Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց (օգոստոսի 21, 1961, ՈսկեհատՎաղարշապատի շրջան)։ Հայ ազգային եկեղեցական գործիչ, 1999 թ․ նոյեմբեր 4-ից Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու 132-րդ կաթողիկոս։ 

1965 թ ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան։ 1972 թ․ Տ. Տիրան արք. Ներսոյանի կողմից ձեռնադրվել է կուսակրոն քահանա և վերակոչվել Գարեգին անվամբ։ Նույն թվականին Կաթողիկոս Վազգեն Ա-ի տնօրինությամբ մեկնել է Ավստրիա՝ Վիեննայի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում իր կրթությունը շարունակելու։ 1975 թ․ նշանակվել է Գերմանիայի հայ համայնքի հոգևոր հովիվ։  1980 թ․ նշանակվել է Արարատյան հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդի օգնական, իսկ 1983-ի ապրիլին՝ փոխանորդ։

1983 թ․ հոկտեմբերի 23-ին  Վազգեն Ա-ի կողմից արժանացել է եպիսկոպոսական ձեռնադրության։  1998 թ․  Ամենայն հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ, իսկ վերջինիս մահից հետո՝ 1999 թ․ հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած Ազգային-եկեղեցական ժողովի կողմից ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս և նոյեմբերի 4-ին արժանացել կաթողիկոսական ձեռնադրության ու օծման։ 

Գարեգին Բ-ն ընդունել է Նուբար Աֆեյանին. քննարկել են ՀՀ-ում տեղի ունեցող վերջին զարգացումները

Գարեգին Բ-ն ընդունել է Նուբար Աֆեյանին. քննարկել են ՀՀ-ում տեղի ունեցող վերջին զարգացումները

Մայիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, անվանի գիտնական և ազգային բարերար տիար Նուբար Աֆեյանին։ Հանդիպմանը ներկա էր Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։ Նորին Սրբությունն իր ուրախությունը հայտնեց տիար Նուբար Աֆեյանի Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցի առիթով՝ բարձրորեն գնահատելով Հայաստանին ու արցախահայությանը ցուցաբերվող շարունակական զորակցության և աջակցության համար։  Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը և տիար Աֆեյանն անդրադարձ կատարեցին Հայաստանում տեղ գտած զարգացումներին, հայ ժողովրդի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին, ինչպես նաև Արցախի բռնազավթման ու հայաթափման, արցախահայության արդար իրավունքների պաշտպանության, Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարության ու ռազմագերիների ազատ արձակման և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին։ Զրուցակիցներն անդրադարձան նաև Հայաստան-Սփյուռք կապին, Սփյուռքի առջև ծառացած մարտահրավերներին՝ կարևորելով Հայրենիքի համար դժվարին այս ժամանակներում Սփյուռքի ներուժի արդյունավետ օգտագործմանն ուղղված ծրագրերը։  
09:28 - 17 մայիսի, 2024
Արման Բաբաջանյանի սխալ պնդումները Հայ առաքելական եկեղեցու մասին
 |media.am|

