Քրեական գործեր և դատական վեճեր՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում |hetq.am|
17:32 - 26 մարտի, 2020

Քրեական գործեր և դատական վեճեր՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում |hetq.am|

hetq.am: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարության կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերով հարուցված քրեական գործով դեռևս չի հարցաքննվել տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանը։

Ինչպես գրավոր հարցմանը պատասխանել է Վիգեն Ավետիսյանը, նա որևէ փաստաթուղթ չի ստացել գործով կարգավիճակ ունենալու վերաբերյալ։

Այս տարվա փետրվարի 28-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանն աշխատանքից ազատել է Կենսաբազմազանության վերահսկողության վարչության Կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի պետ Արթուր Բեգլարյանին։ Տարօրինակ զուգադիպությամբ նույն օրը քրեական գործ է հարուցվել Տեսչական մարմնի պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու և ծառայողական պարտականությունները չկատարելու, խմբային շահերից ելնելով` ստուգման որոշման պահանջներն իրականացնելու վերաբերյալ որևէ գործողություն չկատարելու համար, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին։

Քրեական գործը հարուցվել է Արթուր Բեգլարյանի դիմումի հիման վրա, որտեղ վերջինս հայտնել է, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում ստուգումներ են կատարել, հայտնաբերել են ապօրինի հատված 257 ծառ, բուսական աշխարհին պատճառված 28 մլն դրամի չափով վնաս։ Վիգեն Ավետիսյանն այս ակտում նշված իրավախախտումները չի ուղարկել իրավապահներին՝ ընթացք տալու համար։ Արթուր Բեգլարյանը ղեկավարել էր ստուգողների խումբը։

Վիգեն Ավետիսյանից հետաքրքրվել էինք, թե ինչու արձանագրված խախտումներին ընթացք չի տվել։

««Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում 2019 թ․ կատարված ստուգման արդյունքներով 2019թ․ դեկտեմբերի 27-ի զեկուցագրի հիման վրա իրականացվել է ծառայողական քննություն։ Ծառայողական քննության արդյունքների հիման վրա նյութեր են նախապատրաստվել և ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն։ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 13.03.2020թ․ հարուցվել է քրեական գործ»,- պատասխանում հայտնել է Վիգեն Ավետիսյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ ծառայողական քննության արդյունքներով պարզվել է, որ ստուգող խմբի ղեկավար Արթուր Բեգլարյանի կողմից ոչ պատշաճ կերպով են իրականացվել աշխատանքային պարտականությունները, որի արդյունքում վերջինիս նկատմամբ կիրառվել է «ծառայության դադարեցում» կարգապահական տույժը, որի հիման վրա դադարեցվել են նրա լիազորությունները՝ ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «գ» ենթակետով (ծառայության դադարեցում), ինչպես նաև նույն օրենքի  37-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ ենթակետով և նույն հոդվածի 6-րդ մասով (Քաղաքացիական ծառայողի լիազորությունների դադարեցումը)։

Ինչու է ծառայողական քննություն իրականացվել Արթուր Բեգլարյանի նկատմամբ

Տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության պետ Գեղամ Խաչատրյանը 2019 թվականի դեկտեմբերի 27-ին զեկուցագրով տեղեկացրել է, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամասի թիվ 11-րդ պահաբաժնում կատարված են եղել հողային աշխատանքներ, որոնք ստուգող խումբը չի արձանագրել։ Վիգեն Ավետիսյանը հունվարի 9-ին ծառայողական քննություն նշանակելու հրաման է արձակել՝ հողային աշխատանքների իրականացման փաստի չարձանագրման հարցերի ուսումնասիրության և պարզաբանման համար։

Հողային աշխատանքներին չարձագանքելու վերաբերյալ բացատրություններ են տվել ստուգող խմբի անդամները, նաև ստուգող խմբի ղեկավարը։ Սամվել Բեգլարյանը նշել է, որ իրենք «Դիլիջան ազգային պարկ»-ում ստուգումներն իրականացրել են «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի համաձայն, որը սահմանում է, որ բոլոր ստուգումներն անցկացվում են բացառապես ստուգաթերթերի հիման վրա, որոնք հաստատում է ՀՀ կառավարությունը: Հետևաբար, պատասխանել են տվյալ գործունեության համար նախատեսված` ստուգաթերթում ընդգրկված հացերին։

Այդուհանդերձ, բացատրություններում եղել են այնպիսի վկայություններ, որտեղ նշվել է, որ հողային աշխատանքները նկատել են, այդ մասին տեղեկացրել են Արթուր Բեգլարյանին, վերջինս էլ ասել է, որ այդ աշխատանքների օրինականության վերաբերյալ փաստաթուղթ կա։

Ծառայողական քննության ղեկավար Գեղամ Խաչատրյանն իր եզրակացությամբ ամրագրել է, որ Արթուր Բեգլարյանը, օգտագործելով իր ծառայողական դիրքը, խոչընդոտել է հողային աշխատանքների արձանագրմանը և հետագայում համապատասխան ընթացք տալուն։ Հողային աշխատանքների վերաբերյալ առկա են եղել նաև լուսանկարներ։

«Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ Արթուր Բեգլարյանը չի եղել խնդրահարույց տարածքում, ինչի մասին հայտնել է իր կողմից ներկայացված բացատրությամբ։ Նման պայմաններում անհասկանալի է, թե աշխատակիցների կողմից խնդիրը բազմաթիվ անգամ բարձրաձայնելուց հետո ինչու Արթուր Բեգլարյանը չի գնացել անձամբ տեսնելու, թե ինչ ծավալի և ինչ տեսակի հողային աշխատանքներ են իրականացվել։ Այս դեպքում ստացվում է, որ Արթուր Բեգլարյանը հեռակա կարգով՝ առանց աշխատանքներին ծանոթանալու և տեղում խնդիրը հասկանալու, հայտարարել է, որ տվյալ հողային աշպատանքներն օրինական են»,- նշել է Գեղամ Խաչատրյանը։

Ավելին, ըստ վերջինիս, աշխատանքներին չանդրադառնալու և ընթացք չտալու հանգամանքն արտացոլվում է նաև ստուգման նյութերում ընդգրկված նշագրումներով ստուգաթերթերում, որոնց միջոցով իրականացվել է ստուգումը, որտեղ հողերի հետ կապված հարցադրումների վերաբերյալ նշում է կատարվել՝ «այո» և «չի պահանջվում» մասում։

«Արթուր Բեգլարյանի նման գործողությունները հանգեցրել են նրան, որ հողային աշխատանքները չեն արձանագրվել, հետևաբար չի հաշվարկվել բնությանը պատճառված հնարավոր վնասը և հետագայում չի ներառվել ստուգման ակտում։ Ստացվում է, որ Արթուր Բեգլարյանն իրեն վերապահված ծառայողական պարտականություններն իրականացրել է ոչ պատշաճ կերպով»,- եզրակացրել է Գեղամ Խաչատրյանը։

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել