Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Արարատ Միրզոյանը Վիեննայում ցավակցություն է հայտնել միջազգային համաժողովին մասնակցող Իրանի ներկայացուցչին

Արարատ Միրզոյանը Վիեննայում ցավակցություն է հայտնել միջազգային համաժողովին մասնակցող Իրանի ներկայացուցչին

Վիեննայում Միջուկային անվտանգության միջազգային համաժողովի մեկնարկին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել համաժողովին մասնակցող Իրանի ներկայացուցչին նախօրեին ուղղաթիռի ողբերգական վթարի հետևանքով զոհված Իրանի նախագահի, արտաքին գործերի նախարարի և մյուս անձանց մահվան կապակցությամբ: Համաժողովը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ: Հիշեցնենք՝ իրանական ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք էր կատարել երկրի Վերզեգան շրջանում:   Ուղղաթիռում, բացի նախագահից, եղել են նաև Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, այաթոլլա Ալ-Հաշեմը, Թավրիզի իմամ Ջուման, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալիք Ռահմաթին և անվտանգության աշխատակիցները:
23:22 - 20 մայիսի, 2024
Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային թեմաների շուրջ

Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային թեմաների շուրջ

Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության ԱԳ նախարար Յան Լիպավսկիի հետ: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպումը կայացել է նախարար Միրզոյանի՝ Վիեննա աշխատանքային այցի շրջանակներում: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Չեխիայի միջև փոխգործակցության հարցերի լայն շրջանակի։ Երկկողմ համագործակցության համատեքստում գոհունակությամբ ընդգծվել է ակտիվ քաղաքական երկխոսությունն ու տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման փոխադարձ պատրաստակամությունը։ Անդրադառնալով ԵՄ հարթակում համագործակցությանը՝ երկուստեք կարևորվել է գործընկերության խորացումը թե’ ժողովրդավարական բարեփոխումների իրականացման, թե’ անվտանգային հարցերում, մասնավորապես ՀՀ-ում ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեության համատեքստում։ «Մենք իրապես էականորեն խորացնում ենք հարաբերությունները ԵՄ հետ, և դա վերաբերելի է բոլոր ուղղություններին։ Անդամ պետությունների ամուր աջակցությունը մեր օրակարգի՝ առկա գործիքակազմի կիրառման միջոցով առաջ մղմանը խիստ կարևոր է, հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում»,- շեշտել է ՀՀ ԱԳ նախարարը։ Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային թեմաների շուրջ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, մասնավորապես սահմանազատման գործընթացի համատեքստում նախարար Միրզոյանը շեշտել է 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին հստակ հավատարմության առանցքային նշանակությունը, ինչն իրենց հերթին ընդգծել են մի շարք միջազգային գործընկերներ, այդ թվում՝ Եվրոպական միությունը։ Վկայակոչելով կայուն խաղաղության հաստատման պարագայում տարածաշրջանային տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները՝ նախարար Միրզոյանը շեշտել է՝ հայկական կողմը հանձնառու է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչմանը, այդ թվում՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը՝ հիմնվելով ինքնիշխանության, ազգային իրավազորության հարգման, հավասարության ու փոխադարձության սկզբունքների վրա։
21:39 - 20 մայիսի, 2024
Միրզոյանը և Գրոսսին քննարկել են Հայաստան-ԱԷՄԳ օրակարգային հարցեր

Միրզոյանը և Գրոսսին քննարկել են Հայաստան-ԱԷՄԳ օրակարգային հարցեր

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ: Հանդիպումը կայացել է նախարարի՝ Վիեննա աշխատանքային այցի շրջանակներում։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:   Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և ԱԷՄԳ միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունն ու ակտիվ դինամիկան, որին նպաստում են նաև պարբերական բարձրաստիճան այցերն ու հանդիպումները։ Քննակվել են Հայաստան-ԱԷՄԳ օրակարգային մի շարք հարցեր։ Հաշվի առնելով ժամանակակից մարտահրավերներն ու ներկայիս պայմաններում միջուկային էներգիայի աճող դերը՝ ընդգծվել է Միջուկային անվտանգության նախարարական համաժողովին ՀՀ ԱԳ նախարարի մասնակցության և խոսքում արված հիմնական շեշտադրումների կարևորությունը։ Մտքեր են փոխանակվել էներգետիկայի և առողջապահության ոլորտներում, մասնավորապես ուռուցքաբանության ու ճառագայթային բժշկության բնագավառներում իրականացվող ծրագրերի շուրջ:   Անդրադարձ է կատարվել ՀՀ ատոմային էլեկտրակայանի հետագա ապահով և անվտանգ շահագործմանը՝ ԱԷՄԳ առաջարկություններին և չափանիշներին համապատասխան: Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը, ելնելով միջուկային էներգիայի կարևորությունից և ազգային առաջնահերություններից՝ ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ ատոմակայանի կյանքը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար՝ միաժամանակ ուսումնասիրելով նոր հնարավորությունները։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը բարձր է գնահատել ԱԷՄԳ կողմից ցուցաբերվող աջակցությունն ու փոխշահավետ համագործակցությունը։
19:43 - 20 մայիսի, 2024
Միջազգային գործընկերների հետ համագործակցության շնորհիվ Հայաստանի բոլոր սահմանային անցակետերը շարունակաբար արդիականացվում և թարմացվում են. Միրզոյան

Միջազգային գործընկերների հետ համագործակցության շնորհիվ Հայաստանի բոլոր սահմանային անցակետերը շարունակաբար արդիականացվում և թարմացվում են. Միրզոյան

