Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում ու իրականացնում է աշխատանքի և սոցիալական ապահովության բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ 

Արցախցիների բնակարանի խնդիրը կլուծվի 3 փուլով, կտրվի 2-5 մլն դրամ․ կառավարությունն ընդունեց ծրագիրը |civilnet.am|

Արցախցիների բնակարանի խնդիրը կլուծվի 3 փուլով, կտրվի 2-5 մլն դրամ․ կառավարությունն ընդունեց ծրագիրը |civilnet.am|

civilnet.am: Կառավարությունը մայիսի 16-ին հաստատեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը։ Նախատեսում է 2-5 մլն դրամ հատկացնել ընտանիքի յուրաքանչյուր անդամի։ Գումարի չափը կախված է այն հանգամանքից, թե որտեղ է ընտանիքը նախատեսում բնակարան կամ տուն ձեռքբերել/կառուցել։ Ցանկը ևս հրապարակվել է։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ 2020-ի սեպտեմբերի 27-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքը համարվում է շահառու, եթե ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում՝ անչափահասները, ունեն կամ ստացել են ՀՀ քաղաքացիություն։ Նրա խոսքով՝ ձեռք բերվող տան բնակելի մակերեսը չպետք է լինի 12 քմ-ից պակաս՝ ընտանիքի մեկ անդամի հաշվով։ Տան արժեքն էլ չի կարող գերազանցել 55 մլն դրամը։ «Ծրագրի ֆինանսավորումն իրականացնելու են գործընկեր բանկերը, ծրագրի գումարն ու տոկոսագումարները վճարելու է Հայաստանի կառավարությունը»,- նշեց նախարարը։ Մկրտչյանը նաև մանրամասնեց, թե ովքեր չեն լինի ծրագրի շահառու․ ԼՂ-ից տեղահանված այն անձիք, որոնք արդեն օգտվում են մինչ այս կառավարության կողմից ներդրված բնակարանային ապահովման ծրագրերից։ Բացի այդ, շահառու չեն լինի այն ընտանիքները, որոնց անդամներից առնվազն մեկը 2023-ի սեպտեմբերի 19-ի կամ դիմելու օրվա դրությամբ ՀՀ-ում ունի սեփականության կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (50 տոկոս և ավելի մասնաբաժնով) պատկանող բնակելի անշարժ գույք կամ գնման իրավունք։ Նախարարը մանրամասնեց, թե որ դեպքում է ծրագրով նախատեսված աջակցությունն ամբողջությամբ դադարեցվում։ Մասնավորապես, եթե ընտանիքի՝ 55 տարին չլրացած առնվազն 2 չափահաս անդամներից յուրաքանչյուրը կամ 1 անչափահաս անդամը նույն օրացուցային տարվա ընթացքում 183 և ավելի օր գտնվում են Հայաստանի սահմաններից դուրս։ Բացառություն է միայն, երբ ընտանիքի անդամը Հայաստանի սահմաններից դուրս է եկել ուսանելու նպատակով՝ ըստ ծրագրում նախանշված չափորոշիչների։ Բացի այդ, ծրագիրը կարող է դադարեցվել, եթե հիփոթեքային վարկի գործողության ընթացքում բնակելի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվում է շահառու ընտանիքի անդամ չհանդիսացող այլ անձանց անվամբ՝ անկախ բաժնեմասի չափից։ Երրորդ դեպքն էլ այն է, երբ հիփոթեքային վարկի գործողության ընթացքում շահառուի կողմից կատարվող ամսական վճարումների շրջանակներում ժամկետանց պարտավորությունները գերազանցում են 90 օրը։ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ աշխատանքային խումբը շատ մեծ ծավալով աշխատանք է կատարել, սակայն հարկավոր է սկսել բացատրել մարդկանց ծրագրի մանրամասները։ «Մենք նաև հրաժարվել ենք համահարթեցման ծրագրից։ Նախ գումարը տրվում է ոչ թե ընտանիքին, այլ ընտանիքի յուրաքանչյուր անդամի։ Մարդն ինքն էլ պետք է որոշի, թե քանի միլիոն դրամի բանաձևից է ցանկանում օգտվել»,- նշեց վարչապետը՝ շեշտելով, որ քաղաքացիություն ստանալով որևէ իրավունք չեն կորցնում։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատարյանն էլ մնարամասնեց, որ ծրագրի շահառու կարող են դառնալ 25 հազար ընտանիքներ։ Ծրագիրն իրականացվելու է երեք փուլով՝ հինգ տարիների ընթացքում՝ 2024-2029-ին․ Ծրագրի առաջին փուլն ընդգրկում է՝ 1) 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները` բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման դեպքում. 2) 2 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները` անհատական բնակելի տան կառուցման դեպքում. 3) զոհվածի, կերակրողին կորցրածի կամ հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ ունեցող անդամով ընտանիքները. 4) ցանկացած այլ կազմով ընտանիքները, որոնց անդամները ֆինանսական կազմակերպության կողմից կհամարվեն վարկունակ և ի լրումն Ծրագրով նախատեսված հավաստագրի՝ դրա արժեքի առնվազն 50 տոկոսի չափով հավելյալ հիփոթեքային վարկ կստանան ծրագրի ցանկացած բաղադրիչով. 5) 2023-ի սեպտեմբերի 19-ի կամ ծրագրին դիմելու օրվա դրությամբ գործող և սույն հավելվածի 10-րդ կետով սահմանված պայմաններին՝ Ծրագրին դիմելու օրվա դրությամբ բավարարող հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքները։ Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկում է ոչ ուշ, քան 2026-ի հունվարի 1-ը և ընդգրկում է՝ 1) երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները` բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման դեպքում. 2) առնվազն մեկ անչափահաս երեխա ունեցող ընտանիքները` անհատական բնակելի տան կառուցման դեպքում։ Ծրագրի երրորդ փուլը մեկնարկում է ոչ ուշ, քան 2027-ի հունվարի 1-ը և ընդգրկում է՝ 1) առնվազն մեկ անչափահաս երեխա ունեցող ընտանիքները` բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման դեպքում. 2) սույն հավելվածի 18-րդ, 19-րդ կետերում և սույն կետի 1-ին ենթակետում չնշված մնացած ընտանիքները։ 1) գյուղատնտեսական նշանակության հողամասի գնում՝ մինչև 5 մլն դրամ և 2) ծրագրի շրջանակներում ձեռքբերված անշարժ գույքի վերանորոգում՝ մինչև 4 մլն դրամ և 3) կահույքի և կենցաղային տեխնիկայի գնում՝ մինչև 2 մլն դրամ։
Այսօր 12:35
Նարեկ Մկրտչյանը և Օլիվիե Դըկոտինյին քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող փաստաթղթի ստորագրման մանրամասները

