ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված մշակույթի նախարարների միջազգային խորհրդաժողովին:Ֆորումի բացմանը մասնակցել են ավելի քան 20 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ։ Թուրքմեն հայտնի բանաստեղծ և մտածող Մագթիմգուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակի շրջանակում Աշխաբադում բացվել է նրա անվան զբոսայգի, որտեղ, բացի Ֆրագիի մոնումենտալ հուշարձանից, տեղադրվել են նաև աշխարհի հայտնի մտածողների արձաններ։ Զբոսայգու՝ դասական բանաստեղծների նորաբաց ճեմուղում տեղադրվել է նաև հայ միջնադարյան հայտնի աշուղ-բանաստեղծ Սայաթ Նովային արձանը՝ ի թիվս Դանթե Ալիգերիի, Շոթա Ռուսթավելու, Օնորե Դը Բալզակի, Յոյան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի, Հաֆեզ Շիրազի, Ֆյոդոր Դոստաևսկու և այլ համաշխարհային մտածողների արձանների։  Սայաթ-Նովայի արձանի բացման պատիվը վերապահվել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին և Թուրքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Խարազյանին։Սայաթ-Նովայի արձանի բացմանը ներկա են եղել Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված միջազգային խորհրդաժողովի պատվիրակները։
20:38 - 18 մայիսի, 2024
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի հետ

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի հետ

Աշխաբադում անցկացվող Մշակույթի նախարարների միջազգային համաժողովի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի հետ։  Կողմերը քննարկել են երկու երկրների միջև մշակութային կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր՝ երկուստեք համատեղ նախաձեռնությունների իրականացման պատրաստակամություն հայտնելով: Կարևորվել են հարաբերություններն ընդլայնելու հնարավորությունն ու տարբեր կառույցների, անհատ ստեղծագործողների և ստեղծագործական խմբերի միջև համագործակցությունը խթանելու անհրաժեշտությունը, ինչպես նաև երկու երկրներում անցկացվող միջազգային մշակութային միջոցառումներին մասնակցությունը, անմիջական կապերի հաստատումն ու փորձի փոխանակումը: Անդրադառնալով Հայաստանում մշակույթի ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ կինոոլորտում մի շարք օրենսդրական փոփոխություններ են կատարվել, մասնավորապես՝ համատեղ կինոարտադրության համար ներդրումների մինչև 40%-ի չափով մասնակի վերադարձի հնարավորություն է սահմանվել, որն այս ոլորտում ևս փոխհամագործակցության զարգացման հնարավորություն կարող է ապահովել: Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարը ևս ընդգծել է Հայաստանի հետ համագործակցության մեծ ներուժը՝ հատկապես գրականության, կինոյի և երաժշտության ոլորտներում: Աիդա Բալաևան պատրաստակամություն է հայտնել քննարկելու Ղազախստանի գրադարաններում Հայաստանի գրողների ստեղծագործությունների համալրման և ներկայացվածության ավելացման ապահովման հարցը։ Երկու երկրների միջև մշակույթի ոլորտում համագործակցության, թատերահամերգային կազմակերպությունների, ինչպես նաև արվեստի գործիչների և մշակույթի տարբեր ոլորտների կազմակերպությունների միջև անմիջական կապերի հաստատման, համատեղ ցուցահանդեսների կազմակերպման նպատակով կողմերը կարևորել են նաև փոխգործակցության հուշագրի ստորագրումը: Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ համագործակցության խորացմանը վերաբերող այլ հարցեր։
14:59 - 18 մայիսի, 2024
Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահի հետ քննարկել էսպորտի ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները

Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահի հետ քննարկել էսպորտի ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ Աշխաբադ կատարած այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքմենստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահ Սապարով Ալլաբերդիի հետ։  Հանդիպմանը քննարկվել են սպորտի ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները:  ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ Հայաստանում մեծապես կարևորվում է սպորտի ոլորտի զարգացումը և առաջարկել է դիտարկել երկու երկրների մարզիկների մասնակցությամբ համատեղ ուսումնամարզական հավաքների անցկացումը, փորձի փոխանակումը հատկապես ծանրամարտ, ձյուդո և մի շարք այլ մարզաձևերում: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև վերջին տարիներին Հայաստանում իրականացվող սպորտային մի շարք խոշոր միջազգային մրցաշարերին:  Նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանը մեծ պատասխանատվությամբ նախապատրաստվում է 2027 թվականին հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի 10-րդ հոբելյանական մարզամշակութային խաղերը՝ ապահովելով մարզական ենթակառուցվածքների համապատասխանեցումը պահանջվող չափանիշներն։ Թուրքմենստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահը հաջողություն է մաղթել մեր երկրին՝ ԱՊՀ սպորտային մայրաքաղաք Գյումրիում ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովի անցկացման կազմակերպական հարցերում, որը տեղի է ունենալու ընթացիկ տարվա մայիսի վերջին:
14:30 - 18 մայիսի, 2024
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղերձը Թանգարաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղերձը Թանգարաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղերձը Թանգարաների միջազգային օրվա առթիվ․ «Հարգելի՛ քաղաքացիներ, թանգարանային ոլորտի սիրելի՛ ներկայացուցիչներ, Թանգարանների միջազգային օրն այս տարի անցկացվում է «Թանգարաններ, կրթություն և հետազոտություն» խորագրի ներքո, որի նպատակն է մեկ անգամ ևս ընդգծել այն հանգամանքը, որ թանգարանները ամենևին էլ միայն մշակույթի և պատմության տարբեր դրվագների պահոց չեն, այլ կրթական և հետազոտական միջավայր, որը պետք է զարգացնել և խթանել։  Թանգարաններում սովորելը և հետազոտելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը, որովհետև դժվար է գտնել կրթության համար ավելի հագեցած ու բովանդակային միջավայր, քան թանգարանն է։ Հայաստանում թանգարանային ոլորտը հենց այս պահանջներին համահունչ զարգացնելը, թանգարանների միջազգայնացմանը և համագործակցությանը նպաստելը ամենակարևոր առաջնահերթություններից են։  Արդեն իսկ այս ուղղությամբ բազմաթիվ քայլեր են արվել, և տարվա ընթացքում առիթ ենք ունենալու մեր տարբեր թանգարաններում ականատես լինելու միջազգային համագործակցությամբ հեղինակավոր թանգարանների հետ համատեղ  ծրագրերին, ժամանակակից տարբեր գործիքների միջոցով իրականացվող նոր նախաձեռնություններին։  Թանգարանների միջազգային օրն այս տարի նշում ենք նոր ձեռքբերումներով. ընդունվել է «Թանգարանների մասին» ՀՀ օրենքը, որը կարգավորում է թանգարանների գործունեությունն ու հարաբերությունները, սահմանում թանգարանների տեսակները, գործառույթները, Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի ձևավորման, համալրման, հաշվառման, պահպանության, օգտագործման, անվտանգության սկզբունքները Կարևոր է նաև, որ այս տարվանից պետությունը վերականգնել է տարիներ շարունակ չգործած՝ թանգարանային հավաքածուների համալրման ծրագիրը, որով մեր թանգարանները պետական բյուջեի միջոցներով հավաքածուները նորացնելու հնարավորություն են ստացել։ Ակտիվորեն ընթանում են նաև թանգարանների վերանորոգման աշխատանքները, որի շնորհիվ միայն նախորդ տարի նոր ցուցադրություններով վերաբացվեցին թանգարաններ Երևանում և մարզերում (Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղերից ՝ Գևորգ Գրիգորյանի( Ջոտտոյի)  արվեստանոց- թանգարանը,   Ջաջուռում Մինաս Ավետիսյանի թանգարանը)։  Տարին նաև ակտիվ է հոբելյանական միջոցառումներով. լրանում են Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը, Շառլ Ազնավուրի, Պարույր Սևակի, Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակները: Հետևաբար, մի շարք թանգարաններում այցելուները տարբեր ծրագրերի միջոցով հնարավորություն ունեն ծանոթանալու նաև անվանի մտավորականների ստեղծագործական ժառանգությանը:  Այս տարի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը միացել են Հայաստանի շուրջ 118 թանգարաններ: Համեմատության համար պետք է նշել, որ մեկնարկային տարում` 2005 թվականին, միջոցառմանը մասնակցել է ընդամենը 9 թանգարան: Սա խոսում է այն մասին, որ տարեցտարի թանգարանների, ինչպես նաև բազմահազար այցելուների կողմից ավելի է մեծանում թանգարանների հանդեպ հետաքրքրությունը:  Թանգարանների միջազգային օրը հրաշալի առիթ է նաև գնահատանքի խոսքեր ասելու թանգարանային ոլորտի աշխատակիցներին, որոնց համար սա մասնագիտական տոն է: Շնորհավորում եմ ոլորտի բոլոր մասնագետներին, որոնք իրենց նվիրյալ և բարեխիղճ աշխատանքով նպաստում են մեր հարուստ պատմամշակութային ժառանգության պահպանությանը և հանրահռչակմանը, թանգարանների կայուն զարգացմանը: Մաղթում եմ ստեղծագործական բեղուն գործունեություն, անսպառ եռանդ և մասնագիտական նոր ձեռքբերումներ, իսկ թանգարան այցելել պատրաստվող քաղաքացիներին՝ թանգարանային միջավայրի շնորհիվ նորանոր բացահայտումներով հագեցած հրաշալի օր»: Լուսանկարում՝ Շիրակի մարզի Մարմաշենի միջնակարգ դպրոցի աշակերտների այցը Մինաս Ավետիսյանի թանգարան (լուսանկարը՝ թանգարանի էջից)։ 
14:06 - 18 մայիսի, 2024
Թուրքմենստանի կրթության նախարարը նշել է, որ հետաքրքրված են կրթության զարգացման Հայաստանի փորձով

