ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում
 |hetq.am|

«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում |hetq.am|

hetq.am: Կառավարությունը համաձայնագրերով օրինականացնում է ընկերության թերացումները 2023 թվականին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում ջրի կորուստը կազմել է 63,1%, իսկ չհասութագրված, արտոնագրված (ապօրինի օգտագործված) ջուրը՝ 6,3% (ընդհանուր՝ 69․4% ջրակորուստ): Այս տեղեկությունը «Հետք»-ին փոխանցել է Ջրային կոմիտեն, որը խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություն իրականացնող ֆրանսիական «Վեոլիա Օ Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» ընկերության հետ Հայաստանի կառավարության անունից վարձակալության պայմանագիր կնքած կողմն է։ Պայմանագրով վարձակալության 15 տարիներին Ջրային կոմիտեն (ՋԿ) պետք է վերահսկի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի պարտավորությունների կատարումը։ Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր 76-80%։ Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունը ստանձնած ֆրանսիական ընկերության բիզնես պլանում ներկայացված է նաև ջրի կորուստը նվազեցնելու ժամանակացույցը։ 2023թ․-ին այն պետք է կազմեր 64%, իսկ պայմանագրային կառավարման ավարտին՝ 2031թ․-ին, նախատեսվում է ջրի կորուստը նվազեցնել մինչև 46%: 2023թ․–ը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի պայմանագրային կառավարման 7-րդ տարին է, և ներկայացրած ցուցանիշը՝ 69․4% ջրի կորուստը, նախատեսվածից բարձր է 5,4%-ով։ Ջրի կորուստը նվազեցնելու սահմանված ցուցանիշը չապահովելը բացատրություն պետք է ունենա, սակայն «Վեոլիա Ջուր»-ն իր կառավարման 8 տարիներին երբևէ չի պահպանել պայմանագրով և լիցենզիայով ստանձնած՝ հանրությանը հաշվետու լինելու պարտավորությունը։ Այդ պարտավորությունը նաև Ջրային կոմիտեն ունի, սակայն այս կառույցը նույնպես հանրային գործունեություն չի իրականացնում։ Հայաստանի խմելու ջրի մատուցման ծառայությունը ստանձնելիս «Վեոլիա Ջուր»–ը հայտարարեց, որ ջրամատակարարման ենթակառուցվածքները հին են, ինչի հետևանքով ջրի կորուստը մեծ է։ «Ոչ ոք չի ուսումնասիրել խմելու ջրի համակարգում 70-80% ջրի կորուստների մասին պնդումը։ Մենք չկարողացանք գտնել այն ուսումնասիրությունը, որը կհաստատեր մոտ 80% կորուստը, որն օգտագործվել է որպես կորստի բազային ցուցանիշ»,- ասվում է Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Յակոբեան» բնապահպանական կենտրոնի՝ վերջերս իրականացրած հետազոտության մեջ։  Նույն կերպ, այսօր չկա հետազոտություն, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն կորուստները նվազեցրել է՝ հասցնելով 69,4%–ի։ «Յակոբեան» բնապահպանական կենտրոնի հետազոտության մեջ նշվում է, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն 100 միավոր ջուր է վերցնում և կարողանում է վաճառել դրա միայն 20-30%-ը։ Ընդհանուր համոզմունքն այն է, որ կորցրած 70 կամ 80 միավոր ջրի կեսը տեխնիկական կորուստ է (արտահոսք), իսկ կեսը՝ «տնտեսական» կորուստ (գողություն)։ «Ելնելով այն փաստից, որ Հայաստանում չհաշվառված ջրի մեծ մասը վերագրվում է առեւտրային կորուստներին, հնարավոր է ակնկալել, որ այս կորուստների նվազեցմամբ հասութագրված ջրի ծավալն աստիճանաբար կավելանա: Երեւանում ավելի լավ նվազեցնում ենք առեւտրային կորուստները, քան ֆիզիկական հոսակորուստները»,- հուսադրում էր «Վեոլիան» իր ներկայացրած բիզնես ծրագրում։ Ջրի կորուստը կառավարման 7-րդ տարում 80%-ից 69․4%-ի հասցնելը, հիմնականում, պայմանավորված է առևտրային կորուստների նվազեցմամբ։ 2019թ․-ից բարձրահարկ շենքերի մուտքերին ջրաչափեր են տեղադրել, որի տվյալները համեմատում են շենքի բոլոր բաժանորդների համար գրանցված ջրաչափված ընդհանուր ծավալի հետ և գանձում են տարբերությունը։ Հասութագրված ջրի ծավալը, հիմնականում, դրա շնորհիվ են ավելացրել։ Արտահոսքը կամ ֆիզիկական կորուստը նվազեցնելու համար «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն ներդրումներ պետք է կատարեր ջրամատակարարման ենթակառուցվածքները նորացնելու համար։ Այս տարվա փետրվարի 9-ին Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանին ուղղված գրությամբ խնդրել էինք տեղեկատվություն տրամադրել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի՝ վերջին չորս տարիներին կատարած ներդրումների մասին։ Մեզ ներկայացրել են թվեր՝ առանց մանրամասնելու, թե որտեղ և ինչ ծավալի ներդրումներ են կատարել։ Ջրային կոմիտեի (ՋԿ) տվյալների համաձայն՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով (ՊԿԱԾ) 2020թ․-ին 2,045 մլրդ դրամի ներդրում է կատարել, 2021թ․-ին՝ 3,501 մլրդ դրամի, 2022թ․-ին՝ 4,143 մլրդ դրամի, 2023թ․-ին՝ 3,7 մլրդ դրամի։  2020թ․-ին՝ պայմանագրային կառավարման 4-րդ տարում, ընկերության ներդրումը պետք է կազմեր ոչ թե 2 մլրդ 45 մլն դրամ, այլ՝ 2 մլրդ 750 մլն դրամ։ 2021-23թթ․ կտրուկ աճել է ներդրումների ծավալը, սակայն ՋԿ-ն հրաժարվում է ասել, թե որտեղ և ինչ ծավալի ներդրումներ են կատարվել։  Կամ՝ գոնե բացատրել, թե 2021-23թթ․ ինչու են պլանավորվածից շատ ներդրումներ կատարել։ Երեք ամիս համբերատար սպասել ենք, որպեսզի ՋԿ-ն ամբողջությամբ տրամադրի պահանջված տեղեկատվությունը, բայց այդպես էլ չտրամադրեց։ «Ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից»,- մեզ խորհուրդ է տալիս ՋԿ-ն։ Հետևությունն այն է, որ ՋԿ–ն չունի պահանջված տեղեկությունները։ Այսինքն, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն կատարած աշխատանքների, տվյալ դեպքում՝ պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով (ՊԿԱԾ) իրականացված ներդրումների մասին հաշվետվություն չի տրամադրում ՋԿ-ին։  «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն վարձակալության պայմանագրով պարտավոր է պայմանագրային տարվա սկզբից 60 օր առաջ Վարձատուին (այս դեպքում՝ ՋԿ-ին) ներկայացնել տվյալ տարվա ՊԿԱԾ-ի նախագիծը։ Վարձատուն ՊԿԱԾ-ի նախագիծը ստանալուց 15 օրվա ընթացքում պետք է իր առարկությունները ներկայացնի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին։ Յուրաքանչյուր պայմանագրային տարվա մինչև հուլիսի 1-ը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն պարտավոր է ներկայացնել նախորդ պայմանագրային տարվա ՊԿԱԾ-ի հաշվետվությունը։ ՊԿԱԾ-ի հաշվետվությունը պետք է ուսումնասիրվի և աուդիտի ենթարկվի անկախ տեխնիկական աուդիտորի կողմից։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձաժողովի (ՀԾԿՀ) հետ կնքված լիցենզիայի պայմանների համաձայն՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն յուրաքանչյուր տարի մինչև հուլիսի 1-ը պարտավոր է իրականացնել նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունների աուդիտ և աուդիտորական եզրակացությունն ու հաշվետվությունը ներկայացնել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, ինչպես նաև՝ իր վեբ-կայքում տեղադրել աուդիտորական եզրակացությունն ու դրա հետ կապված հրապարակման ենթակա այլ նյութերը։ Ո՛չ ՀԾԿՀ-ն, ո՛չ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն չեն կատարում իրենց պարտավորությունները՝ հաշվետվությունները, աուդիտի եզրակացությունները և պարտադիր հրապարակման ենթակա այլ փաստաթղթեր չեն հրապարակում։ Այլ կերպ ասած՝ նրանց գործունեությունը թափանցիկ ու հաշվետու չէ։ 2023թ․ հոկտեմբերի 12-ին կողմերի միջև կնքված թիվ 40 համաձայնագրից տեղեկանում ենք, որ վարձակալության պայմանագրի առաջին 5 տարիների (2017-21թթ․) տեխնիկական աուդիտն իրականացրած «Սաշեն Վասեր» ՋԻ․էմ․բի․Էյչ ընկերության՝  պայմանագրային 5-րդ տարվա՝ 2021թ․-ի համար իրականացրած աուդիտի արդյունքում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի նկատմամբ 121 մլն 421 հազար դրամի տույժ է կիրառվել։ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի և Հայաստանի կառավարության միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել են հետևյալի շուրջ․ «Անկախ տեխնիկական աուդիտորի» հաշվարկած տուժանքի 121 մլն 421 հազար դրամ գումարն ավելացնել հիմնական վարձակալության պայմանագրի ողջ ժամկետի ընթացքում պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով (ՊԿԱԾ) իրականացվող կապիտալ աշխատանքների համար սահմանված 37 մլրդ 500 մլն դրամ գումարի ԱԱՀ-ով հաշվարկված 45 մլրդ դրամ գումարին։ ՎՊ-ի ողջ ժամկետի համար ՊԿԱԾ-ի ընդհանուր գումարը սահմանել 45 մլրդ 121  մլն 421 հազար դրամ»։ Ջրային կոմիտեից հայտնում են, որ ընկերությունը տուգանվել է ոչ թե հիմնական կատարողական ցուցանիշները չապահովելու, այլ՝ ժամանակին հաշվետվություն չներկայացնելու համար։ ՀԾԿՀ–ն լիցենզիայի պայմաններով տուժանքներ է սահմանել «Վեոլիա Ջրի» համար։ Եթե վարձակալը խախտում է անհրաժեշտ նյութերի և հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետը, ապա կիրառվում են հետևյալ տուժանքները՝ ա/ հաջորդ պայմանագրային տարվա ՊԿԱԾ նախագիծն ուշացնելու դեպքում՝ 110 000 դրամ ուշացրած օրացուցային յուրաքանչյուր օրվա համար։ բ/ Տարեկան հաշվետվության հանձնման վեջնաժամկետը խախտելու համար՝ 275 000 դրամ տուգանք՝ օրացուցային յուրաքանչյուր օրվա համար և այլն։  Կառավարությունը կատարողական