Արման Բաբաջանյանի սխալ պնդումները Հայ առաքելական եկեղեցու մասին |media.am|

media.am: «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը մայիսի 8-ին Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարեց, որ Հայ առաքելական եկեղեցին 44-օրյա պատերազմում համախմբման և մոբիլիզացիայի մասին հայտարարություն չի արել, իսկ Ամենայն հայոց կաթողիկոսը Հայաստանի տարածքների վրա հարձակման ժամանակ «ծպտուն չի հանել». «Եկեղեցին որևէ անգամ ամբողջ 44-օրյա պատերազմի ընթացքում հայտարարություն՝ համախմբման, համերաշխության, ներդաշնակեցման մեր բոլորի տրամադրությունները, ուշք ու միտքը կետրոնացնելու համար հայտարարություն տարածե՞լ է։ Ոչ։ Եկեղեցին երբեևէ մոբիլիզացիայի վերաբերյալ որևէ հայտարարություն տարածե՞լ է էն ժամանակ, երբ որ…. 2021 թվականի մայիսին, 2021 թվականի նոյեմբերին, 2022 թվականի սեպտեմբերին հարձակում էր իրականացվում Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամաբ։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Արցախը երբ որ հայաթափվում էր, դուք տեսե՞լ եք, որ Ամենայն հայոց կաթողիկոսը որևէ ծպտուն հանի էդ դաժան իրադարձությունների կապակցությամբ։ Դուք տեսե՞լ եք մի հոգևորական, որ Գորիսում գնա արցախցի դիմավորի, տասը արցախցի եկեղեցին տանի, իր հարկի տակ պահի»,- ասաց Բաբաջանյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում։ Բաբաջանյանն այս պնդումներն արել էր նաև Freenews-ի եթերում։ Media.am-ի փաստերի ստուգման թիմը՝ «Ստուգված է»-ն, պարզեց, որ Արման Բաբաջանյանի այս պնդումները սխալ են։ Եկեղեցին 44-օրյա պատերազմի ընթացքում բազմիցս համախմբման, միասնականության և ուժերի մոբիլիզացիայի կոչեր է արել, կազմակերպել դրամահավաքներ՝ հավաքված գումարը նվիրաբերելով «Հայաստան» համահայկական հիմնադրամին, զորակցություն հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հետագայում՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի օկուպացման ժամանակ, եկեղեցին ևս հանդես է եկել համախմբման կոչերով, իսկ Արցախի հայության տեղահանումից հետո աջակցության ծրագրեր իրականացրել նրանց համար։ Եկեղեցին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի հարձակման օրը, Մայր Աթոռի ֆեյսբուքի պաշտոնական էջում հրապարակվեց Գարեգին Երկրորդ կաթողիկոսի ուղերձը, որում կար համախմբման կոչ՝ «Կոչ եմ անում մեր ժողովրդին միասնության և քաղաքական բոլոր ուժերին՝ ստորադասելու հակասությունները հանուն Հայրենիքի պաշտպանության կարիքների»։ Նույն օրը նա հեռախոսազրույց էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այդ օրերի նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Երկու դեպքում էլ ընդգծել էր «աշխարհասփյուռ հայության» համախմբման անհրաժեշտությունը։ Սեպտեմբերի 29-ի իր ուղերձում Գարեգին Երկրորդը կրկին ուժերը միավորելու կոչ արեց՝ ազգային միասնականությունն ու համախմբումն անվանելով հաղթանակի երաշխիք։ Սկսած սեպտեմբերի 30-ից Ամենայն հայոց կաթողիկոսը հանգանակություն էր նախաձեռնել։ Հավաքված միջոցները, ըստ հաղորդագրությունների, տրամադրվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» ծրագրին։ Հոկտեմբերի 1-ին հայտարարվեց Մայր աթոռի միջոցներից Համահայկական հիմնադրամին 500.000 դոլար փոխանցելու որոշման մասին։ Նույն ամսվա 14-ին հայտարարվեց, որ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից փոխանցվել է 15 մլն ռուբլի, Գերմանիայի հայոց թեմից 50 հազար եվրո, Ֆրանսիայի հայոց թեմից 60 հազար եվրո, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից՝ 37 հազար դոլար։ Հոլանդիայի Ալմելո քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կողմից հանգանակվել և փոխանցվել է 87 հազար եվրո։ Հոկտեմբերի 3-ին, 11-ին, 14-ին, նոյեմբերի 1-ին եկեղեցին ևս համախմբման ու միասնականության կոչերով է հանդես եկել։ Ավելի ուշ Ամենայն հայոց կաթողիկոսը, Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նաև կոչ արեցին զենք վերցնել ու պահել սահմանագիծը։ Հոկտեմբերի 27-ին հանդիպում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի և Գարեգին Երկրորդի միջև, որի ժամանակ կաթողիկոսը եկեղեցու զորակցությունը հայտնեց Հայաստանի և Արցախի կառավարություններին։ Այս ամենով հանդերձ՝ 2020-ի դեպտեմբերի 8-ին Ամենայն հայոց կաթողիկոսը հորդորել էր Փաշինյանին վայր դնել վարչապետի լիազորությունները՝ «կանխելու համար հասարակական կյանքում ցնցումները, նաև հնարավոր բախումներն ու ողբերգական հետևանքները»։ Կաթողիկոսը 2021, 2022, 2023 թթ.-ի հարձակումների ժամանակ «ծպտուն հանել է» 2021-ի մայիսի 12-ին՝ ադրբեջանական ուժերի ներխուժման ժամանակ, Մայր Աթոռի ֆեյսբուքյան էջում որևէ հրապարակում չի եղել։ Մայիս ամսվա ընթացքում, սակայն, եկեղեցին համախմբման կոչ արել է։ Մայիսի 26-ին Էջմիածնում գումարված քահանայից հավաքի մասնակիցները հորդորել են համախմբվել արտաքին և ներքին մարտահրավերների հաղթահարման ու իրավիճակի կայունացման համար։ Նույն տարում Ադրբեջանի նոյեմբերյան ագրեսիայի ժամանակ Մայր Աթոռը կոչ արեց միջազգային հանրությանը և միջկրոնական կառույցներին հասու բոլոր միջոցներով ձայն բարձրացնելու և կասեցնելու ադրբեջանական կողմի հերթական ոտնձգությունները։ Միևնույն ժամանակ հորդորեց համախմբվել աշխարհասփյուռ հայությանը՝ պայքարելու Ադրբեջանի անօրինական գործողությունների դեմ։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
