ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Մեր հարաբերություններում ճգնաժամ առաջացավ հենց այդ կետից, երբ ադրբեջանական զորքերը ներխուժեցին Հայաստան. Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ի մասին

Մեր հարաբերություններում ճգնաժամ առաջացավ հենց այդ կետից, երբ ադրբեջանական զորքերը ներխուժեցին Հայաստան. Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ի մասին

«Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովի» շրջանակում վարչապետը պատասխանել է մոդերատոր Politico in Europe-ի գործադիր խմբագիր Գորդոն Ռեպինսկու հարցերին: Գորդոն Ռեպինսկի - Դուք նշեցիք անվտանգության հետ կապված Հայաստանի իրավիճակը։ Անդերս Ֆոգ Ռասմուսենը ձեր հարևանին անվանել է ավտոկրատիա։ Դուք գտնվում եք շատ բարդ աշխարհաքաղաքական և աշխարհագրական դիրքում։ Ինչպե՞ս եք լուծում անվտանգության հետ կապված խնդիրն այդ միջավայրում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Անկեղծ ասած, ես չէի ցանկանա մեկնաբանել մեր հարևան երկրների ներքին իրավիճակը։ Բայց մյուս կողմից, ինչպես ասել եմ, ժողովրդավարությունը հանգամանքների բերումով չի ժամանել Հայաստան։ Ես գտնում եմ, որ այն լիովին համապատասխանում է մեր ժողովրդի մտածելակերպին։ Այն մեր կառավարության համար ռազմավարություն է, այն մեր քաղաքական համոզմունքն է, այն նաև մեր քաղաքական ինքնությունն է։ Մեր քաղաքական թիմի անդամները կյանքի մեծ մասը պայքարել են հանուն ժողովրդավարության, օրենքի գերակայության և խոսքի ազատության։ Հիմա մենք ունենք այս բոլոր արժեքները մեր երկրում իրականացնելու հնարավորություն։ Բայց, իհարկե, անվտանգային իրավիճակը բարդ էր, և այժմ այն ավելի բարդ է ոչ միայն մեր տարածաշրջանային իրավիճակի բերումով, այլ նաև գլոբալ իրավիճակի բերումով, որովհետև ակնհայտորեն աշխարհակարգը փլուզվում է այս պահին։ Իմ գնահատականն այն է, և ես այդ մասին առիթ ունեցել եմ հրապարակայնորեն ասելու, որ պատերազմը, որ տեղի ունեցավ մեր տարածաշրջանում, ինչ-որ առումով հետագա զարգացումների նախաբանն էր։ Եվ այժմ հիմնական հարցը անվտանգությունն է։ Ո՞րն է մեր ռազմավարական տեսակետը, ինչպե՞ս ենք մենք պատրաստվում երաշխավորել մեր երկրի անվտանգությունը։ Վերջերս ես մեր խորհրդարանում ելույթ ունեցա, որտեղ ասացի, որ իմ կարծիքով` անվտանգության ապահովման համար ամենակարևոր գործիքը լեգիտիմ արտաքին քաղաքականությունն է։ Սա է պատճառը, որ մենք այդքան հաճախակի ենք ցիտում 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը։Կցանկանայի լսարանին տեղյակ պահել, թե ինչի մասին է Ալմա-Աթայի հռչակագիրը։ Այն ընդունվել է 12 խորհրդային հանրապետությունների կողմից, որտեղ նշվում են մի քանի շատ կարևոր մտքեր։ Առաջինը` Խորհրդային Միությունը դադարում է գոյություն ունենալ, և խորհրդային հանրապետությունների միջև վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ, քանի որ խորհրդային հանրապետությունները դառնում են անկախ երկրներ։ Շատ կարևոր է, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցավ քառակողմ հանդիպում Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի և իմ մասնակցությամբ, որտեղ երկու շատ կարևոր համաձայնություն եղավ։ Առաջին՝ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են մեկը մյուսի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, և Ալմա-Աթայի հռչակագիրը պետք է ծառայի որպես հիմք` երկու երկրների միջև սահմանազատման համար։ Սա է պատճառը, որ ես ասացի, որ մենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր սահման գծելու խնդիր չունենք։ Մենք պարզապես պետք է վերարտադրենք գոյություն ունեցած սահմանը հողի վրա։ Այս գործընթացը հենց հիմա տեղի է ունենում, և ես հույս ունեմ, որ հաստատակամորեն կշարունակենք այն։ Գորդոն Ռեպինսկի - Սահմանային կոնֆլիկտը, որ վերջին տարիներին տեղի է ունեցել, բացասաբար է ազդում Ռուսաստանի հետ հարաբերությունների և Հայաստանի համար Ռուսաստանի դերի վրա։ Ի՞նչ կասեք այս մասին։Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է։ Հիմա նույնպես պաշտոնապես մենք ՀԱՊԿ անդամ ենք, բայց ես հայտարարել եմ, որ սառեցրել ենք մեր մասնակցությունը:Գորդոն Ռեպինսկի - Այսինքն շարունակո՞ւմ եք մնալ անդամ, թե՞...Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Դա հետագա խոսակցության հարց է, բայց շատ կարևոր է արձանագրել ներկայիս իրավիճակը։ Մեր հարաբերություններում ճգնաժամ առաջացավ հենց այդ կետից, երբ ադրբեջանական զորքերը ներխուժեցին Հայաստան, և համաձայն ՀԱՊԿ-ի ընթացակարգերի` կազմակերպությունն ու իր անդամ պետությունները պետք է աջակցեին Հայաստանին այս իրավիճակում։ Բայց նույնիսկ պաշտոնական դիմումից հետո ՀԱՊԿ-ը մերժեց որևէ հստակ քայլ անել, և փաստորեն, դա է ՀԱՊԿ-ին բոլոր մակարդակներում մեր մասնակցությունը սառեցնելու հիմնական պատճառը։Գորդոն Ռեպինսկի - Ակնկալո՞ւմ եք արդյոք, որ Արևմուտքը կգրավի ներկայիս վակուումը և կապահովի ձեր անվտանգությունը։Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մեր քաղաքական դիրքորոշումը և քաղաքականությունը կայանում է նրանում, որ մենք դիվերսիֆիկացնենք մեր արտաքին հարաբերությունները բոլոր ոլորտներում։ Հիմա մենք պաշտպանական ոլորտում համագործակցություն ենք զարգացնում Հնդկաստանի, Ֆրանսիայի, այլ երկրների հետ։ Հիմա մենք Եվրամիության հետ որոշակի համագործակցություն ունենք, որովհետև ինչպես նշեցի, մենք ուրախ ենք մեր և Ադրբեջանի սահմանին ԵՄ Քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման համար։ Իհարկե, դա քաղաքացիական առաքելություն է, բայց մյուս կողմից, ինչ-որ առումով այն մի նոր գործոն է մեր տարածաշրջանի անվտանգության համար։ Սա առաջին անգամ է, որ Եվրամիությունը որևէ կերպով մասնակցում է Հայաստանի Հանրապետության անվտանգության օրակարգին։Գորդոն Ռեպինսկի - Դուք ցանկանո՞ւմ եք դառնալ ԵՄ անդամ։Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հիմա մենք սպասում ենք Հայաստանը Եվրոպական Խաղաղության հիմնադրամում ներառելու վերաբերյալ ԵՄ որոշմանը։ Մենք նաև հույս ունենք սկսել վիզաների ազատականացման բանակցությունները, և անցած տարի ես Եվրոպական խորհրդարանում հայտարարեցի, որ Հայաստանը պատրաստ է լինել այնքան մոտ Եվրամիությանը, որքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի։ Սա է մեր դիրքորոշումը։ Գորդոն Ռեպինսկի - Հիմա փոխանցեմ լսարանից եկած հարցը, որը նույնպես Եվրոպայի հետ սերտանալու ձեր հնարավորությունների մասին է։ Կարո՞ղ եք մանրամասնել, թե ինչ նախաձեռնություններ է ձեռնարկում Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ինչպես ասել եմ, կոռուպցիայի դեմ պայքարում հսկայական առաջընթաց ունենք, բայց դժբախտաբար, մենք չենք կարող ասել, որ կոռուպցիան արմատախիլ ենք արել Հայաստանից։ Բայց ի՞նչ անել` շարունակել, լինել