հիմնական ցուցանիշները չապահովելու համար ընկերությանը չի պատժում, ամեն տարի համաձայնագիր կնքելով՝ ներում է թերացումները, իսկ դրանց կատարումը հետաձգվում է։ 2019թ․ հուլիսի 25-ին կողմերի՝ Ջրային կոմիտեի և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի միջեւ կնքված թիվ 13-րդ համաձայնագրով Հայաստանի կառավարությունը էական զիջումներ կատարեց: Ներդրումների մասով համաձայնել են. «Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի կառավարության կողմից նախատեսված ներդրումները դեռեւս ամբողջովին չեն կատարվել, «Վեոլիա Ջրի» կողմից տարեկան գործունեության համար կատարողական ցուցանիշները (ՀԷՑ) չկատարելու դեպքում նախատեսվող հիմնական տուժանքները 2018-21թթ.-ի համար չեն կիրառվում վարձակալի նկատմամբ: Այսինքն՝ ընկերությանը չպատժեց 2018-21թթ.-ի ներդրումները չկատարելու համար։ ՀԾԿՀ-ի լիցենզիայի պայմաններով 2019թ․ հոկտեմբերի 1–ից Լիցենզավորված անձը պարտավոր է սպասարկման տարածքի յուրաքանչյուր բաժանորդի ժամը 7։00-24։00-ն ընկած ժամանակահատվածում ապահովել ամենօրյա առնվազն 6-ժամյա ջրամատակարարմամբ։ «Վեոլիա Ջուր»-ը, որպեսզի ստանձնած պարտավորությունները ժամանակին չկատարելու համար պատասխանատվության՝ տուգանքների չենթարկվի, ամեն տարի ՋԿ-ի հետ կնքված համաձայնագրով վավերացրել է դրանց կատարումը հետաձգելը։ Այսպես՝ 2019թ․ հուլիսին կնքված թիվ 13 համաձայնագրով կողմերը համաձայնել են, որ 20 գոտում ընդգրկված 30 բնակավայրի ցուցանիշների գնահատումը մինչև 2021թ․-ի ավարտը չի ներառվելու տեխնիկական աուդիտի ընթացքում իրականացվող հիմնական կատարողական ցուցանիշների հաշվարկներում։ 2021թ․ նոյեմբերի 10-ին կնքված թիվ 24 համաձայնագրով կրկին հետաձգել են 20 գոտիների բաժանորդներին առնվազն 6-ժամյա ջրամատակարարմամբ ապահովելու պարտավորության կատարումը։ Պատճառաբանվել է, որ Վարձատուի և Վարձակալի կողմից նախաձեռնվել են միջոցառումներ, որոնք նախատեսված է իրականացնել 2023-2024-2025 թվականներին։ «Կողմերը սույնով համաձայնության են գալիս հետևյալի շուրջ՝ վարձակալության պայմանագրի 2024-25թթ․ տեխնիկական աուդիտի ընթացքում իրականացվող հիմնական կատարողական ցուցանիշների հաշվարկներում չներառել սույն համաձայնագրին կից ներկայացվող հավելվածում ընդգրկված 20 գոտիների ցուցանիշները, այն հետաձգել մինչև 2025թ․ ավարտը»,- նշված է համաձայնագրում։ 2023թ․ դեկտեմբերին կնքված թիվ 42 համաձայնագրով այդ ցանկի 14 բնակավայրերի 6-ժամյա ջրամատակարարման ապահովման հարցը կրկին հետաձգվել է։ Այդ բնակավայրերի ցանկում դեռևս մնում են Եղվարդ և Իջևան քաղաքների մի քանի թաղամասեր, Զովունի գյուղը և այլ բնակավայրեր։ Նկատելի է նաև, որ վերջին տարիներին «Վեոլիա Ջուր» ընկերությունը չի ընդլայնում իր սպասարկման տարածքը։ Ընկերությունը ծառայություններ է մատուցում 622 000 բաժանորդ ունցող 380 բնակավայրերի՝ Երևան քաղաքին, մարզային 45 քաղաքների և 344 գյուղերի։ Հայաստանի 935 բնակավայրերից 555-ը կամ՝ 60%-ը ներկա դրությամբ «Վեոլիա Ջրից» խմելու ջուր չի ստանում։ Դրանք ավելի փոքր գյուղեր կամ քաղաքներ են։ Կառավարության հետ պայմանավորվածության համաձայն՝ հետագա տարիներին ընկերությունը սպասարկման տարածքը պետք է ընդլայներ։ Այն բնակավայրերը, որոնք սուբվենցիոն ծրագրերով կառուցում կամ վերակառուցում են խմելու ջրի ներքին ցանցը, ավարտելուց հետո պետք է ընդգրկվեին «Վեոլիա Ջրի» սպասարկման տարածքում։ Սակայն, ջրային ցանցը բարելավելուց հետո գյուղերը, հիմնականում, հրաժարվում են «Վեոլիա Ջրի» ծառայությունից՝ նախընտրելով համայնքային սպասարկումը։ Վերջին տարիներին կնքված համաձայնագրերով ընկերությունն ընդլայնում է մեծածախ սակագնով ջրամատակարարումը։ 2023թ․-ին մեծածախ սակագնով ջրամատակարարման ցանցում նոր բնակավայրեր են ընդգրկվել՝ Նոյեմբերյան համայնքի Լճկաձոր, Աշտարակ համայնքի Ղազարավան, Սևան համայնքի Ծաղկունք գյուղերը։ Մեծ հաշվով, վարձակալության պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելը ոչնչով չի վնասում ֆրանսիական «Վեոլիա Օ-Կոմպանի Ժենեղալ դե Օ» ընկերությանը, երբ վերցրած 100 միավոր ջրից վաճառում է միայն 20-30%-ը, չի նվազեցնում ջրի կորուստները, չի կատարում ներդրումները, սպառողներին չի ապահովում առնվազն 6-ժամյա ջրամատակարարումով։ Երբ անխնա վատնվում է երկրի ջրային ռեսուրսը, դրանից տուժում են միայն Հայաստանի Հանրապետությունն ու Հայաստանի բնակիչները, որոնց պատշաճ ծառայություններ չեն մատուցվում։ Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 
09:53 - 09 մայիսի, 2024
Վարչապետ Փաշինյանը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