14:24 - 10 մայիսի, 2024
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի խոսքը Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի խոսքը Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի խոսքը Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով։ Այն ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ հայոց, Հաղթական անցյալի ներշնչանքով և լուսավոր ապագայի հույսով, բայց նաև ծանր զգացումներով ենք այսօր դիմավորում Հաղթանակի և խաղաղության տոնը, տոնը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձի: Այս տարի խորհրդանշական զուգադիպությամբ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին տոնախմբում է նաև մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Համբարձումը և Հայրապետական Աթոռի Սուրբ Էջմիածնում վերահաստատվելու հիշատակի օրը: Ազգային, պետական ու եկեղեցական կարևորագույն այս տոների համընկնումով Մայիսի 9-ը ամբողջացնում է խորհուրդը հաղթանակի:   Այսօր մեր երկիրն ու ժողովուրդը դիմագրավում են գոյաբանական ծանրագույն փորձություններ: Անհուն զրկանքների ու զոհողությունների գնով ազատագրված Արցախը բռնազավթված է ու հայաթափված, մեր սրբավայրերն ու շիրիմները՝ լքված ու ավերակված: Վտանգված են Հայաստանի սահմանները, և սպառնալիքների տակ՝ հայրենաբնակ մեր ժողովրդի կյանքը, կորսված է մեր անդորրը, և խոցոտված՝ մեր ազգային արժանապատվությունը: Ցավալի կորուստների և դառն պարտությունների մեջ մենք վերստին դառնում ենք դեպի Կյանքի Աղբյուրը, դեպի Ամենախնամն Աստված, որ հազարամյակների փորձությունների ու մաքառումների, արհավիրքների ու աղետների մեջ կյանքի ու հարատևության շնորհով օրհնեց մեզ և ոգեշնչեց՝ ասելով. «Քաջալերվեցեք, որովհետև Ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. 16.33): Մենք ժառանգներն ենք մի ժողովրդի, որ մահվան ու տառապանքների դեմ գոտեմարտում երբեք չկորցրեց իր հավատն առ Աստված, պահեց հավատարմությունը իր հոգևոր-ազգային արժեքներին և չհրաժարվեց իր ինքնությունից: Մենք հետնորդներն ենք մեր հերոս նախնյաց, որոնց փառապանծ գործերով հզորացել ու պայծառացել է ազգն ու հայրենիքը, դպրությունը, գիտությունն ու մշակույթը։ Հայրենի հողը շենացնելու, հայոց պետականությունը վերականգնելու նվիրական տեսիլքը վառ պահելու համար մեր հայրերը 1441 թվականին Սսից Սուրբ Էջմիածին փոխադրեցին Հայոց Հայրապետական Աթոռը: Քրիստոսահիմն Սուրբ Էջմիածինը համայն հայության հոգևոր տունն է, հայոց անկախ պետականության կերտման դարբնոցը, մեր ժողովրդի հաղթանակների ու հարատևության խորհրդանիշը և ազգային մեր անաղարտ ինքնության ջահակիրն ու պահապանը: Սուրբ Էջմիածնի տեսիլքը այսօր ևս շարունակում է մնալ հոգևոր ներուժն ու ակունքը հաղթանակների: Հաղթանակ՝ փորձությունների դեմ, հաղթանակ՝ ինքնության ու արժանապատվության համար մղվող պայքարում, հաղթանակ՝ առ հայրենին ու առ սրբազան արժեքները հավատարմության: Մեր հաղթանակները չունեն թշնամանքի ու ատելության կնիք, այլոց արժանապատվությունը նսեմացնելու, սրբությունները ոտնահարելու և ինքնությունը ոչնչացնելու չարորակ նկրտում: Մեր հաղթանակները ամրապնդում են կամքն ու վճռականությունը՝ հասնելու խաղաղության, անվտանգ պահելու մեր ժողովրդին, վերահաստատելու համազգային սերն ու համերաշխությունը: Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մեր սիրտը հուզում են նույն մտահոգություններն ու ցավերը, որոնք ալեկոծում են հոգիները հայրենիքի ծանր մարտահրավերներով անհանգստացած աշխարհասփյուռ Մեր զավակների։ Այդ տագնապներով են նաև այս օրերին իրենց ընդվզումի ձայնը բարձրացնում «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման մասնակիցները։ Մեր մաղթանքն է, որ շուտափույթ հանգուցալուծում գտնեն առկա հիմնախնդիրները, և մեր ժողովուրդը պատվով հաղթահարի մեզ պատուհասած արհավիրքները։ Արդ, հույսով ու լավատեսությամբ զինվենք, չտկարանանք դժվարությունների առջև, հիշենք մեր նախնիների սխրանքները, թոթափենք վախի ու անտարբերության կործանարար զգացումները, լինենք միակուռ ու միաբան: Համախմբվենք հայոց անկախ պետականության լուսավոր գաղափարի շուրջ՝ Աստծո օրհնությամբ անկասելի դարձնելու մեր ժողովրդի ընթացքը դեպի նոր հորիզոնները մեր լուսավոր գալիքի։ Աղոթենք միասնաբար, որ Աստված խաղաղություն պարգևի համայն աշխարհին, նոր կորուստներից ու աղետներից հեռու պահի մեր հայրենիքն ու ազգը և Իր ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքո շնորհի անվտանգ կյանք ու ստեղծարար հաջողություններ այսօր և միշտ. ամեն»։
13:37 - 09 մայիսի, 2024
Վեհափառ Հայրապետը օրհնել է, այլ ոչ թե առաջնորդում է շարժումը. Բագրատ Սրբազան
 |news.am|