Թուրքմենստանի կրթության նախարարը նշել է, որ հետաքրքրված են կրթության զարգացման Հայաստանի փորձով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ Աշխաբադում անցկացվող Մշակույթի նախարարների միջազգային համաժողովի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը երկկողմ ձևաչափով հանդիպել է Թուրքմենստանի կրթության նախարար Բայրամգյուլ Օրազդուրդաևայի հետ։ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ անդրադառնալով, մասնավորապես Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը, թվայնացման և նոր տեխնոլոգիանրի կիրառմանը, ԲՏՃՄ ուղությամբ ուսուցման կազմակերպմանը։  Խոսելով  Հայաստանի հաջողված փորձի մասին՝ նախարարը ներկայացրել է նաև մարզային դպրոցների 1-4-րդ դասարաններում գործող դպրոցական սննդի ծրագիրը, որը հետաքրքել է Թուրքմենստանի նախարարին։  Քննարկվել է նաև բարձրագույն կրթության ոլորտում կրթաթոշակային ծրագրերի իրականացման հարցը՝ մասնավորապես կարևորելով երկու երկրների բուհերի միջև համագործակցային ուղիղ կապերի զարգացումը՝ ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացմամբ։  Բարձրագույն կրթության և գիտության բարեփոխումների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է  բարձրագույն կրթության և գիտության ինտեգրմանն ուղղված աշխատանքներին՝ ներկայացնելով Ակադեմիական քաղաք ծրագիրը, օտարերկրյա գիտնականների հետ համատեղ գիտական նախագծերում ընդգրկվելու հնարավորությունները։ Թուրքմենստանի նախարարը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար՝ նշելով, որ իրենց երկիրը ևս կրթական բարեփոխումների փուլում է գտնվում, և այս առումով նկատելի են զարգացման ընդհանուր միտումներ՝ ԲՏՃՄ ուսուցման,  ենթակառուցվածքների բարելավման և այլ ուղղություններով։ Թուրքմենստանի կրթության նախարարը նաև նշել է, որ իրենք հետաքրքրված են կրթության զարգացման  Հայաստանի փորձով, մասնավորապես ոչ ֆորմալ կրթության ասպարեզում ԹՈՒՄՈ կենտրոնների գործունեությամբ,  մասնագիտոկան կրթության ասպարեզում դուալ համակարգի ներդրմամբ։ Կողմերն անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի։
12:24 - 18 մայիսի, 2024
Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են նորահայտ հուշարձանի կարգավիճակ

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են նորահայտ հուշարձանի կարգավիճակ

Կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երկրորդ նիստը։ Նիստին քննարկվել են մի շարք պատմամշակութային օբյեկտներին նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը, ինչպես նաև ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակներում ընդգրկված 32 հուշարձանի պահպանական գոտիների նախագծերը։ ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ հանձնաժողովի դրական եզրակացությամբ նորահայտ հուշարձանների թիվը համալրվել է տասով։ Դրանք են տեղական նշանակության հուշարձանների կարգավիճակ ստացած Երևանի Կենտրոն վարչական շրջանի Աբովյան 25 հասցեի բնակելի շենքը (1950-ական թթ.), Նալբանդյան 3 հասցեի բնակելի շենքը (1952 թ.), Նալբանդյան 5 հասցեի վարչական շենքը (1930-ական թթ.), Նալբանդյան 7-9 հասցեի բնակելի շենքը (1950-ական թթ.), Մոսկովյան 11 վարչական շենքը (1946-1950 թթ.): Նշված շենքերը արժևորվել են որպես նորագույն ժամանակաշրջանի պատմագեղարվեստական, ճարտարապետական որակները փաստող և ճարտարապետական առանձնահատկությունները, ոճը, տիպը բնութագրող կառույցներ։ ՀՀ Կոտայքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված՝ Զառ գյուղի «Ավերակ» գյուղատեղիի (պետ․ ցուցիչ՝ 6․27․30) տարածքում գտնվող Գերեզմանոց (միջնադար) և Գերեզմանոց (ուշ միջնադար) օբյեկտները ստացել են նշյալ գյուղատեղիի՝ տեղական նշանակության ենթահուշարձանի կարգավիճակ։ Հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ են ստացել Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի բրոնզերկաթեդարյան ժայռանկարը և  ժայռապատկերները, Կոտայքի մարզի Հատիս լեռան գագաթին գտնվող ամրոց-բնակատեղի Շամիրամի բերդը: ՀՀ ԳԱԱ ՀԱԻ արշավախումբը 2023 թ. ամրոց-բնակատեղիի տարածքում իրականացրել է հնագիտական ուսումնասիրություններ։ Պեղումներից հայտնաբերվել են ռազմական, պերճանքի և կենցաղային նշանակության առարկաներ: Գտածոների մեջ առանձնանում են նեոլիթյան քարե գործիքները, ուշ բրոնզ-երկաթեդարյան վանակատից նետասլաքները, երկաթից նիզակի ծայրը, տարբեր քարերից, երկաթից ու բրոնզից զարդարանքի առարկաները, գլանաձև կնիքը (հավանաբար Ք.ա. V դ.), Ալեքսանդր Մակեդոնացու արծաթե դրամը: Գտնվել են նաև ուշ բրոնզ-վաղերկաթեդարյան, անտիկ ժամանակաշրջանի, միջնադարի տարբեր փուլերին վերաբերող խեցեղենի բեկորներ: Միջին դարերին են վերաբերում նաև հիմնական կառույցները, որոնք ուշ միջնադարում ենթարկվել են որոշ փոփոխությունների: Պեղումների արդյունքում փաստագրվել է ամրոց-բնակատեղիի հիմնադրման և օգտագործման 4 փուլ՝ նեոլիթյան (I փուլ), ուշ բրոնզ-վաղերկաթեդարյան (II փուլ), անտիկ (III փուլ) և միջնադարյան (IV փուլ), հստակեցվել են ամրոցի սահմանները։ Ըստ պեղումների արդյունքների՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղափոխել Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման վայրը՝ նախապես որոշված գագաթից դեպի ավելի քան 260 մ հեռավորության վրա գտնվող հարակից բլուր, որը, ըստ հնագիտական ուսումնասիրությունների, զուրկ է հնագիտական շերտերից և դուրս է ամրոցի տարածքից։ Նախարարությունը թույլտվություն է տվել իրականացնելու հարակից բլրի գեոդեզիա և երկրաբանական ուսումնասիրություններ՝ նախապատրաստական աշխատանքների համար։ Հիմնադրամը տեղեկացվել է, որ նախագիծը բոլոր փուլերում անհրաժեշտ է համաձայնեցնել լիազոր մարմնի հետ։   Հանրապետության տարբեր մարզերում գտնվող պատմության և մշակույթի անշարժ  հուշարձանների  պահպանական գոտիների քննարկված նախագծերից են Շիրակի մարզի Շիրակավան գյուղի բնակատեղի «Հին շիրակավան» (մ.թ.ա. 2-1-ին հազ․, պետ․ ցուցիչ՝ 7.90.2), ամրոց (մ.թ.ա. 1-ին հազ․ 1-ին կես, պետ․ ցուցիչ՝ 7.90.2.1), դամբարանադաշտ (մ.թ.ա. 2-1-ին հազ․, պետ․ ցուցիչ՝ 7.90.2.2), Լոռու մարզի Օձուն գյուղի վանական համալիր հոռոմայրի Սբ․ Նշան՝  ստորին հուշարձանախումբ, X-XIII դդ. (պետ․ ցուցիչ՝ 5.112.10) և վանական համալիր Հոռոմայրի Սբ․ Նշան՝ վերին հուշարձանախումբ, X-XIII դդ. (պետ․ ցուցիչ՝ 5.112.11) և 29 այլ հուշարձանների պահպանության գոտիների նախագծերը։ Ընդունելի համարված 31 նախագծերը, ըստ սահմանված կարգի, կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը, այնուհետև կհաստատվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից: Իսկ Լոռու մարզի Օձուն գյուղի Եկեղեցի (Օձունի տաճար, Սբ․ Հովհաննես եկեղեցի, խաչգունդ վանք), VI դ. (պետ․ ցուցիչ՝ 5.112.5) հուշարձանի պահպանական գոտիների նախագիծն ուղարկվել է լրամշակման՝ համաձայն հանձնաժողովի դիտողությունների։
18:54 - 17 մայիսի, 2024
Եղե՛ք համարձակ, նպատակասլաց, մի՛ վախեցեք սեփական սխալների վրա սովորելուց. ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է ուսանողներին

Եղե՛ք համարձակ, նպատակասլաց, մի՛ վախեցեք սեփական սխալների վրա սովորելուց. ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է ուսանողներին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ.   «Սիրելի՛ ուսանողներ և երիտասարդներ,   Այսօր նշվում է Ուսանողների և երիտասարդների օրը՝ ի նշանավորումն Երևանի պետական համալսարանի հիմնադրման: 1919 թ. մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու որոշում ընդունեց. նշանավորելով օրվա խորհուրդը և բարձրագույն կրթության դերը երկրի զարգացման գործում՝ 2015 թվականից ի վեր մայիսի 16-ը Հայաստանում նշվում է որպես Ուսանողների և երիտասարդների օր:   Պետության խնդիրն է մշտապես աջակցել և խրախուսել ուսանողներին և երիտասարդներին՝ նրանց ներուժն ու տաղանդը բացահայտելու, գաղափարներն իրագործելու ճանապարհին: Այսօր ՀՀ կառավարությունն իր առջև խնդիր է դրել բարձրագույն կրթության և գիտության ոլորտների նշաձողը բարձրացնել՝ հնարավորություն ստեղծելով դեպի երազանք տանող ճանապարհը դարձնել դյուրին, իսկ տաղանդը, գիտելիքն ու հմտությունները ներդնել հանրային կյանքի առաջընթացում:   Մենք ունենք ոգևորող միտում՝ գիտության երիտասարդացման ուղղությամբ ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության արդյունքում ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած մրցույթներով ֆինանսավորման երաշխավորված նախագծերում ընդգրկված հետազոտողների կեսից ավելին երիտասարդ են: Ընդ որում՝ տարբեր գիտական նախագծերում աշխատող երիտասարդ գիտնականների մոտ 30 տոկոսը գիտական խմբերի ղեկավարներ են:   Շարունակաբար երիտասարդներին տրամադրվում է դրամաշնորհային աջակցություն՝ արտերկրի լավագույն գիտական կազմակերպություններում և բուհերում վերապատրաստվելու նպատակով:   Ուսանողների և գիտնականների համար որակյալ և արդիական կրթական և հետազոտական միջավայր ստեղծելու նպատակով ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով նախատեսված է նաև ակադեմիական քաղաքի կառուցումը, որը նոր մակարդակի կբարձրացնի մեր երկրի համալսարանական կրթության և հետազոտության նշաձողը:   Սիրելի՛ ուսանողներ և երիտասարդներ, եղե՛ք համարձակ, նպատակասլաց, մի՛ վախեցեք սեփական սխալների վրա սովորելուց. մաղթում եմ կամք և համառություն՝ իրականացնելու ձեր ամենահավակնոտ գաղափարները և նախաձեռնությունները»:
19:22 - 16 մայիսի, 2024
Կստեղծվի «Սպորտի կառավարման կենտրոն» ՓԲԸ, որը կկառավարի ՀՀ-ում կառուցվող և կառուցվելիք մարզակառույցները
 |1lurer.am|

Կստեղծվի «Սպորտի կառավարման կենտրոն» ՓԲԸ, որը կկառավարի ՀՀ-ում կառուցվող և կառուցվելիք մարզակառույցները |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունը 2018-ի համեմատությամբ մի քանի անգամ մեծացրել է սպորտին ուղղվող պետական միջոցները: Երևանում և մարզերում սպորտի զարգացման նպատակով մեծ ինտենսիվությամբ կառուցվում են նոր մարզակառույցներ: Վերջիններիս միասնական գույքային կառավարման, սպորտի ոլորտում տարբեր ծրագրերի արդյունավետ կառավարման նպատակով առաջարկվում է ստեղծել «Սպորտի կառավարման կենտրոն» ՓԲԸ: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ մայիսի 16-ի նիստին ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Առաջարկվում է նոր ստեղծվող ՓԲԸ-ին հատկացնել Երևանում գործող «Միկա» մարզահամալիրը և Արմավիրի մարզում գործող Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզակառույցը: Շինարարություների ավարտից հետո այս կառույցի կառավարմանը կհանձնվեն նաև ընթացքում գտնվող մյուս մարզակառույցները: «Այսիպիսով՝ ընկերությունը կլինի միասնական մասնագիտացված կառավարչական կենտրոն, որը կկառավարի հանրապետությունում կառուցվող և կառուցվելիք մարզակառույցները»,- ասաց նախարարը: Սպորտի ռազմավարությամբ նախատեսված է, որ բոլոր խոշորացված համայնքները պետք է ունենան տիպային մարզահամալիրներ, մեծ թվով շինարարության գործընթացներ հենց այս պահին ընթացքում են, և, ըստ Ժաննա Անդրեասյանի՝ այս գործընթացի արդյունքում ոչ թե առանձին ՊՈԱԿ-ներ կստեղծվեն, այլ բոլոր գույքերի կառավարումը կհանձնվի վերոնշյալ ՓԲԸ-ին: Ըստ Անդրեասյանի՝ կլինի նաև կառավարման խորհուրդ, որում կընդգրկվեն շահագրգիռ կառույցների, նաև սպորտի ոլորտի ներկայացուցիչները: Խորհուրդը կամրագրի սպորտային ենթակառուցվածքների օգտագործման կանոնակարգը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ քանի որ սպորտի ոլորտում մեծ ներդրումներ են արվում, այս որոշմամբ հնարավորություն է ստեղծվում, որ ներդրումները կառավարվեն մի կենտրոնից: «ՓԲԸ-ին պետք է հստակ ուղերձ տանք, որ կառավարել սպորտային ենթակառուցվածքը՝ նշանակում է նաև լավ կառավարիչ գտնել»,- ասաց նա և ուշադրություն հրավիրեց  աշխատանքային քննարկումներում հնչած այն մտահոգության վրա, թե շատ մարզական կառույցների կառավարում պետք է արտապատվիրակվի մասնավոր ընկերություններին՝ դրանով իսկ ներդնելով պետություն-մասնավոր գործընկերության սխեմաներ, հակառակ դեպքում՝ կձախողվի գործը: Անդրեասյանը արձագանքեց՝ մասնավորի հետ համագործակցության նոր ձևաչափեր պետք է ներդնել, ապա հավելեց՝ մասնավորի կողմից մեծ հետաքրքրություն կա մարզերում տիպային մարզահամալիրների կառուցման մասով: Մասնավոր ոլորտի մասնագիտացված ընկերությունների կողմից նույնիսկ առաջարկ ու պատրաստակամություն կա՝ համաֆինանսավորման եղանակով մասնակցելու կառուցման բուն գործընթացին:
13:28 - 16 մայիսի, 2024
Հաջորդ կայարանը՝ ակադեմիական քաղաք․ երբ ու ինչպես կկառուցվի քաղաքը

Հաջորդ կայարանը՝ ակադեմիական քաղաք․ երբ ու ինչպես կկառուցվի քաղաքը

Ակադեմիական քաղաքը կառուցվելու է Երևան քաղաքի 17-րդ թաղամասին հարող տարածքում: Մի քանի ամիս է՝ միայն լսում եմ այս տարածքի մասին կամ լուսանկարներով տեսնում այն։ Այս անգամ որոշում եմ գնալ ու սեփական աչքով տեսնել այն տարածքը, որտեղ Հայաստանի կառավարությունը խոստանում է բարձրագույն կրթության և հետազոտությունների համար լավագույն պայմաններ ապահովել։ Ակադեմիական քաղաքի կառուցումն իրականացվում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտում մեկնարկած բարեփոխումների համատեքստում։ Կառավարությունը մտադիր է խոշորացնել պետական բուհերը, դրանց միավորել գիտահետազոտական որոշ կազմակերպություններ։ Արդյունքում ստեղծվելու են 6 համալսարաններ կամ, այսպես կոչված, կլաստերներ։ Դրանցից 4-ը՝ Արվեստների, Տեխնոլոգիական, Կրթական և Սպայական, նախատեսվում է ակադեմիական քաղաք տեղափոխել մինչև 2030 թվականը, իսկ 2-ը՝ Դասականը և Բժշկականը՝ ավելի ուշ։   Թե ինչպիսի կառույցներ են կլաստերները, և ինչ կարգավիճակ են ունենալու բուհերն ու գիտական կազմակերպությունները դրանց ներսում, հայտնի չէ․ այս պահին բուհերի  և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկումներ են ընթանում, որոնք համակարգում է 2023-ի ապրիլին ստեղծված «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը։   Հանդիպման վայրը՝ «Հայֆիլմ» Աջից՝ Աստղիկ Դանիելյանը, ձախից՝ Արմեն Սիմոնյանը «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանին և փորձագետ-ճարտարապետ Աստղիկ Դանիելյանին հանդիպում եմ «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում, որտեղից ապագա ակադեմիական քաղաքը մոտ 15 րոպե հեռավորության վրա է։ 20-րդ դարի սկզբին հիմնադրված կինոստուդիան այժմ լքված և ամայի տեսք ունի։ Արմեն Սիմոնյանն ասում է՝ սկզբում նախատեսվում էր հենց «Հայֆիլմի» տարածքում կառուցել Արվեստների կլաստերը։ Հետո պարզ դարձավ, որ 17-րդ թաղամասին հարող մոտ 700 հեկտար տարածքը բավականին մեծ է, և այնտեղ հնարավոր է տեղավորել նաև այս կլաստերը։ Ի վերջո, որոշվեց «Հայֆիլմ»-ի տարածքում կառուցել կինոարտադրության կենտրոն, որը կլինի Արվեստների կլաստերի մի մասը։ Արվեստների կլաստերում, հիշեցնենք, նախատեսվում է ներառել նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։ «Հայֆիլմ»-ի շենքը Աստղիկ Դանիելյանն ասում է, որ այս պահին ակադեմիական քաղաքի հատակագիծը նախագծող գերմանական  gmp International GmbH Architects and Engineers ընկերությունը աշխարհի տարբեր երկրների ուսանողներից գաղափարներ է հավաքում այն մասին, թե ինչպիսին պիտի լինի ստեղծվելիք կինոարտադրության կենտրոնը։ Նախաձեռնությանը մասնակցում են նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները։   Հիմնական փոխադրամիջոցը լինելու է գնացքը «Հայֆիլմ»-ից միասին ճանապարհ ենք ընկնում դեպի ակադեմիական քաղաքի տարածք։ Հասնում ենք երկաթգծի մոտ, որը ծառայում է բեռնատար գնացքներով հանքարդյունաբերական բեռներ տեղափոխելու համար։ Երկաթգիծն անցնում է հենց ակադեմիական քաղաքի տարածքով՝ բաժանելով ապագա քաղաքը երկու մասի։ Մեզնից մի փոքր ներքև Սպանդարյան կայարանն է։  Մոտենում ենք ապագա քաղաքի տարածքին, մեր դիմաց երկաթգիծն է Գնացքը լինելու է մայրաքաղաք Երևանն ու ակադեմիական քաղաքը կապող հիմնական փոխադրամիջոցը։ Ապրիլի կեսերին կառավարության անդամները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «Սասունցի Դավիթ» կայարանից գնացքով ուղևորվել էին ակադեմիական քաղաքի տարածք՝ այնտեղ հասնելով 27 րոպեում։ Քաղաքի կառուցումից հետո այստեղով մարդատար գնացք է անցնելու, իսկ Սպանդարյան կայարանից մի փոքր վերև նոր կայարան է կառուցվելու։ Հնարավոր տարբերակներից մեկն այն է, որ գնացքները կաշխատեն հերթափոխով․ ցերեկը՝ մարդատարները, գիշերը՝ բեռնատարները։  Թե մարտադար գնացքով Երևանից ինչքան ժամանակում հնարավոր կլինի հասնել ակադեմիական քաղաք, կախված կլինի մի քանի բանից։  «Եթե լավ գնացք լինի, ու երգաթգծերը վերանորոգվեն, 20-22 րոպե կլինի հեռավորությունը»,- ասում է Արմեն Սիմոնյանը։ Քաղաքի հատակագծի վրա դեղին գույնով երևում է երկաթգիծը (նկարը՝ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի) Նրա խոսքով երկաթգծով հնարավոր կլինի միաժամանակ մեծ քանակով ուղևորներ տեղափոխել։ Բայց այն միակ փոխադրամիջոցը չի լինի․ ակադեմիական քաղաք հասնելու համար կգործի նաև երթուղային տրանսպորտ։ Քաղաքն ընկած է լինելու Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի և Երևանի հատման վայրում, և ճանապարհային ցանցը նախատեսվում է այնպես կառուցել, որ այնտեղ մուտք գործել հնարավոր լինի ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից։ Հիմնադրամի տնօրենն ասում է՝ ճանապարհային ցանցի ստեղծման համար միջազգային գործընկեր են ուզում ներգրավել։  Երկաթգծի ռելսերը Արմեն Սիմոնյանը տրանսպորտային այլ միջոցների՝ մետրոյի կամ տրամվայի մասին հստակ ոչինչ չի նշում, չնայած կառավարությունից եղել են հայտարարություններ, որ քաղաքում մետրո ու տրամվայ է գործելու։ «Չենք կարող լուծումը չապահովել՝ պայմանավորելով դա հնարավոր լուծումներով։ Երկաթգիծը մենք այսօր տեսնում ենք իրատեսական, մեր ժամկետներում հնարավոր լուծում, ուստի շեշտը դնում ենք սրա վրա։ Ճանապարհային ցանցը տեսնում ենք իրատեսական, մեր ժամկետներում հնարավոր լուծում, շեշտը դնում ենք դրա վրա»,- ասում է նա։   Քաղաքը շահագործման է հանձնվելու փուլ առ փուլ Մոտակա ճանապարհով անցնող բեռնատար մեքենաների աղմուկի տակ քայլում ենք երկաթգծի երկայնքով։ Հիմնադրամի տնօրենն ու ճարտարապետը ցույց են տալիս երկաթգծից արևմուտք ընկած հատվածը, որտեղ ապագայում լինելու է Տեխնոլոգիական կլաստերը, դրանից ներքև՝ ստեղծվելիք արհեստական լճից այն կողմ և քաղաքի մյուս հատվածներից մեկուսացած՝ Սպայականը։  Երկաթգծից այնկողմ ընկած է լինելու Տեխնոլոգիական կլաստերը Նայում ենք երկաթգծից աջ, որտեղ էլ լինելու են Արվեստների և Կրթական կլաստերները։ Հետագայում քաղաքն ընդլայնվելու է՝ ներառելով Դասական և Բժշկական կլաստերները։ Ակադեմիական քաղաքում նաև ազգային ստադիոն, համերգասրահ, հանրակացարանային ֆոնդ է լինելու։ Նախատեսվում է, որ առաջին 4 կլաստերները  քաղաք են տեղափոխված լինելու 2030-ի դրությամբ։ Մինչ այդ պիտի պատրաստ լինեն երկաթուղին, ճանապարհային ցանցը, հանրակացարանները։ Այս հատվածում լինելու են Արվեստների և Կրթական կլաստերները «Եթե մենք կարողանանք 2028-2029 թթ․ գոնե հանրակացարանային մասն ապահովել, թեկուզ հանրակացարաններում բնակվողները շարունակեն Երևանում մնալ ինչ-որ փուլ․․․ Երբ որ քաղաքը պատրաստ լինի, մենք ուզում ենք, որ կյանք լինի արդեն քաղաքում»,- ասում է Արմեն Սիմոնյանը։ Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է, օրինակ, Բժշկական կլաստերն ավելի ուշ տեղափոխվելու, Արմեն Սիմոնյանը նշում է․  «Բժշկական կրթության մեջ մեծ դեր ունի հիվանդանոցը։ Մեր գլխավոր հատակագծով նախատեսված է նաև, որ քաղաքն ունենալու է բազմաֆունկցիոնալ մեծ հիվանդանոց, բայց այսօր սարքել այդ հիվանդանոցը միայն համալսարանի համար անարդյունավետ է»։ Դիտարկմանը, թե ինչպես է այս փուլում ստադիոնի կամ համերգասրահի կառուցումն