Նարեկ Մկրտչյանը և Օլիվիե Դըկոտինյին քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող փաստաթղթի ստորագրման մանրամասները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և Միգրացիայի և ինտեգրման ֆրանսիական գրասենյակի տնօրեն Մարիոն Գրեգուարիին: Այդ մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:   Կարևորելով երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն ուղղված աշխատանքների շարունակականությունը՝ կողմերը քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ նախատեսվող համատեղ ստորագրման հուշագրի մանրամասները, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված ծրագրերի ընթացքն ու արդյունքները:   «Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի հետ բարեկամական հարաբերությունները և մենք միշտ պատրաստ ենք քննարկել մեր երկու երկրների կառավարությունների միջև ոլորտային հարաբերությունների առավել ամրապնդման հնարավորությունները, մասնավորապես՝ սոցիալական պաշտպանության և աշխատանքի ոլորտներում։ Մենք արդեն իսկ ունենք բազմոլորտ համագործակցության և երկխոսությունների հաջողված փորձ, ուստի ուրախ կլինենք կնքվող հուշագրի շրջանակում առավել հստակեցնել նաև մեր անելիքները՝ խթանելով Հայաստան վերադարձող միգրանտների վերաինտեգրումը, զբաղվածության և վերապատրաստումների ապահովումը»,- նշել է նախարար Մկրտչյանը:   Դեսպան Դըկոտինյին ևս կարևորել է փաստաթղթի ստորագրումը և հայտնել իր պատրաստակամությունը ներդնելու ջանքեր՝ արդյունավետ համագործակցության շարունակականությունն ապահովելու համար:   «Մենք պատկերացնում ենք այն մարտահրավերները, որոնց առաջ կանգնած է Ձեր ղեկավարած նախարարությունը, և գնահատում ու տպավորիչ ենք համարում այն հսկայական ջանքերը, որ ներդրվել են ՀՀ կառավարության կողմից ԼՂ-ից տեղահանված անձանց ընդունելու, տեղավորելու և աջակցելու համար։ Մենք պատրաստ ենք ամեն կերպ շարունակելու օգնել ոչ միայն այս հարցում, այլև հուշագրով նախատեսվող քայլերի իրականացման գործում»,- ընդգծել է Օլիվիե Դըկոտինյին:   Հանդիպման շրջանակում գործընկերները քննարկել են փաստաթղթի ստորագրմանն առնչվող այլ մանրամասներ և պայմանավորվածություն ձեռք բերել դրանց իրականացումը կարճ ժամկետներում տեղափոխել գործնական փուլ:
18:50 - 10 մայիսի, 2024
40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շահառուների շրջանակն ընդլայնվել է |civilnet.am|

40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շահառուների շրջանակն ընդլայնվել է |civilnet.am|

civilnet.am: Արցախցիների համար նախատեսված 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շահառուների շրջանակն ընդլայնվել է, հայտնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ «Կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով նախատեսված 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է։ Այսուհետ աջակցությունը կտրամադրվի նաև ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներում ծնված երեխաներին, ինչպես նաև 2020-ից հետո Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների անդամներին։ Միջոցառման շահառու չեն հանդիսանա ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուները»,- ասված է հաղորդագրությունում։ Շահառուների նոր խմբերի դիմումներն արդեն ընդունվում են։ Նախարարությունը նաև ներկայացրել է դիմումի մուտքագրման քայլերի հաջորդականության ուղեցույց։
14:28 - 16 ապրիլի, 2024
Կառավարությունը ԼՂ-ց բռնի տեղահանվածներին 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարացրեց մինչև տարվա վերջ
 |armenpress.am|

Կառավարությունը ԼՂ-ց բռնի տեղահանվածներին 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարացրեց մինչև տարվա վերջ |armenpress.am|

armenpress.am:  Կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարացրեց մինչև տարվա վերջ։ Կառավարության հերթական նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ «Վճարումները կիրականացվեն նույն տրամաբանությամբ՝ աջակցելով ընտանիքի յուրաքանչյուր անդամի։ Նախագծով պահպանվում են 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի հիմնական պայմանները։  Ընդլայնում ենք նաև շահառուների շրջանակը։ Մասնավորապես, որպես շահառու ենք դիտարկում արդեն 2020 թվականից հետո տեղահանված ընտանիքների անդամներին, նաև շահառու կդառնան բռնի տեղահանված ընտանիքներում նոր ծնված և ծնվող երեխաները կամ մինչև 18 բոլոր տարեկան երեխաները, որոնց դրամական աջակցությունը նշանակելու դիմումը ներկայացրած ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն հանդիսանում են միջոցառման շահառու»,- ասաց Մկրտչյանը։ Նախարարը հայտնեց, որ նախատեսում են ծրագիրը իրականացնել մինչև ընթացիկ տարվա վերջ, որից հետո ուսումնասիրություն կիրականացնեն և կդիտարկեն այն շարունակելու նպատակահարմարությունը։
12:16 - 28 մարտի, 2024
ԼՂ-ից տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման և աշխատանքով ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում շարունակվում է հաշվառման գործընթացը