Վարչապետ Փաշինյանը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում` Կրեմլում, տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը: Վերջինիս, բացի ԵԱՏՄ երկրների առաջնորդներից, մասնացել են նաև ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ունեցող Ուզբեկստանի ու Կուբայի նախագահները: Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, նախ տեղի է ունեցել նեղ կազմով նիստը, որից հետո կայացել է պետությունների առաջնորդների տեսալուսանկարահանման արարողությունը: Ըստ աղբյուրի՝ ընդլայնված կազմով նիստում վարչապետ Փաշինյանը հանդես է ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Պատվիրակությունների հարգելի ղեկավարներ, Հանդիպման հարգելի մասնակիցներ, Ուրախ եմ ողջունելու ձեզ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի այս տարվա առաջին նիստին։ Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուսական կողմին` այսօրվա հանդիպումը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Ուրախ եմ նաև ողջունել ԵԱՏՄ դիտորդ երկրների ղեկավարներին և հրավիրված հյուրերին։ Ինչպես արդեն նշել ենք նեղ ձևաչափով քննարկման ժամանակ, այսօրվա հանդիպումը համընկնում է 2014 թվականի մայիսի 29-ին Աստանայում ԵԱՏՄ մասին պայմանագրի ստորագրման տասնամյակի հետ։ Իր գոյության տասը տարիների ընթացքում Եվրասիական տնտեսական միությունը դարձել է մեր երկրների տնտեսությունների համար անդամ երկրների միջև սերտ և տնտեսական փոխգործակցության կարևոր հարթակ։ Հասկանալի է, որ ԵԱՏՄ-ի նորմատիվ բազան շարունակում է ձևավորվել, և այս գործընթացի ավարտը դեռևս մոտ չէ։ Կարևոր է, որ այն ձևավորվում է տնտեսական տրամաբանության շրջանակներում։ Միայն գործընկեր երկրների շահերը հարգելու և յուրաքանչյուր անդամ պետության շահերին համապատասխան կառուցողական լուծումների որոնման հիման վրա մենք կկարողանանք պահպանել միավորման գործունեության արդյունավետությունը: Անհրաժեշտ ենք համարում կենտրոնացնել մեր ջանքերը՝ սոցիալ-տնտեսական զարգացման ազգային առաջնահերթությունները հաշվի առնելու նպատակով։ Մեր համագործակցությունը պետք է գործի ի շահ մեր երկրների քաղաքացիների և բիզնեսի, նպաստի նրանց բարեկեցության բարելավմանը և ազգային տնտեսությունների արդիականացմանը: Հանդիպման հարգելի մասնակիցներ, Հարգելի գործընկերներ, Վերադառնալով բուն օրակարգային հարցերին՝ չեմ կարող չմատնանշել, որ էներգետիկ ռեսուրսների ոլորտում միասնական կարգավորող համակարգերով ընդհանուր շուկայի ձևավորման գործընթացը զգալիորեն հետաձգվել է։ Հայկական կողմն ըմբռնումով է մոտենում չկատարված միջոցառումների իրականացման ժամկետների հնարավոր վերանայմանը, սակայն կարծում է, որ այդ գործընթացը չի կարող անվերջ տևել և պետք է իրականացվի ողջամիտ ժամկետներում։ Մենք բազմիցս նշել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է կառուցողական երկխոսության՝ չլուծված հարցերի շուրջ արագ կոնսենսուսի հասնելու և ԵԱՏՄ էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ժամանակին գործարկելու նպատակով։ Հատկապես կարևորում ենք իրավական դաշտի ստեղծումը, որն ապահովում է անդամ պետությունների ձեռնարկատերերի առևտրատնտեսական շահերը համաշխարհային առևտրում։ Այս համատեքստում կարևոր ենք համարում ԵԱՏՄ անդամ երկրների և Վիետնամի միջև տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման մասին արձանագրության ստորագրումը, որը կմեծացնի գործընկեր երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը։ Հայկական կողմը նաև աջակցում է Ասիայի մեր գործընկերներից մեկի՝ Մոնղոլիայի հետ բանակցությունների մեկնարկը նախատեսող փաստաթղթերի փաթեթի ընդունմանը։ Իհարկե, ժամանակավոր առևտրային համաձայնագրի ստորագրումը նոր հնարավորություններ կստեղծի առևտրատնտեսական և կոոպերացիոն փոխգործակցության ընդլայնման համար։ Հարգելի գործընկերներ, Տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը լրացուցիչ խթան կհաղորդի մեր երկրների ապրանքաշրջանառության աճին։ Այս համատեքստում ևս մեկ անգամ կնշեմ ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի նպատակն է ստեղծել անհրաժեշտ լոգիստիկ պայմաններ բոլոր շահագրգիռ պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար՝ պետությունների ինքնիշխանության և իրավազորության, հավասարության և փոխադարձության լիարժեք հարգման հիման վրա: Եզրափակելով խոսքս՝ նշեմ, որ հայկական կողմը հետևողականորեն հանդես է գալիս ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի հիմքում ընկած հիմնարար սկզբունքների պահպանման օգտին և իր պատրաստակամությունն է հայտնում բոլոր անդամ երկրների հետ ակտիվ փոխգործակցության՝ ի շահ տնտեսական համագործակցության ընտրված պարադիգմի հետագա զարգացման։ Շնորհակալություն ուշադրության համար»։ Նշվում է, որ նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տարբեր ուղղություններով ծրագրերի ընթացքին, ինչպես նաև երրորդ երկրների հետ փոխգործակցության զարգացմանը:
21:29 - 08 մայիսի, 2024
ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն. Սիսիան-Քաջարան ճանապարհը կկրճատվի
 |1lurer.am|

ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն. Սիսիան-Քաջարան ճանապարհը կկրճատվի |1lurer.am|

1lurer.am: Կառավարության՝ մայիսի 8-ի նիստին ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման բանկի միջև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք, Սիսիան-Քաջարան վարկային համաձայնագրի ստորագրմանը հավանություն տալու մասին որոշման նախագիծը: Ըստ նախարարի՝ Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածը մասնատվել է 3 հատվածների՝ Հյուսիսային, Բարգուշատի թունել և Հարավային հատված (27 կմ, 8,6 կմ և 24,2 կմ հատված): Այս նախագիծը վերաբերում է հարավային՝ 24,2 կմ հատվածին: Աշխատանքների ավարտի արդյունքում ճանապարհը գրեթե կրկնակի կկրճատվի: «Առկա 118 կմ ճանապարհը կկրճատվի, կդառնա 60 կմ՝ Քաջարանից մինչև Սիսիան, և միջինում 50 կմ/ժ արագության հատվածը կդարձնի 100 կմ/ժ, որն էլ էական հարմարավետություն, անվտանգություն կստեղծի: Ամբողջությամբ այլ որակի ճանապարհ և ենթակառուցվածք կունենանք՝ տնտեսական, տուրիստական և այլ առումներով»,- ասաց նա: Ֆինանսավորման համար վարկային ընդհանուր միջոցները մոտ 373 մլն եվրո են, որից 236 մլն-ի համար է նախատեսվում կնքել այդ համաձայնագիրը ՎԶԵԲ-ի հետ: «Ճանապարհահատվածը կանցնի Քաջարանի Լեռնաձոր, Գեղի և Նոր Աստղաբերդ բնակավայրերի մոտով, և կմոտենան նոր Բարգուշատի թունելի ելքամասին: Այս հատվածում կան ևս 5 փոքր թունելներ և 11 կամուրջներ»,- ասաց նախարարը: Շինարարության ժամկետը մինչև 2030 թվականն է և հավելյալ ևս 2 տարի՝ թերությունների վերացման համար:
12:05 - 08 մայիսի, 2024
Կառավարությունն ավելի քան 1 միլիարդ դրամ հատկացրեց սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար
 |armenpress.am|

Կառավարությունն ավելի քան 1 միլիարդ դրամ հատկացրեց սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը մարզպետարանների աշխատակազմին 1 միլիարդ 12 միլիոն դրամ կհատկացնի 16 համայնքներին 21 սուբվենցիոն ծրագրերը իրականացնելու համար։ Կառավարության մայիսի 8-ի նիստում նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։  Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է. Արարատի մարզին 1 ծրագրի համար՝ 55,7 միլիոն դրամ, Արմավիրի մարզին 3 ծրագրի համար՝ 140 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզին 5 ծրագրի համար՝ 206 միլիոն դրամ, Լոռու մարզին 8 ծրագրի համար՝ 322 միլիոն դրամ, Կոտայքի մարզին 1 ծրագրի համար՝ 16 միլիոն դրամ, Շիրակի մարզին 1 ծրագրի համար՝ 119 միլիոն դրամ, Սյունիքի մարզին 2 ծրագրի համար՝ 152 միլիոն դրամ,»,-ասաց Սանոսյանը։ Նա նշեց, որ այս տարի մարզպետարաններին 7,7 միլիարդ չափով ֆինանսավորում է հատկացվել։
12:01 - 08 մայիսի, 2024
Բուժաշխատողների համար սահմանվել է դասընթացների ցանկ, որոնց մասնակցությունը կլինի պարտադիր
 |1lurer.am|

Բուժաշխատողների համար սահմանվել է դասընթացների ցանկ, որոնց մասնակցությունը կլինի պարտադիր |1lurer.am|

1lurer.am: «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է բուժաշխատողների մասնագիտական գիտելիքների, հմտությունների շարունակական զարգացման համատեքստում արդիական ու կարևոր համարվող որոշ դասընթացների պարտադիր մասնակցելու պահանջով: Այդ մասին Կառավարության՝ մայիսի 8-ի նիստին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով բուժաշխատողների դասընթացների մասով որոշման նոր նախագիծը: «Ներկայումս բուժաշխատողներն իրենք են ընտրում այն շարունակական մասնագիտական զարգացման դասընթացները, իսկ նախագծով առաջարկվում է սահմանել որոշակի դասընթացների ցանկը, որոնց մասնակցելը պարտադիր կլինի՝ անկախ մասնագիտական ուղղվածությունից: Որպես այդպիսին՝ կարող են լինել, օրինակ, արտակարգ իրավիճակներում կամ աղետների ժամանակ տուժածներին ցուցաբերվող անհետաձգելի բուժօգնության վերաբերյալ դասընթացները, էթիկական նորմերի իմացությունը և այլն»,- ասաց նախարարը: Որոշման նախագծով առաջարկվում է նաև միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների կողմից առաջարկվող, շարունակական զարգացում ապահովող միջոցառումներին մասնակցության համար սահմանել փոխհատուցման կարգ ու փոխհատուցման դեպքեր: «Սա կարևոր խթան կլինի արտերկրում կազմակերպվող դասընթացներին առցանց մասնակցելու համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանց վճարը Կառավարությունը կսուբսիդավորի սահմանված կարգով»,- ասաց նա:
11:59 - 08 մայիսի, 2024
Կառավարությունն առաջիկա նիստերից մեկում կընդունի ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագիրը
 |armenpress.am|

Կառավարությունն առաջիկա նիստերից մեկում կընդունի ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագիրը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունն առաջիկա նիստերից մեկում կընդունի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագիրը։ Մայիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։ «Պետք է ուրախությամբ ասեմ, որ մենք կառավարության առաջիկա նիստերից մեկում կընդունենք ծրագիրը։ Կարծում եմ, որ ստացել ենք բավականին լավ ծրագիր»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետը մանրամասներ ներկայացրեց ծրագրից։ «Մենք որոշել ենք, որ երեք ուղղությամբ պետք է աջակցենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին։ Առաջինը՝ բնակարան կառուցելու հարցում, երկրորդը՝ տներ ձեռք բերելու, երրորդը՝ կարևոր որոշում ենք կայացրել, որ մարդիկ, որոնք ունեն գործող հիփոթեքային վարկ, մենք որոշակի սկզբունքներով աջակցություն կցուցաբերենք։ Կան նաև ընտանիքներ և տարեց մարդիկ, ովքեր օբյեկտիվորեն այս ծրագրերին մասնակցելու հնարավորություն չեն ունենա, նրանց համար սոցիալական բնակարանների ապահովման ծրագիր ենք իրականացնում, որպեսզի նման կարգավիճակ ունեցող մարդիկ ունենան սոցիալական բնակարան»,- ասաց վարչապետը։
13:53 - 07 մայիսի, 2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման քայլերը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման քայլերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ջրային ոլորտի խնդիրները: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, անդրադարձ է կատարվել ջրային ոլորտի բաշխվածությանը, իրականացվող քաղաքականությանը, Սևանա լճին, Արարատյան արտեզյան ավազանին առնչվող հարցերին, ջրային ռեսուրսների պաշտպանությանը, խմելու և ոռոգման ջրի մատակարարումների հետ կապված խնդիրներին: Ըստ աղբյուրի՝ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են առկա խնդիրների հետ կապված տարբեր դիտարկումներ: Կարևորվել է ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, կորուստների կրճատման, համակարգի ֆինանսական սխեմայի ձևավորման և այլ խնդիրների լուծման ուղղությամբ համապարփակ քայլերի նախանշումն ու իրականացումը: Այս համատեքստում վարչապետ Փաշինյանը հանձնարարել է ձևավորել միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը կքննարկի և կմշակի ջրային ոլորտում առկա խնդիրների լուծման քայլերն ու կներկայացնի տարեկան գործողությունների ծրագիր:
19:31 - 03 մայիսի, 2024
«Կարար ասեր՝ խեղճ կնայենք, չեն կրակի»․ նստացույց անող Իշխան Գեւորգյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
 |news.am|

«Կարար ասեր՝ խեղճ կնայենք, չեն կրակի»․ նստացույց անող Իշխան Գեւորգյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին |news.am|

news.am: Երեկ երեկոյից Կառավարության մոտ 72 ժամով նստացույց հայտարարած «Հայաստանի ինքնիշխանության շարժում» նախաձեռնության անդամ Իշխան Գեւորգյանը դեմ է Կառավարության վարած քաղաքականության հետ։ NEWS.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ինքն անհաշտ է իշխանությունների այն դիրքորոշման հետ, որ Տավուշի գյուղերը պետք է տրվեն Ադրբեջանին։ «Այս քարտեզի վրա մարդիկ ունեն կադաստրի վկայական, որը չի տարբերվում իմ ու ձեր տան կադաստրի վկայականներից։ Եթե մեկի հողը ենթակա է խլման ու Ադրբեջանին տալու, ուրեմն  յուրաքանչյուրի հողն է ենթակա խլման ու Ադրբեջանին տալու, իսկ դա սահմանադրական կարգի տապալում է։ Սրա դեմը պետք է առնվի, պետք է համահայկական անհաշտությամբ արվի դա, բոլոր ոչ հաշտ մարդկանց ես այստեղ սպասում եմ, որ խելք խելքի տանք, հավաքվենք ու պարալիզացնենք իրենց, չենք կարողանա աշխատել։ Ես հաշտ չեմ, սա կուլ տալ չի կարելի, սա կուլ տվողներն արժանանալու են իրենց տան կորստին։ Ղեկավարն ասում է՝ տանք, մեկ է պատերազմ կարող է լինել, ոչինչ չի արվում, որ գան, լցվեն Տավուշի այդ հատված, հետո չտարածվեն ու մեր հատուկ ջոկատայիններ չմահանան։ Սա էն չի է որ մենք ծեծ ենք ուտում, սա էն ա, որ ասում են՝ ձեռներդ դիր հետեւդ, քեզ ապտակելու ենք ու դու ձեն չհանես»,- իր խոսքում նշեց նա։ Հարցին՝ ինչո՞ւ է որոշել հենց 72 ժամով նստացույց հայտարարել, Իշխանն ասաց․ «Բոլոր իմ նման մարդիկ, որոնք հաշտ չեն այս ամենի հետ, նրանց բոլորին ձերբակալում են 72 ժամով կամ 1 ամսով։ Որպեսզի չտանջվեն ու այնպես անեն, որ Իշխանը նստի, դրա համար Իշխանն արդեն նստած է։ Իրենց կողմից ապուշություն կլինի 72 ժամ նստած մարդուն տանել 72 ժամ նստացնել»։ Անդրադառնալով առավոտյան Կիրանցի բնակիչներին բռնի ուժով բերման ենթարկելու դեպքին՝ պատերազմի մասնակիցն ասաց․ «Ոստիկանները այնտեղ գլուխները կախած են այդ գործն անում։ Այս բախումն իրենց հոգում էլ կա, մի կողմից ճնշում է պաշտոնյայի հրամանները, մյուս կողմից հասկանում են, որ իրենք հաշտ են Սահմանադրությա տապալման հետ, բայց հաշտ չեն ցուցարար Իշխանի հետ կամ կիրանցեցու հետ»։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն խոսքին, որ կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել, որ ադրբեջանցիները չերեւան Կիրանցի դպրոցից, Իշխան Գեւորգյանն արձագանքեց․ «Քանի որ աննախադեպ պղծությունները մարսվում են․․․ կարելի՞ է տենց բաներ ասել, կարար ասեր՝ խեղճ կնայենք, չեն կրակի մեր վրա։ Դա անելու բա՞ն է, ես ի՞նչ գնահատական տամ, դա մարդկանց վրա կայֆավատ լինել ա»։
15:58 - 02 մայիսի, 2024
Ոստիկանական գվարդիան ձևավորվելու է որպես լիովին նոր կառույց, այն չի լինելու ոստիկանության որևէ ստորաբաժանման իրավահաջորդը
 |1lurer.am|

Ոստիկանական գվարդիան ձևավորվելու է որպես լիովին նոր կառույց, այն չի լինելու ոստիկանության որևէ ստորաբաժանման իրավահաջորդը |1lurer.am|

