ՆԳՆ փրկարար ծառայություն

Փրկարար ծառայությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ենթակա մարմին է։

Իրականացնում է արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրերի մշակում, քաղաքացիական պաշտպանության պահուստների ստեղծմանը և նպատակային օգտագործմանը մասնակցություն. հակահրդեհային պահպանության և հրշեջ-փրկարարական ծառայությունների մատուցում և այլ գործառույթներ:

Ծառայության գործող պետը Կամո Ցուցուլյանն է։

2023թ․ հունիսի 30-ից դադարեցվել է ՀՀ արտակարագ իրավիճակների նախարարության գործունեությունը՝ համաձայն 2022թ. դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՀ օրենքի, որով ստեղծվել է Ներքին գործերի նախարարությունը։ 

Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտրի կենտրոնի 6 տաղավար

Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտրի կենտրոնի 6 տաղավար

Մայիսի 17-ին, ժամը 03:51-ին «ՍՈՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ազդանշան է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց 17 հասցեում գտնվող «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից տասը մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Փրկարարական ուժերի վարչության օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խմբերը և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան: Նախնական տվյալներով այրվել է մոտ 1000 քմ տարածքում գտնվող 6 տաղավար՝ ամբողջությամբ, ջերմահարվել՝ մոտ 1500 քմ տարածքում գտնվող տաղավարները։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:42-ին, մարվել՝ 07։11-ին: Դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրենի տեղակալներ, փ/ծ գնդապետներ Դ. Սարգսյանը, Տ․ Պետրոսյանը և այլ պաշտոնատար անձինք։
09:18 - 17 մայիսի, 2024
ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է ներկայացրել Երևանի կենտրոնում տեղի ունեցած շղթայական ավտովթարից

ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է ներկայացրել Երևանի կենտրոնում տեղի ունեցած շղթայական ավտովթարից

ՆԳՆ փրկարար ծառայությունը անդրադառնալով Երևանի կենտրոնում տեղի ունեցած շղթայական ավտովթարից մանրամասներ է ներկայացրել։ 《Մայիսի 11-ին, ժամը 14:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Range Rover» (վարորդ՝ Ս․ Պ․), «Opel» (վարորդ՝ Լ․ Շ․), «Mazda» մակնիշների ավտոմեքենաները և թիվ 44 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսը։ «Range Rover» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Տ․ Կ․-ն (ծնված 2005 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են «Range Rover» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները 》։
17:05 - 11 մայիսի, 2024
Համագործակցությունը կշարունակվի. ՀՀ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանն ընդունել է ԳԴՀ ՆԳ նախարարության պատվիրակությանը

Համագործակցությունը կշարունակվի. ՀՀ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանն ընդունել է ԳԴՀ ՆԳ նախարարության պատվիրակությանը

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության ներքին գործերի նախարարության խորհրդարանական պետքարտուղար, Բունդեսթագի անդամ Յոհան Զաթհոֆի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես  տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, Արփինե Սարգսյանը բարձր է գնահատել երկկողմ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը՝ ապաստան հայցողների համար Հայաստանում կացարանի կառուցմանն աջակցություն ցուցաբերելու համար։ «Նա անդրադարձել է ՆԳ նախարարության ձևավորմանն ու ենթակա ծառայություններում ընթացող կառուցվածքային և բովանդակային բարեփոխումներին։ Խոսելով աղետների ռիսկի նվազեցման, արտակարգ իրավիճակներին արձագանքման, հետաղետային վերականգնման գործընթացների կազմակերպման և համակարգմանն ուղղված նախարարության քաղաքականության մասին՝ փոխնախարարը ներկայացրել է Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարությունը և 2023-2026 թթ. գործողությունների ծրագիրը։ Արփինե Սարգսյանն անդրադառնալով Ռազմավարության գործողությունների ծրագրով սահմանված միջոցառումներին՝ մասնավորապես առանձնացրել է թիրախային երկու ուղղություններ, որոնք միտված են ինչպես աղետների դեպքում պետության պատշաճ արձագանքմանը, այդ գործընթացում պետական մարմինների դերաբաշխումն ապահովելուն, այնպես էլ քաղաքացիների իրազեկվածության և պատրաստվածության մակարդակի հետևողական բարձրացմանը։ Պատվիրակության ղեկավար Յոհան Զաթհոֆն իր խոսքում ողջունել է ՆԳ նախարարությունում իրականացվող բարեփոխումները: Նա ներկայացրել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ներքին գործերի նախարարության կառուցվածքը և իրավասությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ աղետների ռիսկի կառավարմանն ուղղված միջոցառումները և աշխատանքները համակարգված և փոխլրացված կազմակերպելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել փորձի փոխանակում՝ երկու պետությունների աղետների ռիսկի կառավարման ոլորտի ռազմավարություններում համագործակցության ուղղությունները սահմանելու համար։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և համագործակցության հետագա ուղղություններին վերաբերող մի շարք հարցեր։
21:58 - 08 մայիսի, 2024