ՄԱԿ

Միավորված Ազգերի Կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: Ստեղծվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ներառում է 193 երկիր։

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից յադ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում:

Միջազգային դրամաշնորհով կառուցված 6 ջերմատնից 4-ը քանդվել է․ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել
 |hetq.am|

Միջազգային դրամաշնորհով կառուցված 6 ջերմատնից 4-ը քանդվել է․ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել |hetq.am|

hetq.am: Շրջակա միջավայրի նախարարությունը, դրա ենթակայությամբ գործող երկու ՊՈԱԿ-ները չեն կարողացել գործարկել միջազգային դոնորների դրամաշնորհներով կառուցված 4 ջերմատները։ Դրանցից երկուսը քանդվել են, ապա՝ վերականգնվել, մյուս երկուսը քանդվել են երկու անգամ և դեռևս չեն վերականգնվել։ Հայտնի չէ, թե ում միջոցներով պետք է վերականգնվեն։ Նախարարությունը քողարկում է իր աշխատակիցների անփութությունը եղանակային անբարենպաստ պայմաններով, ջերմատներ կառուցող ընկերությունը՝ մեղադրում անտառտնտեսությանը։  Կլիմայի փոփոխության նկատմամբ խիստ խոցելի վիճակում գտնվող Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը և ածխածնի կրճատմանը: Դրա շրջանակներում Հայաստանի կառավարությունը մի շարք ծրագրեր է իրականացնում, որոնք ֆինանսավորվում են միջազգային դոնորների կողմից։ ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի Կանաչ կլիմայի հիմնադրամի միջոցներով իրականացվում է «Հայաստանի անտառների կայունություն, հարմարվողականության բարձրացում և գյուղական կանաչ աճի խթանում՝ մեղմման միջոցով» ծրագիրը։ Դրա իրականացմանը մասնակցում են նաև Հայաստանի կառավարությունը, Ավստրիական զարգացման գործակալությունը, Բոլցանո ինքնավար նահանգը, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակը և Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ)։ Ութամյա ծրագրի ընդհանուր բյուջեն 18.7 միլիոն ԱՄՆ դոլար է։ Շրջակա միջավայրի նախարարության (ՇՄՆ) տրամադրած տեղեկությունների համաձայն՝ Կանաչ կլիմայի հիմնադրամն այս ծրագրի իրականացման համար հատկացրել է 2 194 080 000 դրամ (շուրջ 5,5 մլն դոլար)։ Իրականացման պատասխանատուն Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկն է։ Ծրագրի նպատակն է նվազեցնել վառելափայտի պահանջարկը և ներդնել կենսակայուն և անտառների կառավարման՝ կլիմային հարմարեցված հմտություններ, 2.5 տոկոսով ընդլայնել անտառային տարածքները, առնվազն 30 տոկոսով կրճատել գյուղաբնակ համայնքների վառելափայտի պահանջարկը, նպաստել կայուն և կլիմային հարմարեցված անտառկառավարմանը և ապահովել տեխնոլոգիաների փոխանցումը գյուղական համայնքներին, մասնավոր հատվածին ու պետական մարմիններին՝ անտառ-էներգիա փոխկապակցված մոտեցման համատեքստում: Ծրագրի թիրախային տարածքներն են՝ Հայաստանի հյուսիսում՝ Լոռու մարզը և հարավում՝ Սյունիքի մարզը։ Այս երկու մարզերն ընտրվել են՝ ելնելով անտառների տեսակից, բնակչության խտությունից և աղքատության մակարդակից, կլիմայի փոփոխության ազդեցության ենթարկվելու աստիճանից, ինչպես նաև՝ անտառային կարևոր էկոհամակարգերի վրա ունեցած ազդեցությունից։ «Կլիմայի փոփոխության հետևանքների մեղմում և հարմարվողականություն՝ նոր տեխնոլոգիաների փոխանցման միջոցով» բաղադրիչի շրջանակներում փակ արմատային համակարգով տնկիներ աճեցնելու նպատակով պետք է կառուցվեր 500 քմ մակերեսով 6 ջերմատուն։ Ջերմատները կառուցվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդան», «Սիսիան» և «Տաշիր» մասնաճյուղերի տարածքներում, որոնք 2022-2023թթ․ հանձնվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կառավարմանը։ Սակայն դրանցից 4-ն այդպես էլ չի ծառայել իր նպատակին և չի գործել։ Տաշիրում կառուցված 2 ջերմոցները երկու անգամ քանդվել են ուժգին քամիներից, վերջին անգամ՝ 2023թ․ դեկտեմբերի 28-ին։ Սիսիանում կառուցված ջերմոցը նույնպես քանդվել է այս ձմռանը՝ ձյան բեռնվածությանը չդիմակայելու պատճառով։ Գործում են միայն Հրազդանի անտառտնտեսությունում կառուցված ջերմոցները։ Շրջակա միջավայրի նախարարությունը, մեր հարցմանն ի պատասխան, թե ինչու չեն գործել ջերմատները, հայտնել է, որ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ՇՄՆ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից կառուցված ջերմատները փորձարկումից հետո հանձնման-ընդունման ակտով փոխանցվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) կառավարմանը: «2023 թվականի դեկտեմբերի 17-ին և 18-ի գիշերը Սիսիանի տարածաշրջանում տեղացած առատ ձյան և քամու պատճառով «Սիսիանի անտառտնտեսություն» մասնաճյուղի հաշվեկշռում առկա և նույն թվականի դեկտեմբերի 28-ին ուժգին քամիների պատճառով «Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղի հաշվեկշռում առկա ջերմատներն ամբողջովին վնասվել և քանդվել են։ Դրանք շահագործման ենթակա չեն եղել, ինչպես նաև նպատակահարմար չի եղել դրանց վերակառուցումը»,- գրությամբ հայտնել է ՇՄՆ գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը։  Ով է կառուցել ջերմոցները Ջերմատների կառուցման մրցույթը հայտարարվել է 2022 թվականի հունիսի 2-ին։ Մրցույթին մասնակցել է 2 կազմակերպություն՝ «Հայր և Որդի Բեգլարյաններ» ՍՊԸ-ն՝ 73 980  հազար դրամ գնային առաջարկով և «ՎԷՍ Գրուպ» ՍՊԸ-ն՝ 78 980 հազար դրամ գնային առաջարկով (շուրջ 200 հազար դոլար)։  ՇՄՆ-ն մեզ հայտնել է, որ «Հայր և Որդի Բեգլարյաններ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը մերժվել է, քանի որ չի համապատասխանել գնման ընթացակարգի հրավերի պահանջներին, մասնավորապես` ներկայացված հայտում բացակայել է հայտի ապահովման փաստաթուղթը։ 2022 թվականի հունիսի 13-ին գնման ընթացակարգի ընտրված մասնակից է ճանաչվել «ՎԷՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն` որպես հրավերի պահանջներին բավարարող միակ մասնակից, որի հետ հուլիսի 15-ին կնքվել է ապրանքների ձեռքբերման պայմանագիր։ «ՎԷՍ Գրուպ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2020 թվականի հունիսի 2-ին, հիմնադիրը և միանձնյա բաժնետերը Վարդան Ասլանյանն է։ Ըստ նրա՝ ջերմոցների քանդման պատճառը Տաշիրի դեպքում՝ բնության, իսկ Սիսիանի դեպքում՝ մարդկային գործոնն է եղել, ոչ թե ձյունը կամ կառուցված