Վեհափառ Հայրապետը օրհնել է, այլ ոչ թե առաջնորդում է շարժումը. Բագրատ Սրբազան |news.am|

news.am: Ամենայն հայոց հայրապետը օրհնել է շարժումը, ոչ թե առաջնորդում է այն. Էս մարդիկ այլեւս սուտ էլ չեն խոսում, ինչ ուզում՝ ասում են: Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին, երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը: «Էս մարդիկ սկսել ոչ միայն ժողովրդին խաբել, այլ նաեւ իրենց խաբել, իրենք իրենց սուտ ասել ու էդ ստերին հավատալ, այդ փուլին ենք հասել: Հիմա ինչ ուզում՝ ասում են, դուք ուզում եք, որ մենք բոլոր բաներին պատասխանե՞նք: Չեղած բանը ո՞նց մեկնաբանեմ»,-ասաց նա: Տեղեկություններին, որ ճնշումներ են սկսվել Մայր Աթոռի բարձրաստիճան հոգեւորականների նկատմամբ, ԱԱԾ են հրավիրվում, բագրատ Սրբազանն ասաց. «Սովետական շրջանում էլ են ճնշումներ արել, ի՞նչ եղավ Սովետի հետ: Եթե հիմա էլ են ուզում անել, ոչ մի բանով չի տարբերվում: Այդ ժամանակ եկեղեցուն ի՞նչ եղավ, ոչ մի բան: Թվերը մի քիչ նվազեցին, բայց Սովետական Միություն չկա ու չի էլ լինելու»:
14:42 - 08 մայիսի, 2024
Ակնհայտ է, որ այս գործընթացի առաջնորդն Ամենայն Հայոց կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյան
 |armenpress.am|