1lurer.am: Կսահմանվի Ոստիկանական գվարդիայի կարգավիճակը: Ի տարբերություն ոստիկանական զորքերի՝ Ոստիկանական գվարդիան լինելու է մաքուր ոստիկանական ստորաբաժանում՝ վերացնելով վերջինիս երկակի կարգավիճակը: Այդ մասին Կառավարության՝ մայիսի 2-ի նիստին ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի և այլ օրենքների նախագծերի փաթեթը: Ոստիկանության գվարդիային է վերապահվելու հասարակական կարգի, անվտանգության ապահովումը, պետական պահպանության ենթակա օբյեկտների պահպանությունը, հատուկ բեռների տեղափոխման ապահովումը, հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովմանն աջակցությունը, քրեական վարույթ իրականացնող մարմիններին օժանդակումը, ռազմական և արտակարգ ռեժիմների իրականացման շրջանակում օժանդակությունը: «Ոստիկանական գվարդիան ձևավորվելու է որպես լիովին նոր կառույց, այն չի լինելու ոստիկանության որևէ ստորաբաժանման իրավահաջորդը: Այն ձևավորվելու է ոստիկանության հետևյալ ստորաբաժանումների բազային հենքով՝ Ոստիկանության զորքեր, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչություն, ճանապարհային ոստիկանության ուղեկցող ստորաբաժանում, ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում առկա հատուկ ստորաբաժանումներ, և ունենք քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից եկող ստորաբաժանում՝ վարույթի շրջանակներում անձանց պաշտպանության տեսանկյունից: Այս ստորաբաժանումները կդադարեցնեն իրենց գործունեությունը»,- ասաց նախարարի տեղակալը և հավելեց, որ լինելու է ոստիկանապետի ընդհանուր ղեկավարում, Ոստիկանության գվարդիայի հրամանատարի անմիջական ղեկավարում: Ըստ Արփինե Սարգսյանի՝ բացի Երևանից՝ կգործեն նաև տարածքային ստորաբաժանումներ հանրապետության 3 հատվածներում՝ հյուսիսային, կենտրոնական, հարավային: Կգործեն հասարակական կարգ և անվտանգություն ապահովող ստորաբաժանումներ, ինչպես նաև պետական պահպանության և քրեական վարույթին սպասարկող ստորաբաժանումներ՝ ամբողջ հանրապետությունը ծածկող: «Ըստ այդմ՝ չենք ունենա Ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոն, որը նշանակվում է այս պահի դրությամբ ՀՀ նախագահի կողմից՝ հաշվի առնելով այլ զորքերի բնորոշման տակ ընկնելու հանգամանքը, և ըստ այդմ՝ կունենանք լիովին նոր ձևաչափով Ոստիկանության գվարդիայի հրամանատարի պաշտոն, որը կնշանակվի ՆԳ նախարարի կողմից»,- ասաց նա: Ըստ նախարարի՝ փաթեթից անմաս չի մնացել նաև «Հավաքների ազատության մասին» օրենքը, որում վերացվել են որոշակի արգելքներ՝ հավաքների ազատության տեսանկյունից, նաև վարչական որոշ պատասխանատվության միջոցներ: Օրենքն ուժի մեջ կմտնի 2024 թվականի սեպտեմբերի 1-ին, և կսահմանվի անցումային ժամանակահատված՝ շուրջ 6 ամիս: Մինչև 2025 թվականի հունվարի 10-ը նախատեսված է Ոստիկանության գվարդիայի հրամանատարի նշանակում, որից հետո երկամսյա ժամկետում՝ կառույցի ամբողջական ձևավորում: Նախագիծը ոստիկանական բարեփոխումների հերթական, շատ կարևոր փաթեթն է՝ արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա պարզաբանեց, որ ոստիկանության բարեփոխումների հարցում Կառավարությունը գլխապտույտ արագություններ չի զարգացնում, բայց այդ բարեփոխումների իրականացման հարցում հետևողական է:
13:07 - 02 մայիսի, 2024
Կառավարությունը կաջակցի բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին՝ վերապատրաստվելու կամ կրթություն ստանալու
 |1lurer.am|