ջերմոցի անորակությունը։ Իրենց կառուցած ջերմոցներն ու դրանցում առկա սարքավորումները փորձարկել և ընդունել է հատուկ հանձնաժողովը՝ 8-10 հոգուց բաղկացած, և եթե որևէ բան անորակ կամ վատ կառուցած լինեին, ապա հանձնաժողովը պարզապես չէր ընդունի։ Ջերմատների կառուցման տեխնիկական առաջադրանքի մշակման համար, ըստ ՇՄՆ-ի, հիմք է ընդունվել ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի N 1612-Լ որոշումը` փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների չափանիշները։ Կառավարության նշված որոշումը փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին է, որը պետք է նպաստեր գյուղատնտեսությունում տնտեսվա­րողների եկամուտների ավելացմանը։ Այս նպատակի իրագործման համար տնտե­սվա­րողներին ցուցաբերվել է պետական աջակցություն՝ ծախսերի մասնակի փոխ­հատուցման միջոցով: Կառավարության նշված որոշման մեջ խոսվում է միայն գյուղատնտեսական բերքի՝ միրգ-բանջարեղենի մշակման, այլ ոչ թե բույսերի կամ տնկիների աճեցման ջերմատների մասին։ Այդուհանդերձ, Կառավարության որոշման հավելվածում հիդրոպոնիկ եղանակով ջերմատան կառուցման հիմնական չափորոշիչներում նշվում է, որ քամու դեմ դիմադրողականությունը պետք է լինի առնվազն 90 կմ/ժ (25 մ/վ), իսկ ձյան բեռնվածությունը՝ առնվազն 30 կգ/մ2։    Ինչու են քանդվել ջերմոցները Սիսիանում 2023թ․ դեկտեմբերի 17-ին և 18-ի գիշերը տեղացած առատ ձյան պատճառով քանդվել են «Սիսիանի անտառտնտեսության» հաշվեկշռում եղած 2 ջերմատները։ Ջերմոցների քանդվելու պատճառը, ըստ ՇՄՆ-ի, միմիայն եղանակային պայմաններն են։ Սակայն կառուցող կազմակերպության հիմնադիրը մեղադրում է նաև Սիսիանի անտառտնտեսության աշխատակիցներին։ «Սիսիանի ջերմոցների փլուզման պատճառը Սիսիանի անտառտնտեսության մասնաճյուղի անփութության արդյունքն է»,- ասում է «ՎԷՍ Գրուպ»-ի հիմնադիր Վարդան Ասլանյանը։  Նրա խոսքով՝ Սիսիանի տարածաշրջանը 50-70 կգ-անոց ձյան բեռնվածության սանդղակում է։ Ջերմոցները կառուցված են եղել հատուկ նախագծով, եղել են տեխնիկական հագեցված հատուկ միջոցներ, որոնք պետք է տեղումների ճնշումները թուլացնեին։ Դրանք երկշերտ թաղանթապատ ջերմոցներ են, տեղադրված է հատուկ համակարգ, և երկու շերտի արանքում օդ է ներարկվում, այդ համակարգի միջոցով պոլիէթիլենն ավելի է ձգվում, ամրանում, և տեղումները վրայից արագ թափվում են։ Տեղադրված է եղել նաև երկնշանակության վառարան, որը կարող էր աշխատել գազով և դիզելով։ Այդ վառարանը տեղումների ժամանակ պետք է գործեր, որպեսզի ձյունը հալվեր և թափվեր պոլիէթիլենի վրայից։ Սիսիանի անտառտնտեսությունը պատճառաբանել է, թե տարածքը գազիֆիկացված չէ, դրա համար ջերմոցը չի գործում, սակայն Ասլանյանը պնդում է, որ եթե գազ չկար, վառարանը պետք է աշխատեր դիզելով։ «Ինչո՞ւ ոչ նա, ոչ էլ մյուսը չեն գործածվել։ Այդ իսկ պատճառով առաջացել է փլուզում»,- նկատում է կառուցող ընկերության հիմնադիրը։ Վառարանները գործի չդնելը, ըստ Ասլանյանի, անտառտնտեսության աշխատակազմի բացարձակ անփութության հետևանք է։ Ավելին, Ասլանյանը պնդում է, որ յուրաքանչյուր տնտեսություն պետք է ձմռան նախապատրաստական աշխատանքներ իրականացներ, մանավանդ, եթե ջերմոցները չեն գործել։ «Մենք կառուցել ենք 6 ջերմոց, նույնը եղել է Հրազդանում՝ Ծաղկաձորի կողքին, ինչո՞ւ Ծաղկաձորում չի փլուզվել, իսկ Սիսիանում փլուզվել է։ Որովհետև Հրազդանի տնտեսության ղեկավարությունն ու աշխատողները սրտացավ մոտեցում են դրսևորել, ձյուն է գալիս կամ տեղում է լինում, անմիջապես կատարում են համապատասխան աշխատանքներ։ Սիսիանի աշխատակազմը բացարձակ մատը մատին չի տվել, դրա վառ ապացույցն այն է, որ ձմռան նախապատրաստական աշխատանքներ չեն իրականացրել։ Ամբողջ խողովակաշարը, պոմպակայանները տրաքել էին, որովհետև ջուրը մնացել էր մեջը մեր փորձարկման ժամանակվանից ի վեր։ Մենք վերականգնել ենք ջերմոցները, հիմա ինչո՞ւ չի գործում, որովհետև խողովակաշարը վնասված է, և ես ասել եմ՝ ինքներդ փոխեք, դրեք, որ աշխատի»,- բարկանում է Վարդան Ասլանյանը։ Ավելին, Վարդան Ասլանյանը հիշեցնում է, որ նույն ջերմոցից շուրջ 1 կմ հեռավորությամբ իրենք գյուղնախարարության մրցույթով հաղթած, Գյուղինստիտուտի համար նախատեսված նույնատիպ ջերմոց են կառուցել, որը նույն ձյան բեռնվածության պարագայում չի քանդվել, որովհետև համապատասխան միջոցառումները կատարվել են։  Սիսիանի անտառտնտեսությունը ղեկավարում է Տիգրան Համբարձումյանը, որն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի եղբայրն է։ Մեզ հետ զրույցում Տիգրան Համբարձումյանը վստահեցրեց, որ ապրիլի 18-ից ջերմոցները գործում են, ցանքսը սկսել են՝ մոտ 50 հազար տնկի են դրել, սեզոնային բանվորներ են ընդունել աշխատանքի, ջերմոցն արդեն վարիչ ունի։ Ահա նրա հետ մեր հեռախոսազրույցը․  -Պրն Համբարձումյան, կառուցապատողը անտառտնտեսության աշխատակիցների անփութությանն է վերագրում ջերմոցի քանդմանը փաստը։ Ասում է, որ չեն գործարկել վառարանները, և դրա պատճառով ձյունը չի հալվել պոլիէթիլենի վրայից։  -Նման բան չկա, ես չգիտեմ, թե ով ինչ է ձեզ ասել, կարող եք գալ, մեր ջերմոցները տեսնել, ջերմոցները սաղ աշխատում են, ջուրը ընտիր գալիս է, հոսանքը ընտիր կա։  -Հիմա է աշխատում, բայց ինչո՞ւ է քանդվել։  -Հիմնարկում գազ չկա, այդ տարածքում ընդհանրապես գազ չկա, նախ՝ իրան դրած է գազի վառարան, որ պիտի գազով վառվեր, որ փչեր ցելոֆանները։ Շատ ձյուն գալու հետևանքով ջերմոցը վնասվել է, որը որ կարգավորվել է։ Ո՞վ է ասում, որ քանդվել ա, փլվել է։  -Գազ չկար, բայց վառարանները կարող էին դիզելով գործել։  -Մենք ընդհանրապես չենք փորձել, ես չգիտեմ, որովհետև կառուցապատողը պտի միացներ, փորձարկեր, կարմիր կնոպկան սեղմեր, հանձներ մեզ։ Քանի որ նման բաներ չի եղել, մենք չգիտենք՝ կաշխատեր, թե չէր աշխատի, որովհետև գաղափար չունենք։ Բայց ինչը որ էդպես լեգենդեր են պատմում, որ ջերմոցը չկա, նման ինֆորմացիան սուտ է։  -Եթե ջերմոցների հանձնման-ընդունման գործընթաց է եղել, ուրեմն «Հայանտառը» դրանք ընդունել է․․․ -Ես չգիտեմ՝ ով է հանձնման-ընդունման ակտը ստորագրել կամ ընդունել են, չեն ընդունել, ես տեղյակ չեմ։ Ես ընդամենը տեղամասի տնօրեն եմ, ոչ էլ ջերմոցների էդ ժամանակ պատասխանատու եմ եղել, քանի որ ջերմոցներն էդ ժամանակ ավարտ չեն ունեցել, ինձ թղթով չեն հանձնել, ես ո՞վ եմ, որ ասեմ․․․ -Հիմա հանձնվե՞լ են թղթով, որ Դուք կառավարում եք և աշխատեցնում։ -Ջերմոցները չեն հանձնել, ոչ։  -Ուրեմն հիմա ինչո՞ւ եք կառավարում, եթե չեն հանձնել։ -Ո՞նց, բա սերմերը էդքան հավաքել են, հո չէի՞նք փչացնելու։ -Բայց ասում եք՝ չէին հանձնել, չեք կառավարել, հիմա ինչպե՞ս եք կառավարում, եթե չեն հանձնել։ -Ես չեմ կառավարում, կա ջերմոցի վարիչ, կգաք էդ հարցերն իրան կտաք։ -Դուք չե՞ք անտառտնտեսության ղեկավարը։ -Կապ չունի, ջերմոցի վարիչ կա․․․ Տիգրան Համբարձումյանն անջատեց հեռախոսը։  Ջերմոցները կառուցած «ՎԷՍ Գրուպ» ընկերության հիմնադիր Ասլանյանն էլ հավաստիացնում է, որ իր բարի կամքի դրսևորմամբ և կազմակերպության միջոցներով Սիսանի ջերմոցները 100 %-ով արդեն վերականգնված են։  Թե ինչու է բարի կամք դրսևորել, կամ արդյոք կազմակերպությունը հավելյալ միջոցցներ ուներ ջերմոցները կրկին նորոգելու այն պարագայում, երբ իրենք մեղավոր չէին, Վարդան Ասլանյանը պատասխանում է․ «Նվիրատվություն եմ արել։ Անիմաստ է դա քննարկելը»։ Տաշիրում ջերմոցները երկու անգամ են քանդվել Տաշիրի անտառտնտեսությունում կառուցված ջերմոցների կրած վնասների հետևանքները վերացնելուց երկու ամիս անց՝ 2023թ․ դեկտեմբերի 28-ին դրանք կրկին քանդվեցին։ Այդ օրն աննախադեպ քամիների  հետեւանքով Տաշիրում պոկվել են տանիքներ, եղել են մի շարք այլ ավերվածություններ։  Վարդան Ասլանյանը հաստատում է, որ ջերմոցները կառուցված են վայրկյանում 25 մ/վ քամու ուժգնության դիմակայունությամբ։ Սակայն Տաշիրում այդ օրը քամու ուժգնությունը եղել է 37 մ/վ։ Առաջին անգամ քանդվելուց հետո ամրացրել էին և դարձրել մինչև 30 մ/վ դիմակայունության, սակայն 37 մ/վ չէին կանխատեսել։  Կառավարության նույն որոշման հավելվածում նշվում է, որ ջերմատան հիմքերը պետք է տեղադրվեն առնվազն 80 սմ խորությամբ՝ բետոնային ամրակցմամբ։  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիրի անտառտնտեսության ղեկավար Ռուբեն Վելիցյանը մեզ հետ զրույցում նշում է, որ անտառային տարածքներում բետոնե հիմքեր իրականացնել չի թույլատրվում, սակայն, հաշվի առնելով Տաշիրում խիստ քամիները, ջեմատան կառուցման ժամանակ որոշվել է գոնե սյուներն ամրացնել բետոնով։ Ռուբեն Վելիցյանն, այդուհանդերձ, հաստատում է, որ քանդվելու պատճառը միմիայն աննախադեպ քամին է եղել։ Սակայն, եթե հարևանությամբ գտնվող պահակակետի տանիքը չպոկվեր, ջերմոցին վնաս չէր հասցվի։ Պահակակետի տանիքը պոկվել և պատռել է ջերմոցի պոլիէթիլենը։  «Ջերմոցների կարևոր տեխնիկան, այսինքն իրենցից բարձր արժեք ներկայացնող գույքը չի վնասվել, տեղափոխվել է պահեստ։ Վնասվել են երկաթե կոնստրուկցիաները և պոլիէթիլնային թաղանթը։ Վերականգնման ենթակա միայն դրանք են։ Նախատեսվում է տարեվերջին ավարտել վերականգնումը և հանձնել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիրի անտառտնտեսությանը»,-ասում է Ռուբեն Վելիցյանը։ Նա վստահեցնում է, որ թանկարժեք ու ջերմոցի համար հիմնական գույք հանդիսացող պարագաները չեն վնասվել, հետևաբար, վերականգնելը դժվար չի լինի։  Հանձնաժողով, որի եզրակացությունը հաշվի չի առնվել Շրջակա միջավայրի նախարարությունից հետաքրքրվել էինք, թե արդյոք ջերմոցների քանդման փաստով եղել է քննություն, կամ ստեղծվե՞լ է հանձնաժողով՝ պարզելու քանդման պատճառները։ Պարզվում է՝ հանձնաժողովը ստեղծվել է միայն Տաշիրի դեպքի փաստով։ Սիսիանի ջերմոցների քանդման փաստը ՊՈԱԿ-ին չի մտահոգել։  2024թ․ հունվարի 24-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով ստեղծվել է հանձնաժողով, Տաշիրի անտառտնտեսության քանդված ջերմատների վնասի չափը գնահատելու, նորից վերակառուցելու նպատակահարմարության հարցերը քննարկելու նպատակով։ Հանձնաժողովի անդամներ են եղել նույն «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները՝ նախագահել է ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Վահրամ Սեդրակյանը, մասնակցել են անտառվերականգնման, անտառապատման և պաշտպանության բաժնի պետ Տարոն Մանուկյանը, գործունեության վերլուծության և զարգացման ծրագրերի բաժնի պետ, «Տաշիր» անտառտնտեսության մասնաճյուղի տնկարանի վարիչ Սարգիս Ալեքսանյանը։  Հանձնաժողովն արձանագրել է, որ՝ 1․ ջերմատները քանդված են հիմնովին և ենթակա չեն հետագա շահագործման, 2․ Տաշիրի տարածաշրջանում հաճախակի կրկնվող ուժգին քամիների պատճառով ջերմատների վերակառուցումը նույն վայրում նպատակահարմար չէ։    Չնայած հանձնաժողովի այս արձնագրությանը, Տաշիրում արդեն իսկ սկսել են նորոգել ջերմատները՝ նույն վայրում։ Ռուբեն Վելիցյանի խոսքով՝ նախատեսվում է մինչև տարեվերջ ավարտել ջերմոցների կառուցումը և հանձնել Տաշիրի անտառտնտեսությանը։ «Տաշիր անտառտնտեսություն» մասնաճյուղի ջերմատներն առաջին անգամ քանդվելուց հետո վերանորոգվել են կապալառու կազմակերպության կողմից առանց լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման: Երկրորդ անգամ, Վարդան Ասլանյանի ասելով, վերանորոգումն իրականացվում է համատեղ՝ «Վէս-Գրուպ»-ի և ՇՄՆ ԾԻԳ-ի միջոցներով։  ՇՄՆ-ն այս հարցին այլ պատասխան է տվել․ «Ջերմատները երկրորդ անգամ վերանորոգելու համար ընթանում են բանակցություններ կապալառու կազմակերպության, տարբեր դոնոր կազմակերպությունների հետ՝ համատեղ ուժերով ջերմատները վերանորոգելու նպատակով»: «Տաշիր անտառտնտեսություն մասնաճյուղի ջերմատների առաջին փլուզման պատճառները պարզելու նպատակով ԲԾԻԳ ՊՀ-ի կողմից կատարվել է ուսումնասիրություն, և, մասնագիտական եզրահանգմամբ, ջերմատները քանդվել են անոմալ քամիների պատճառով: Երկրորդ փլուզման պատճառները պարզելու համար ԲԾԻԳ ՊՀ-ի կողմից կատարվել է հարցում քամու ուժգնության վերաբերյալ, որի արդյունքում պարզ է դարձել, որ այս անգամ ևս քամիները  գերազանցել են 25մ/վրկ արագությունը՝ հասնելով շուրջ 37մ/վրկ 133կմ/ժ: Ջերմատների դիմադրողականությունը քամիներին կազմել է 90կմ/ժ: Քամուց վնասվելուց հետո, ԲԾԻԳ ՊՀ-ի կողմից կազմակերպվել են խորհրդակցություններ ու քննարկումներ, որին մասնակցել են նաև ՊՈԱԿ-ի պատասխանատուները, և, հաշվի առնելով ջերմատների կարևորությունը Ծրագրի հետագա բարեհաջող ընթացքը ապահովելու գործում, հանձնարարվել է վերականգնել ջերմոցները»,- պատասխանել է ՇՄՆ-ն: Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 
Այսօր 19:15
Ղրղզստանն իր թեկնածությունն է առաջադրել է 2027-28 թթ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի համար
 |armenpress.am|

Ղրղզստանն իր թեկնածությունն է առաջադրել է 2027-28 թթ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի համար |armenpress.am|

armenpress.am:  Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, համաշխարհային կազմակերպության Հակաահաբեկչական վարչության ղեկավար Վլադիմիր Վորոնկովի հետ կայացած հանդիպմանը հայտնել է 2027-2028 թվականներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) ոչ մշտական ​​անդամների կազմում հանրապետության թեկնածության առաջադրման մասին։ Այս մասին հաղորդել է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը։ «Զրույցի ընթացքում նախագահը հայտնել է 2027-2028 թվականներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական ​​անդամի համար Ղրղզստանի թեկնածության առաջադրման մասին: Ընտրությունները տեղի կունենան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ընթացքում՝ 2026 թվականի հունիսին», - ասված է հաղորդագրության մեջ։ Նախագահի խոսքով՝ Ղրղզստանը «համակողմանիորեն հանձնառու է» ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և ձգտում է իր ուժերի ներածին չափով ներդրում ունենալ «ամբողջ աշխարհում խաղաղության, գլոբալ անվտանգության, կայուն զարգացման և սոցիալական առաջընթացի ապահովման» ընդհանուր գործում։ Ժապարովը նաև հիշեցրել է, որ 2023 թվականին ՄԱԿ-ի աջակցությամբ երկրում ընդունվել է 2023-2027 թվականներին  ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարի պետական ​​ծրագիր։ «Նախագահը նշել է, որ տարածաշրջանային մակարդակով Ղրղզստանը հաջողությամբ համագործակցում է ՄԱԿ-ի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ՝ ծայրահեղականության կանխման և ահաբեկչությանը հակազդման, ինչպես նաև դրանց հետ կապված անդրսահմանային հանցավորության այլ տեսակների դեմ համատեղ գործողությունների ծրագրի իրականացման շրջանակներում, ներառյալ՝ թմրավաճառությունը, փողերի լվացումը և ահաբեկչության ֆինանսավորումը», - նշված է հաղորդագրության մեջ։ Նախագահը նաև ընդգծել է, որ հանրապետությունը վճռականորեն դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով և ակտիվ մասնակցություն է ունենում ՄԱԿ-ի Գլոբալ հակաահաբեկչական ռազմավարության իրականացման գործում, որը «հաստատուն հիմք է ապահովում միջազգային ահաբեկչությանն արդյունավետ հակազդման համար»:
17:38 - 17 մայիսի, 2024
Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը ստորագրել են փաստաթուղթ

Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը ստորագրել են փաստաթուղթ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը մայիսի 7-ին ստորագրել են Հայաստանի խորհրդարանի արձագանքման, արդյունավետության, թափանցիկության եւ ներառականության խթանում (Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան) երկրորդ ծրագրի իրականացման մասին փաստաթուղթ: Ինչպես տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, ծրագրի նպատակն է աջակցել խորհրդարանի կարողությունների զարգացմանը վերապատրաստման, փորձագիտության եւ խորհրդատվության միջոցով: Ստորագրման արարողությանը բացման խոսքով հանդես են եկել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՄԱԶԾ Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը ու Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը: «Խորհրդարանական ժողովրդավարությանն անցում կատարելու առաջին իսկ փուլից ՀՀ Ազգային ժողովն ընդունել եւ ողջունել է ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագիրը: Ազգային ժողովի աշխատանքն ավելի թափանցիկ, արդյունավետ եւ հաշվետու դարձնելու մեր համատեղ ջանքերն ուղղված են մեր պետությունում լավ կառավարման համապարփակ եւ արդյունավետ համակարգի կայացմանը»,- իր ելույթում նշել է ԱԺ նախագահը: Իվանա Ժիվկովիչը բարձր է գնահատել համագործակցությունը ՀՀ խորհրդարանի հետ, անդրադարձել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական բարեփոխումներին: «Չնայած համաճարակի, հակամարտությունների եւ կլիմայի փոփոխության հետեւանքով առաջացած ահռելի խոչընդոտներին՝ Հայաստանը ցուցաբերել է տոկունություն եւ ժողովրդավարական բարեփոխումների անսասան նվիրվածություն: Խորհրդարանի կարողությունների զարգացման նիստերից մինչեւ թվայնացված լուծումների ներդրում մենք պարտավորվում ենք Ազգային ժողովին զինել ժամանակակից կառավարման բարդ մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ գործիքներով եւ փորձով»,- ընդգծել է Իվանա Ժիվկովիչը: Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնն իր ելույթում շնորհակալություն է հայտնել բարձր մակարդակի համագործակցության համար, կարեւորել «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» երկրորդ ծրագրի մեկնարկը: Ծրագրի համակարգող Ռուզաննա Հայրապետյանը ներկայացրել է ՆՀԺԽ առաջին ծրագրի հիմնական ձեռքբերումները եւ երկրորդ ծրագրի նպատակներն ու բաղադրիչները, որից հետո տեղի է ունեցել ստորագրման արարողությունը: Ալեն Սիմոնյանը եւ Իվանա Ժիվկովիչը ստորագրել են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» երկրորդ ծրագրի իրականացման մասին փաստաթուղթ, որին հաջորդել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանի եւ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հետ համաֆինանսավորման համաձայնագրի ստորագրումը:
18:13 - 07 մայիսի, 2024
Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է ԼՂ-ը. Եղիշե Կիրակոսյան
 |1lurer.am|

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է ԼՂ-ը. Եղիշե Կիրակոսյան |1lurer.am|

1lurer.am: Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ իր հայտարարության վերաբերյալ, որով հերքվել էր Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքի անօրինական բռնազավթումը կամ ԼՂ իշխանությունների վերահսկումը, երկուշաբթի Ադրբեջանի ներկայացուցիչը քննադատություն էր հնչեցրել: Ադրբեջանի ներկայացուցիչը պնդեց, թե Հայաստանն «անտեսում է Հայաստանի կողմից ներխուժման և օկուպացման վերաբերյալ ճնշող արձագանքը»: Ադրբեջանը մեծապես ընդգծում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն վճիռը, որի համաձայն Հայաստանը Եվրոպական կոնվենցիայի 1-ին հոդվածի իմաստով ունեցել է իրավազորություն ԼՂ-ի նկատմամբ: Ադրբեջանը անուշադրության է մատնում այն փաստը, որ Դատարանի կողմից իրավազորության որոշումը, Դատարանի նախադեպային պրակտիկայի համաձայն, չի կարող հավասարեցվել միջազգային խախտման համար պետության պատասխանատվության արձանագրման չափանիշին: Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է ԼՂ-ը: Նույնը կարելի է ասել նաև ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի մասին, որոնք վերաբերում են ԼՂ հակամարտությանը, որոնք թյուր ներկայացվեցին Ադրբեջանի ներկայացուցչի և փաստաբանների կողմից: ԱԽ-ը Հայաստանին կոչ է արել շարունակել գործադրել իր ազդեցությունը՝ ապահովելու համար ԼՂ հայերի կողմից նորմերի կատարումը, բայց երբևէ չի նշել, որ Հայաստանը օկուպացնող պետություն է, առավել ևս՝ ագրեսոր: Այլ փոխարենը անդրադարձել է ԼՂ-ի տեղի հայկական ուժերին՝ որպես օկուպացնող ուժերի, և կողմերին կոչ արել անմիջապես վերսկսել բանակցությունները հանուն հակամարտության լուծման ՄԽ խաղաղության գործընթացի շրջանակում: Հենց այդպես են վարվել Հայաստանը և ԼՂ իշխանությունները: Ադրբեջանն ի տարբերություն միակողմանիորեն որոշել է, ինչպես նախագահ Ալիևն է ասել, որ պատերազմն անխուսափելի է, և որ ՄԽ-ը մահացած է: Եվ էլի՝ նախագահ Ալիևի խոսքով՝ հենց Ադրբեջանն է սկսել Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, ինչը Ադրբեջանի ներկայացուցիչը երեկ չհանդգնեց հերքել:  Ադրբեջանի ներկայացուցիչը Հայաստանի փաստաբանին երեկ մեղադրեց այն բանի համար, որ ադրբեջանցիները չեն ունեցել նախկինում զբաղեցված տարածքները վերադառնալու մտադրություն: Ցանկացած պարագայում, ինչպես և ՄԽ համանախագահները, այնպես էլ Հայաստանը միշտ պատրաստակամ է եղել փոխադարձության սկզբունքի վրա ապահովելու փախստականների վերադարձը, և Հայաստանը համաձայն է Ադրբեջանի ներկայացուցչի այն պնդմանը, որ նրանց վերադարձը ցանկացած բանակցության կարևորագույն բաղադրիչ է եղել, բայց հենց Ադրբեջանը հրաժարվեց ՄԽ համանախագահների բանակցային ձևաչափից: Ավելին՝ ՄԽ համանախագահների առաջարկած հիմնական սկզբունքները միայն փախստականների երկուստեք վերադարձին չէին վերաբերում, և ԼՂ-ը շրջապատող տարածքները Ադրբեջանի վերահսկողության տակ վերադարձնելուն: Համանախագահները նաև կոչ են արել միջանկյալ կարգավիճակ ապահովել ԼՂ-ի համար, ինչը կընձեռի անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ, միջանցք, որը Հայաստանը կկապի ԼՂ-ի հետ և ԼՂ-ի վերջնական իրավական կարգավիճակի որոշումն ապագայում՝ իրավաբանորեն պարտադիր կամարտահայտության միջոցով, ինչպես նաև անվտանգության միջազգային երաշխիքներ, այդ թվում՝ նաև խաղաղապահ գործողություն: Նա նշեց, որ համանախագահներն ընդգծել էին ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը: Նման հանգամանքներում է դժվար է տեսնել, թե Ադրբեջանի ներկայացուցիչը ինչպես կարող է սույն Դատարանի առջև պնդել, թե միջազգային համայնքը մերժել է ինքնորոշման մասին հարցը: Նա անդրադարձավ նաև Ադրբեջանի ներկայացուցչի այն պնդմանը, թե այսպես կոչված օկուպացիայի ընթացքում Հայաստանը Ադրբեջանին, ՄԱԿ-ի գերատեսչություններին և այլ միջազգային կազմակերպությունների թույլ չի տվել հասանելիություն ունենալ, որպեսզի այդ կերպ թույլ չտա Ադրբեջանին իր տարածքների ազատագրումից հետո բողոք ներկայացնել Հայաստանի ռասիստական օկուպացիայի մասին: «Ինչպես Ադրբեջանը գիտի, ո՛չ Հայաստանը, ո՛չ ԼՂ տեղացի ներկայացուցիչները երբեք չեն արգելել ՄԱԿ-ին մուտք գործել ԼՂ: Ադրբեջանի ներկայացուցչի ակնհայտորեն ոչ մի փաստարկ չներկայացրեց հիմնավորելու այս պնդումը: Իրականում հենց Ադրբեջանն էր արգելափակել ՄԱԿ-ի հասանելիությունը, Ադրբեջանն է այսօր շարունակում դա անել: Ադրբեջանն է քանիցս հրաժարվել համագործակցել ԼՂ էթնիկ հայերի, այդ թվում՝ շրջակա միջավայրի պաշտպանության և Սարսանգի ջրամբարի հետ կապված հարցերի վերաբերյալ»: Նա ընթերցեց Հայաստանի ավարտական պնդումները: «ՀՀ-ն ամենայն հարգանքով միջնորդում է սույն Դատարանին՝ ա. բավարարել ՀՀ ներկայացրած նախնական առարկությունը՝ կապված դատարանի իրավազորության ժամկետային շրջանակի հետ, որոշել և հաստատել, որ Դատարանը իրավազորություն չունի Ադրբեջանի այն պահանջների և պնդումների վերաբերյալ, որոնք վերաբերում են այնպիսի իրադարձությունների, որոնք տեղի են ունեցել նախքան 1996 թվականի սեպտեմբերի 15-ը. այն է՝ կողմերի համար Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ուժի մեջ մտնելը. բ. որպես այլընտրանք ապահովել ՀՀ նախնական առարկությունը՝ կապված պահանջի թույլատրելիության հետ, և որոշմամբ անընդունելի ճանաչել Ադրբեջանի այն պահանջները և պնդումները, որոնք վերաբերում են այնպիսի իրադարձությունների, որոնք տեղի են ունեցել նախքան 1996 թվականի սեպտեմբերին կոնվենցիայի ուժի մեջ մտնելը և անթույլատրելի և անընդունելի ճանաչել Ադրբեջանի հետփաստարկները. գ. բավարարել ՀՀ ներկայացրած նախնական առարկությունը՝ կապված Դատարանի գործն ըստ էության քննելու իրավազորության շրջանակի հետ, և որոշմամբ հաստատել, որ Դատարանը չունի իրավազորություն քննելու ենթադրյալ բնապահպանական վնասի վերաբերյալ Ադրբեջանի պնդումները և պահանջները. դ. բավարարել նախնական առարկությունը, որը վերաբերում է Դատարանի իրավազորության առարկայական շրջանակին, և որոշմամբ հաստատել, որ Դատարանն իրավազորություն չունի բնապահպանական ենթադրյալ վնասի մասով Ադրբեջանի պահանջների և պնդումների քննության համար»:
21:38 - 24 ապրիլի, 2024
Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները. Լոուրենս Մարտին
 |1lurer.am|

Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները. Լոուրենս Մարտին |1lurer.am|

1lurer.am: Ինչպես երկուշաբթի, այսօր նույնպես կներկայացնեմ Հայաստանի նախնական առարկությունները դատարանի ժամկետային իրավազորության խնդրի մասին: ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ասաց Հայաստանի շահերը ներկայացնող փաստաբան Լոուրենս Մարտինը: Նա ներկայացրեց ընդհանուր դիտարկում բոլորի ելույթների վերաբերյալ: «Ակնհայտորեն համակարգված ջանք էր գործադրվում երեկվա բոլոր բանախոսների կողմից` բազմիցս անդրադառնալու այսպես կոչված էթնիկ զտման ծրագրին, որն իրենց պնդմամբ շարունակվում է նույնիսկ այսօր` ԼՂ-ում առաջին պատերազմի ավարտից 30 տարի անց: Այդ համակարգված գործընթացի նպատակն էր տպավորություն առաջացնել, թե այս գործով էական ամսաթվի խնդիրը կարևոր չէ, քանի որ այն տեղի է ունեցել ավելի քան 3 տասնամյակ առաջ, և դա համակցված ներկայացվում է այսօրվա իրադարձությունների հետ մեկ փաթեթով՝ ամբողջ ժամանակահատվածը ներկայացնելով որպես մեկ ժամանակահատված: Այնուամենայնիվ, մեր ընկերների ջանքերն ապարդյուն են այս խնդրում: Կասկած չի կարող լինել. ինչպես երկուշաբթի ասացի` Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները: Բայց ներկայումս էական հանգամանքը դա չէ, էականն այն է, որ նույնիսկ Ադրբեջանի ներկայացրած փաստական պնդումների համաձայն` ցանկացած ենթադրյալ էթնիկ զտում ավարտված է եղել 1994 թվականի դրությամբ՝ նախքան 1996 թվականի սեպտեմբերը, որն այս գործով վճռորոշ ամսաթիվ է»,- նշեց նա: Փաստաբանի խոսքով՝ երկուշաբթի Ադրբեջանը չներկայացրեց էթնիկ զտում հասկացության սահմանումը: «ՄԱԿ-ի հանձնաժողովի երկու սահմանումների համաձայն՝ եթե տարածքի քաղաքացիական բնակչությունը հեռացվել է, բոլորը գնացել են, էթնիկ զտումը համարվում է այդ պահին ավարտված: Դրանից հետո կարող են հետևանքները շարունակվել, սակայն գործողությունը դրանով համարվում է ավարտված: Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք իրականում վերաբերում են հետագայում տեղի ունեցած առանձին միջադեպերի, և այսպես կոչված էթէնիկ զտման մաս չեն»,- ասաց նա: 
19:21 - 24 ապրիլի, 2024
ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունում է սահմանազատման հարցով Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը |1lurer.am|

ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունում է սահմանազատման հարցով Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը: «Գլխավոր քարտուղարը ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը: Նա ողջունում է սահմանազատման հարցով համաձայնությունը, որ ձեռք է բերվել ապրիլի 19-ին Հայաստանի ու Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովների կողմից: ՄԱԿ գլխավոր քարտուղարը կողմերին կոչ է անում շարունակել սահմանի մնացած հատվածների սահմանազատումն ու սահմանագծումը և լուծել գոյություն ունեցող բոլոր երկկողմ հարցերը` հարաբերությունների լիարժեք կարգավորման նպատակով»,- ասված է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման պետական հանձնաժողովների 8-րդ հանդիպումը՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Հանձնաժողովները նշում են, որ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ  Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, որովհետև Կըզըլ Հաջըլի գյուղի տարածքն ամբողջությամբ, Աշաղը Ասկիպարա գյուղի տարածքի մի զգալի մասը մինչ այս էլ եղել է Ադրբեջանի տիրապետության ներքո: Իսկ Հայաստանի Հանրապետությունն այս գործընթացում ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։
10:32 - 20 ապրիլի, 2024
Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում |armenpress.am|

Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում |armenpress.am|

armenpress.am: Արդարադատության միջազգային դատարանում հայկական պատվիրակության ներկայացուցիչ Շոն Մըրֆին ՄԱԿ-ի դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումների ժամանակ հայտարարել է, որ եթե Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համար սպառնալիք չէր հանդիսանում, ապա ինչո՞ւ 100 հազարից ավել մարդ նախորդ տարվա սեպտեմբերին լքեցին իրենց նախնիների տները։  Նա իր ելույթում նշել է, որ դատական գործի շրջանակներում առկա ապացույցներն ուսումնասիրելով՝ ադրբեջանական ներկայացուցիչները, զարմանալիորեն, չեն կարողանում տեսնել հայ քաղաքացիական անձանց նկատմամբ ռասսայական խտրականությունը հաստատող ապացույցները։   Անդրադառնալով հայերի նկատմամբ Ադրբեջանում տարածված հայատյացությանն ու երկրի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հայ ժողովրդի հասցեին հնչեցված հայտարարություններին՝ Մըրֆին նշել է․ «Ես չեմ քննի նախագահ Ալիևի բոլոր այն հայտարարությունները, որոնք հնչել են և, որոնք, ի վերջո, մեր ապացույցների մի մասն են: Բայց, մեր կարծիքով, այդ հայտարարությունները ցույց են տալիս ռասսայական թշնամություն կամ առնվազն այս իրավասության փուլում կարող են այդպես ընթերցվել: Օրինակ, Ադրբեջանը պնդում էր, որ նախագահ Ալիևի հայտարարությունը, թե իրենց հիմնական թշնամիները աշխարհի հայերն են, ռասսայական թշնամանքի դրսևորում չէ։ Ադրբեջանը պնդում է, որ այս արտահայտությունը բարեհաճորեն վերաբերում է Ադրբեջանին քննադատողներին կամ նրանց, ովքեր չեն սիրում Ադրբեջանը: Բայց աշխարհի հայեր արտահայտությունը, անշուշտ, չի վերաբերում կոնկրետ երկրի կամ կոնկրետ երկրի ղեկավարությանն ու նրա բանակին: Արտահայտությունն ակնհայտորեն վերաբերում է մի ամբողջ էթնիկ խմբի՝ աշխարհում որտեղ էլ որ լինի»։ Նա հավելել է, որ Ադրբեջանի կառավարությունն ընդհանուր առմամբ քարոզում և ատելություն է տարածում էթնիկ հայերի նկատմամբ: Եվրոպայի խորհրդի Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի  խորհրդատվական կոմիտեն չի ընդունում Ադրբեջանի մեկնաբանությունները իր կառավարության հայտարարությունների վերաբերյալ ․․․Եթե Ադրբեջանը սպառնալիք չի հանդիսանում, ապա ինչո՞ւ 2023 թվականի սեպտեմբերին ավելի քան 100․000 էթնիկ հայ, այդ թվում՝ 30․000 երեխա, մի քանի օրվա ընթացքում փախան իրենց պապենական հայրենիքից»,- հարցադրում է արել ՀՀ ներկայացուցիչը։ Շոն Մըրֆին հավելել է, որ շատ պարզ է, որ ադրբեջանական պաշտոնյաների խոսքերը ճիշտ են ընկալվել Լեռնային Ղարաբաղի ողջ էթնիկ հայերի կողմից։ Նրանք հասկացել են, որ այդ սպառնալիքները ոչ թե ուղղված են միայն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներին, այլ առաջին հերթին հենց իրենց։ «Այս պատճառով է, որ նրանք լքել են իրենց տները: Պատճառն այս սպառնալիքն է և դրա ստեղծած ընկալումը, որը մշակվել է տասնամյակների ընթացքում Ադրբեջանի կառավարության կողմից», - եզրափակել է Մըրֆին։
19:32 - 19 ապրիլի, 2024
ԱՄՆ-ն վետո է դրել Պաղեստինին ՄԱԿ-ում որպես մշտական ​​անդամ ընդունելու բանաձևի վրա