ԼՂ-ից տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման և աշխատանքով ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում շարունակվում է հաշվառման գործընթացը

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման և աշխատանքով ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում՝ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում (հասցեները՝ https://socservice.am/offices) շարունակվում է հայրենակիցների հաշվառման գործընթացը։ Այս պահի դրությամբ՝ ծրագրից օգտվում է 235 անձ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱՍՀ նախարարությունից։ «Միջոցառման շահառու դառնալու համար անհրաժեշտ է դիմել ՄՍԾ տարածքային կենտրոն, որտեղ հաշվառվելուց հետո կարող եք օգտվել առաջարկվող երեք բաղադրիչներից մեկից․ անցնել մասնագիտական ուսուցում, որից հետո ձեռք բերել աշխատանք, անցնել աշխատանքային փորձառություն, որից հետո՝ աշխատանք, անցնել մասնագիտական ուսուցում, որից հետո ձեռք բերել աշխատանքային փորձառություն և ապա՝ աշխատանք։ Հիշեցնենք, որ առաջին բաղադրիչի շրջանակում տրվում է մասնագիտական ուսուցման հնարավորություն․ ԼՂ հայրենակիցը կարող է մինչև 6 ամիս ժամկետով սովորել որևէ մասնագիտություն կամ վերապատրաստվել գործատուի առաջարկած ուսումնական հաստատությունում։ Այդ ընթացքում նրան կտրվի ուսման վարձի փոխհատուցում՝ ամսական առավելագույնը 50,000 դրամի չափով, ինչպես նաև կրթաթոշակ՝ ևս 50 հազար դրամի չափով։ Ուսուցման գործընթացի ավարտից հետո վերջինիս և գործատուի միջև կկնքվի ամենաքիչը 3 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր, որի դիմաց գործատուն ամսական կստանա փոխհատուցում՝ առավելագույնը 50,000 դրամի չափով։ Երկրորդ բաղադրիչի շրջանակում ԼՂ հայրենակիցը կարող է վճարովի աշխատանքային պրակտիկա անցնել գործատուի մոտ․ նրա և գործատուի միջև նվազագույնը 6 ամիս ժամկետով կկնքվի աշխատանքային պայմանագիր։ Այս դեպքում գործատուին 3 ամիս ժամկետով կտրվի ամսական 165,000 դրամ՝ շահառուի աշխատավարձի վճարման համար, ինչպես նաև ամսական առավելագույնը 50,000 դրամ՝ հարկերի և պարտադիր վճարների փոխհատուցման համար։ Երրորդ բաղադրիչի դեպքում՝ հայրենակիցը նույն պայմաններով կարող է օգտվել առաջին և երկրորդ բաղադրիչից, այսինքն՝ անցնել ուսուցում, ստանալ կրթաթոշակ ու ուսման վարձի փոխհատուցում, ձեռք բերել աշխատանքային փորձառություն և անցնել աշխատանքի։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել թեժ գիծ՝ 114 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրության մեջ։
14:56 - 21 մարտի, 2024
Առանց պայմանների փոփոխության․ բռնի տեղահանվածների 40+10 հզ աջակցությունը կշարունակվի մինչև տարեվերջ
 |armenpress.am|