հաստատակամ, և լինել հաստատակամ ժողովրդավարական բարեփոխումների օրակարգում։ Սա է պատճառը, որ Եվրամիության հետ համագործակցությունը մեզ համար մեծագույն նշանակություն ունի, որովհետև Եվրամիությունն այսօր մեր ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի իրականացման հիմնական գործընկերն է։ Մենք հույս ունենք, որ Եվրամիությունը, ինչպես նաև ԱՄՆ-ն ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում կավելացնեն աջակցությունը Հայաստանին, որովհետև ինչպես ասել եմ, ժողովրդավարությունը մեզ համար ռազմավարություն է։ Իմիջիայլոց, 2019-ին մենք ԱՄՆ-ի հետ սկսել ենք Ռազմավարական երկխոսություն, և այսօր մենք տեսնում ենք Եվրամիության հետ մեր համագործակցության ամրապնդում։ Ես նաև նշեցի, որ վերջերս եռակողմ հանդիպում ունեցանք ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Հայաստանի մասնակցությամբ, իմիջիայլոց, դա նախադեպը չունեցող ձևաչափ էր, որտեղ մենք ընդունեցինք մի հսկայական օրակարգ` ինստիտուցիոնալ և տնտեսական բարեփոխումների մասին։ Շատ կարևոր է նաև, որ մենք ավելի ու ավելի շոշափելի աջակցություն ստացանք ԵՄ-ի ու ԱՄՆ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի փախստականների հումանիտար կարիքները հասցեագրելու համար, ինչը նույնպես շատ կարևոր է, քանի որ այն շատ զգայուն և էմոցիոնալ հարց է մեզ համար։ Գորդոն Ռեպինսկի - Եվ վերջին հարցը։ Ո՞ր թվականին կուզենայիք, որ Հայաստանը դառնար ԵՄ անդամ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այս տարի։
20:03 - 14 մայիսի, 2024
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023 թ. գործունեության հաշվետվությունը: Գրասենյակի ղեկավար Եղիշե Կիրակոսյանը զեկուցել է ՄԻԵԴ-ի կողմից ՀՀ կառավարությանը կոմունիկացված գանգատների և կատարված աշխատանքների համեմատական վերլուծության և 2022-2023 թթ. Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի հոդվածներով կոմունիկացված գանգատների համեմատական վերլուծության մասին: Մանրամասներ են ներկայացվել նաև կոմունիկացված գանգատի կապակցությամբ ՀՀ կառավարության դիրքորոշման ձևավորման ընթացակարգի վերաբերյալ: Վճիռների և որոշումների կատարման հետ կապված նշվել է, որ իրականացվել են ՄԻԵԴ-ի վճիռների/որոշումների կատարմանն ուղղված ընդհանուր և անհատական միջոցառումներ, արձանագրված խնդիրների լուծման նպատակով համագործակցություն է ծավալվել ներպետական շահագրգիռ մարմինների հետ, տեղեկատվություն է ներկայացվել ԵԽ Նախարարների կոմիտե, իրականացվել է ՄԻԵԴ-ի վճիռների/որոշումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ուղղված աշխատանքներ: Նշվել է, որ ԵԽ նախարարների կոմիտեի կողմից վերահսկվող ՄԻԵԴ վճիռներով արձանագրված խախտումների շրջանակում կան խստացված ընթացակարգով վերահսկվող գործեր և ստանդարտ ընթացակարգով վերահսկվող գործեր: Վարչապետին զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում տպագրվել է ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի առաջին տեղեկագիրը, որն ընդգրկում է ՄԻԵԴ-ի 2018-2020 թվականների կարևորագույն գործերի համառոտագրերը։ Տպագրվել է նաև ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի թվով երկրորդ տեղեկագիրը։ Զեկույցի համաձայն, ընթացքում են երրորդ ձեռնարկի շուրջ հետազոտական և պատրաստման աշխատանքները, որը նվիրված է լինելու ներպետական մակարդակում ՄԻԵԴ-ի վճռի կամ որոշման հիման վրա վերաբացումներին և դրանց գործնական առանձնահատկություններին: Օրենսդրության կատարելագործման և միջազգային համագործակցության շրջանակում գրասենյակն իրավական դիրքորոշումներ է տրամադրել թվով 73 իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ և ներկայացրել համապատասխան առաջարկություններ, մշակվել են թվով 4 իրավական ակտերի նախագծեր, որոնք սահմանված ընթացակարգով ընդունվել են, կազմակերպվել և իրականացվել են թվով 5 դասընթացներ (ԵԽ, ԵՄ, ՄԱԿ): Հաշվետվության առանձին կետերի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, դիտարկումներ և առաջարկություններ են ներկայացվել գրասենյակի կատարած աշխատանքի և հետագա անելիքների շուրջ։ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է՝ արդյոք կա՞ մեխանիզմ, որով ՄԻԵԴ-ի կայացրած որոշումների և վճիռների արդյունքում ՀՀ-ում հետագայում բացառվում են նմանօրինակ խնդիրները: Ի պատասխան Եղիշե Կիրակոսյանը նշել է, որ դա միջգերատեսչական հանձնաժողովի ֆորմատն է, որը լավագույն մեխանիզմն է այդ առումով: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր հերթին հավելել է. «Բոլոր իրավասու մարմինները մասնակցում են, այդ թվում՝ դատական համակարգը պալատներով, և հատ առ հատ քննարկում ենք պատճառների վերացման սցենարները դատավարության ժամկետների մասով, վերջին նիստի արդյունքում մեծ արձանագրություն է կազմվել պատճառների վերացման անելիքների մասով»: Նիկոլ Փաշինյանը նաև խոսել է այն մասին, որ մեծ հաշվով երկարաժամկետում ՄԻԵԴ-ի վճիռները նաև ինդիկատոր են, թե բարեփոխումներն ինչպես են ընթանում և ինչպես են կյանքի կոչվում: Վարչապետի խոսքով՝ առնվազն այս դիտանկյունից պետք է նայել հարցին: Նիկոլ Փաշինյանը նշել է՝ կանխավարկածն այն չէ, որ մինչև ՄԻԵԴ-ի վճիռ չկա, այդ հարցերով ոչ մեկը չի զբաղվում, բայց մյուս կողմից՝ դա հայացք է այլ տեղից, որը Նիկոլ Փաշինյանի կարծիքով, պրակտիկ աշխատանքների մեջ օգտակար կարող է լինել այն առումով, եթե ինչ-որ մասով անդրադարձ կատարվում է: Վարչապետի դիտարկմամբ՝ այսպես թե այնպես ամեն վճիռ իր առանձին բովանդակությունն ունի, այսինքն՝ կարող են լինել հարցեր, որոնց անդրադարձ կլինի, կարող են լինել հարցեր, որոնց անդրադարձ չի լինի: Վարչապետը նշել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում, ինչո՞ւ են մեղադրում և ի՞նչ պետք է անի այդ մեղադրանքը հետագայում չունենալու համար: Մանավանդ, որ ՄԻԵԴ-ը մի կառույց է, որն ակնհայտորեն և՛ Հայաստանում, և՛ ընդհանրապես ամբողջ Եվրոպայում բացարձակ հեղինակություն է վայելում, որը նաև ռեսուրս է ՀՀ կառավարության բարեփոխումների իրականացման համար: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ երբ որոշում էր կայացվում, որ Վարչապետի աշխատակազմում պետք է այսպիսի գրասենյակ ստեղծվի՝ դրա հիմնավորումներից մեկը հենց այն էր, որ այդ գրասենյակը լինի կենտրոնում, որպեսզի ազդակներն այստեղից համահավասար գերատեսչություններին և ինստիտուտներին գնան: Վարչապետի խոսքով՝ այդ տրամաբանությունն է դրվել և այդ տրամաբանությունը պետք է անընդհատ ոչ միայն ուժեղացնել, այլ նաև ինքնաշխատ ռեժիմի մեջ դնել: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այդ ուղղությամբ պետք է ինտենսիվ աշխատանք տանել:
18:39 - 13 մայիսի, 2024
Մեր երկիրը ֆիզիկապես, բարոյապես, հոգեպես ավերակված է․ սրա պատասխանատուն  են կառավարության շենքում նստածները․ Բագրատ Սրբազան