արդյունավետ, իսկ հիվանդանոցինը՝ ոչ, նա պատասխանում է․ «Պայմանական 10 տարի հետո այս տարածքի մոտ, հաշվի առնելով իր աշխարհագրական դիրքը, բնակչության քանակը, նոր մեծ հիվանդանոց է պետք ունենալ։ Երբ որ այդ հիվանդանոցն ունենալու բնական կարիքը կլինի՝ պայմանավորված նաև բնակչության սպասարկման կարիքով, այդ ժամանակ նաև տրամաբանական կլինի ունենալ պայմանականորեն Բժշկական կլաստերն այս տարածքում»։ Իսկ Ազգային ստադիոն կառուցեու գաղափար, ըստ հիմնադրամի տնօրենի, այսպես թե այնպես կար, և ստադիոնը պիտի կառուցվեր։ Արմեն Սիմոնյանը Հարց է առաջանում նաև, թե ինչպես է փուլ առ փուլ տեղափոխությունը կազմակերպվելու, և արդյոք 4 կլաստերների տեղափոխությունից հետո շարունակվող շինարարությունը չի՞ խանգարելու քաղաքի բնակիչներին։ Ի պատասխան այս հարցի՝ Արմեն Սիմոնյանն ասում է՝ նախնական աշխատանքներ կան, որոնք ի սկզբանե ամբողջ տարածքի համար են արվելու, օրինակ՝ ճանապարհային ցանցը։ Մնացած աշխատանքներն իրականացվելու են փուլ առ փուլ, և շինարարությունն այնպես է նախատեսված, որ որևէ հատված պատրաստ լինելուց հետո այն շահագործման հանձնվի, հետո անցնեն մեկ այլ հատվածի։ Դասական ու Բժշկական կլաստերների տարածքն, ըստ նրա, բավականին հեռու է, որ շինարարությունը չխանգարի քաղաքի մնացած հատվածներում բնակվողներին։ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրենն ասում է՝ քաղաքի տարածքը կիսաանապատային է, և կանաչապատման մեծ ծավալի աշխատանք պիտի իրականացվի։ Այս պահին հիմնադրամը բանակցում է Գիտությունների ազգային ակադեմիայի Բուսաբանության ինստիտուտի հետ, որ ինստիտուտի գիտնականներն օգնեն կանաչապատմանը վերաբերող մասնագիտական հարցերով։   Հիմնադրամը համագործակցում է արտասահմանյան համալսարանների հետ Ակադեմիական քաղաքի կլաստերների ստեղծման շուրջ աշխատանքներն ընթանում են արտասահմանյան համալսարանների հետ համագործակցությամբ։ Արվեստների կլաստերի համար հիմնադրամը համագործակցում է Լոնդոնի արվեստների համալսարանի հետ, իսկ Տեխնոլոգիական կլաստերի համար՝ Մյունխենի տեխնիկական համալսարանի։ Մյուս կլաստերների մասով բանակցությունները շարունակվում են։ Արմեն Սիմոնյանն ասում է՝ նպատակ ունեն ներգրավելու առաջատար համալսարանների։ Լոնդոնի արվեստների համալսարանը մի քանի ուղղություններ ունի՝ նորաձևություն, դիզայն, կատարղական արվեստներ և այլն։ Սակայն այնտեղ բացակայում է երաժշական կատարողական ուղղությունը։ Մինչդեռ Հայաստանի ապագա Արվեստների կլաստերում նախատեսվում է ներառել նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ «Մեր պատկերացրած Արվեստների կլաստերն իր մեջ ունենալու է, եթե պայմանական անվանենք, երաժշտական ուսումնական հաստատություն։ Մնացած մասով Լոնդոնի արվեստների համալսարանը համընկնում է։ Նրանք չունեն միայն երաժշտական ուսումնական հաստատության բաղադրիչը։ Ու դրա մասով նաև մտածում ենք այլ խորհրդատու ներգրավել։ Իսկ այն, որ մեր պատկերացրած Արվեստների համալսարանը ոչ միայն գեղարվեստի, թատերական, այլ նաև երաժշտական ուղղություն է ունենալու, նման մոդելներ շատ տեղերում կան»,- ասում է Արմեն Սիմոնյանը՝ չմանրամասնելով, թե «երաժշտական ուսումնական հաստատության» համար ինչ խորհրդատու են ներգրավելու։ Նա նշում է միայն, որ համագործակիցներ այս պահին փնտրում են Մեծ Բրիտանիայում։ Կենտրոնում՝ Աստղիկ Դանիելյանը, նրանից աջ՝ Արմեն Սիմոնյանը Աստղիկ Դանիելյանն էլ հավելում է․ «Ամենակարևոր բաներից մեկը, թե ինչու է Լոնդոնի արվեստների համալսարանը շատ լավ խորհրդատու, այն է, որ միավորման փորձ է ունեցել․ իրարից անկախ մի քանի համալսարան միավորվել են ու դարձել Լոնդոնի արվեստների համալսարան։ 20 տարի անցել է, ու մինչև հիմա դեռ որոշ խնդիրներ են լուծում։ Այսինքն՝ դա պրոցես է, որին նրանք ծանոթ են»։   Նախագծի ժամկետները Ապրիլին gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը, պատասխանելով հարցին, թե երբ առաջին ու վերջին կլաստերները կտեղափոխվեն ակադեմիական քաղաք, նշել էր․ «Սա այն տեսլականն է, որ մենք կունենանք ապագայում։ Գուցե 30-50 տարվա տեսլական, բայց մենք պետք է սկսենք։ Առաջիկա 10 տարվա ընթացքում մենք պետք է ունենանք արդեն համալսարաններ այնտեղ։ ․․․ Ինձ թվում է 5-7 տարի հետո արդեն կկարողանանք առաջին համալսարանները տեղափոխել»։ «Հանրային» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում էլ ընկերության տնօրենն ու փոխտնօրենը նշել էին, որ սա դիտարկում են 15-20 տարի տևողությամբ նախագիծ։ Արմեն Սիմոնյանը 2030-ի դրությամբ 4 կլաստերների տեղափոխումն իրատեսական է համարում, սակայն, խուսափում է նշել, թե երբ վերջնականապես պատրաստ կլինի ակադեմիական քաղաքը, և այնտեղ տեղափոխված կլինեն նաև Դասական և Բժշկական կլաստերները։  Մուգ կապույտով նշված է Տեխնոլոգիական կլաստերը, փիրուզագույնով՝ Արվեստների, դեղինով՝ Կրթական, շագանակագույնով՝ Սպայական, գազարագույնով՝ Դասական, կանաչով՝ Բժշկական (լուսանկարը՝ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի) Հարցին, թե ինչու են նախագծող կազմակերպության ներկայացուցիչները նշում 15-20 տարի, նա պատասխանում է․ «Նայած՝ ինչ ենք պատկերացնում՝ ասելով վերջնական ստանալ։ Եթե մենք ակադեմիական քաղաքը պատկերացնում ենք այն միջավայրը, որտեղ գալու է նաև արտադրություն, գալու է նաև բիզնես, այն միջավայրը, որ նախատեսում ենք ստանալ, իհարկե, երարաժամկետ ծրագրի մասին է, այն պետք է նաև հաջողության պատմություն ունենա»։ Ակադեմիական քաղաքի հատակագծի հայեցակարգը հաստատված է․ վերջնական հատակագիծը պատրաստ կլինի այս տարվա հուլիսին։ Հենց դրանից հետո էլ կսկսվեն քաղաքի կառուցման աշխատանքները։ Այս պահին «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը համակարգում է կլաստերների կառուցվածքը որոշելու նպատակով ձևավորված 6 աշխատանքային խմբերի քննարկումները։ Քննարկումներին մասնակցում են բուհերի ու գիտական կազմակերպությունների ներկայացուցիչները։  Արմեն Սիմոնյանն ասում է, որ իրենք և՛ լսում են քննարկումների ժամանակ հնչած տեսակետները, և՛ ուշադիր հետևում են մամուլի հրապարակումներին։ «Եթե նայենք՝ ինչ պատկերացում կար [ծրագիրը] մշակողների մոտ, պայմանական, 2023-ի սեպտեմբերին, հետո նոյեմբերին կամ հիմա, ապա կտեսնենք, որ այն որոշակի փոփոխություն, որոշակի էվոլյուցիա ունենում է, և այդ ամեն ինչը պայմանավորված է և՛ քննարկումներով, և՛ հանրային տիրույթում հնչեցրած կարծիքներով»։ Քաղաքի հատակագիծը «Քանի՞ տոկոս է այս նախագիծը ձախողելու հավանականությունը»։ Այս հարցս Արմեն Սիմոնյանը վերաձևակերպում է․ «Հնարավո՞ր է, թե՞ չէ»։  «Իհարկե, հնարավոր է,- պատասխանում է նա իր վերաձևակերպած հարցին։- Տարօրինակ կլիներ, եթե զբաղվեինք մի բանով, որն անհնար է»։ Աստղիկ Դանիելյանն էլ ասում է․ «Այսօր ավելի հնարավոր է, քան մի տարի առաջ։ Որովհետև մենք ամեն օր աշխատում ենք այն ուղղությամբ, որ իրականացումը մոտենա։ Ամեն քայլը մեզ մոտեցնում է»։ «Եթե կամք, ֆինանս, ցանկություն լինի, հնարավոր է»,- հավելում է Արմեն Սիմոնյանը։   Աննա ՍահակյանԼուսանկարները՝ Սարգիս Խարազյանի
16:34 - 13 մայիսի, 2024
Սպորտի ոլորտում համագործակցության հուշագիր՝ ԿԳՄՍՆ-ի և Իսպանիայի կրթության, մասնագիտական ուսուցման և սպորտի նախարարության միջև