Առանց պայմանների փոփոխության․ բռնի տեղահանվածների 40+10 հզ աջակցությունը կշարունակվի մինչև տարեվերջ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարության հաջորդ նիստին կներկայացվի ԼՂ-ից բռնի տեղահանվածների դրամական աջակցությունը մինչև տարեվերջ երկարացնելու որոշումը։ Այս մասին ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը։  - Տիկին Ժամակոչյան, և՛ վարչապետը, և՛ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն իրենց ելույթներում վերջին շրջանում խոսեցին ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային մատչելիության ծրագրի և դրամական աջակցությունների շարունակման մասին։ Ի՞նչ է արվում այս պահին այդ ուղղություններով, ի՞նչ փուլում են ծրագրերը։  - Այո՛, նախ նշեմ, որ դրամական աջակցությունը շարունակելու որոշումը Կառավարության ընդունմանը կներկայացնենք մյուս հինգշաբթի։ Այս մասին վարչապետն արդեն իսկ հայտարարել էր օրեր առաջ։ Նախագծով նախատեսում ենք դրամական աջակցությունն առանց պայմանների փոփոխության երկարացնել մինչև 2024 թ. դեկտեմբերի վերջ։ Հիշեցնեմ, որ յուրաքանչյուր անձի հաշվով 2023թ հոկտեմբերից սկսած վճարվել են 40 + 10 հզ-ական դրամ բնակելի անարժ գույք չունեցող ընտանիքների անդամներին և 10հզ-ական դրամ անշարժ գույք ունենալու դեպքում՝ իհարկե միջոցառման մյուս պայմաններին բավարարելու դեպքում: Այս ամիսներին շարունակաբար միջոցառման պայմանները վերանայվել են, ինչի արդյունքում ավելացել են նոր շահառու խմբեր: Բարելավման այս մոտեցումը կարծում եմ կպահպանենք: Մինչև ծրագրի երկարացման որոշումը նախաձեռնել էինք աշխատանքային քննարկում, և կարևոր առաջարկներ ստացանք տեղական և ԼՂ–ում հայտնի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից ու պարզապես ծրագրի շահառու հանդիսացած ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցից։ Միաժամանակ, կարծում եմ՝ 2025թ ևս դրամական աջակցության միջոցառումը կշարունակենք, սակայն պայմանները փոփոխելով և կենտրոնանալով անաշխատունակ և խոցելի անձանց ու ընտանիքների կարիքների բավարարման վրա։ Ինչ վերաբերում է բնակարանային մատչելիության ծրագրին, ապա այն մշակման փուլում է, և պայմանների հստակեցման նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այս պահին շարունակում է այս ուղղությամբ հանդիպումները։ Պետք է նշեմ, որ քննարկումներն այս դեպքում նույնպես ընթանում են ոչ միայն պետական մարմինների միջև, այլև հրավիրվում են տեղական և ԼՂ–ում հայտնի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և գործիչներ։ Հանդիպումների նպատակը ԼՂ բռնի տեղահանվածների համար Հայաստանում բնակվելու կայուն ծրագրեր մշակելիս բոլոր կողմերի կարծիքները լսելն է՝ առաջարկները դիտարկելու համար։ Բնականաբար, հաշվի են առնվելու բռնի տեղահանվածների կարիքները, որոնք ձգտելու ենք բավարարել պետության հնարավորությունները մեծացնելով և նոր միջոցներ ներգրավելով: Միաժամանակ ծրագրով նախատեսվող որոշ պայմաններ արդեն հստակեցվել են․ մասնավորապես բնակարանի գնման կամ կառուցման նպատակով աջակցության չափը կլինի մեկ անձի հաշվով 3 մլն դրամ: Բացի այդ, ներդրումային առաջնահերթություն ունեցող բնակավայրերում բնակելի տուն ձեռք բերելու կամ կառուցելու դեպքում աջակցության չափը կավելանա՝ հասնելով 4մլն-ի, իսկ առանձին բնակավայրերում անգամ 5 մլն դրամի:  Ծրագրի շահառու կլինեն ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած անձինք, քանի որ, ինչպես նշեցի, ծրագիրը ուղղված է ԼՂ բռնի տեղահանվածների Հայաստանում կայուն կյանքի աջակցությանը։ Պարզ է նաև, որ հաշվի առնելով ծրագրի մասշտաբը՝ այն չի կարող իրագործվել միանգամից և կունենա փուլային ընթացք, կտևի 3-5 տարի, սակայն կառանձնացվեն առաջնահերթություններ ունեցող ընտանիքները, որոնց համար ծրագիրը կմեկնարկի այս տարվանից։ Հստակ է, որ 3 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները կունենան առաջնահերթություն։ - Դուք նշեցիք, որ դրամական աջակցության ծրագիրը շարունակվելու է մինչև դեկտեմբեր, սակայն մատչելի բնակարանի ծրագիրը կտևի 3-5 տարի։ Ի՞նչ է լինելու դեկտեմբերից հետո այն ընտանիքների հետ, որոնք այս տարի չեն դառնա բնակարանային ծրագրի շահառու։  - Արդեն նշեցի Կառավարությունը տարբեր ձևաչափերով կշարունակի աջակցել ԼՂ բռնի տեղահանված մեր հայրենակիցներին՝ կացության և կեցության ծախսերը հոգալու հարցում։ Ուզում եմ նշել նաև, որ թեև դրամական աջակցությունները կշարունակվեն 2025թ ևս, մեր աջակցության ամենակարևոր ձևն ենք համարում աշխատաշուկայում ԼՂ տեղահանվածներին աշխատանք գտնելու համար խթանող պայմաններ ստեղծելը։   ՀՀ ՊԵԿ տրամադրած տվյալների համաձայն՝ ՀՀ-ում փետրվարի դրությամբ աշխատանքով է ապահովված ավելի քան 11 հազար ԼՂ բռնի տեղահանված։ Այս գործընթացը խթանելու համար կառավարությունը հաստատել է գործատուներին և աշխատանք փնտրող մեր ԼՂ հայրենակիցներին աջակցող միջոցառում, որն ունի 3 բաղադրիչ․  Առաջին բաղադրիչով միջոցառումը ԼՂ-ից բռնի տեղահանված անձին հնարավորություն է տալիս պետության աջակցությամբ կրթություն ստանալ և միաժամանակ 50հզ դրամի չափով կրթաթոշակ ստանալ։  Երկրորդ բաղադրիչով հնարավոր է դառնում անցնել պրակտիկա՝ միաժամանակ ստանալ աշխատավարձ։  Երրորդ բաղադրիչով նաև աշխատանքով ապահովվելու հնարավորություն է տրվում՝ գործատուի համար երաշխավորելով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աշխատանքի վերցնելու դեպքում հարկերի հատուցում։
21:49 - 19 մարտի, 2024
Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ
 |1lurer.am|