Մեր երկիրը ֆիզիկապես, բարոյապես, հոգեպես ավերակված է․ սրա պատասխանատուն են կառավարության շենքում նստածները․ Բագրատ Սրբազան

Երեկվանից մենք խոսում ենք հաշտության մասին, այս մարդիկ որոշների դեմքերով խոսում են ատելության մասին։ Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքին հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։ «Չեն դադարում, ժողովուրդ, թունավորվել են, մարդը թունավորվել են մեր երկրում․ սրա պատասխանատուն էլ են կառավարության շենքում նստածները։ Ամենավերջին խոսքերն են ասում, ատելություն, թշնամություն ոչ միայն իմ մասին, այլ նաեւ բոլորիս, ժողովրդի մասին։ Սա չէ մեր մտացած Հայաստանը, մեր պատկերացրած Հայաստանը։ Անկեղծ շատ եմ տխրել այսօր, երբ անընդհատ առիթ ունեցա նայելու լուրերի վերնագրեր, ապշած եմ։ Գիտեմ, որ ընկած վիճակում ենք, բայց այսչափ չէի պատկերացնում։ Հենց սրա համար է մեր շարժումը, որպեսզի իսկապես լայն կերպով վերանա մեր կյանքից այս ապիկար վիճակը, եւ ամբողջական ու իրական հաշտություն լինի։ Մեր երկիրը ֆիզիկապես, հոգեպես, բարոյապես, մտքով ավերակված է․ միայն իրենք են պատասխանատու դրա համար»,- իր խոսքում նշեց Բագրատ Սրբազանը։ Անդրադառնալով կառավարության շենքի մոտ մի քանի շարքով կանգնած ոստիկաններին՝ Սրբազանն ասաց․ «Մեր տղաներն այնտեղ կանգնած են վահաններով, ի՞նչ են անում այնտեղ, ինչո՞ւ են վահաններով կանգնած, որ ի՞նչ անեն․ սա էլ է սուտ։ Պաշտպանում են այն մարդուն, որին ժողովրդի ինչ-որ մաս քվե է տվե՞լ, էդ մարդուն պաշտպանում են իրեն քվե տվողների՞ց․ այսքան վախկոտ կլինի՞ մարդ»։ Նա իր խոսքում անդրադարձավ նաեւ ուսանողներին, որոնք այսօր հայտարարել էին դասադուլ ու միացել շարժմանը․ «Երբ հավաքվեցինք այստեղ, իմ տրամադրությունն այն է, որ իրենք գնան, հանգստանան, երեկոյան հանդիպենք, խոսենք, բայց պարզվում է՝ նեղացել են, ասում են՝ ինչո՞ւ չենք գնացել գործողություններ անելու, այսպիսին են մեր երիտասարդները։ Մենք ասում ենք՝ ոչ, իրենք ասում են՝ չէ պիտի անենք»։ Սրբազանը կոչ արեց ուսանողներին՝ լարել մտքերն ու մկանները, որպեսզի կարողանան քննարկել գալիք քայլերը։ 
19:27 - 10 մայիսի, 2024
Տարբեր անուններ են քննարկվում․ Բագրատ Սրբազանը խոսեց հնարավոր թեկնածուների մասին

Տարբեր անուններ են քննարկվում․ Բագրատ Սրբազանը խոսեց հնարավոր թեկնածուների մասին

 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հանրապետության հրապարակում է։  Լրագրողներից մեկը հարց հնչեցրեց, որ մարդիկ մեղադրում են իրենց՝ հանրությանը մոլորեցնելով հրապարակ բերելու և քաղաքական պահանջ հնչեցնելու մեջ։ Ինչին նա պատասխանեց՝ հանրությունն ինքն էր պահանջում, ինքը ուղղակի այդ եղած զգացումները ձևակերպել, հնչեցրել է․   «Երեկ մեր քայլերը ներկայացնելու հերթականությունը այն չէր, ինչ եղավ, ժողովրդի ստիպմամբ եղավ, մենք ծրագրել էինք սահմանազատման դադարեցնելու մասին խոսել, հանդիպում նշանակել ու հետո տեսնել, թե ինչ է տեղի ունենալու, բայց ժողովրդի պահանջն էր այդպիսինը, ես չէի կարող ուրիշ բանի մասին խոսել, հնչեցրել եմ այն պահանջը ինչ էստեղ կուտակված էր»,- ասաց Բագրատ Սրբազանը։ Վերջինս նշեց, որ մինչև հիմա իրենց գործը չի եղել քաղաքական գործընքաց։   «Հիմա, մեր կարծիքով, քաղաքական գործիչների խորհրդակցության արդյունքում, արդեն ծրագրվի։ Երեկ փորձեցինք խորհրդարանական պատգամավորների հետ հանդիպել, խոսել, թե ինչ ձևերով կգնա գործընթացը․ նրանք պատրաստ են այդ գործընթացը այս փուլում շարունակելու և օրինական  ճանապարհով հասցնելու ավարտին։ Այդ ժամանակ պահանջվելու է նաև վարչապետի թեկնածու և այդ ժամանակ էլ երևի կհնչի [անուն]»,- Հանրապետության հրապարակում ասաց Բագրատ Սրբազանը։  Հարցին՝ անուններ քննարկվու՞մ են, Բագրատ Սրբազանը պատասխանեց՝ այո․ «Տարբեր անուններ են քննարկվում, ձեր սիրած ու չսիրած անուններ, բայց ի վերջո համաձայնություն կգոյանա, թե ով կլինի, ում անձի շուրջ կլինի, սա արդեն երկրորդ փուլ է»,- ասաց նա։  Հարցին՝ քաղաքական ո՞ր ուժերից են անուններ շրջանառվում, Բագրատ Սրբազանը ասաց․ «Հնարավոր է քաղաքական ուժերից չլինի»։  Իսկ հարցին, թե արդյո՞ք բացառում են Ռոբերտ Քոչարյանի անձը քննարկելը, նա ասաց․ «Այդպիսի հարց չկա հրապարակում։ Մարդիկ ստեղծեցին այդ միֆը․․․ ես Ռոբերտ Քոչարյանին կյանքում հանդիպել եմ մի անգամ՝ 2001 թվականին Սևանի թերակղզում, երբ Վեհափառի հետ այցելել եմ Վազգենյան դպրոց, ընդամենը հինգ րոպե»,- ասաց նա։ Արման Թաթոյանի՝ հնարավոր թեկնածու լինելու մասին հարցին, Բագրատ Սրբազանը ասաց․ «Հնարավոր է, ամեն ինչ էլ հնարավոր է»։
10:35 - 10 մայիսի, 2024
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում
 |hetq.am|