Մայիսի 20-ին Վիեննայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Միջուկային անվտանգության՝ «Ձևավորելով ապագան» միջազգային համաժողովին: Ստորև ներկայացնում ենք նախարար Միրզոյանի ամբողջական ելույթը. «Գլխավոր քարտուղար Գրոսսի, Մեծարգո՛ համանախագահներ, Հարգելի՛ գործընկերներ, Կցանկանայի սկսել՝ արտահայտելով մեր խորին ցավակցությունները Իրանի Կառավարությանը, գործընկերներին և բարեկամ ժողովրդին ուղղաթիռի ողբերգական վթարի կապակցությամբ: Ցանկանում եմ իմ գոհունակությունը հայտնել գլխավոր քարտուղարին և քարտուղարությանը միջուկային անվտանգության միջազգային չորրորդ համաժողովը կազմակերպելու համար, ինչպես նաև շնորհավորել Ավստրալիային և Ղազախստանին՝ միջոցառումը արդյունավետ համանախագահելու համար: Որպես չտարածման ջատագով՝ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Չտարածման մասին պայմանագրին և այլ համապատասխան միջազգային փաստաթղթերին և հավատարիմ է ԱԷՄԳ երաշխիքային համաձայնագրերին և լրացուցիչ արձանագրություններին: Վերջին տասնամյակում մեր գլոբալ միջավայրը կրել է զգալի փոփոխություններ՝ արձանագրելով արագ փոխակերպումներ և աննախադեպ մարտահրավերներ՝ ներառյալ այնպիսիք, որոնք բխում են տեխնոլոգիաների զարգացումից: Շատ կարևոր է, որ մեր ազգային միջուկային անվտանգության համակարգը կարողանա հարմարվել և դիմակայել նոր առաջացող սպառնալիքներին: Ընդգրկուն երկխոսության խթանումը, տեղեկատվության փոխանակումը և լավագույն փորձի կիրառումը կարևոր են սպառնալիքների արդյունավետ նույնականացման և կառավարման համար: ԱԷՄԳ կենտրոնական դերակատարությամբ՝ գործընկերների հետ միջազգային համագործակցությունը էական դերակատարություն է ունեցել միջուկային անվտանգության և ապահովության բնագավառում մեր կարողությունների ամրապնդման գործում: Հայկական ատոմակայանը տարիների ընթացքում իրականացրել է մի շարք ծրագրեր միջուկային անվտանգության մակարդակը բարձրացնելու համար՝ ԱԷՄԳ առաջարկություններին համապատասխան: Այս բարելավումները՝ ատոմակայանի լայնամասշտաբ արդիականացումը և սարքավորումներով վերահագեցումը, ատոմային էներգիայի նկատմամբ ձևավորել են հավելյալ հանրային վստահություն: Առաջնորդվելով ազգային առաջնահերթություններով և ածխածնի զրոյական արտանետման գլոբալ նպատակներին հասնելու գործում միջուկային էներգիայի առանցքային կարևորությամբ, ինչպես նաև ելնելով ԱԷԿ-ի շահագործման ընթացքում ապահովության և անվտանգության բարձր չափանիշների պահպանման կարևորությունից՝ Հայաստանը որոշել է երկարաձգել ներկայիս էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը՝ նոր հզորության սահուն անցման վերջնական նպատակով: Հայաստանն իր Ազգային գործողությունների ծրագրով լիարժեքորեն հետևում է միջազգային պարտավորություններին, որոնք սահմանված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1540 բանաձևով: Մեծ ջանքեր են գործադրվել, որպեսզի ապահովվի խիստ սահմանային վերահսկողություն՝ միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգությունը կանխելու համար: Միջազգային գործընկերների հետ համագործակցության շնորհիվ Հայաստանի բոլոր սահմանային անցակետերը շարունակաբար արդիականացվում և թարմացվում են: Հարգելի՛ գործընկերներ, Վկայակոչելով ԱԷՄԳ գլխավոր համաժողովի բանաձևերը և որոշումները՝ Հայաստանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային օբյեկտների վրա հարձակումը կամ հարձակման վտանգը համարվում է ՄԱԿ-ի Կանոնադրության, միջազգային իրավունքի և Գործակալության կանոնադրության խախտում: Հայաստանի դիրքորոշումն այս պարագայում սկզբունքային է, բայց նաև բխում է անցյալի փորձից՝ հաշվի առնելով ՀՀ ատոմակայանի դեմ անթաքույց սպառնալիքները: Խաղաղ միջուկային օբյեկտների անձեռնմխելությունը և անվտանգությունը պետք է անառարկելիորեն պահպանվի նաև զինված հակամարտությունների ժամանակ: Այս առումով Հայաստանը ցանկանում է վերահաստատել «Յոթ անփոխարինելի հենասյուների» կարևորությունը, որոնք առաջ է քաշել գլխավոր քարտուղարը՝ որպես խաղաղ միջուկային օբյեկտների անվտանգության պահպանման նվազագույն պայման: Այս լույսի ներքո Հայաստանը բարձր է գնահատում գլխավոր քարտուղարի և ԱԷՄԳ-ի անձնակազմի նվիրված և շարունակական ջանքերը։ Մեր նպատակն է ստեղծել միջազգային ընկալում, առ այն, որ կա անհրաժեշտություն նոր շունչ հաղորդելու միջազգային իրավաբանորեն պարտավորեցնող պայմանագրի մշակման գործընթացին, որը կարգելի խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային օբյեկտների վրա զինված հարձակումները և հարձակման սպառնալիքները: Եզրափակելով՝ կցանկանայի վերահաստատել մեր անսասան նվիրվածությունը համաշխարհային միջուկային անվտանգության ամրապնդման ընդհանուր նպատակներին, միջուկային զենքի չտարածմանը և միջուկային էներգիայի խաղաղ օգտագործմանը: Թող այս համաժողովը ծառայի որպես նորացված համագործակցության և նորարարության խթան՝ մղելով մեզ դեպի ավելի ապահով և անվտանգ ապագա: Շորհակալություն: Միջուկային անվտանգության համաժողովի նպատակն է ապահովել գլոբալ ֆորում նախարարների, քաղաքականություն մշակողների և միջուկային անվտանգության փորձագետների համար՝ քննարկելու միջուկային անվտանգության ապագան ամբողջ աշխարհում՝ միաժամանակ հնարավորություն տալով տեղեկատվության և լավագույն փորձի փոխանակման և միջուկային անվտանգության ամրապնդման ուղղությամբ միջազգային համագործակցության խթանման համար։ Համաժողովի աշխատանքները նպաստում են միջուկային անվտանգության հարցերի լայն շրջանակի, ներառյալ առկա մարտահրավերների և դրանց միտումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, ոլորտում առաջնահերթությունների վերանայմանը, հրատապ ուշադրության կարիք ունեցող ուղղությունների հասցեագրմանը։ Համաժողովի արդյունքները հիմք կծառայեն ԱԷՄԳ 2026-2029 թթ. միջուկային անվտանգության ծրագրի մշակման համար»:
17:16 - 20 մայիսի, 2024
ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի շփումների ժամանակ քննարկումներ են եղել ՀՀ-ԵՄ ամուր գործընկերության օրակարգի և հարաբերությունները խորացնելու ուղիների շուրջ