Ակնհայտ է, որ այս գործընթացի առաջնորդն Ամենայն Հայոց կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնհայտ է համարում, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդն Ամենայն Հայոց կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Փաշինյանը նման դիրքորոշում հայտնեց մայիսի 7-ի ասուլիսի ժամանակ։ «Կառավարությունը չպետք է միջամատի եկեղեցու գործերին: Հայ Առաքելական եկեղեցին ունի գործունեության իր կանոնները, իր կանոնակարգը: Բայց ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ այսօր Ամենայն Հայոց կաթողիկոսը Հայաստանում առաջնորդում է քաղաքական շարժում: Դա շատ ակնհայտ է: Իսկ ինչո՞ւ պետք է կաթողիկոսն առաջնորդի քաղաքական շարժում»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ պարզ է նաև շարժման նպատակը: Փաշինյանը հավելեց՝ շարժման նպատակը նախորդ իշխանություններին Հայաստանում իշխանության բերելն է: Ըստ նրա՝ 2021 թվականի ընտրություններից հետո «Հայաստան» դաշինքի ղեկավարն էր այդ սցենարը ներկայացրել, թե ինչպես պետք է եկեղեցու միջոցով իրականացնել իշխանափոխություն: «Ի՞նչ է նշանակում օրհնել. նշանակում է առաջնորդել, որովհետև հոգևորականը չի կարող առանց Ամենայն Հայոց կաթողիկոսի թույլտվության քաղաքական տեքստ ասել: Ակնհայտ է, որ այս գործընթացի առաջնորդը Ամենայն Հայոց կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը: Հրապարակային հայտարարություններով դա ապացուցված փաստ է»,-ասաց վարչապետը: Նա ընդգծեց, որ կան հոգևորականներ, որոնք համաձայն չեն իր դիրքորոշման հետ, այդ մասին ասել են 2018 թվականից: Փաշինյանը կրկնեց՝ կառավարությունը չպետք է եկեղեցու գործերին միջամտի, իսկ ինքը կարող է կարծիք ասել՝ որպես անհատ: «Բայց իմ կարծիքը մեծ հաշվով հետևանք չունեցող կարծիք է: Եթե նույնիսկ այդպես է, ոչ ոք չի խանգարում ինձ առնչվել Աստվածաշնչի, Աստծո հետ: Իմ խնդիրն ուրիշ է. պետք է հոգևոր կյանքը Հայաստանում ակտիվ լինի, զարգանա, բայց ակտիվ չի, չի զարգանում, ինչն ինձ մտահոգում է, բայց ոչ մի միլիմետր ավելի»,- ասաց նա:
16:20 - 07 մայիսի, 2024
Վեհափառ հայրապետները վերաշեշտել են Հայաստանի տարածքային ամբողջականությունն ամուր պահելու հրամայականը

Վեհափառ հայրապետները վերաշեշտել են Հայաստանի տարածքային ամբողջականությունն ամուր պահելու հրամայականը

Հեռախոսազրույց են ունեցել Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը: Այս մասին հայտնում է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսարանը: Այսօր՝ Երեքշաբթի, 30 Ապրիլ 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսին միջեւ տեղի ունեցաւ հեռաձայնային հաղորդակցութիւն մը, որուն ընթացքին անոնք խորհրդակցեցան Հայաստանը յուզող ներկայ խնդիրներուն ու տագնապներուն շուրջ: Վեհափառ Հայրապետները վերաշեշտեցին Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութիւնը ու անվտանգութիւնը ամուր պահելու հրամայականը եւ այս ուղղութեամբ հայ եկեղեցւոյ անխախտ յանձնառութիւնը: Միաժամանակ, Հայրապետները ընդգծեցին մեր ժողովուրդին ներքին միասնականութիւնը ամրապնդելու անհրաժեշտութիւնը, յատկապէս ներկայ տագնապալից օրերուն:Նորին Սրբութիւն Արամ Ա. Վեհափառ Հայրապետը իր ամբողջական զօրակցութիւնը յայտնեց Նորին Սրբութիւն Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետին եւ ընդհանրապէս Սուրբ Էջմիածնի Մայր Աթոռին՝ հայրենանուէր կեցուածքներուն եւ կատարած աշխատանքներուն համար:
20:58 - 30 ապրիլի, 2024
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն

Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով ապրիլի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի գլխավորությամբ, Սուրբ Պատարագի արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Ինչպես տեղեկանում ենք Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունից, այդ առիթով հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը: Պատարագիչն էր Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։ Իր քարոզում Սրբազան Հայրն, անդրադառնալով 20-րդ դարասկզբի պատմական իրադարձություններին ու Հայոց ցեղասպանությանը, ի մասնավորի նշեց. «Աստված օրհնեց մեր ժողովրդին և վերականգնեց հայոց պետականությունը պատմական Հայաստանի արևելյան հատվածում, մեր ժողովուրդը կարողացավ պահպանել իր պատմական հողերի այս մի հատվածը, և ամոքել իր վերքերը։ Ինչո՞ւ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը․ մենք դրա մասին պիտի մտածենք, խորհենք, որպեսզի ապագայում կարողանանք խուսափել նման իրավիճակներից և թույլ չտանք օտարներին մեր հայրենիքում ենթարկելու մեզ ցեղասպանության․․․ Երբ մենք գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ի՞նչ ունենք անելու, որ պիտի անենք՝ գալիքի ակնկալիքով։ Չվախենանք երբեք և շարունակենք ապրել Քրիստոսով, որովհետև Նա հաղթեց ու մենք էլ հաղթելու ենք»։ Վերջում Վազգեն Սրբազանը պատգամեց հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել իմաստությամբ օժտվեն մեր առաջնորդները, որ հայ ժողովուրդը լցվի սիրով, համերաշխությամբ և կարողանա պահել ու պահպանել Հայաստան աշխարհը։ Սուրբ Պատարագի ավարտին եկեղեցականների թափորը, կրելով Սուրբ նահատակների մասունքարանը, ուղղվեց դեպի Մայր Տաճարի շրջափակ, ուր աղոթքի և ուխտի խաչքարի առջև, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց կաթողիկոսի, կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:
16:30 - 24 ապրիլի, 2024
Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. մեր ժողովուրդը հզոր է ու պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները. Վեհափառ

Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. մեր ժողովուրդը հզոր է ու պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները. Վեհափառ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով․ «Սիրելի ժողովուրդ հայոց ի հայրենիս և ի սփյուռս, Վերստին աղոթքով և խոնարհումով հիշատակում ենք Հայոց Ցեղասպանության մեր սուրբ նահատակներին, ովքեր ամուր պահելով իրենց հավատքը, սերն ու նվիրումը առ ազգն ու հայրենին՝ մարտիրոսության պսակն ընդունեցին։ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը նշում ենք մի շրջանում, երբ մեր ժողովուրդը գտնվում է գոյաբանական նոր սպառնալիքների և անվտանգային լրջագույն հիմնախնդիրների հանդիման: Հայրենի Արցախում իրականացված ցեղասպանական գործողություններից և Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում։ Սուրբ Նահատակների լույս հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի, նախանձախնդիր լինել հայոց անկախ պետականության զորացմանը և որպես սրբազան մասունք պահպանել մեր նախնյաց ավանդներն ու ժառանգությունը։ Մեր ժողովուրդը հզոր է իր հերոսական անցյալով, չարի ու չարիքի դեմ պայքարի վճռականությամբ և նույն ոգով պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները, առկա բարդ իրադրությունից ջանքերի մեկտեղումով ելքի ուղիներ գտնի և կերտի իր հաղթական ապագան։ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, այս նվիրական օրը միասիրտ աղոթքով հայցենք մեր սուրբ նահատակների բարեխոսությունը, որ հարուցյալ Քրիստոսի շնորհների և օրհնության ներքո խաղաղ, անվտանգ ու բարօր լինեն մեր հայրենիքն ու ազգը, և մենք հավատով ու հույսով հաստատենք մեր ընթացքը ապահովության ու առաջընթացի շավիղներում: Թող Տիրոջ սերն ու խնամքը հովանի լինեն մեր hայրենիքին ու համայն մեր ժողովրդին այսօր և միշտ. ամեն»։
09:31 - 24 ապրիլի, 2024
Աշխարհասփյուռ հայ ժողովուրդն ամենուր պետք է շարունակի համախմբվել՝ հանուն Ցեղասպանության դատապարտման․ Ամենայն Հայոց Կաթողիկոս

Աշխարհասփյուռ հայ ժողովուրդն ամենուր պետք է շարունակի համախմբվել՝ հանուն Ցեղասպանության դատապարտման․ Ամենայն Հայոց Կաթողիկոս