«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում |hetq.am|

hetq.am: Կառավարությունը համաձայնագրերով օրինականացնում է ընկերության թերացումները 2023 թվականին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում ջրի կորուստը կազմել է 63,1%, իսկ չհասութագրված, արտոնագրված (ապօրինի օգտագործված) ջուրը՝ 6,3% (ընդհանուր՝ 69․4% ջրակորուստ): Այս տեղեկությունը «Հետք»-ին փոխանցել է Ջրային կոմիտեն, որը խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություն իրականացնող ֆրանսիական «Վեոլիա Օ Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» ընկերության հետ Հայաստանի կառավարության անունից վարձակալության պայմանագիր կնքած կողմն է։ Պայմանագրով վարձակալության 15 տարիներին Ջրային կոմիտեն (ՋԿ) պետք է վերահսկի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի պարտավորությունների կատարումը։ Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր 76-80%։ Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունը ստանձնած ֆրանսիական ընկերության բիզնես պլանում ներկայացված է նաև ջրի կորուստը նվազեցնելու ժամանակացույցը։ 2023թ․-ին այն պետք է կազմեր 64%, իսկ պայմանագրային կառավարման ավարտին՝ 2031թ․-ին, նախատեսվում է ջրի կորուստը նվազեցնել մինչև 46%: 2023թ․–ը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի պայմանագրային կառավարման 7-րդ տարին է, և ներկայացրած ցուցանիշը՝ 69․4% ջրի կորուստը, նախատեսվածից բարձր է 5,4%-ով։ Ջրի կորուստը նվազեցնելու սահմանված ցուցանիշը չապահովելը բացատրություն պետք է ունենա, սակայն «Վեոլիա Ջուր»-ն իր կառավարման 8 տարիներին երբևէ չի պահպանել պայմանագրով և լիցենզիայով ստանձնած՝ հանրությանը հաշվետու լինելու պարտավորությունը։ Այդ պարտավորությունը նաև Ջրային կոմիտեն ունի, սակայն այս կառույցը նույնպես հանրային գործունեություն չի իրականացնում։ Հայաստանի խմելու ջրի մատուցման ծառայությունը ստանձնելիս «Վեոլիա Ջուր»–ը հայտարարեց, որ ջրամատակարարման ենթակառուցվածքները հին են, ինչի հետևանքով ջրի կորուստը մեծ է։ «Ոչ ոք չի ուսումնասիրել խմելու ջրի համակարգում 70-80% ջրի կորուստների մասին պնդումը։ Մենք չկարողացանք գտնել այն ուսումնասիրությունը, որը կհաստատեր մոտ 80% կորուստը, որն օգտագործվել է որպես կորստի բազային ցուցանիշ»,- ասվում է Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Յակոբեան» բնապահպանական կենտրոնի՝ վերջերս իրականացրած հետազոտության մեջ։  Նույն կերպ, այսօր չկա հետազոտություն, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն կորուստները նվազեցրել է՝ հասցնելով 69,4%–ի։ «Յակոբեան» բնապահպանական կենտրոնի հետազոտության մեջ նշվում է, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն 100 միավոր ջուր է վերցնում և կարողանում է վաճառել դրա միայն 20-30%-ը։ Ընդհանուր համոզմունքն այն է, որ կորցրած 70 կամ 80 միավոր ջրի կեսը տեխնիկական կորուստ է (արտահոսք), իսկ կեսը՝ «տնտեսական» կորուստ (գողություն)։ «Ելնելով այն փաստից, որ Հայաստանում չհաշվառված ջրի մեծ մասը վերագրվում է առեւտրային կորուստներին, հնարավոր է ակնկալել, որ այս կորուստների նվազեցմամբ հասութագրված ջրի ծավալն աստիճանաբար կավելանա: Երեւանում ավելի լավ նվազեցնում ենք առեւտրային կորուստները, քան ֆիզիկական հոսակորուստները»,- հուսադրում էր «Վեոլիան» իր ներկայացրած բիզնես ծրագրում։ Ջրի կորուստը կառավարման 7-րդ տարում 80%-ից 69․4%-ի հասցնելը, հիմնականում, պայմանավորված է առևտրային կորուստների նվազեցմամբ։ 2019թ․-ից բարձրահարկ շենքերի մուտքերին ջրաչափեր են տեղադրել, որի տվյալները համեմատում են շենքի բոլոր բաժանորդների համար գրանցված ջրաչափված ընդհանուր ծավալի հետ և գանձում են տարբերությունը։ Հասութագրված ջրի ծավալը, հիմնականում, դրա շնորհիվ են ավելացրել։ Արտահոսքը կամ ֆիզիկական կորուստը նվազեցնելու համար «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն ներդրումներ պետք է կատարեր ջրամատակարարման ենթակառուցվածքները նորացնելու համար։ Այս տարվա փետրվարի 9-ին Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանին ուղղված գրությամբ խնդրել էինք տեղեկատվություն տրամադրել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի՝ վերջին չորս տարիներին կատարած ներդրումների մասին։ Մեզ ներկայացրել են թվեր՝ առանց մանրամասնելու, թե որտեղ և ինչ ծավալի ներդրումներ են կատարել։ Ջրային կոմիտեի (ՋԿ) տվյալների համաձայն՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով (ՊԿԱԾ) 2020թ․-ին 2,045 մլրդ դրամի ներդրում է կատարել, 2021թ․-ին՝ 3,501 մլրդ դրամի, 2022թ․-ին՝ 4,143 մլրդ դրամի, 2023թ․-ին՝ 3,7 մլրդ դրամի։  2020թ․-ին՝ պայմանագրային կառավարման 4-րդ տարում, ընկերության ներդրումը պետք է կազմեր ոչ թե 2 մլրդ 45 մլն դրամ, այլ՝ 2 մլրդ 750 մլն դրամ։ 2021-23թթ․ կտրուկ աճել է ներդրումների ծավալը, սակայն ՋԿ-ն հրաժարվում է ասել, թե որտեղ և ինչ ծավալի ներդրումներ են կատարվել։  Կամ՝ գոնե բացատրել, թե 2021-23թթ․ ինչու են պլանավորվածից շատ ներդրումներ կատարել։ Երեք ամիս համբերատար սպասել ենք, որպեսզի ՋԿ-ն ամբողջությամբ տրամադրի պահանջված տեղեկատվությունը, բայց այդպես էլ չտրամադրեց։ «Ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից»,- մեզ խորհուրդ է տալիս ՋԿ-ն։ Հետևությունն այն է, որ ՋԿ–ն չունի պահանջված տեղեկությունները։ Այսինքն, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն կատարած աշխատանքների, տվյալ դեպքում՝ պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով (ՊԿԱԾ) իրականացված ներդրումների մասին հաշվետվություն չի տրամադրում ՋԿ-ին։  «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն վարձակալության պայմանագրով պարտավոր է պայմանագրային տարվա սկզբից 60 օր առաջ Վարձատուին (այս դեպքում՝ ՋԿ-ին) ներկայացնել տվյալ տարվա ՊԿԱԾ-ի նախագիծը։ Վարձատուն ՊԿԱԾ-ի նախագիծը ստանալուց 15 օրվա ընթացքում պետք է իր առարկությունները ներկայացնի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին։ Յուրաքանչյուր պայմանագրային տարվա մինչև հուլիսի 1-ը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն պարտավոր է ներկայացնել նախորդ պայմանագրային տարվա ՊԿԱԾ-ի հաշվետվությունը։ ՊԿԱԾ-ի հաշվետվությունը պետք է ուսումնասիրվի և աուդիտի ենթարկվի անկախ տեխնիկական աուդիտորի կողմից։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձաժողովի (ՀԾԿՀ) հետ կնքված լիցենզիայի պայմանների համաձայն՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն յուրաքանչյուր տարի մինչև հուլիսի 1-ը պարտավոր է իրականացնել նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունների աուդիտ և աուդիտորական եզրակացությունն ու հաշվետվությունը ներկայացնել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, ինչպես նաև՝ իր վեբ-կայքում տեղադրել աուդիտորական եզրակացությունն ու դրա հետ կապված հրապարակման ենթակա այլ նյութերը։ Ո՛չ ՀԾԿՀ-ն, ո՛չ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն չեն կատարում իրենց պարտավորությունները՝ հաշվետվությունները, աուդիտի եզրակացությունները և պարտադիր հրապարակման ենթակա այլ փաստաթղթեր չեն հրապարակում։ Այլ կերպ ասած՝ նրանց գործունեությունը թափանցիկ ու հաշվետու չէ։ 2023թ․ հոկտեմբերի 12-ին կողմերի միջև կնքված թիվ 40 համաձայնագրից տեղեկանում ենք, որ վարձակալության պայմանագրի առաջին 5 տարիների (2017-21թթ․) տեխնիկական աուդիտն իրականացրած «Սաշեն Վասեր» ՋԻ․էմ․բի․Էյչ ընկերության՝  պայմանագրային 5-րդ տարվա՝ 2021թ․-ի համար իրականացրած աուդիտի արդյունքում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի նկատմամբ 121 մլն 421 հազար դրամի տույժ է կիրառվել։ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի և Հայաստանի կառավարության միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել են հետևյալի շուրջ․ «Անկախ տեխնիկական աուդիտորի» հաշվարկած տուժանքի 121 մլն 421 հազար դրամ գումարն ավելացնել հիմնական վարձակալության պայմանագրի ողջ ժամկետի ընթացքում պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով (ՊԿԱԾ) իրականացվող կապիտալ աշխատանքների համար սահմանված 37 մլրդ 500 մլն դրամ գումարի ԱԱՀ-ով հաշվարկված 45 մլրդ դրամ գումարին։ ՎՊ-ի ողջ ժամկետի համար ՊԿԱԾ-ի ընդհանուր գումարը սահմանել 45 մլրդ 121  մլն 421 հազար դրամ»։ Ջրային կոմիտեից հայտնում են, որ ընկերությունը տուգանվել է ոչ թե հիմնական կատարողական ցուցանիշները չապահովելու, այլ՝ ժամանակին հաշվետվություն չներկայացնելու համար։ ՀԾԿՀ–ն լիցենզիայի պայմաններով տուժանքներ է սահմանել «Վեոլիա Ջրի» համար։ Եթե վարձակալը խախտում է անհրաժեշտ նյութերի և հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետը, ապա կիրառվում են հետևյալ տուժանքները՝ ա/ հաջորդ պայմանագրային տարվա ՊԿԱԾ նախագիծն ուշացնելու դեպքում՝ 110 000 դրամ ուշացրած օրացուցային յուրաքանչյուր օրվա համար։ բ/ Տարեկան հաշվետվության հանձնման վեջնաժամկետը խախտելու համար՝ 275 000 դրամ տուգանք՝ օրացուցային յուրաքանչյուր օրվա համար և այլն։  Կառավարությունը կատարողական հիմնական ցուցանիշները չապահովելու համար ընկերությանը չի պատժում, ամեն տարի համաձայնագիր կնքելով՝ ներում է թերացումները, իսկ դրանց կատարումը հետաձգվում է։ 2019թ․ հուլիսի 25-ին կողմերի՝ Ջրային կոմիտեի և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի միջեւ կնքված թիվ 13-րդ համաձայնագրով Հայաստանի կառավարությունը էական զիջումներ կատարեց: Ներդրումների մասով համաձայնել են. «Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի կառավարության կողմից նախատեսված ներդրումները դեռեւս ամբողջովին չեն կատարվել, «Վեոլիա Ջրի» կողմից տարեկան գործունեության համար կատարողական ցուցանիշները (ՀԷՑ) չկատարելու դեպքում նախատեսվող հիմնական տուժանքները 2018-21թթ.-ի համար չեն կիրառվում վարձակալի նկատմամբ: Այսինքն՝ ընկերությանը չպատժեց 2018-21թթ.-ի ներդրումները չկատարելու համար։ ՀԾԿՀ-ի լիցենզիայի պայմաններով 2019թ․ հոկտեմբերի 1–ից Լիցենզավորված անձը պարտավոր է սպասարկման տարածքի յուրաքանչյուր բաժանորդի ժամը 7։00-24։00-ն ընկած ժամանակահատվածում ապահովել ամենօրյա առնվազն 6-ժամյա ջրամատակարարմամբ։ «Վեոլիա Ջուր»-ը, որպեսզի ստանձնած պարտավորությունները ժամանակին չկատարելու համար պատասխանատվության՝ տուգանքների չենթարկվի, ամեն տարի ՋԿ-ի հետ կնքված համաձայնագրով վավերացրել է դրանց կատարումը հետաձգելը։ Այսպես՝ 2019թ․ հուլիսին կնքված թիվ 13 համաձայնագրով կողմերը համաձայնել են, որ 20 գոտում ընդգրկված 30 բնակավայրի ցուցանիշների գնահատումը մինչև 2021թ․-ի ավարտը չի ներառվելու տեխնիկական աուդիտի ընթացքում իրականացվող հիմնական կատարողական ցուցանիշների հաշվարկներում։ 2021թ․ նոյեմբերի 10-ին կնքված թիվ 24 համաձայնագրով կրկին հետաձգել են 20 գոտիների բաժանորդներին առնվազն 6-ժամյա ջրամատակարարմամբ ապահովելու պարտավորության կատարումը։ Պատճառաբանվել է, որ Վարձատուի և Վարձակալի կողմից նախաձեռնվել են միջոցառումներ, որոնք նախատեսված է իրականացնել 2023-2024-2025 թվականներին։ «Կողմերը սույնով համաձայնության են գալիս հետևյալի շուրջ՝ վարձակալության պայմանագրի 2024-25թթ․ տեխնիկական աուդիտի ընթացքում իրականացվող հիմնական կատարողական ցուցանիշների հաշվարկներում չներառել սույն համաձայնագրին կից ներկայացվող հավելվածում ընդգրկված 20 գոտիների ցուցանիշները, այն հետաձգել մինչև 2025թ․ ավարտը»,- նշված է համաձայնագրում։ 2023թ․ դեկտեմբերին կնքված թիվ 42 համաձայնագրով այդ ցանկի 14 բնակավայրերի 6-ժամյա ջրամատակարարման ապահովման հարցը կրկին հետաձգվել է։ Այդ բնակավայրերի ցանկում դեռևս մնում են Եղվարդ և Իջևան քաղաքների մի քանի թաղամասեր, Զովունի գյուղը և այլ բնակավայրեր։ Նկատելի է նաև, որ վերջին տարիներին «Վեոլիա Ջուր» ընկերությունը չի ընդլայնում իր սպասարկման տարածքը։ Ընկերությունը ծառայություններ է մատուցում 622 000 բաժանորդ ունցող 380 բնակավայրերի՝ Երևան քաղաքին, մարզային 45 քաղաքների և 344 գյուղերի։ Հայաստանի 935 բնակավայրերից 555-ը կամ՝ 60%-ը ներկա դրությամբ «Վեոլիա Ջրից» խմելու ջուր չի ստանում։ Դրանք ավելի փոքր գյուղեր կամ քաղաքներ են։ Կառավարության հետ պայմանավորվածության համաձայն՝ հետագա տարիներին ընկերությունը սպասարկման տարածքը պետք է ընդլայներ։ Այն բնակավայրերը, որոնք սուբվենցիոն ծրագրերով կառուցում կամ վերակառուցում են խմելու ջրի ներքին ցանցը, ավարտելուց հետո պետք է ընդգրկվեին «Վեոլիա Ջրի» սպասարկման տարածքում։ Սակայն, ջրային ցանցը բարելավելուց հետո գյուղերը, հիմնականում, հրաժարվում են «Վեոլիա Ջրի» ծառայությունից՝ նախընտրելով համայնքային սպասարկումը։ Վերջին տարիներին կնքված համաձայնագրերով ընկերությունն ընդլայնում է մեծածախ սակագնով ջրամատակարարումը։ 2023թ․-ին մեծածախ սակագնով ջրամատակարարման ցանցում նոր բնակավայրեր են ընդգրկվել՝ Նոյեմբերյան համայնքի Լճկաձոր, Աշտարակ համայնքի Ղազարավան, Սևան համայնքի Ծաղկունք գյուղերը։ Մեծ հաշվով, վարձակալության պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելը ոչնչով չի վնասում ֆրանսիական «Վեոլիա Օ-Կոմպանի Ժենեղալ դե Օ» ընկերությանը, երբ վերցրած 100 միավոր ջրից վաճառում է միայն 20-30%-ը, չի նվազեցնում ջրի կորուստները, չի կատարում ներդրումները, սպառողներին չի ապահովում առնվազն 6-ժամյա ջրամատակարարումով։ Երբ անխնա վատնվում է երկրի ջրային ռեսուրսը, դրանից տուժում են միայն Հայաստանի Հանրապետությունն ու Հայաստանի բնակիչները, որոնց պատշաճ ծառայություններ չեն մատուցվում։ Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 
09:53 - 09 մայիսի, 2024
Վարչապետ Փաշինյանը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