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի շփումների ժամանակ քննարկումներ են եղել ՀՀ-ԵՄ ամուր գործընկերության օրակարգի և հարաբերությունները խորացնելու ուղիների շուրջ

ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել․«Տարածաշրջանային հարցեր, Եվրոպայի խորհրդի աշխարհագրական գոտում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, զարգացումներ, ՀՀ-ԵՄ ամուր գործընկերության օրակարգ և հարաբերությունները խորացնելու ուղիների շուրջ քննարկումներ. թեմաների լայն շրջանակ, որոնք արծարծվել են ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի շփումների ժամանակ: Դրանք ներառել են շփումներ նաև Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի, Սլովենիայի ԱԳ նախարար Տանյա Ֆայոնի, Անդորրայի ԱԳ նախարար Իմա Տոր Ֆաուսի, Չեխիայի, Իռլանդիայի գործընկերների հետ»: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ասել է․ «Ներկայիս՝ մարտահրավերներով լի ժամանակաշրջանում առավել, քան կարևոր է համախոհ գործընկերների հետ կապերի խորացումը, ամուր կամուրջների կառուցումը: Եվրոպայի խորհուրդը և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների ու մարդու իրավունքների հարգման հիման վրա ստեղծված միջազգային կառույցներն այն հարթակներն են, որտեղ մենք մեկտեղում ենք ջանքերը՝ մեր քաղաքացիների համար ավելի ապահով ու անվտանգ միջավայր ապահովելու նպատակով»:
18:39 - 18 մայիսի, 2024
Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի հետ հանդիպմանը քննարկել է հայ ռազմագերիների ազատ արձակման խնդիրը

Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի հետ հանդիպմանը քննարկել է հայ ռազմագերիների ազատ արձակման խնդիրը

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի հետ։  Հանդիպմանն ընդգծվել է մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ամրապնդման ոլորտներում ԵԽ հանձնակատարի գրասենյակի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը:  Անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարության բարեփոխումների իրականացման ընթացքին։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ չնայած դժվարություններին, աշխարհաքաղաքական զարգացումների՝ Հարավային Կովկասում ազդեցությանը՝ ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ բարեփոխումների օրակարգին՝ օգտագործելով նաև միջազգային մեխանիզմների միջոցով ընձեռվող հնարավորությունները։  Վերջիններիս համատեքստում անդրադարձ է կատարվել ԵԽ կոնվենցիաներին ՀՀ միանալու և կիրառման պրակտիկային, առաջիկա անելիքներին. ԵԽ հանձնակատարը ողջունել է նախօրեին ՀՀ ԱԳ նախարարի կողմից Օվիեդոյի կոնվենցիայի ստորագրումը։ ՀՀ ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին ներկայացրել է ՀՀ կառավարության ջանքերն Ադրբեջանի կողմից էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայերի կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ։ Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդառության մեջ անօրինական պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակման խնդրին։
11:41 - 18 մայիսի, 2024
Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն․ Անելենա Բերբոքը՝ Արարատ Միրզոյանին

Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն․ Անելենա Բերբոքը՝ Արարատ Միրզոյանին