Սպորտի ոլորտում համագործակցության հուշագիր՝ ԿԳՄՍՆ-ի և Իսպանիայի կրթության, մասնագիտական ուսուցման և սպորտի նախարարության միջև

Իսպանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իսպանիայի կրթության, մասնագիտական ուսուցման և սպորտի նախարար Պիլար Ալեգրիայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իսպանիա երկկողմ կապերի ամրապնդման, համատեղ ծրագրերի իրականացման հարցերը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ Հայաստանը կրթական բոլոր մակարդակներում ակտիվ բարեփոխումների փուլում է գտնվում: Ներկայացնելով բարեփոխումները՝ նախարարը նշել է, որ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվում է հանրակրթության նոր չափորոշիչը, որտեղ մեծ տեղ է հատկացվում ԲՏՃՄ և օտար լեզուների ուղղությամբ կրթությանը: Իսպանիայի կրթության, մասնագիտական ուսուցման և սպորտի նախարարի հետ հանդիպմանը քննարկվել են ուսումնական հաստատությունների կառավարմանը, ուսումնական հաստատություններում սովորողների կրթության որակի բարձրացման վրա ազդող գործոններին և սովորողների ուսումնառության մոտիվացիայի բարձրացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև մասնագիտական կրթությանն ու իսպաներենի ուսուցմանն առնչվող հարցերին: Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու Իսպանիայի ԻԹ կրթության, մասնագիտական ուսուցման և սպորտի նախարար Պիլար Ալեգրիան ստորագրել են սպորտի ոլորտում համագործակցության հուշագիր: Փոխըմբռնման հուշագրի միջոցով կողմերը կզարգացնեն իրենց հարաբերությունները սպորտի ոլորտում՝ հաշվի առնելով, որ սպորտն ամուր հենասյուն է բարեկամական հարաբերությունների և փոխըմբռնման ամրապնդման համար։ Կողմերը հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ համագործակցելու սպորտային բժշկության, ​հակադոպինգային գործունեության, ​խոշոր մարզական միջոցառումների կազմակերպման, սպորտի ոլորտում մասնագետների և ղեկավարների վերապատրաստման, երիտասարդ մարզիկների ձևավորման, սպորտում կանանց ներգրավվածության բարձրացման և այլ ուղղություններով: Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում սպորտի կառավարման մոդելի զարգացմանը և այդ համատեքստում քննարկվել իսպանական փորձի ուսումնասիրության հնարավորությունը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է իսպանական կողմի՝ Հայաստանում անցկացվող միջազգային խոշոր մարզական միջոցառումներին ակտիվ մասնակցությունը:  
12:51 - 10 մայիսի, 2024
ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Իսպանիայի ազգային գրադարանում պահվող հայերեն ձեռագրերին

ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Իսպանիայի ազգային գրադարանում պահվող հայերեն ձեռագրերին

Աշխատանքային այցով Մադրիդում գտնվող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը  հանդիպել է Իսպանիայի ազգային գրադարանի  տնօրեն Օսկար Առոյո Օրտեգային։ Վերջինիս ուղեկցությամբ Ժաննա Անդրեասյանը շրջել է գրադարանում, ծանոթացել  Իսպանիայի ազգային գրադարանի գործող ցուցահանդեսներին, ինչպես նաև գրադարանային ֆոնդին, որտեղ պահվում են նաև 17-րդ դարի հայերեն ձեռագրեր։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Նախարարը երկկողմ հանդիպման ընթացքում  ներկայացրել է Մ․ Մաշտոցի անվան Մատենադարան գիտահետազոտական ինստիտուտի գործունեությունն ու հարուստ պատմական ժառանգությունը և փաստել, որ  Մատենադարանը հին ձեռագրերի վերականգնման հարուստ փորձ ունի։ Կողմերը քննարկել են համատեղ ցուցահանդես կազմակերպելու, համագործակցության հուշագիր ստորագրելու հեռանկարները` փաստելով համատեղ ծրագրեր կյանքի կոչելու  հասատատակամությունը։ Նախանշվել է գործընթացին տարբեր երկրների հայագիտական ամբիոնների ներկայացուցիչների ընդգրկելու կարևորությունը։
13:03 - 09 մայիսի, 2024
Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

ԿԳՄՍ նախարարի հրամանովփոփոխություններ են կատարվել «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու կարգում»: Ըստ այդմ՝ սահմանվել է. այս սեպտեմբերին՝ 2024-2025 ուսումնական տարում, առաջին դասարան կհաճախեն այն երեխաները, որոնց 6 տարին լրանում է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ. այս սեպտեմբերին՝ 2024-2025 ուսումնական տարում, առաջին դասարան կհաճախեն նաև այն երեխաները, որոնք սահմանված ժամկետում դպրոց չեն հաճախել, և մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը լրանում է նրանց 7 և 8 տարին. հաջորդ սեպտեմբերից՝ 2025-2026 ուսումնական տարվանից սկսած՝ մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ, 7 և 8 տարին լրանալու դեպքում դպրոց չհաճախած երեխաները կընդունվեն տարիքային խմբին համապատասխան դասարան, այսինքն՝ համապատասխանաբար 2-րդ և 3-րդ դասարաններ` ընդհանուր հիմունքներով: Եթե որևէ պատճառով 9-ից  բարձր տարիքի երեխան առհասարակ  դպրոց չի հաճախել, ապա նրա  ընդգրկումը հանրակրթության մեջ կատարվում է՝ համաձայն 2010 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 1640-Ն հրամանով հաստատված  կարգի: Սահմանվել է նաև, որ հանրակրթական հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից հանրակրթական ուսումնական հաստատություն սովորողի տեղափոխումը կատարվում է գործող կարգի պահանջներին համապատասխան, ամբողջ ուսումնական տարվա ընթացքում` բաց թողած ծրագրային նյութը լրացնելու պայմանով՝ հետևյալ սկզբունքով. ա) 1-ին կուրսից` 10-րդ դասարան (առանց նախարարության գրավոր համաձայնության). բ) 2-րդ կուրսից՝ 11-րդ դասարան (առանց նախարարության գրավոր համաձայնության). գ) 3-րդ, 4-րդ (առկայության դեպքում՝ 5-րդ) կուրսերից` 12-րդ դասարան՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված լինելու կամ սովորողի մասնագիտական կրթության ուղղությամբ ՆՄՄԿ հաստատություն չունեցող կամ ՆՄՄԿ հաստատություն չունեցող բնակավայր տեղափոխման դեպքում: 3-րդ, 4-րդ (առկայության դեպքում՝ 5-րդ) կուրսերից տեղափոխման հնարավորությունն ընձեռվում է՝ հաշվի առնելով սովորողի պարտադիր կրթության շարունակականության ապահովման անհնարինության դեպքերը (օրինակ՝ վարքի կամ բացակայությունների պատճառով ՆՄՄԿ հաստատություններից հեռացման կամ անվճար համակարգից վճարովի համակարգ առաջադիմության հետ կապված տեղափոխությամբ պայմանավորված վճարունակ չլինելու հանգամանքը):   Այս դեպքերում տեղափոխությունն իրականացվում է հիմնավոր պատճառների վերաբերյալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու և դրական դիրքորոշում ստանալուց հետո:
13:00 - 08 մայիսի, 2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Իսպանիայի Թագավորություն՝ Մադրիդում կայանալիք Կանանց 2024 թվականի գլոբալ գագաթաժողովին մասնակցելու նպատակով: ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության համաձայն՝ այցի շրջանակում նախատեսվում է նաև սպորտի ոլորտում համագործակցության հուշագրի ստորագրում՝ Իսպանիայի Թագավորության կրթության, մասնագիտական ուսուցման և սպորտի նախարարության հետ: Նախատեսվում են նաև հանդիպումներ ԻԹ մշակույթի նախարարի և գիտական հետազոտությունների գլխավոր քարտուղարի հետ: Մադրիդ կատարած աշխատանքային այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կայցելի կրթական ու մշակութային մի շարք հաստատություններ, այդ թվում՝ Մադրիդի Կոմպլուտենս համալսարան, որտեղ գործում է Հայագիտության ամբիոն:
12:04 - 08 մայիսի, 2024
ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է դպրոցների ավարտական քննությունների օրերը

ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է դպրոցների ավարտական քննությունների օրերը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման ժամկետները: ԿԳՄՍ նախարարության տարածած ցանկում նշվում է՝ 4-րդ դասարանում գիտելիքների ստուգում կանցկացվի հետևյալ առարկաներից` «Մայրենի» (գրավոր, թեստ) - 07.06.2024 թ. «Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) - 11.06.2024 թ. Ռուսաց լեզու (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում Մայրենի լեզու և գրականություն (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում: 9-րդ դասարանում քննություններ կանցկացվեն հետևյալ առարկաներից՝ «Հայոց լեզու» (գրավոր, թեստ) - 04.06.2024 թ. «Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) - 10.06.2024 թ. Բնագիտություն («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ՝ գրավոր, թեստ) - 17.06.2024 թ. Տավուշի մարզի ուսումնական հաստատություններում՝ «Հայոց պատմություն» և «Գրականություն» /մեկ միասնական էսսե/-20.06.2024 թ. «Հայոց պատմություն» (բանավոր) - քննաշրջանի ընթացքում «Գրականություն» (բանավոր) - քննաշրջանի ընթացքում Օտար լեզու («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ, բանավոր) - քննաշրջանի ընթացքում «Ռուսաց լեզու» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում «Ֆիզկուլտուրա» (ստուգարք)- քննաշրջանի ընթացքում «Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում: 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունները կանցկացվեն հետևյալ առարկաներից՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» (գրավոր) - 06.06.2024 թ. «Մաթեմատիկա» (գրավոր) - 12.06.2024 թ. «Հայոց պատմություն» (գրավոր) - 19.06.2024 թ. «Ռուսաց լեզու» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում «Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում: «Ֆիզկուլտուրա» (ստուգարք)- քննաշրջանի ընթացքում Պետական ավարտական քննությունների ժամանակացույց և աշխատակարգ:
17:28 - 07 մայիսի, 2024
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

ԿԳՄՍՆ-ում քննարկվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում ընթացող կրթական բարեփոխումների շրջանակում իրականացվող համագործակցության ծրագրերը: Մասնավորապես՝ անդրադարձ է եղել «Հայաստանում կրթական բարեփոխումների վերաբերյալ քաղաքականության երկխոսություն» խորագրով հարթակի մեկնարկին՝ նվիրված ՀՀ-ում կրթական ոլորտի բարեփոխումների ընթացքին, հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման աշխատանքներին: Ողջունելով Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Եվրոպական միության հետ տարբեր ուղղություններով արդյունավետ համագործակցությունը: Նախարարի գնահատմամբ՝ ԵՄ շարունակական աջակցությունը Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին ՀՀ կառավարության գերակայությունների շարքում է և առանձնակի կարևորություն ունի երկկողմ հարաբերություններում: Դեսպան Վասիլիս Մարագոսը նույնպես կարևորել է Հայաստանի և Եվրոպական միության միջև երկխոսության և համագործակցության բարձր մակարդակը, ինչպես նաև վերահաստատել ԵՄ պատրաստակամությունը՝ Հայաստանի կրթական համակարգի արդյունավետ գործունեությանն աջակցելու հարցում: Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումները: Ժաննա Անդրեասյանը, մասնավորապես, տեղեկացրել է՝ ԱԺ-ում քննարկվում է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը, որը նոր կարգավորումներ կբերի ոլորտում մասնավոր ընկերությունների հետ համագործակցության և դուալ կրթության ներդրման մեխանիզմների կանոնակարգման տեսանկյունից: Նախարարը տեղեկացրել է, որ առաջիկայում հանրային քննարկման կներկայացվի նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որի ընդունումը կարևոր նշանակություն ունի ոլորտի զարգացման և բարեփոխումների համար: Դեսպան Վասիլիս Մարագոսը հետաքրքրվել է նաև ՀՀ կառավարության՝ դպրոցների կառուցման և վերանորոգման, ինչպես նաև ԵՄ աջակցությամբ դպրոցներում բնագիտական լաբորատորիաների ստեղծման աշխատանքների ընթացքից: Նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ դպրոցներում նոր լաբորատորիաների ստեղծման աշխատանքներն իրականացվում են՝ ըստ սահմանված ժամանակացույցի: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ հանդիպմանը քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սովորողների և ուսուցիչների աջակցության ծրագրերին վերաբերող հարցեր: ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ ԼՂ-ից բռնի տեղահանված դպրոցահասակ գրեթե բոլոր երեխաները՝ շուրջ 17 հազար աշակերտ, ընդգրկվել են Երևանի և ՀՀ մարզերի հանրակրթական ուսումնական հաստատություններում: Ժաննա Անդրեասյանը նաև նշել է՝ իրականացվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների՝ ուսման վարձի փոխհատուցման ծրագիրը: Անդրադառնալով՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագրին՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ Կառավարությունը վերջերս երկարաձգել է ծրագրի գործողության ժամկետը մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը: ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ հետաքրքրությունը բավականին մեծ է, և ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները բնակության վայրի վերջնական հաստատումից հետո այժմ բավական ակտիվ դիմում են ծրագրին: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ այս պահի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 500 ուսուցիչ աշխատում է ՀՀ դպրոցներում, որից 350-ը հանդիսանում է աջակցության ծրագրի շահառու: Ըստ ծրագրի՝ հանրապետության բոլոր մարզերի դպրոցներում աշխատանքի անցնելիս ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները կստանան 30 տոկոս հավելավճար 2 տարի ժամկետով, իսկ որոշ մարզերում՝ Սյունիքի, Վայոց ձորի հանրակրթական ուսումնական հաստատություններում, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի որոշ համայնքներում աշխատանքի անցնելու դեպքում կունենան նաև 50 հազար դրամ լրավճար: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև մշակույթի և սպորտի ոլորտներում Եվրոպական միության հետ համագործակցության հեռանկարներին:
19:12 - 06 մայիսի, 2024