Ապրիլի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայ Հեղափոխական Դաշնակցության Հայաստանի երիտասարդական միության անդամներին՝ ուղեկցությամբ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի։   Իր հայրական օրհնությունը փոխանցելով միության ներկայացուցիչներին՝ Նորին Սրբությունն ընդգծեց, որ վերջիններիս այցը հայոց հոգևոր կենտրոն վկայությունն է Հայ Եկեղեցու հանդեպ որդիական սիրո և հավատարմության։   Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը բերեց երիտասարդներին ամեն տարի ապրիլի 23-ին դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք ջահերով երթի կազմակերպման համար, որով բազում հայորդիներ, առաջնորդությամբ նաև եկեղեցականների, իրենց հարգանքն ու խոնարհումն են բերում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին։   Նորին Սրբությունը նշեց, որ Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասմամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը նոր խորհուրդ է ստացել, դարձել հայ ժողովրդի հոգու, մտքի, գիտակցության պայծառակերպության սրբավայր, հոգևոր ուժի և զորության ակունք։ Եվ այս նվիրական վայրում այլևս հայցում ենք մեր նահատակների բարեխոսությունը, որպեսզի առ Աստված հավատքով և ապավինությամբ կարողանանք միասնաբար դիմակայել հայրենիքի և մեր ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին, իրականություն դարձնել համազգային մեր նվիրական իղձերը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև կարևոր համարեց, որ աշխարհասփյուռ հայժողովուրդն ամենուր շարունակի համախումբ ջանքեր գործադրել հանուն Հայոց ցեղասպանության դատապարտման, աշխարհում ցեղասպան նոր ոճրագործությունների կանխարգելման և արդարության հաղթանակի։Հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց նաև Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, անվտանգային սպառնալիքներին։ Հայոց Հայրապետն ընդգծեց, որ տիրող ծանր իրավիճակից հնարավոր է դուրս գալ միմիայն հայրենիքի ապագայի տեսլականի շուրջ համազգային միաբանության հաստատման ճանապարհով՝ հեռացնելով մեր կյանքից ատելությունն ու թշնամանքը, հատվածական շահերի նկրտումները։ Առկա իրադրության մեջ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրամայական նկատեց հոգևոր վերարթնությունը՝ հորդորելով երիտասարդներին ակտիվորեն ներգրավվել հոգևոր-եկեղեցական կյանքում՝ միշտ ամուր պահելով հավատքն առ Աստված, սերն ու նախանձախնդրությունը ազգային ու հոգևոր արժեքների, նախնյաց ավանդների ու ժառանգության նկատմամբ։ Հանդիպմանը Հայոց Հայրապետը պատասխանեց երիտասարդների հարցերին, որոնք վերաբերում էին Եկեղեցու հոգեխնամ և ազգապահպան առաքելությանը, հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն ուղղված Մայր Աթոռի ջանքերին, Եկեղեցի-պետություն հարաբերություններին։ Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերստին իր օրհնությունը բաշխեց հայորդիներին՝ աղոթելով, որ Հարուցյալ Տիրոջ ամենախնամ Սուրբ Աջը հովանի լինի մեր հայրենիքին և ողջ հայոց ազգին։
20:46 - 21 ապրիլի, 2024
Կաթողիկոսը ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին մտահոգություն է հայտնել սահմանամերձ բնակավայրերի ժողովրդի ապահովության առնչությամբ

Կաթողիկոսը ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին մտահոգություն է հայտնել սահմանամերձ բնակավայրերի ժողովրդի ապահովության առնչությամբ

Ապրիլի 16-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց Մարկուս Ռիտերի այցը համայն հայության հոգևոր կենտրոն՝ նշելով, որ այս հանդիպումը պատեհ առիթ է ծանոթանալու ԵՄ դիտորդական առաքելության առջև դրված խնդիրներին։ Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության և սահմանամերձ բնակավայրերի ժողովրդի ապահովության առնչությամբ՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ոտնձգություններն ու առաջադրվող պահանջները նոր անվտանգային մարտահրավերների առջև են կանգնեցնում Հայաստանին, նաև վտանգում խաղաղության հաստատման բանակցային գործընթացը։ Նորին Սրբությունը գնահատեց բոլոր այն ջանքերը, որ տիրող դժվարին իրավիճակում բարեկամ երկրների և միջազգային կառույցների աջակցությամբ ուղղվում են ի նպաստ տարածաշրջանում խաղաղության ու կայունության վերականգնման։ Իր հերթին ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Վեհափառ Հայրապետին տեղեկություններ փոխանցեց դիտորդական առաքելության գործունեության և սահմանային իրավիճակի վերաբերյալ՝ վստահեցնելով, որ կարելին ի գործ կդրվի առաքելության կողմից՝ նպաստելու սահմանային լարվածության նվազեցմանն ու Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունության հաստատմանը։           
16:46 - 16 ապրիլի, 2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Ավստրալիայի դեսպանին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Ավստրալիայի դեսպանին