Մայիսի 17-ին Ստրասբուրգում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան՝ ընդգծելով ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ հարթակում գործընկերության խորացման միջոցով ընձեռնվող հնարավորությունները։  Անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացվող հաստատակամ քայլերին և այս ուղղությամբ միջազգային գործընկերների հետ փոխգործակցության հարցերին: «Հայաստանի կառավարությունը հանձնառու է թե՛ ժողովրդավարական բարեփոխումների, թե՛ խաղաղության օրակարգին, և մեր միջազգային գործընկերների շարունակական աջակցությունը կարևոր է շոշափելի առաջընթացի ապահովման համար։» Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային տնտեսական ծրագրերի, դրանցում ՀՀ ներգրավվածության հարցերի շուրջ, այդ թվում՝ վերականգնվող էներգիայի բնագավառում։ Շարունակելով տարածաշրջանային թեմաների վերաբերյալ քննարկումը՝ Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, այդ թվում՝ Ալմաթիում խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ կայացած բանակցությունները։
21:37 - 17 մայիսի, 2024
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ավստրիայի ԱԳ նախարարի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպել է Ավստրիայի ԱԳ նախարարի հետ

Մայիսի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի՝ Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում:   Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված քայլերը։ Անդրադարձ է կատարվել ՀՀ դիմակայունության ամրապնդմանը, տնտեսական զարգացմանն աջակցելու նպատակով ԵՄ գործիքակազմի կիրառման ընթացիկ հարցերին, ինչպես նաև մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի ուղղությամբ առաջընթաց գրանցելու կարևորությանը։ Տարածաշրջանային կայունության համատեքստում գոհունակությամբ է հիշատակվել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեությունն ու դրանում անդամ երկրների անմիջական ներգրավածությունը։ Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հարավային Կովկասում հարատև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարության որդեգրած ժողովրդավարական բարեփոխումներն ու խաղաղության օրակարգը հետապնդում են մեկ հստակ նպատակ՝ ՀՀ քաղաքացիների համար ապահովել կայուն, անվտանգ միջավայր։ Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ նախարար Միրզոյանը ներկայացրել է Ալմաթիում կայացած բանակցությունների մանրամասները, առանցքային հարցերի շուրջ ՀՀ հետևողական դիրքորոշումը և շեշտել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը հավատարմության կարևորությունը։ Արարատ Միրզոյանը և Ալեքսանդր Շալենբերգը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցերի շուրջ։
19:51 - 17 մայիսի, 2024
ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Մայիսի 16-ին Ստրասբուրգում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են Եվրոպայի խորհրդի շրջանակներում ՀՀ ներգրավածությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատավել ՀՀ բարեփոխումների հավակնոտ օրակարգի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերին։ «ՀՀ կառավարությունը հատուկ ուշադրություն է հատկացնում ժողովրդավարական բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ անզիջում պայքարին և անկախ դատական համակարգի ամրապնդմանը, և Եվրոպայի խորհուրդն իր հերթին կարևոր նպաստ է բերում այս ուղղությամբ առաջընթացի ապահովմանը»։ Նախարար Միրզոյանը հավելել է, որ ՀՀ ժողովրդավարական բարեփոխումներն ու տարածաշրջանում խաղաղության հասնելուն միտված ջանքերը փոխկապակցված են. ինքնիշխան, ժողովրդավար պետության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ հարգանքի, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների պահպանման միջոցով է հնարավոր հասնել հարատև խաղաղության։ ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հարավային Կովկասում կայունության ապահովմանն ուղղված Հայաստանի ջանքերը: Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումներին՝ նախարար Միրզոյանը վկայակոչել է երկու երկրների ղեկավարների մակարդակով արտահայտված դիրքորոշումը, որով վերահաստատվում է 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը։ Նախարար Միրզոյանը շեշտել է, որ ՀՀ-ն ունի հարաբերությունների կարգավորման ամուր քաղաքական կամք և դրա լիարժեք փոխադարձման պարագայում հնարավոր կլինի հասնել խաղաղության։ Անդրադարձ է կատարվել հումանիտար բնույթի հարցերի։ Այս համատեքստում հիշատակվել են նաև ԵԽԽՎ կողմից ընդունված բանաձևերը և ընդգծվել է դրանց կյանքի կոչման կարևորությունը։
18:15 - 16 մայիսի, 2024
Մեր վերջին բանակցությունները ադրբեջանական կողմի հետ ընթացել են կառուցողական մթնոլորտում. Միրզոյան |1lurer.am|

Մեր վերջին բանակցությունները ադրբեջանական կողմի հետ ընթացել են կառուցողական մթնոլորտում. Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: Մեր վերջին բանակցությունները ադրբեջանական կողմի հետ ընթացել են կառուցողական մթնոլորտում: Այդ մասին ԵԱՀԿ գործող նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Ղազախստանում մայիսի 10-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը: «Մեր վերջին բանակցությունները ադրբեջանական կողմի հետ ընթացել են կառուցողական մթնոլորտում: Գնահատականն իմ ամբողջապես արտացոլված է համատեղ, այսինքն՝ կողմերի բանակցությունների արդյունքում տարածված, հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ: Եվ այս պահին ավելին ասելու ո՛չ հիմք կա, ո՛չ, բնականաբար, նպատակահարմար է: Գործընթացը շարունակվում է, շարունակվում է այն սկզբունքների հունով և [սկզբունքներին] համահունչ, որոնք մենք հանրահռչակել ենք բազմիցս»,- ասաց նա:
14:02 - 13 մայիսի, 2024
«Պաշտոնները լքած դասալիքներ»․ արտգործնախարարն արձագանքել է նախկին դիվանագետներին |civilnet.am|

«Պաշտոնները լքած դասալիքներ»․ արտգործնախարարն արձագանքել է նախկին դիվանագետներին |civilnet.am|

civilnet.am: Արտգործնախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով սահմանագծումն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա անելու վերաբերյալ նախկին դիվանագետների քննադատությանը, հայտարարել է․ «Այդ մարդիկ շարունակում են ականահարել ՀՀ ինքնիշխանությունը, պետականությունը, տարածքային ամբողջականությունը»։ «Ձեր նշած փորձառու դիվանագետները հավանաբար այն դասալիքներն էին, որ լքեցին իրենց պաշտոնները, իրենց բաժին հասած խրամատը այն օրերին, երբ ՀՀ սուվերեն տարածքի վրա տեղի էր ունենում ռազմական ագրեսիա։ Այս փաստի հիշատակումից հետո այդ մարդկանց և իրենց դիրքորոշումների նկատմամբ որևէ կաթիլ լրջություն չեմ կարող ունենալ։ Սա ամենամեղմ գնահատականն է, որ ես ինձ կարող եմ թույլ տալ հնչեցնել, բայց իրականությունն ավելի վատ է։ Ականահարելով Ալմա-Աթայի հռչակագիրը և դրա հիման վրա խաղաղության գործընթացը՝ այդ մարդիկ շարունակում են, վստահ չեմ կարող պնդել՝ գիտակցաբար, թե ակամա, ականահարել ՀՀ ինքնիշխանությունը, պետականությունը, տարածքային ամբողջականությունը։ Լավագույն մեկնաբանությամբ՝ չգիտակցելով, վատագույն մեկնաբանությամբ՝ այլ երկրի ուղղակի թելադրանքով»,- մայիսի 13-ին ԱԳՆ-ում ԵԱՀԿ գործող նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Միրզոյանը։ Նախկին դիվանագետներից կազմված «Դիվանագետների համահայկական խորհուրդը» մայիսի 12-ին Երևանի Հանրապետության հրապարակում հրավիրված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին հայտարարել է, որ սահմանագծման համար բացառապես Ալմա-Աթայի հռչակագիրը որպես հիմք ընդունելը հակաիրավական է և քրեորեն պատժելի։ Խորհրդի անդամ, Հայաստանի ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը հանրահավաքին ներկայացրել է նախկին դիվանագետների մշակած տեքստը՝ սահմանազատման, խաղաղության օրակարգի և ստեղծված իրավիճակից դուրս գալու վերաբերյալ։
12:37 - 13 մայիսի, 2024