյուսեր, ներկայացման տնօրեն: 2012-2018թթ.՝ «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր: 2013-2018թթ.՝ իր հիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ («araratnews.am» կայք եւ «Արարատ» ամսագիր) գլխավոր խմբագիր:

2011 թվականին «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակով մասնակցել է Երեւանի ավագանու ընտրություններին: 2013թ. տրանսպորտի թանկացման դեմ ուղղված «Car free» քաղաքացիական ակցիայի կազմակերպիչներից է:

2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի հիմնադիր անդամ: 2015թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հիմնադիր անդամ, 2016թ.՝ վերընտրվել: 2015-2016թթ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ:

2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու անդամ («Ելք» դաշինք):

2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 2-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:

Հայաստանում հակառուսական տրամադրությունները չեն գեներացվում իշխանության կողմից. Սարգիս Խանդանյան
 |tert.am|

Հայաստանում հակառուսական տրամադրությունները չեն գեներացվում իշխանության կողմից. Սարգիս Խանդանյան |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մոտվիենկոն նամակ չի ուղարկել Հայաստանի Ազգային ժողով, նամակն ինձ ուղարկել է Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը` բովանդակությամբ, թե արդյոք Հայաստանի խորհրդարանը կիսում է Հայաստանի Ազգային ժողովի նախագահի արտահայտած տեսակետը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։ «Ես անտրամաբանական համարեցի այդ հարցին պատասխանելը, քանի որ, երբ ԱԺ նախագահը ներկայացնում է Հայաստանի խորհրդարանը, ներկայացնում է նաև բովանդակությունը։ Ակնհայտ է, որ այս հարցի պատասխանը այո է։ Արտահայտված միտքն առնվազն արտացոլում է Խորհրդարանի իշխող մեծամասնության դիրքորոշումը»,- ասաց նա։ Խանդանյանի խոսքով՝ իր պատասխան նամակում նշել է սկզբունքներ, որոնցով առաջնորդվում են ՀՀ իշխանությունները Հայաստանի շահերի, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության առումով։ «Եթե անգամ Հայաստանում հակառուսական տրամադրություններ կան, դրանք չեն գեներացվում երկրի իշխող ուժի կամ իշխանության կողմից։ Հայաստանում հակառուսական տրամադրություններն առաջացել են Ռուսաստանի գործողությունների արդյունքում»,- նշեց Խանդանյանը:      
18:09 - 17 մայիսի, 2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Այս մասին հատնում են ՀՀ ԱԺ-ից։  Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա» աշխարհաքաղաքական խմբի կողմից ընտրվել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի անդամ: Նիստի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը եւ գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը: ՄՄ նախագահը եւ գլխավոր քարտուղարը համառոտ ներկայացրել են նախորդ համաժողովների արդյունքները, 6-րդ համաժողովի հիմնական ակնկալիքները եւ նպատակները: Քննարկման առանցքում են եղել առաջիկա համաժողովի օրակարգը, մասնավորապես` համաշխարհային խաղաղության հաստատմանը, կայուն զարգացմանը եւ ժողովրդավարության առջեւ ծառացած ներկայիս մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր: Միջխորհրդարանական միության եւ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) ներկայացուցիչների հետ խորհրդարանականները քննարկել են միջազգային բազմակողմ կազմակերպությունների հետ համագործակցությունն առկա մարտահրավերների հաղթահարման շուրջ: Անդրադարձ է կատարվել աշխարհի արտակարգ կլիմայական իրավիճակին, նոր եւ պոտենցիալ վտանգավոր տեխնոլոգիաների ազդեցությանը, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության խախտումներին, գենդերային խտրականությանը, քաղաքական բեւեռացմանը եւ հանրության անվստահությանը քաղաքական ինստիտուտների նկատմամբ:
16:58 - 16 մայիսի, 2024
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը

ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 13-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի եւ առեւտրի նախարար Իեն Բորջի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, շնորհավորելով ԵԱՀԿ նախագահության ստանձնման կապակցությամբ` Ալեն Սիմոնյանն Իեն Բորջին մաղթել է արդյունավետ աշխատանք, ընդգծել, որ Հայաստանը պատրաստակամ է աջակցել ԵԱՀԿ պատասխանատվության գոտում խաղաղության եւ կայունության ապահովմանն ուղղված ջանքերին: «Հայաստանը որդեգրել է եւ հավատարիմ է խաղաղության օրակարգին: Հուսով եմ, որ ԵԱՀԿ նախագահության շրջանակում Ձեր ուշադրության կենտրոնում կպահեք Հարավային Կովկասի տարածաշրջանը եւ անհրաժեշտ գործիքակազմի կիրառմամբ կխթանեք Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ երկարատեւ խաղաղության հաստատման գործընթացը»,- ասել է խորհրդարանի ղեկավարը: ԱԺ նախագահը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը, Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը: Իեն Բորջը նշել է, որ ԵԱՀԿ գործիքակազմի եւ իրավազորության շրջանակում կազմակերպությունը պատրաստ է աջակցել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին: Քննարկվել է ԵԱՀԿ-ի եւ Հայաստանի միջեւ համագործակցությանը, Հայաստան-Մալթա միջխորհրդարանական հարաբերությունների սերտացմանը, Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացին եւ տարածաշրջանում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
18:11 - 13 մայիսի, 2024
Արգենտինան տեսնում է ՀՀ-ի ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. դեսպանը՝ Ալեն Սիմոնյանին

Արգենտինան տեսնում է ՀՀ-ի ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. դեսպանը՝ Ալեն Սիմոնյանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 13-ին ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանին: ԱԺ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ Ալեն Սիմոնյանը Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանին մաղթել է հաջողություն ստանձնած բարձր առաքելության իրականացման գործում ու համոզմունք հայտնել, որ այն կնպաստի Հայաստանի և Արգենտինայի միջև հարաբերությունների սերտացմանն ու ամրապնդմանը: «Ուրախ եմ արձանագրել, որ Հայաստանի և Արգենտինայի միջև առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ: Մեր երկրների միջև ձևավորված է փոխադարձ հարգանքի ու վստահության մթնոլորտ, և Հայաստանը հետաքրքրված է Արգենտինայի հետ հարաբերությունների խորացմամբ բոլոր ուղղություններով»,- նշել է խորհրդարանի ղեկավարը: Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանը փաստել է երկու երկրների միջև վաղեմի բարեկամական հարաբերությունների մասին` կարևորելով Արգենտինայի հայ համայնքի դերն Արգենտինայի Հանրապետության մշակութային և հասարակական կյանքում: Անդրադառնալով Հայաստան-Արգենտինա միջխորհրդարանական հարաբերություններին` զրուցակիցները կարևորել են բարեկամական խմբերի և երկկողմ փոխայցերի դերը երկու երկրների փոխգործակցության զարգացման հարցում: Հանդիպմանը քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը: Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանն անում է ամեն բան տարածաշրջանում խաղաղության հաստատման համար և ապավինում է միջազգային բոլոր գործընկերների աջակցությանն այս հարցում: «Արգենտինան տեսնում է Հայաստանի Հանրապետության ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում: Մենք վստահաբար աջակցում ենք այս գործընթացին և հուսով ենք, որ այն շուտով կիրագործվի»,- նշել է դեսպանը:
15:37 - 13 մայիսի, 2024
Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը ստորագրել են փաստաթուղթ

Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը ստորագրել են փաստաթուղթ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը մայիսի 7-ին ստորագրել են Հայաստանի խորհրդարանի արձագանքման, արդյունավետության, թափանցիկության եւ ներառականության խթանում (Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան) երկրորդ ծրագրի իրականացման մասին փաստաթուղթ: Ինչպես տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, ծրագրի նպատակն է աջակցել խորհրդարանի կարողությունների զարգացմանը վերապատրաստման, փորձագիտության եւ խորհրդատվության միջոցով: Ստորագրման արարողությանը բացման խոսքով հանդես են եկել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՄԱԶԾ Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը ու Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը: «Խորհրդարանական ժողովրդավարությանն անցում կատարելու առաջին իսկ փուլից ՀՀ Ազգային ժողովն ընդունել եւ ողջունել է ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագիրը: Ազգային ժողովի աշխատանքն ավելի թափանցիկ, արդյունավետ եւ հաշվետու դարձնելու մեր համատեղ ջանքերն ուղղված են մեր պետությունում լավ կառավարման համապարփակ եւ արդյունավետ համակարգի կայացմանը»,- իր ելույթում նշել է ԱԺ նախագահը: Իվանա Ժիվկովիչը բարձր է գնահատել համագործակցությունը ՀՀ խորհրդարանի հետ, անդրադարձել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական բարեփոխումներին: «Չնայած համաճարակի, հակամարտությունների եւ կլիմայի փոփոխության հետեւանքով առաջացած ահռելի խոչընդոտներին՝ Հայաստանը ցուցաբերել է տոկունություն եւ ժողովրդավարական բարեփոխումների անսասան նվիրվածություն: Խորհրդարանի կարողությունների զարգացման նիստերից մինչեւ թվայնացված լուծումների ներդրում մենք պարտավորվում ենք Ազգային ժողովին զինել ժամանակակից կառավարման բարդ մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ գործիքներով եւ փորձով»,- ընդգծել է Իվանա Ժիվկովիչը: Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնն իր ելույթում շնորհակալություն է հայտնել բարձր մակարդակի համագործակցության համար, կարեւորել «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» երկրորդ ծրագրի մեկնարկը: Ծրագրի համակարգող Ռուզաննա Հայրապետյանը ներկայացրել է ՆՀԺԽ առաջին ծրագրի հիմնական ձեռքբերումները եւ երկրորդ ծրագրի նպատակներն ու բաղադրիչները, որից հետո տեղի է ունեցել ստորագրման արարողությունը: Ալեն Սիմոնյանը եւ Իվանա Ժիվկովիչը ստորագրել են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» երկրորդ ծրագրի իրականացման մասին փաստաթուղթ, որին հաջորդել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանի եւ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հետ համաֆինանսավորման համաձայնագրի ստորագրումը:
18:13 - 07 մայիսի, 2024
Ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը
 |1lurer.am|

Ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը |1lurer.am|

1lurer.am: Ակնհայտ է, որ ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ: Խաղաղապահներին բերեք, հետո գաք, ասեք, որ նախկին իշխանություններն այնպիսի վիճակ ստեղծեցին, որ մենակով մեր անվտանգությունը չենք կարողանալու ապահովենք: Ստեղծեք մի իրավիճակ, որտեղ կկարողանաք ՀՀ-ում իշխանափոխություն իրականացնել: Ազգային ժողովում նման կարծիք հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսքն ուղղելով ընդդիմությանը: «Իշխանափոխություն իրականացնելու համար որոշ մարդիկ պատրաստ են հոգիները վաճառել, և որոշ մարդիկ էլ արդեն վաճառել են, և ոչ միայն հոգիները, այլև ինչ հնարավոր է վաճառել: Զարմանում եմ, որ մտածում եք, որ ՀՀ ժողովուրդը սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած դեպքերից հետո չի հասկացել և չի հասկանում, թե ինչ է տեղի ունենում, թե որ ուժերն են ուղղորդում, ինչի համար են ուղղորդում: Նպատակը ՀՀ չունենալն է կամ ունենալ մի միավոր որևիցե կազմի մեջ, ասենք՝ Ռուսաստան-Բելառուս կազմի մեջ, որը կունենա հպատակ իշխանություն, որը 30 տարի եղել է»,- ասաց Ալեն Սիմոնյանը: ԱԺ նախագահը նաև հայտարարեց, որ չեն թողնելու՝ Հայաստանն իր անկախությունը կորցնի. «Հայաստանն ունի, ունենալու է իր հստակ սահմանները: Հայաստանը լինելու է հավերժ, Հայաստանի ժողովուրդն ընտրություն է կատարելու»: Անդրադառնալով Տավուշի մարզում տեղի ունեցող գործընթացին՝ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, թե «կտոր-կտոր» փորձում են ՀՀ-ն աշխարհի քարտեզի վրա ամրապնդել՝ որպես անկախ պետություն: «Ասում է՝ ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այո՛, որովհետև այդ տարածքային ամբողջականությունը մեր տարածքային ամբողջականության հետ է փոխկապակցված, որովհետև երբ ասում ես՝ սա է, եղբա՛յր, քոնը, ավելիի հույսեր չունենաս, դրանով դու ֆիքսում ես քո տարածքային ամբողջականությունը: Ասում ես՝ սա քոնն է, սա իմն է»,- ասաց նա ու, խոսքն ուղղելով ընդդիմությանը, հավելեց՝ չեք խաբելու ժողովրդին և մեզ: Անդրադառնալով արտահերթ ընտրությունների պահանջին՝ Ալեն Սիմոնյանը ասաց. «Հարց չկա, դրե՛ք մանդատները: Տեսնեմ՝ կարողանո՞ւմ եք դնել մանդատները: Դուք ձեր պարտավորություններն ընտրողների առաջ կատարե՞լ եք: Ատելության խոսքի՞ց եք խոսում, ձեր խոսքին հետևեք»:
14:10 - 06 մայիսի, 2024
Ես իմ հայտարարությունների տերն եմ․ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ ՌԴ Պետդումայի գրությանը պատասխանել Սարգիս Խնդանյանը |tert.am|

Ես իմ հայտարարությունների տերն եմ․ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ ՌԴ Պետդումայի գրությանը պատասխանել Սարգիս Խնդանյանը |tert.am|

tert.am:  Ես գրություն չեմ ստացել, իմ գործընկերոջը հարցրեք, ես միայն կարող եմ ասել, որ շատ վաղուց իմ գործընկերն այդ պատասխանը ուղարկել էր, ուղղակի այդ րոպեին երևի տիկին Զախարովային հարմար էր այդպես արձագանքել և չարձագանքել մյուս մասին։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք պատասխանելու է ՌԴ պետդումայի ուղարկած գրությանը։ «Դե պարզ է չէ՞, որ այդպես բեմականացված հարց ու պատասխան է մշտապես տեղի ունենում։ Սարգիս Խանդանյանին են ուղարկել, նա էլ մեկ կամ երկու օր հետո պատասխանել է»,- ասաց նա։ Ալեն Սիմոնյանը նաև ասաց, որ տեղյակ է, թե ինչ է Խանդանյանը պատասխանել, բայց չհայտնեց այդ տեղեկությունը, որովհետև, ըստ նրա, դա իմաստ չունի։ «Ես իմ հայտարարությունների տերն եմ, ինչ ասել եմ ճիշտ եմ ասել, ինչ-որ ասել եմ տեղին եմ ասել։ Ի՞նչ է նշանակում ում անունից եմ արել հայտարարություներս, եթե որոշ երկրներում իշխանությունները չեն ներկայացնում իրենց ժողովորդին, դա իրենց խնդիրն է, ՀՀ-ում իշխանությունը և նաև ընդդիմությունը ներկայացնում է իր ժողովրդին»,- հավելեց նա։ Հիշեցնենք, որ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել էր սենատորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ խոսնակ Ալեն Սիմոնյանի «հակառուսական հայտարարությունների կապակցությամբ»։ Նշենք նաև, որ Իսպանյայում Սիմոնյանը Իսպանիայում ԵՄ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովում Սիմոնյանը հայտարարել էր, որ հաշվի առնելով, որ «համաժողովի առանցքում Ռուսաստանի ներխուժումն է Ուկրաինա և մերձավորարևելյան հակամարտությունը», ցանկանում է հաստատել, որ Հայաստանը «վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»։
13:46 - 06 մայիսի, 2024
Ես նույնիսկ չեմ հասկանում, թե սա ինչ գործընթաց է. ԱԺ նախագահը՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին
 |armenpress.am|