Կառավարությունը կաջակցի բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին՝ վերապատրաստվելու կամ կրթություն ստանալու |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունը բարձրագույն կրթություն չունեցող, բայց հանրակրթական հաստատություններում աշխատող ուսուցիչներին վերապատրաստվելու կամ բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն կտա: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ մայիսի 2-ի նիստին ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարը հիշեցրեց, որ 2011-ին, «Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխության համաձայն, սահմանվեց, որ ուսուցչի կրթական նվազագույն աստիճանը պետք է լինի բարձրագույնը: Այն ուսուցիչները, որոնք չէին համապատասխանում օրենքի պահանջներին, կարող էին շարունակել մասնագիտական գործունեությունը մինչև 2018-ի օգոստոսի 20-ը: 2018-ին վերջնաժամկետը երկարացվեց մինչև 2023-ի օգոստոսի 20-ը: «Բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներն ունեցել են շուրջ 12 տարի բարձրագույն կրթություն ունենալու պահանջն իրագործելու համար: Ու չնայած 2023-ի սկզբին տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ բազմաթիվ ուսուցիչներ ապահովել են օրենքի պահանջի կատարումը և ստացել բարձրագույն կրթություն, համակարգում դեռևս շարունակում էր մնալ ավելի քան 1300 ուսուցիչ, որոնք բարձրագույն կրթություն չունեին, շարունակում էին դասավանդել, և օրենքի պահանջի համաձայն՝ 2023 թվականի օգոստոսի 20-ից պետք է դադարեցնեին ուսուցչական աշխատանքը»,- պարզաբանեց Անդրեասյանը: Նախարարը հիշեցրեց նաև, որ 2021-ից ներդրվել է կամավոր ատեստավորման համակարգ, համաձայն որի՝ բաձրագույն կրթություն չունեցող ուսուցիչները կամավոր ատեստավորման շեմը հաղթահարելու դեպքում կշարունակեին աշխատանքը: «894 ուսուցիչ, որոնք չունեն բարձրագույն կրթություն, նախորդ տարի դիմեցին կամավոր ատեստավորման: Նրանցից 354-ը կամավոր ատեստավորման արդյունքներով համարվում են ատեստավորված, շարունակում են իրենց ուսուցչական գործունեությունը, և նաև բարձրացված վարձատրություն են ստանում, բայց մի քանի հարյուր ուսուցիչ օրենքի սահմանված պահանջին չհամապատասխանելու հիմքով դադարեցրել են ուսուցչի գործունեությունը»,- տեղեկացրեց նախարարը՝ միաժամանակ ընդգծելով, որ նրանք դեռ հնարավորություն ունեն կա՛մ ստանալ բարձրագույն կրթություն, կա՛մ հաղթահարել ատեստավորման շեմը: «Քննարկումները ցույց են տալիս, որ որպեսզի այս երկու եղանակներից որևէ մեկից օգտվեն, մեր մանկավարժները կարիք ունեն աջակցության կա՛մ բարձրագույն կրթության նպատակով ուսման վճարի փոխհատուցման տեսքով, կա՛մ կամավոր ատեստավորմանը նախապատրաստվելու նպատակով պետութան կողմից կազմակերպվող վերապատրաստմանը մասնակցելու տեսքով: Այս նախագծով առաջարկում ենք օջանդակության ծրագիր իրականացնել բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների համար, որպեսզի կա՛մ փոխհատուցենք նրանց՝ բարձրագույն կրթություն ստանալու նպատակով ուսման վճարը, կա՛մ մասնակցության հնարավորություն տանք նշված վերապատրաստմանը»,- ասաց նա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց՝ գոհ է, որ Կառավարությունը նման ծրագիր է իրականացնում, ապա հավելեց՝ ուսուցիչների՝ բարձրագույն կրթություն ունենալու մասին պահանջը հաստատվել է 2011-ին, և որ քաղաքականությունների հետևողականությունը շատ կարևոր է: «Մեր քաղաքականությունների, որոշումների վրա պետք է, ոչի՛նչ, մի քիչ երկար մտածենք, բայց երբ որոշումը կայացվում է, որոշումները պետք է իրագործվեն, և սա զարգացման շատ կարևոր գրավական է և շատ կարևոր նախապայման»,- ասաց Փաշինյանը և ընդգծեց՝ այսօրվա կրթության մակարդակն է որոշում, թե աշակերտը հասուն տարիքում բարեկեցության ինչ մակարդակում է լինելու: Նախարարը նաև տեղեկացրեց, որ ծրագրի հաստատումից հետո եռամսյա ժամկետ է լինելու դիմում ներկայացնելու համար՝ կա՛մ վերապատրաստման ծրագրին ներգրավվելու, կա՛մ բուհում իրենց կրթությունը ստանալու: Բուհ ընդունվածների առաջին կիսամյակի վարձը կփոխանցի Կառավարությունը, երկրորդ կիսամյակից սկսած՝ կգործի ՄՈԳ-ի նվազագույն շեմ, այն է՝ կարևոր կլինի բարձրագույն կրթություն ստացող ուսուցչի առաջադիմությունը: «Չենք կարող առանց առաջադիմության գործոնը հաշվի առնելու շարունակել օժանդակությունը»,- ասաց նախարարը:
12:04 - 02 մայիսի, 2024
Զինվորական կացարանում հրդեհից զոհված զինծառայողների հարազատները ակցիա են իրականացրել Կառավարության դիմաց

Զինվորական կացարանում հրդեհից զոհված զինծառայողների հարազատները ակցիա են իրականացրել Կառավարության դիմաց

Զինվորական կացարանում հրդեհից զոհված զինծառայողների հարազատները ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց: Նրանք բողոքում են գործի բացահայտման ընթացքից։  «Մենք եկել ենք այստեղ իրենց ժամանակ տալու. եթե իրենցից մեկը կա, որ մտածում է, որ էս երեխեքի գործը պետք է փակի, գնա, չարաչար սխալվում է. մենք մինչեւ վերջ գնալու ենք: Այս մասին, այսօր՝ մայիսի 1-ին, կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց զինվորական կացարանի հրդեհից մահացած Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը: Մինչև ամսի 10-ը ժամանակ ենք տալիս, որ կալանքի տակ վերցնեն ում որ պետք ա։ Ես անուններով կարող եմ ասել, բայց որոշ բաներ հաշվի առնելով՝ անուններով չեմ ասում: Եթե ամսի 10-ի դատին մենք գնացինք ու իմացանք, որ քրեական հետապնդում չեն հարուցել տվյալ մարդկանց նկատմամբ, մեզ կմիանան նաև մնացած բոլոր ծնողներն ու հարազատները, ու, մեղմ ասած, անհարմարություն ենք ստեղծելու իրանց համար: Թող խելքները գլուխները հավաքեն: 15 երեխեքի սպանությունը անհայտ պայմաններում խաղ ու պար չի, որ փակեն, գնա»,-ասաց  զինվորական կացարանի հրդեհից մահացած Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը:
12:22 - 01 մայիսի, 2024
Համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի. Գևորգ Պապոյանը և Էդուարդ Մարությանը պայմանագիր են ստորագրել

Համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի. Գևորգ Պապոյանը և Էդուարդ Մարությանը պայմանագիր են ստորագրել

Ապրիլի 30-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ՀՀ կառավարության անունից և «Ռենշին» ՍՊԸ-ի կողմից՝ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարությանը ստորագրել են Համաշխարհային առևտրի կենտրոն (WORLD TRADE CENTER (WTC) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրի իրականացման պայմանագիրը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Այսօր ստորագրվել է նաև մեկ այլ եռակողմ պայմանագիր՝ ՀՀ կառավարության, «Ռենշին» ՍՊԸ-ի և «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից, որով կստեղծվի «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» փակ բաժնետիրական ընկերությունը։ Համաշխարհային առևտրի կենտրոն (WORLD TRADE CENTER (WTC) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրին և «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» փակ բաժնետիրական ընկերության հիմնադրմանը մասնակցելու մասին» որոշումը գործադիրը հաստատել է 2023 թ․ սեպտեմբերի 7-ի N 1529-Ա որոշմամբ:
16:10 - 30 ապրիլի, 2024