Ապրիլի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ավստրալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գիրինգին (նստավայրը՝ Մոսկվա)։ Հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին՝ շնորհակալությամբ ընդգծելով, որ Ավստրալիան մշտապես զորավիգ է եղել հայ ժողովրդին, նաև դժվարին այս շրջանում իր կարևոր աջակցությունը բերել հայրենազրկված արցախահայությանը։ Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց Ավստրալիայի իշխանություններին հայ համայնքի հանդեպ դրսևորվող հոգատար վերաբերմունքի առնչությամբ, ինչի ականատեսն է եղել հովվապետական այցերի ընթացքում:Դեսպան Ջոն Գիրինգը հավաստիացրեց Նորին Սրբությանը, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կգործադրի երկկողմ կապերի ամրապնդման և խորացման համար: Դեսպանը շեշտեց նաև Ավստրալիայում հաջողություններ արձանագրած հայ համայնքի կյանքում Հայոց Եկեղեցու կարևոր առաքելությունը: Զրույցի ընթացքում խոսվեց բռնի տեղահանված արցախցիների և պատանդառված ռազմագերիների իրավունքների պաշտպանության, Արցախի հոգևոր-մշակությաին ժառանգության պահպանությանն առնչված խնդիրների, ինչպես և Եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերի մասին:
13:38 - 13 ապրիլի, 2024
Վեհափառը ցավակցել է ավտովթարի հետևանքով զոհված զիծառայողների ընտանիքներին

Վեհափառը ցավակցել է ավտովթարի հետևանքով զոհված զիծառայողների ընտանիքներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է Մեղրիում վթարի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին։ «Խոր ցավով տեղեկացանք Մեղրիում ավտովթարի հետևանքով զոհված 4 զինծառայողների և 20 վիրավորների մասին։ Մեր վշտակցությունն ենք բերում զոհվածների ընտանիքներին՝ հայցելով Սուրբ Հոգու մխիթարությունը նրանց վշտացյալ սրտերին։ Աղոթում ենք առ Ողորմածն Աստված, որ Իր անբավ գթությամբ երկնային լուսեղեն օթևաններում խաղաղության ու հանգստության մեջ ընդունի նրանց հոգիները։ Շուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավորներ մեր զավակներին՝ հայցելով Տիրոջ Սուրբ Աջի հովանին և զորակցությունը Հայոց բանակին, մեր հայրենիքին և մեր ողջ ժողովրդին»,- ասվում է ցավակացական ուղերձում։ Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 12-ին, ՊՆ զինծառայողների տեղափոխող «Ուրալ»-ը վթարի էր ենթարկվել Սյունիքի մարզում՝ հայտնվելով հարակից ձորակի տարածքում։ ՊՆ-ն հայտնել է 4 զոհի, 20 վիրավորի մասին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելու հոդվածով:
10:36 - 13 ապրիլի, 2024
Կաթողիկոսն իր գնահատանքն է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար

Կաթողիկոսն իր գնահատանքն է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար

Մարտի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության Բուշ-դյու-Ռոնի Դեպարտամենտային խորհրդի նախագահ տիկին  Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Գրիգոր վարդապետ Խաչատրյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ «Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ Վեհափառ Հայրապետը ողջունելով հյուրերին և անդրադառնալով հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությանը՝ իր գնահատանքը հայտնեց Ֆրանսիայի իշխանություններին Հայոց Ցեղասպանությունը վերապրած ֆրանսաբնակ հայորդիների նկատմամբ հոգածու վերաբերմունքի, ինչպես նաև այս դժվարին օրերին Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար։ Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը անդրադարձ կատարեց Հայաստանի անվտանգային մարտահրավերներին, Արցախի բռնազավթման ու հայաթափման, մինչ օրս Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին՝ այդ ուղղությամբ կարևորելով բարեկամ երկրների և միջազգային հանրության գործուն քայլերի ձեռնարկումը։ Իր հերթին Դեպարտամենտային խորհրդի նախագահ Մարտին Վասալն Ամենայն Հայոց Հայրապետին ներկայացրեց պատվիրակության անդամներին: Շեշտելով Հայաստան և հայոց հոգևոր կենտրոն կատարած իրենց այցի կարևորությունը` Նորին Սրբությանը տեղեկություններ փոխանցեց պատվիրակության առաքելության ու ծրագրեի վերաբերյալ, որոնք միտված են երկու երկրների բարեկամական հարաբերությունների առավել սերտացմանը և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
18:55 - 07 ապրիլի, 2024