ԱՄՆ-ն վետո է դրել Պաղեստինին ՄԱԿ-ում որպես մշտական ​​անդամ ընդունելու բանաձևի վրա

Միացյալ Նահանգները դեմ է քվեարկել Պաղեստինին ՄԱԿ-ում որպես մշտական ​​անդամ ընդունելու բանաձևին։ Այս մասին գրում է Reuters-ը։ «ԱՄՆ-ն շարունակում է աջակցել երկու պետության ստեղծման սկզբունքին։ Այս քվեն չի նշանակում, որ դեմ ենք Պաղեստինի պետականությանը, փոխարենը հստակեցնում է, որ այն պետք է լինի երկու կողմերի միջև բանակցությունների արդյունք»,- ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ փոխդեսպան Ռոբերտ Վուդը: Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը դատապարտել է ԱՄՆ-ի որոշումը իր հայտարարության մեջ՝ վետոն անվանելով «անարդար, ոչ էթիկական և չհիմնավորված»։ ՄԱԿ-ում Պաղեստինի դեսպամ Ռիյադ Մանսոուրը քվեարկությունից հետո հայտարարել է․ «Փաստը, որ այս բանաձևը չանցավ, չի կոտրի մեր կամքը և պարտության չի մատնի մեր վճռականությանը։ Մենք չենք դադարեցնի մեր ջանքերը»։ Իսրայելի արտաքին գործերի նախարարը ողջունել է ԱՄՆ քվեարկությունը։ Դիմելով Խորհրդի 12 անդամներին, որոնք կողմ են քվեարկել բանաձևի նախագծին, ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանը Գիլադ Էրդանը ասել է․ «Ցավալի է, որովհետև ձեր քվեն էլ ավելի կքաջալերի Պաղեստինի մերժողականությունը և գրեթե անհնար կդարձնի խաղաղությունը»։
10:52 - 19 ապրիլի, 2024
Եկել է լարվածությունը նվազեցնելու և դեէսկալացիայի հասնելու ժամանակը. Գուտերեշ |1lurer.am|

Եկել է լարվածությունը նվազեցնելու և դեէսկալացիայի հասնելու ժամանակը. Գուտերեշ |1lurer.am|

1lurer.am: Կիրակի կայացել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը՝ նվիրված Իսրայելի վրա Իրանի հարձակմանը։ Այն սկսվել էր կիրակի գիշերը՝ ի պատասխան Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակման, հայտնում է Euronews-ը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել Մերձավոր Արևելքում՝ խոշոր հակամարտությունից խուսափելու համար։ «Եկել է լարվածությունը նվազեցնելու և դեէսկալացիայի հասնելու ժամանակը»,- ասել է նա ՄԱԿ-ի ԱԽ նիստում: Խոսելով Իսրայելի և Իրանի միջև առճակատման մասին՝ Գուտերեշը կոչ է արել «հետ քաշվել անդունդի եզրից և խուսափել մեծ առճակատումից»։ «Միջազգային հանրությունը պարտավոր է համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ կանխելու հետագա էսկալացիան»,- ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։ Նա նաև հայտարարել է Գազայի հատվածում անհապաղ մարդասիրական հրադադարի, արմատական ​​իսլամիստական ​​շարժման կողմից պատանդների ազատ արձակման և մարդասիրական օգնության անխոչընդոտ առաքման անհրաժեշտության մասին: Իսրայելն ու Իրանը միմյանց են մեղադրել իրադրության սրման համար:
11:53 - 15 ապրիլի, 2024
ՄԱԿ-ը և Համաշխարհային բանկը նախազգուշացնում են Գազայում սովի սպառնալիքի մասին
 |armenpress.am|

ՄԱԿ-ը և Համաշխարհային բանկը նախազգուշացնում են Գազայում սովի սպառնալիքի մասին |armenpress.am|

armenpress.am: Գազայի բնակիչների կեսից ավելին գտնվում է սովի շեմին, և նրանցից ավելի քան 1 միլիոնն անօթևան է մնացել 2023 թվականի աշնանը սկսված պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման հետևանքով։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին նշված է Համաշխարհային բանկի և ՄԱԿ-ի համատեղ զեկույցում։ «Գազայի բնակչության կեսից ավելին սովի շեմին է, և ամբողջ բնակչությունը զգում է սննդի սուր պակաս և թերսնուցում: Ավելի քան մեկ միլիոն մարդ մնացել է առանց տների, իսկ բնակչության 75%-ը դարձել է ներքին տեղահանված»,- ասված է փաստաթղթում։ Զեկույցում ընդգծվում է, որ Գազայում ընթացող մարտերի աղետալի ֆիզիկական և հոգեբանական հետևանքները ամենաշատը հարվածել են կանանց, ծերերին և երեխաներին։ Միևնույն ժամանակ, Համաշխարհային բանկի և ՄԱԿ-ի վերլուծաբաններն ակնկալում են, որ վերջիններս կբախվեն ներկայիս հակամարտության ցմահ հետևանքներին։ 
22:33 - 02 ապրիլի, 2024