Ես նույնիսկ չեմ հասկանում, թե սա ինչ գործընթաց է. ԱԺ նախագահը՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մեկնարկած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից քաղաքական առաջարկ, քաղաքական պահանջ չի լսել: Սիմոնյանը նման դիրքորոշում հայտնեց ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում: «Ես չգիտեմ, թե ինչ պահանջի մասին է խոսքը: Առաջարկը ո՞րն է: Ես քաղաքական առաջարկ չեմ լսել: Ես հարգանքով եմ վերաբերվում մեր բոլոր քաղաքացիներին, որոնք այլ կարծիք ունեն, որոնց հետ ես համաձայն չեմ: Բայց ես քաղաքական պահանջ չեմ լսել»,-ասաց Սիմոնյանը: Անդրադառնալով դիտարկմանը, որ շարժումը պահանջում է դադարեցնել միակողմանի զիջումները՝ ԱԺ նախագահը վստահեցրեց, որ Հայաստանը միակողմանի զիջումների չի գնում, ՀՀ-ն ֆիքսում է իր սահմանը, և այդ գործընթացը շարունակվելու է այն քարտեզներով, որոնք ունեն իրավական հիմքեր: «Իսկ այդ քարտեզներին և իրավական հիմքերին մենք ամբողջությամբ տիրապետում ենք»,-հավաստիացրեց ԱԺ նախագահը: Սիմոնյանը Հայաստանում իշխանափոխության վտանգ չի տեսնում: «Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխություն հնարավոր է միայն խորհրդարանական ընտրություններով, որոնք տեղի են ունենալու 2026 թվականին»,-նշեց նա: ԱԺ նախագահը պնդեց՝ շարժման կողմից քաղաքական առաջարկ չի լսել: «Ես  նույնիսկ չեմ հասկանում, թե սա ինչ պրոցես է: Մենք կրոնապետությո՞ւն ենք, ինչո՞վ ենք զբաղված: Քաղաքացին պետք է առաջարկ ունենա: Երբ ինչ-որ մեկն ասում է, որ դեմ է սրան, պետք է առաջարկ ներկայացնի»,-ասաց նա: Սիմոնյանը վստահություն հայտնեց, որ ՀՀ ժողովուրդը վստահում է սահմանազատման և սահմանագծման գործընթացին: «Հայաստանի ժողովուրդը գիտի, որ Հայաստանը պետք է խաղաղության մեջ ապրի, պատերազմ չի ուզում, չի պատրաստվում հներին վերադարձնել իշխանությունը, չի պատրաստվում կրոնապետության գնալ, չի պատրաստվում եկեղեցու որոշ անդամների դիտարկել որպես քաղաքական գործիչ, ինչն՝ ըստ իս, անընդունելի է: Եվ ժողովուրդը հասկանում է, որ եկեղեցին, Աստված հույզերը, այն էմոցիաները, որ ունենք որպես քրիստոնյա մարդիկ և անհատները, որոնք այսօր քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են: Ես չեմ հավատում, որ Հայաստանի ժողովուրդն իր իմաստությունը կորցրել է»,- նշեց ԱԺ նախագահը։ Սիմոնյանը Տավուշից մեկնարկած գործընթացում նաև արտաքին հետք է տեսնում: Հիշեցնենք, օրեր շարունակ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, Բագրատ Սրբազանը, ընդդիմադիր պատգամավորներ եւ այլ գործիչներ Տավուշի մարզում բնակիչների հետ իրականացնում էին ակցիա՝ դեմ արտահայտվելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին։ Արդեն մայիսի 4-ին նրանք հայտարարեցին քայլերթ սկսելու եւ մայիսին 9-ին քայլերթով Երեւան հասնելու մասին։  
13:39 - 06 մայիսի, 2024