ՆԳՆ փրկարար ծառայություն

Փրկարար ծառայությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ենթակա մարմին է։

Իրականացնում է արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրերի մշակում, քաղաքացիական պաշտպանության պահուստների ստեղծմանը և նպատակային օգտագործմանը մասնակցություն. հակահրդեհային պահպանության և հրշեջ-փրկարարական ծառայությունների մատուցում և այլ գործառույթներ:

Ծառայության գործող պետը Կամո Ցուցուլյանն է։

2023թ․ հունիսի 30-ից դադարեցվել է ՀՀ արտակարագ իրավիճակների նախարարության գործունեությունը՝ համաձայն 2022թ. դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՀ օրենքի, որով ստեղծվել է Ներքին գործերի նախարարությունը։ 

ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է ներկայացրել Երևանի կենտրոնում տեղի ունեցած շղթայական ավտովթարից

ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է ներկայացրել Երևանի կենտրոնում տեղի ունեցած շղթայական ավտովթարից

ՆԳՆ փրկարար ծառայությունը անդրադառնալով Երևանի կենտրոնում տեղի ունեցած շղթայական ավտովթարից մանրամասներ է ներկայացրել։ 《Մայիսի 11-ին, ժամը 14:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Range Rover» (վարորդ՝ Ս․ Պ․), «Opel» (վարորդ՝ Լ․ Շ․), «Mazda» մակնիշների ավտոմեքենաները և թիվ 44 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսը։ «Range Rover» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Տ․ Կ․-ն (ծնված 2005 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են «Range Rover» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները 》։
17:05 - 11 մայիսի, 2024
Համագործակցությունը կշարունակվի. ՀՀ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանն ընդունել է ԳԴՀ ՆԳ նախարարության պատվիրակությանը

Համագործակցությունը կշարունակվի. ՀՀ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանն ընդունել է ԳԴՀ ՆԳ նախարարության պատվիրակությանը

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության ներքին գործերի նախարարության խորհրդարանական պետքարտուղար, Բունդեսթագի անդամ Յոհան Զաթհոֆի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես  տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, Արփինե Սարգսյանը բարձր է գնահատել երկկողմ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը՝ ապաստան հայցողների համար Հայաստանում կացարանի կառուցմանն աջակցություն ցուցաբերելու համար։ «Նա անդրադարձել է ՆԳ նախարարության ձևավորմանն ու ենթակա ծառայություններում ընթացող կառուցվածքային և բովանդակային բարեփոխումներին։ Խոսելով աղետների ռիսկի նվազեցման, արտակարգ իրավիճակներին արձագանքման, հետաղետային վերականգնման գործընթացների կազմակերպման և համակարգմանն ուղղված նախարարության քաղաքականության մասին՝ փոխնախարարը ներկայացրել է Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարությունը և 2023-2026 թթ. գործողությունների ծրագիրը։ Արփինե Սարգսյանն անդրադառնալով Ռազմավարության գործողությունների ծրագրով սահմանված միջոցառումներին՝ մասնավորապես առանձնացրել է թիրախային երկու ուղղություններ, որոնք միտված են ինչպես աղետների դեպքում պետության պատշաճ արձագանքմանը, այդ գործընթացում պետական մարմինների դերաբաշխումն ապահովելուն, այնպես էլ քաղաքացիների իրազեկվածության և պատրաստվածության մակարդակի հետևողական բարձրացմանը։ Պատվիրակության ղեկավար Յոհան Զաթհոֆն իր խոսքում ողջունել է ՆԳ նախարարությունում իրականացվող բարեփոխումները: Նա ներկայացրել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ներքին գործերի նախարարության կառուցվածքը և իրավասությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ աղետների ռիսկի կառավարմանն ուղղված միջոցառումները և աշխատանքները համակարգված և փոխլրացված կազմակերպելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել փորձի փոխանակում՝ երկու պետությունների աղետների ռիսկի կառավարման ոլորտի ռազմավարություններում համագործակցության ուղղությունները սահմանելու համար։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և համագործակցության հետագա ուղղություններին վերաբերող մի շարք հարցեր։
21:58 - 08 մայիսի, 2024
Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել

Մայիսի 4-ին՝ ժամը 00:00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 50-րդ փողոցի շենքերից մեկի մոտակայքում գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է, ինչի հետևանքով ջրալցվել են հարակից տները։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ Նոր Արեշ 50-րդ փողոցի մոտակայքում փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը, ինչի հետևանքով հեղեղվել են մոտակա տները և փողոցները։ Փրկարարները, քաղաքապետարանի տրամադրած հատուկ տեխնիկայի (տրակտոր) օգնությամբ, իրականացնում են ջրանցքի հունի մաքրման աշխատանքներ։ Դեպքի վայրում են գտնվում ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը, փ/ծ տնօրենի տեղակալներ՝ փ/ծ գնդապետ Տ․ Պետրոսյանը, փ/ծ գնդապետ Դ․ Սարգսյանը, Փրկարար ծառայության և Երևան քաղաքի այլ պաշտոնատար անձինք։
10:53 - 04 մայիսի, 2024
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են.  ՆԳՆ փրկարար ծառայություն

Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն

Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ապրիլի 27-ին ձորը գլորված, Իրան ուղևորվող ավտոբուսի ուղևորներից  հինգը զոհվել է, ութը՝ վիրավորվել։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։ «Ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Դ. Հովհաննիսյանի գլխավորությամբ, հրշեջ-փրկարարական ջոկատից երեք և Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկներ: Պարզվել է, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 26-րդ կմ-ին ՀՀ-ից ԻԻՀ ուղևորվող «Scania» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Հ. Կ. Ա. Բ. և 22 ուղևոր) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 40 մետր գլորվել մոտակա ձորակը. ավտոբուսի մոտ հայտնաբերվել է երկու դի: Փրկարարները վարորդին և 8 ուղևորի (տուժածներից մեկին դուրս են բերել ավտոբուսի տակից) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ երկուսի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոբուսը, իրականացրել հովացման աշխատանքներ, ամբարձիչի և հիդրավլիկ սարքերի օգնությամբ ավտոբուսի տակից դուրս են բերել երեք դի և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենաներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա: Դեպքի վայրում աշխատանքները շարունակվում են:
11:54 - 28 ապրիլի, 2024