Վարչապետ Փաշինյանը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում` Կրեմլում, տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը: Վերջինիս, բացի ԵԱՏՄ երկրների առաջնորդներից, մասնացել են նաև ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ունեցող Ուզբեկստանի ու Կուբայի նախագահները: Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, նախ տեղի է ունեցել նեղ կազմով նիստը, որից հետո կայացել է պետությունների առաջնորդների տեսալուսանկարահանման արարողությունը: Ըստ աղբյուրի՝ ընդլայնված կազմով նիստում վարչապետ Փաշինյանը հանդես է ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Պատվիրակությունների հարգելի ղեկավարներ, Հանդիպման հարգելի մասնակիցներ, Ուրախ եմ ողջունելու ձեզ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի այս տարվա առաջին նիստին։ Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուսական կողմին` այսօրվա հանդիպումը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Ուրախ եմ նաև ողջունել ԵԱՏՄ դիտորդ երկրների ղեկավարներին և հրավիրված հյուրերին։ Ինչպես արդեն նշել ենք նեղ ձևաչափով քննարկման ժամանակ, այսօրվա հանդիպումը համընկնում է 2014 թվականի մայիսի 29-ին Աստանայում ԵԱՏՄ մասին պայմանագրի ստորագրման տասնամյակի հետ։ Իր գոյության տասը տարիների ընթացքում Եվրասիական տնտեսական միությունը դարձել է մեր երկրների տնտեսությունների համար անդամ երկրների միջև սերտ և տնտեսական փոխգործակցության կարևոր հարթակ։ Հասկանալի է, որ ԵԱՏՄ-ի նորմատիվ բազան շարունակում է ձևավորվել, և այս գործընթացի ավարտը դեռևս մոտ չէ։ Կարևոր է, որ այն ձևավորվում է տնտեսական տրամաբանության շրջանակներում։ Միայն գործընկեր երկրների շահերը հարգելու և յուրաքանչյուր անդամ պետության շահերին համապատասխան կառուցողական լուծումների որոնման հիման վրա մենք կկարողանանք պահպանել միավորման գործունեության արդյունավետությունը: Անհրաժեշտ ենք համարում կենտրոնացնել մեր ջանքերը՝ սոցիալ-տնտեսական զարգացման ազգային առաջնահերթությունները հաշվի առնելու նպատակով։ Մեր համագործակցությունը պետք է գործի ի շահ մեր երկրների քաղաքացիների և բիզնեսի, նպաստի նրանց բարեկեցության բարելավմանը և ազգային տնտեսությունների արդիականացմանը: Հանդիպման հարգելի մասնակիցներ, Հարգելի գործընկերներ, Վերադառնալով բուն օրակարգային հարցերին՝ չեմ կարող չմատնանշել, որ էներգետիկ ռեսուրսների ոլորտում միասնական կարգավորող համակարգերով ընդհանուր շուկայի ձևավորման գործընթացը զգալիորեն հետաձգվել է։ Հայկական կողմն ըմբռնումով է մոտենում չկատարված միջոցառումների իրականացման ժամկետների հնարավոր վերանայմանը, սակայն կարծում է, որ այդ գործընթացը չի կարող անվերջ տևել և պետք է իրականացվի ողջամիտ ժամկետներում։ Մենք բազմիցս նշել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է կառուցողական երկխոսության՝ չլուծված հարցերի շուրջ արագ կոնսենսուսի հասնելու և ԵԱՏՄ էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ժամանակին գործարկելու նպատակով։ Հատկապես կարևորում ենք իրավական դաշտի ստեղծումը, որն ապահովում է անդամ պետությունների ձեռնարկատերերի առևտրատնտեսական շահերը համաշխարհային առևտրում։ Այս համատեքստում կարևոր ենք համարում ԵԱՏՄ անդամ երկրների և Վիետնամի միջև տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման մասին արձանագրության ստորագրումը, որը կմեծացնի գործընկեր երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը։ Հայկական կողմը նաև աջակցում է Ասիայի մեր գործընկերներից մեկի՝ Մոնղոլիայի հետ բանակցությունների մեկնարկը նախատեսող փաստաթղթերի փաթեթի ընդունմանը։ Իհարկե, ժամանակավոր առևտրային համաձայնագրի ստորագրումը նոր հնարավորություններ կստեղծի առևտրատնտեսական և կոոպերացիոն փոխգործակցության ընդլայնման համար։ Հարգելի գործընկերներ, Տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը լրացուցիչ խթան կհաղորդի մեր երկրների ապրանքաշրջանառության աճին։ Այս համատեքստում ևս մեկ անգամ կնշեմ ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի նպատակն է ստեղծել անհրաժեշտ լոգիստիկ պայմաններ բոլոր շահագրգիռ պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար՝ պետությունների ինքնիշխանության և իրավազորության, հավասարության և փոխադարձության լիարժեք հարգման հիման վրա: Եզրափակելով խոսքս՝ նշեմ, որ հայկական կողմը հետևողականորեն հանդես է գալիս ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի հիմքում ընկած հիմնարար սկզբունքների պահպանման օգտին և իր պատրաստակամությունն է հայտնում բոլոր անդամ երկրների հետ ակտիվ փոխգործակցության՝ ի շահ տնտեսական համագործակցության ընտրված պարադիգմի հետագա զարգացման։ Շնորհակալություն ուշադրության համար»։ Նշվում է, որ նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տարբեր ուղղություններով ծրագրերի ընթացքին, ինչպես նաև երրորդ երկրների հետ փոխգործակցության զարգացմանը:
21:29 - 08 մայիսի, 2024
ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն. Սիսիան-Քաջարան ճանապարհը կկրճատվի
 |1lurer.am|

ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն. Սիսիան-Քաջարան ճանապարհը կկրճատվի |1lurer.am|

1lurer.am: Կառավարության՝ մայիսի 8-ի նիստին ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման բանկի միջև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք, Սիսիան-Քաջարան վարկային համաձայնագրի ստորագրմանը հավանություն տալու մասին որոշման նախագիծը: Ըստ նախարարի՝ Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածը մասնատվել է 3 հատվածների՝ Հյուսիսային, Բարգուշատի թունել և Հարավային հատված (27 կմ, 8,6 կմ և 24,2 կմ հատված): Այս նախագիծը վերաբերում է հարավային՝ 24,2 կմ հատվածին: Աշխատանքների ավարտի արդյունքում ճանապարհը գրեթե կրկնակի կկրճատվի: «Առկա 118 կմ ճանապարհը կկրճատվի, կդառնա 60 կմ՝ Քաջարանից մինչև Սիսիան, և միջինում 50 կմ/ժ արագության հատվածը կդարձնի 100 կմ/ժ, որն էլ էական հարմարավետություն, անվտանգություն կստեղծի: Ամբողջությամբ այլ որակի ճանապարհ և ենթակառուցվածք կունենանք՝ տնտեսական, տուրիստական և այլ առումներով»,- ասաց նա: Ֆինանսավորման համար վարկային ընդհանուր միջոցները մոտ 373 մլն եվրո են, որից 236 մլն-ի համար է նախատեսվում կնքել այդ համաձայնագիրը ՎԶԵԲ-ի հետ: «Ճանապարհահատվածը կանցնի Քաջարանի Լեռնաձոր, Գեղի և Նոր Աստղաբերդ բնակավայրերի մոտով, և կմոտենան նոր Բարգուշատի թունելի ելքամասին: Այս հատվածում կան ևս 5 փոքր թունելներ և 11 կամուրջներ»,- ասաց նախարարը: Շինարարության ժամկետը մինչև 2030 թվականն է և հավելյալ ևս 2 տարի՝ թերությունների վերացման համար:
12:05 - 08 մայիսի, 2024
Կառավարությունն ավելի քան 1 միլիարդ դրամ հատկացրեց սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար
 |armenpress.am|

Կառավարությունն ավելի քան 1 միլիարդ դրամ հատկացրեց սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը մարզպետարանների աշխատակազմին 1 միլիարդ 12 միլիոն դրամ կհատկացնի 16 համայնքներին 21 սուբվենցիոն ծրագրերը իրականացնելու համար։ Կառավարության մայիսի 8-ի նիստում նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։  Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է. Արարատի մարզին 1 ծրագրի համար՝ 55,7 միլիոն դրամ, Արմավիրի մարզին 3 ծրագրի համար՝ 140 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզին 5 ծրագրի համար՝ 206 միլիոն դրամ, Լոռու մարզին 8 ծրագրի համար՝ 322 միլիոն դրամ, Կոտայքի մարզին 1 ծրագրի համար՝ 16 միլիոն դրամ, Շիրակի մարզին 1 ծրագրի համար՝ 119 միլիոն դրամ, Սյունիքի մարզին 2 ծրագրի համար՝ 152 միլիոն դրամ,»,-ասաց Սանոսյանը։ Նա նշեց, որ այս տարի մարզպետարաններին 7,7 միլիարդ չափով ֆինանսավորում է հատկացվել։
12:01 - 08 մայիսի, 2024
Բուժաշխատողների համար սահմանվել է դասընթացների ցանկ, որոնց մասնակցությունը կլինի պարտադիր
 |1lurer.am|

Բուժաշխատողների համար սահմանվել է դասընթացների ցանկ, որոնց մասնակցությունը կլինի պարտադիր |1lurer.am|

1lurer.am: «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է բուժաշխատողների մասնագիտական գիտելիքների, հմտությունների շարունակական զարգացման համատեքստում արդիական ու կարևոր համարվող որոշ դասընթացների պարտադիր մասնակցելու պահանջով: Այդ մասին Կառավարության՝ մայիսի 8-ի նիստին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով բուժաշխատողների դասընթացների մասով որոշման նոր նախագիծը: «Ներկայումս բուժաշխատողներն իրենք են ընտրում այն շարունակական մասնագիտական զարգացման դասընթացները, իսկ նախագծով առաջարկվում է սահմանել որոշակի դասընթացների ցանկը, որոնց մասնակցելը պարտադիր կլինի՝ անկախ մասնագիտական ուղղվածությունից: Որպես այդպիսին՝ կարող են լինել, օրինակ, արտակարգ իրավիճակներում կամ աղետների ժամանակ տուժածներին ցուցաբերվող անհետաձգելի բուժօգնության վերաբերյալ դասընթացները, էթիկական նորմերի իմացությունը և այլն»,- ասաց նախարարը: Որոշման նախագծով առաջարկվում է նաև միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների կողմից առաջարկվող, շարունակական զարգացում ապահովող միջոցառումներին մասնակցության համար սահմանել փոխհատուցման կարգ ու փոխհատուցման դեպքեր: «Սա կարևոր խթան կլինի արտերկրում կազմակերպվող դասընթացներին առցանց մասնակցելու համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանց վճարը Կառավարությունը կսուբսիդավորի սահմանված կարգով»,- ասաց նա:
11:59 - 08 մայիսի, 2024
Կառավարությունն առաջիկա նիստերից մեկում կընդունի ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագիրը
 |armenpress.am|

Կառավարությունն առաջիկա նիստերից մեկում կընդունի ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագիրը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունն առաջիկա նիստերից մեկում կընդունի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագիրը։ Մայիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։ «Պետք է ուրախությամբ ասեմ, որ մենք կառավարության առաջիկա նիստերից մեկում կընդունենք ծրագիրը։ Կարծում եմ, որ ստացել ենք բավականին լավ ծրագիր»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետը մանրամասներ ներկայացրեց ծրագրից։ «Մենք որոշել ենք, որ երեք ուղղությամբ պետք է աջակցենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին։ Առաջինը՝ բնակարան կառուցելու հարցում, երկրորդը՝ տներ ձեռք բերելու, երրորդը՝ կարևոր որոշում ենք կայացրել, որ մարդիկ, որոնք ունեն գործող հիփոթեքային վարկ, մենք որոշակի սկզբունքներով աջակցություն կցուցաբերենք։ Կան նաև ընտանիքներ և տարեց մարդիկ, ովքեր օբյեկտիվորեն այս ծրագրերին մասնակցելու հնարավորություն չեն ունենա, նրանց համար սոցիալական բնակարանների ապահովման ծրագիր ենք իրականացնում, որպեսզի նման կարգավիճակ ունեցող մարդիկ ունենան սոցիալական բնակարան»,- ասաց վարչապետը։
13:53 - 07 մայիսի, 2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման քայլերը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման քայլերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ջրային ոլորտի խնդիրները: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, անդրադարձ է կատարվել ջրային ոլորտի բաշխվածությանը, իրականացվող քաղաքականությանը, Սևանա լճին, Արարատյան արտեզյան ավազանին առնչվող հարցերին, ջրային ռեսուրսների պաշտպանությանը, խմելու և ոռոգման ջրի մատակարարումների հետ կապված խնդիրներին: Ըստ աղբյուրի՝ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են առկա խնդիրների հետ կապված տարբեր դիտարկումներ: Կարևորվել է ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, կորուստների կրճատման, համակարգի ֆինանսական սխեմայի ձևավորման և այլ խնդիրների լուծման ուղղությամբ համապարփակ քայլերի նախանշումն ու իրականացումը: Այս համատեքստում վարչապետ Փաշինյանը հանձնարարել է ձևավորել միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը կքննարկի և կմշակի ջրային ոլորտում առկա խնդիրների լուծման քայլերն ու կներկայացնի տարեկան գործողությունների ծրագիր:
19:31 - 03 մայիսի, 2024
«Կարար ասեր՝ խեղճ կնայենք, չեն կրակի»․ նստացույց անող Իշխան Գեւորգյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
 |news.am|