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ |1lurer.am|

1lurer.am: Մշակվել է ծրագիր, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ: Այդ մասին ծրագիրը Կառավարության հումանիտար կենտրոնում ասուլիսի ժամանակ ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը: Առաջին բաղադրիչի համար նախատեսված է, որ պետությունը տրամադրում է ուսման վարձի փոխհատուցում և կրթաթոշակ, յուրաքանչյուրի համար՝ 50-հազարական դրամ: Ուսուցումը կարող է տևել մինչև 6 ամիս, որից հետո աշխատանքային պայմանագիր է կնքվում առնվազն 3 ամսով, և պետությունը գործատուին փոխհատուցում է մինչև 50 հազար դրամի չափով եկամտային հարկ և այլ պահումներ: Երկրորդ բաղադրիչով մինչև 3 ամիս տևողությամբ յուրաքանչյուր ամիս 165 հազար դրամի չափով աշխատավարձի գումար է փոխհատուցվում գործատուին, որի մեջ ներառված են հարկերը, որից հետո ևս 3 ամիս պետությունը փոխհատուցում է եկամտային հարկի՝ մինչև 50 հազար դրամը՝ ևս 3 ամիս: Այս պարագայում նվազագույն աշխատանքային պայմանագրի տևողությունը առնվազն 6 ամիս է: Երրորդ բաղադրիչն առաջին և երկրորդ բաղադրիչների համադրությունն է, այսինքն՝ առկա է մասնագիտական ուսուցման բաղադրիչ, աշխատանքային փորձի և հարկերի փոխհատուցման: «Ծրագրով հետաքրքրվողների թիվը 1000-ից ավելի է, առկա պայմանագրերի թիվը՝ 133»,- ասաց նախարարի տեղակալը:
17:05 - 15 մարտի, 2024
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրի ժամկետը երկարաձգվեց
 |armeniasputnik.am|

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրի ժամկետը երկարաձգվեց |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև 2026 թվականը։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշեց, որ 2020 թվականին մեկնարկած ծրագրի շրջանակում աջակցություն է ստացել 9 464 շահառու, որոնց վճարվել է շուրջ 6 մլրդ 668 մլն դրամ` 1530-ը` միանվագ դրամական աջակցության ծրագրով, 2 769-ը` կանխավճարի ապահովագրության ծրագրով, 5165-ը՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրով։ Փոխնախարարի խոսքով` ծրագրերի իրականացման 4 տարվա ընթացքում արձանագրվել է դիմումների թվի աննախադեպ աճ։ «Նախագծով նաև առաջարկվում է սահմանել արտոնություններ և խրախուսել այն ընտանիքներին, որոնք անշարժ գույք ձեռք կբերեն կամ անհատական բնակելի տուն կկառուցեն այն առանձին բնակավայրերում (թվով 48), որտեղ պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում արդեն իսկ կառուցված են և/կամ հիմնանորոգվում կամ կառուցվում են դպրոցներ, մանկապարտեզներ, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերում։ Միաժամանակ կխրախուսվեն այն ընտանիքները, որոնք հիփոթեքային վարկով անշարժ գույքը ձեռք են բերել կամ անհատական բնակելի տունը կառուցել կամ կառուցում են վերոնշյալ բնակավայրերում և վարկի գործողության ընթացքում ընտանիքում ծնվում է նոր երեխա»,– նշեց Խաչատրյանը։ Նա ավելացրեց, որ 2024 թ. ծրագրի իրականացման համար կպահանջվի շուրջ 1 մլրդ 281 մլն դրամ, որից 606 մլն դրամը նախատեսված է 2024 թ. պետական բյուջեով, իսկ 675 մլն դրամը նախատեսվում է հատկացնել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցներից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ կառավարության շահառուն այս դեպքում երեխան է. երեխան ծնվեց` նա պետք է ստանա ՀՀ կառավարության աջակցությունը։
12:15 - 14 մարտի, 2024
ՀՀ ԱՍՀ նախարարը Սաուդյան Արաբիայի պաշտոնյայի հետ քննարկել է սոցիալական պաշտպանության ոլորտի մի շարք հարցեր

ՀՀ ԱՍՀ նախարարը Սաուդյան Արաբիայի պաշտոնյայի հետ քննարկել է սոցիալական պաշտպանության ոլորտի մի շարք հարցեր

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության ընտանեկան հարցերի խորհրդի գլխավոր քարտուղար Մայմունա Ալ Խալիլի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։  Ինչպես տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, այդ թվում՝ երեխաների իրավունքների պաշտպանության, կանանց և տարեցների հիմնահարցերի ոլորտներում համագործակցության ուղղություններին։ Քննարկվել է նաև ընտանիքի ինստիտուտի ամրապնդման և ավագ սերնդի արժանապատիվ ծերության ապահովման վերաբերյալ համատեղ աշխատանքների իրականացման հնարավորությունը։  Ըստ աղբյուրի՝ ներկայացնելով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ նախարար Մկրտչյանը մանրամասնել է նաև խնամատարության ինստիտուտի զարգացման ու ապաինստիտուցիոնալացման քաղաքականության շրջանակում տարվող աշխատանքները։  Մայմունա Ալ Խալիլը նշել է, որ Սաուդիան Արաբիան ունի երեխաների խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման մեծ փորձ, և որ հայկական կողմի հետ ուրախ կլինեն այս ուղղությամբ անցկացնել փորձի փոխանակում։  Նշվում է, որ հանդիպման ավարտին կողմերը քննարկել են համագործակցության ուղղությունների վերաբերյալ արդեն իսկ մշակված փաստաթուղթը, որը հնարավորություն կտա նախատեսվող աշխատանքներն իրականացնել առավել կանոնակարգված։
22:42 - 12 մարտի, 2024
Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանի բացման արարողությանը

Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանի բացման արարողությանը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանի բացման արարողությանը (CSW68)։ Պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը, Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը, Կանանց ռեսուրսային կենտրոնի Ադվոկացիայի թիմի համակարգող Աննա Հովհաննիսյանը։ Նստաշրջանը, որի պաշտոնական բացումն ազդարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ներառում է քննարկումներ՝ գենդերային հավասարության, կանանց ու աղջիկների առաջխաղացման ապահովման ուղղությամբ։ Նստաշրջանի այս տարվա գլխավոր թեման կանանց շրջանում աղքատության հաղթահարումն է՝ խրախուսելով նրանց առաջնորդությունն ու գենդերային անհավասարության դեմ ուղղված քաղաքականությունը։ Արդար ու հավասար աշխատավարձեր, սոցիալական հավասար երաշխիքներ, հավասար հնարավորություններ սովորելու և ընտանիքի պլանավորման հարցերում. համաժողովին մասնակից աշխարհի տարբեր երկրների կառավարությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, փորձագետներ կմիավորեն ջանքերը՝ այս հիմնախնդիրների շուրջ համաձայնեցնելու իրենց գործողությունները, որոնք կարող են նվազեցնել կանանց շրջանում աղքատության ցուցանիշներն ու առաջ մղել գենդերային հավասարությունը։ Թեմայի շուրջ նախարար Մկրտչյանը ելույթ կունենա միջոցառման ընդհանուր քննարկման, ինչպես նաև նախարարական կլոր-սեղանի շրջանակում։ Հայկական կողմը՝ ԱՍՀ նախարարության և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի համագործակցությամբ, նախատեսել է նաև հարակից միջոցառում՝ ներկայացնելու հայաստանյան փորձը՝ կանանց տնտեսական զորեղացման համատեքստում։
11:40 - 12 մարտի, 2024
ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրից օգտվելու պայմաններից կլինի ՀՀ քաղաքացիությունը․ փոխնախարարը մանրամասնում է
 |armenpress.am|

ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրից օգտվելու պայմաններից կլինի ՀՀ քաղաքացիությունը․ փոխնախարարը մանրամասնում է |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային մատչելիության ապահովման պետական ծրագրով աջակցությունն իրականացվելու է բնակելի տուն կառուցելու, բնակելի տուն կամ բնակարան ձեռք բերելու եղանակներով, ինչպես նաև այն անձինք, ովքեր օբյեկտիվ պատճառներով այդ հնարավորությունները չեն ունենա, ապա նրանց հնարավորություն կտրվի ապրել սոցիալական բնակարաններում։  Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում մարտի 1-ին կայացած ասուլիսում ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։   «Բնակարանային ապահովման աջակցությունից կարող են օգտվել այն անձինք, որոնք  կունենան Հայաստանի քաղաքացիություն։ Հետևաբար, մեր հայրենակիցները ժամանակ շահելու նպատակով պետք է  սկսեն դիմել քաղաքացիություն ստանալու համար, որից հետո, երբ կսկսվի բնակարանային աջակցությունը, նրանք բնակարանը ձեռք բերելուց հետո 10 տարի այնտեղ ապրելու իրավունք կունենան, իսկ այնուհետև կդառնան այդ գույքի լիիրավ սեփականատեր»,-պարզաբանեց Խաչատրյանը՝ հավելելով, որ 10 տարվա ընթացքում՝ բացառությամբ անչափահասների, աշխատունակության տարիքում գտնվող անձինք աջակցության գումարը պետք է վերադարձնեն, որից հետո, ըստ ծրագրի պայմանի, նրանք ամբողջությամբ ձեռք կբերեն այդ սեփականության իրավունքը։Այս պայմանը չի վերաբերում անչափահասներին, իսկ կենսաթոշակառուների և այլ խոցելի խմբերի համար կլինեն որոշակի արտոնություններ։ Փոխնախարարի խոսքով՝ մեկ անձի հաշվով աջակցության չափը կկազմի 3 միլիոն դրամ։ Անդրադառնալով փուլային տարբերակով իրականացվելիք ծրագրում առաջնահերթության կարգով ընդգրկված խմբերի ընտրությանը՝ Խաչատրյանը շեշտել է, որ, հաշվի առնելով ծրագրի մասշտաբայնությունը, ինչպես նաև բնակարանային ֆոնդի առկա իրավիճակը Հայաստանում, պետք է կառուցապատումներ իրականացվեն, ինչը նշանակում է, որ ամիսների ընթացքում հնարավոր չէ լուծում տալ խնդրին, և գործընթացը կարող է հինգ տարի տևել։ Ուստի, առաջին հերթում ընդգրկվել են երեք և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները, իսկ երկրորդ փուլով աջակցությունը կտրամադրվի ըստ երեխաների թվի նվազման, ինչպես նաև ընտանիքի անդամների թվի մեծության։ Ըստ էության, աջակցությունից օգտվելու հնարավորություն կունենան ԼՂ-ից բռնի տեղահանված բոլոր անձինք՝ անկախ նրանից, թե երբ են տեղահանվել՝ բացառությամբ ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների, որոնց համար արդեն իրականացվում է բնակարանային ապահովման ծրագիր։ Փոխնախարարը հայտնեց նաև, որ քննարկման արդյունքում կլինի բնակավայրերի որոշակի ցանկ, այդ թվում՝ գյուղական և քաղաքային, որոնց դեպքում, հնարավոր է, պետությունն ավելի մեծ աջակցություն տրամադրի։   
18:00 - 01 մարտի, 2024
Փոփոխություններ և լրացումներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության 3 ծրագրերում