«Կարար ասեր՝ խեղճ կնայենք, չեն կրակի»․ նստացույց անող Իշխան Գեւորգյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին |news.am|

news.am: Երեկ երեկոյից Կառավարության մոտ 72 ժամով նստացույց հայտարարած «Հայաստանի ինքնիշխանության շարժում» նախաձեռնության անդամ Իշխան Գեւորգյանը դեմ է Կառավարության վարած քաղաքականության հետ։ NEWS.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ինքն անհաշտ է իշխանությունների այն դիրքորոշման հետ, որ Տավուշի գյուղերը պետք է տրվեն Ադրբեջանին։ «Այս քարտեզի վրա մարդիկ ունեն կադաստրի վկայական, որը չի տարբերվում իմ ու ձեր տան կադաստրի վկայականներից։ Եթե մեկի հողը ենթակա է խլման ու Ադրբեջանին տալու, ուրեմն  յուրաքանչյուրի հողն է ենթակա խլման ու Ադրբեջանին տալու, իսկ դա սահմանադրական կարգի տապալում է։ Սրա դեմը պետք է առնվի, պետք է համահայկական անհաշտությամբ արվի դա, բոլոր ոչ հաշտ մարդկանց ես այստեղ սպասում եմ, որ խելք խելքի տանք, հավաքվենք ու պարալիզացնենք իրենց, չենք կարողանա աշխատել։ Ես հաշտ չեմ, սա կուլ տալ չի կարելի, սա կուլ տվողներն արժանանալու են իրենց տան կորստին։ Ղեկավարն ասում է՝ տանք, մեկ է պատերազմ կարող է լինել, ոչինչ չի արվում, որ գան, լցվեն Տավուշի այդ հատված, հետո չտարածվեն ու մեր հատուկ ջոկատայիններ չմահանան։ Սա էն չի է որ մենք ծեծ ենք ուտում, սա էն ա, որ ասում են՝ ձեռներդ դիր հետեւդ, քեզ ապտակելու ենք ու դու ձեն չհանես»,- իր խոսքում նշեց նա։ Հարցին՝ ինչո՞ւ է որոշել հենց 72 ժամով նստացույց հայտարարել, Իշխանն ասաց․ «Բոլոր իմ նման մարդիկ, որոնք հաշտ չեն այս ամենի հետ, նրանց բոլորին ձերբակալում են 72 ժամով կամ 1 ամսով։ Որպեսզի չտանջվեն ու այնպես անեն, որ Իշխանը նստի, դրա համար Իշխանն արդեն նստած է։ Իրենց կողմից ապուշություն կլինի 72 ժամ նստած մարդուն տանել 72 ժամ նստացնել»։ Անդրադառնալով առավոտյան Կիրանցի բնակիչներին բռնի ուժով բերման ենթարկելու դեպքին՝ պատերազմի մասնակիցն ասաց․ «Ոստիկանները այնտեղ գլուխները կախած են այդ գործն անում։ Այս բախումն իրենց հոգում էլ կա, մի կողմից ճնշում է պաշտոնյայի հրամանները, մյուս կողմից հասկանում են, որ իրենք հաշտ են Սահմանադրությա տապալման հետ, բայց հաշտ չեն ցուցարար Իշխանի հետ կամ կիրանցեցու հետ»։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն խոսքին, որ կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել, որ ադրբեջանցիները չերեւան Կիրանցի դպրոցից, Իշխան Գեւորգյանն արձագանքեց․ «Քանի որ աննախադեպ պղծությունները մարսվում են․․․ կարելի՞ է տենց բաներ ասել, կարար ասեր՝ խեղճ կնայենք, չեն կրակի մեր վրա։ Դա անելու բա՞ն է, ես ի՞նչ գնահատական տամ, դա մարդկանց վրա կայֆավատ լինել ա»։
15:58 - 02 մայիսի, 2024
Ոստիկանական գվարդիան ձևավորվելու է որպես լիովին նոր կառույց, այն չի լինելու ոստիկանության որևէ ստորաբաժանման իրավահաջորդը
 |1lurer.am|

Ոստիկանական գվարդիան ձևավորվելու է որպես լիովին նոր կառույց, այն չի լինելու ոստիկանության որևէ ստորաբաժանման իրավահաջորդը |1lurer.am|

1lurer.am: Կսահմանվի Ոստիկանական գվարդիայի կարգավիճակը: Ի տարբերություն ոստիկանական զորքերի՝ Ոստիկանական գվարդիան լինելու է մաքուր ոստիկանական ստորաբաժանում՝ վերացնելով վերջինիս երկակի կարգավիճակը: Այդ մասին Կառավարության՝ մայիսի 2-ի նիստին ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի և այլ օրենքների նախագծերի փաթեթը: Ոստիկանության գվարդիային է վերապահվելու հասարակական կարգի, անվտանգության ապահովումը, պետական պահպանության ենթակա օբյեկտների պահպանությունը, հատուկ բեռների տեղափոխման ապահովումը, հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովմանն աջակցությունը, քրեական վարույթ իրականացնող մարմիններին օժանդակումը, ռազմական և արտակարգ ռեժիմների իրականացման շրջանակում օժանդակությունը: «Ոստիկանական գվարդիան ձևավորվելու է որպես լիովին նոր կառույց, այն չի լինելու ոստիկանության որևէ ստորաբաժանման իրավահաջորդը: Այն ձևավորվելու է ոստիկանության հետևյալ ստորաբաժանումների բազային հենքով՝ Ոստիկանության զորքեր, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչություն, ճանապարհային ոստիկանության ուղեկցող ստորաբաժանում, ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում առկա հատուկ ստորաբաժանումներ, և ունենք քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից եկող ստորաբաժանում՝ վարույթի շրջանակներում անձանց պաշտպանության տեսանկյունից: Այս ստորաբաժանումները կդադարեցնեն իրենց գործունեությունը»,- ասաց նախարարի տեղակալը և հավելեց, որ լինելու է ոստիկանապետի ընդհանուր ղեկավարում, Ոստիկանության գվարդիայի հրամանատարի անմիջական ղեկավարում: Ըստ Արփինե Սարգսյանի՝ բացի Երևանից՝ կգործեն նաև տարածքային ստորաբաժանումներ հանրապետության 3 հատվածներում՝ հյուսիսային, կենտրոնական, հարավային: Կգործեն հասարակական կարգ և անվտանգություն ապահովող ստորաբաժանումներ, ինչպես նաև պետական պահպանության և քրեական վարույթին սպասարկող ստորաբաժանումներ՝ ամբողջ հանրապետությունը ծածկող: «Ըստ այդմ՝ չենք ունենա Ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոն, որը նշանակվում է այս պահի դրությամբ ՀՀ նախագահի կողմից՝ հաշվի առնելով այլ զորքերի բնորոշման տակ ընկնելու հանգամանքը, և ըստ այդմ՝ կունենանք լիովին նոր ձևաչափով Ոստիկանության գվարդիայի հրամանատարի պաշտոն, որը կնշանակվի ՆԳ նախարարի կողմից»,- ասաց նա: Ըստ նախարարի՝ փաթեթից անմաս չի մնացել նաև «Հավաքների ազատության մասին» օրենքը, որում վերացվել են որոշակի արգելքներ՝ հավաքների ազատության տեսանկյունից, նաև վարչական որոշ պատասխանատվության միջոցներ: Օրենքն ուժի մեջ կմտնի 2024 թվականի սեպտեմբերի 1-ին, և կսահմանվի անցումային ժամանակահատված՝ շուրջ 6 ամիս: Մինչև 2025 թվականի հունվարի 10-ը նախատեսված է Ոստիկանության գվարդիայի հրամանատարի նշանակում, որից հետո երկամսյա ժամկետում՝ կառույցի ամբողջական ձևավորում: Նախագիծը ոստիկանական բարեփոխումների հերթական, շատ կարևոր փաթեթն է՝ արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա պարզաբանեց, որ ոստիկանության բարեփոխումների հարցում Կառավարությունը գլխապտույտ արագություններ չի զարգացնում, բայց այդ բարեփոխումների իրականացման հարցում հետևողական է:
13:07 - 02 մայիսի, 2024