Փոփոխություններ և լրացումներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության 3 ծրագրերում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ 100 հազար դրամ միանվագ սոցիալական աջակցության ծրագրում կիրականացվեն հետևյալ փոփոխությունները․ · շահառուների շրջանակն ընդլայնելու նպատակով՝ ծրագրից կկարողանան օգտվել նաև Լաչինի միջանցքի արգելափակելուց հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով ՀՀ տեղափոխված բուժառու անձանց ուղեկցողները, եթե անձը ներկայացրել է դիմում մինչև 2024թ․ հունվարի 31–ը, և նրա տվյալներն առկա են ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած ցուցակում։ · ծրագրի վճարման ցուցակի ձևավորման ժամկետը կերկարաձգվի մինչև մարտի 20–ը։ Կոմունալ ծախսերի և ժամանակավոր կացարանների վարձավճարների համար՝ վեցամսյա 40+10 հազար դրամ աջակցության ծրագրում կիրականացվեն հետևյալ փոփոխությունները․ · ժամանակավոր կացարանում բնակվելու համար նախատեսված 40 հազար դրամը կստանան նաև այն անձինք, ովքեր ունեն բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակվելու համար նախատեսված միայն մեկ անշարժ գույք, որի բաժնեմասին համապատասխան մակերեսը փոքր է 20 քառակուսի մետրից։ · որոշ հանգամանքների պատճառով ուշ դիմած շահառուներին կվճարվի նաև նախորդ ամիսների համար, եթե այդ ամիսներին ՀՀ-ից 10 օրից պակաս են բացակայել։ · դիմում ներկայացնելու ժամկետը մարտի 15-ի փոխարեն կսահմանվի մարտի 31-ը։ · ծրագրի շահառու կդառնան նաև այն անձինք, որոնց դիմումները մերժվել են բնակչության պետական ռեգիստրում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը ՀՀ-ում հաշվառված լինելու պատճառով։ · նշված փոփոխությունները կդիտարկվեն սկսած հոկտեմբեր ամսից։ Երկամսյա 50 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագրում կիրականացվեն հետևյալ փոփոխությունները․ · որոշ հանգամանքների պատճառով ուշ դիմած շահառուներին կվճարվի նաև նոյեմբեր ամսվա համար, եթե այդ ամսին ՀՀ-ից 10 օրից պակաս են բացակայել։ · դիմում ներկայացնելու ժամկետը հունվարի 31-ի փոխարեն սահմանվել է մարտի 31-ը։ · աջակցությունից կօգտվեն նաև այն երեխաները, որոնց ծնողների հաշիվներին եղել է 2 մլն դրամը գերազանցող գումար։ · շահառու կդառնան նաև այն անձինք, որոնց դիմումները մերժվել են բնակչության պետական ռեգիստրում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը ՀՀ-ում հաշվառված լինելու պատճառով։ · նշված փոփոխությունները կդիտարկվեն սկսած նոյեմբեր ամսից։  
15:16 - 29 փետրվարի, 2024
Նարեկ Մկրտչյանը Հնդկաստանում քննարկել է կանանց հիմնահարցերի և երեխաների իրավունքների ոլորտներում համատեղ աշխատանքների իրականացման հնարավորությունները

Նարեկ Մկրտչյանը Հնդկաստանում քննարկել է կանանց հիմնահարցերի և երեխաների իրավունքների ոլորտներում համատեղ աշխատանքների իրականացման հնարավորությունները

Հնդկաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի կանանց և երեխաների զարգացման նախարար Սմրիտի Զուբին Իրանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են կանանց հիմնահարցերի և երեխաների իրավունքների ոլորտներում համատեղ աշխատանքների իրականացման հնարավորությունները։Նախարար Մկրտչյանը ներկայացրել է ոլորտում տարվող բարեփոխումներն ու ծրագրերը՝ մանրամասնելով խնամատարության ինստիտուտի զարգացման, ապաինստիտուցիոնալացման քաղաքականության իրականացման ուղղությամբ տարվող քայլերը։ Անդրադառնալով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում նախատեսվող աշխատանքներին՝ նախարարը խոսել է սոցիալական արդարության ապահովման շրջանակում անհրաժեշտ քայլեր իրականացնելու անհրաժեշտության մասին ու առաջարկել համագործակցել այս ուղղությամբ։ Սմրիտի Զուբին Իրանին ներկայացրել է Հնդկաստանի փորձը կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև կանանց հզորացմանն ուղղված աշխատանքներում։Նա նշել է, որ Հնդկաստանը ևս կարևորում է խնամատարության ինստիտուտի զարգացմանն ուղղված աշխատանքները և պատրաստակամություն հայտնել իրենց փորձը ներկայացնել հայկական կողմին։ Հնդկաստանի կանանց և երեխաների զարգացման նախարարը նաև առաջարկել է դիտարկել ԱՍՀ նախարարության հետ համագործակցության հնարավորությունը՝ մասնագիտական դասընթացների կազմակերպման և աշխատակիցների հմտությունների զարգացման վերաբերյալ։ Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են մշակել համապատասխան հուշագիր, որը թույլ կտա հստակեցնել այն ուղղությունները, որոնց շրջանակում կարող են զարգացնել համագործակցությունը։
11:58 - 24 փետրվարի, 2024
Ինչպես կարգավորել Հայաստանում Հնդկաստանի քաղաքացիների զբաղվածության ապահովումը․ Նարեկ Մկրտչյանը հարցը Հնդկաստանում քննարկել է գործընկերոջ հետ

Ինչպես կարգավորել Հայաստանում Հնդկաստանի քաղաքացիների զբաղվածության ապահովումը․ Նարեկ Մկրտչյանը հարցը Հնդկաստանում քննարկել է գործընկերոջ հետ

Հնդկաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի աշխատանքի և զբաղվածության նախարար Շրի Բհուպենդեր Յադավի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես՝ աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության ուղղությունների վերաբերյալ։ Նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել Հնդկաստանի հետ ձևավորված սերտ հարաբերությունների դերը և այս համատեքստում ընդգծել Հայաստան ժամանող Հնդկաստանի քաղաքացիների զբաղվածության ապահովման ուղղությամբ անհրաժեշտ կարգավորումների մշակման անհրաժեշտությունը։ Նախարարը շեշտել է, որ անհրաժեշտ մեխանիզմների ներդնումը հնարավորություն կտա կանոնակարգել դեպի Հայաստան աշխատանքային միգրացիայի հոսքը և խուսափել հետագա հնարավոր խնդիրներից։ Նարեկ Մկրտչյանի խոսքով՝  «Հմտությունների զարգացման ազգային կորպորացիայի» հետ համատեղ նախատեսվող հարթակի ստեղծումը ևս թույլ կտա նպաստել գործընթացին․ այն մի կողմից կհավաքագրի Հնդկաստանի աշխատուժը, մյուս կողմից՝ Միասնական սոցիալական ծառայության միջոցով կներկայացնի Հայաստանում առկա թափուր աշխատատեղերը։ Շրի Բհուպենդեր Յադավը ևս, կարևորելով ՀՀ հետ համագործակցությունը, նշել է, որ վերջին տարիների ընթացքում իրապես նկատելի է Հնդկաստանի քաղաքացիների՝ դեպի Հայաստան մեծ ներհոսքը․ Հնդկաստանի աշխատանքի և զբաղվածության նախարարը ևս հաստատել է աշխատանքային միգրացիայի ոլորտում համատեղ կարգավորումների մշակման անհրաժեշտությունը և պատրաստակամություն հայտնել համատեղ աշխատանքներ իրականացնել այս ուղղությամբ ևս։  Ներկայացնելով Հնդկաստանի աշխատանքի և զբաղվածության ոլորտում իրականացվող աշխատանքները՝ վերջինս նշել է, որ ստեղծվել է մասնագիտական ծառայությունների ազգային հարթակ, որի միջոցով օրական շուրջ 4 մլն աշխատանքի հայտարարություն է հրապարակվում։ Յադավի խոսքով՝ հարթակի միջոցով նաև արտերկրում գործունեություն իրականացնող գործատուները հնարավորություն ունեն ծանոթանալ Հնդկաստանի թափուր հաստիքներին և համապատասխան աշխատուժ ներգրավել հետաքրքրող աշխատանքներում։ Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել դիտարկել աշխատանքի և զբաղվածության ոլորտում համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը։  
17:52 - 23 փետրվարի, 2024
ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս կարող են օգտվել կենսաթոշակի ու նպաստի հետվճարի ծրագրից

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս կարող են օգտվել կենսաթոշակի ու նպաստի հետվճարի ծրագրից

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք ևս կարող են օգտվել անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի և նպաստի դեպքում 10 տոկոս հետվճարի ծրագրից: Եթե նախկինում հետվճարի ծրագրից կարողանում էին օգտվել այն քաղաքացիները, ովքեր օգտվում էին գործընկեր բանկերից, 2024 թվականից տեղի է ունեցել փոփոխություն, և հետվճարի ծրագրից կարող են օգտվել բոլոր քարտապան կենսաթոշակառուները: Այդ մասին հումանիտար կենտրոնում ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակառու անձինք կարո՞ղ են օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից: «Հետվճարի ծրագրից կարող են օգտվել ինչպես կենսաթոշակառուները, այնպես էլ նպաստառուները՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ, 3-րդ և հաջորդ երեխայի ծննդով պայմանավորված 50 000 դրամ աջակցություն, հաշմանդամության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ, վետերանների պատվո վճար, զինպարգևավճար, ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացողները»,- նշել է նա: Ինչ վերաբերում է այն հարցին, որ եթե կենսաթոշակառուն փոխում է հաշվեհամարը, ե՞րբ կարող է ստանալ կենսաթոշակը նոր հաշվին, Զարուհի Մանուչարյանն ասել է. «Հաշվեհամարի կամ քարտի հետ ցանկացած գործարքի դեպքում քաղաքացուն խնդրում ենք մոտենալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն և գրել դիմում, և հաջորդող ամսվանից կենսաթոշակը կամ նպաստը կփոխանցվի նոր հաշվեհամարին»: Խոսելով այն մասին, որ եթե մայրն ունի 2 մլն կամ ավելի գումար, արդյոք նրա անչափահաս երեխաներն օգտվո՞ւմ են սպառողական ծախսերի համար հատկացվող 50 000 դրամ աջակցությունից, եթե դիմումը լրացրել է մայրը, նա տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակում երեխան շահառու է, եթե դիմում լրացնող ծնողը շահառու է: «Այս դեպքում, եթե մայրը ծրագրի շահառու չէ, ապա երեխան ևս չի կարող լինել շահառու»,- ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղարը: Ամփոփելով՝ Զարուհի Մանուչարյանն անդրադարձել է նախարարության տարածած հայտարարությանը, որը հորդորում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց զերծ մնալ անձնական տվյալները՝ անձնագրի, հանրային համարանիշի, բանկի քարտային տվյալները, ներկայացնել որևէ ոչ պաշտոնական աղբյուրներում կամ հարթակներում՝ խարդախություններից և կիբեռհանցագործություններից խուսափելու նպատակով:
18:57 - 16 փետրվարի, 2024